ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ | Ինչպես խաղաղ պատրաստվել մահվան

Ումբերտո Էկո

Վստահ չեմ, որ ինքնատիպ բաներ պետք է ասեմ, սակայն հարկ եմ համարում նշել, որ մարդկային էակի մեծագույն խնդիրներից մեկը մահվան հետ առճակատումն է: Կարծես թե խնդիրն ավելի բարդ է աթեիստների համար (Ինչպե՞ս կանգնել մեզ սպասվող ՈՉՆՉԻ առջև), բայց վիճակագրության համաձայն՝ այս խնդիրը ծառացած է նաև մի շարք հավատացյալների առջև, որոնք վստահաբար կրկնում են, որ մահվանից հետո կյանք կա, սակայն կարծում են, երկրային կյանքն այնքան հաճելի է, որ այն լքելն իսկապես ափսոս է: Այո՛, նրանք իսկապես փափագում են միանալ հրեշտակների երգչախմբին, բայց հնարավորինս՝ ուշ: Ակնհայտ է, որ առաջ եմ քաշում այն հարցը, թե ինչ է նշանակում ստեղծված լինել Մահվան համար կամ պարզապես ընդունել, որ բոլոր մարդիկ մահկանացու են: Հեշտ է սրա մասին խոսել, երբ խոսքը գնում է Սոկրատի մասին, բայց դժվար` երբ մեր մասին է: Ամենադժվարը կլինի այն պահը, երբ կգիտակցենք, որ տվյալ պահին դեռ գոյություն ունենք, իսկ դրան հաջորդող պահին`ոչ:
Վերջերս աշակերտներիցս մեկը (ոմն Կրիտոնեն), ինձ հարցրեց.
-Ուսուցի՛չ, ինչպե՞ս կարելի է ճիշտ քայլերով մոտենալ մահվանը:
Ես պատասխանեցի, որ մահվանը պատրաստվելու միայն մեկ ճիշտ ձև կա․ մտածել, որ մնացած բոլորն ապուշներ են:
Տեսնելով Կրիտոնեի զարմանքը` պարզաբանեցի.
-Որ մինչ դու մահանում ես, միմյանց հանդեպ ցանկությամբ համակված երիտասարդները պարում են պարահրապարակում` անսահման զվարճանալով, որ հայտնի գիտնականները գողանում են տիեզերքի վերջին առեղծվածները, որ անկաշառ քաղաքական գործիչներն ավելի լավ հասարակություն են ստեղծում, որ թերթերը և հեռուստատեսությունը միայն կարևոր լուրեր են հաղորդում, որ լայնախոհ և պատասխանատվության զգացումով ձեռնարկատերերը մտահոգվում են, որ իրենց արտադրանքը շրջակա միջավայրը չաղտոտի և հանձն են առնում վերականգնելու բնությունը՝ խմելու ջրի իր աղբյուրներով, անտառախիտ ձորերով, ջինջ և Օզոնի շերտով պաշտպանված երկինքը՝ թեթև ու խաղաղ ամպերով և մեղմ անձրևներով:
Միայն այն միտքը,որ բոլոր այս լավ բաները տեղի են ունենում ճիշտ այն ժամանակ, երբ դու լքում ես այս աշխարհը, անտանելի է:
Բայց փորձի՛ր մտածել, որ այն պահին, երբ դու լքում ես այս աշխարհը, ավելի քան վստահ ես, որ աշխարհը (Հինգ Միլիարդ մարդ) լի է ապուշներով: Ապուշ են նրանք, ովքեր ինքնամոռաց պարում են պարահրապարակում, ապուշ են այն գիտնականները, որոնց թվում է, թե լուծել են տիեզերքի առեղծվածները, այն հիմար քաղաքական գործիչները, որոնք առաջարկում են մեր բոլոր ցավերի դեմ դեղամիջոցը, ապուշ են նրանք, ովքեր լցնում են բազմաթիվ էջեր ծայրահեղ բամբասանքներով, ապուշ են այն ինքնասպան արտադրողները, որոնք կործանում են մեր մոլորակը: Այդ պահին դու թեթևացած, երջանիկ և բավարարված չե՞ս լինի, որ լքում ես այս ապուշների հողը:
Կրիտոնեն ինձ հարցրեց.
-ՈՒսուցի՛չ, իսկ երբ պետք է սկսեմ այդ ամենի մասին մտածել,- և ես նրան պատասխանեցի.
-Այդպես մտածել, պետք է սկսել ոչ շատ վաղ տարիքից, քանի որ, եթե մի մարդ քսան կամ անգամ երեսուն տարեկանում մտածում է, որ մնացած բոլորը ապուշ են, նա այդպես էլ երբեք չի իմաստնանա: Նախ հարկ է մտածել, որ մնացած բոլորն ավելի լավն են, քան մենք, այնուհետև քիչ քիչ` քառասուն տարեկանին մոտ, զարգացնել առաջին թույլ կասկածները, հիսունին և վաթսունին մոտ իմի բերել այդ կասկածները և դրանում վստահ լինել այն ժամանակ, երբ հաստատուն քայլերով քայլում ես դեպի հարյուր տարեկան, բայց, լիարժեք պատրաստ եղեք՝ միայն վերջնահաշվարկի  ծանուցումը ստանալուց քիչ առաջ:
Ինքներս մեզ համոզել, որ մեզ շրջապատող մարդիկ ( հինգ միլիարդ մարդ) բոլորը ապուշ են, շատ նուրբ և խորաթափանց արվեստ է, ամեն մարդու խելքի բան չէ: Այն ուսումնասիրություն և ջանք է պահանջում: Շտապելու կարիք չկա, խաղաղ և հավիտյան քուն մտնելու պահին պետք ճիշտ և հանդարտ քայլելով մոտենալ: Դրա նախորդ օրը պետք է մտածել, որ ինչ-որ մեկը, որին սիրում ենք կամ որով հիացած ենք, իրականում ապուշ չէ: Իմաստուն է նա, ով ճիշտ պահին (ոչ շուտ) ընդունում է, որ նա ևս ապուշի մեկն էր: Միայն այդ ժամանակ կարելի է արդեն մահանալ:
Արդ համամարդկային միտքը ուսումնասիրելը մեծ արվեստ է. զննել ավանդական դարձած իրադարձությունները, ամեն օր իրականացնել լրատվամիջոցների, իրենց վրա չափազանց վստահ արվեստագետների հայտարարությունների, քաղաքական գործիչների նշանաբանների, աղետային քննադատների անհեթեթությունների, խարիզմատիկ հերոսների աֆորիզմների մոնիթորինգ` ուսումնասիրելով տեսությունները, առաջարկները,կոչերը, նկարները: Միայն այդ ժամանակ վերջապես կհասկանաս, որ մնացած բոլորը ապուշ են: Այդ ժամ դու պատրաստ կլինես մահվան հետ քո հանդիպմանը:
Մինչև վերջ պետք է դիմադրես այս անհիմն բացահայտմանը, անխոնջ համառությամբ կմտաբերես ինչ-որ մեկին, որը իմաստուն բաներ էր ասում, մի գիրք, որը մնացածներից ավելի լավն էր, մի ժողովրդի առաջնորդի, որն իսկապես համայնքի լավն էր ուզում: Բնական է, մարդկային է, մեր տեսակին բնորոշ է մերժել այն համոզմունքը, որ մնացած բոլորն անխտիր ապուշներ են, այլապես հանուն ինչի՞ արժե ապրել: Բայց վերջում կիմանաս, կհասկանաս, թե ինչու արժե (անգամ հիանալի է) մահանալ :
Այդ ժամանակ Կրիտոնեն ինձ ասաց.
– ՈՒսուցի՛չ, չէի ցանկանա հապճեպ եզրակացություններ անել, բայց ես շատ լուրջ կասկածներ ունեմ, որ Դուք ապուշի մեկն եք։
-Տեսնու՞մ ես,- ասացի ես,- արդեն ճիշտ ճանապարհին ես:

Լ’Էսպրեսսո 12 հունիս 1997

Իտալերենից թարգմանեց՝ Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *