Ռուզան Հովասափյան | Ուրիշ գնալու տեղ չունեմ

 

***
Եթե պիտի բաժանվենք,
Ինձ
Կյանք վերադարձրու–
Ես ուրիշ գնալու տեղ
Չունեմ…

 

***
Թռչուն դառնամ,
Հասնեմ ամենավերին կապույտները,
Թևերս մի հրեշտակի թողած՝
Ընկնեմ…

Մտնեմ ծովը,
Ամեն ինչ խոստովանեմ ձկներին,
Ու ձկները խոսեն…

 

***
Ես սովորել եմ ապրել
Առանց թևերի,
Ճիշտն ասած՝ չգիտեմ էլ
Նրանց տեղը–
Երևի իմ տան հնոտիների մեջ են:

Բայց եթե հանկարծ
Շեմիս հայտնվես,
Ես կմեռնեմ առանց թևերի…

 

***
Այս բանաստեղծությունը
Համարիր որպես
Ինքնասպանի գրություն–
Կախվելուց առաջ,
Խեղդվելուց առաջ,
Թույն խմելուց առաջ,
Երակները կտրելուց առաջ,
Բարձրությունից նետվելուց առաջ,
Քունքին կրակելուց առաջ…

Կամ
Քո գնալուց հետո:

 

***
Ես չգիտեմ՝
Մե՞ղք էր քեզ սիրելը,
Եթե սերս
Բարձրությունից նետվելուց առաջ
Ուզել է ինքնասպան լինել,
Ու
Պարզվել է՝
Թևե՜ր ունի…

 

***
Ամեն անգամ
Երբ դու կողքիս չես,
Եվ անձրև է գալիս,
Ինձ թվում է՝
Սկսվել է
Երկրորդ ջրհեղեղը…
Բայց պարզվում է՝
Առաջինն է ավարտվում:

Եվ ես
Աղավնի եմ ուղարկում
Քո հետևից:

 

***
Քեզնից առաջ էլ եմ ես
Բանաստեղծություններ գրել,
Երբ Ծիր Կաթինը
Ճերմակ թուղթ դարձած
Հսկայական ձնահյուսի պես
Պոկվում էր աստղերից,
Ընկնում ետևիցս
Ու
Ծածկում ինձ…

Հիմա այդպես չէ,
Բայց կուզենայի,
Որ այդպես լիներ–
Երբ գիշերս առանց քեզ եմ
Լուսացնում…

 

***
Փաստորեն դրախտը
Այն սենյակն էր փոքրիկ,
Որտեղ ամեն մի իր
Կամ ծաղիկ էր, կամ ծառ…
Լույսն էր առաստաղի
Հասած խնձորի պես
Մեր ստվերին քամվում,
Եվ մեզ համար մեկ էր,
Որ վտարվենք պիտի,
Որ դռան հետևում
Աշխարհն է մեզ սպասում –
Որովհետև մենք միշտ
Լուսամուտով էինք,
Մենք թևերով էինք
Մեր դրախտը լքում…

 

***
Որպես ճամփեքի պաղ երկաթգծեր–
Պարտված թևերս երկնքից ընկան,
Ու ես մեկնվել թևերիս միջև
Էլ չեմ կանչում քեզ, չեմ ասում` կգամ:

Հեռվից մի ծանոթ սուլոց է լսվում–
Կյանքն է սլանում` իր պեսին այցի,
Նա օրորում է տարիներն իմ սուտ
Եվ վրայովս ուր որ է կանցնի:

Եթե փրկեմ ինձ` վեր կենամ հանկարծ,
Կյանքը շուռ կգա արարքից իմ խև.–
Թեև դու ոչ մի վագոնում չկաս,
Բայց հասցրել ես վերջինից կախվել․․․

 

***
Առաջին անգամն է,
Որ սիրտս
Ցավից չեմ բռնել,
Այլ
Որ քո հետևից
Չթռչի…
Եվ ես երկու ձեռքով եմ
Բարձրացնում
Պատահական վայր ընկած
Իմ թաշկինակը…

 

***
Ասում էիր՝
Երկնքից ինձ համար
Աստղեր ես իջեցնելու,
Բայց այս ձյան ու անձրևի մասին
Լռում էիր…
Ես չգիտեի,
Որ մինչ աստղերը –
Սրտիս վրա պիտի ձնծաղիկներ
Բացվեն…

 

***
Այսօրվանից սկսվում է
Մեր սիրո քարե դարը,
Այսօրվանից
Իմ զգեստները,
Կոշիկները,
Հողաթափերը
Թռչուններն են հագնելու:
Այսօրվանից
Կամ՝ ուր որ է
Դու
Սեղմելու ես իմ դռան զանգը…

Եվ ես ուրորէ-ին
Հազարավոր տարիներ եմ
Սպասելու:

 

***
Միայն գարունը գիտեր,
Որ քեզ մոտ եմ գալիս–
Նա հետևու՜մ էր ինձ…

…Դու ինձ
Կարոտով գրկած
Տուն տարար՝
Դուռը ոտքով փակելով
Գարնան վրա:

Դրա համար էլ
Մենք ինչ անում էինք,
Գարունը
Խաբար էր տալիս
Աշխարհին…

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *