Գևորգ Էմին-Տերյան |Վահան Տերյան.Անտիպ և անհայտ էջեր

Վահան Տերյան

Վահան Տերյանի դիմումհայտարարությունը՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ

Գրականության և արվեստի թանգարանում պահվող, գրականագետ Գուրգեն Հովնանի չարխիվացված ֆոնդում այս տարի պատահաբար հայտնաբերվեց մի բացառիկ փաստաթուղթ, որը, ըստ էության, վերջակետ է դնում Վահան Տերյանի հանդեպ բոլշևիկյան հետապնդումների վերաբերյալ ենթադրություններին: Խոսքը վերաբերում է մեքենագիր, սակայն տեքստում Տերյանի ձեռագրով արված ուղղումներով ու լրացումներով մի փաստաթղթի ֆոտոպատճենին, որով Վահան Տերյանը դուրս է գալիս 1918 թ. ստեղծված Հայաստանի կոմունիստական կուսակցությունից: Այն, որ փաստաթղթի ֆոտոպատճենը եղել է Ակադեմիայի գրականության ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցրած գրականագետի արխիվում, հստակորեն ապացուցում է, որ Վահան Տերյանի և կոմունիստական վերնախավի բախման մասին խորհրդային տարիներին հայտնի է եղել որոշակի նեղ շրջանակներին, սակայն այն խնամքով թաքցվել է:

Վահան Տերյանն իր գրածը վերնագրել է որպես «Заявление», որը հայերեն կարելի է թարգմանել և՛ որպես դիմում, և՛ որպես հայտարարություն: Քանի որ մի կողմից իր կառուցվածքային-ոճական իմաստով նշված գրվածքը նախ և առաջ քաղաքական հայտարարության է նման, և տեքստը սկսվում է «հայտարարում եմ» ձևակերպմամբ, իսկ մյուս կողմից՝ այդուհանդերձ, փաստաթղթի նպատակը Տերյանի կուսակցական պատկանելության դադարեցումն է, այն կարելի է բնորոշել որպես դիմում-հայտարարություն:

Վահան ՏերյանԲովանդակային առումով հինգ կետից և ծավալային առումով վեց էջից բաղկացած այս փաստաթղթում Վահան Տերյանն ընդհանուր գծերով նկարագրում է իր հանդեպ եղած հետապնդումներն ու խարդավանքները, ինչպես նաև իր համար ստեղծված իրավիճակի անելանելիությունը: Եթե ասվածին հավելենք փաստաթղթի գրության ամսաթիվը՝ 1919 թ. մայիսի 22-23, ինչպես նաև փաստաթղթի բովանդակությունը համադրենք պահպանված և խորհրդային գրաքննության մամլիչով անցած հուշերի փշրանքներին, ապա ըստ էության, գոնե ընդհանուր ուրվագծմամբ պարզ է դառնում Վահան Տերյանի կյանքի վերջին ու ամենածանր շրջանի տրամաբանական շղթան: Հատկանշական է, որ խորհրդային տերյանագիտությունը՝ ի դեմս Մակինցյանի, Ալիխանյանի, Պարտիզունու և մնացած կենսագիրների, «սահուն» շրջանցել է պոետի կյանքի վերջին տարվա՝ 1919 թ. թնջուկը՝ միայն ընդհանուր ինչ-որ գնահատականներ ու կեղծիքներ ներկայացնելով:

Դիմում-հայտարարության ընդհանուր ոգուց պարզ է դառնում, որ այն գրելիս Վահան Տերյանն ինչ-որ հույսեր է ունեցել՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության վերնախավի հետ, և ըստ էության, նա չի այրում բոլշևիկյան իշխանության հետ վերջին կամուրջները, ու հենց դա է պատճառը, որ թեև Տերյանը գրում է, որ ՌԿԿ կենտկոմը որոշում է ընդունել իրեն ռազմաճակատ ուղարկելու մասին, այդուհանդերձ, ինքը շարունակում է մնալ ՌԿԿ անդամ: Դա է պատճառը, որ դիմում-հայտարարության մեջ Տերյանն օգտագործում է բոլշևիկյան այն ժամանակվա բառապաշարին բնորոշ ոճավորում (ժողովրդական զանգվածներ և այլ ձևակերպումներ)՝ այն բնականաբար զուգադրելով անհատական, նույնիսկ պոետիկ որոշ ձևակերպումներով, օրինակ՝ կետ առ կետ թվարկելով, թե ինչու է այլևս անհնարին իր անդամակցությունը Հայաստանի կոմունիստական կուսակցությանը և նրա կենտրոնական կոմիտեին, բոլոր կետերի վերջում Տերյանն օգտագործում է նույն նախադասությունը՝ «… меняет положение и условия, при которых я считал для себя возможным вхождение в КПА и в состав ЦК этой Партии»[1]:

Վահան Տերյանն իր դիմում-հայտարարությունը սկսում է ամենակարևորից. նախ հայտարարում է, որ դուրս է գալիս ՀԿԿ-ից և նրա կենտկոմից, ապա նշում դրդապատճառները, որոնք, ըստ Տերյանի թվագրության, հինգն են.

«Я был приглашен в состав ЦК Комм. Партии Армении вместе с рядом товарищей из РКП, которые, обладая более или менее достаточной теоретической подготовкой и практическим опытом, а также, пользуясь некоторым доверием масс и товарищей армян из РКП, могли бы вместе с приглашавшими их бывшими членами ЦК Партии составить тот временный организационный Центральный аппарат, который руководил бы деятельностью вновь организуемой Партии, по известным тактическим соображениям, призванной к жизни с согласия РКП»[2]:

Կուսակցությունից և նրա կենտկոմից դուրս գալու իր որոշման առաջին կետում Վ. Տերյանն անդրադառնում է ընդհանրապես Հայաստանի կոմունիստական կուսակցության լեգիտիմությանը՝ նշելով, որ կուսակցությունը և նրա ղեկավարությունը վերաձևավորվել են լեգիտիմության պակասի պատճառով: Նշենք, որ 1918 թվականին Թիֆլիսում Գուրգեն Հայկունու հիմնադրած այս կուսակցությունը նրա հիմնադրի՝ Հայկունու հետ «տեղափոխվեց» Մոսկվա և վերակազմավորվեց Ռուսաստանի կոմունիստական կուսակցությանն անդամակցող հայ գործիչներով, որոնցից, բնականաբար, ամենից մեծ ժողովրդականություն ունեցողը հենց Վահան Տերյանն էր: Պոետն իր հայտարարության մեջ գրում է, որ ՀԿԿ-ի հին անդամները կուսակցության ղեկավարության կազմում մնացել են որպես բացառություն, քանի որ բոլորի համար ակնհայտ էր, որ հին անդամները չունեին որևէ աջակցություն հայ ժողովրդի շրջանում:

«Ввиду этого, определенно, предполагалось, что все приглашаемые в состав ЦК товарищи либо всецело посвятят себя работе в Партии, либо, по меньшей мере, будут нести активную ответственную работу по делу организации Партии и временного руководительства её деятельностью до создания правильно избранного, подлинного, правомочного Нового Центрального Органа»[3]:

Սակայն ինչ-ինչ պատճառներով նոր անդամներն ակտիվորեն չեն մասնակցում կուսակցության գործունեությանը, ինչի արդյունքում ստացվում է, որ քաղաքական այդ մարմնի ղեկավարումը շարունակում է իրականացվել հին, ասել է թե՝ լեգիտիմություն չունեցող անդամների կողմից:

«Поэтому в руководящем Органе Партии опять сидят почти только те лица, которые приглашая вышеупомянутых товарищей в состав ЦК, казалось, сами признавались в том, что они неспособны без помощи приглашаемых товарищей руководить Партией»[4]:

Գուրգեն Հայկունու փաստացի ղեկավարությամբ գործող կուսակցությունից դուրս գալու որոշման երկրորդ պատճառը ևս, ըստ Վ. Տերյանի, լեգիտիմության բացակայությունն է. պոետը նշում է, որ կուսակցության վերակազմավորման հենց սկզբից բոլորի համար ակնհայտ էր համաժողով հրավիրելու անհրաժեշտությունը, սակայն ստեղծվել է մի իրավիճակ, երբ դա նույնիսկ չի էլ քննարկվում.

«Давая свое согласие на вступление в число ответственных работников ЦККП Армении, я, как и другие приглашенные товарищи ясно сознавали всю шаткость положения органа, сконструированного таким образом. Поэтому, входя в Партию и в состав этого Ц. Органа, мы были твердо убеждены, что такое положение вещей не может длиться долго, что необходимо как можно скорей выйти из этого двусмысленного положения, для чего считали необходимейшей и первейшей задачей Ц. Органа скорейшее создание более или менее правильно организованного Центра, пользующегося безусловным доверием хотя бы тех товарищей коммунистов Армении и армян членов РКП, которые находятся в данный момент в пределах Советской России, Центра, пользующегося хотя бы минимальным необходимым моральным весом и авторитетом среди масс Армении»[5]:

ՀԿԿ-ի լեգիտիմության բացակայության մասին բարձրաձայնելով՝ Վահան Տերյանը ոչ միայն քաղաքականապես ոչնչացնում էր Հայկունի քաղաքական գործչին[6], այլև անուղղակիորեն նաև հարվածում էր հեղափոխության առաջնորդին՝ Վ. Լենինին, քանի որ հենց վերջինիս հրավերով ու թույլտվությամբ էր Տերյանի հայտարարությունից երկու ամիս առաջ՝ 1919 թ. մարտին, Գ. Հայկունին՝ որպես Հայաստանը ներկայացնող կոմունիստ և ՀԿԿ-ի ղեկավար, մասնակցել և ստորագրել այսպես կոչված Երրորդ ինտերնացիոնալը կամ Առաջին կոմինտերնը: Հատկանշական է այն փաստը, որ Երկրորդ կոմինտերնին Հայկունին այլևս չմասնակցեց:

Վահան Տերյանը գրում է, որ թեև վերջին շրջանում աննշան քայլեր նախաձեռնվել են կուսակցության համաժողով հրավիրելու ուղղությամբ, այդուհանդերձ, դրանք չափազանց անբավարար են շոշափելի արդյունք ապահովելու համար:

«И, таким образом, едва ли, возможно надеяться на осуществление созыва Конференции и избрание более или менее правомочного и авторитетного Центра, каковой только и может организовать Партию, опирающуюся на сочувствие широких масс»[7]:

Վահան Տերյանի դիմում-հայտարարության հաջորդ կետերն արդեն վերաբերում են իր դեմ սանձազերծված հալածանքներին, որոնցից հիմնականն այն պատմությունն է, թե ինչպես են իրեն հեռացրել Հայկական գործերի կոմիսարիատի ղեկավարի տեղակալի պաշտոնից: Տերյանը գրում է, որ ՀԿԿ կենտկոմը գաղտնի նիստեր է հրավիրել, իսկ իրեն՝ որպես նույն կառույցի անդամի չեն տեղեկացրել այդ մասին:

«Как выяснилось на одной из последних заседаний ЦК, упомянутая группа товарищей из ЦК имела «свои» заседания, на которых я не был приглашен и на которых, как выяснилось, был принят ряд важнейших постановлений о распределении работы как вообще среди этих товарищей, так и в частности относительно работы в Армянском Комиссариате, где я состоял Заместителем Комиссара»[8]:

Տերյանը գրում է, որ այն ժամանակահատվածում, երբ ինքը՝ որպես կոմիսարի տեղակալ, գտնվում էր արձակուրդում, ՀԿԿ կենտկոմը որոշում է կայացրել կոմիսարի տեղակալի պաշտոնին առաջադրել Գուրգեն Հայկունուն: Ընդ որում, շարունակում է Տերյանը, իրեն չի ներկայացվել ոչ մի պատճառ՝ նման որոշման ընդունման համար:

Հայտնի է, որ 1919 թ. Վահան Տերյանը մի կարճ ժամանակահատված բուժվել է մերձմոսկովյան Սոկոլնիկի արվարձանում գտնվող Չետվերիկովայի առողջարան-հիվանդանոցում: Ահա թե ինչ է գրում այդ մասին Պողոս Մակինցյանը.

«1919 թվի ամառը մի քանի ընկերների ճնշման ներքո նա մտնում է Սոկոլնիկի գտնվող մի բուժարան: Այն ժամանակ շատ նեղ ու սուղ էին պարենավորման պայմանները անգամ հիվանդների համար: Չի կարելի ասել, թե բուժարանը բավարարում էր բժշկական բոլոր պահանջներին: Սակայն բուժարանում անհամեմատ ավելի նպաստավոր պայմաններ էին, քան դրսում:

Տերյանը, սակայն, ծայր աստիճան կապրիզ բնավորություն ուներ: Եվ այդ կապրիզությունն ավելի ևս սրվել էր հիվանդության շնորհիվ: Մենակությունն ու անգործությունը նա չէր կարողանում տանել, և հազիվ մի քանի շաբաթ բուժարանում ապրելուց հետո մի գեղեցիկ օր մենք զարմանքով նրան տեսանք նախկին Մետրոպոլ հյուրանոցում, որտեղ նա վերջին տարիներին ապրում էր:

Ոչինչ թախանձանք ու ճնշում չօգնեցին: Նա պնդում էր, որ կարող է քաղաքում էլ խնամել իրեն և մտադիր էր անցնել հարավ:

Հյուսիսային Կովկասից վերադառնալուց հետո, պահ մի ազատ լինելով գործերից, ապա բուժարանի և հետագա Մոսկվայի արձակուրդային օրերի միջոցին, առաջին անգամ Տերյանը հեղափոխության ընթացքում նորից քրքրում է իր ձեռագիրները, արտագրում է այն կտորները, որ ավարտած էր համարում, կարգի է բերում ու նախապատրաստում պոեզների երկրորդ հատորը և այդ զբաղմունքների միջոցին երբեմն գրելու նոր փորձեր անում: Դարձյալ ու կրկին  վերադառնում էր նա մահվան մտքին և քանի գնում, այնքան ֆատալիստորեն էր նայում իր վիճակին ու վախճանին.

Նիշված է բախտս վերուստ

Եվ չկա փրկության դուռ:

Սա պոետի հիմնական զգացողությունն է մահվան դիմաց, որ սակայն չի զրկում նրան խորհել և աշխատել նաև այլ ուղղությամբ: Այդ շրջանում նա նորանոր ոճավորումների փորձեր է անում, սևագրություններ է անում քաղաքացիական մոտիվների՝ որոնելով հատուկ ձև և այլն, և այլն»[9]:

Պողոս Մակինցյանը, ով ականատեսն է եղել վերոհիշյալ դեպքերի, նաև Վահան Տերյանի կյանքի այս շրջանի առաջին կեղծարարն է, սակայն նրա գնահատականների և Տերյանի դիմում-հայտարարության համադրությունը պարզում է իրականությունը:  «1919 թվի ամառը մի քանի ընկերների ճնշման ներքո նա մտնում է Սոկոլնիկի գտնվող մի բուժարան»,- գրում է Մակինցյանը: Քանի որ Տերյանի հայտարարությունը թվագրված է 1919 թ. մայիսի 22-23-ով, իսկ Մակինցյանը գրում է, որ Տերյանն անակնկալ մի քանի շաբաթից վերադարձավ, ապա պարզ է դառնում, որ Տերյանը բուժարան է մեկնել ոչ թե ամռանը, ինչպես գրում է Մակինցյանը և հետագա տերյանագետները, այլ մայիսի սկզբին: Բայց Մակինցյանի գրածում առավել ուշագրավը «մի քանի ընկերների ճնշման ներքո» ձևակերպումն է, ինչը նշանակում է, որ հենց ինքը՝ Մակինցյանը, մասնակից է եղել Տերյանի դեմ դավադրությանը: Ստացվում է, որ մինչ Տերյանի «ընկերները» համոզել էին նրան հիվանդանոցային բուժում ստանալ, նրա քաղաքական հակառակորդներն իրականացնում են հիմնական դավը՝ վճիռը քաղաքական պաշտոնից հեռացնելու վերաբերյալ:

Ռուբեն Դարբինյանի հուշը նույնպես վերաբերում է 1919 թ. այս շրջանին, երբ նորանշանակ Գուրգեն Հայկունին հրաժարվում է կատարված աշխատանքի դիմաց Ռ. Դարբինյանին վճարելուց, վերջինս որոշում է նորից դիմել Տերյանին.

«Որոշեցի խոսիլ Վ. Տերյանի հետ՝ անոր խորհուրդն ու աջակցությունը խնդրելու համար: Սակայն անոր պատասխանն ալ քաջալերական չէր:

– Դժբախտաբար,- ըսավ ան,- այժմ ես անզոր եմ քեզ օգնել, թեև ընդունում եմ, որ քո պահանջը կատարելապես արդար է և որ քեզ հետ վարվում են սրիկայաբար: Դու, իհարկե, որևէ մեղք չունես այս գործի մեջ: Բայց պետք է գիտենաս, որ դու զոհ ես միայն իմ, Պողոսի (Մակինցյան) և Աշոտի (Հովհաննիսյան) դեմ մղվող կուսակցական ներքին պայքարին: Մեր հակառակորդները, որոնց գլուխն են կանգնած Հայկունին և Կարինյանը, ձգտում են բոլորովին չեզոքացնել մեզ՝ մեր դիրքերը գրավելու համար: Իսկ մեզ վարկաբեկելու լավագույն միջոցը դու ես: Նրանք ասում են, թե փոխանակ քեզ բանտարկել և գնդակահարել տալու, մենք քեզ հովանավորել ենք, քեզ համար գործ ենք ստեղծել և առատ վարձատրություն ենք արել: Մինչդեռ քեզանից շատ ավելի անվնաս անձեր, ինչպիսիք են բժ. Զավրիյանը և Լ. Նազարյանցը, բանտարկել ենք տված: Մենք չենք կարող այժմ պաշտպանել քեզ, որովհետև դու շարունակում ես չծածկել քո հակահեղափոխական մտքերը: Եթե քեզ պաշտպանենք, մենք կկորցնենք մեր դիրքերը: Հիվանդությանս պատճառով միայն ես մի ամսով արձակուրդ եմ վերցրել, և ինձ փոխարինում է Հայկունին: Բայց ես տեղի չեմ տվել և չպիտի տամ: Ոչ թե դու, այլ քեզ պես տասնյակներ էլ լինեին, ես պիտի զոհեի՝ իմ հակառակորդների դավը ձախողեցնելու համար: Ների՛ր, որ այսքան ցինիկ անկեղծությամբ եմ խոսում քեզ հետ: Հասկացիր և ների՛ր»[10]:

Թեև ակնհայտ է, որ դաշնակցական կարկառուն գործիչը Տերյանի հանդեպ ունի որոշակի կանխակալ վերաբերմունք, այդուհանդերձ, և՛ այս հուշից, և՛ Տերյանի գրած հայտարարության շարունակությունից տեսնում ենք, որ Մակինցյանը ևս առաջին հայացքից որոշակի հետապնդումների է ենթարկվել, սակայն այն, որ Սոկոլնիկիի բուժարան մեկնելը Մակինցյանը ներկայացնում է որպես «ընկերների ճնշման» արդյունք, ցույց է տալիս, որ իրականում Պողոս Մակինցյանը գործել է ընդդեմ Վահան Տերյանի՝ նպաստելով վերջինիս դեմ կազմակերպված դավադրության իրագործմանը: Այս համատեքստում լիովին տրամաբանական է դառնում Մակինցյանի ընդգծված վատ վերաբերմունքը Տերյանի կնոջ՝ Անահիտ Տերյանի հանդեպ (զենքի սպառնալիքով արխիվի հափշտակությունը, գրվածքներում անտեսումը և որպես պարզապես ուղեկցուհի, այլ ոչ թե որպես ամուսին ներկայացնելը, և այլն), քանի որ վերջինս տեղյակ էր այդ «ուրացմանը»:

Հատկանշական է, որ Սոկոլնիկիի բուժարանում Վահան Տերյանը սկսում է ամբողջացնել իր գրական ժառանգությունը՝ արտագրելով ու խմբագրելով նախկինում գրված բանաստեղծությունները. պոետը զգում էր վերահաս վախճանը, որը պայմանավորված էր ոչ միայն թոքախտով, այլև բոլշևիկյան խարդավանքներով:

Հետաքրքիր մի փաստ ևս կա, որը հետևողականորեն շրջանցել են այն գրականագետները, ովքեր պնդում էին, թե այս շրջանում ևս Վահան Տերյանը ոգևորված էր Հոկտեմբերյան հեղափոխությամբ: Դա «Օ՜ կըգան օրեր ավելի տըրտում» տրիոլետն է, որը պոետը գրել է հենց Սոկոլնիկիում.

Օ՜, կըգան օրեր ավելի տրտում

Ու դժնի, դժնի, առավել դժնի.

Կըդառնա հանկարծ բոլորն ապարդյուն,

Օ՜, կըգան օրեր ավելի տրտում:

Կըլռե տրտունջ անամոք սրտում,

Եվ փոշու նըման ձանձրույթը կիջնի…

Օ՜, կըգան օրեր ավելի տրտում

Եվ դժնի, դժնի, առավել դժնի…

Տերյանի հայտարարությունից պարզ է դառնում, որ նրա դեմ եղած դավադրությունը չի սահմանափակվել միայն պաշտոնազրկությամբ.

«А когда срок моего отпуска истек, т. н. ЦК в отсутствии тех товарищей, которые вместе со мной были приглашены в состав ЦК, провели постановление об отправлении меня в Крым, куда я при других условиях, конечно, поехал бы с радостью, но при создавшихся условиях считал для себя принципиально невозможным принять подобное предложение, цель которого была ясна»[11]:

Ահա այստեղ ի հայտ է գալիս հիմնական ինտրիգը. պարզվում է՝ մինչ թոքախտավոր Տերյանին Ղրիմ ուղարկելու որոշումը, որը Տերյանն առանց անունը որոշակիացնելու ակնարկում է, թե կայացվել է ինչ-որ մեկի հանձնարարությամբ, Ռուսաստանի կոմկուսի կենտկոմը հատուկ որոշում է ընդունած եղել, ըստ որի՝ Վահան Տերյանը պետք է անհապաղ մեկներ ռազմաճակատ.

«О своем нежелании при этих условиях ехать в Крым было мной заявлено на заседании ЦК, однако, несмотря на это, после выяснения подобного постановления против моей воли, тов. Айкуни, не знаю по чьему поручению, и, во всяком случае, без моего ведома, и вопреки моему заявлению доложил о моей командировке в Крым тов. Аванесову, который, по словам тов. Айкуни, в свою очередь, опять таки без моего ведома и согласия на то, сообщил о моей «поездке» в Крым в ЦК РКП и просил отменить ранее сделанное постановление ЦК РКП об отправке меня на фронт»[12]:

Սա հստակորեն ապացուցում է, որ կոմունիստական վերնախավի համար Վահան Տերյանը դարձել էր մի իսկական գլխացավանք, որից ազատվելու համար համառուսական հեղափոխական գլխավոր մարմինը հատուկ որոշում էր կայացրել: Ռուբեն Դարբինյանի հուշի արդեն մեջբերված հատվածից երևում էր, որ ռուսական կառավարության քարտուղար, հայկական գործերով կոմիսար Ավանեսովը մեկ անգամ արդեն սպառնացել էր Տերյանին ձերբակալությամբ, եթե վերջինս չհայտներ իրեն, թե ինչպես է բանտի պատերից դուրս եկել բժիշկ Զավրիևին գնդակահարելու որոշումը: Սակայն վստահ կարելի է պնդել, որ դեռևս անհայտ է մնում Տերյանին նման բարձր մակարդակով հետապնդումների ենթարկելու իրական պատճառը, թեև կարելի է ենթադրել, որ Տերյանը ամենաբուռն կերպով կարձագանքեր թերևս միայն Հայաստանի ճակատագրին վերաբերող հարցերին, իսկ 1919 թ. մայիսին, ինչպես հայտնի է, սկզբնավորվեց բոլշևիկյան իշխանության հարաբերությունը Թուրքիայում դեռևս իշխանության ձգտող Քեմալ Աթաթուրքի հետ:

Տերյանը մասնավորեցնում է, թե ինչպես է իմացել իրեն ռազմաճակատ ուղարկելու որոշման մասին.

«…о постановлении ЦК РКП об отправке меня на фронт мне официально не сообщено ничего и об этом мне известно лишь из частных бесед с тов. Аванесовым, которому хорошо известно состояние моего здоровья»[13]:

Սրանից Տերյանը բարոյական եզրակացություն է անում. «ընկերական» նման մթնոլորտում, որտեղ թույլատրելի են այսպիսի քայլեր և հարաբերություններ, անհնար է հետագա աշխատանքը:

Վ. Տերյանի հաջորդ՝ չորրորդ կետը, ըստ որի՝ ինքը պետք է դուրս գա ՀԿԿ-ից, վերաբերում է բուն կոմիսարիատի աշխատանքին.

«Войдя в Комиссариат, упомянутые товарищи начали преследование против тех товарищей, которые были им неугодны, по тем или иным причинам, носящим очевидно личный характер»[14]:

«Նոր ընկերները» սկսում են հետևողականորեն փոշիացնել այն, ինչը նախորդ տարվա՝ 1918 թ. ընթացքում փորձել էր հիմնել Վահան Տերյանը: Առաջին հարվածը հասցվում է Լազարյան ինստիտուտին, որը նախկին Լազարյան ճեմարանի հիմքի վրա ստեղծված երկմակարդակ՝ միջին և բարձրագույն կրթություն ապահովող և հայագետներ պատրաստող կենտրոն պետք է դառնար՝ հայկական համալսարանի մի նախատիպ՝ Հայկական ինստիտուտ անվամբ, որտեղ դասավանդելու և նորաստեղծ համալսարանը ղեկավարելու համար Վահան Տերյանը Մոսկվա էր հրավիրել Ն. Մառին, Ն. Ադոնցին, Հ. Օրբելիին, Կ. Կոստանյանին, Լ. Մսերյանին և այլոց: Տերյանը նշում է, որ ուսումնական նոր կենտրոնը «անկասկած կբարձրացներ հայ զանգվածների մեջ կոմունիստների հեղինակությունը և հմայքը», սակայն Հայկական գործերի կոմիսարիատի նոր աշխատակիցները ստուգումներ են սկսում ինստիտուտում և ոչ մի չարաշահում չհայտնաբերելով՝ փոխում են ինստիտուտի պատասխանատուներին՝ նշանակելով մարդկանց, ովքեր, Տերյանի խոսքով, նույնիսկ ռուսերեն չգիտեն: Սակայն ի վերջո, ընդունվում է ինստիտուտի վերջնական ոչնչացման որոշում.

«Учение в Институте было прекращено и принято решение отправить учеников в Астрахань, где царит голод и свирепствует тиф»[15]:

Վահան Տերյանը Հայկական ինստիտուտի կազմալուծման առաջին հետևանքը ևս համարում է բոլշևիկների հեղինակազրկումը հայ ժողովրդի աչքում. ըստ երևույթին, պոետը փորձում էր ամեն կերպ փրկել ինստիտուտը, ինչը որոշ չափով, ի վերջո, նրան հաջողվում է:

«Далее, так же скоропалительно был устранен известный историк-марксист Аш. Иоаннисян – заведующий издательством Комиссариата»[16]:

Աշոտ Հովհաննիսյանի փոխարեն հրատարակչական բաժնի վարիչ է նշանակվում մի մարդ, ով, Տերյանի խոսքերով, հայերենից բացի, այլ լեզու չգիտի, մարքսիստական որևէ պատրաստվածություն չունի և «գրականության հետ ոչ մի կապ չի ունեցել, չունի և չի էլ կարող ունենալ»: Վահան Տերյանը անուն չի տալիս, սակայն հայտնի է, որ այդ մարդը Արտաշես Կարինյանն էր: Վերջինս, բացի պետական-կուսակցական գործիչ լինելուց, հանդես էր գալիս որպես գրականագետ և պատմաբան:

«Весь грех устраненных от работы товарищей, обладающих всеми данными для полезнейшей работы среди армянских масс и их просвещения, пользующихся среди них заслуженным доверием и авторитетом, состоящих членами РКП, занимавших и занимающих ответственные посты в Советской Республике, заключался, видимо, в том, что они не особенно одобрительно отзывались о прошлой деятельности некоторых членов т.н. ЦК Ком. Партии Армении и об их способностях»[17]:

Ստեղծված պայմաններում, ըստ Վահան Տերյանի, Հայկական գործերի կոմիսարիատը չի կարող որևէ արդյունավետ աշխատանք կատարել՝ բացի գրասենյակային-բյուրոկրատական անիմաստ գրագրությունից:

«Несмотря на неоднократные попытки, мне не удалось убедить товарищей из ЦК КП Армении в нецелесообразности подобной постановки дела и в необходимости создания условий, могущих привлечь все имеющиеся на лицо силы для совместной работы, что является, по моему мнению, единственной гарантией успешности нашего дела среди масс Армении»[18]:

Այդպիսով, գրում է Տերյանը, գործավարությունը ՀԿԿ կենտկոմում կրում է չինովնիկական, բյուրոկրատական բնույթ: Իշխում է չոր, անիմաստ ձևականությունը ու բոլորովին բացակայում են ընկերական, ստեղծագործ հարաբերությունները: Դրա հետևանքով ամբողջ գործը արգելակվում է, կրում անձնական կամայականության և քմահաճույքի դրոշմ: Տերյանը ակնարկում է նաև ՌԿԿ-ի հետ հարաբերություններում որոշ անհարթություններ.

«При этом отношения Партии и ЦК к ЦК РКП покрыто каким-то непонятным мраком»[19]:

Վահան Տերյանը վստահ է, որ նման պայմանների պարագայում դատապարտված է յուրաքանչյուր նախաձեռնություն:

Վերջին՝ հինգերորդ կետը վերաբերում է Տերյանի առողջական խնդրին: Ըստ պոետի՝ հիվանդությունը, որով տառապում է ինքը, թոքերի և կոկորդի տուբերկուլյոզը, թույլ չի տալիս իրեն կատարել ամեն մի աշխատանք, ինչի հետևանքով ինքն ստիպված է ընտրել միայն այն, ինչը ֆիզիկապես կարող է կատարել: Օրինակ՝ իրեն արգելված է այնպիսի աշխատանք, որը կապված կլինի հաճախակի տեղափոխությունների հետ: Այլ  պայմաններում և այլ հարաբերություններում, ըստ Տերյանի, ինքը համոզված է, որ կկարողանար կուսակցության համար օգտակար աշխատանք կատարել:

«К сожалению, этого иного отношения нет на лицо, и я вынужден искать другого применения своим силам и способностям в рядах РКП и в советских Учреждениях, где я полагаю, и для меня найдется работа»[20]:

Այս տողերից պարզ է դառնում, որ Վահան Տերյանը դեռևս չէր այրում վերջին կամուրջները բոլշևիկյան կուսակցության հետ, և դա է պատճառը, որ հայտարարության վերջում պոետը մեկ անգամ ևս ընդգծում է, որ արել է հնարավորը իրավիճակը շտկելու համար. իր կողմից ցուցաբերվել են առավելագույն համբերատարություն և խաղաղասիրություն, գործադրվել են բոլոր պատշաճ միջոցները, որպեսզի վերանան թվարկված խոչընդոտները, և ստեղծվեն պատշաճ պայմաններ ու տանելի մթնոլորտ՝ ոչ միայն իր աշխատանքի, այլև Հայաստանի կոմկուսից հեռու կանգնած բոլոր գործիչներին և ՌԿԿ ընկերներին ներգրավելու համար:

«Однако после годичной непосильной [работы] для армянских масс в Армянском Комиссариате я был незаслуженно грубо, без указания хотя бы каких-либо мотивов, фактически устранен от своей должности, которой никогда не добивался и за которую никогда не цеплялся и вынужден ныне покинуть также ряды КП Армении и выйти из состава ЦК этой партии, конечно, при этом, оставаясь членом РКП, готовым положить все свои силы, умение и знания и саму жизнь, если этого будет нужно, во имя торжества нашего общего идеала»[21]:

Այսպես ավարտվում է դիմում-հայտարարության բուն տեքստը, որը թվագրված է 1919 թ. մայիսի 22-ով, սակայն փաստաթուղթն ունի նաև հետգրություն՝ հաջորդ օրվա թվագրումով, որտեղ Վահան Տերյանը գրում է, որ հայտարարությունն ինքն արդեն գրել էր, երբ իրեն են փոխանցել ՀԿԿ կենտկոմի որոշումից մի քաղվածք (Տերյանը տարակուսում է, թե ինչպես են կրկին նիստ գումարել առանց իրեն՝ կենտկոմի անդամին տեղեկացնելու), ըստ որի՝ ինքը՝ Տերյանը, արդեն երկրորդ անգամ խախտում է ՀԿԿ կենտկոմի որոշումները և չի մեկնում Ղրիմ՝ չներկայացնելով ոչ մի պատճառաբանություն: Տերյանը դա անվանում է զրպարտություն, քանի որ իր խոսքով, նախորդ նիստին ներկայացրել է սպառիչ բացատրություններ:

Տերյանին ուղարկված քաղվածքում եղել է մեկ այլ զրպարտանք ևս, ըստ որի՝ կոմիսարիատի հրատարակչական գործը հանձնարարված է եղել իրեն և Հայկունուն, այնինչ, ըստ Տերյանի, ինքն ընդգրկված է եղել միայն թերթի կոլեգիայի կազմում (ըստ երևույթին, խոսքը վերաբերում է «Կարմիր օրեր» պարբերականին, քանի որ «Կոմունիստ»-ը, որը հիմնադրել էր Վահան Տերյանը, այդ շրջանում արդեն փակված էր և լույս չէր տեսնում):

«Таким образом, этот документ лишь подтверждает все изложенное выше и служит лишним основанием для того, чтобы я со спокойной совестью могу выйти не только из ЦК этой Партии, о чем, к моему удовольствию, позаботились мои сердобольные «товарищи», но и из рядов самой Партии, во главе, которой стоят подобные лица»[22]:

Հատկանշական է, որ Խորհրդային Միության գոյության ողջ ընթացքում գիտահանրամատչելի բոլոր ձեռնարկներում՝ և՛ հայերեն, և՛ ռուսերեն, ոչ միայն Վահան Տերյանի պաշտոնանկության մասին չի նշվում, այլև հատուկ ընդգծվում է, որ Հայկական գործերի կոմիսարի տեղակալը եղել է մեծանուն հայ բանաստեղծը: Պարզ է, որ խորհրդային գաղափարախոսական համակարգը որոշել էր մինչև վերջ օգտագործել պոետի անունը սեփական լեգիտիմության բարձրացման համար:

Խորհրդային տարիներին տպագրված միակ գիրքը, որտեղ նշվում է, որ 1919 թ մայիսից Վահան Տերյանն այլևս Հայկական գործերի կոմիսարի տեղակալը չէր, Հրանտ Թամրազյանի «Վահան Տերյան» մենագրությունն է.

«Ծանր հիվանդության պատճառով 1919 թ. մայիսին նա թողնում է աշխատանքը…»[23]:

Այդուհանդերձ, նոր հարց է առաջանում, որի մասին խորհրդային տերյանագիտության մեջ երբևէ չի էլ քննարկվել կամ նույնիսկ ակնարկվել. եթե Վահան Տերյանը 1919 թ. մայիսից պաշտոնանկ է եղել, ապա ինչո՞վ է զբաղվել մինչև իր վերջին ուղևորությունը, այսինքն՝ մինչև 1919 թ. հոկտեմբերի վերջը:  Այս հարցի առայժմ միակ պատասխանը կարելի է գտնել Ռուբեն Դարբինյանի հուշերում.

«Այդ օրերուն էր, որ Պետրոգրադեն մեզ մոտ եկավ փրոֆեսոր Ն. Ադոնցը: Երբ անոր պատմեցի, թե ի՛նչ տմարդի վերաբերում ցույց տվավ ինծի Ազգությանց կոմիսարիատի Հայկական բաժանմունքը, խոստացավ ավելի լավ գործ մը գտնել ո՛չ միայն ինծի, այլև Լիպարիտի համար:

Այդ ատենները Մաքսիմ Գորկին մտավորականները զբաղեցնելու համար՝ համոզած էր Լենինը, որ ձեռնարկե բոլոր ազգերու գրականությանց կարևոր երկերու թարգմանություն և հրատարակություն՝ ռուսերեն լեզվով: Եվ Լենին այդ ամբողջ ձեռնարկին կազմակերպումն ու ղեկավարությունը հանձնած էր Մաքսիմ Գորկիին:

Ձեռնարկը կկրեր «Տիեզերական գրականություն» անունը և երկու գլխավոր բաժիններ ուներ՝ Արևմուտքի և Արևելքի գրականությունները:

Արևելքի բաժնի վարիչ էր նշանակված ակադեմիկոս Օլդենբուրգսկին, որ հայ գրականության թարգմանության գործը հանձնած էր փրոֆեսոր Ն. Մառին, իսկ Մառը իրեն օգնական էր հրավիրած Ն. Ադոնցը:

Այդպես էր ահա, որ Ն. Ադոնցի հետ իմ ունեցած տեսակցութենեն հազիվ շաբաթ մը անցած, փրոֆեսոր Ն. Մառը Պետրոգրադեն եկավ Մոսկվա և պաշտոնապես առաջարկեց ինծի և Լիպարիտին ստանձնելու հայ նոր գրականութենեն թարգմանություններ ընելու գործը: Ան ըսավ, թե ինքը և Ն. Ադոնցն ալ հայ հին գրականութենեն թարգմանություններ պիտի ընեին: Հայտնեց նաև, որ ինձմե և Լիպարիտեն զատ հայ նոր գրականութենեն թարգմանություններ ընել հանձն առած էին նաև Վ. Տերյանն ու Պ. Մակինցյանը:

Երբ տվինք մեր համաձայնությունը, Մառը խնդրեց մեզմե ցանկը ներկայացնել իրեն այն գրքերուն, զորս մենք պետք կզգայինք թարգմանելու:

Հետևյալ օրն իսկ, Վ. Տերյանի և Պ. Մակինցյանի հետ խորհրդակցելե ետք, մենք ներկայացուցինք մեր ցանկը և ստացանք Մառի հավանությունը:

Լիպարիտը հանձն առավ առաջին հերթին թարգմանել Րաֆֆիի «Սամվելը», Մակինցյանը՝ Շիրվանզադեի «Քաոսը», Վ. Տերյանը՝ Րաֆֆիի «Կայծերը», իսկ ես՝ Շիրվանզադեի «Արսեն Դիմաքսյանը»»[24]:

Եվ իրոք, Գրականության և արվեստի թանգարանի Վահան Տերյանի ֆոնդում մինչ այժմ պահվում է Տերյանի՝ Րաֆֆու «Կայծեր» վեպի առաջին հատորի ռուսերեն թարգմանությունը: Հետևաբար, բոլշևիկյան հալածանքներից և կոմիսարիատի աշխատանքներից հեռացվելուց հետո Վահան Տերյանին «ժամանակավոր ապաստան» է տրամադրել նրա սիրելի դասախոսը՝ Նիկողայոս Մառը՝ պոետին ընդգրկելով թարգմանիչների իր խմբում:

Տերյանագիտության մեջ նշվում է, որ Տերյանը նաև հայ գրականությունն է ռուսերեն թարգմանել, սակայն չեն նշվել հանգամանքները: Ահա թե ինչ է գրում էդվարդ Ջրբաշյանը.

«Հայ թարգմանական գրականության պատմության մեջ Վահան Տերյանը հատուկ և միանգամայն բացառիկ տեղ է գրավում: Նա միակն է մեր խոշորագույն գրողներից (բացառությամբ Արշակ Չոպանյանի), որը հավասար հաջողությամբ զբաղվել է, այսպես ասած, «երկկողմանի թարգմանությամբ»: Մի կողմից՝ թարգմանություններ ռուսերենից, ֆրանսերենից, վրացերենից, գերմաներենից (վերջինս՝ տողացի կամ ռուսերեն թարգմանությունների հիման վրա) և այլ լեզուներից: Մյուս կողմից, Տերյանը հայերենից ռուսերեն է թարգմանել մեր ազգային գրականության մի շարք երկեր (Գ. Սունդուկյանի «Պեպոն», Րաֆֆու «Կայծերի» առաջին հատորը, Շիրվանզադեի «Ցավագարը» և այլն)»[25]:

Այսպիսով, պարզ է դառնում, որ 1919 թ. սկզբից Տերյանի շուրջ գցված օղակը սկսում է սեղմվել և ոչ առանց բոլշևիկյան բարձրագույն իշխանության իմացության՝ հայ կոմունիստները՝ Գուրգեն Հայկունու գլխավորությամբ, սանձազերծում են ստորագույն հալածանքների մի անվերջանալի շարք՝ նպատակ ունենալով լիովին մեկուսացնելու Վահան Տերյանին: Ի վերջո, խարդավանքներն ու հալածանքներն իրենց պտուղը տալիս են, և Տերյանը հայտնվում է լուսանցքում:

[1] «… փոխում է այն իրավիճակը և պայմանները, որոնց դեպքում ես հնարավոր համարեցի մտնել ՀԿԿ և այդ կուսակցության կենտկոմի կազմ»:

[2] «Ինձ հրավիրել էին Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե Ռուսաստանի կոմունիստական կուսակցության մի շարք ընկերների հետ, որոնք, ունենալով քիչ թե շատ բավարար տեսական պատրաստվածություն և գործնական փորձ, ինչպես նաև վայելելով զանգվածների և ՌԿԿ հայ ընկերների որոշ վստահությունը, կարող էին Կուսակցության կենտկոմի իրենց հրավիրած նախկին անդամների հետ կազմել այն ժամանակավոր կազմակերպչական կենտրոնական ապարատը, որը կկառավարեր նոր կազմակերպվող կուսակցության գործունեությունը, որը  մարտավարական հայտնի նկատառումներով կյանքի էր կոչվել ՌԿԿ հետ համաձայնությամբ»:

[3] «Այդ իսկ պատճառով որոշակիորեն ենթադրվում էր, որ կենտկոմի կազմ հրավիրվող բոլոր ընկերները կամ իրենց լիովին կնվիրեն Կուսակցության մեջ կատարվելիք աշխատանքին, կամ էլ առնվազն ակտիվ գործունեություն կծավալեն Կուսակցության կազմակերպման և ժամանակավոր ղեկավարման գործում՝ մինչև ճշտորեն ընտրված, իսկական, իրավազոր նոր կենտրոնական մարմնի ստեղծումը»:

[4] «Ուստի և կուսակցության ղեկավար մարմնում դարձյալ նստած են գրեթե նույն անձինք, ովքեր, վերոնշյալ ընկերներին հրավիրելով կենտկոմի կազմ, թվում էր՝ հենց իրենք էին խոստովանում, որ չեն կարող ղեկավարել Կուսակցությունը՝ առանց հրավիրված ընկերների օգնության»:

[5] «Համաձայնելով համալրել Հայաստանի ԿԿ կենտկոմի պատասխանատու աշխատակիցների կազմը՝ ես և հրավիրված մյուս ընկերները քաջ գիտակցում էինք այդ ձևով կազմված մարմնի կացության ողջ անկայունությունը: Ուստի, մտնելով կուսակցություն և այդ կենտրոնական մարմնի կազմ՝ մենք համոզված էինք, որ նման իրավիճակը երկար տևել չի կարող, որ պետք է որքան հնարավոր է շուտ դուրս գալ այս երկիմաստ դրությունից, ինչի համար էլ Կենտրոնական մարմնի ամենից անհրաժեշտ և առաջնահերթ խնդիրն էինք համարում քիչ թե շատ ճշգրիտ կազմակերպված մի Կենտրոնի շուտափույթ ստեղծումը, որը կվայելեր Հայաստանի այն կոմունիստ ընկերների և ՌԿԿ հայ անդամների բացարձակ վստահությունը, որոնք տվյալ պահին գտնվում էին Խորհրդային Ռուսաստանի սահմաններում, մի Կենտրոնի, որն ունի գոնե նվազագույն բարոյական կշիռ և հեղինակություն Հայաստանի զանգվածների մեջ»:

[6] Ուշագրավ է այն փաստը, որ Գ. Հայկունին մինչև իր կյանքի վերջը ապացուցում էր իր հիմնադրած կուսակցության լեգիտիմությունը: Այս խնդիրն այնքան էր տանջում «հին բոլշևիկին», որ նույնիսկ հուշեր է գրում, որտեղ իր գործունեության լեգիտիմությունը փորձում է հիմնավորել Զորավար Անդրանիկի միջոցով. իբր իր ղեկավարության ներքո զինված գունդ է ունեցել, որից երկու հազար զինվոր 1918-1919 թթ. տվել է Անդրանիկին: Պատմաբան Հրաչիկ Սիմոնյանը գրում է. «Ցավոք, այս կարևոր հաղորդումը չի ամրապնդվում ուրիշ աղբյուրներով և դրա հավաստիությունը հետագա ճշգրտումների ու լրացուցիչ լուսաբանության կարիք ունի» (Սիմոնյան Հ., Անդրանիկի ժամանակը, գ. Բ, Եր., 1996, էջ 92)

[7] «Եվ այդպիսով, հազիվ թե կարելի է հուսալ համաժողովի հրավիրման իրագործում և քիչ թե շատ իրավազոր և հեղինակավոր Կենտրոնի ընտրություն, որպիսին միայն կարող է կուսակցություն ստեղծել՝ հենվելով լայն զանգվածների համակրանքի վրա»:

[8] «Ինչպես պարզվեց կենտկոմի վերջին նիստերից մեկի ժամանակ, կենտկոմի ընկերների վերոհիշյալ խումբը «իր» նիստերն էր կազմակերպում, որոնց ես չեմ հրավիրվել, և որոնց ընթացքում, ինչպես պարզվեց, ընդունվել են աշխատանքի բաշխման մի շարք կարևոր դրույթներ թե՛ առհասարակ այդ ընկերների շրջանում և թե՛ մասնավորապես Հայկական կոմիսարիատում աշխատելու վերաբերյալ, որտեղ ես կոմիսարի տեղակալ էի»:

[9] Տերյան Վ., Երկերի ժողովածու, հ. 1, Պոլիս, 1924, էջ XLV-XLVII:

[10] Տերյան Վ., Տերյանագիտություն, մատենագիտություն, Եր., 2011, էջ 123:

[11] «Իսկ երբ իմ արձակուրդն ավարտվեց, այսպես կոչված կենտկոմն այն ընկերների բացակայության պարագայում, որոնք ինձ հետ հրավիրվել էին կենտկոմ, որոշում է կայացրել ինձ Ղրիմ ուղարկելու մասին, ուր այլ պայմաններում ես անշուշտ կգնայի մեծ ուրախությամբ, սակայն ստեղծված իրավիճակում սկզբունքորեն անհնարին համարեցի ընդունել նման առաջարկությունը, որի նպատակը պարզ էր»:

[12] «Այդ պայմաններում Ղրիմ մեկնել չցանկանալուս մասին հայտարարեցի կենտկոմի նիստի ընթացքում, և այնուամենայնիվ, չնայած դրան, ընկեր Հայկունին, չգիտեմ ում հրահանգով, սակայն համենայն դեպս առանց իմ իմացության, զեկուցեց իմ՝ Ղրիմ գործուղման մասին ընկեր Ավանեսովին, ով, ընկեր Հայկունու խոսքով, իր հերթին, կրկին առանց իմ իմացության և համաձայնության, իմ՝ Ղրիմ գնալու մասին հաղորդեց Ռուսական կոմունիստական կուսակցության կենտկոմին և խնդրեց չեղյալ հայտարարել ինձ ռազմաճակատ ուղարկելու ՌԿԿ ԿԿ ավելի վաղ կայացրած որոշումը»:

[13] «… ինձ ռազմաճակատ ուղարկելու ՌԿԿ ԿԿ որոշման մասին ինձ պաշտոնապես չեն տեղեկացրել. այդ մասին ես իմացել եմ ընկեր Ավանեսովի հետ անձնական զրույցներից, ով քաջատեղյակ է իմ առողջական վիճակից»:

[14] «Մտնելով կոմիսարիատ՝ վերոհիշյալ ընկերները հալածանքներ սկսեցին այն ընկերների նկատմամբ, ովքեր անցանկալի էին իրենց՝ այս կամ այն ակնհայտորեն անձնական բնույթ կրող պատճառով»:

[15] «Ուսուցումը ինստիտուտում դադարեցվեց, և որոշվեց աշակերտներին ուղարկել Աստրախան, որտեղ թագավորում է սովը, և մոլեգնում՝ տիֆը»:

[16] «Այնուհետև, նույնքան հապճեպորեն հեռացվեց կոմիսարիատի հրատարակչական բաժնի վարիչը՝ հայտնի պատմաբան-մարքսիստ Աշ. Հովհաննիսյանը»:

[17] «Աշխատանքից հեռացված ընկերների ամբողջ մեղքը, որոնք բոլոր տվյալներն ունեին հայ զանգվածների մեջ ամենաօգտակար աշխատանքը կատարելու և նրանց լուսավորելու համար, նրանց մեջ վայելում են վաստակած վստահություն և հեղինակություն, ՌԿԿ անդամներ են, զբաղեցնում են պատասխանատու պաշտոններ Խորհրդային Հանրապետության մեջ, երևի այն է, որ նրանք այնքան էլ դրական չեն արտահայտվել այսպես կոչված Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի որոշ անդամների անցյալի գործունեության ու նրանց ընդունակությունների վերաբերյալ»:

[18] «Չնայած բազմիցս արված փորձերին, ինձ չի հաջողվել համոզել Հայաստանի ԿԿ կենտկոմի ընկերներին գործի նման դրվածքի աննպատակահարմարությունը և այնպիսի պայմաններ ստեղծելու անհրաժեշտությունը, որոնք կարողանան առկա բոլոր ուժերը ներգրավել համատեղ աշխատանքի համար, որը, իմ կարծիքով, մեր աշխատանքի հաջողության միակ երաշխիքն է Հայաստանի զանգվածների մեջ»:

[19] «Ընդսմին կուսակցության և կենտկոմի վերաբերմունքը ՌԿԿ կենտկոմի նկատմամբ ծածկված է մի ինչ-որ անհասկանալի խավարով»:

[20] «Դժբախտաբար, այդ վերաբերմունքը չկա, և ես ստիպված եմ իմ ուժերին և ընդունակություններին ուրիշ գործադրություն որոնել ՌԿԿ շարքերում և խորհրդային հիմնարկություններում, որտեղ, ենթադրում եմ, ինձ համար էլ աշխատանք կգտնվի»:

[21] «Սակայն հայ զանգվածների համար Հայկական կոմիսարիատում մեկ տարվա իմ շատ դժվար աշխատանքից հետո ես անարդարացի կոպտությամբ, առանց գոնե որևէ պատճառ մատնացույց արվելու, փաստորեն հեռացվել եմ իմ պաշտոնից, որին երբեք հետամուտ չեմ եղել և որից երբեք չեմ կառչել, և այժմ ստիպված եմ հեռանալ նաև Հայաստանի կոմկուսի շարքերից ու դուրս գալ այդ կուսակցության կենտկոմի կազմից, ընդսմին, իհարկե, մնալով ՌԿԿ անդամ, պատրաստ ներդնելու իմ բոլոր ուժերը, կարողությունն ու գիտելիքները և հենց կյանքս, եթե դա հարկավոր լինի, հանուն մեր ընդհանուր իդեալի հաղթանակի»:

[22] «Այդպիսով, այդ փաստաթուղթը սոսկ հաստատում է վերոշարադրյալը և մի հավելյալ հիմք ծառայում, որպեսզի ես հանգիստ խղճով կարողանամ դուրս գալ ոչ միայն այդ կուսակցության կենտկոմից, ինչի համար, ի գոհացում ինձ, հոգ են տարել իմ սրտացավ «ընկերները», այլև հենց կուսակցության շարքերից, որը ղեկավարում են այդպիսի անձինք»:

[23] Թամրազյան Հ., Վահան Տերյան, Եր., 1985, էջ 214:

[24] Տերյան Վ., Տերյանագիտություն, մատենագիտություն, Եր., 2011, էջ 124:

[25] Շնիցլեր Ա., Տիկին Բերտա Գարլանը, թարգմ.՝ Վահան Տերյանի, Եր., 1984, էջ 16, Էդ. Ջրբաշյանի առաջաբանը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *