Արմեն Շեկոյան | Վագոնից թռչելու ժամանակը

Արմեն Շեկոյան

Լուսանկարը՝ Կարեն Անտաշյանի

Երբ մոմի գինն առաջին անգամ թանկացավ` քսանից դառնալով երեսուն դրամ, ես երկու մոմին հատկացվող իմ օրական քառասուն դրամը սկսեցի մուրացկանների ցելոֆանների, արկղիկների ու գլխարկների մեջ գցել. ավելի ճիշտ` ես ոչ թե քառասուն, այլ կլոր հիսուն դրամ էի գցում, ինչպես որ եկեղեցում ու մոմի դեպքում էի անում, մոմի հատկացնելիքը մուրացկաններին հատկացնելով` կամաց-կամաց սկսեցի տեսնել ու հասկանալ, որ մեր մայրաքաղաքում մուրացկաններն էնքան շատ են, որ հնարավոր չի մեկ առ մեկ բոլորին հանդիպել ու ճանաչել, և եթե դուք սկզբունքորեն եք որոշել նախկինում մոմի համար հատկացվող գումարը մուրացկաններին հատկացնել, էլի չեք հաջողացնի ձեր կարճատև կամ երկարատև կյանքում մուրացկաններից յուրաքանչյուրին վերաբերմունք ցույց տալ, որովհետև մեր մայրաքաղաքում մուրացկանները ոչ միայն շատ-շատ են, այլև նստոտում կամ կանգնում են մեր մայրաքաղաքի տարբեր ու գրեթե բոլոր թաղամասերում, որոնցից շատերում ձեզ երբևէ բախտ չի վիճակվելու լինել: Այսինքն, եթե դուք ընդհանրապես ձեր բանուգործը թողնեք և ընդհանրապես եկեղեցի չգնաք ու ընդհանրապես մոմ չվառեք, էլի, ուրեմն, չեք հասցնի ձեր կարճատև կամ երկարատև կյանքում ձեր ու բոլորիս մայրաքաղաք Երևանի բոլոր մուրացկաններին գոնե մի անգամ հանդիպել ու վերաբերմունք ցույց տալ: Իսկ եթե նրանցից մեկին որևէ անկյունում կամ որևէ մայթին հանդիպել ու վերաբերմունք եք ցույց տվել, երբեք չեք մոռանա նրան, որովհետև մուրացկաներն իրարից ավելի տարբեր են, քան սովորականներս` իրարից:
Մուրացկանությունը հիմնականում կապիտալիստական հասարակարգին բնորոշ երևույթ է և մեր մայրաքաղաքում լայն տարածում գտավ անկախության էս երկու տասնամյակներում, իսկ Սովետի օրոք մուրացկանությունը լայն տարածում չուներ ոչ միայն էն պատճառով, որ Սովետի օրոք մարդիկ հիմնականում աշխատանքով ու մինիմալ ապրուստով ապահովված էին, այլև էն պատճառով, որ սովետական քաղաքացին լեգալ ձևով մուրացկանություն անելու իրավունք չուներ և նրանցից ամենահամարձակներն էդ գործն անում էին անլեգալ, ճիշտ այնպես, ինչպես ոմանք Սովետի օրոք անլեգալ ղումար էին խաղում կամ քաղաքականությամբ էին զբաղվում, որովհետև էդ զբաղմունքներն էլ էին, փաստորեն, օրենքով արգելված:
Անկախությունից հետո, ինչպես քաղաքական գործիչները, մուրացկաններն էլ փոխվեցին. այսինքն՝ հիմա մեզանում մուրացկանությամբ զբաղվում են բնավ ոչ նրանք, ովքեր Սովետի օրոք էլ էին էդ գործով զբաղվում, և մեզանում էսօր քաղաքականությամբ զբաղվում են նրանք, ովքեր Սովետի օրոք միանգամայն այլ գործերով էին զբաղված, և քչերն են, որ և՛ Սովետի օրոք, և՛ մեր էս օրերում զբաղվում են մուրացկանությամբ կամ քաղաքականությամբ, այսինքն` դարակազմիկ իրադարձությունների բերումով իրենց զբաղմունքը չեն փոխել:
Էդ քչերից մեկը Պետոն է: Պետոյին ողջ Երևանն է ճանաչում, մանավանդ` իմ սերունդը, որովհետև մեր ջահելության տարիներին Պետոն Երևանում միակն էր, որ առավոտից իրիկուն զբաղված էր սրճարաններից, ռեստորաններից ու աղբամաններից շշեր հավաքելով ու խանութներին էդ շշերը հանձնելով: Պետոն էսօր էլ` հենց էս պահին էլ է էդ նույն գործն անում, բայց էդ մասին քչերը գիտեն, որովհետև էսօր շատերն են Պետոյի էդ գործն անում, և Պետոն հիմա ընդամենը էդ շատերից մեկն է ու էդ շատերի ֆոնին առանձնապես չի էլ նկատվում: Բայց էս պատմվածքը ոչ թե Պետոյի մասին է, այլ` ընդհանրապես մուրացկանների ու մուրացկանության մասին, և Պետոն ընդամենը նրանցից մեկն է, և Պետոյին առաջինը հիշեցի ընդամենն էն պատճառով, որ ինքն էս նորերի պես ժամանակների ու դեպքերի բերումով չի մուրացկան դառել, և նրա գործը մուրացկանություն անվանելն էլ է սխալ, որովհետև Պետոն ոչ թե մուրում, այլ, ընդհակառակը, վերցնում ու երբեմն նույնիսկ խլում է, և Սովետի օրոք, երբ ոչ թե մուրացկանությունն էր համատարած զբաղմունք, այլ` գարեջրախմությունն ու շամպայնախմությունը, Պետոն սրճարաններում, ռեստորաններում ու խինկալիանոցներում մոտենում էր սեղաններին ու հավաքում էր դատարկված շշերը և եթե շշերի տակը մի քանի կաթիլ մնացած էր լինում, Պետոն էդ մի քանի կաթիլը հաճույքով կում էր անում, ու երևի էդ պատճառով էր Պետոյի տրամադրությունը միշտ բարձր, և միշտ քթի տակ երգում, խնդմնդում կամ ինքն իր հետ խոսում էր, այսինքն` Պետոն միանգամայն գոհ էր իր ու մեր էս կյանքից, և Պետոյի ողբերգությունը ոչ թե էն էր, որ ինքն իր ու մեր էս կյանքում շիշ էր հավաքում, այլ էն, որ հազար ինը հարյուր ութսունչորսի մի անձրևոտ օր, երբ Պետոն իջել էր քաղաք` գործի, Աջափնյակի իր բնակելի նկուղի լուսամուտը ջարդել, ներս մտել ու Պետոյի դոշակի տակից տարել էին սովետական փողով շուրջ հինգ հազար ռուբլիները, որոնք Պետոն հավաքել էր շուրջ տասը տարի առավոտից իրիկուն շշեր հավաքելով, և չարաբաստիկ ու ողբերգական էդ դեպքի պատճառը, կարելի է ասել, ինքը Պետոն էր, որ աջուձախ հայտարարում էր, թե հինգ հազար արդեն հավաքած ունի ու էդ փողով նախ միսենյականոց նորմալ բնակարան է առնելու ու հետո անմիջապես ամուսնանալու է և ավելացած փողերն էլ մեղրամիսին կնոջ հետ Սոչիում են ծախսելու:
Չնայած բոլորը կարծում էին, թե էդ դեպքից հետո Պետոն հաստատ կխելագարվի, Պետոն դիմացավ ու չխելագարվեց, որովհետև, ըստ ամենայնի, էն գլխից էր խելագար, և Պետոն դիմացավ ու շարունակեց և էսօր էլ շարունակում է սրտով սիրած էդ գործը, բայց արդեն խրատվել է ու ոչ ոքի չի ասում` ինչքան փող ունի:
Ինչպես արդեն ասացի, ու երևի առանց իմ ասելու էլ գիտեիք, վերջին երկու տասնամյակների ընթացքում մեր քաղաքամոր մայթերն ու լանդշաֆտը լցվեցին մուրացկանների զանազան ու զարմանազան դեմքերով, ու էդ դեմքերն, ինչպես արդեն ասացի, իրարից շատ են տարբեր` երջանիկ, դժբախտ, թախծոտ, զվարթ, խոհուն, հիմարավուն, խելոք, ներհուն, բութ և այլն, և եղած ու ինձ հանդիպած էդ դեմքերից ամենաբութը, թերևս, Աշոտիկինն է, և թեպետ Աշոտիկ եմ ասում, ինքը հիսունն ահագին անց կլինի, և երբ իրենից անունը հարցրի, ինքը ոչ թե Աշոտ ասաց, այլ հենց` Աշոտիկ, իսկ անունը հարցրի էս պատմվածքի առիթով, և, բացառությամբ Պետոյի, մյուսների անուններն էլ եմ էս պատմվածքի առիթով հարցրել ու իմացել, որովհետև եթե հերոսիդ ու կերպարիդ անունը չես նշում, կերպարդ ոչ մի կերպ չի ամբողջականանում ու իրականանում: Ինչ վերաբերում է Աշոտիկին, ինքը տեղով կերպար է. նա իր մուրացկանությունը համեմում է ակորդեոն նվագելով և «Յասամանի ծառի տակ» երգը երգելով, և էս երգն Աշոտիկի իմացած միակ երգն է, իսկ եթե ճիշտը կուզեք իմանալ, Աշոտիկն էս երգի բառերն իսկի չգիտի էլ. ընդամենն էս երգի մի տողը գիտի` «Յասամանի ծառի տակ եկ նստենք սիրով» տողը և երգեցողության սկզբից մինչև վերջ էս մի տողն է ծամծմելով կրկնում ակորդեոնի տաժանակիր նվագակցությամբ, իսկ եթե ավելի ճիշտը կուզեք իմանալ, Աշոտիկը նորմալ նվագել չգիտի էլ. շարունակ միևնույն մի քանի ստեղներն է տկտկացնում, իսկ եթե ամենաճիշտն եք ուզում իմանալ, Աշոտիկի ակորդեոնով հնարավոր էլ չի նվագել, որովհետև իր ակորդեոնի ստեղներից ընդամենը չորսը թե հինգը գոյություն ունեն, և Աշոտիկը հիմնականում չի երգում ու չի նվագում, ավելի ճիշտ` նա նվագում ու երգում է բացառապես էն պահերին, երբ իր մոտով որևէ կլիենտ է անցնում, և հենց կլիենտը մոտենում է, Աշոտիկն իսկույն սկսում է.

Յասամանի ծառի տակ
Եկ նստենք սիրով,
Յասամանի ծառի տակ
Եկ նստենք սիրով…

Ու էդպես անվերջ, քանի դեռ փող տված անցորդը շատ չի հեռացել: Իսկ եթե անցորդը փող չի գցում ակորդեոնի պատյանի մեջ, Աշոտիկն անմիջապես դադարեցնում է իր նվագն ու իր երգը:
Մուրացկանները հիմնականում ու ընդհանուր առմամբ բաժանվում են երկու խմբի. մուրացկաններ, որոնք փող մուրալու դիմաց որևէ բան են անում` հիմնականում նվագում կամ երգում են, և մուրացկաններ, որոնք պարզապես մուրում են` որևէ բան չանելով: Էս երկրորդ խմբի ներկայացուցիչներին առաջին խմբի ներկայացուցիչները դառմայեդ են անվանում, ընդ որում` էդպես են անվանում չարությունից ու նախանձից, որովհետև սրանք ոչինչ չանելով` հավասար և երբեմն նույնիսկ ավելի լավ են վաստակում, որովհետև երբ մեր ներսում մեր խիղճն արթնանում ու հուշում է, որ տվյալ մուրացկանին փող տանք, մենք անմիջապես մեր կոպեկանոցներից մեկը հանում ու տալիս ենք տվյալ մուրացկանին, անկախ նրանից` տվյալ մուրացկանը երգում է, նվագում է, թե պարապ նստած կամ կանգնած է ու ոչինչ չի անում, և էս ոչինչ չանողների դեմ երգողներն ու նվագողները մշտապես են չարացած, որովհետև սրանք ոչինչ չանելով` մշտապես են երգողների ու նվագողների գործին խփում, և էս երկու խմբերի գործատեղերն էլ մշտապես նույնն են` մայրաքաղաքի մայթերն ու մետրոների վագոնները, և չնվագողներն ու չերգողները հիմնականում մետրոների վագոններում են գործ անում, և ամենահետաքրքիրը սրանց` մետրոյի վագոն մտնելու պահն է. մյուս ուղևորների հետ մտնում են վագոն, մի պահ սպասում են` մինչև մյուս ուղևորները տեղավորվեն, հետո, կենտրոնանալով, խոր շունչ են քաշում, ինչպես որ բռնցքամարտիկներն են խոր շունչ քաշում վճռական մենամարտից առաջ: Էս պահն ամենահետաքրքիրն Արեշի Ադելաիդայի մոտ է ստացվում. Ադելաիդան մետրոյի վագոն մտնելով, մեջտեղում դիմահայաց կանգնում, խոր շունչ է քաշում և անմիջապես, առանց ժամանակ կորցնելու, սկսում է, որովհետև մետրոյի մուրացկանի ժամանակն իսկապես փող է, և երկու ու երեք րոպեների ընթացքում ինչ հավաքեց` հավաքեց, հաջորդ կանգառում անպայման պիտի վագոնից դուրս թռչի, որպեսզի հասցնի տեղափոխվել մյուս վագոն: Ադելաիդան, ուրեմն, վագոն մտնելով ու ձիգ կանգնելով` նախ խոր շունչ է քաշում, այնուհետև, առանց ավելորդ ժամանակ կորցնելու, սկսում է իր երգը. «Հայոց երկնքով անցեք, հավքեր իմ սիրուն…»: Բայց դա առաջ էր` անկախության առաջին տարիներին, իսկ էս վերջին տարիներին Ադելաիդան հիմնականում իր սեփական բառերով է երգում, չնայած երաժշտությունը վերստին մեր ֆիդայական երգերինն է, և բառերն էլ տեղում` հենց ոտի վրա է հորինում` իմպրովիզացիայով, և ես Ադելաիդային մշտապես եմ փող տալիս` ոչ միայն էն պատճառով, որ իրեն փող տված օրերին գործերս հաջող ընթացք են ունենում, այլև էն պատճառով, որ իր էդ իմպրովիզացիաներից մշտապես օգտվել և իր էդ տողերը լիուլի լցրել եմ «Անտիպոեզիա» ու «Երևան հյուրանոց» գրքերիս մեջ. փաստորեն, իրենից ահագին բան եմ թռցրել և քանի որ Ադելաիդային միշտ եմ փող տալիս, իրար արդեն ճանաչում ենք ու իրար տեսնելիս երբեմն զրուցում ենք էլ` բնականաբար, ոչ թե վագոնում` աշխատանքի պահին, այլ կայարանում` վագոնին սպասելիս: Երբ նոր էր սկսել մուրացկանություն անել, ջահել ու սիրուն աղջիկ էր. էս վերջին տարիներին է մաշվել ու ատամնաթափ եղել: Երբ մի անգամ իր որպիսությունով հետաքրքրվեցի, ասաց. «Ծերը ծերին հասցնում եմ, ոչինչ, բայց որ կարենամ մի քիչ փող հետ քցեմ ու ատամներս սարքեմ, վայ թե ամուսնանամ էլ»: Մի ուրիշ անգամ ասաց. «Գործիցս դժգոհ չեմ. հացի ու մինչև անգամ շորի փող էլ ա դուս գալի, բայց հարևաններս առավոտից իրիկուն բամբասում են. մանավանդ մի հատ պուտանկա Սուսո կա` տրաքում ա, որ իմ հալալ քրտինքով իրանից շատ եմ առնում»:
Արդեն ձեզ համար էլ պարզ դարձավ, որ Ադելաիդան դառմայեդների ու ձրիակերների շարքին չի դասվում և մուրացկանության դիմաց ինչ-որ բան, այնուամենայնիվ, անում է:
Դառմայեդների շարքում չի կարելի դասել նաև Գիժ Ջուլոյին: Ջուլոն հիմնականում Աբովյան փողոցի մայթերին է գործ անում, երբեմն նաև` Արտգործնախարարության մայթին: Հենց տեսնում է, որ անցորդները շատանում են, ցելոֆանե տոպրակը դնում է գետնին, պառկում է ասֆալտին և սկսում է ճվճվալ ու ղժղժալ: Հիմնականում Ջուլոյին ճանաչողներն են նրան փող տալիս, որովհետև Ջուլոյին չճանաչողները ոչ մի կերպ չեն կարող գլխի ընկնել, որ Ջուլոն ասֆալտի վրա գալարվելով ու ղժղժալով` մուրացկանություն է անում:
Դառմայեդների շարքում չի կարելի դասել նաև Սուրբ Սարգսի Հռոզին: Հռոզը, ճիշտ է, առավոտից իրիկուն եկեղեցու պատի տակ կանգնած` պասիվ ու պարապ վիճակում է մուրում, բայց մշտապես ավլում ու մաքրում է եկեղեցու շրջակայքը, ու էդ է պատճառը, որ եկեղեցու սպասավորներն ու էդ տարածքի թաղայինը հանդուրժում են, որ Հռոզն էդ տարածքում ազատորեն մուրացկանություն անի: Ես հաճախ եմ Հռոզին փող տալիս, որովհետև հաճախ եմ Սուրբ Սարգիս մտնում, և, փաստորեն, նախկինում մոմի համար նախատեսվածը հիմա Հռոզին է բաժին հասնում: Սուրբ Սարգսից վերադառնալիս, երբ ակորդեոնի ձայն եմ լսում, անպայման իջնում եմ Ձկան խանութին հարող գետնուղին ու մի բան էլ Գագոյի ակորդեոնի կափարիչի մեջ եմ գցում, և Գագոյի ռաբիս ու զգայացունց կլկլոցն ստիպում է փողը տալուց հետո մի քանի պահ քարանալ ու լսել: Գագոն մեր մուրացկաններից ամենազիլ ձայնն ունի ու նաև ակորդեոն նվագելու հարցում է ամենաուժեղը:
Էդուարդին, իհարկե, չհաշված: Էդուարդը պրոֆեսիոնալ ակորդեոնիստ է` ոչ միայն էն իմաստով, որ էսօրվա դրությամբ` ակորդեոն նվագելով է հաց վաստակում, այլև էն իմաստով, որ ինքը նախկինում` Սովետի օրոք էլ էր իր ապրուստն ակորդեոնով վաստակում, ընդ որում` ոչ թե մայրաքաղաքի փողոցներում, այլ Հայֆիլհարմոնիայի մեծ ու փոքր դահլիճներում:
Երբ անկախության գործընթացը նոր-նոր էր սկսվել, Էդուարդը նվագում էր Երիտասարդական մետրոյին հարող մայթին` առավոտից մինչև իրիկվա վեցը, իսկ իրիկվա վեցից հետո տեղը մեծահոգաբար զիջում էր քյամանչիստ Վահան բիձուն, որի քյամանչայից անվերջ ծորացող միակ մեղեդին Շարժման շեփորի մեղեդին էր` «Ինչու է աղմկում գետը» կինոնկարի երաժշտությունը: Հիմա արդեն Երիտասարդականի մայթին երաժիշտ-կատարողներ չկան, ու երևի Վահան բիձեն էլ արդեն չկա, որովհետև տասնհինգ տարի առաջ արդեն ութսունն անց էր: Ինչ վերաբերում է Էդուարդին, նա վաղուց տեղափոխվել է մեծ Վերնիսաժի տարածք, և չնայած ծանոթներն ու մտերիմները նրան Էդո կամ Էդիկ են ասում, ես նրան հետևողականորեն Էդուարդ եմ անվանում, որովհետև մշտապես նրա ակորդեոնի կափարիչին փակցված աֆիշին հենց Էդուարդ է գրված` Засл. Артист Арм. ССР Эдуард Багдасарян:
Եթե աֆիշն էլ չլիներ, Էդուարդի պրոֆեսիոնալիզմին ոչ ոք չէր կասկածի, որովհետև նրա մակարդակի ակորդեոնիստ նույնիսկ հեռուստացույցով քչերը տեսած կլինեն: Ինչպես ֆուտբոլ խաղալիս Անդրեասյանը գնդակին չէր նայում, նվագելիս Էդուարդն էլ իր գործիքին բացարձակապես չի նայում, այլ միայն` իր ունկնդիրներին. նայում ու շարունակաբար ժպտում է փող տվողներին ու չտվողներին. տվողներին առանձնապես ու առանձնահատուկ է, իհարկե, ժպտում ու գլխով անում, և չնայած տվողները շատ են, չտվողներն էլ առանձնապես քիչ չեն, որովհետև Էդուարդի նվագի կողքով պարզապես անհնարին է անտարբեր անցնել ու առնվազն մի քանի րոպե կանգ չառնել, անկախ էն հանգամանքից` փող տվող ես, թե` չէ:
Ինչպես Ձկան խանութի գետնուղու Գագոյին, Էդուարդին նույնպես լեզուս չի բռնում մուրացկան անվանել, որովհետև երկուսն էլ, փաստորեն, ավելի շատ տալիս են, քան` առնում:
Մուրացկան դժվար է անվանել նաև կլարնետիստ Վարդանին: Վարդանը Գագոյից ու Էդուարդից պակաս հանդիսատես չի հավաքում, իսկ ինչ վերաբերում է վաստակած դրամին, հաստատ երկուսից էլ շատ է հավաքում, ընդ որում` շնորհիվ իր երեխաների, շնորհիվ իր տղայի ու մանավանդ իր աղջկա, որոնք մշտապես դհոլով նվագակցում են իրենց հորը: Իննսունականների սկզբներին, երբ մեծ Վերնիսաժի տարածքում սկսեցին իրենց հորը նվագակցել, ամենաշատը չորս ու հինգ տարեկան էին, և էն ժամանակ պատկերն ավելի քան զգայացունց էր` ոչ միայն էն պատճառով, որ դհոլչիները մի մատ երեխեք էին, այլև էն պատճառով, որ էն թվերին մեր աչքերը դեռևս վարժված չէին նմանատիպ տեսարանների: Հիմա Վարդանը սբ Աստվածածնի քարուքանդ տարածքում մեն-մենակ է իր կլարնետը քոքում, որովհետև աղջիկն ու տղան արդեն ուսանողներ են. տղայի մասին ընդամենը ենթադրում եմ, բայց աղջկա մասին հարյուր տոկոսով ասում եմ, որ Համալսարանի բանասիրականի երրորդ կուրսում է սովորում, որովհետև սրանից մի քանի ամիս առաջ, երբ վեպիս առաջին ու երկրորդ հատորները լույս էին տեսել, Դվոյան Սիրանուշն ինձ հրավիրեց իր կուրսի հետ հանդիպման, և ես անմիջապես համաձայնվեցի` Սիրանուշի հանդեպ հարգանքից ու համակրանքից դրդված, և երբ հանդիպումը սկսվեց, Սիրանուշն ինձ ներկայացնելուց հետո իր ուսանողներին ասաց, որ վեպիս երկու հատորների վերաբերյալ ինձ հարցեր տան, և առաջին ու չափազանց խելացի հարցը հենց դիմացս` առաջին շարքում նստած սիրունատես աղջիկը տվեց, և սիրունատեսն ակնհայտորեն Վարդանի աղջիկն էր, և ես նրան անմիջապես ճանաչեցի, և հիմա վերստին Վարդանի աղջկան հիշելով` շատ եմ ափսոսում, որ տղա երեխա չունեմ, այլապես, առանց երկար-բարակ մտածելու, Վարդանի դհոլչի ու բանասեր աղջկան հարս կուզեի, որովհետև չափազանց սիրուն է ու փոքրուց էլ հալալ աշխատանքի է սովոր:
Դժվարանում եմ մուրացկան անվանել նաև Ախալքալաքցի Սոսին, որը տարվա մեջ ընդամենը մի քանի անգամ է հայտնվում Կրիվոյի նորակառույց եկեղեցու ներքևի մայթին: Սոսը մշտապես կամուֆլյաժով է և, ըստ ամենայնի, ազատամարտիկ է, այսինքն` ակնհայտորեն էն մարդկանցից չի, որ ձևականորեն են կամուֆլյաժ հագնում: Հպարտ ու արժանապատիվ կեցվածք ունի, ինչպես նաև` թավ ու հզոր ձայն և իր քամանչային չտեսնված է տիրապետում ու բացառապես Ջիվանի է երգում, և ես Սոսին իմ դրամը տալով` երկար մնում եմ իր կողքին ու սպասում` մինչև Սոսը «Քանքարավոր ընկերը» երգի, և երբ Սոսի «Քանքարավոր ընկերը» սկսվում է, փողոցն ու մարդիկ, «Ռոսիան» ու եկեղեցին, Անդրանիկի կրկնակի ձիերով արձանն ու ամեն ինչ իմաստ ու գույն են ստանում:
Թավջութակահար Թադևոսյանին մոռացա: Նրան մոռացա երևի էն պատճառով, որ վերջին տարիներին ինչ-որ չի երևում: Չար լեզուներից որոշներն ասում են, որ շատ լուրջ հիվանդություն ունի, որոշներն էլ ասում են, որ Թադևոսյանը մուրացկանությամբ էնքան փող է կուտակել, որ այլևս մուրացկանություն անելու կարիք չունի, մանավանդ որ` ընտանիք էլ չունի, այսինքն` ինքն ու իր չոր գլուխն է: Բարի լեզուներն էլ ասում են, որ Արտգործնախարարության մայթին Թադևոսյանի նվագը լսելով` Ֆրանսիայի դեսպանատան կուլտուր-ատաշեն Թադևոսյանին հրավիրել է Փարիզի օպերայում նվագելու: Որոշներն էլ ասում են, որ, ճիշտ է, Թադևոսյանին Փարիզի օպերա հրավիրել են, բայց տարիքի պատճառով Փարիզի օպերայում աշխատանքի չեն ընդունել, և Թադևոսյանը հիմա Փարիզի փողոցներում ու հիմնականում Մոնմարտրում նվագելով է իր չոր գլուխը պահում: Թադևոսյանի գործը Երևանում էլ վատ չէր, և երբ Արտգործնախարարության մայթին էր նվագում, մշտապես Սուքիասյանների` Աբովյանի վրայի պիցցայանոցում էր պերերիվ անում: Հսկայամարմին ու հաղթանդամ էր և որոշ ժամանակ անց իր մեծ ու չոր գլխի ճերմակ մազերն ու մորուքը կարմիր ներկեց ու էդպես կարմրահեր ու կարմրամորուս առավել տպավորիչ էր` մանավանդ արտասահմանցիների համար: Ինչևէ. արդեն մի քանի տարի է` Թադևոսյանը Երևանի մայթերին չի հայտնվում, ու երևի էդ էր պատճառը, որ էս պատմության սկզբներում Թադևոսյանին հանիրավի մոռացա, այլապես չէի պնդի, թե մեր կատարող մուրացկաններից ամենապրոֆեսիոնալն ակորդեոնիստ Էդուարդն է: Եվ ընդհանրապես` պրոֆեսիոնալիզմի իմաստով մեր մուրացկան կատարողներին տված իմ գնահատականները միանգամայն հարաբերական են, քանի որ մեր մուրացկան կատարողները միանգամայն անհավասար պայմաններում են աշխատում ու կատարում, և եթե Էդուարդի կամ, ասենք, Թադևոսյանի երաժշտական գործիքները դեռևս նորմալ վիճակում են, Գերասի ակորդեոնը ոչ միայն նորմալ վիճակում չի, այլև նորմալ ակորդեոն էլ չի. էն մանկական` մեկուկես օկտավանոց ակորդեոններից է, և Գերասն իր էդ պստիկ գործիքից մի կերպ ու երեսի զոռով մի քանի եղանակ է դուրս բերում, ընդ որում` միանգամայն հաջող, և, ըստ երևույթին, գործիքի չափսերն ու հնարավորություններն են պատճառը, որ Գերասը հիմնականում մուլտֆիլմերից է եղանակներ նվագում, հիմնականում` Չեբուրաշկայի երգը, բայց, հակառակ իր ռեպերտուարի ու գործիքի, Գերասի կեցվածքը չափազանց հերոսական ու չափազանց վեհ է, և իր էդ կեցվածքն, ըստ երևույթին, ոչ թե իր էությունից է բխում, այլ նույնպես` իր գործիքի չափսերից, որովհետև էդ պստլիկ ակորդեոնը Գերասին ստիպում է մշտապես ձիգ ու դիք կանգնել Մանկական գեղագիտական կենտրոնի դիմաց` նախկին, ուրեմն, Սպանդարյանի շրջանի բանկի մայթին. մշտապես խրոխտ ու ձիգ կանգնած` ժպտալով նվագում ու նվագելով ինքնաբավ ժպտում է` ասես քսանվեց կոմիսարներից մեկնումեկը լինի: Ես Գերասին նաև Կամսարականին եմ նմանեցնում. եթե էս առթիվ թերթեք Մարտիրոս Սարյանի մեծ ալբոմը, պորտրետների բաժնում կտեսնեք «Կամսարականի դիմանկարը» կոչվող գործը և ուշադիր նայելուց հետո կարող եք համարել, որ հենց Գերասին եք տեսել` էնքան որ իրար նման են:
Էսքանով երևի սահմանափակենք կատարող մուրացկանների հետ մեր էս չափազանց թռուցիկ ու մակերեսային ծանոթությունը, մանավանդ որ, ինչպես հավանաբար կռահեցիք, սա ոչ թե մեր կատարող մուրացկանների մասին ամբողջական ու ամփոփ տեղեկագիր է, այլ ընդամենը` նրանցից մի քանիսի մասին չափազանց համառոտ մի շարադրանք, չնայած դուք էլ եք երևի հասկանում, որ արժեր նրանց մասին մի ամբողջ գիրք գրել, բայց էդ գիրքը, ցավոք սրտի, նույնպես վերջնական ու սպառիչ չի լինի, և եթե ամբողջ կյանքդ մուրացկաններին նվիրես ու մուրացկաններով զբաղվես, նրանցից շատերն էլի տեսադաշտիցդ դուրս կմնան` էնքան որ շատ են:
Էս շարադրանքիս մեջ ընդամենը նրանցից մի քանիսին հիշեցի ու անդրադարձա, մինչդեռ կարող էի անդրադառնալ նաև Յաշային, որը կիթառով ու Վիսոցկու ձայնով Վիսոցկու երգերն է երգում և արտաքինով էլ է Վիսոցկուն ահագին նման: Յաշան երեկոյան վեցից հետո` նույն էդ նախկին Սպանդարյանի շրջանի բանկի մայթին է երգում և, փաստորեն, Գերասի սմենչիկն է:
Գուգոյի մասին ոչ թե մոռացա, այլ իր մասին դժվար է էսպես թռուցիկ գրել. այսինքն, Գուգոյի մասին առանձին պիտի գրվի, որովհետև մուրացկան-կատարողներից Գուգոն ակնհայտորեն ամենաշատ հանդիսատեսն ունի: Ժամանակին բանտ է նստել, բանտում հիմնականում օրենքով գողերի համար է երգել, ընդ որում` ոչ միայն իր հորինած բառերով է երգում, այլև ամեն անգամ իր հորինած տեքստը փոփոխում ու թարմացնում է, և երբ իրիկուններն իր ակորդեոնով հայտնվում է կինո «Մոսկվայի» մայթին, ակնթարթորեն ահագին բազմություն է հավաքվում: Գուգոն մուրացկան-կատարողներից միակն է, որ սիդի է թողարկել, և իր սիդիի շապիկի վրա չափազանց խոշոր գլխատառերով գրված է` ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ ԿԵՂԾԵԼ:
Ես իմ էս պատմության մեջ բացառապես կատարող մուրացկաններին անդրադարձա, որովհետև երգող ու նվագող մուրացկանները ոչ միայն մեզանից են չափազանց տարբեր, այլև` իրարից: Ինչ վերաբերում է ոչինչ չկատարող մուրացկաններին, էս վերջիններս ոչ միայն իրար են նման, այլև մեզ` սովորական մահկանացուներիս: Տիկին Սոնիկին, իհարկե, չհաշված: Վերջինիս չար բախտն ամենուր իր հետ է, և երբ տիկին Սոնիկը մտնում է մետրոյի վագոն, ջահելները տեղներից վեր են թռչում` տեղները զիջելով ճերմակահեր ու սևազգեստ Սոնիկին, և տիկին Սոնիկը, փոխանակ փող մուրալու, ճարահատյալ ու ամոթահար նստում է, բայց հաջորդ իսկ կանգառում վագոնից դուրս է թռչում, որպեսզի հաջորդ վագոնում բախտը փորձի:
«Բայց դու էս նեղ օրերում որտեղից ես փող ճարում, որ մի բան էլ մուրացկաններին ես բաժին հանում»,-անկասկած կհարցնեք ինձ: Կպատասխանեմ ու ինքս ինձ կրկնելով կասեմ, որ ես մուրացկաններին տալիս եմ էնքան, ինչքան որ նախկինում մոմի էի տալիս: «Հասկացանք, որ մոմի էիր տալիս, բայց ո՞նց ու ի՞նչ ճանապարհով ես ձեռք բերում էդ, փաստորեն, ավելորդ փողը»,– կհարցնեք դուք: Կպատասխանեմ ու կասեմ. «Մուրացկանությամբ»:
Բայց դա միանգամայն այլ թեմա է:

Share Button

Նշանաբառ՝

1 Կարծիք

  • Արմեն says:

    Դեռևս սեպագիր արձանագրության ժամանակներից բոլոր թեմաների մասին գրել են, վստահաբար: Խնդիրն այն է, թե ինչպե՞ս գրել արդեն ասվածի մասին: Գրաթեմայի առարկաներից մեկն էլ հենց մուրացկանության երևույթն ու կենսակերպ դարձած չարիքն է: Դե, պարզ է, որ Շեկոյանն է, ուրեմն մեկ շնչով էի կարդալու: Իր գրածներից «Առավոտում» մի քանի բան էի գտել ու ինձ համար առանձնացրել, որոնցից սա գրեմ ու ավարտեմ. «Կարմիր կովը կաշին փոխում է երեքսենյականոց բնակարանի հետ՝ ցանկալի է՝ քաղաքի կենտրոնում»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *