ԴԻՆՈ ԲՈՒՑՑԱՏԻ | Ավելորդ հրավերներ

Դինո Բուցցատի

Կուզենայի, որ ձմեռային մի երեկո դու գայիր ինձ մոտ, ու մենք, պատուհանի ապակիների ետևից իրար գրկած նայելով սառած և մութ փողոցների միայնությանը, հիշեինք հեքիաթների ձմեռները, որտեղ ապրում են նույնիսկ առանց այդ մասին իմանալու: Ամոթխած քայլերով ես ու դու անցանք այն նույն դյութիչ արահետներով և մտանք գայլերով լի անտառը: Աշտարակներից կախված մշկենիների ճյուղերի ու ագռավների անկանոն ճախրանքների միջով մեզ էին լրտեսում հարազատ ոգիները: Միասին, առանց իմանալու, այնտեղից նայում էինք մեզ սպասվող առեղծվածային կյանքին: Այստեղ առաջին անգամ բոցկլտացին մեր խենթ ու քնքույշ ցանկությունները: «Հիշու՞մ ես», կասենք մեկս մյուսին, տաքուկ սենյակում մեղմորեն իրար փարվելով: Դու վստահությամբ լի հայացքով կժպտաս, իսկ դրսում կլսվի քամուց խշշացող տերևների մռայլ ձայնը: Սակայն դու, հիմա եմ հիշում, չգիտես անանուն արքաների, մարդակերների և թովչական այգիների մասին հեքիաթները: Դու այդպես էլ չանցար մարդկային ձայնով խոսող կախարդական ծառերի տակով, ոչ էլ թակեցիր ամայի դղյակի դուռը, գիշերով չքայլեցիր դեպի հեռու-հեռավո~ր լույսը, չքնեցիր Արևելքի աստղերի ներքո քնքշորեն ճոճվող Սուրբ մակույկի օրորի ներքո: Ձմեռային մի երեկո`պատուհանի ապակիներից ներս, հավանաբար երկուսս էլ կլինենք լուռ` ես, մեռած հեքիաթների մեջ մոլորված, դու` ինձ համար անհասկանալի հոգսերով զբաղված: Ես կհարցնեի. «հիշու՞մ ես», բայց դու չէիր հիշի:

Կուզենայի զբոսնել քեզ հետ մոխրագույն երկնքով և նախորդ տարվանից փողոցներում մնացած քամուց տարուբերված տերևներով լի գարնանային մի օր ծայրամասի թաղամասերում և կուզենայի նաև, որ լիներ կիրակի: Այս վայրերում հաճախ թախծոտ և մեծ մտքեր են ծնվում, և այդ ընթացքում քնարերգությունն է օդում թափառում` միավորելով իրար սիրող սրտերը: Ծնվում են նաև անմեկին հույսեր` տների հետևում գտնվող անծայր հորիզոնների, աճապարող գնացքների, հյուսիսային թուխպերի կողմից սիրված:

Ձեռք ձեռքի կբռնենք պարզապես և կգնանք թեթև քայլքով` ասելով անիմաստ, հիմար և հարազատ բառեր: Մինչև որ կվառվեն լապտերները և գունատված տներից դուրս կպրծնեն քաղաքի մութ պատմությունները, արկածները, թափառող վեպերը:

Եվ շարունակելով ձեռք ձեռքի բռնած մնալ` մենք կլռենք, քանի որ հոգիներ կխոսեն անբարբառ: Բայց դու, հիմա եմ հիշում, երբեք ինձ անիմաստ, հիմար և հարազատ բառեր չէիր ասի: Ոչ էլ կարող ես սիրել այն կիրակիները, որոնց մասին խոսում եմ, քո հոգին չգիտե խոսել իմ հոգու հետ լռության ներքո, դու չես ճանանաչում քաղաքների թովչանքներն իրենց ճիշտ ժամին, հյուսիսից իջնող հույսերը: Դու գերադասում ես լույսերը, ամբոխը, տղամարդկանց, որոնք քեզ են նայում, այն փողոցնորը, ուր ասում են, որ կարող ես բախտդ գտնել: Դու տարբեր ես ինձնից և անգամ եթե այդ օրը գայիր զբոսնելու, կտրտնջայիր, որ հոգնած ես. միայն դա, ուրիշ ոչինչ:

Կուզենայի նաև ամառային մի օր գնալ քեզ հետ մենավոր մի հովիտ` անդադար ծիծաղելով ամենահասարակ բաների վրա, բացահայտելու անտառների, սպիտակ փողոցների, լքված իրերի գաղտնիքները: Կանգ առնել փայտե կամրջի վրա` նայելու հոսող ջրին, հեռագրասյուների միջից լսելու այն երկար ու անավարտ պատմությունը, որը գալիս է աշխարհի մի ծայրից, և Աստված գիտե, թե ուր կգնա: Եվ պոկել դաշտերի ծաղիկներն ու այստեղ` արևի լռության ներքո, զմայլվել երկնքի խորշերով, դեգերող սպիտակ ամպիկներով և լեռների գագաթներով:

Դու կասեիր. «Ինչ գեղեցիկ է: Եվ ուրիշ ոչինչ, որովհետև մենք երջանիկ կլինեինք, մեր մարմինների կորցրած կլինեին տարիների ծանրությունը, հոգիները թարմ դարձած կլինեին, կարծես թե նոր էին ծնվել:

Բայց դու, հիմա, որ մտածում եմ , շուրջդ կնայեիր առանց հասկանալու: Վախենում եմ, որ կանգ կառնեիր` մտահոգված նայելով քո գուլպային, ինձնից մեկ այլ ծխախոտ կխնդրեիր և անհամբեր կսպասեիր տուն վերադարձին: Եվ « ինչ գեղեցիկ է» ասելու փոխարեն, կասեիր ինչ-որ խղճուկ բաներ, որոնք անկարևոր են ինձ համար: Որովհետև ցավոք դու այդպիսինն ես: Եվ մենք մեկ ակնթարթ անգամ երջանիկ չէինք լինի:

Կուզենայի նաև, թույլ տուր ասեմ, քեզ հետ գգված անցնել քաղաքի մեծ փողոցներով նոյեմբերյան մի իրիկնալույսին, երբ երկինքը վճիտ բյուրեղ է: Երբ կյանքի ուրվականները վազում են գմբեթների վրայով և տագնապով լի փողոցների խոր վիհերում հպվում սև մարդկանց: Երբ երանելի տարիքների հուշերն ու նոր թովիչ մի երաժշտություն: Երեխաներին հատուկ անմեղ գոռոզությամբ կնայենք մեր կողքով գետի պես հոսող հազարավոր մարդկանց դեմքերին: Մենք, առանց գիտակցելու, ուրախության լույսեր կճառագենք, և բոլորը ստիպված կլինեն մեզ նայել, ոչ թե նախանձից կամ չարակամությունից դրդված, այլ թեթև ժպտալով, բարությամբ լի, երեկոյան այն փողոցում, որը մարդկային թուլություններն է բուժում: Բայց դու, շատ լավ եմ հասկանում, բյուրեղյա երկինքը և արեգակի կառուցած օդային սյունաշարը նայելու փոխարեն կուզենաս կանգ առնել` ցուցափեղկերը, ոսկիները, հարստությունները, մետաքսները և այլ ճղճիմ բաներ նայելու համար: Դու չէիր նկատի ուրվականներին, թափառող կանխազգացումները, ինձ նման չէիր զգա այդ հպարտությունը: Ոչ էլ կունկնդրեիր այդ մեղեդին, ոչ կհասկանայիր ինչու են մարդիկ մեզ այդպես բարի աչքերով նայում: Դու կմտածեիր քո խղճուկ վաղվա օրվա մասին:

Եվ ես կլինեի միայնակ:

Զուր է: Գուցե այս ամենը հիմարություններ են, և դու, կյանքից ոչ մի պատկերացում չունենալով, ինձնից ավելի լավն ես: Գուցե դու ես ճիշտ, և հիմարություն կլիներ փորձել: Այնուամենայնիվ մի բան գոնե պարզ է. ես կուզենայի քեզ կրկին տեսնել: Թող լինի այն, ինչ կլինի, մենք մի հնար կգտնենք իրար հետ լինելու և բերկրանալու: Լինի օր, թե գիշեր, կարևոր չէ, ամառ թե աշուն, անծանոթ մի երկրում, անշուք մի տանը, հասարակ մի հյուրանոցում: Բավական կլինի, որ դու իմ կողքին լինես: Խոստանում եմ, ես չեմ կանգնի այստեղ` լսելու տանիքի առեղծվածային ճռնչոցը, ոչ էլ կնայեմ թուխպերին, ոչ էլ ականջ կդնեմ երաժշտությանը և քամուն: Համբերությամբ կզինվեմ, եթե նույնիսկ չհասկանաս, այն ինչ քեզ ասում եմ, եթե խոսես ինձ համար խորթ բաներից, եթե բողոքես հին զգեստներից և փողից: Չեն լինի այսպես կոչված քնարերգությունը, համատեղ հույսերը, սիրո մտերիմմ ընկերուհին` թախիծը: Բայց չէ որ դու իմ կողքին կլինես: Եվ կտեսնես, մեզ կհաջողվի, լինել պարզապես բավականին երջանիկ, ինչպես տղամարդը կնոջ հետ, ինչպես սովորաբար պատահում է աշխարհի յուրաքանչյուր անկյունում:

Սակայն դու, հիմա եմ մտածում, շատ հեռու ես, դժվար հաղթահարելի հարյուրավոր կիլոմետրեր հեռավորության վրա: Դու մի կյանքի մեջ ես, որն ինձ անհայտ է, և այլ տղամարդիկ են քո կողքին, որոնց դու ժպտում ես հավանաբար, ինչպես և ինձ մի ժամանակ:

Շատ կարճ ժամանակ հարկ եղավ, որպեսզի դու ինձ մոռանայիր: Հավանաբար, անգամ անունս չես հիշում: Ես այլևս քո մտքում չկամ, տարալուծվել եմ անթիվ ստվերների մեջ: Չնայած ես միայն քո մասին մտածել գիտեմ, և ինձ դուր է գալիս այս ամենը քեզ ասելը:

«Sessanta Racconti» («Վաթսուն պատմվածք» ժողովածու) 1958

Իտալերենից թարգմանեց` Լուսինե Բլբուլյան-Շուքուրյանը

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *