ՎԵՐԱ ՊԱՎԼՈՎԱ |Առավոտ շուտ մայրիկը շտապեց գործի

Վերա Պավլովա

Մեղքերիս թողություն եմ տալիս,

արձակում մազերիս պես երկար`
ուսերիս: Թողություն տվողը
բոլորիս պարտքերին
սիրում է տաղեր ու կանանց`
արձակված մազերով մեղքերի:

 

***
Ինչպես Միրիամը, ինչպես Ժաննան`
կույս ես, ինչքան էլ խուժանանաս,
երևակայես, թե ձախ ես գնում
սրա-նրա հետ, էրեխով մնում,
ուր էլ որ գնաս ու քանի անգամ,
մեկի հետ կամ էլ ոչ միայն մեկի,
սե՛ր, կույսն ես, կույսն ես հավիտենական,
անվախճան սկիզբ:

 

***
Առավոտ շուտ մայրիկը շտապեց գործի:
Ու մխտռվեց երկինքը ալ լուսաբացից:
Անմեղությո՞ւն: Թող կորչի: Ճիշտ ժամանակին
գնա՜ց գիշերն առաջին` սեպտեմբերմեկի
առավոտից սկսած: Դեռ երեկոյան
խոսք տվեցի ու տեր եմ: Ահա` ստացի՛ր:
Ցանկապատի տակ անվարժ գրկելու համար
ժամանակն է` հատուցես արդեն սիրածիդ…
Ուրեմն հենց սա՞ է, որ ասում էին` կին:

 

***
Բռնվեցի՞ր, բարեկա՛մս: Վանդակում ես,
բջիջներիս յուրաքանչյուր վանդակի մեջ,
ու կարող եմ մի վանդակից քեզ քանդակել,
ապրեցնել, ինչպես շնչող հոլոգրամը,
ինչպես Ադամ`
քեզ – Եվայի միլիգրամից:

 

***
Կաշվից դուրս եմ գալիս, որ քեզ մաշկով զգամ:
Մռութներով` տարբեր, նույնն ենք մաշկով –
մենք մաշկով ենք զգում` անկարելին եկավ.
ցուրտը` մաշկը պատած, տապը` մաշկի ներքո:

 

***
Ինձ նկարիր զրահակիր`
մերկ մարմնիս վրա
զրահներ եմ կարծես հագել
խալաթի տեղ ահա,
զրահներ եմ կարծես հագել
լողանալուց հետո,
ու փոքր են կարծես վրաս,
ու խեղդում են հերթով:

 

***
Ես քո հուշարձանն էի
անձեռակերտ:
Ես հիմա հուշն եմ ձեռքերի
քո համառ,
արձանագո՛րծ իմ: Տղամարդու
աստվածային գործն է`
քանդակե՛լ:
Իմը` փշրտել մարմինս տառ առ տառ`
Այբից Քե:

 

***
Նստես գետափին
ու ջուրը գցես
բոլոր հոգսերդ,
ու նայես ոնց են
լող տալիս հեռու,
հոսանքով ներքև,
ու չեն էլ սկում –
էնքան թեթև են:

 

***
և ամեն օր
հարյուրամյակն ինչ-որ մեկի
և ամեն պահ
համբույրների հոբելյան է
և ուրեմն լցրու խմենք
անցած տարվա խինդի համար
դարերն եկան
ու կանգնել են
սպասում են ինչ-որ բանի

 

***
Մոմը վառվում էր սեղանի վրա,
ու փորձում էինք այնպես պառկել,
որ գոնե մեկին առաստաղներից
ընկներ ստվերը: Ապարդյո՜ւն ջանքեր:
Գուցե թե` միայն սեղանի գլխին,
նաև` սեղանին հենվելով ամուր
ու վառվող մոմի վրա կախվելով:
Այո՛: Բայց միայն`
պրկված ձեռքերի խաչաձևումը:

 

 Թարգմանությունը ռուսերենից` Ներսես Աթաբեկյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *