ՎԱՉԵ ԵՓՐԵՄՅԱՆ | Ավերվող իրականությունը և վերելքի բանաստեղծությունը

Մարդկանց աշխարհն այլևս տեսանելի չէ (եթե չասենք` գոյություն չունի), արդեն սպառված են անվնաս արժեհամակարգերը, գրեթե անդառնալի է որևէ սահմանագծի գիտակցումը: Դեռևս թույլ բաբախում է միայն լուսանցագիծը, որը փոքրիկ հնարավորություն է թողնում լուսանցքում հայտնված Միայնակին իբր հավատալու գոնե Մարդու Ժամանակի ներկայությանը: Երբ լուսանցքից ձախ իրականության փլատակներն են, իսկ աջ կողմում Մարդու անորոշ դադարը, մի ելք է մնում, վերջին ելքը. ավերվող Ձախ Կողմը հավասարակշռել ուղղահայաց Խոսքով կամ Լեզվի վերադարձով առ ճշմարիտ ոլորտ: Այս դեպքում անխուսափելի է երկու իրականությունների գիտակցված առանձնացումը:
Բանաստեղծ Թադևոս Տոնոյանը ողբերգական համավիճակից ելնելու մշակութաբանական գործողություն է առաջարկում. «Ե՛Վ բանաստեղծի, և՛ ընթերցողի համար Պոեզիան Մեղքից խուսափելու ճանապարհն է»: Այս ձևաբանության մեջ նշանավորվում են ոչ այնքան այլևս մեղք չգործելու, այս պահից սկսած՝ մեղսական գայթակղությունները շրջանցելու, կամ վերջապես ուշքի գալու՝ բազում անգամ փորձարկված ու նույնքան մոռացված գործողությունները, որքան ծածկագրված է Վերադարձի գիտակցման մշակութաբանական արարքը, ինչն առարկայորեն տեսանելի –ընկալելի գործողությունների համեմատ գրեթե անհնար տևողություն է: Բայց քանի որ «Մեղքից խուսափելու» – Երկնքի մշակութաբանական իրականություն վերադառնալու հնարավորությունը հոգևոր ընթացք է, ուստի Թ. Տոնոյանը բանաստեղծության և ընթերցումի հավասարարժեք ջանքն է կամենում /«և՛ բանաստեղծի, և՛ ընթերցողի համար…»/:
«Երկնքից առաջ» ժողովածուում Երկրի մշակութաբանական ավարտը Թ. Տոնոյանը հայտնաբերում է ներքևից վերև աստիճանակարգված քայլաշարի շրջանակում, որի ներսում նշանակալի բոլոր առարկայացումներն ընդունում են խորհրդանշանի ձևիմաստ: Սա անթերի կերպընկալում է, քանի որ բանաստեղծությունը խորհրդանշանների իրականություն է նաև: Երկրի մշակութաբանական ավարտը գիտակցվում է որպես հենց խորհրդանշանների անկում, սպառում, անհետացում, ընդ որում՝ իմաստային և խնդրառական վայրէջքի մեջ են թե՛ պատմա-տարածական և թե՛ հոգևոր-մշակութաբանական խորհրդանշանները. «Մենք, որ արդեն լերդացել ենք, ավաղ, / Տիրոջ կտավին ու ամեն բանում…»:
Մահամերձ մշակույթին կա՛մ հաջորդում է կանխատեսվող Վայրից վարհոսող փրկիչ համակարգը /Երկնքի մշակույթ/, կա՛մ անհայտ Անորոշից ընդառաջ է գալիս անանուն դոնդողը /պատմա-քաղաքակրթական հանգրվան/. նման համավիճակում խորհրդանշանները կարող են դրսևորվել երկակի խնդրառությամբ: Իմացա- կամ մշակութաբանական կշռույթ ունեցող Ազատություն խորհրդանշանը Թ. Տոնոյանի բանաստեղծության մեջ բացահայտվում է քաղաքակրթական մեկանգամյա գործողությամբ.-« Որ ազատության որոմը մարդու տունը չքանդի»: Այս նշանաշարի թիկունքում ճանաչելի իրականության պատմական ճակատագիրն է ենթադրվում. Ազատություն և Տուն մշակութաբանական ձևույթները հակակշռված են Որոմ և Քանդել պատմա-քաղաքակրթական նշանակերպերով և, ավա˜ղ, մեր դեպքում նրանք են զորեղ:
Բանաստեղծի սահմանադրած իրականության մեջ Երկրի մշակութաբանական ավարտը բացահայտող խորհրդանշանների կարգն անվրեպ է ընտրված-Տիրոջ կտավ, Ազատություն, Տուն, Հայրենիք: Ընդ որում, Հայրենիքը, ի տարբերություն նախորդ երեքի, Երկնքի մշակույթը կամ Երկնային ժամանակն իր մեջ ամփոփող նշան չէ, այլ կործանման գիտակցումն ունեցող մարդու Ներքին Երկրի կամ պատմական ժամանակի ընդհանրացում, ուստի՝ պատահական չէ, որ մշակութաբանական Վերադարձի տևողության մեջ նա բացակա է լինելու: Հայրենիքը մարդկանց աշխարհի կամ պատմության տարածա- ժամանակային չափումների մեջ է մնում՝ «անունով հնչեղ» նշանաշարն այդ է վկայում.- Անունը տարածության մեջ է ընթեռնելի, Հնչեղը ենթադրում է պատմական ժամանակի տևողություն: Ահա պատկերն ամբողջությամբ, որի շրջանակներում ներկա է Երկրի մշակութաբանական ավարտի գիտակցված փաստը, և կանխատեսելի է Հայրենիք Անվան թափառումն արդեն անանուն ժամանակի հեռապատկերում. «Հայրենիքները անունով հնչեղ, / Հաշվում են վերջին մեր օրերն արդեն»:
Խորհրդանշաններից օտարված իրականությունն այլևս բանաստեղծական արարումների վայր չէ, մշակութաբանական ճակատագրերն այստեղ ընթեռնելի չեն, քանի որ «չինական պարիսպ» է քաշված Երկնքի մշակույթը ճանաչելու և Երկրի մշակույթը նրա նմանությամբ իմաստաձևելու գուցեև հնարավոր փորձի միջև.
Էլ ոչինչ չունենք տալու-առնելու,
Կռիվն ենք տալիս այսաշխարհային,
Այնինչ ուրիշ տեղ էլ չի հառնելու
Հանճարն արաբի, հրեայի, հայի…

Խորհրդանշանների վայրէջքը կամ Երկրի մշակութաբանական վախճանը զմռսվում է համատարած Ոչնչի իշխանությանն անհամբեր սպասող իմացաբանական նշանի ծրարում.- «Թեև…այստեղ էլ ցրտում է արդեն, /ու Վերջն է գալու»: Ցուրտ-Վերջ նշանազույգն անթերի է ընտրված: Թ Տոնոյանի նշանավորած Երկրի մշակութաբանական վերջին հոգոցի մեջ լսելի է ոչ թե «Աստված մեռած է» եղերական հնչերանգը, այլ արթնանալու հնարավորությունը չբացառող համազարկը՝ «այսօր արդեն չկա Աստված, ով ի զորու լինի իր ժողովրդին առանձնացնել ուրիշներից» (Ժ. Բոդրիար) հաստատման առոգանությամբ: Ասում եմ՝ չբացառող արթնություն, քանի որ Անուն-Ժողովուրդն ինքն է շարադրում Վերադարձի Հրավերքի տեքստը: Այս կետից էլ սկիզբ է առնում Թ. Տոնոյանի բանաստեղծության «երկրորդ կյանքը», և նշանավորվում է Երկնքի մշակութաբանական Վերադարձի կամ խորհրդանշանների իրականության ևս մի տարբերակման հնարավորությունը: Խնդրառական այս շրջանակում նույնպես բանաստեղծը անվրեպ ընտրված խորհրդանշանների խմբանկար է տեղադրում: Ընդ որում, խորհրդանշանները միայնա՛կ ու միագիծ չեն համակարգվում, այլ հայտնակերպվում և ճանաչվում են արտացոլումների համադրման մակարդակում. Տիրոջ լույս-ծանոթ լեզու, Որդի-որդի, Հայր-հայր, Երկինք-Երկիր: Արտացոլք-անդրադարձումների իմաստային ստուգաբանումներն ուղեկցվում են համարժեք գործողություն- արարքներով, սուրբգրային խստակարգ հուշարարությամբ.
Տիրոջ լույս -«Մեզ ետ է կանչում հին, ծանոթ լեզվով», որդի–«Եթե կարող ես, երկիրն իմ բաժին քեզ վերադարձրու/ Եվ ում սրտում կա մի կտոր երկինք, բաժանիր նրան»,
Որդի–«Աշխարհի վերջում՝ / Երկնքից առաջ, / Խա˜չ են բարձրանում…», հայր-Հայր–«Ես Հորս տեսա. ճակատին՝ առկայծ / Կաթիլն իմ արյան, ու ձեռքին կնգուղ»:
Երկրի ու Երկնքի մշակութաբանական համատեքստերը գրառվում են նույնական խորհրդանշաններով, բանաստեղծն ու ընթերցողը նույն ճակատագիրն են կրում, Անուն-Ժողովուրդը կարող է զատվել անանուն բազմությունից.- Երկնքի մշակութաբանական Վերադարձի նախապայման- համառոտագիրն է սա, ուստի՝ առարկայորեն տեսանելի է Թ. Տոնոյանի նկատած նշանապատկերը. «Վերջին չուն դրախտ ճանապարհ ընկավ երեկ իրիկուն»…
Ի վերջո, Երկրի մշակույթի ու Երկնքի Մշակույթի, ուղղահայաց Խոսքի ու ճշմարիտ Տան, էպոսի Լուսանցքի ու Ձախ Կողմի փոխհարաբերությունները «Երկնքից առաջ» ժողովածուում բարձրանում ու էափոխվում են Որդի-Հայր երկմիասնության, ինչն ինքնին հետաքրքրական ձևաբանում է և մշակութաբանական գործողություն:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *