Հովհաննես Երանյան |Վարչապետի ազգականը

Հովհաննես Երանյան

Կարմիր լույսի տակ կանգնած մեքենայի ղեկին հնագետ Ղուկասն էր, կողքին՝ կինը: Երկուսն էլ թեև գցել էին ամրագոտիները, բայց ամուսինն այնպես ցնցվեց մեքենային հասած հարվածից, որ դեպքից դեռ քսան օր անց գոտկատեղում երբեմն բութ ցավ էր զգում:

Հարվածի ուժից պիտի որ ընդամենը մեկ ամիս առաջ գնած իր նրբին «Սոնատան» այլանդակված լիներ, սակայն նայելով սեփական մեքենայի ետնամասին՝ նրան թվաց, թե թյուրիմացություն է, ոչ մի բախում էր չի եղել: Հարվածի ոչ մի հետք չէր երևում և միայն ուշադիր զննելուց հետո հազիվ երկու փոքրիկ ճաք նկատեց:
Երևանը երևի աշխարհի միակ քաղաքն է, ուր տաքսի են քշում հումանիտար և ճշգրիտ գիտությունների դոկոտորներն ու անչափահաս դպրոցականը, սարկավագն ու թավջութակահարը, ըմբշամարտի օլեմպիական չեմպիոնն ու կուսակցության նախկին առաջնորդը, սննկացած գործարարն ու ի ծնէ ապուշը:
-Ա, դե ո՞վ ա հիմա օրենքով քշում, որ կանգնել ես կարմիր լույսի տակ,- ասաց տաքսու վարորդը «Սոնատային» մոտենալով:
-Իմ էշ խելքն ասա,- հեգնեց հնագետը զայրույթը զսպելով:
Ղուկասը նոր միայն նկատեց, որ տաքսին այլ բախումների չվերանորոգված հետքեր ունի:
-Զանգիր ապահովագրական ընկերություն, զավզակության ժամանակ չունեմ:
– Արդեն զանգել եմ,- ասաց տաքսիստը, մի տասը րոպեից կգան: Ախպերս, բժշկությունից ո՞նց ես,- հարցրեց բարեհոգի տաքսիստը և բացատրեց.
-Մեքնայիս միջի հղի ուղևորի ուշքն ա անցել, մտածում եմ հենց տաքսուս մեջ կամ կծննդաբերի կամ՝ կվիժի: Գլխովս անցած բան եմ ասում:
Մեքենայի հետևի նստատեղին կիսաթեք պառկած երիտասարդ կինը տնքում էր:
-Օգնեք, դուրս գամ, խնդրում եմ,-շշնջաց տնքոցների արանքում:
-Չէ, նստեք, հիմա շտապ օգնություն կկանչեմ,- ասաց Ղուկասը:
-Կարիք չկա, ես լավ եմ, պարզապես մի քիչ վախեցա,- հրաժարվեց հղի կինը: -Ավելի լավ է մի ուրիշ տաքսի կանգնացրեք, որ ինձ տուն տանի: Մենակ թե սրա պես ապուշ չլինի:
-Չթողեցիր էլի, շաբաթը լրանա,- ասաց երկրորդ տաքսու վարորդն իր գործընկերոջը, և մինչ Աննան օգնում էր ձախով պայուսակը, աջով փորը բռնած կնոջը՝ իջնել ջարդոտված մեքենայից, Ղուկասը երկրորդ տաքսու վարորդին հարցրեց.
-Ճանաչու՞մ ես:
-Սրան ո՞վ չի ճանաչում, մի շաբաթ առանց վթար անցկացնի՝ որպես հիշատակ պիտի պատի մեջ մի մեծ մեխ խփի:
-Բա, ո՞նց են թույլ տալիս աշխատի:
-Վարչապետի ազգականն ա,- պատասխանեց երկրորդ տաքսիստը:
-Ազգականն է, թող փող տա, ասի՝ գնա ապրի, ոչ թե մարդկանց կյանքի հետ խաղա:
-Էդքան հարազազատ չեն, որ իր փողերից տա, բայց էնքան հեռու էլ չեն, որ անգործ թողնի, իր ծառայությունում ա տեղավորել:
Շաբաթներ անց ապահովագրական գործակալությունից տեղեկացրեցին, որ հնագետը կարող է իր փոխհատուցումը ստանալ բանկից, եվ ամեն ինչ հենց այդտեղ էլ սկսվեց: Բանկի գրասենյակ մտնելով՝ Ղուկասը տեսավ, որ կոկիկ համազգեստ հագած հինգ աշխատակցուհիներից միայն մեկն է ազատ: Հաճույքով մոտեցավ, որովհետև հասցրեց նկատել, որ հինգի մեջ նա ամենագեղեցիկն էր: Նա հեշտ մտերմանալու տաղանդ ուներ, մանավանդ բանկերի, սուպերմարկետների կամ այլ տեղերի համազգեստավոր կանանց ու աղջիկների հետ: Դեռ հեռվից կարդաց անունը կրծքանշանի վրա ու ասաց.
-Բարև, Լիզա, կարելի՞ է:
-Այո, նստեք- առաջարկեց աղջիկը հերթապահ ժպիտով:
Հետո երկուսն էլ սկսեցին զննել: Լիզան նրա ձեռքից վերցրած փաստաթղթերը, իսկ Ղուկասը՝ հենց աշխատակցուհուն: Երկար, գայթակղիչ պարանոց ուներ, կաթնագույն մաշկ, նշաձև աչքեր, ու բնական հյութալի շուրթեր: Հենց այն էր, ինչ հնագետը որոնում էր կանանց մեջ, և եթե երբևէ հարցնեին, թե որ կանանց է գեղեցիկ համարում, նրա նկարագրածը շատ ավելի նման կլիներ բանկի աշխատակցուհուն, քան կնոջը՝ Աննային, ում դեռ սիրում էր, կամ համոզված էր, որ սիրում է`չնաայած անբախտությանն ու մշտական վեճերին: Մեկ համակարգչին, մեկ թղթերին նայող Լիզան զգաց տղամարդու հեշտ մատնվող հիացումը: Մի անգամ էլ նայեց հաճախորդին ու ժպտաց:
– Տարօրինակ է,- ասաց Լիզան,- թղթի վրա նշված օրվա փոխանցումների մեջ ձեր անունը չկա:
– Ու ի՞նչ,- ամեն մի բյուրոկրատական քաշքշուկից գլուխն արագորեն կորցնող հնագետն այս անգամ այնքան էլ չէր նեղսրտում:
– Հիմա նախորդ ու հոջորդ օրերի ցուցակներում էլ կփնտրեմ,- ասաց Լիզան, իսկ Ղուկասը նրան չլսեց էլ, որովհետև վիզը երկարելով նայեց համակարգչի վրա կտկտացնող մատներին ու մատանիների տեսակներից հասկացավ, որ ամուսնացած չէ:
– Այստեղ էլ չկա,- ասաց Լիզան,- բաժնանմունքի վարիչից պիտի հարցնեմ, թե ինչ անեմ:
Վեր կացավ, քայլեց դեպի խորքի դուռը: Սպիտակ վերնաշապիկն ու ոտքերը պիրկ գրկած բաց կապույտ տաբատը հրաշալիորեն ընդգծում էին սլացիկ մարմնի առավելությունները: Թեև բանկում բոլորն էին այդպես հագնված, սակայն Ղուկասին թվաց, թե մնացած բոլորն ուղղակի ընդօրինակել են Լիզային: Ղուկասը լսեց բարկացած տղամարդու խուլ ձայնը: Լիզան վերադարձավ գունատված:
-Հիմա զանգ կտամ ապահովագարական գործակալություն,- ասաց ու կրկին ժպտաց:
Այնտեղից հայտնեցին, որ Ղուկաս Սեյրանյան անունը կա ցուցակում:
Լիզան մի անգամ էլ իր առջև դրված համակարգչային էկրանի վրա անցավ հայացքով, և դեմքը հանկարծակի կարմրեց: Ինչպե՞ս չէր նկատել, հիմա ի՞նչ ասի այցելուին, իսկ բաժնի վարիչին ո՞նց բացատրի:
-Տարօրինակ է,-կմկմաց,- ահա, Ղուկաս Սեյրանյան:
-Փաստորեն մի քիչ անուշադիր էինք,- բարեհոգի ժպտալով ասաց Ղուկասը:
Լիզան նույնպես ժպտաց: Անփութության մեղքը կիսելու պատրաստակամությունը երախտագիտությամբ լցրեց նրա սիրտը, և նա կառչեց այդ մտերմիկ ու հասարակ քաջալերանքից՝ օրվա տհաճության ճահճից խուսափելու համար:
Մնացած ամեն ինչ անցավ ինչպես բոլոր բանկերում. ստորագրություն, քաղվածք, գանձապահից ստացած գումար ու կտրոն: Եվ վերջ: Բայց Ղուկասը չէր շտապում, ոտքերը մեխվել էին, թեև կինը մեքենայի մեջ սպասում էր: Դռան մոտ շրջվեց ու տեսավ, որ Լիզան էլ սիրալիր ժպիտով իրեն է ուղեկցում: Բանկային աշխատողի հերթապահ ժպիտը չէր:
Մինչ տեղ հասնելը, Ղուկասը խղճի խայթ զգաց մեքնայի մեջ սառչող Աննային մենակ թողնելու համար, չշտապելու համար, ինչ որ կնոջ հմայքով թեև դեռևս անմեղ, բայց թաքուն ու ակամա տարվելու համար:
-Պարզվեց`ոչ թե երեսուն է, այլ յոթանասուն հազար դրամ,-ասաց կնոջը մեքենայի դուռը փակելուց հետո:
Նրանք այդ փողի կարիքը չունեին, կամ գոնե դրա հույսին չէին: Դեռևս խորհրդային վերջին տարիներից փայտե արկղերի գործող արտադրամասը, որ Նահանգներ մշատական բնակության մեկնելուց առաջ կնոջ հայրն էր նրանց թողել`կայուն եկամուտ էր ապահովում: Ղուկասը ամիսը մեկ կամ երկու անգամ էր լինում քաղաքի ծայրամասում գտնվող այդ ցեխում: Գործը ղեկավարում էր մանկության ընկերը, իսկ ինքն ավելի շատ զբաղվում էր հնագետի իր սիրած գործով: Աննան էլ, թեև ինքն էր տնօրինում սեփական գեղեցկության սրահը, և ամեն օր էր մտնում այնտեղ, սակայն խոստովանում էր, որ դրա հարկը չկա, և ինքն ուղղակի սովորույթ է դարձրել աշխատող կամ այցելու աղջիկների հետ չաչանակությամբ պարապության ձանձրույթը մեղմելը:
Լիզային հանդիպելուց ընդամենը երկու օր անց կրկին ստիպված էր բանկ մտնել: Քթի տակ խնդմնդաց, երբ աղջիկը հեռախոսով հայտնեց, որ իր աշխատանքային սեղանին է թողել սոցիալական քարտը:
-Հեռախոսիս համարն ինչպե՞ս ճարեցիք,- հարցրեց Լիզային:
-Ապահովագրական ընկերության թղթերի վրա երկու համար էիք նշել:
Հետո վերցրեց փաստաթուղթը, պիտի արդեն գնար, մանավանդ որ հիսունի մոտ մի կին անհամբեր սպասում էր իր հերթին, բայց չգնաց:
Լիզան զգում էր, որ այս տղամարդն իրենից չի կարողանում կտրվել:
-Չեղավ, չեղավ,- կմկմաց Ղուկասը,-անարդար է, որ դուք իմ համարն ունեք, իսկ ես ձերը`ոչ:
-Ունեք համարս, ես ձեզ իմ անձնական հեռախոսով էի զանգել,-պատասխանեց Լիզան փոքր ինչ շիկնելով:
Էլի շատ անգամ էր պատահել, որ նկատել էր տղամարդկանց ձգձգումը, իր հետ փոքր ինչ ավելի երկար շփվելու մղումը, բայց առաջին անգամն էր, որ ինքն էլ չէր ուզում, որպեսզի շուտ բաժանվեին, ուստի, նայեց հերթին սպասող կնոջ կողմը`համոզվելու, որ չի լսում և մի քիչ էլ շառագունելով՝ չափազանց համարձակ մի հարց տվեց.
-Դուք այն օրը ձեր քարտը պատահականորեն չթողեցիք այստեղ, ճի՞շտ է:
Ղուկասը ժպտաց:
-Ուրեմն, մատնվե՞լ եմ: Բայց դուք դեռ այն ժամանակ կարող էիք զգուշացնել, ճի՞շտ է:
Լիզան կարմրեց և քրտնահատիկները վարկենապես թրջեցին ճակատը.
-Եթե հիմա այդպես չկարմրեիք, Լիզա, ես կջնջեի Ձեր համարն իմ հեռախոսից, իսկ հիմա չգիտեմ, թե ինչ անեմ:
Հնագետը երևի էլի մի երկու բառ կասեր, եթե անսպասելի սրահ չմտներ բաժանմունքի վարիչն ու ատամները կրճտացնելով աշխատակցուհուն չնետեր.
-Սա բանկ է, ոչ թե Սիրահարների այգին:
Ղուկասն այդ գիշեր Աննայի նկատմամբ ավելի սիրալիր եղավ և անկողնում՝ ավելի կրքոտ: Իրենց մարմինների պագշոտ մեկտեղման քրտինքի ծովում նա առանց ըմբռնելու փորձում էր թաղել Լիզայի ճակատի ամոթխած թացությունը: Երեք օր նա նախաքրիստոնեական քաղաքի ավերկների վրա նստած միացնում ու անջատում էր հեռախոսը, երկար նայում էր Լիզայի համարին, 0-ն նրա շուրթերին էր նման, 8-ը աչքերին, 9-ը հոնքերին: Նա առաջին անգամ նկատեց, որ արաբական թվերը շատ գեղեցիկ են: Ապահովության համար Լիզայի անվան փոխարեն հեռախոսահամարը հաստատել էր Bank բառով, սակայն դամբարանադաշտում դա նրան թուլամորթություն թվաց և ջջնջելով այն՝ Ղուկասն առանց վարանումի գրեց Liza, և հիացավ նաև լատիներեն տառերի գեղեցկությամբ: Հաջորդ օրը երկար տատամսումից հետո վերջապես զանգեց:
Լիզան կամ իսկապես չէր հիշում Ղուկաս Սեյրանյան անուն ազգանունը, կամ`ձևացնում էր: Հետո մտաբերեց և կրկնեց իրենց զրույցի այն նախադասությունը, որն ամենից շատ էր գրավել իրեն. «Հա, փաստորեն անուշադիր էինք, չէ՞, ճի՞շտ եմ հիշում»:
-Այդպիսի բա՞ն եմ ասել,- կմկմաց, թեև շատ լավ հիշում էր,- իսկ ձեր ղեկավարը մեզ Սիրահարների այգի ուղարկեց:
-Տես, տես, թե ինչ հանեցի,- փոշին մաքրելով գործընկերուհին ցույց տվեց հինավուրց խեցեղեն գտածոն:
– Ժամադրության ակնա՞րկ եք անում:
-Կռահեցիք, Լիզա:
-Կներեք, Ղուկաս, չեմ կարող,- պատասխանեց Լիզան, և մինչ տղամարդը վիրավորված սեփական թուլակամությանից, ինքն իրեն երդվում էր, որ այլևս երբեք չի հիշի նրան, աղջիկը հանկարծ ասաց.
-Իսկ, գուցե վա՞ղը: Ու ոչ թե Սիրահարների այգում, այլ սովորական մի սրճարանում:
Ղուկասի դեմքի գույնը տեղն եկավ, ժպիտը` նույնպես:
-Լիզա, ես մայրաքաղաքից շատ հեռու եմ, և հանդիպումը ոչ այսօր էի ուզում, և ոչ էլ վաղը: Երևանում կլինեմ հանգստյան օրերին:
-Լավ,- մեկ հատիկ բառով զրույցն ավարտեց Լիզան:
Առաջին հանդիպմանը գնալիս տղամարդու վարանումը շատ թույլ էր: Իրար ձեռք սեղմեցին հին ընկերների պես ու նստեցին բացօթյա սրճարանի անկյունում, ծառի շվաքին դրված սեղանի շուրջ:
-Կարելի՞ է ձեզ Լուկա ասեմ: Ղուկասը մի տեսակ հին է, ավետարանային:
Ղուկասին դուր եկավ այս մտերմիկ ձևը, որովհետև առաջին անգամ իրեն այդպես կոչեց Աննան, երբ դեռ նոր էին ծանոթացել, ուստի շտապեց առիթից օգտվել.
-Լիզա, արի դու-ի անցնենք, լա՞վ,- առաջարկեց Ղուկասը:
-Լավ, Լուկա: Կասե՞ս, թե ինչու ես մատանիդ հանել, ուզում ես ամո՞ւրի ներկայանալ:
-Ախ ահա, թե ինչի ցուցակում չէիր գտնում անունս: Ինձ թվում էր, թե ես եմ քեզ տնտղել, մինչդեռ…
-Մենք էլ մի քիչ պեղել գիտենք, պարոն հնագետ:
– Մասնագիտությո՞ւնս որտեղից ես պեղել:
-Տղամարդու հետ հանդիպման գնալուց առաջ սովորություն ունեմ մի քիչ ինտերնետը տնտղել:
-Շա՞տ են էդ տղամարդիկ:
-Չէ, շատ չեն,- պատասխանեց Լիզան փոքր-ինչ սրտնեղած:
-Բաժնի պե՞տն էլ: Աշխատանքային զայրույթվ չէր լցվել, չէ՞, այլ՝ խանդով: Նրա հետ Սիրահարների այգո՞ւմ ես հանդիպում:
Այս անգամ Լիզան չժպտաց: Թաքցրեց հետաքննության նմանվող խաչաձև հարցերից իր դժգոհությունն ու ասաց.
-Չէ, նա ինձ դուր չի գալիս: Շատ բութ մարդ է:
Ղուկասը որսաց նրա դժգոհությունն ու շտապեց մեղմել տպավորությունը:
-Կներես, Լիզա, ես շատ առաջ ընկա:
-Այսինքն եթե ոչ այսօր, ապա մի օր ուրեմն այնհուհանդերձ տալու էիք նման հարցեր: Ես ուղղակի չգիտեմ կլինի այդ մի օրը, թե`չէ,-ակամա դուք-ի անցավ կինը:
-Դու հետաքրքրվեցիր իմ ամուսնական կարգավիճակով, ես էլ ինձ թույլ տվեցի հարցնել քո երկրպագուների մասին:
Երկրպագու բառը նորից ժպիտ ծնեց կնոջ շրթեզրին` ծուռ ու դառը ժպիտ:
-Լավ, գնանք:
-Ինչի՞ էսքան շուտ: Տասնհինգ րոպե էլ չկա, ինչ նստել ենք:
-Տեսնո՞ւմ եք, Ղուկաս, ժամանակն էլ շատ դժվար է անցնում ,-Լիզան արդեն ոտքի էր կանգնել:
-Ես ձեզ հիասթափեցրի՞, մենք էլ չե՞նք հանդիպի,- հրաժեշտի համար մեկնած նրա ձեռքը բռնեց Ղուկասը:
-Չգիտեմ,-շշնջաց կինն իր տասնյակ տրամադրություններ արտահայտող տարբեր ժպիտներից էլի մեկով ու գնաց:
Ղուկասը իրենց տան դիմաց երկար մնաց մեքենայի մեջ: Տուն մտնլ չէր կարողանում. «Ո՞նց եմ նայելու Աննայի աչքերին: Օտարին չկարողացա խաբել, հարազատին ինչի՞ խաբեմ»: Դավաճանությունը պոզով-պոչո՞վ է լինում»-մտմտում էր:
Նրանց համատեղ կյանքը դառնացած էր առանց երեխաների: Աննան ամուլ էր, և կնոջ նկատմամբ ամուսնու սիրո մեջ նվիրումի, հարգանքի, կապվածության հետ մեկտեղ նաև կարկացանքի նուրբ և անգիտակցելի բաժին կար:
Աննան այդ գիշեր էլ ամուսնուց անսովոր քնքշանք ու կիրք ստացավ:
-Քո հետ էս վերջերս ինչ որ բա՞ն է կատարվում, քեզ տասնութ տարեկանի պես ես պահում,- զարմացած հարցրեց Աննան և ի պատասխան լսեց.
-Նորից ու նորից սիրահարվել եմ իմ գեղեցկուհի կնոջը,-պատասխանեց Ղուկասը և դրա մեջ կեղծիքի նշույլ անգամ չկար:
Լիզան զանգ տվեց առաջին բաժանումից երկու օր անց:
-Կներես, ես ինձ վատ պահեցի: Եթե դեռ ուզում ես` կարող ենք էլի հանդիպել:
Նրա աչքերը կարմրած էին:
-Լա՞ց ես եղել,- հարցրեց Ղուկասը:
-Նկատելի է, հա՞- չժխտեց Լիզան,- չգիտեմ ինչպես վարվեմ էն անասունի հետ:
– Բաժանմունքի վարիչի՞:
-Հա, նրա, բա էլ ու՞մ: Չի ուզում հասկանա, որ զզվում եմ իրենից:
-Ի՞նչ է ուզածը:
-Ամուսնություն:
-Ասա, որ զզվում ես, իր հասկանալուն մի թող:
-Չեմ ուզում աշխատանքս կորցնել:
-Մի վախեցիր, չի կարող:
-Կարող է, բանկը վարչապետինն է, ինքն էլ նրա ազգականը, ինչ ուզենա`կանի:
-Ի՜նչ մեծ տոհմ ունի այդ վարչապետը:
Ղուկասն ուզում էր Լիզային պատմել վարչապետի ազգական տխմար տաքսիստի մասին, ասել, որ առանց այն վթարի իրենք չէին հանդիդպի, սակայն կինն ընդատեց նրան ու անսպասելի ասաց.
-Արդեն երկու անգամ հանդիպման եմ գալիս առանց մեքենայի, հույսով, որ մի թունդ բան կհյուրասիրես, իսկ դու պաղպաղակից այն կողմ չես անցնում: Եթե փողի հարց կա՝ ես կվճարեմ:
Հետո Լիզան թաշկինակով թաքուն սրբեց աչքերն ու ասաց.
-Խնդրում եմ, Լու, ինձ համար կոնյակ պատվիրիր:
-Հիմա, հիմա, Լիզա, կներես, որ չէի կռահել, միայն թե խնդրում եմ, անունս էլ մի կրճատի, տակը բան չթողեցիր, Լուկան ինձ ավելի էր դուր գալիս, քան էդ վերջինը:
Կոնյակի առաջին բաժակը դատարկելուց հետո Լիզան ասաց.
-Ուզու՞մ ես ներսում նստենք: Լարված ես, անընդհատ շուրջդ ես նայում: Բոլոր ամուսնացած տղամարդիկ են այդպես:
-Չգիտեմ, Լիզա, չգիտեմ,- պատասխանեց Ղուկասը ուղիղ նրա աչքերի մեջ նայելով, իսկ մտքում ավելացրեց. «Ես իսկապես չգիտեմ, թե ինչ անեմ, չգիտեմ, թե ինչի եկա այս համդիպմանը»:
Տղամարդը կարող էր մեքենայից չիջնել: Լիզան մատով ցույց տվեց ութերորդ հարկում վառվող լույսը, ասաց, որ շնորհակալ է իր շատ տխուր օրը լուսավորելու համար, համբուրեց այտը և բացեց «Սոնատայի»դուռը: Հետո՝ ժամեր, օրեր, ամիսներ ու անգամ տարիներ հետո Ղուկասը սեփական այդ քայլն արդարացնում էր, թե իբր նա շատ էր խմել ու կարող էր վերելակին չհասնել: Մի ձեռքով օրորվող աղջկա մեջքը գրկեց, մյուսով բռնեց ձեռքից և ուղեկցեց դեպի շքամուտքի աստիճանները: Լիզան իրոք գինով էր, հակառակ դեքում թույլ չէր տա ամառվա տապից բաց պատշգամբներում զովացող մի քանի հարևանի աչքի առաջ գրկել իրեն: Նրանց կարծիքի վրա թքած ուներ. մոր ականջներն ու նյարդերն էր խնայում: Երբ վերալակի դուռը բեռնատար վագոնի փեղկերի ճռինչով բացվեց, աղջիկը մի անգամ էլ ձգվեց տղամարդու այտը համբուելու, բայց այս անգամ շուրթերին հանդիպեց: Համբույրը տևեց այնքան, մինչև Ղուկասի ձեռքը, որ ուղեկցելու համար գոտկատեղին էր, իջավ մի փոքր ու սրթսրթաց անսպասելի պինդ գնդին հպվելու հաճույքից: Աղջիկը միայն թփացրեց նրա ձեռքին, ավելի ճիշտ՝ մատներով կտտացրեց և սողոսկեց վերելակի մեջ: Այդքան խոսուն ժեստ Ղուկասն իր կյանքի ընթացքում չէր տեսել: «Ես դեմ չեմ, որ դու ափով գրկես զիստերս, բայց ոչ հիմա և ոչ այստեղ»- առանց մի բառի, մի փաղաքշական մերժումով ասաց աղջիկը:
Նոր էր տուն հասել, և դեռ չգիտեր, թե ինչպես է հարաբերվելու կնոջ հետ, երբ Լիզայի զանգը անակնկալ տհաճության մեջ գցեց:
-Լուկա, ես քեզ հետ ինձ շատ լավ եմ զգում: Բայց ուրիշ բանի համար եմ զանգ տվել: Գիտե՞ս, իմ իսկական անունը Եղիսաբեթ էր: Ես այն փոխեցի, երբ չափահաս դարձա: Շատ էր հին ու ավետարանական: Բարի գիշեր:
Աննան քնած էր:
Ղուկասը գիտեր, որ միշտ երրորդն է լինում ճակատագրական, բայց ինքը զանգեց: Թեև աշխատանքային ժամ էր, բայց Լիզան չէր թաքցնում ուրախությունը:
-Վաղը երեկոյան,- ասաց հեռախոսի փողի մեջ ,- մեր տուն կգնանք, ես քեզ մորս հետ կծանոթացնեմ:
-Պարտադի՞ր է,- սրտնեղեց Ղուկասը,- էլի՞ մարդիկ են լինելու:
-Չէ, ես մայրիկի հետ մենակ եմ ապրում:
Պայմանավորված ժամից երկու ժամ առաջ զանգողն արդեն Լիզան էր: Ասաց, որ մայրը եղբոր տուն է գնացել: Քեռին վատառողջ է:
-Մենք մենակ ենք լինելու: Դու ուրա՞խ ես: Կտեսնես, թե բանկի աշխատակցուհիներն ինչ լավ խոհարար են:
Ղուկասը հասկացավ, որ աղջիկն այլևս միաժամանակ մերժող ու խրախուսող, իրականում պարզապես հետձգող խոսուն ժեստ չի անելու, չի դիմադրելու և միաժամանակ լցվեց անհամբերությամբ, բայց և առհասարակ գնալու տատամսումով:
-Ուրեմն ժամը վեցին, բանկի կանգառում,- մրթմրթաց մեքենայաբար:
-Չէ, կանգառում, բայց յոթին:
-Յոթի՞ն:
-Յոթին:
-Լավ, թող լինի յոթին:
Յոթից քարորդ պակաս Ղուկասն իր երկնագույն «Սոնատայով» կանգնել էր բանկի կանգառից քառասուն-հիսուն մետր հեռավորությամբ, գրպանում հին քաղաքի ավերակներից գտած կանացի արծաթյա բազկակալն էր, ձեռքով անընդհատ շոյում էր իր պեղած հին սափորի ուռուցիկ փորը, իսկ աչքերը չէր կտրում կանգառից: Նա արտասվում էր: Լալիս էր իր վճռականության պակասի, սրտամաշ տարակույսների, Աննայի ու Լիզայի համար: : Նա արցունքն աչքին շոյում էր սափորի զիստն ու հաստատ գիտեր, որ չի գտնի անհրաժեշտ կամքն ու համարձակությունը՝ իր նոր սիրո հետ հանդիպման գնալու: Ինչպես որ չգտավ համարձակություն՝ գնալու այն երկիր, ուր տենչում էր իր սիրելի կինը, այն երկիր, ուր նրա ծնողներն էին ապրում, այն երկիր, որը խոստանում էր բուժել նրան: Նա վախկոտ չէր, բայց կյանքը փոխել ամենամեծ օվկիանոսն անցնելով` չէր կարող: Սովոր էր խլուրդի նման հողը փորփրել ու գտածը սեփական աչքը խոթելով` մոտից նայել, տնտղել, հեռուները նրա հայացքին չէին տրվում: Ջրակալած աչքերով տեսավ , թե ինչպես Լիզան եկավ, շուրջբոլորը նայեց, հետո ձեռքի ժամացույցին ու սպասեց: Էլի մի քանի վայրկյան սափորի երկմտալի կողը շոյելուց հետո արագ գործի գցեց մեքանայի շարժիչն ու սլացավ փողոցով, անցավ կանգառը, առանց այդ կողմ շրջվելու: Բայց ահավոր դղրդյունն ու աղմուկը ստիպեց կտրուկ արգելակել: Նա հայելու մեջ տեսավ, որ մարդիկ են վազում կանգառի կողմ: Մի ջարդոտված տաքսի ծռել էր էլեկտրասյունը մայթի վրա: Նորից մեքենան պոկեց տեղից, դանդաղ վարեց երեք-չորս րոպե, հետո խախտում անելով՝ ջրջադարձ կատարեց ու սլացավ դեպի իր վթարված ժամադրավայրը: Տեղ հասավ այն պահին, երբ փակվեցին դռներն ու շտապ օգնության մեքենան հեռացավ ողբալի ազդանշաններով: Նա հասցրեց տեսնել Լիզայի արնաշաղախ մարմինն ու այլանդակված դեմքը: Այն այլևս գեղեցիկ ու սիրելի չէր: Երկու երիտասարդ ոտքերով ծեծում էին տաքսու վարորդին:
-Դու սպանեցիր քրոջս, սպանեցիր- գոռում էր նրանցից մեկը: Երբ մարդիկ խլեցին նրան ծեծողների ճանկերից, Ղուկասը ճանաչեց վարչապետի ազգական տաքսիստին: Քիչ անց բանկից վազեվազ եկավ նաև բաժանմունքի վարիչը:
Ոստիկաններից երկուսը տեղազննում էին անում, մյուս երկուսը տաքսիստին մեքենա նստեցնելով`տարան իրենց հետ:
Ղուկասը մոտեցավ վարչապետի ազգական պետին ու հարցրեց.
-Ձեր աշխատակցուհին իսկապես մահացե՞լ էր:
-Քո ի՞նչ գործ, հա, տեղում մահացել էր:
Այդ գիշերն ամուսնական կյանքի ութ տարիների ընթացքում առաջինն էր, որ Աննան չգիտեր, թե ուր է իր ամուսինը: Եկավ լուսաբացին, հարբած, կարմրած ու գրգռված դեմքով ու շիկացած նյարդերով: Կինը ոչ մի հարց չտվեց, օգնեց, որ շորերը հանի ու անկողին մտնի, հետո հյուրասենյակից լսում էր, թե ինչպես է անկողնում սնկրտում:
«Ես, ես, ես եմ մեղավոր: Որ վախկոտի պես չփախչեի՝ նա չէր մեռնի»,- երեք անգամ կրկնված հոգոց-նախադասությունը թեև ամեն ինչ չէր ասում, բայց Աննային հուշում էր, որ նրա հետ մի մեծ դժբախտություն է պատահել: Ողբերգություն, որից ինքն անտեղյակ ու անմասն է: Հետո եկան հարցերի ու վեճերի օրերը: Սեփական թուլակումության մեղքը կիսող էր պետք, և Ղուկասն ավելի հարմար մեկին չէր կարող գտնել, քան կինն էր: Ի վերջո, վթարից մեկ ամիս անց բառերը նրա մտքում ստոր դասավորություն գտան: «Ես իմ նոր սերը զոհեցի հանուն հնի, հանուն արդեն անցածի»: Տղամարդու եսասեր հոգում մեռնողն այն չքնաղ աղջիկը չէր, այլ իր սաղմնավորվող զգացումը, որին նոր սեր անունն էր տվել: Օղուց մշտապես գրգռված ուղեղը չհասկացավ, որ պետք չէ հակադրել երկու կանանց, որ դա օտարացման, ուրացումի և բաժանման ուղին է: Եվ այդ օրը եկավ, երբ Աննան մեկ անգամ էլ խնդրեց ամուսնուն`թողնել բոլոր հուշերն ու միասին մեկել ծնողների մոտ:
-Գնա, առանց ինձ գնա, գնա բուժվիր, ծնողներդ քեզ էնտեղ երկրորդ անգամ երևի կպսակեն, երեխա էլ կունենաս:
Աննան գնաց: Ոչ ինքը, ոչ էլ հայրը երբևէ չակնարկեցին արկղերի արտադրամասի մասին: Ղուկասն ինքը բնական համարեց իր հեռանալը: Մի քանի տարվա խմելու փող ուներ: Ուներ նաև այն ժամանակ, երբ հեռացրեցին արշավախմբից: Վաղուց չէր նստել «Սոնատան», պահպանել էր միայն սթափ վարելու սվորույթը: Ոչ գնալու տեղ ուներ, ոչ էլ սթափության ժամանակ: Դեռ մի քիչ մնացել էր նախկին կուտակածից, երբ վաճառեց մեքենան: Իսկ այ, բնակարանը ստիպված էր ծախել: Առաջին երկու տարվա ընթացքում ռեստորան, կամ բար էր մտնում, հյուրասիրւմ նաև պատահական ծանոթուհիներին: Կանանց հետ հարաբերվելու այլևս ոչ մի հոգեկան երկվություն, տարակույս կամ տատամսում չուներ: Երկար փնտրեց, բայց այդպես էլ այդ կանանց մեջ չգտավ մեկին, ում կպատմեր, թե ինչպես է իր հին՝ անցած սիրո պատճառով սպանել նորը: Հետո սկսեց խանութից գնել և խմում էր մենակ: Կարողացավ երկհերթ պահակության ընդունվել երկաթեղենի բազայում և հենց պահակակետի տնակում էլ ապրում էր: Աննայի հեռանալուց ութը տարի անց միայն նա առաջին անգամ երերուն քայլերով մոտեցավ ծանոթ բանկի այն նույն գրասենյակին, որտեղ իր կյանքի գլխավոր դրամայի նախերգանքն էր խաղացվել: Համազգեստավոր հսկիչն ասաց, թե ուշացել է, որ բանկը հենց նոր փակվեց: Նա նստեց կանգառի նստարանին ու անորոշ, անստույգ հայացքը սահեցնելով արագ սլացող մեքենանրի հետևից ինչ-որ մտատանջության մեջ ընկավ. արժե՞ շարունակել լինել: Կանգառի նստարանին ազատ տեղ կար, բայց ոչ ոք այդպես էլ չնստեց նրա կողքին:
-Ղուկաս, Ղուկաս, դո՞ւ ես,- թվաց թե երազում է լսում::
Նա ճանաչել էր սրընթաց ծերացած, նկատելիորեն ճաղատացած մարդուն՝ նույնիկ հնամաշ շորերի մեջ, իսկ ինքը մի քանի րոպե դեռ պիտի իր տարտամ հայացքով զննելու փորձ աներ իր անունը տվողին: Մտաբերելուց հետո կարողացավ զսպել ցնցումն ու խռովքը, և շշնջաց.

-Սխալվել եք, քույրիկ, ես Ղուկասը չեմ:
-Դե լավ, դերասանություն մի արա: Ոնց որ տեսնում ես՝ դեռ էստեղ եմ աշխատում: Հիմա ես եմ բաժանմունքի վարիչը: Գիտե՞ս, միշտ ուզեցել եմ գոնե մեկ անգամ քեզ տեսնել ու խնդրել, որ ներես այն օրվա համար: Էն անաունը, վարիչը հասկացել էր, որ ժամադրության եմ շտապում ու վերջին պահին երկու ժամվա գործ դրեց ուսերիս:
-Չէ, դու այդ օրը մեռար, ես տեսա քեզ մեռած:
-Չգիտեմ՝ ծնվեցի՞, թե՝ մեռա:
-Չէ, մեռար, ես քեզ սպանեցի:
-Տես, ամուսինս է գալիս, բանկի կառավարիչը: Պարզվեց, որ վարչապետի բոլոր ազգականները չէ, որ վատն են:
Ղուկասը շրջվեց ու տեսավ փողկապավոր, կնոջից ակնհայտորեն երիտասարդ տղամարդուն, որը չորս-հինգ տարեկան շիկամազ աղջնակի ձեռքը բռնած՝ ժպտալով մոտենում էր: Հետո աղջիկը թողեց հոր ձեռքն ու վազելով հասավ մորը, գիրկը թռավ:
-Անուշս, անուշիկս,- համբուրեց մայրը երեխայի այտերը,- հետո վերջին անգամ դիմեց Ղուկասին.
-Դե, մնաս բարով, այս անգամ ոչինչ չես մոռացել ինձ մոտ:
-Կներեք, քույրիկ, դուք երևի ինձ ինչ-որ մեկի հետ շփոթում եք:
Ղուկասը քայլում էր ու զգում կնոջ հայացքն իր թիկունքին, քայլում էր ու երևակայում, թե նույնիսկ իր կործանված կյանքի համար նրա արցունքների աղիությունն է զգում բերանում: Հետո հանկարծ մի բա հիշեց, շրվեց, գոչեց. «Սպասեք, սպասեք», ու անուժ ոտքերով դեպի կարմիր «Սոնատան» վազեց: Կինն իջեցրեց վարորդի դռան ապակին:
-Աղջիկը քո՞նն է,- հարցրեց նրան Ղուկասը,- ուրեմն էնտեղ իրո՞ք բուժվեցիր:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *