Վահրամ Դանիելյան | Երեք պատմություն

 

Հրաչյա Սարիբեկյան «Այնտեղ` աչքերդ երբ բացես»:

Թագավորաց առաջին գրքում ասված թևավոր մի խոսքը ժամանակին Հրանտ Մաթևոսյանը «գտավ» ու բերեց-վերագրեց Բակունցի հերոսներին. «Ճաշակելով ճաշակեցի սակավ մի մեղր և ահա մեռանիցեմ»: Հրաչի պատմվածքում այս միտքը թեև չի հիշատակվում, բայց ամբողջությամբ իրականանում է: Արաբ գեղեցկուհուն որոնումները, չնայած զգուշացումներին, այնուամենայնիվ, նրա հետ լինելը և վրեժխնդիր եղբայրների ձեռքն ընկնելը պատմվածքի վերնագրում հիշատակված այնտեղ-ը հասնելու խրոնիկան են պարզապես: Խրոնիկա, որ մի կողմից «հայտարարված սպանության» ճանապարհ է, մյուս կողմից` մահվանը հանդիպելու հանգուցալուծման նախապատրաստում: «Փնտրված» մահը արաբ կնոջ տեսքով է գայթակղում կերպարին: Կին-մահ զուգահեռը նստած է «փնտրողի» մեջ. մահվան հետ առաջին հանդիպումն էլ պատմվածքում կապվում է մոր վախճանի հետ, արաբուհին էլ մորն է հիշեցնում. «Եվ գրեթե կորցրի ինձ, երբ, աչքերը փակ, մահացած մորս նմանեցրի աղջկան: Հաճույքից աղավաղված դեմքը հոգեվարքից առաջ մորս դեմքի վրա քաղցկեղի ջղակծկումներն էին հիշեցնում: Հեշտանքից հետո դեմքը լրիվ մահացած մորս դեմքին նմանվեց»:
Մյուս կողմից փնտրվող կին-մահ նշանները մեկ այլ զուգահեռում են ստանում. «Այդ օրվանից, ինձ թվում էր, աղջկան փնտրելը նույնն է, ինչ` Հիսուսին որոնելը»: Փրկիչ- կին-մահ եռանկյունին այնտեղ-ի երեք  ճանապարհներն են, ավելի ճիշտ` նույն ճանապարհի երեք անցակետերը: Պատմությունը երեք հիմնական տեսարանից է բաղկացած` 1. գեղցկուհու որոնում արաբական շուկայում ու Երուսաղեմի փողոցներում, 2. կնոջ հետ հանդիպում` «ճաշակելով ճաշակեցի»-ն, 3. եղբայրների հետ հանդիպում ու սպանությունը` «և ահա մեռանիցեմ»-ը: Ընդ որում, առաջին տեսարանի իշխող նշանը  «փրկիչն» է («Եվ մի տանիր զմեզ ի փորձություն»). «Մի անգամ արաբական շուկայում հոգևորական ընկերներիցս մեկը ցույց տվեց մի սալաքար, որի վրա Հիսուսն էր սայթաքել, երբ նրան տանում էին Գողգոթա»: Սակայն անունի հիշատակումը որոնման ճանապարհին փորձությունից խուսափելու ինքնախաբկանքն է. «Պատառոտված հագուստներով, տապից հյուծված դեմքերով մի խումբ հավատամոլներ դատարկ խաչը պարզել էին իրենց առջև ու համրաքայլ ընթանում էին նրա հետևից, կարծես չէին էլ նկատել, որ Հիսուսը խաչի վրա չէ» (ընդգծումը` Վ.Դ.): Առաջին տեսարանում այնտեղ տանող ճանապարհի «բացակայությունը» երկրորդ տեսարանում փոխարինվում է նոր նշանով` «կին»: Այս նշանի ներկայությունը ևս խորհրդանշական է, որ պարզապես վավերացնում է փորձությունը` «ճաշակելով ճաշակեցի սակավ մի մեղրի» նախապայմանը: Կնոջ միջոցով գոյացած արյան կաթիլի սևեռումով` կատարվում է հաջորդ տեսարանի կանխատեսումը. «Անկողնում ապշել էի, երբ սավանի ճերմակության վրա արյան բծեր էի նկատել: Հայացքս երկար` ինձ արնաքամ անելու օրը կռահելու նման, սևեռված մնաց արյան հետքի վրա» (ընդգծումը` Վ.Դ.): Երրորդ տեսարանի իշխող նշանը «մահն» է` «և ահա մեռանիցեմ» հանգուցալուծման իրականացումը: Այստեղ խաբուսիկ մի դրսևորում կա` պատժից խուսափելու վարկածը («Թող զմեզ պարտինս մեր»): Պատմողը տպավորություն է ստեղծում, թե կերպարը ներքուստ փորձում է խուսափլ պատժից. փախչելու փորձեր է անում, ինչ-որ հարցերի պատասխաններում վրիպումներ է տեսնում. «Նրանցից մեկը արաբերեն ինչ-որ բան հարցրեց: Չգիտեմ` ինչու եբրայերեն պատասխանեցի, որ արաբերեն չեմ հասկանում: Դա գուցե նրանց ավելի զայրացրեց: Եբրայերեն պատասխանելն իմ առաջին սայթաքումն էր» կամ «Աղաչեցի` «Չէ, մի արա, հեռու տար խնդրում եմ, մենակ թե ոչ դրանով»: Վախիցս հայերեն խոսեցի, գուցե արաբերեն ասեի, հասկանար ու խղճար ինձ»: Մահվան լեզվի չիմացույունը, որի խորհրդանշական փոխանորդը տեքստում արաբերենն է, գալիս է հաստատելու մահվան անխուսափելիությունը: Սպանությամբ, կարծես, պիտի ավարտվեր պատմությունը, բայց կա նաև հեղինակի կողմից «չգրված» մի տեսարան ևս`  չորրորդը, որի մասին վերնագրային հուշումով սկսվում և հենց նրա գուշակությամբ էլ ավարտվում է պատմությունը. «Վտանգավոր բան չկա, չվախենաս: Այնտեղ,- ասաց,-  աչքերդ երբ բացես, վիզդ թույլ կցավա միայն»(ընդգծումը` Վ. Դ.): Պատմությունը վերջանում է այնտեղ, որտեղից պիտի սկսվեր տեքստը: Պատմությունը վերջանում է, որպեսզի սկսվի տեքստը…

Արամ Պաչյան «Թափանցիկ շշեր»:

Կան պատմություններ, որոնք չեն սկսվում, հետևաբար` չեն էլ ավարտվում: Դրանք պարզապես կրկնվում են:  Պատմվածքը սկսվում է «բանաստեղծությամբ» ու ավարտվում` «բանաստեղծությամբ»: Պատմվածք է չսկսվող ու չավարտվող պատմության մասին, սկիզբն ու վերջն էլ չեն պատմվում` «արտասանվում են». արտասանել, ըստ բացատրական բառարանի, նախ և առաջ նշանակում է «հնչյուններ արտաբերել»`  արտ-դուրս, ասել-թողնել` դուրս թողնել: Կրկնվող պատմությունը չի էլ պատմվում, սղագրելու պես դուրս է թողնվում` կարճ, հստակ, պարզ նախադասություններով ու արագացող ռիթմով: Արտահայտման ձևը չի փնտրվում, գտնված է` «պարտադրված». երկար, բարդ նախադասություններով պատմելու ժամանակ չկա, չսկսվող ու չավարտվող` կրկնվող պատմության սղագրողը «կրկներգի մեջ» է` սղագրելիս էլ «վազում է», որովհետև «նա սպասում է», դրա համար էլ չի պատմում-վերլուծում` վազելիս արտ-ասանում-սղագրում է: Երեխայի բերանով ու երեխայի անունից է սղագրվում, ավտո-մավտոներին պետք չէ խաբնվել` տարիքային ցուցիչը կոլայով ու երաժշտական կենտրոնով ուրախանալն ու «սփոփվելն» է: Գուցե տարիքով երեխա  էլ չէ, բայց խնդիրն իր համար անլուծելի է` անլուծելի խնդիրների առաջ բոլորս երեխա ենք: Խնդրի մասին դիտմամբ չեմ նշում, որովհետեև հասարակության համար խնդիրը հասարակ է, բազմիցս հանդիպած, սովորական դարձած` անունը կարևոր չէ: Պատմվածքը, ուրիշի աչքին հասարակ, սովորական դարձած, «անանուն» խնդրի մեջ լինելով, ապրելու անհնարինության մասին է: Բժշկի հետ զրուցում են. «Իսկ եթե մահանա, ասում եմ ես: Մեզ մոտ շատ են մահանում, թաքցնելու բան չունեմ, դուք էլ եք հասկանում, որ վերջիվերջո դրանից բուժում չկա, ասում է նա»: Նույնը հոգևորականի հետ. «Քահանայի մոտ եմ գնում: Խորհուրդ է տալիս պատարագի մասնակցել: Տերը լսում է ամեն ինչ: Նրա պատասխանը լռությունն է: Այո, նա միայն լուռ ցավակցում է» և հետո. «Ասում եմ, որ ամաչում եմ: Պետք չի ամաչել, աշխարհում մենակ դու չես, որդիս»: Ցուցաբերվող օգնությունը, փրկելու, բուժելու, իրավիճակից դուրս հանելու փորձերը, որ հիշատակվում են պատմվածքի սկզբում, խաբկանք են: Հիմնական «օգնությունը» դառնում է կրկնվող պատմության ջրաղացին ջուր լցնելը` «կարիքավորին» կարիքի բավարարման պետքը հասցնելը, անկումին «մասնակցելը»: Ատելության մասին էլ է խոսվում, բայց հիմնական զգացողությունները խղճմտանքն ու ամոթն են, խղճմտանքը` իրավիճակի հետ համակերպվելու, և ամոթը` իր համակերպման համար: Պատմվածքի նախավերջին տեսարանում մի պատկեր կա, որ, կարծես, թելադրված է կրկնվող պատմության տրամաբանությամբ. «Ես կանգնել եմ կասկադի բետոնների վրա: Թեթև քամի կա: Ներքևում մութ է, վերևում` աստղեր: Տարածքի հսկիչը շնչակտուր մոտենում է: Շուտ ցած իջիր, գժվել ե՞ս: Ձայնը օդում խլանում է»: Սակայն խնդրից փախուստը` ինքնասպանությունը, առկախվում է, պատմվածքի լուծում չի դառնում: Պատմությունը շարունակվում է Ֆորեստ Գամփի` համանուն ֆիլմի հերոսի անկարողությունից ծնված անտրամաբանական, բայց միևնույն ժամանակ` «միակ» հնարավոր արարաքի «կրկնությամբ».

«Անցնում եմ Բաբայան փողոցը:

Անցնում եմ «Չայկոֆ»-ը, որտեղից սիրածս աղջկա համար թեյ եմ գնում:

Ես վազում եմ:

Վազում եմ, որովհետև վախենում եմ:

Ես վազում եմ, որովհետև չեմ ուզում տեսնել թափանցիկ շշեր:

Ես վազում եմ, որովհետև ինձ հետ վազում են աշխարհի բոլոր երեխաները:

Ես վազում եմ, որովհետև չեմ ուզում այսպես լինի:

Ես վազում եմ, որովհետև հայրիկին տնեցիներից թաքուն մի բաժակ օղի պիտի տամ:

Ես վազում եմ, որովհետև նա սպասում է» (ընդգծումը` Վ.Դ. ):

Շատ դժվար է գրել այս պատմվածքի մասին, որովհետև յուրաքանչյուր ընթերցում մի շնչով է ընթանում, դադարներ չկան, իսկ պատմությունից դուրս դիտակետ փնտրելով` խնդիրը սոցիալական հարթություն կտեղափոխվի, որի արդյունքում կխամրի անհատական ապրումի «հմայքը», որ այնքան պարզ ու անսեթևթ դրսևորում ունի Արամի սուղ գրում:

 

Աննա Դավթյան «Ընդհանուր պլան»:

Դանդաղ, շատ դանդաղ, բառ առ բառ գրված պատմվածք` ակնարկ, քարտեզագրում, սկիզբ: Սակավաթիվ պոռթկումներով, սեփական գրի` կյանքի դանդաղությանը չդիմացող, հանդարտ ծավալվող տեքստի տրամաբանությունը խախտող, հրապարակախոսություն դարձող ընդմիջարկումներով, և ամենակարևորը` այս ամենի հստակ գիտակցումով. «Ես արդեն քարոզում եմ»: Մենախոսական արձակ` տեսակին հատուկ ձևաբանությամբ, մաթևոսյանական տեքստի հիշողությունը կրող, բայց ավանդույթով չբավարարվող «ըմբոստությամբ»` ես էլ ես եմ: Վերնագիրը` «Ընդհանուր պլան», առայժմ` առանց մեծ խոշորացումների` զումերի: Խոշարացումների որոշ իմիտացիաներով, սպասել տվող խայծերով: Առաջին քայլի` քարտեզագրումի, ընդհանուր պլանի անհրաժեշտության գիտակցմամաբ ու «տեխնիկական միջոցների»` առայժմ ավելին անելու հնարավորությունների նկատմամ անվստահությամբ. «Ես գերեզմանոցի մեջտեղում տանջամահ եմ լինում` ֆոկուսը խխունջի վրա բռնելու ու մի կարգին բան նկարելու, բայց ապարատս համը հանում է, որովհետև ֆոկուս բռնելը նրա ամենաուժեղ կողմը չէ»: Տրված, ունեցած, ձեռք բերած, «դաստիարակած» լեզու` հյութեղ, խոսող, հոսող, ախորժելի, բառընտրության արտակարգ զգացողությամբ, բայց նաև լեզվամտածողության իր կերպի հանդեպ անվստահությամբ, ամենակարևորը` նաև դրա գիտակցմամբ. «Սրա համար Մարալը սիրեց Նեսոյին, վախեցավ մորն ասի, Նեսոն Գյուլնազին առավ: Տանը մարդ չկար, Գյուլնազի մտքին սեքս կար (շատ կոպիտ բառ օջախի կողքին), Նեսոն բակում նստել էր թմբին: Գյուլնազն ամաչելու ձևով ջուր տարավ, Նեսոյի գլխում հորովելն էր, Գյուլնազին չտեսավ: Բայց միևնույն է, տարիների մեջ օջախը լցվեց երեխաներով, Նեսոն էլ հորովել չգրեց: Ափսոս Նեսոյին, որ ընկել էր այնտեղ` իրարից բաժանելու բավական անհամ բաներ` որպես համեմի հուսահատ բոստան» (ընդգծումը` Վ. Դ.):

Ի՞նչի մասին է պատմվածքը: «Նժույգս, նժույգս»: Գյուղում ծնված-ապրած, քաղաքներում թափառած, նորից գյուղ վերադարձած Փոքր հորեղբոր անհանդուրժողականությա՞ն: Չէ: «Սկիզբը»: Արայիկը մոռուտից տուն է վերադառնում, ճանապարհի հովեկները գեղեցիկ են, լավն են, իսկ մոր կուրծքը փափուկ է, երակները` դուրս ցցված` «և տհաճ է, որ սալերին պառկածները կանայք են ու մայրն էլ կին է»: Քրոջ տրուսիկը մեծ է ու կապույտ, գեղեցիկ չէ, քիթը փսլնքոտ է, տղան մի պահ խղճում է, ասում է` գեղեցկուհի, բայց հաջորդ պահին զզվում է կեղծիքից ու փորձում տրորելով մաքրել աղջկա երեսի փսլինքը, ցավեցնում է` լաց եղիր: Ոչ մեկ ոչ մեկին չի սիրում, ու «տղան կուլ տվեց թուքը, և կարելի՞ է այդ միզահոտի մեջ որևէ մեկին սիրել»: Գուցե՞ ընդգծված նախադասությունների մասին է Աննայի պատմվածքը: Երկրորդ մտքի հետ հեղինակը կարծես համահունչ է, բայց նրա ստեղծած կերպարը «թուքը կուլ տալ» ու լռել այլևս անկարող է: Պատմածի մեջ ցավալի դրվագներ շատ կան (վերարտադրելն անշնորհակալ գործ է, ինքներդ կարդացեք), պատմողի կերպարը հայեցող չէ, ցավալիի մեջ է` Մաթևոսյանը կասեր` ներսից է գրված: Տատի, մոր, տոհմի, անսեր օջախի բարդույթը իրենն էլ են. «Որովհետև ես նման եմ նրան, ես նա եմ, որովհետև իմ արյան մեջ արդեն քթքթում է նրա պապենական դժգոհությունը, իմ դեմքին արդեն դարսվում է նրա, հոր, պապի, պապի մոր կնճիռները: … Վայ իմ խեղճ չծնված երեխեք, որ կտեսնեք, թե ինչպես է տատս անհամություններ մոգոնում իմ մեջ»: Կրպարը քաղաքում էլ խնդիրներ ունի, ինքը կարծես սիրված է, բայց անկարող է սիրել, սիրելն իրենց ցեղում ադաթ չի եղել, առանց դրա են յոլա գնացել, ժառանգած ավանդույթ չունի, բայց ինքը չի ուզում, չէ, ինքը չի կարող այդպես ապրել, փոխադարձելու անկարողությունից սիրել կարացողների հանդեպ մեղադրանք է հեղվում, որին զուգահեռվում է ինքնախոստովանությունը` «անսեռ կինը ոչ մեկինը չէ», ամենակարևորը` ինքը հենց ինքը չէ: Բայց Մաթևոսյանը կասեր. «Եվ ինչպես սուրբ գրքից կարդաս` «որդիս թշնամուս գտել է, չմոլորեցնե՜ս որդուս»: Պատմողը այս ճանապարհով է որոնում. «Մերս չկոտրեր ինքն իրեն, չուզեր օջախի մայր լինել` տատիս պես օրինակելի, կարող է և բաժանվեր, լիներ երջանիկ կին ուրիշ տղամարդու համար, ունենար երջանիկ երեխաներ: Օջախը երկիրը պետություն պահեց, օջախը երջանկության քողի տակ երկինք թողեց պարտականությունների ծուխը, սերն ու ցանկությունը պատվիրանների բեռան տակ սատկեցին, օջախը հասավ ինձ, ուզում է հերս անիծել, որ երկիրիս ապրի», և հետո` իրենը` գտածը. «Նա հույս ունի, որ կամուսնանանք, երեխաներ կունենանք, ես հույս ունեմ, որ եթե վատ լինի, կբաժանվենք»: Քարտեզագրումը ավարտվում է «գերեզմանում», տոհմ-օջախի կենդանի ու անկենդան ներկայացուցիչների խորհրդանշական հավաքատեղիում. «Ես կանգնում եմ վերջին գերեզմանաքարի վրա` ընդհանուր պլանով նկարելու» (ընդգծումը` Վ.Դ.): «Վերջին գերեզմանաքարին» կանգնածը «ընդհանուր պլանից» հետո դեռ պիտի իր «զումերով» փորփրի բոլոր կենդանիների ու մեռյալների «գերեզմանափոսերը»` նրանցից ազատվելու, ինքնանալու, վերջին գերեզմանաքարը նոր անկյունաքար դարձնելու համար: Այս ճանապարհը դեռ Չարենցն է մտատեսել իր «Յոթ խորուրդ քաղաք կառուցողներին» քերթվածում.

«Եվ յոթերորդ խորհուրդը, որ տալիս եմ ձեզ.-
Կառուցելուց առաջ ձեր քաղաքը`
Այրեցե՜ք մագաղաթյա մարմինը ննջեցյալի
Եվ մոխիրը նրա հազարամյա
Խառնեցե՜ք ձեր ապագա պարիսպների քարին:-
… Քանզի մեռյալների մոխի՜րն է ամենապինդ կիրը,
Ամենապինդ շաղախը և առհավատչյան,-
Եվ նրանո՜վ է դառնում երկիրը – երկիր,
Եվ ժողովուրդը – ժողովուրդ, և գալիքը – գալիք` անհողդողդ ու անճառ…»:

© Վահրամ Դանիելյան, 2009։

Share Button

2 Կարծիք

  • Arqmenik Nikoghosyan says:

    Նախ` Վահրամը սկսնակ գրականագետ չի, երիտասարդ լինելը սկսնակության ցուցիչ չէ: Երկրորդ` Վահրամի գրածն էլ գրախոսություն չի: Սա պատմվածքների բացառիկ հաջողված ընթերցում է, և պարոն Վերջնագրին ու Աննային կուզեի խորհուրդ տալ` դատողություններ անելուց առաջ տիրապետել նյութին: Ամբողջովի’ն: Թե չէ դիլետանտի մակարդակով խոր նյութի մասին դատողություններ անելն ուղղակի ծիծաղելի է: Իսկ “Վաղուց այսքան կողմնորոշված, գրականության բոլոր ճիշտ չափանիշներն իմացող անձնավորություն” չհանդիպած Վերջնագրին եղբայրորեն խորհուրդ եմ տալիս` Մի քիչ շատ կարդա, եղբայր, կամ քույր, մի քիչ շատ կարդա…

  • Arqmenik Nikoghosyan says:

    Էս վերջերս, ով նեղն է ընկնում , չգիտես հիշում է համաշխարհային գրականությունը (ես իմ մենաբանության մեջ համաշխարհային բառն անգամ չեմ օգտագործել) կամ 37 թվականը (ախր դու չգիտես էլ, թե իրականում ինչ մթնոլորտ էր այն ժամանակ): Իմ ասելիքն այն է հենց, որ հանդուրժող լինենք, տեսնենք լավը, արդար լինենք ու գնահատենք էն նորը, որ կա մեր ժամանակներում: Ու կարդանք, կարդանք, կարդանք, խոսելու ու գրելուց ավելի:

Comments are closed.