ԱՐԱՄԱԶԴ ՂԱԼԱՄՔԱՐՅԱՆ | Տրիվիալ մտքեր

Կամ՝ մարսելով էն, ինչ ինձնից առաջ շատերն են հասկացել ու ձեւակերպել

Հավատի ու կրոնի մասին

Հասկացա, որ ես քրիստոնեա չեմ: Դա տեղի ունեցավ էն բանից հետո, երբ համոզվեցի, որ հավատավոր, հավատացող, աստվածասեր եմ: Զարմանալի ոչինչ չկա. անկախ նրանից, թե ինչ անուն ենք տալիս Աստծուն, Աստված մեկն է, ընդամենը մեն-միակը: Ու գուցե էդ Աստված ընդամենը իմ ու քո հոգին է, բայց միեւնույնն է, նա մեկն է ու միակը: Հետեւաբար, չկա ճշմարիտ կրոնավոր, ճշմարիտ հավատավոր, ով արժանի չլինի հանդուրժման, եւ չկա նման մեկը, ով ինքը հանդուրժող չէ: Նախեւառաջ՝ այլ կրոնների ու դավանանքների նկատմամբ: Այսինքն՝ երբ մեր այսպես կոչված հոգեւորականները հետապնդում են այսպես կոչված աղանդավորներին, նրանք գործում են ընդդեմ Աստծո, ընդդեմ հավատի, մասնավորապես՝ հակաքրիստոնեաբար: Կրոնների տարբերությունը սոսկ արտաքուստ է, ծեսերի, սիմվոլիկայի, ռիտուալների առումով: Հետեւաբար՝ ես գրեթե նույնչափ մուսուլման ու բուդդայական եմ, որքան քրիստոնյա: Էն տարբերությամբ, որ քրիստոնեական տեքստերին, սիմվոլներին ու ծեսերին մի քիչ ավելի լավ եմ ծանոթ: Իսկ ներքուստ, բովանդակությամբ՝ ճշմարիտ կրոնները նույնն են ու չեն կարող նույնը չլինել:

Կարեւոր չէ, թե մարդ արարածին ինչ ճանապարհով ես մոտեցնում Աստծուն, կարեւոր չէ, թե ինչ եղանակներով ես կատարելագործում, մաքրում, երջանկացնում նրան: Կարեւորը, որ մարդ արարածը դառնա ավելի լավը, ավելի բարի, ավելի հանդուրժող, ավելի լայնահոգի ու ներող: Եվ ուրեմն՝ ես հարգում եմ կրոնական էն ատրիբուտները, սիմվոլներն ու ռիտուալները, որոնք մարդուն թեկուզ մի փոքր մոտեցնում են Աստծուն: Ես հարգում եմ ՀՈԳԵվոր գրականությունը, երգերը, շարականները, ծեսերը… այն ամենը, որում հոգի կա դրված: Իսկ եթե կա հոգի, չի կարող տեղ լինել անհանդուրժողականության ու ատելության:

Եթե հավատում ես հոգու գոյությանը, ուրեմն հավատում ես Աստծո գոյությանը: Եվ հակառակը. եթե հավատում ես Աստծուն, չես կարող չհավատալ հոգու գոյությանը: Պարտադիր չէ՝ հոգին կոչվի Սուրբ, բայց ինչ էլ մենք հասկանանք Սուրբ բառի տակ, հոգին՝ յուրաքանչյուրի մեջ ի վերուստ դրված հոգին, հենց սուրբ է: Այսինքն՝ անմիջականորեն կապված Աստծո հետ:

Մահվան ու անմահության մասին

Մեր ֆիզիկական պատյանի ոչնչացումը, որից մեզնից շատ-շատերը սարսափում են, չի կարող լինել ավելին, քան պատյանի վերացում: Անհավատին թվում է, թե ամենավատ բանը, որ կարող է պատահել իր կամ իր սիրելիների հետ, դա իր/նրանց մահն է, ֆիզիկական մահը: Ամենեւին: Մահվանից շատ ավելի վատ, ավելի դաժան բաներ կարող են կատարվել մարդու հետ, մարդու հոգու հետ: Մահը նվեր է մարդուն, որ նա կարողանա տեսնել, տարբերել առաջնայինը երկրորդայինից, անանցն անցավորից, մնայունը՝ անցողիկից: Վախենալ մեռնելուց՝ նշանակում է առնվազն 2 բան՝ հավատի պակաս ու խելքի պակաս, կուրություն՝ հոգեւոր ու իմացական: Քանի որ անիմաստ է վախենալ անխուսափելիից: Եվ երկրորդ՝ հիմարություն է վախենալ մի բանից, որը հնարավորություն է՝ ավելի լավը դառնալու, մոտենալու Աստծուն, անմահանալու:

Չընդունել մահը ժպիտով, գոհունակությամբ, չսպասել մահվանն ամեն օր, կնշանակի, որ ապրում ես կյանքդ մեղքի, աղտի, սիրազրկության մեջ: Կնշանակի, որ հոգիդ մաքուր չի, իսկ վախդ անծայրածիր է: Այնինչ՝ մարդն ստեղծված է անվախ, վախից զուրկ, անխոցելի: Քանի որ անխոցելի է հոգին ու կամքը, իսկ խոցելի է ընդամենը մեր ժամանակավոր պատյանը: Չկա որեւէ երկրային ուժ, որն ի զորու լինի կոտրել ամուր կամքը, եղծել հավատավոր հոգին: Հետեւաբար՝ մարդն անխոցելի է, ու դատապարտված է լինել անվախ: Վախենալ մահվանից՝ նվաստացուցիչ է մարդու համար, եւ վիրավորական՝ Աստծո տեսակետից: Քանի որ մահից վախենալով խոստովանում ենք, որ անհավատ ենք ու արժանի չենք էն անսպառ ու անսահման գանձերին, որ մեր մեջ դրվել են ի վերուստ:

Ազատության մասին

Մարդն ի սկզբանե ստեղծվել է ազատ, ինքնուրույն: Աստված, դնելով մեր մեջ թե՛ վեհն ու Աստվածայինը, թե՛ քստմնելին ու անասնականը, հսկայական հարգանք է ունեցել եւ ունի մարդ արարածի հանդեպ, քանի որ միեւնույն ժամանակ օժտել է մեզ որոշում կայացնելու, ընտրելու ազատությամբ, կամքով, մտքով: Չգիտեմ, թե որքանով ենք մենք արժանի եղել այդ հարգանքին ու ազատությանը, բայց փաստը մնում է փաստ:

Ի չարը գործադրված ազատությունը ոչ այլ ինչ է, քան ինքնադատապարտում, սեփական հավիտենական կյանքի ավարտ: Եվ ուրեմն՝ ճշմարիտ խոսքեր են, թե՝ երբ մի այտիդ ապտակում են, մյուսն էլ դեմ տուր: Քանի որ եթե կա աշխարհում մի ճանապարհ, որով կարող ես մոլորյալին ետ բերել, բացել հոգիդ բռնաբարողի աչքերը, այդ ճանապարհը սերն է, հանդուրժողականությունը, բարությունը: Բռնությամբ բռնությանը, չարով չարին պատասխանելը միայն բազմապատկել ու ապագայում էլ բազմապատկելու է բռնությունը, ցավը, տառապանքը, եւ բազմապատկելու է այն հեռավորությունը, որ կա մարդուց մինչեւ Մարդ, Մարդուց մինչեւ Աստված: Այսինքն՝ սեփական ազատությունը, կամքն ու միտքն ի չարս գործադրողը միայն ու միայն վնասում է ինքն իրեն, ոչ երբեք՝ այտը դեմ տվողին:

Եվ հարաբերականորեն ասած, խփողն իջնում է, խփվողը՝ բարձրանում: Խաղաղության ու հաշտության ձգտելը, դրա համար ջանք թափելը, այսպիսով, ոչ միայն բարի է ինքնըստինքյան, այլեւ բարիք է բերում բռնացողին, քանի որ նրա հոգին փրկելու հնարավորություն է ստեղծում:

Մոտավորապես նույնը՝ ազգերի ու պետությունների դեպքում: Որքան եսակենտրոն, որքան զավթիչ, էնքան՝ մեղավոր ու սիրվելու, հասկացվելու, ներվելու կարիք ունեցող:

Նյութականի մասին

Ուշադրության, ժամանակի, միջոցների, մտքերի, մտահոգության այն ծավալը, որն ուղղում ենք նյութականի պահպանմանն ու ավելացմանը, մեզ միայն հեռացնում է հոգեւորից, իրական արժեքներից ու Աստծուց: Կարիերա, պաշտոններ, փող, վայելքներ, փառք, հարստություն, արժեթղթեր, անշարժ գույք, խմիչք, հաշիշ, մարմնական հաճույքներ… Որքա՜ն ողորմելի ենք մենք:

Եթե կա ժամանակի, ռեսուրսների, էներգիայի ծախսման մեկ արժանավոր տեղ, մեկ նպատակ, դա ուրիշին տալն է, անընդհատ տալը: Իրականում չկա «ուրիշ», չկա «օտար», ու չկա ավելի վեհ զբաղմունք, քան մեկ մարդու մեկ օրը դեպի լավը փոխելը: Կյա՞նքը փոխել, մտածելակե՞րպը փոխել, անհավատությունից բերել հավատի՞ – անհավանական է թվում, բայց հնարավոր է. հիանում եմ բոլորն էն մարդկանցով, ովքեր թե իրենց կենդանության օրերին, թե մեռնելուց հետո հենց դա են արել ու անում: Բայց ասում եմ՝ թեկուզ մեկ մարդու մեկ օրը փոխելը էն արժանի նպատակն է, որի համար արժե ծախսել ժամանակ, նյարդեր, զգացմունքներ, էներգիա, միջոցներ:

Մի իսպանական երգում տողեր կային, որոնց շատ նման միտք գտա Պողոս Ադրիանապոլսեցու «Խրատանիում». մեկ-մեկ արժե այցելել գերեզմաններ, դիտել շիրիմները, քայլել գերեզմանոցում, մտածել, հասկանալ:

Մեջբերեմ ամբողջ միտքը. «Գերեզմանատունն այնպիսի դպրոց է, որտեղ մեռյալները սովորեցնում են ապրողներին, համրերը՝ խոսողներին: Այբբենարանը կամ ընթերցանության գիրքը շիրիմների մահարձաններն են, որոնք եթե մեկն ուշիուշով ընթերցի, բազում կենսօգուտ բաներ իր համար կգանձի: Կհասկանա, թե ովքեր են թաղվածները, ում են սպասում, ինչ խորհում, ինչպես են իրենց ժառանգություններն ու ստացվածքները թողած՝ մերկ ու կողոպտված պառկել այստեղ: Ճոխաբան լեզուները լուռ են, քաջարվեստ մատները՝ անգործ, սիգաճեմ ընթացքը՝ կաշկանդված, ովքեր չէին տեղավորվում հոյակապ ապարանքներում, երկկանգուն տապանի մեջ են ամփոփված: Սրանք և սրանցից էլ ավելի օգտակար խրատներ են սովորում ապրողները մեռյալներից:»

Նյութը, նյութի պաշտամունքը ուղղակիորեն կապված է մեր նյութական պատյանի հետ, եւ հետեւաբար՝ անցողիկ ու անկարեւոր է: Ի հակադրություն՝ էն ամենը, ինչ մենք կարողանալու ենք մեզ հետ տանել էս կյանքից, որեւէ կապ չունի մարմնի, նյութի, նույնիսկ՝ փառքի հետ: Փա՞ռք: Որտե՞ղ: 🙂 Իսկ «իշխանություն» հասկացությունն ընդհանրապես ծիծաղելի է: Մի հատ մի պահ կանգ առեք ու մտածեք՝ «մարդու իշխանություն մարդու նկատմամբ» 🙂 Մի՞թե ծիծաղելի չէ: Կարելի է նույնիսկ քրքջալ:

Ամենամեծ իշխանությունը, որ մեզ տրված է, սիրելու ու սիրելով բարին բազմապատկելու ունակությունն ու դրա կենսագործումն է: Սա, գուցե, «իշխանության» տարր պարունակում է, բայց միայն՝ հանուն: Հանուն սիրվողի, հանուն փրկվողի, հանուն երջանկացվողի: Իսկ էն, ինչ մենք կոչում ենք իշխանություն, չպիտի ունենա որեւէ այլ ֆունկցիա, քան մարդկանց ավելի ազատ, ավելի համարձակ, ավելի երջանիկ, ավելի սիրող դարձնելը: Մի՞թե դա հնարավոր է: Չգիտեմ: Պատմությունը մեզ դրա օրինակ չի տալիս: Մի՞թե դա նշանակում է, որ եթե մի բան մինչ օրս չի եղել, ապա դա անհնար է: Իհարկե՝ ոչ:

Սիրո մասին

Հասկանում ու կանխատեսում եմ, որ յուրաքաչյուրն ունի սիրո մասին ի՛ր ընկալումներն ու պատկերացումները, բայց ես կփորձեմ ունիվերսալիզացնել. ես չեմ խոսում միայն տղամարդ-կին սիրո մասին, մայր-զավակ, հայր-զավակ, զավակ-ծնող, մարդ-բնություն, մարդ-հայրենիք, մարդ-արվեստ… սերերի մասին: Ես ուզում եմ խոսել էս բոլոր սերերի ու բոլոր էն սերերի մասին, որոնց մասին չնշեցի:

Սիրել, որքանով ես եմ հասկանում, նշանակում է տալ: Առանց դիմացը որեւէ բան ակնկալելու: Սիրել՝ նշանակում է խորապես գիտակցել, որ բոլոր մարդ արարածները, ողջ բնությունն ու Աստված մեկ միասնություն են: Որ չսիրել՝ նշանակում է չսիրել ինքդ քեզ: Չսիրել ուրիշին՝ կնշանակի ատել ինքդ քեզ, վնասել ինքդ քեզ, մեղք գործել: Քանի որ բոլորիս մեջ դրված է սիրելու, ինչը նույնն է թե՝ սիրՎելու պահանջն ու կարողությունը: Չսիրել՝ կնշանակի դեմ գնալ ի սկզբանե ու ի վերուստ որոշվածին… բայց սա չեմ ասում, որ վախենանք «վերեւներից», ոչ: «Վերեւների» հետ մենք մեկ միասնություն ենք: Եվ ուրեմն՝ եթե դեմ ենք գնում մեր ճշմարիտ առաքելությանը, Աստծուն չէ, որ վատություն ենք անում, այլ նախեւառաջ ինքներս մեզ:

Մեր մեջ մանկուց ամբարված՝ սիրելու, երջանկացնելու, դիմացինին կատարելագործելու հսկայական, անափ ու անսահման կարողությունը մեռցնելը, դա չօգտագործելը, դա չբազմապատկելը մեղք է ինքներս մեր նկատմամբ, շեղում է մեր առաքելությունից՝ նախասահմանված ի վերուստ: Դա միեւնույն ժամանակ ուղի է դեպի ավելի լավ Ես, դեպի Աստված, դեպի անմահություն:

Այո, դժվար է սիրել, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին: Հասկանում եմ: Ու հեշտ է սիրել իմ Նարեին ու Արեգին, Հրաչին ու Լեւոնին: Դե, բնականաբար: Բայց մի՞թե դա է էն ամբողջը, որին ունակ եմ ես, որի համար եկել եմ աշխարհ, վայելել ու վայելում եմ էն ամենը, ինչ տրվել ու տրվում է ինձ: Մի՞թե էդ ամենի համար վարձահատույց լինելու իմ միակ տարբերակը սիրելն է բացառապես նրանց, ովքեր սիրում են ինձ, սիրելը նրանց, ում դժվար է չսիրել ու հեշտ է՝ սիրել (այդ դեպքում ես ինչո՞վ եմ տարբերվում նույն Ռոբերտ Քոչարյանից): Զգում եմ, որ ոչ. դա չէ միակ տարբերակը: Ու հասկանում եմ, որ ինքնակատարելագործման, ինքնաճանաչման ճանապարհին պարտավոր եմ հասնել Ռոբերտ Քոչարյանին սիրելու կետին: Երեւի պարզ է, որ ՌՔ-ն էս կոնտեքստում արտահայտում է բոլոր նրանց, ում դժվար է սիրել: Ամեն մեկս էլ շատ հեշտ կարող է թվարկել տասնյակ մարդկանց, եթե ոչ՝ հարյուրների, ում ինքը չի սիրում, չի ուզում սիրել, ու, իր կարծիքով, դժվար էլ երբեւէ սիրի… Ու որքան էդ ցանկը երկար, անունները՝ բազմաթիվ են, այնքան երկար է մեր ճանապարհը՝ դեպի Մարդ, դեպի Աստված: Սա՝ հիշենք:

Հայրենասիրության մասին

Այն, ինչ վաղուց ներքուստ աղոտ զգում էի, բայց վախենում էի բացեիբաց խոստովանել թեկուզ ինքս ինձ, հստակ ու անողոք ձեւակերպած գտա Տոլստոյի մի հրապարակախոսական հոդվածում: Ու գիտակցեցի, որ այն, ինչ «ուտում էր» ինձ ներսից, արհեստական չէր, անբարոյական ու դավաճան չէր: Այլ՝ միակ ճիշտն ու հոգեւորը:

Լավ, պարզից էլ պարզ է, որ մարդիկ ունեն տարբերություններ: Այ քեզ գյուտ, չէ՞: Լավ, ընդունեցինք: Բայց ես պնդում եմ, որ ամենաէական, ամենակարեւոր, ամենագլխավոր հարցերում մենք ավելի շատ ընդհանրություններ, քան տարբերություններ ունենք: Սա չափազանց պարզ է, այնքան, որ չեմ կարծում, թե հավելյալ հիմնավորման կարիք ունի: Եվ ուրեմն՝ այդ տարբերություններից մեկն էլ, օրինակ, լեզուն է, պետականություն կոչվածը, երկիրը: Մոտավորապես նույնքան արհեստական ու արհեստածին է հայրենասիրությունը, որքան միայն սեփական կրոնը սիրելը: Կամ՝ միայն սեփական լեզուն: Կամ՝ մյուսներից առավել:

Մեր երկիրն ինքնին բաժանված է բազմաթիվ տեսանելի ու անտեսանելի մասերի՝ մարզեր, բարբառներ, սովորույթներ, տարազներ, տարբեր ռելիեֆներ, տարբեր կլիմայական պայմաններ, անցած տարբեր ուղիներ, տարբեր էթնիկ կազմություններ, տարբեր կրթական, պատմական, մշակութային ժառանգություններ, «ծնած» տարբեր Մեծեր… շարքն անսպառ է: Հիմա՝ նույն տրամաբանությամբ, որով մենք ատում ենք ադրբեջանցուն, թուրքին, վրացուն, ռուսին, ամերիկացուն, պարսիկին… մենք է պետք է ատենք նաեւ մեզնից տարբերին՝ երկրի ներսում: Ու էս կոնտեքստում, համոզված եմ, շատերը թեկուզ ենթագիտակցորեն հիշեցին ղարաբաղցիներին… Շատ իզուր: Մենք՝ որպես հասարակություն, որպես անհատների միություն, պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ սիրելու թե մեր ներսում գոյություն ունեցող Տարբերին, թե «դրսում» գոյություն ունեցող Տարբերին: Քանի որ, կրկնում եմ, այդ տարբերությունները ոչ էական, մանր, անցողիկ տարբերություններ են, պայմանականություններ, որ մեզ վրա դրել են շրջապատը, իշխանությունը, հասարակությունը, պսեւդո-կրթությունը, կեղծավոր եկեղեցին:

Մարդը մարդուն չի կարող լինել այլ, քան եղբայր, այլ, քան քույր: Մնացյալը կեղծ է, անմարդկային, անսեր ու անաստված:

10.06.2012

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *