Լյուդմիլա Ուլիցկայա | Երգեցիկ Մաշան

Լյուդմիլա ՈւլիցկայաՀարսնացուն ջահել էր, փոքր-մոքր, մի քիչ մեծ՝ կարծես այլ մարմնից գլխով, բայց, որ լավ նայես, իսկական գեղեցկուհի էր: Դեմքն այնքան կենդանի ու շարժուն էր, դեմքի արտահայտությունն այնքան փոփոխական՝ մեկ ժպտում էր, մեկ՝ ծիծաղում, մեկ՝ երգում, որ ուշադիր զննելը դժվար էր: Ավարտեց երաժշտական ուսումնարանն ու առաջին անգամ գործի ընդունվեց մոսկովյան հեռավոր արվարձանում՝ Սուրբծննդյան տաճարում, որտեղ դրանից առաջ արդեն մեկ տարի ձախակողմյան դասում անվճար երգում էր որպես պրակտիկա: Ու անմիջապես էլ ամուսնացավ երգողի հետ:

Երբ նրանց պսակում էին՝ տեղացի պառավները խանդաղատանքից լաց էին լինում. երիտասարդ, գեղեցիկ, իրենցն էին՝ եկեղեցական, նե՝ սպիտակ զգեստով ու հարսնաքողով, նա՝ սև կոստյումով, մի գլուխ բարձր, մազերը գնչուական գալարներով՝ երկար ու տերտերի նման ռեզինով կապած: Անուններն էլ՝ Իվան ու Մարյա, Իոան և Մարիա: Ռուսական ականջի համար իսկական հեքիաթ ու երաժշտություն՝ այնքան համապատասխան էին այդ անուններն իրար: Եվ հարսանիքը հենց եկեղեցում նշեցին՝ տերտերանոցում՝ եկեղեցական տարածքի տնտեսական ոչ մեծ շինությունում: Մեծ սեղան գցեցին, կտրատեցին ամեն ինչ՝ երշիկ-խոզապուխտ, պանիր-ծովատառեխ, վարունգ-պոմիդոր: Արդեն կանաչի կար սեղանին՝ բերովի, կովկասյան, բայց մեկ է՝ կարծես գարունն էր սեղանին: Օրացույցով հենց գարուն էր՝ Թովմասի շաբաթը[1], բայց այդ տարի տաքերն ուշանում էին, և Մերձմոսկվայում սեփական ոչինչ չկար:

Հարսանիքը կարծես մի քիչ խիստ ստացվեց, դե եկեղեցում լավ քեֆ չես անի, փոխարենը հրաշալի երգում էին և՛ զատկական ժամերգությունից, և՛ ժողովրդական երգեր, և՛ հյուսիսային, և՛ ուկրաինական, որոնք Իվանը գիտեր ու Մաշային էլ սովորեցրել էր: Հետո Մաշան երգեց նաև ինչ-որ ուրիշ, օտար լեզվով երգեր՝ ոչ եկեղեցական հնչողության, բայց նույնքան գեղեցիկ…

Իվանը Մաշայենց տուն՝ Պեռլովկա տեղափոխվեց: Սեփական բնակտարածք նա չուներ, ծնունդով Դնեպրոպետրովսկից էր: Հիմա նրանք և՛ երգչախմբի փորձերին, և՛ ժամերգություններին էլեկտրագնացքով միասին էին գնում, և նրանց նայելն ուղղակի աչք էր շոյում: Նրանց բոլորը գիտեին, նրանց բոլորը սիրում էին: Հետո Մաշան ժամանակին, ինչպես կարգն էր, ծնեց առաջին տղային, մեկուկես տարի անց՝ երկրորդին: Ու շարունակեց մնալ նույն փոքրիկ, բարալիկ աղջիկը: Երեխաներին իրենց հետ քարշ էին տալիս ժամերգության՝ մեկը սայլակում, մյուսը՝ Մաշայի մոր ձեռքին: Երգչախմբում Իվանը կանգնում էր ավելի բարձր, Մաշան՝ մի աստիճան ցածր, տղան վեր էր խոյանում նրա վրա, իսկ նա երբեմն ձգվում էր դեպի ամուսինը, փնջած մազերը գլխաշորով ծածկած խոշորավուն գլուխը թեքում էր ու ժպտում, և բոլորը, որ նրա կողքն էին կանգնած, նույնպես ժպտում էին…

Ծխական համայնքն այս ընտանիքը շատ էր սիրում, որովհետև բոլորի տներում էլ մերթընդմերթ գժտություն էր լինում, և մարդիկ հասկանում էին, որ բոլոր փորձանքները տեղին են՝ մեղքերի համար, իսկ այդ երկուսն ակնառու ապացույց էին. եթե քեզ լավ պահես, ապրես եկեղեցու օրենքներով, ապա կյանքդ լավ կանցնի…

Հետո Իվանը որոշեց հոգևոր ակադեմիա ընդունվել՝ սեմինարիայի համար արդեն մեծ էր: Ակադեմիա ընդունվելը հեշտ չէր, բայց նա հատուկ հոդվածով էր անցնում՝ լավ երաժշտական կրթություն ուներ, երկար տարիներ երգչախմբում էր երգում, համ էլ տարիների ընթացքում կապեր էր ձեռք բերել: Նրան վաղուց էին խմբավար ուզում տալ, բայց չէր ուզում դասում կանգնել, ուզում էր Սուրբ սեղան բարձրանալ…

Իվանը թողեց երգեցողության ուսուցչի  իր հիմնական աշխատանքը դպրոցում և սկսեց պատրաստվել: Մաշան ուրախ էր, բայց և անհանգստանում էր. իրիցկին լինելը հեշտ գործ չի, մեծ բեռ է, իսկ ինքն այդ կոչման համար և՛ երիտասարդ էր, և՛ չափազանց ժիր, և՛ ուրախ: Երևակայում էր, որ Իվանը ծուխ կստանա լավ տեղում՝ փոքրիկ քաղաքում կամ մեծ գյուղում, որտեղ մարդիկ բարի են ու չփչացած, բնությունն էլ չկոխկրտած, որ մոտիկ գետակ կլինի, անտառ ու երկարավուն պատշգամբով տուն: Նա այնքան գեղեցիկ էր հորինել: Հետո վախեցավ՝ բա որ երեխաները հիվանդանան, իսկ գյուղում՝ ոչ բժիշկ, ոչ հիվանդանոց: Հարցրեց ամուսնուն, թե ոնց է մտածում հետագա կյանքը պլանավորել՝ մարզո՞ւմ լինի ծուխը, թե՞ քաղաքում:

Իվանը կնոջը հակիրճ շշպռեց՝ հիմար, բայց նա չնեղացավ: Դե, ասենք թե ասաց, բայց իր մասին գիտի, որ հիմար չի, իսկ նրա մասին՝ որ բնավորությունն է դժվար:

Իվանն ընդունվեց ակադեմիա ու հանրակացարան տեղափոխվեց, տանը հազվադեպ էր լինում, Մաշայի ու երեխաների հետ խիստ էր, մեծին՝ երեք տարեկան Վանյային, նույնիսկ ծեծեց: Մաշայի մայրը՝ Վերա Իվանովնան, լաց եղավ, բայց նրան բան չասաց: Իսկ Մաշան բոլորովին չնեղվեց, միայն ուսերը թոթվեց.

– Հայրն է, թող դաս տա: Չէ՞ որ սիրով է անում, ոչ թե՝ չարությունից:

Բայց Վերա Իվանովնան չէր հասկանում, թե ոնց են սիրով խփում երեխային, այն էլ այդպիսի անմիտ մանրուքի համար՝ շիլայով ափսեն էր շրջել:

Կյանքը Լավրում[2] նոր հետք թողեց Իվանի վրա. առաջ նա պճնասեր էր, հագնում էր լավ կոստյումներ՝ փողկապով, սիրում էր գունավոր վերնաշապիկներ, իսկ հիմա սևից բացի բան չէր կրում, նույնիսկ տանը չէր հանում կիսապետական հագուստը: Մաշային պախարակում էր վարդագույն բլուզների և գույնզգույն հուլունքների համար, որ նա սիրում էր կրել: Կինը հնազանդ հանեց հուլունքներն ու մարգարտահյուս թևնոցները, դադարեց փարթամ մազերը գունավոր հերակալներով փնջել, փոխարենը մազերը հյուսեց ու ոլորելով կնիկական տխուր հանգույց արեց: Միայն աչքերն էին առավոտից իրիկուն փայլում ու ժպտում որդիներին՝ Վանեչկային ու Կոլենկային, մորը՝ Վերա Իվանովնային, լուսամուտին, ծառին՝ լուսամուտից այն կողմ, ձյանն ու անձրևին: Նրա մշտակա ժպիտն ամուսնուն գրգռում էր: Ամուսինը մռայլվում էր, նրա շողարձակմանը նայելով հարցնում, թե ինչից է այդքան ուրախ, Մաշան էլ պարզասրտորեն պատասխանում էր.

– Ախր ոնց չուրախանամ, երբ դու եկել ես:

Ու շարունակում էր շողալ:

Մաշան սպասում էր ամռանը՝ արձակուրդին, հույս ուներ, որ ամուսինը կապրի տանը, կզբաղվի փոքրիկների հետ: Երեխաները վերջին տարին նրանից հետ էին վարժվել, փոքրը վախենում և շրջվում էր, հենց տեսնում էր հորը: Բայց արձակուրդին Իվանը Պեռլովկա չեկավ և տանիքը չնորոգեց, ինչպես խոստացել էր Վերա Իվանովնային: Փոխարենն ուխտի գնաց հեռավոր մի վանք: Մաշան վշտացավ, բայց չէր ուզում մորը ցույց տալ իր ապրումները, դրա համար էլ առաջվա պես ժպտում էր, իսկ Վերա Իվանովնային ասաց անհոգ հիմարիկի պես.

– Դե մեզ համար ավելի լավ, մամոչկա: Տան կեսը հովեկների կտանք, իսկ աշնանը բանվորներ կվարձենք ու ինքներս տանիքը կնորոգենք, ու ոչ մեկին էլ չենք խնդրի: Թե չէ մարդիկ ինչ կասեն՝ հոգևորականն ի՞նքն է տանիք բարձրացել:

– Թե նա ի՜նչ հոգևորական, դեռ որ՝ ոչ մի…,- փնթփնթաց Վերա Իվանովնան՝ զարմանալով աղջկա վրա՝ լրի՞վ հիմար է, ինչ է:

Տան կեսը հովեկի տվեցին, իրենց մարդն էր՝ տաճարի ծխականներից՝ ծեր բժշկուհի Մարինա Նիկոլաևնան: Շաբաթ-կիրակի նրա մոտ էր գալիս ազգականուհի Ժենյան՝ նույնպես ինտելիգենտ կին: Իվանը, երբ իմացավ, որ պատշգամբով սենյակն են վարձով տվել, սարսափելի զայրացավ, սկսեց բղավել, բայց տունն, իմիջիայլոց, Վերա Իվանովնայինն էր, ինչի մասին էլ վերջինս հիշեցրեց: Իվանը պայուսակի մեջ հավաքեց իրերն ու հեռացավ՝ դուռը շրխկացնելով:

Վերա Իվանովնան լաց եղավ և ներողություն խնդրեց Մաշայից, բայց Մաշան ոչինչ չպատասխանեց. կանգնել էր հայելու առաջ ու հյուսն էր քանդում ու սանրում, հետո փնջեց առաջվա պես՝ մազակալներով:

Փոքրիկ Վանյան մոտեցավ դռանն ու, ձգվելով, կեռիկը մեխի վրա գցեց:

Մաշան այն նույն տեր հոր մոտ գնաց, որ պսակել էր իրենց (նա հիմա մեկ այլ վանքի վանահայր էր) ու պատմեց, որ գործերը լավ չեն ընտանիքում: Վանահայրը նրան նախատեց, որ առանց ամուսնուն հարցնելու սենյակը վարձով է տվել, պատվիրեց սրանից հետո առանց ամուսնու ինքնագլուխ բաներ չանել, իսկ որ իրենցից հեռացել, գնացել է ուխտի՝ դրանից միայն օգուտ կա ու ոչ մի վնաս:

Աշնանն Իվանը կնոջն ու երեխաներին տեսության եկավ, նվերներ բերեց, բայց ավելի հոգևոր բովանդակության, քան պրակտիկ: Պատվիրված, կրկնակի սրբապատկեր նվիրեց՝ Իոան Ռազմիկ և Մարիա Մագդաղենացի: Մաշան ուրախացավ. արդեն չգիտեր ինչ մտածել ամուսնու մասին՝ սիրում է իրեն, թե էլ չի սիրում, իսկ նվերը կարևոր նշանակություն ուներ. դրանք իրենց հովանավոր սրբերն էին, երևի ամուսինն էլ էր վատ զգում իրենց գժտության պատճառով: Երեկոյան Զագորսկ չգնաց, մնաց: Վաղուց չէր մնացել: Եվ Մաշան ուրախ էր, շատ ուրախ: Նա սիրում էր ամուսնուն ամբողջ հոգով ու ամբողջ մարմնով, և այն գիշեր նրա զգացմունքները բարձրանում էին, ինչպես ալիքները ծովի վրա, ուժեղ ու բարձր: Նա այնպիսի շարժումներ էր անում, որոնք սիրողների մեջ կարծես թե արգելված չէին, բայց իրենց ամուսնական առօրյայում ընդունված չէին, թեև հուզում էին ուշաթափության աստիճանի: Իվանը տնքում էր ու ճչում, և Մաշան թեթևակի սեղմում էր նրա բերանը մատներով, որպեսզի կամաց տնքա, երեխաներին չարթնացնի:

Առավոտյան Իվանը խնդրեց Մաշային ուղեկցել իրեն մինչև էլեկտրագնացքը և ճանապարհին ասաց, որ  այժմ կինն ինքնիրեն կատարելապես մատնել է, թե ինչ փչացածն ու շվայտն է, որ ամբողջ կյանքում ձևացել է անմեղ, որ ոչ մեկից չի խուսափել, որ երեխաներին էլ իրենից չի բերել, քանի որ երկու տղան էլ սպիտակ ու կապուտաչյա են, այն դեպքում, երբ պետք է լինեին շագանակագույն աչքերով ու մուգ մազերով:

Մաշան ոչինչ չասաց, միայն լաց եղավ: Մոտեցավ էլեկտրագնացքը, որով Իվանը մեկնեց Լավր, որ շարունակի սովորել հոգևորական դառնալու համար: Մեկուկես ամիս չէր գալիս: Մաշան վերցրեց մեծին՝ Վանեչկային, ու ճանապարհվեց Լավր, որ ամուսնու աչքին երևա ու քնքշորեն հետ՝ տուն կանչի: Տեղ հասավ ժամերգության կեսին, ամուսինը երգչախմբում էր կանգնած, բայց կնոջ վրա չնայեց, թեև նա ընդհուպ մոտեցել էր դասին: Ամուսինը շատ գեղեցիկ էր, բայց դեմքն ահեղ էր, մորուքը, որ առաջ փոքր էր, լավ խուզած, այժմ աճել էր մինչև կուրծքը, շատ էր նիհարել, ինչը նույնիսկ մորուքի տակից էր երևում:

Երբ ժամերգությունն ավարտվեց, կինը մոտեցավ, բայց նա ձեռքով հեռացրեց, ինչպես վարագույրը կքաշեն, իսկ Վանյայի վրա չնայեց էլ… Մաշան սարսափեց նրա այդ ժեստից և հատկապես աչքերից, որոնք նայում էին ուղիղ դիմացը՝ կարծես իրենց կողքով, ինչպես «Փրկիչ ամենատես աչք» սրբապատկերում: Կինն իսկույն հասկացավ, որ դժբախտություն է պատահել, բայց չէր հասկանում՝ ինչպիսի:

Մաշան այլևս ակադեմիա չգնաց, նա էլ տուն չեկավ մինչև գարուն: Գարնանը եկավ, տուն չմտավ, կնոջը դուրս կանչեց և ասաց, որ որոշված է՝ թող հենց ինքը դիմում գրի, որ իրենց ամուսնությունն անվավեր է, որ այն չեղյալ հայտարարեն:

Մաշան չհասկացավ.

– Ուզում ես մեզնից բաժանվե՞լ:

– Չէ, ինչ բաժանվել, երեխաներն ուրիշինն են, ամեն ինչ սուտ է եղել…

Մաշան սկզբում կարծես ժպտաց, բայց անմիջապես էլ սկսեց լաց լինել.

– Վանյա, ես ախր աղջիկ էի, որ ամուսնացա, դու իմ առաջինն ես ու միակը…

– Մագդաղենացի ես, որ կաս, միայն չապաշխարած… Ես սուտ ամուսնություն չեմ ընդունում,- կոշտ ասաց Իվանը, ու կնոջը չի էլ նայում, անընդհատ՝ կողքերը:

– Ախր պսակով ամուսնություն էր, Վանյա, ախր մենք Տիրոջ առաջ…- արցունքների միջից թոթովում էր Մաշան, բայց ամեն ինչ զուր էր:

– Պսակը կլուծեն… Կեղծ ամուսնության պսակը կլուծեն,- ասաց Իվանը, կարծես արդեն եղած գործի մասին էր խոսքը:

– Իսկ երեխանե՞րը,- համառում էր Մաշան, վախենալով կորցնել իր սխալ երջանկությունը:

– Երեխաներն ի՞նչ: Իմ երեխաները չեն: Գնա փորձաքննություն արա, անալիզներն էլ քեզ նույնը կասեն՝ իմ երեխաները չեն:

– Կանեմ ես էդ անալիզները, Վանյա, մե՛ր էրեխեքն են, Կոլյան տես ոնց է քեզ նման, միայն թե բաց գույնի է, բա Վանեչկան, դու տես՝ մազերը մգացել են, կմեծանա՝ քոնի պես կլինեն… – Մաշան փորձում էր խոսակցությունը լավ հունով տանել, բայց նրան ընդդիմանում էր ամենասարսափելի ուժը, որ կարող է լինել՝ խելագարությունը: Այն արդեն միանգամայն հասունացել էր, բայց դեռ պահվում էր ներսում, և վայրենի կասկածները տրամաբանական ձև էին ընդունում: Իվանն սկսեց թվարկել Մաշայի բոլոր հանցանքները. հարսանիքի երրորդ օրն ընկերուհու մոտ է գնացել, բայց եղե՞լ է այնտեղ՝ հիմա անհնար է ստուգել, բայց ինքը հո գիտի, որ այնտեղ չի եղել. մոր հետ երկու անգամ համերգ է գնացել, բայց ծրագիրն էն չի եղել, ինչ Մաշան այն ժամանակ հայտարարել է իրեն… Խաբեություն, մի՛շտ խաբեություն: Եվ գլխավորը. կինը բացահայտեց իրեն, իր ամբողջ փչացածությունը, երբ արձակուրդին Իվանը տուն եկավ, իսկ նա էնպիսի՜ վարպետություն ցուցադրեց, ոնց որ վերջին քածը հրապարակից…

Ու էլի, էլի շատ բաներ, որոնք Մաշան չէր հիշում, և, որ ամենակարևորն է, նա երբեք իրեն այդպես չէր կշտամբել, մի՞թե այսքան տարի մեջն էր պահել:

Բաժանվեցին ու պսակը լուծվեց. Իվանը պատրիարքարանում դա հաստատող տեղեկանք ստացավ: Վերա Իվանովնան զարմանում էր. ինչպե՞ս կարելի է եկեղեցական խորհուրդը չեղյալ հայտարարել: Իսկ կնո՞ւնքը: Իսկ հուղարկավորման կա՞րգը: Բա հաղորդությո՞ւնը: Նույնպե՞ս կարելի է չեղյալ հայտարարել:

Մաշան երեխաներին իր ազգանունով գրեց: Կարծես թե նրանք իր, բացառապես իր սեփական երեխաներն էին՝ ծնված առանց տղամարդու մասնակցության: Իսկ Իվանն ակադեմիան ավարտեց և կուսակրոն ձեռնադրվեց: Նրա առաջ հոգևոր մեծ կարիերա էր բացվում: Դա արդեն ուրիշներից իմացան:

Մաշան ոչ այնքան վշտանում էր, որքան տարակուսում, զարմանքը գերազանցում էր մյուս զգացմունքները: Նա սև գլխաշոր էր կրում, ասես սգի մեջ լիներ, բայց գլխաշորն է՛լ ավելի էր սազում: Եկեղեցում նրան լավ էին վերաբերվում, թեև բամբասում էին: Նա հիմա պարզ մեկը չէր՝ հետաքրքիր դժբախտություն ուներ:

Այդ ամառ հազվադեպ շոգ էր, սև գլխաշորից գլուխն այրվում էր, և Մաշան երկար չկրեց այն՝ ձանձրացավ:

Նա հիմա երկու աշխատանք ուներ՝ եկեղեցում և մշակույթի տան ժողովրդական երգչախմբում: Վանեչկային դպրոցի համար էին պատրաստում, վեցուկես էր, բայց խելացի էր, ինքնուրույն կարդալ էր սովորել, ուզում էր դպրոց գնալ, բայց գրելը շատ վատ էր ստացվում, և Մաշան ազատ ժամանակ նստում էր կողքին, գծիկներ ու կեռիկներ էր նկարում: Տղայի հետ նաև հովեկ Մարինա Նիկոլաևնան էր պարապում ու նրա զարմուհի Ժենյան: Հետո Ժենյան ամառանոց բերեց իր ընկերների որդուն Ռիգայից՝ տասնյոթամյա Սերյոժային. նա պիտի համալսարան ընդունվեր, բայց կտրվել էր, և ցավալի ձախողումից հետո մնաց մի քիչ ամառանոցում ապրելու: Մաշայի տղաները Սերյոժային մոտեցան ինչպես հարազատի՝ անընդհատ նրանից կախվում էին, բաց չէին թողնում, նա էլ տղաների հետ լավ էր վարվում, ուրախ էր: Խաղում էին ոնց որ տարեկիցներ՝ մեկ պահմտոցի, մեկ էլի ինչ որ բան…

Սերյոժան մի քիչ նման էր Մաշային. նրա պես փոքրամարմին էր, բաց գույնի, մի քիչ մեծ գլխով, բայց ավելի շատ նման էր ոչ թե այժմյան Մաշային, այլ նրան, որ դեռ չէր ամուսնացել: Նաև անմեղությամբ էին իրար նման:

Մեկնելուց առաջ վերջին օրը՝ երեկոյան, երբ երեխաներին պառկեցրել էին և ամբողջ տունը քնած էր, նրանք նստել էին սանդղամուտքին, և նրանց միջև մեծ ձգողականություն առաջացավ, այնպես որ միմյանց ձեռք բռնեցին ու մի քիչ համբուրվեցին, հետո զրուցարանի նստարանի վրա ավելի ջերմ համբուրվեցին, և մի տեսակ ինքնիրեն, առանց կայացրած մտադրությունների, պատահաբար, թեթև և ուրախ գրկվեցին ամուր-ամուր: Ու ոչ մի վատ կամ ամոթալի բան՝ միայն երջանիկ հպում… Սերյոժան առավոտյան մեկնեց, Մաշան նրան ձեռքով արեց՝ ուրախ ու ընկերական: Հետո պարզվեց հղի է: Սերյոժային չփնտրեց՝ նա ոչնչով մեղավոր չէր: Եվ առհասարակ՝ ոչ-ոք ոչ մի բանում մեղավոր չէր: Մաշան չէր վշտանում, բոլորի նկատմամբ բարեհամբույր ու քնքուշ էր, երգում էր երգչախմբում: Վերա Իվանովնան էր վշտանում, որ Մաշայի կյանքն այդքան դժվար է դասավորվում, բայց նրան չէր կշտամբում և ոչինչ չէր հարցնում:

Երբ փորն սկսեց երևալ՝ ծուխի խիստ, բայց արդարամիտ ատենապետուհին ասաց, որ ավելի լավ կլինի գնա երգչախմբից:

– Կգնամ,- հեշտ համաձայնեց Մաշան: Եվ գնաց տեր հոր մոտ. այդպիսի սովորություն ուներ՝ երբ պետք է ինչ-որ բան վճռեր՝ գնում էր օրհնություն ստանալու:

Հոգևորականը ծեր ու անուշադիր էր, բայց Մաշան նրան հայտնեց իր հղիության մասին: Նա մի քիչ մտածեց, հայացք գցեց կնոջ՝ ձկան նման ուռած կազմվածքին, գլխով արեց ու ասաց.

– Դեռ որ գնա:

Հետոն Մաշայի համար տհաճ էր, նրան անընդհատ թվում էր, թե թիկունքի հետևում փսփսում են: Նա նույնիսկ Տիրամորն աղոթում էր, որ տա իր Ծածկոցը՝ օտար աչքերից թաքնվելու համար: Մի անգամ Մաշան առանձնահատուկ սրտնեղեց. վերականգնում էին իկոնոստասը և երկու եկվոր վարպետ կանգնել էին համարյա Մաշայի դիմացն ու ինչ-որ բան էին խոսում նրա մասին: Մեկ էլ Մաշային մի այնպիսի հանդգնություն բռնեց, որ մոտեցավ նրանց ու ասաց.

– Ամեն ինչ, որ իմ մասին ասել են, ճիշտ է: Մարդս ինձ երեխաների հետ թողել, գնացել է, գուցե վանական է դարձել, իսկ ես հիմա դեռ մի բան էլ հղի եմ: Հա:

Շուռ եկավ ու գնաց:

Երկու վարպետներից մեկը՝ տարեցը, այդ ժամանակից անընդհատ Մաշային էր նայում, նա էլ երեսը շուռ էր տալիս: Նրանք կարծես մի խաղ էին սկսել. նա փնտրում էր Մաշայի հայացքը, իսկ Մաշան նայում էր նրա ուղղությամբ, բայց միշտ կողքանց: Այդպես մի երկու ամիս իրար նայեցին, իսկ վերականգնողական աշխատանքը, ինչպես և Մաշայի հղիությունը, արդեն մոտենում էր ավարտին: Մի անգամ՝ Սուրբ Ծննդից առաջ, երկարատև ժամերգությունից հետո նա մոտեցավ ու ասաց.

– Դուք անմիջապես մի պատասխանեք, վաղը կասեք: Ես կուզեի ամուսնանալ Ձեզ հետ: Լուրջ եմ ասում, ես դա վաղուց եմ մտածել:

Հանկարծ Մաշայի ծիծաղն եկավ, ու անմիջապես էլ պատասխանեց.

– Իսկ ի՞նչ կա մտածելու, ես կամուսնանամ ձեզ հետ:

Ու հեռացավ, իսկ վարպետը շարունակեց կանգնած մնալ. կամ կատակը չէր հաջողվել, կամ էլ չէր սպասում այդպիսի արագ հանգուցալուծման:

Մաշան ուշ տուն եկավ, Վերա Իվանովնան սպասում էր նրան, չէր քնել, աղջկա համար շատ էր անհանգստանում: Մաշան նրան հենց դռան մոտից ասաց.

– Մամ, ինձ այսօր նկարիչն առաջարկություն արեց:

– Դու թեյ կխմես, չէ՞,- հարցրեց մայրը՝ չլսելու տալով հիմար կատակը:

– Մամ, ինձ առաջարկություն արեց նկարիչը, որ Սուրբ սեղանն է վերականգնում:

Վերա Իվանովնան ձեռքը թափ տվեց.

– Թեյ չես ուզում՝ պառկիր, ես արդեն տեղդ գցել եմ:

– Դե, մամ, ես լուրջ եմ…

– Իսկ անունն ինչ է:

– Չհարցրի: Վաղը կհարցնեմ:

Նրանք շուտ ամուսնացան՝ մինչև տղայի ծնվելը: Անունը Տիխոն դրեցին: Պարզվեց, որ ամուսինը՝ Սաշան, ամենալավն է աշխարհում: Նորածնին, երբ տանն էր, ձեռքից բաց չէր թողնում, հիանում էր, գործի գնալուց մի երկու անգամ վերադառնում էր, որ մեկ էլ տեսնի: Մեծ տղաներն անմիջապես սկսեցին հայրիկ ասել, իսկ դպրոցական տետրերի վրա, որտեղ հայրանունը գրել չի էլ պահանջվում, խնամքով գրել էին. Տիշկով Իվան Ալեքսանդրովիչ և Տիշկով Նիկոլայ Ալեքսանդրովիչ: Երբ Տիխոն Տիշկովը դպրոց գնաց՝ նրանք մի տղա էլ ունեցան: Մաշան մի քիչ սրտնեղեց՝ աղջիկ էր ուզում, բայց դեռ երիտասարդ է, գուցե աղջիկ էլ ունենա:

Իսկ նրա՝ առաջինի մասին ասում էին, թե մեծ դիրքի է հասել, հետո կախվել է: Գուցե ստում էին… Երբ Մաշային հայտնեցին՝ խաչակնքվեց ու ասաց. «Երկնքի արքայությունը, թե այդպես է»: Ու մտածեց.

– Եթե նա մեզ չլքեր այդպես դաժանաբար՝ Սաշային չէի ճանաչի… Էհ, փառք Աստծուն ամեն բանի համար:

 [1] Զատիկին հաջորդող շաբաթն է, որը կոչվում է Հիսուսի աշակերտներից մեկի՝ Թովմասի անունով, որը միայն Տիրոջ վերքերը շոշափելուց հետո հավատաց Նրա հարությանը: Սլավոնական ժողովուրդների մեջ Թովմասի շաբաթը համարվում է հարսնատեսի, հարսանիքների շաբաթ: /ծնթ.՝ թարգմանչի/

[2] Троице-Сергиева лавра – Արական խոշոր մենաստան Մոսկվայի մարզի Սերգիև Պոսադ քաղաքում /ծնթ.՝ թարգմանչի/

Ռուսերենից թարգմանեց Լիլիկ Ստեփանյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *