Շահիդ Ալի Ռեզա Շահի | Ճենապակե աղամանները

Մի փողոց էլ որ առաջ գնայիր ու աջ թեքվեիր, մի նորակառույց շինության կհասնեիր: Այդտեղ տներն այլևս հին ու չթրծած աղյուսից չէին: Շենքերը կառուցվել էին թրծած աղյուսից, և դրանց մեծ մասը երկհարկանի էր:
Փողոցի ծայրամասում` ձախ կողմում, մի նորակառույց, երկհարկանի շինություն կար, որի վերևի հարկը բնակելի էր, թեև դեռ դատարկ էր, իսկ ներքևի հարկում մի շատ մեծ խանութ կար:
Հեռվից երևում էին խանութի վերևում` դռան շեմից կախված խոհանոցային պարագաները` թեյաման, ինքնաեռ, սկուտեղ, գունավոր ու պլաստմասսե դույլեր և ցնցուղներ: Այնտեղ մի շարք իրեր էլ էին վաճառվում, որ հայտնի չէին շրջանի բնակիչներին:
Խանութի վերևում մի մեծ ցուցանակ կար` վրան գրված` «Սայեդիի խանութ»:
Տերևները դեղնել ու գետնին էին թափվում: Ամպերը բամբակի մեծ – մեծ կտորների նման կապույտ երկնքում սահում էին:
Կեսօր էր, Փարին դպրոցից տուն էր վերադառնում: Երբ հասավ «Սայեդիի խանութ»-ի մոտ, կանգնեց ու ամեն օրվա պես ապակու հետևում համաչափ դասավորված ապրանքներին նայեց: Դրանց մեջ ամենից շատ ճենապակե աղամաններն էր սիրում: Ճենապակե աղամանները տարբեր ձևեր ունեին էին` կատվի, ուղտի, տղայի…. Փարին ամենաշատը երկուսն էր հավանում` մեկը աղջկա տեսքով, մյուսը` տղայի:
Մեկ էլ Փարին ինքն իրեն հարց տվեց. «Ինչո՞ւ դրանք չեմ գնում»: Ապա ինքն էլ իր հարցին պատասխանեց. «Դրանք գնելու համար փող է պետք. մայրս էլ հո ինձ շատ փող չի տալիս, որ դրանք գնեմ»:
Փարին կրկին մտածեց. «Դե ես էլ մայրիկից չեմ խնդրել: Եթե խնդրեի, գուցե տար»: Ապա ոգևորված և արագ մի հայացք գցեց աղամանի գնապիտակին` քթի տակ մրմնջալով. «Դրանցից մեկը` քսանհինգ ռեալ, զույգը` հիսուն ռեալ կամ հինգ թուման կլինի»: Շտապ հեռացավ:
Փարին շատ վազելուց շնչակտուր էր եղել: Երբ տուն մտավ, մայրը հարևանների համար բրդե գուլպա էր գործում: Փարին ողջունեց:
– Բարև՛, զավա՛կս,- պատասխանեց մայրը,- արդեն եկա՞ր: Գուլպաներն ավարտեցի. դրանք տիկին Ֆաթեմեին տուր ու վերադարձիր:
– Աչքիս վրա,- ասաց Փարին և գրքերը որմնախորշում դրեց:
Աղջնակը վերադառնալիս մտածում էր` մոր սիրտը հիմա փոքր-ինչ փափկել է, և այժմ ճիշտ ժամանակն է, որ նրանից գումար խնդրի: Ուստի հենց հասավ, ասաց.
– Մա՛մ… փող կտա՞ս: Ուզում եմ աղաման գնել»:
– Աղամանն ինչներիս է պետք, աղջի՛կս, աղաման ունենք. եթե չունենայինք էլ, աղը թեյապնակի մեջ կարող էինք լցնել,- ասաց զարմացած կինը:
– Ախր այդ աղամանները ճենապակուց են: Շատ սիրուն են: Ես հո չեմ ուզում դրանց մեջ աղ լցնել: Ուզում եմ դրանք որմնախորշում դնել:
Մայրն անհամբեր ասաց.
– Ախր, ա՛յ խելոք, փող են տալիս ճենապակե աղաման առնում, որ դրանց վրա նայե՞ն: Դու արդեն չորրորդ դասարան ես, պետք է որ խելք հավաքած լինեիր: Երեխան տխրեց: Երբ հասկացավ, որ ճենապակե աղամանի ոչ մի զույգ էլ չի կարող գնել, իրեն թվաց, թե աշխարհում ամենաանարժան մարդն է: Փղձկաց և սկսեց լաց լինել: Այնպես ուժգին էր լալիս, որ մայրն ի վերջո ասաց.
– Դե բավակա՛ն է լաց լինես, աղջի՛կս: Աստված մի արասցե, հո հարազատդ չի՞ մահացել, որ էսպես լաց ես լինում»:
Բայց Փարին նույն կերպ շարունակում էր լացել: Նա ինքն էլ չգիտեր` ինչու էր այդքան տխրել և անընդհատ ուզում էր լաց լինել: Վերջապես մայրը հարցրեց.
– Լա՛վ… Այդ աղամանն ի՞նչ արժե:
– Քսանհինգ ռեալ… զույգն էլ հինգ թուման կլինի….,- ասաց Փարին` սրբելով արտասուքը:
– Շատ լավ, հիմա մեկը գնիր, հետո էլ մյուսը կգնես,- վրա բերեց մայրը:
– Մա՛մ, թող երկուսն էլ գնեմ, էլի…. Բա որ վերջանա,- արագ վրա բերեց Փարին:
– Փողը կտամ, բայց իմացիր, որ հինգ թումանը մեր մի օրվա ծախսն է:
Ապա գուլպայի ծալքը բացեց և հինգ թումանանոց մի կանաչ թղթադրամ տվեց երեխային: Փարին այնպես ուրախացավ, որ մորը գրկեց ու համբուրեց մայրիկի նիհար երեսը: Մայրը ծիծաղեց: Երբ նա ծիծաղում էր, ասես երկնային հրեշտակ լիներ, բայց, ափսո՜ս, քիչ էր պատահում, որ ծիծաղեր:
Մաջիդը` Փարիի չորս տարեկան կրտսեր եղբայրը, քնից նոր էր արթնացել և լաց էր լինում: Մայրն ասաց, որ Մաջիդին էլ հետը տանի, իսկ
Մաջիդը լացելով ասաց. « … Չե՜մ ուզում»:
Մայրը Մաջիդի հագուստն ուղղեց ու ասաց.
– Մաջի՛դ ջան, քույրիկի հետ գնացեք և կակա առեք:
Մաջիդը, դատարկ ձեռքերը ցույց տալով, ասաց.
– Որտեղի՞ց, ես փող չունեմ…
– Դու չունես, բայց Փարին ունի,- ասաց մայրը:
Եվ Փարին հինգ թումանը ցույց տվեց Մաջիդին:
– Փողը ես բռնեմ, ես բռնե՜մ …,- թնկթնկում էր Մաջիդը:
Ճարահատյալ մայրը Փարիից փողը վերցրեց ու Մաջիդին տվեց: Փարին լվացվեց, գլխաշորը գլխին գցեց, Մաջիդի ձեռքը բռնեց և միասին դուրս եկան:
Փարին ու Մաջիդը մտան խանութ: Խանութպանը, որ մի երիտասարդ տղամարդ էր, Փարիին բարյացակամորեն ասաց.
– Օրիո՛րդ, ինչ-որ բա՞ն եք ցանկանում:
Փարին, ում «օրիորդ» բառը շատ էր դուր եկել, մտածեց. «Գուցե արդեն օրիորդ եմ, ու ինքս էլ չգիտեմ»:
– Օրիո՛րդ, ինչ-որ բա՞ն եք ցանկանում,- կրկին լսվեց խանութպանի ձայնը, որը Փարիին ետ բերեց երազանքների աշխարհից: Նա դարձավ վաճառողին.
– Այո՛, պարո՛ն: Այն ճենապակե աղամաններից մի զույգ եմ ուզում:
Խանութպանի հարցին, թե ինչպիսի աղաման լինի, Փարին պատասխանեց. «Մեկը` աղջիկ, մյուսն էլ` տղա»: Խանութպանը Փարիի խնդրած աղամաններից երկու հատ վերցրեց, գեցեցիկ թղթով փաթեթավորեց և դրեց սեղանին:
Այժմ վճարելու պահն էր: Փարին մտածեց. «Բա որ Մաջիդը փողը կորցրած լինի…»: Ասես նրա գլխի մեջ թմբուկ էին զարկում: Անմիջապես դարձավ Մաջիդի կողմն ու ասաց.
– Մաջի՛դ ջան, փողն ո՞ւր է: Այն ինձ կտա՞ս, որ քեզ համար կակա առնեմ: Մաջիդն իր թաթիկը բաց արեց: Փողն այնտեղ էր: Փարին հանգստացավ: Հինգ թումանը սեղանին դրեց և վերցրեց փաթեթավորված աղամանները: Արդեն դուրս էր գալիս խանութից, երբ խանութպանի ձայնը լսվեց.
– Իսկ մնացա՞ծը, օրիո՛րդ: Փարին հետ եկավ և զարմացած սեղանին նայեց: Հինգ թումանն այնտեղ էր: Կմկմալով ասաց.
– Պարո՛ն… մնացած չկա… Ինքներդ եք աղամանների վրա գրել, որ հատը քսանհինգ ռեալ արժե:
Խանութպանը Փարիին հեգնական հայացք գցեց, փաթեթավորված աղամանները կոպտորեն նրա ձեռքից քաշեց ու ասաց.
– Տո՛ւր տեսնեմ: Երկու ժամ է` ժամանակիցս խլում ես, ա՛յ երեխա:
– Ախր….
Խանութպանը կտրուկ նրան ընդհատեց.
– Այս տարիքի երեխան ինձ ձե՞ռ է առնում, ինչ է: Փողդ վերցրո՛ւ և դո՛ւրս:
Փարին հինգ թումանը վերցրեց, եղբոր ձեռքը բռնեց ու խանութից դուրս եկավ: Դեմքն ամոթից կարմրել էր, գլուխը պտտվում էր: Ուզում էր շուտ տուն հասնել և մի լա՜վ լացել: Հազար ու մի հարց էր գլխում պտտվում. «Ինչու՞ խանութպանը սկզբում ինձ «օրիրորդ» անվանեց, հետո` «երեխա»: Ի՞նչ մնացորդ էր ուզում խանութպանը….»:
Երբ դուրս եկան, Փարին կանգ առավ, որ մի անգամ էլ աղամաններին նայի: Որ աղամանի վրայի պիտակին ուշադիր նայեց, տեսավ, որ գրված էր «250 ռեալ», ոչ թե «25»: Աչքերը զարմանքից պլշել էին: Քթի տակ մրմնջաց. «Վա՜յ, ի՜նչ մեծ թյուրիմացություն»:
Աշնանային քամին մեղմ փչում էր:

Պարսկերենից թարգմանությունը Արեգ Բագրատյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *