ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ | Անպատասխան

Ներսես Աթաբեկյան

Լուսանկարը` Կարեն Անտաշյանի

Վերևները չեն կարող, ներքևները չեն ուզում…

Հեղափոխական հին ասացվածք

***

Տե՛ր, կա՞ քո կամքին ըմբերանող,
կամ անկարո՞ղ ես որևէ ինչ,
և անծպտուն խոնարհ չէ՞ քեզ ամենը
ամենուրեք ու միշտ-

ասուն ու հակառակը,
անշունչ ու շնչավոր,
լույս ու խավար,
ջուր ու ցամաք
և զատումը նրանց ճիշտ ժամանակին,
և՛ երկիր, և՛ ծով, և՛ միջնատարածք,
որի վրայով կարելի է քայլել
Հիսուսի, Շաքյա Մունիի, Ռիչարդ Բախի
և էլի մի քանի համահեղինակների
ուղեցույցով միայն…

Անծպտուն խոնարհ չե՞ն-
նյութի վիճակները,
չորս տարրերը գոյի,
չորս եղանակը ոգու,
զգայարանները հինգ ու նույնիսկ վեցերորդը,
Հիրոսիմայի ու Նագասակիի անառակ որդու
վերադարձը 2011 թվին,
սըր Իսահակ Նյուտոնի անկման արագությունը
և էյնշտեյնի լեզուն,
աստղանձրևներն ու ասուպաձյունը
և ամենադիպուկ երկնաքարի
անկումն անբասրելի,
որ կհասցնեն գնահատել
Աշխարհասարդը,
Խոռոչը սև
ու Վերջին Ճերմակ բիծը:-

Մի խոսքով,
էդ ի՞նչ չես կարող
կամ ի՞նչ չի գալիս ձեռիցդ,-

կամ էդ ի՞նչ է, որ անծպտուն խոնարհ
չի երազում լիզել ամենատու ափից
ցավալի վրիպումը Քո վեցերորդ օրվա –

թե՞ ուրիշ Վերևներ էլ կան
Ներքևների համար…

 

ՎԱՐՔԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Երբ լսեցի,
որ Բասյոն ջարդել է ծաղկած բալենու ճյուղը,
մեր մոտ սոցիալիզմ էր,
դեռ անմարդկային դեմքով,
բայց արդեն էնքան զարգացած,
որ ցիլինդր էր հագնում տրեխի փոխարեն,
ու թավահոն պապի սուր ծերահոտը
իր տարիքի կոկիկ կոմսոմոլներ էր ցընկնում,
ու խոտը կանաչ էր միշտ,
ու եղանակը` տոնա-սովորական,
դեմիսեզոնային թիկնոցի պես անհասկանալի,
ու միշտ ծաղկած էր բալենին,
բայց ջարդող չկար:-

Մեղքը էնքան շատ էր, որ քավելու համար
ութ բալենու այգի արցունք էլ թափեիր –
ճերմակ, մաքուր ու զոհ ծաղիկների նման –
չէր հերիքի…

Չէ՜ մի ապաշխարանք…

Մանավանդ, նույն իսկ պահին,
նույնիսկ ձախ ոտդ դեռ այգուց դուրս,
կհայտնվեր պահակը` չէկայի վետերան,
ու – քամակիդ քացո՛վ, քացո՛վ, քացո՛վ –
կհասցներ քաղմաս`
կարդալու խոստովանական ցուցմունքը Բասյոյի,
առ այն,
որ միասին եք ջարդել ծաղկած բալենու ճյուղը
հեղափոխությունից առաջ…

ՄԵԾԱԿԱՆ ՀԵՔԻԱԹ ԿՆՈՋՍ ՀԱՄԱՐ

…Համբերությունդ էնքան ծով է,
որ էս տարի էլ ծով չգնացինք
(Կաբուլէ՜ծի` գնացողների հնչողությամբ…),-
լող տվինք քո ծով համբերության
կանաչ-թափանցիկ ջրերում,
խաղեր տվինք մեդուզաների հետ,
օրը երեք անգամ խոսեցինք դելֆիններից,
մաշկի տակ ու վրա առանք
բանականության հեռու եղբայրների արևագրերը,
հում խորոված կերանք
Coca-cola տենտի ծռված շուքին,
երկուսի կիսեցինք ջրերը,
որ Աստծո ժողովուրդն անցնի Թուրքիա`
մի քիչ էլ էնտեղի խանութներում լող տալու,
քայլեցինք ավազի ու ծովի վրայով
ու չտեսանք բաժանարարը մեր երկաբնակության
(հող էիր` հող դարձիր,- ասում է,-
բայց ջուր ես, ըստ էության…),
նավամատույցում Տիտանիկ ցավը
գրկախառնվում էր սառցասարի հետ,
ու հասկացանք, որ մահն ընդամենը կինո է,
նամանավանդ, որ նույն կեսգիշերին
բոլորն էլ հոսեցին լուսնակածանով`
դեպի հաջորդ ամառ –
երևի հիմա էլ մյուս ծովերի
համբերության բաժակը լցնելու համար…

ՈՒՐԱԽ-ՏԽՈՒՐ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ

Ի խույզ կորուսյալ ժամանակների`
վերադառնում եմ
մեր դժվար հացի ճերմակահետքով:

Համարիր` չկամ.
ծննդյան աստղով,
գիտես, զուգահեռ հիշողություն եմ,-

մի օր կմարի,
ասենք` հիմա էլ
բանավոր կյանքից դուրս եմ սայթաքում,-

մի օր կմարի,
ու սև խոռոչի սև հարասությամբ
մարդակերպարանք աստղ կդառնամ
նորից երկնքում
կամ էլ հարդագող`
Մեծ ճանապարհին,-

նայած թե անքուն գիշերից հետո
որ ոտի վրա
կզարթնի Վերջին քմահաճույքը
Բանաստեղծության…

Գրանիշ [02] offline

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *