ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ | Գյուղից գյուղ՝ գիշերով

Գուրգեն Խանջյան

Լուսինն անթերի կլոր էր, շրջակայքը ճերմակով էր ներկել` ասես կավիճով` այնպես, որ բակ դուրս եկած Աղասին թվաց` ձմեռ է, ձյուն, «հու» արեց` գոլորշի չկա, նայեց վերնաշապկի կարճ թևքին` ժպտաց. ամառ է, այ դմբո… վայ էս Մրտոյի արաղը, վայ` ասաց ինքն իրեն ու մտավ փայտաշեն պետքարանը:

– Զգույշ,- կանչեց Մրտոն, որ տնից ելնելով լսեց ու տեսավ, թե ժանգոտ ծխնիներից կախ դուռը ոնց ճռռալով փակվեց Աղասի ետևից:
– Ինչի՞ որ,- հարցրեց Աղասը ներսից. ձայնը խուլ հասավ Մարտիկին` հերիք չէ փակդուռ պետքարանից էր, նաև` դիմացի պատին ասված:
– Էն մեջտեղի լեն տախտակը թուլացել ա, շարժվում ա:
Աղասը դուրս եկավ` կանգնեց ընկերոջ կողքը.
– Բա ասեիր` էդ էլ սարքեինք, Մարտիկ ջան: Լավ, մնա մյուս անգամ: Դե, ես գնամ, ուշ ա: Գոհ եմ ու շնորհակալ:
– Ես եմ շնորհակալ, ախպեր ջան,- դարձրեց Մարտիկը. Մարտիկի գոմն էին նորոգել` տանիքը, պատերը, գետինը… Հետո, դե, պարզ է` հյուրասիրություն` եփած աքլոր, տապակած կարտոֆիլ, սպանախ, լոլիկ-վարունգ, կանաչի-բողկ, պանիր-լավաշ, մածուն, չիչխանի հյութ, սալորի օղի:
– Տանտիկինը ո՞նց ա,- անսպասելի հարցրեց Աղասը:
– Մարգարի՞տը… Այ մարդ, հարուր անգամ մտավ-դուս եկավ, հարցնեիր, էլի,- զարմացավ Մարտիկը:- Լավ ա, Աղաս ջան, փառք աստծուն: Դե սպասի, ավտոն հանեմ:
– Չէ, խմած ենք, ոչ մի ավտո, ոտով կգնամ:
– Այ մարդ, էս ո՞ր դարն ա, ո՞վ ա հիմա գյուղից գյուղ ոտով գնում:
– Մարտիկ, եղած-չեղածը իրեք-չորս կիլոմետր չի՞, կգնամ, էլի, համ էլ կթարմանամ, արաղդ շատ էր թունդ:
– Հա, իմ արաղն էդպես ա: Լսի, մնա, առավոտ կգնաս:
– Չէ, տանը սպասում են: Հաջող:
Դեռ չէր շրջվել հեռանալու` Մարգարիտը դուրս եկավ տանից` օղու մեծ, կանաչ շիշը ձեռքին, մառան էր տանում, նայեց տղամարդկանց, ուղղեց բլուզը, ասաց.
– Մնա, Աղաս եղբայր, ուշ է, առավոտյան կգնաս, կզանգենք` տիկնոջդ կզգուշացնենք:
– Չէ, շնորհակալ եմ, գնամ, բարով մնաք,- վախեցած փութով հրաժարվեց Աղասը, շրջվեց, ուսով բախվեց ելքի դռան կողին, կողմնորոշվեց` դուրս եկավ: «Մնա, մնա… Ու՞ր մնամ, ո՞նց մնամ…»,- փնթփնթաց քթի տակ:
Ծղրիդները երգում էին, ճանապարհը` լուսավոր, Աղասը քայլում էր ու շվշվացնում` այն երգն էր, որ կուզեր լսել Մարտիկի տանը, բայց Մարտիկի ձայնարկիչը փչացել էր, էդպես շվշվացնելով իջավ Քանաքեռավանի դիքը, զիբլանոցի մոտով անցավ, ու արդեն երևացին Զովունու առաջին տների լույսերը. էսքանը չի՞, ասում էր` ավտոն հանեմ, մնա ստեղ, եսիմ ինչ: Գլուխը թեքորեն բարձրացրեց` նայեց լիալուսնին` էս ո՜նց ա էսպես լուսավորում, ի՜նչ ազիզ գիշեր ա… Բայց էս ի՞նչ զարմանք ա… Աչքերը տրորեց` մեկ էլ նայեց` հա, էլի, լուսինն ականջավոր ա… Այ քեզ բան… Նորից նայեց` լուսնի ականջները շարժվեցին, գնացին-եկան: Թու՛, չար սատանա` մրմրթաց` աչքերը մեկ էլ տրորեց… Վայ քո անտեր… Շուն էր քարի գլխին, լուսինն առել էր ցից ականջների մեջ: Քշշ, քու տիրու… Քար շպրտեց, բայց գցածը տեղ չհասավ, բարձր էր նստած շունը, այնուամենայնիվ Աղասի պոռթկումը հարգեց` թողեց-գնաց, քիչ հետո ոռնաց քարերի ետևից: Կարող ա՞ չախկալ էր… Չէ, դժվար… Այսինքն` ինչի դժվա՞ր, որ… Լավ դե, հերն էլ անիծած, շուն էր, չախկալ էր, գել էր, ինձ ի՞նչ: Նստեց արևի ջերմությունը դեռ պահած քարին,- ծխեմ մի հատ,- հանեց սիգարետը, մտցրեց բերանը, փնտրեց գրպաններում` լուցկի չկար: Էն ի՞նչ երկար, երերուն ստվերներ են հեռվում… Գերեզմանոց ա՞… Ինչ գերեզմանոց, այ մարդ, որտեղի՞ց, Քանաքեռավանինը բլրի հետևում ա, Զովունիինը` հեռու ու հեռու, չէ, ինչ-որ շինարարության երկաթ-մերկաթներ են բետոնի մեջից խաչերի պես ցցված: Լավ, բա կրակ հիմա ո՞վ կտա, իսկի մեքենա էլ չի երևում… Էհ, մնա` երբ որ լինի: Ծուլացավ վեր կենալ, քարի ջերմությունը զով գիշերվա մեջ հաճելի էր: Մասրենու թփի ետևից ստվեր սահեց, եկավ լուռ նստեց կողքի քարին, ձեռքերն իջեցրեց գոգին, գլուխը թեքեց` գլխաշորի ետևից շեղակի նայեց… Աղասը ճանաչեց, ու նոր էր մորը ճանաչել` հայրն էլ նույն ճամփով սահեց, եկավ` նստեց կնոջ կողքը, լուռ նայում են իրեն… Ի՛նքը պիտի նրանց խղճա, նրանք են խղճահարված նայում… Լարվեց Աղասը, տագնապեց, ձեռքն առաջ տարավ, որ շոշափի, ձեռքը խոչընդոտի չհանդիպեց` անարգել գնաց-եկավ, գնաց-եկավ… Ուրվականները վիրավորված ձգվեցին, երկարեցին, գոլորշի դարձած` տարրալուծվեցին օդում: Բռռռ… Պինդ փակեց աչքերը, թափ տվեց գլուխը, տրորեց ծոծորակը… Ըհը, հայացքը պարզվեց, տեսիլք-մեսիլք չկա: «Վերցրեք, բարեկամս, տեսնում եմ` ծխել եք ուզում, բայց կրակ չունեք»,- կողքից խոսեց մի փափուկ, երգեցիկ ձայն: «Չունեմ, ճիշտ ա»,- զարմացավ Աղասը, թեքվեց` նայեց… Միջին տարիքի սևահեր, թխամաշկ, նիհար տղամարդ էր, ջղուտ ու արծվաքիթ, հագին` մուգ կոստյում, որը մի քիչ մեծ էր, մի քիչ հնամաշ, սակայն` ոչ անվայելչության աստիճանի, նույնիսկ փողկապ էր կապել, որ կապույտ զոլով առանձնանում էր կրեմագույն վերնաշապկին, նա կարմիր հրահանը պարզել` ժպտում էր փայլփլող աչքերով, որ ներդաշնակում էին կիսաբաց բերանից պսպղացող ոսկե ատամին, շուրթերը մի քիչ էլ ետ քաշեց` մեկն էլ պսպղաց մյուս կողմում: Աղասը վառեց սիգարետը, խոր ներքաշեց ծուխը, փչեց, հրահանը վերադարձրեց տիրոջը. «Շնորհակալ եմ: Կծխե՞ս»: «Չէ, ես չեմ ծխում, կրակը ձեզ պահեք, պետք կգա: Նստե՞մ»: «Նստի, իմ քարերը չեն, բայց որ իմն էլ լինեին` էլի կասեի` նստի»: Անծանոթը նստեց ու միանգամից մեկուսացավ, քթի տակ մրմրթալով քարաքոսն էր պոկոտում քարից, հետո կոշիկի կրնկով հողը առաջ տվեց, նայեց, էլի առաջ տվեց, բացած տարածքում մյուս կոշիկի քթով ինչ-որ բան խզմզեց` դժգոհ քրթմնջաց: Աղասը նկատեց, որ կոշիկները նեղ էին ոտքերին, կոշտուկները պարզորոշ ուրվագծվում էին պրկված կաշվի տակից: Հարևանը գլուխը բարձրացրեց` հրեշտակային ժպտաց, մազերը խիտ ու գանգուր` ճաղատացող Աղասի նախանձն էին շարժում: Շարունակելով անվրդով ժպտալ` քիթը փորեց, մաշկածալքը բարձրացավ` տակից կկոցեց աչքը: «Բա էս կողմերում էս կեսգիշերին ի՞նչ ես անում»,- միաժամանակ հարցրին նրանք ու անակնկալի եկած` ծիծաղեցին. միայն թե այն մեկի, որ Աղասը չէր, անակնկալի գալը ոնց որ սարքովի լիներ, ծիծաղն էլ կեղծ էր, ու ինքը չասաց` բա էս կողմերում էս կեսգիշերին ի՞նչ ես անում, այլ ասաց` այս կողմերում այս կեսգիշերով ի՞նչ եք անում: Կարո՞ղ ա ոչինչ էլ չասեց, ես եմ էրկու ձենով խոսել` այս միտքն Աղասին ստիպեց Մրտոյի օղին հիշել` շատ թունդ էր անտերը: Ծխեց, ծուխը փչեց հարևանի կողմը` տեսնենք կփռշտա՞, կփնչացնի՞, կդժգոհի՞… Ոչ, ծխի միջով պարզ ու անմեղսունակ ժպտում է: «Տուն եմ գնում, ընկերոջս մոտ էի, էս վերևի գյուղը, օգնեցի` գոմը սարքեցինք, քանդվել էր սելավներից»,- հաշվետվություն տալու պես ասաց Աղասը: «Տուն ունես, երջանիկ մարդ, կգնաս, թեյ կտան կամ մածուն` մեջը շաքարավազ լցրած, շխշխան անկողինը կբացեն, կինդ տաք-տաք կմտնի ծոցդ, կասի` վաղը, կովը, երեխան, հավերը, կասի` հորթը, շունը, խոզերը, կասի` խոտը, թարման, ծառերը, կասի` պատը, ջրի խողովակը, տանիքը…»: «Հա, կասի»,- հաստատեց Աղասը: Ճերմակ մեծ փաթիլներով ձյուն իջավ` անձայն-փափուկ նստեց քարերին, խոտին, ասֆալտին, անծանոթի գանգուրներին: «Նոր ամառ էր ոնց որ…»,- առանձնապես չզարմացավ Աղասը, որովհետև չհավատաց, մտածեց` օղին է, որ փաթիլ դարձած իջնում է երկնքից: «Ցուրտ է: Մրսեցի՞ք»: «Չէ, ամառով ո՞վ ա մրսում, որ ես մրսեմ»: «Իսկապե

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *