ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ | Խաղում ենք բոլորս

ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ՓԼՎՈՂ ԹԱՏԵՐԱԲԵՄԻ ՎՐԱ

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ
ՍՈՂՈՄՈՆ – նրա որդին
ՍՈՆԱ – դերասան
ԺԱԿ – Սոնայի ընկերը, Ամերիկայից հրավիրված դերասան
ԲԵՄԱԴՐԻՉ
ԲԱՆԱՍՏԵՂԾ
ԳՐՈՒՆԻ – հեղինակություն համարվող գրականագետ-բանաստեղծ
Բ Ժ Շ Կ Ո Ւ Հ Ի
Ե Ր Գ Չ Ո Ւ Հ Ի
Ք Ա Ն Դ Ա Կ Ա Գ Ո Ր Ծ
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ
ՄԵՐՈՒՆ– միջնորդ կին
Ծ Ա Ռ Ա
ԴԵՐԱՍԱՆՆԵՐ
ԵՎ
ԴՐՎԱԳԱՅԻՆ ԿԵՐՊԱՐՆԵՐ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Երբ հանդիսատեսներն զբաղեցնում են իրենց տեղերը, թատրոնի որևէ կին աշխատակից, ներկայացման ազդագիրը` ձեռքին, բարձրանում է բեմ և կախում փակ վարագույրից: Այս պահին էլ հնչում է ներկայացման սկիզբն ազդարարող զանգի ձայնը: Ազդագրի վրա գրված է միայն մեկ բառ. «Փորձ…»:
Կինը վարագույրի արանքից մի պահ նայում է ներս, ապա շրջվում, հայացքը ամբողջ դահլիճի վրա «սահեցնում» և, թույլ քմծիծաղը` դեմքին, բեմից իջնում:
Գալիս են բեմադրիչը, Սոնան ու ևս երկու դերասան, որոնցից մեկը կին է:

ԲԵՄԱԴՐԻՉ– Մյուսներն ո՞ւր են: Ինչո՞ւ են ուշանում:
ԿԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Խցանման մեջ էին: Հիմա կգան: Էլի բողոքի երթ էր:
ԲԵՄԱԴՐԻՉ– Դեկորացիաները, հագուստները արդեն պատրաստ են: Փորձերը պիտի արագացնենք. չենք հասցնում: Ի դեպ` պիեսում փոփոխություններ եմ արել: Տեսագրված հատվածներ պիտի օգտագործենք, նկարահանումներ անենք: (Մյուս կնոջը, որը մտքում կարդում է տեքստը): Սոնա, ասի՞ր, որ խաղալու համար հրավիրել ենք նաև Ժակին:
ՍՈՆԱ– (Հայացքը ձեռքի թղթից չկտրելով) Հա՛: Ասացի: Նա արդեն գալիս է: (Մատով ցույց է տալիս վերև): Հիմա օդում է:
ՏՂԱՄԱՐԴ ԴԵՐԱՍԱՆ– (Թղթի վրա ինչ-որ հատված բեմադրիչին ցույց տալով) Այս մասը գուցե վերանայե՞նք, պարոն Բարսեղյան: Շա՛տ է միակողմանի: Սխալ է ամեն ինչում միայն իշխանությանը մեղադրելը: Ի վերջո` մենք էլ, իշխանությունն էլ այս ժողովրդի ծնունդն ենք…
ԲԵՄԱԴՐԻՉ– (Ցույց տված հատվածը աչքի անցկացնելով) Բարի: Կմտածեմ: Եկեք մենք ձեր դրվագը փորձենք, մինչև մյուսները գան: (Կին դերասանին) Տեքստը գիտե՞ս, Ժաննա, թե էլի կարդալու ես:
ԿԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Ժամանակ չի լինում, պարոն Բարսեղյան: Համարյա ամեն օր հաղորդում եմ վարում:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ինձնից քեզ խորհուրդ. եթե ուզում ես սիրված դերասան լինել, էկրանին քիչ երևա: Առավել ևս` մի՛ երևա ամեն օր…
Lավ, սկսում ենք: Ուշադրությո՛ւն… (Նշան է տալիս, որ սկսեն):
ԿԻՆ ԴԵՐԱՍԱՆ– (Մի պահ կենտրոնանում է` տրամադրվելով խաղին): Այս ի՜նչ է կատարվում, Տեր Աստված, այս ի՜նչ է կատարվում…
ԲԵՄԱԴՐԻՉ– (Անմիջապես ընդհատելով) Չէ՛, չէ՛… Սպասիր: Այդ տոնով անբնական է:
ՍՈՆԱ– Ներեցեք, պարոն Բարսեղյան, ես մեկ րոպե զանգեմ: Տեսնեմ` ինքնաթիռը ե՞րբ է գալու: (Զանգում է): Ալո՛… Օդանավակայանի՞ց է… Խնդրում եմ` ասեք, թե երբ է ժամանելու Նյու Յորք-Երևան ինքնաթիռը… Քսանն անց երեսունի՞ն… Շնորհակալություն… Ասում եմ` շնորհակալություն: (Նայում է ժամացույցին` հասկացնելով, որ ուշանում է):
ԲԵՄԱԴՐԻՉ– Կհասցնես, մի՛ շտապիր: Ես նախատեսել եմ մի հատված հենց օդանավակայանում նկարահանել: Միասին կդիմավորենք: Այժմ… Կենտրոնացեք… Նորից ենք սկսում…
ԿԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Այս ի՜նչ է կատարվում, Տեր Աստված, այս ի՜նչ է կատարվում…

Հնչում է երաժշտություն: Վարագույրը բացվում է:
Բեմը ներկայացնում է օդանավակայանի սպասասրահ: Լսվում է վայրէջք կատարող ինքնաթիռի ձայն: Բարձրախոսից հաղորդվում է.
– Ուշադրությո՛ւն: Վայրէջք կատարեց Նյու Յորք-Երևան ինքնաթիռը:

Երկու դերասանները բեմից գնում են, իսկ Սոնան և բեմադրիչը անցնում են սպասասրահ: Ուղևորները գալիս են պայուսակներով ու ճամպրուկներով: Զգացվում է, որ Սոնան ու բեմադրիչը սպասում են Ժակին: Սոնան հեռախոսով խոսում և ինչ-որ մեկին հեռվից ձեռքով է անում… Քիչ անց գալիս է մի տղամարդ` Ժակը: Նրանք իրար բարևում են, համբուրվում, զրուցում, բայց ընդհանուր ժխորի մեջ խոսակցությունը չի լսվում…
Մի տղամարդ, տեսախցիկը` ձեռքին, մոտենում է նրանց, և բեմադրիչը, Ժակին ինչ-որ բան ասելով, մոտեցած տղամարդու հետ գնում է: Սոնան և Ժակը նորից փոխանակում են ջերմագին հայացքներ, մեկմեկու ժպտում…
Ժամանած ուղևորներից երկուսը` Աբիսողոմ աղան և Սողոմոնը, քայլում են դահլիճի կողմը, ճամպրուկները դնում ու կանգնում: Արտաքինից անմիջապես զգացվում է, որ հայր ու որդի են: Աբիսողոմ աղան մոտավորապես 60 տարեկան է, Սողոմոնը` 18-20:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– …Այնպես որ, գրպանդ պինդ պահե, մանչս: (Սողոմոնը, չհասկանալով խոսքի փոխաբերական իմաստը, գրպանը ամուր բռնում է):
ՍՈՂՈՄՈՆ– Մենք հո՞ս պիտի աղջիկ ընտրենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հո՛ս պիտի ընտրենք, հո՛ս:
ՍՈՂՈՄՈՆ– Աղջիկներն ինչպե՞ս պիտի գիտնան, որ զիրենք տեսնելու եկած ենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա դժվար բան մը չէ: Լրագրին մեջ ազդ մը տպել տալու ենք, որ իր մանչը՝ Սողոմոնը կարգելու նպատակով Երևան ժամանած է Աբիսողոմ աղա, և մեզ մոտ փութալու են…
ՍՈՂՈՄՈՆ– Աղվորիկ աղջիկնե՞ր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ՛, մանչս: Ազգային տեր հայրը, ազգային բանաստեղծը, ազգային պատկերահանը: Ապա միջնորդ կնիկը գալու է, և ապա նոր…
ՍՈՂՈՄՈՆ– Աղջիկնե՞րը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը տեսնեմ, որ դուն շատ կը շտապես, բայց մենք նախ խմբագրին պիտի հանդիպենք:
ՍՈՂՈՄՈՆ– Ան գիտե՞, որ մենք զինքը կը սպասենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ոչ թե մենք զինքը կը սպասենք, այլ ինքը հոս կը սպասե քաղաք ժամանած երևելի մարդերը: (Նայելով Ժակին ու Սոնային) Ինծի կը թվա, թե խմբագիրը այն մարդն է: Բայց ինչո՞ւ մեզ չի մոտենար: Ուրեմն ճիշդ կ’ըսեն, որ խմբագիրները հիմա քիթները վեր ցցած են: (Որդու ձեռքը բռնած՝ կամաց-կամաց մոտենում է նրանց): Պարոն, դուն խմբագիր չե՞ս:
ԺԱԿ– (Նայելով ապուշների տպավորություն թողնող հայր ու որդուն, ոչ լուրջ տոնայնությամբ) Ոչ միայն խմբագիր եմ, այլև (դերասանաբար)նկարի՜չ, դերասա՜ն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատանկ ալ կը կարծեի: Ես պատվավոր ազգային Աբիսողոմ աղան եմ:
ԺԱԿ– (Հետագա խոսակցության ընթացքում ևս խոսում է դերասանաբար): Ուրախ եմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Նյու Յորքեն ես նոր ժամանած եմ և կ’ուզեմ քու լրագրին բաժանորդը դառնալ:
ԺԱԿ– Բարի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվ կը խնդրեմ՝ հենց վաղը գրես, որ իր մանչը կարգելու նպատակով Երևան եկած է պատվավոր ազգային Աբիսողոմ աղա: Առաջին էջին մեջ հարկավ: Խոշոր տառերով: Եվ լավ կ’ըլլա, որ մեր պատկերներն ալ լրագրին մեջ քաշված ըլլան: Ու թող մակագրություն մըն ալ ըլլա, որ մենք արտերու, ագարակներու և «Ջիպ»-երու տեր ենք: Դուն ալ կը հասկնաս հարկավ, որ այս ամենը աղջիկները գրավելու անհրաժեշտ հանգամանքներ են:
ՍՈՆԱ– Առաջին էջում մենք այդպիսի հայտարարություններ չենք տպագրում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մեկ ու կես ոսկին եթե չի բավեր, կրնամ ավելին վճարել, միայն թե…
ԺԱԿ– (Համոզվելով, որ խոսակիցն իսկապես տարօրինակ է) Ի՞նչ ոսկի: Դուք կվճարեք ընդամենը մի քանի դոլար, և հայտարարությունը կտպագրվի: Բայց ոչ, իհարկե, առաջին էջում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Որո՞ւն մեջ հապա:
ՍՈՆԱ– Հայտարարությունները տպագրվում են վերջին էջում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Վիրավորված) Ցտեսություն, ուրեմն: Ես չեմ ուզեր, որ մեր անունները լրագրին վերջին էջը զարդարեն:
ՍՈՆԱ– Ի՞նչ տարբերություն, Աբիսողոմ աղա: Լրագիրը շրջելիս վերջին էջը չի՞ դառնում առաջին:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Փոքր-ինչ մտածելուց հետո) Աղեկ, թող ատանկ ըլլա, միայն թե ամեն բան տեղը տեղին ըլլա:
ԺԱԿ– Տեղը տեղին կլինի, Աբիսողոմ աղա: ամեն բան` ok:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվ ամենքը պիտի ըսես հարկավ, որ քու կամքովդ տպել համաձայներ ես: Որ Աբիսողոմ աղա ոչ դանակ քաշեր և ոչ ալ ատրճանակ ցցուցեր է:
ԺԱԿ– Ի՞նչ ես ասում: Մի՞թե ուրիշ ազգայինները…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ընեն, պարոն, կ’ընեն:

Գալիս է բեմադրիչը` նկարահանող խմբով:

ԲԵՄԱԴՐԻՉ– Լավ է… Լավ է… Լավ է… Երկրորդ խցիկ… Լավ է: Խոշոր պլան: Շարունակում ենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Աս ի՞նչ կ’ընեն: (Շարունակում է նայել):
ԲԵՄԱԴՐԻՉ– Առաջին խցիկ, համբուրվող զույգին… Երկրորդ խցիկ, օլիգարխին… Ընդհանուր պլան… Մուրացկանին… Լավ է: Ավարտում ենք:(Բոլորը միասին մոտենում են բեմադրիչին):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Պարոն, Դուք ֆի՞լմ կը նկարահանեք:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ո՛չ: Տիպաժներ ենք ընտրում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սերիալի՞ համար:
ԲԵՄԱԴՐԻՉ– (Երկարացնելով, սերիալների նկատմամբ վերաբերմունք արտահայտող տոնով) Ո՜չ… Աստված կսիրեք…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Փաստագրական ֆիլմի՞:
ԲԵՄԱԴՐԻՉ– Փաստագրագեղարվեստական ներկայացման:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դե, գոնե զգուշացնեիք` զիս կարգի բերեի, մազերս սանտրեի: Խնդրեմ, վերջին դրվագը անգամ մըն ալ նկարահանեցեք:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ո՛չ, ո՛չ, պարոն: Մեր սկզբունքին դա հակասում է: Այստեղ ոչ մի դրվագ երկրորդ անգամ չի խաղարկվում, և ամեն «դերասան» միայն մեկ անգամ հնարավորություն ունի խաղալու իր դերը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես երկրորդ անգամ ավելի լավ կը խաղամ:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ասացի, որ երկրորդ հնարավորություն չի տրվում…

Նկարահանող խումբը գնում է:

ՍՈՂՈՄՈՆ– (Քիչ անց) Հիմա ինչի՞ կը սպասենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սնտուկները, մանչս, սնտուկները կը սպասենք: (Որդու ձեռքը բռնելով) Եկուր, եկուր, տեսնենք` ինչո՞ւ չեն բերեր: (Գնում են):

Զգացվում է, որ Սոնան և Ժակը դեռևս ինչ-որ մեկին, ինչ-որ բանի սպասում են:
Բարձրախոսից հաղորդվում է.
– Ուշադրությո՛ւն: Սկսվել է Երևան-Դուբայ համար 1632 չվերթի ուղևորների գրանցումը: Խնդրում ենք մոտենալ 4-րդ սեկցիային:

ՍՈՆԱ– (Ժամացույցին նայելով, Աբիսողոմ աղայի նմանողությամբ) Սնտուկներուդ մեջ ատրճանակով ազգային հո չկա՞ր. ինչո՞ւ են ուշացնում:
ԺԱԿ– (Թեթևակի հումորով) Կյանքը սպասումների շղթա է, Սոնա, անվերջանալի շղթա… (Սոնային համբուրում է: Նստում են): Քեզ այնպես կարոտել էի: Արդեն օրերն էի հաշվում:
ՍՈՆԱ– Շատ կարոտելիս ժամե՛րն են հաշվում:
ԺԱԿ– Դե… Օրերն էլ ժամերից չե՞ն կազմված: Որ իմանաս, թե այնտեղ կյանքի ինչ խելագար ռիթմ է, ինչ խելահեղ մրցավա՜զք… Թե ո՞ւր ենք այդպես շտապում, վազում, չգիտեմ: Կարծես` եթե չվազենք, մոլորակը ոտքներիս տակից կգնա, վրայից կընկնենք…
ՍՈՆԱ– (Կատակով) Այդ դեպքում արի մեզ մոտ, գտիր մի խուլ գյուղ ու… ձանձրացի՜ր, ինչքան կուզես: Ինչքան կուզես, խնդրի՛ր, աղաչի՛ր, որ կյանքի ընթացքը մի քիչ արագանա, մեկ է, նա կմնա տեղում մեխված…
ԺԱԿ– (Ծիծաղելով) Նկատի ունես երկու հազար տարի առաջ «մեխա՞ծ» ժամանակը:
ՍՈՆԱ– Հա՛: Պատմիչների «մեխած»: (Քիչ անց, Ժակի ձեռքում եղած ամսագիրը վերցնելով) Ձեզ մո՞տ ինչ են գրում: Ի դեպ` դու քեզ ինչո՞ւ խմբագիր «դարձրիր»:
ԺԱԿ– Ձեր թերթում կտպեք: (Կատակով) Մարդու ուզածը մեծ բան չէր: Այնպես որ, այնքան էլ շատ չեմ խաբել:
ՍՈՆԱ– (Ամսագրում ինչ-որ նկար տեսնելով, զարմացած) Սա ի՞նչ նկար է: Ո՞ւմ արձանն է: Ես կարծես ճանաչում եմ:
ԺԱԿ– (Հեգնանքով) Չի կարող պատահել: Երևի երազում ես տեսել:
ՍՈՆԱ– (Շարունակելով նայել) Չգիտեմ՝ երազում եմ տեսել, թե որտեղ, բայց հաստատ ճանաչում եմ:
ԺԱԿ– Դու իսկապես խելքդ գցել ես: Ախր սա հայտնի գրող Ֆրանցի կիսանդրին է:
ՍՈՆԱ– Ֆրանցի՞: Մի՞թե նա մահացել է:
ԺԱԿ– Ճիշտ որ գժվել կարելի է: Ի՞նչ է, այստեղ միայն մահանալուց հետո՞ են գրողի արձանը կանգնեցնում:
ՍՈՆԱ– Դու տաղանդավոր կռահող ես:
ԺԱԿ– (Զարմացած) Ինչո՞ւ: Դուք մեծ մարդկանց չե՞ք գնահատում:
ՍՈՆԱ– (Հեգնական տոնով) Դե, ինչպե՞ս կարող ենք չգնահատել: Պարզապես մեր ու ձեր տարբերությունն այն է, որ մենք երկար չարչարվում ենք՝ պարզելու համար այդ մարդը իսկապես մեծ է, թե ոչ: Եվ մինչև պարզում ենք, նա արդեն այն աշխարհում է լինում:
ԺԱԿ– Իրո՞ք: Իսկ ձեր այդ փորձաքննություն անցնող տաղանդին ինչպե՞ս եք պահում ա՛յս աշխարհում:
ՍՈՆԱ– Օ՜, այդ ժամանակ մենք նրա առաջ ամեն տեսակի խոչընդոտ ստեղծում ու հետևում ենք, թե ինչպես է հաղթահարում: Օրինակ՝ այնպես ենք անում, որ մնա հացի կարոտ:
ԺԱԿ– Հետո՞:
ՍՈՆԱ– Եթե առանց ուտելու կարողանում է ապրել, անցնում ենք հաջորդ փորձաքննությանը: Այսինքն` ենթարկում հոգեկան ճնշման: Այլ կերպ ասած՝ համարում ենք դասական…
ԺԱԿ– Ի՞նչ:
ՍՈՆԱ– Ի՞նչ պիտի. միջակություն: Ու եթե դիմանում է նաև սրան, անցնում ենք հաջորդ՝ ամբողջովին ոչնչացնելու փուլին:
ԺԱԿ– (Ապշած) Սպանո՞ւմ եք:
ՍՈՆԱ– Չէ: Պարզապես հաշվի չենք առնում, գրածները չենք տպում, անունը չենք տալիս… Իհարկե, լինում է նաև, որ տարիներով ուղարկում ենք…
ԺԱԿ– Առողջարա՞ն:
ՍՈՆԱ– Չէ՛ մի: Աքսո՛ր:
ԺԱԿ– Եվ այդքանից հետո նա դեռ այնպես է ստեղծագործում, որ դուք իր հուշարձա՞նը կանգնեցնեք:

Զրուցելով գալիս-անցնում են Աբիսողոմ աղան և Սողոմոնը:

ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ զիս մեծ քաղաքին մեջ ապրող աղջկա հետ կ’ուզես կարգիլ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Որովհետև մեծ քաղաքին մեջ ապրող աղջկա հետ կարգվելով՝ դուն ալ մեծ քաղաքացի պիտի ըլլաս:
ՍՈՂՈՄՈՆ– Իսկ ո՞րն է ավելի լավ. ըլլալ մեծ քաղաքացի՞, թե պատվավոր ազգային:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դրանք մեկզմեկու չեն խանգարեր: Դուն ազգայինին զավակ մըն ես: Ըսել է թե արդեն մեծ ազգային մըն ես, և հիմա կարևոր է, որ ըլլաս նաև մեծ քաղաքացի:
ՍՈՂՈՄՈՆ– Մեծ քաղաքի աղջիկներ ամենքն ալ աղվո՞ր են:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ամենքն ալ:
ՍՈՂՈՄՈՆ– (Ցույց է տալիս սրահով անցնողներից մեկին): Աս ա՞լ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատ ալ:
ՍՈՂՈՄՈՆ– (Ցույց տալով մեկ ուրիշին) Աս ա՞լ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատ ալ:
ՍՈՂՈՄՈՆ– (Ցույց է տալիս մեկ ուրիշին, որը չի երևում): Ան ա՞լ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անիկա պառավ կնիկ մըն է, մանչս:
ՍՈՂՈՄՈՆ– Պառավ կնիկներ չե՞ն կարգվեր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը կարգվեն, բայց քեզի համար աղվորիկ աղջիկ մը ուզելու ենք: (Բեմից դուրս են գալիս):

Լսվում է սգո երաժշտություն: (Կարող է ստեղծվել նաև այն տպավորությունը, որ երաժշտությունը հնչում է ոչ թե օդանավակայանում, այլ պարզապես թատերական «ֆոն» է` համապատասխան տրամադրություն առաջացնելու համար): Սոնան և Ժակը մոտենում են պատուհանին, նայում…

ԺԱԿ– Լավ են մտածել: Իսկ ո՞ւր է ռեժիսորը: (Սոնան զարմացած նայում է նրան): Ի՞նչ ես նայում: Ֆիլմի նկարահանում չէ՞:
ՍՈՆԱ– (Թույլ ծիծաղով, փոքր-ինչ դերասանական տոնով) Դե իհարկե ֆիլմ է, իմ տառապյալ Դոն Կիխոտ: Իսկ ես էլ քո Դուլսինեան եմ:
ԺԱԿ– (Նույնպես ծիծաղելով) Ինչո՞ւ ես ծաղրում:
ՍՈՆԱ– Դու է՞լ… Դա երևի այս երկրից է, Ժակ: Այստեղ եկողը կորցնում է իրականության զգացողությունը և հաճախ էլ դառնում է…
ԺԱԿ– Ի՞նչ:
ՍՈՆԱ– Խաբեբա, գիժ… Եվ դու էլ արդեն սկսել ես… Սա ոչ թե ֆիլմ, այլ իրողություն է: Հայրենիք են բերում գողական աշխարհի` (այլ հնչերանգով)արյունալի վեճերում «զոհված» հայտնի հեղինակության դին:
ԺԱԿ– Եվ նրան «դիմավորում» են այսպե՞ս… Հետաքրքիր է… Իսկ ինչպե՞ս են այստեղ հուղարկավորում մեծերին:
ՍՈՆԱ– Օ՜, այնպես, որ տեսնողը զարմանա: Թաղելու հարցում մենք հանճարեղ ենք… Իսկ դրանից հետո մեր սերը մեծերի նկատմամբ պաշտամունքի է հասնում:
ԺԱԿ– (Շարունակելով նայել) Չէ, ինչ կուզես, ասա, սա ֆիլմ է, ֆիլմի փո՛րձ, խա՜ղ… Ահա, ռեժիսորն էլ եկավ…
ՍՈՆԱ– Հիմա ավելի լավ խաղ են հորինել:
ԺԱԿ– Ի՞նչ խաղ:
ՍՈՆԱ– Խաբոցի: Այն էլ` համազգային, համապետական: Եվ սա դեռ առաջին փուլն է…

Սգո երաժշտությունը դադարում է: Բեմ են գալիս նկարահանող խումբը և դերասաններ: Սոնան և Ժակը մոտենում են նրանց:

ԲԵՄԱԴՐԻՉ– Սա լինելու է լավագույն դրվագներից մեկը ներկայացման մեջ, ֆիլմ- ներկայացման մեջ: Հիմնական սցենարը թեև չկա, բայց դա կարևոր չէ:
ՕՊԵՐԱՏՈՐ– Իսկ ի՞նչ է լինելու վերջը:
ԲԵՄԱԴՐԻՉ– Վե՞րջը… Վերջում կիմանաք… Մոտո՜ր… Առաջին խցիկ, ընդհանուր պլան… Անցում դերակատարներին… Լրագրող կին… (Խոսափողը ձեռքին` առաջ է գալիս լրագրող-դերասանուհին):
ԿԻՆ– Ըստ մեր վիճակագրության՝ գործազուրկ է ժողովրդի զգալի մասը: Աշխատանք ունեցողներից շատերն աշխատում են օրական 12-13 ժամ՝ մնալով ծայրահեղ չքավոր: Շահագործումը հասել է չլսված չափի: Այսպես. եթե ստրկատիրական ժամանակաշրջանում տերը, ստրուկին աշխատեցնելով, հոգում էր նրա կենսական պահանջմունքները, ասել է՝ նրա կարիքների համար ծախսում էր որոշակի գումար, ապա այսօր շատ գործատուներ աշխատողներին չեն վճարում տարիներով: Եթե նկատի ունենանք, որ աշխատողը բավական գումար է ծախսում գործատեղ հասնելու և վերադառնալու համար, դուրս կգա` ինքն է վճարում, որ աշխատի:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ստո՛պ… Լավ է:

Կրկին գործողության առաջին պլան են գալիս Ժակը և Սոնան: Հետին պլանում երևում են Աբիսողոմ աղան ու Սողոմոնը: Վերջինս պաղպաղակ է ուտում: Աբիսողոմ աղան նկար է գնել. Արարատ սարի նկարը…

ԺԱԿ– (Աբիսողոմ աղային և Սողոմոնին նայելով) Լսի՛ր, Դոստոևսկու ապուշի դերում խաղալու համար ձեզ հարկավոր չե՞ն (Աբիսողոմ աղայի խոսելաձևով, ծաղրական տոնով) պատվավոր ազգայիններ: (Սոնան ծիծաղելով նայում է նրան և հասկանում, թե ինչ է ակնարկում): Ես նրանց կհամոզեմ:
ՍՈՆԱ– Առայժմ դերասաններ են պետք, որ խաղան քաղաքական գործիչների դերում:
ԺԱԿ– Ձե՞ր գործիչների:
ՍՈՆԱ– Ոչ միայն մեր:
ԺԱԿ– Իսկ որտե՞ղ են խաղալու. թատրոնո՞ւմ, թե՞…
ՍՈՆԱ– Ճիշտն ասած՝ արդեն ես էլ չգիտեմ, թե որտեղ է իսկական ներկայացումը:
ԺԱԿ– Մի՞թե չես տեսնում, որ ներկայացումն ամենուր է, ա՛-մե՛-նո՛ւր:

Հնչում է երաժշտություն: Բեմ է գալիս պարախումբը: Սկսվում է դիմակահանդեսային պար: Բոլորը դնում են դիմակներ և միանում պարողներին…
Պարախմբի գնալուց հետո բեմը ներկայացնում է այլ պատկեր` հյուրանոցի սենյակ: Այստեղ են Աբիսողոմ աղան և Սողոմոնը:
Զգալի է, որ մի քանի օր անցել է:

ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ հապա չեն գար ազգային տեր հայրը, ազգային բանաստեղծը, ազգային պատկերահանը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չեմ գիտեր, մանչս: Պոլսո մեջ անոնք զիրար հերթ չէին տար:
ՍՈՂՈՄՈՆ– Իսկ չ’ըլլար, որ մեկեն կանչենք միջնորդ կնիկը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մի՛ շտապե, մանչս, մի՛ շտապե:
ՍՈՂՈՄՈՆ– Լրագրին մեջ ամեն բան տեղը տեղի՞ն գրած են:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Տեղը տեղին գրած են, տեղը տեղին: (Գրպանից հանում է թերթը և կարդում): «…Իր մանչը՝ Սողոմոնը կարգելու նպատակով Երևան ժամանած է պատվավոր ազգային մը՝ Աբիսողոմ աղա»: Հետգրություն ալ կա. «Տասնիններորդ դարեն եկած է…»: (Վերջին մտքի վրա մի պահ մտածում է և ուսերը թոթվում): Չեմ հասկնար:
ՍՈՂՈՄՈՆ– Շվեյցարը կ’ըսեր. «Հոս լրագիրներու գրածներուն չեն հավատար: Չեն հավատար, թե Աբիսողոմ աղան Ամերիկան թողած, եկեր է հոս: Կը կարծեն, որ ատիկա կատակ է, որովհետև լրագիրն ալ երգիծական է»: Ինքը կ’ըսեր. «Ատոր համար ալ մեկը չայցելեր ձեզի»:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Ի՞նչ կ’ըսես:
ՍՈՂՈՄՈՆ– Ան ըսավ. «Մինչև հիմա դեռ նման դեպք չէ եղած»:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Լսածից չկարողանալով սթափվել) Ի՞նչ կ’ըսես: (Շփոթված) Ի՞նչ ընենք հապա: Ուրեմն լրագիրներուն ա՞լ չենք կրնար վստահիլ:
ՍՈՂՈՄՈՆ– Չ’ըլլա՞ր, որ մենք երթանք ազգային տեր հոր, ազգային բանաստեղծին կամ, մեկեն, ազգային միջնորդ կնկան մոտ: (Լսվում է դռան զանգի ձայն):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Մտամոլոր) Բան մը կը խորհենք, մանչս, բան մը կը խորհենք:

Գալիս են Ժակը և Սոնան:

ԺԱԿ– Օ՜, Աբիսողոմ աղա: Ողջո՛ւյն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ողջույն, պարոն Ժակ, ողջույն:
ԺԱԿ– (Սոնային ներկայացնելով) Սոնան իմ ընկերուհին է: Հարկավ` հիշեցիր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հիշեցի, հիշեցի… (Սոնայի հետ իրար բարևում են ձեռքով): Ուրախ եմ տեսնել:
ՍՈՆԱ– (Ժպտալով) Գործերդ ինչպե՞ս են, Աբիսողոմ աղա: Հայտարարությունը կարդացի՞ք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կարդացի, կարդացի:
ԺԱԿ– Հուսով եմ` դժգոհ չես:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ձեզմե դժգոհելու բան մը չունիմ, սակայն… (Հապաղում է շարունակել):
ԺԱԿ– Ի՞նչ է, անախորժությո՞ւն է եղել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ըսեն, թե հոս լրագիրներուն չեն հավատար: Չեն հավատար, թե ես ապրելու, մանչս կարգելու համար Երևան եկած եմ:(Նստում են):
ԺԱԿ– (Կեղծ զարմանքով) Ի՞նչ ես ասում: Ճիշտն ասած` այստեղ ես էլ նորեկ եմ: Տեղի սովորություններին ծանոթ չեմ…
ՍՈՆԱ– Իսկ Ամերիկայում լա՞վ էր: Ամեն բան կարգի՞ն էր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՜… Խոսքը մեջերնիս, ինծի ան ալ դուր չեկավ:
ԺԱԿ– Ինչո՞ւ, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ ըսեմ, պարոն Ժակ: Ժամանակ մը կար, որ ազգային վարժապետը, ազգային դերասանն ու ազգային բժիշկը Աբիսողոմ աղայի հետևեն կը վազեին, ազգային բանաստեղծն ու միջնորդ կնիկը կը վազեին, ազգային սափրիչն ու բեռնակիրները կը վազեին, բայց մենք Նյու Յորքի մեջ ալ հոթելները նստաց մնացինք, և ոչ մեկը երեսներուս եկավ: Մանչիս համբերությունն ալ հատավ, և մե՛նք ստիպվեցանք իրենց ոտքը երթալու:
ՍՈՆԱ– Հետո՞:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Համոզվեցա, որ հոն ալ ո՛չ ազգային հիվանդը կը գնահատեն, ո՛չ ազգային բարերարը կը գնահատեն, ո՛չ ազգային ունկնդիրը կը գնահատեն և ոչ ալ ազգային կարգվողի արժեքը կը գիտնան:
ԺԱԿ– Եվ ոսկուդ քսա՞կն էլ չօգնեց:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չօգնեցավ, պարոն Ժակ, չօգնեցավ: Բանաստեղծն ըսավ, թե իր մուսան առանց ոսկու ալ կուգա. թե ինքը առանց ոսկու ալ կը գնահատվի: Դոքթրին գլուխը չմտավ, թե ինչ ըսել է ազգային հիվանդ: Պատկերահանն ալ երեսներուս նայելով ըսավ, թե չի ուզեր ժապավենը փչացնել:
ՍՈՆԱ– Այսինքն` Նյու Յորքն էլ դուք չեք հավանել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հավնիլը` հավնած ենք, բայց այնտեղի մարդերը ազգայիններու հարգը չեն գիտնա:
ԺԱկ– Իսկ ի՞նչ կասեք, եթե ձեզ շահեկան առաջարկ անեմ: (Աբիսողոմ աղան սպասում է, թե ինչ կասի): Առաջարկում եմ խաղալ թատրոնում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Թատրոնին մե՞ջ:
ԺԱԿ– Այո: Կխաղաք մեզ հետ: Միանգամից կդառնաք ճանաչված: Ոչ ոք այլևս չի կասկածի, որ Ամերիկան թողել, եկել եք Երևան:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Մեզմե ի՞նչ դերասան:
ՍՈՆԱ– Համեստություն մի՛ արեք, Աբիսողոմ աղա: Դուք ծնվել եք հենց թատրոնի՛ համար:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Իսկ հոս ազգային բժիշկները, ազգային վարժապետները, ազգային բանաստեղծները կը կգնահատե՞ն երևելի մարդերը:
ՍՈՆԱ– Այն էլ ինչպե՜ս: Դեռ տուն չմտած՝ դուռդ կբախեն քաղցած բանաստեղծները, աղքատ խմբագիրները, միջնորդ կնիկները…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Իրա՞վ:
ՍՈՆԱ– Բայց նրանց հերթ չեն տա շողոքորթ տնօրենները, ձեռներեց պատգամավորները, նախարարները…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է թե երեսփոխանն ու նախարարն ա՞լ իմ ոտքս պիտի գան:
ՍՈՆԱ– Ոչ թե պիտի գան, այլ պիտի վազեն, եթե միայն քսակիդ ոսկիները մի թեթև զրնգացնես:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եթե իմ կամքովս չտամ, չե՞ն կողոպտեր, ինչպես Պոլսո մեջ: (Սողոմոնը գրպանն ամուր բռնում է):
ՍՈՆԱ– Քո կամքով եթե չտաս, չեն կողոպտի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է՝ թե չուզեմ, չեմ տա:
ԺԱԿ– Թե չուզես, չես տա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Փոքր-ինչ մտորելուց հետո) Աս քաղաքը պատվապա՞հ քաղաք է:
ՍՈՆԱ– Դե… Այնքան էլ պատվապահ չէ, բայց ընդհանուր առմամբ պատվապահ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սիրո՞ւն քաղաք է:
ՍՈՆԱ– Այնքան էլ սիրուն չէ, բայց ընդհանուր առմամբ սիրուն է:
ՍՈՂՈՄՈՆ– Եվ շատ ալ, ընդհանուր առմամբ, միջնորդ կնիկնե՞ր կան:
ՍՈՆԱ– Եվ շատ ալ, ընդհանուր առմամբ, միջնորդ կնիկներ կան:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս երկրին մեջ դերասանները հարգվա՞ծ մարդեր են: Անոնցմե կը պատկառի՞ ժողովուրդը:
ՍՈՆԱ– Լավ «դերասանները» ամենից հարգված մարդիկ են, և ժողովուրդն էլ նրանց գլխի վրա է պահում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դերասանություն ընելը արգելք չպիտի՞ ըլլա, եթե ես ալ ուզեմ իշխանավոր դառնալ:
ԺԱԿ– Դու միայն քո քսակը զրնգացրու…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աղեկ: Պոլսո մեջ ես քիչ մը անխոհեմություն ըրի և զրկվեցա մեծ քաղաքացի ըլլալու պատվեն: Բայց զավակիս համար ոչինչ չպիտի խնայեմ:
ԺԱԿ– Ուրեմն դեմ չես:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անկյունները ապրելեն հոգնեցա, պարոն Ժակ: Ես ալ կ’ուզեմ նշանավոր դառնալ, պետական գործերուն միջամուխ ըլլալ, թատրո՛ն խաղալ…
ՍՈՆԱ– Այսինքն` համաձայն եք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եթե ատանկ է, ինչո՞ւ պիտի դեմ ըլլամ:
ՍՈՆԱ– Ուրեմն պայմանավորվեցի՞նք: (Պատրաստվում են գնալու):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Պայմանավորվեցանք, պայմանավորվեցանք:

Բոլորը միասին դուրս են գալիս: Հնչում է երաժշտություն: Բեմը մթնում և քիչ անց լուսավորվում է: Այստեղ են Աբիսողոմ աղան և Սողոմոնը:
Աբիսողոմ աղան, բազմոցին նստած, քաշում է տերողորմյա:

ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ հապա միջնորդ կնիկը չի գար:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կուգա, մանչս, կուգա: (Լսվում է դռան թակոց: Սողոմոնը անհամբերությամբ սպասում է: Գալիս է ծառան):
ԾԱՌԱ– Պարոն, Ձեզ մի տղամարդ է այցելել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛: Անիկա՞ ինչի կը նմանի:
ԾԱՌԱ– (Աբիսողոմ աղայի նմանողությամբ) Անիկա բանի մը չի նմանի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կանչե, տեսնենք: (Ծառան գնում է: Գալիս է այցելուն` բանաստեղծը):
ԲԱՆԱՍՏԵՂԾԸ– Օ՜հ, Աբիսողոմ աղա: Բարի եկած ես, բարի եկած ես… (Զգալով, որ Աբիսողոմ աղան իրեն չի հիշում): Զիս չե՞ս հիշեր: (Աբիսողոմ աղան գլուխը պտտում է): Չե՞ս հիշեր ան երիտասարդ բանաստեղծը: Պոլսո մեջ…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Հիշելով) Ա՜…
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Իսկ դուն չես փոխված, Աբիսողոմ աղա: (Նայում է Սողոմոնին): Ասիկա մա՞նչդ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մանչս է, մանչս:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Աղվոր մանչ մ’է: Վարազդատ թագավորին կը նմանի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը նմանի, անշուշտ կը նմանի:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ես զինքը իմ պոեմներուս մեջ գովերգեմ պիտի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինչո՞ւ հապա կ’ուշացնես:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Չեմ ուշացներ, Աբիսողոմ աղա, չեմ ուշացներ: Մուսաս գալուն պես…
ՍՈՂՈՄՈՆ– Մուսան ա՞լ միջնորդ կնիկ մ’է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ըսեն, թե անիկա հուշարար կնիկ մ’է:
ՍՈՂՈՄՈՆ– Շուտ գալուն համար ի՞նչ կ’ուզե:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ոսկի կ’ուզե, մանչս, ոսկի՛:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Երկու ոսկիով կուգա՞, թե ան ալ գինը բարձրացուցեր է:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Է՜, Աբիսողոմ աղա, մուսային գինը այժմ ալ ինկած է: Երեսը նայող չկա: Հասարակաց կիները ավելի թանկ կ’արժեն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսենք թե մուսադ վազեցավ եկավ, և դուն ալ պոեմ մը գրեցիր: Ի՞նչ պիտի ընես ետքը:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Պոեմիս արժեքը հասկացող բարերար մը պիտի գտնեմ և զայն տպագրեմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսենք թե տպագրեցիր:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ապա գրախոս մը գտնելու և զայն գովաբանել տալու եմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛: Ետքը:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ծանոթներս խնդրելու եմ, որ շնորհանդես կազմակերպեն: Ապա հեռատեսիլով ներկայացնել պիտի տամ: Ձայնասփյուռով ընթերցեմ պիտի: Ապա… (Բեմադրիչը բարձրանում է բեմ):
ԲԵՄԱԴՐԻՉ– Գերազա՛նց է: Գերազա՛նց: Ասում էի, չէ՞, որ տեքստի կարիք չկա: Միշտ այսպես, Աբիսողոմ աղա, մոռացեք, որ բեմում եք, որ սա ներկայացում է, և շարունակեք առօրյա կյանքը: Ձեր, այսպես ասած, «սցենարը» այնքան հանճարեղ է, որ կնախանձի ամեն հեղինակ: Մենք ձեզ կձայնագրենք և նույնը կխաղանք: (Աբիսողոմ աղան թաշկինակով սրբում է ճակատը):
ՍՈՂՈՄՈՆ– (Աբիսողոմ աղային) Դուն ինչո՞ւ սա մարդը (ցույց է տալիս բեմադրիչին) չես ըսեր, որ մենք միջնորդ կնիկը կը սպասենք և ոչ թե բանաստեղծը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ասիկա թատրոն է, մանչս: Ան ինքը կը որոշե, թե մեզ ով այցի պիտի գա:
ՍՈՂՈՄՈՆ– Իսկ եթե ան որոշե, որ միջնորդ կնիկը մեզ չպիտի այցելե, ես պիտի չկարգվե՞մ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կարգվես պիտի: Ամեն բան կարգով կ’ըլլա:
ՍՈՂՈՄՈՆ– Իսկ չ’ըլլա՞ր, որ երկու ոսկի տանք, և ան միջնորդ կնիկը շուտ ղրկե:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ ըսեմ, մանչս: Օր մըն ալ սպասենք: Ան կ’ըսեր, որ բանաստեղծն ալ երևելի և կարևոր մարդ մ’է:
ՍՈՂՈՄՈՆ– Բանաստե՞ղծը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բանաստեղծը:
ՍՈՂՈՄՈՆ– Բանաստեղծի գործին անունն ընդհանուր առմամբ ի՞նչ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բանաստեղծը քերթված կը գրե, պոեմ կը գրե, գի՛րք կը գրե:
ՍՈՂՈՄՈՆ– Իսկ մուսա՞ն ինչ կ’ընե:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մուսան ալ կը հուշե, թե ան ինչ գրե: Մեկը կը թելադրե, մյուսը կը գրե:
ՍՈՂՈՄՈՆ– Ինչո՞ւ հապա միշտ գրի առնողը կը գովեն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չեմ գիտեր, մանչս:
ՍՈՂՈՄՈՆ– Ես ալ կ’ուզեմ մուսա մը վարձել ու երևելի բանաստեղծ դառնալ: Միջնորդ կնիկը ըսե, թող աղվորիկ մուսա ալ գտնե:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ըսեմ, մանչս, կ’ըսեմ:
ՍՈՂՈՄՈՆ– Իսկ ան, որուն կ’ըսեն բեմադրիչ, արգելք չի՞ ըլլար:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ, մանչս: Ան միայն թատրոնին մեջ կը կարգադրե: Մեր գործերուն չի խառնվեր:

Բեմ ու դահլիճ են գալիս մարդիկ, որոնցից ամեն մեկը մի բան տանում է: Մեկը` շալակած, մեկը` քարշ տալով, մեկը` պարկով, մեկը` ճամպրուկով: Աբիսողոմ աղան զարմացած նայում է:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Այդ մարդկանց) Աս ի՞նչ կ’ընեք: Աս ի՞նչ կ’ընեք… (Շվարած այս ու այն կողմ է նայում… Դիմում է մի կնոջ): Աս ի՞նչ կը կատարվի: Աս ա՞լ ներկայացում է:
ԿԻՆ– Չէ, ի՞նչ ներկայացում: (Գնում է):
ՄԻ ՏՂԱՄԱՐԴ– Առուփախ է:
ԱՅԼ ԿԻՆ– Սա մեր համազգային խաղի երկրորդ փուլն է: Կոչվում է ալան-թալան: Փախցնում-տանում է` ով ինչ կարող է:
ՍՈՂՈՄՈՆ– Որտեղե՞ն:
ԱՅԼ ՏՂԱՄԱՐԴ– Որտեղից պատահի: Ուր ձեռքը հասնում է. գործարանից, հիմնարկից, փողոցից… (Գնում է):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չեմ հասկնար: Աս երկիրը գրավա՞ծ են:
ԱՅԼ ԿԻՆ– Ի՜նչ ես ասում: Մենք վերջապես հասել ենք լիակատար ազատության:
ՍՈՂՈՄՈՆ– Ըսել է՝ դուք կը թալանեք ձեզի:
ԿԻՆ– Մոտավորապես՝ այդպես:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Է… Տեր չունի՞ն այդ գործարանը, հիմնարկը, փողոցը:
ԿԻՆ– Այդ ամենի տերը պետությունն է, իսկ խաղը համապետական է: Ըստ խաղի կանոնների` ում սուրը ինչքան կտրի, այդքանը իրենն է: Ճամպրուկներով ու պարկերով թալանողները հասարակության ցածր խավից են: Միջին խավը թալանում է բեռնատարներով, իսկ հզորները ձեռքները միանգամից դնում են մի ամբողջ հիմնարկի, փողոցի ու թաղամասի վրա: (Գնում է):
ՍՈՂՈՄՈՆ– Ու ատոր համար չկա՞ դատ, դատաստան:
ՄԻ ՏՂԱՄԱՐԴ– Ամեն բան կատարվում է օրենքի սահմաններում: Օրինազանցություն չկա: (Երևում է նկարահանող խումբը):
ԲԵՄԱԴՐԻՉ– Նույն ձևով շարունակում ենք… Շարունակում ենք…

Բոլորը գնում են: Մնում են Աբիսողոմ աղան, Սողոմոնը և ինչ-որ այցելու` Գրունին, որը բեմադրիչի ցուցումով նստում է բանաստեղծի տեղը:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Այդ փոփոխությունը չնկատելով` դիմում է նրան): Դուն ծանոթ միջնորդ կնիկ… (Շրջվում է նախկին այցելուի կողմը, տեսնում նոր եկածին և անակնկալի գալիս):
ԳՐՈՒՆԻ– (Միանգամից մտնում է զրույցի մեջ): Ունեմ, իհարկե ունեմ: Ես գրականագետ, բանաստեղծ-գրականագետ Գրունին եմ: Սողոմոնը հենց ասաց, որ ուզում է դառնալ բանաստեղծ, շտապեցի այստեղ, որովհետև որտեղ իսկական բանաստեղծն է (ցույց է տալիս Սողոմոնին), այնտեղ էլ պետք է լինի իսկական գրականագետը: Իմացիր, Աբիսողոմ աղա, որ գրականագետն է բանաստեղծին դարձնում բանաստեղծ: Ես որոշել եմ մեր ամսագրի հաջորդ համարում Սողոմոնի քերթվածները տպել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մանչս շատ կը փափագե, որ զինքն ալ մեծարեն: Կարգվիլ կ’ուզե:
ԳՐՈՒՆԻ– Գինեձոնը` ինձ վրա: Ես նրան մեր պոեզիայի դրոշակակի՛րն եմ համարելու: Մեր ամենից տաղանդավոր բանաստե՛ղծը, փեսացո՛ւն եմ համարելու:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Գովեստը շատ կը սիրե:
ԳՐՈՒՆԻ– Հարկավ կսիրի… Տաղանդավոր աչքեր ունի: (Սողոմոնին նայելով) Շա՞տ է գրում:
ՍՈՂՈՄՈՆ– (Բութ հայացքով ժպտում է): Մուսա դեռ վարձած չենք:
ԳՐՈՒՆԻ– Ի՜նչ անհարկի շռայլություն: Հիմա ո՞վ է մուսայով գրում: Ծաղրանքի առարկա կդառնաք: Կարևորն այն է, որ գրիչը ճիշտ բռնես, ձեռքից չգցես ու սահուն շարժես: (Գրիչ տալով) Հապա փորձիր: (Սողոմոնը վերցնում է գրիչը և դնում ճկույթի ու մատնեմատի արանքը): Ապրե՛ս, տղաս, ապրե՛ս: Անմիջապես երևում է, որ գրելու տաղանդ ունես: Ավա՜ղ, մեր շատ գրողներ գրիչն էլ չեն կարողանում ճիշտ բռնել. սուր ծայրը պահում են վեր:
ՍՈՂՈՄՈՆ– Դուն ա՞լ առանց մուսայի կը գրես:
ԳՐՈՒՆԻ– Ոչ միայն առանց մուսայի, այլև առանց չափի, առանց հանգի և անգամ առանց իմաստի: Իմ գործերը յուրատեսակ են, ինքնատիպ, նոր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ուրեմն առանց գաղափարի՞ ալ քերթված կ’ըլլա:
ԳՐՈՒՆԻ– Հիմա առանց գաղափարի քերթվածներն են գնահատվում: Եվ դա մեր գաղափարական նվաճումն է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ խորհուրդ կու տաս մանչս:
ԳՐՈՒՆԻ– Ամսագիրը կարիքի մեջ է: Հրատարակչությունը ազգային բարերարի կարիք ունի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա իմ լուծելիք խնդիր է: (Հանում է քսակը):
ԳՐՈՒՆԻ– Սողոմոնի համար բանաստեղծ-դասատուներ պիտի վարձեմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ետքը: (Հաշվում է փողերը):
ԳՐՈՒՆԻ– Մանչը խմբագրություն բեր: (Աբիսողոմ աղան տալիս է ամբողջ քսակը: Գրունին, որի դեմքն ուրախությունից փայլում է, պատրաստվում է գնալու: Աբիսողոմ աղան և Սողոմոնը ճանապարհում են: Դրսից լսվում է Գրունու ձայնը): Դեռ կհանդիպենք, Աբիսողոմ աղա, կհանդիպենք:

Գալիս են Սոնան և Ժակը: Վերջինս փորձում է Սոնային սիրահետել, բայց նա մեղմությամբ ընդդիմանում է:

ՍՈՆԱ– (Հումորային տոնով, բառերը երկարաձգելով) Ժա-ա՜կ… Ժա-կու-լի՜կ… Ասում եմ` հիմա ամեն ինչ ունի իր չա-փը…
ԺԱԿ– Դե վերջ տուր… Բժշկի հետ պայմանավորված եմ: Հիմա գալու է: Ժամանակ չկա:
ՍՈՆԱ– Մենք` հայ կանայքս, հիմա մեր արժեքը գի-տենք: Հետամնաց ամերիկացի հո չե՞նք… (Հոնքերի ներկը թարմացնելով) Այսպիսի աչքերին նայելը, օրինակ, արժի… Ասենք` երկո՛ւ հազար… Վարսերը շոյելը… չո՛րս հազար…
ԺԱԿ– (Միանգամից ուժով գրկում է): Էլ մի՛ սկսիր…
ՍՈՆԱ– Իսկ դա արդեն… Հի՛նգ տարի…
ԺԱԿ– (Ուժով համբուրում է) Իսկ սա՞…
ՍՈՆԱ– (Շուրթերն «ազատելով») Իսկ դա… Իսկ դա… (Բռնցքամարտիկի նման բռունցքով խփում է որովայնին: Ժակը նրան ցավից թողնում է: Սոնան, վարսերն ուղղելով, դերասանաբար, հանգիստ երգում է): Տա՜-րա՛-րա՛-րա՛… տա՜-րա՛-րա՛…
ԺԱԿ– Ինչ լավ է, որ աչքերս բացեցիր: Ես էլ ասում եմ` այս ինչի՞ց է, որ մայթերի վրա գիշերներն այսքան գեղեցկուհիներ կան: Պարզվում է` պատճառն ընդամենը մի հասարակ բան է` ինքնագնահատման կարողությունը, ճշգրիտ որոշված արժեքը…
ՍՈՆԱ– Իսկ դու, ինչ է, գիրք չե՞ս կարդում:
ԺԱԿ– Ի՞նչ կապ ունի:
ՍՈՆԱ– Օ՜, միայն տեսնես, թե մեր հեղինակները հոգեկան աշխարհի ի՜նչ խորություններ, ի՜նչ բազմախորհուրդ ծալքեր, շերտեր են բացահայտում այդ պո… (Տոնը հանկարծ միանգամից փոխում է): Օրինակ` դու ինչքա՞ն կտաս այս… (փեշը մի փոքր բարձրացնելով) այս սիրունիկ ոտքերին, հը՞:(Ժակը տարված նայում է): Ժա-ա՜կ… (Հնչում է շտապօգնության ավտոմեքենայի ձայն, բայց Ժակը, Սոնայով տարված, չի լսում: Սոնան շարունակում է սկզբի տոնով) Ժա-կու-լի՜կ…

Գալիս է Աբիսողոմ աղան մի բժշկուհու հետ, տեսնում է փեշը վեր բարձրացրած Սոնային և, զարմանքից ցնցվելով, քարանում:

ԲԺՇԿՈՒՀԻ– (Բժշկական պայուսակը բացելով և սրսկելու պատրաստություն տեսնելով) Դե, արագացրե՛ք, Աբիսողոմ աղա, արագացրե՛ք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Մի պահ սթափվելուց հետո հիմա էլ բժշկուհու արածից է մնում զարմացած): Ի՞նչը… Ատ ի՞նչ կ’ընեք:
ԲԺՇԿՈՒՀԻ– Ձեզ պիտի սրսկեմ: Վիրահատության պիտի պատրաստեմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ապշած) Որո՞ւն… Ինծի՞…
ԲԺՇԿՈՒՀԻ– Այո՛: Հակոբ Սերգեյիչը շատ էր անհանգստանում: Ասաց, որ անմիջապես սրսկենք ու տանենք իր մոտ` վիրահատության, քանի դեռ…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ…
ԲԺՇԿՈՒՀԻ– Սրտի կաթված չեք ստացել: Քանի դեռ ողջ եք: Սերգեյիչը շատ էր անհանգստանում: Ինչո՞ւ գալուն պես իր մոտ չեք գնացել: Հիվանդությունն արդեն խորացել է, բարդացել: (Ժամացույցին նայելով) Կես ժամից եթե Ձեր սիրտը չվիրահատենք, ողջ չեք մնա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Դուն ի՞նչ գիտես: Ես առողջ եմ, իմ սիրտս առողջ է: (Ձեռքը դնում է սրտին): Արագ-արագ կ’աշխատի:
ԺԱԿ– Դա խաբուսիկ է, Աբիսողոմ աղա: Ընկերոջս սիրտն էլ առողջ էր, բայց երեկ հանկարծ կաթված ստացավ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվ…
ԺԱԿ– Տեղում մեռավ: Չկարողացանք հասցնել Սերգեյիչի մոտ: Տարանք դիահերձարան:
ԲԺՇԿՈՒՀԻ– (Աբիսողոմ աղային) Քանի՞ օր է, որ այստեղ եք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսենք թե` տասը:
ԲԺՇԿՈՒՀԻ– (Կեղծ վախով) Վա՜յ, Աբիսողոմ աղա: Ժամանակ էլ մի՛ կորցրեք: Ամեն վայրկյանը թանկ է: Ձեզ մի բան եթե պատահի, Սերգեյիչի ձեռքից չեմ պրծնի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Վրդովված) Ըսի. «Ես առողջ եմ: Իմ սիրտս իրեն լավ կը զգա»:
ԲԺՇԿՈՒՀԻ– (Ժակին) Համոզեք նրան, պարոն Ժակ: Տասը օր է` այստեղ է ու ասում է. «Իմ սիրտս առողջ է»: Մեզ ձեռ հո չե՞ք առնում, Աբիսողոմ աղա:
ՍՈՆԱ– Վիրահատությունը թանկ չէ: Ընդամենը` հինգ հազար ոսկի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես առողջ եմ: Ինծի լավ կը զգամ: Իմ սիրտս գերազանց կ’աշխատի:
ԲԺՇԿՈՒՀԻ– (Ներարկիչը ձեռքին` մոտենում է Աբիսողոմ աղային): Դա խաբուսիկ է, խաբուսիկ: Սերգեյիչը շատ էր անհանգստանում: Ես նրան ի՞նչ ասեմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զայրացած) Ըսե, ինչ կ’ուզես: Ես ոչ մեկ Սերգեյիչի չեմ ճանչնար: (Ժակին) Աս ի՞նչ կ’ուզեն ինձմե, պարոն Ժակ:
ԲԺՇԿՈՒՀԻ– (Լացակումած) Գոնե ինձ խղճացեք: Սերգեյիչը աշխատանքից կազատի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– է՛, ես ի՞նչ մեղավոր եմ: Ի՞նչ ընեմ:
ԲԺՇԿՈՒՀԻ– Գնանք, թող վիրահատի:
ՍՈՆԱ– Ընդամենը հինգ հազար ոսկի արժի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ինչո՞ւ վիրահատե: Աս երկրին մեջ հիվանդ մարդ չկա՞, որ վիրահատե: (Դրսից հիվանդի ձայն է լսվում):
ՁԱՅՆ– Վա՜խ… Վա՜խ… Մեռա՜… Մեռա՜ …
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ուրախացած) Ահա, աս ալ` քեզի հիվանդ: Գնա, սրսկե, որքան կ’ուզես, վիրահատե սիրտը: (Բժշկուհին մնում է կանգնած): Տե գնա: Ինչո՞ւ չես երթար, չես սրսկեր:
ԲԺՇԿՈՒՀԻ– Ընդամենը հինգ հազար ոսկի, թե չէ Սերգեյիչը… (Աբիսողոմ աղան խստությամբ նայում է նրան: Բժշկուհին նահանջում է): Լավ: Հազար ոսկի և կկտրենք… (Կոնքի մոտ մկրատի շարժումներ է անում):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Վախեցած) Ի՞նչը:
ԺԱԿ– Կույր աղիքդ, Աբիսողոմ աղա, կույր աղիքդ կկտրեն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսի. «Ես առողջ եմ»: Իմ կույր աղիքս առողջ է:
ԲԺՇԿՈՒՀԻ– Լավ: Փորի ցա՞վ… Աղիներդ է՞լ չեն ցավում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ, չեն ցավիր: (Առանձին) Աս ի՞նչ մարդեր են, չեմ հասկնար:
ՍՈՆԱ– Ստամոքսդ է՞լ չի ցավում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չէ՛, չի ցավիր:
ԲԺՇԿՈՒՀԻ– (Զայրացած) Ուրեմն` Պոլսում ցավում էր, Լոնդոնում ցավում էր, Նյու Յորքում ցավում էր, այստեղ չի՞ ցավում: Սա՞ ինչ քաղաքական խտրականություն է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– «Չի ցավիր»,- կ’ըսեմ:
ՍՈՆԱ– Այդպես խիստ մի՛ եղիր, Աբիսողոմ աղա: Գնա, թող գոնե ատամդ հեռացնեն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ինչո՞ւ հեռացնեն: Իմ ատամներս առողջ են:
ԲԺՇԿՈՒՀԻ– Սիրտը առողջ է, ատամները առողջ են, ստամոքսը առողջ է: Է՛, ես կրա՞կն եմ ընկել: (Համառորեն կանգնում է Աբիսողոմ աղայի առջև):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Էլ բա՛վ է: Աս ի՞նչ պատիժ է: Կանչեցեք հոս բեմադրիչը: (Գալիս է բեմադրիչը: Աբիսողոմ աղան դիմում է նրան): Աս ի՞նչ կ’ըսե, պարոն բեմադրիչ: Հինգ հազար ոսկի կ’ուզե, որ առողջ սիրտս վիրահատե:
ԲԵՄԱԴՐԻՉ– (Թղթերի մեջ նայում ու գլխով է անում): Ճիշտ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Հազար ոսկի կ’ուզե, որ կույր աղիքս կտրե:
ԲԵՄԱԴՐԻՉ– (Դարձյալ թղթերին նայելով) Հինգ հարյուր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հազա՛ր: (Բեմադրիչը նայում է բժշկուհուն: Վերջինս իրեն զգում է հանցանք կատարելու պահին բռնվողի պես): Կ’ըսեն. «Ատամդ հեռացնենք»:
ԲԵՄԱԴՐԻՉ– (Թղթերին նայելով) Ճիշտ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ապշած) Բայց ես չեմ ուզեր: Ատ ի՞նչ կ’ըսեք:
ԲԵՄԱԴՐԻՉ– Պիեսում այդպես է գրված: Ես մեղավոր չեմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է…
ԺԱԿ– (Աբիսողոմ աղային մի կողմ տանելով, առանձին) Ավելի լավ է` երկու հազար ոսկի տաս, առանց վիրահատվելու պրծնես: Իզուր քաշքշուկի մեջ մի ընկիր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է… Բայց ինչո՞ւ տամ:
ԺԱԿ– Իսկույն կասեն, որ առողջ ես: Ամեն բան կվերջանա: (Աբիսողոմ աղան մնում է շփոթահար):
ԲԺՇԿՈՒՀԻ– Բա՛, ասում էի, չէ` մի՛ ուշացրու: Իսկ հիմա հա՛մ սիրտդ կվիրահատեն, հա՛մ կույր աղիքդ կկտրեն, հա՛մ ստամոքսիդ չեղած խոցը կհանեն, հա՛մ էլ ատամդ կքաշեն: Լսեցի՛ր: Այդպես է գրված: (Մոտենում է, որ սրսկի):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ծայրահեղորեն շփոթված) է՛… Աս ի՞նչ կ’ընեք: Աս ի՞նչ բան է: (Նայում է բեմադրիչին):
ԲԵՄԱԴՐԻՉ– Պիեսում է այդպես գրված, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է… Է… Կանչեցեք հոս ատ.. ատ… հեղինակը:
ԺԱԿ– (Բառերը երկարաձգելով, այնպիսի տոնով, որ Աբիսողոմ աղան հասկանա, թե ինչ անիմաստ բան է անում) Աբիսողոմ աղա՜… Աբիսողամ աղա՜…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Վրդովված, հուսահատ` ձեռքը տանում է գրպանը և հանում քսակը): Ա՛ռ: Սևցուր իրեն: Փրկե զիս այստեղի բժիշկներեն:
Ես հոս եկած եմ մանչս կարգելու համար, ան կ’ըսե` կույր աղիքդ կտրենք:

Կրկին բեմ է բարձրանում թատրոնի աշխատակցուհին` ձեռքին ազդագիր: Մի պահ բոլորը լուռ, ուշադիր նայում են նրան: Աշխատակցուհին ազդագիրը կախում և դանդաղ գնում է: Վերջինիս վրա գրված է. «Փորձը շարունակվում է…»:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ա՞ս ինչ կը նշանակե: Հոս ով կ’ուզե, բեմ կելլե, ինչ կ’ուզե, կ’ընե:
(Գալիս են ներկայացման փորձն անող դերասանները և պատրաստվում խաղին: Աբիսողոմ աղան, փորձի նախապատրաստությունը տեսնելով, վրդովվում է):
Կը բավե: Հոգնեցա՛: Ալ չեմ ուզեր խաղալ: Դուք թատրոնի մեջ ալ զիս կը կողոպտեք: Ես կ’ուզեմ երեսփոխան ըլլալ, նախարար ըլլալ, բարերար ըլլալ: Վերջապես, ես մանչս կ’ուզեմ կարգել: Դերասանություն ընելը իմ բանը չէ:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ի՜նչ ես ասում, Աբիսողոմ աղա, ի՜նչ ես ասում: Գոնե ցածր գոռա՝ ժողովրդի ականջը չընկնի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինչո՞ւ. ժողովո՞ւրդը կը հայհոյեմ:
ՍՈՆԱ– Չես հայհոյում. գործիդ վրա քար ես գցում:
ԺԱԿ– Առանց դերասանության արվեստին տիրապետելու` ինչպե՞ս կարող ես ըլլալ երեսփոխան, նախարար, բարերար: Մտածո՞ւմ ես՝ ինչ ես ասում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Լրջանալով) Ի՞նչ կ’ըսե՜ս: Ուրեմն, առանց դերասան ըլլալու, երեսփոխան ըլլալն անհնա՞ր է:
ԺԱԿ– Վրադ ծիծաղել մի՛ տուր, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է թե երեսփոխաններ դերասաննե՞ր են:
ՍՈՆԱ– Շատ ավելի վարպետ դերասաններ են, քան բեմում խաղացողներն են:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ու դեռ երկա՞ր մարզվենք պիտի:
ԲԵՄԱԴՐԻՉ– Երեսփոխան դառնալու համար անհրաժեշտ բոլոր վարժություններն այնքան պիտի փորձենք, մինչև անթերի կատարես: Օրինակ՝ նախ պիտի սովորես կուրծք ծեծել, սեղանի տակ պառկել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ե՞տքը:
ԲԵՄԱԴՐԻՉ– Պիտի տիրապետես պղպջակներ փչելու արվեստին:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ապա:
ՍՈՆԱ– Դիմակներ փոխելու արվեստի գաղտնիքները պիտի յուրացնես: Արագ-արագ փոխել պիտի կարողանաս. դյուրին չէ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ապա:
ՍՈՆԱ– Ապա պիտի սովորես աճպարարություն անել: (Աբիսողոմ աղան, գլուխը բռնած, նստում է):
ԺԱԿ– Ապա՝ փարիսեցիություն:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ապա… Միանգամից բոլորը չի ասվի: Հա, ամենակարևորը մոռացանք. նախ և առաջ օճառ գործածելուն պիտի վարժվես:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սեղանի տակ մտնելու արվե՞ստն ալ երեսփոխան ըլլալու համար է:
ԲԵՄԱԴՐԻՉ– Իհարկե՛, իհարկե՛:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սեղանի տակ ի՞նչ պիտի ընե երեսփոխանը:
ԲԵՄԱԴՐԻՉ– Կոալիցիոն կռվում պիտի դիրք բռնի: Պիտի պաշտպանվի միջազգայի՛ն տեռորիզմից, իրպեսների՛ տեռորիզմից: Դժվար պահերին աննկա՛տ պիտի մնա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ուսերը թոթվում է): Չեմ հասկնար:
ՍՈՆԱ– Կարող է, չէ՞, դահլիճում հանկարծ տուրուդմբոց սկսվել: Ի՞նչ պիտի անի երեսփոխանը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Սեղանի տակ մտնե՛ պիտի, իր խելքը հայհոյե՛ պիտի, մեղքերուն համար թողություն խնդրե՛ պիտի…
ԲԵՄԱԴՐԻՉ– Մի՛ վրդովվեք, Աբիսողոմ աղա: Եկեք շարունակենք փորձը: (Դերասանները բեմը սկսում են ձևավորել որպես խմբագրություն): Անցնում ենք հաջորդ` խմբագրության պատկերին: (Դերասաններից մեկն ազդագիրը շրջում է: Մյուս երեսին գրված է. «Խմբագրություն: Բեմադրիչը նայում է այս ու այն կողմ): Գրունին ո՞ւր է: Գրունո՛ւն գտեք:
ՈՐԵՎԷ ՄԵԿԸ– Հիմա, հիմա կգա:

Դերասանները գնում են: Գալիս են Գրունին, Աբիսողոմ աղային այցելած բանաստեղծը, մի կին գրող, որը ծանոթ դերասանուհին է, և Սողոմոնը:
Գործողության առաջին պլանում Աբիսողոմ աղան և Գրունին են:

ԳՐՈՒՆԻ– Երբ տեսա, թե Սողոմոնը որքան ակնառու տաղանդով գրիչը բռնեց, շտապեցի իսկույն գրախոսական գրել, որ հանկարծ այնպես չլինի` ապաշնորհ գրականագետները նրան գովեն: Գիտե՞ս, Աբիսողոմ աղա, հիմա ամեն մարդու չի կարելի վստահել: Ամեն գրականագետ գրական գործի արժեքը չի հասկանում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Մտնում է դերի մեջ): Գրախոսելեն ետքը ի՞նչ մտադիր ես:
ԳՐՈՒՆԻ– Պիտի մեկենաս գտնեմ և այն տպագրեմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ե՞տքը:
ԳՐՈՒՆԻ– Տաղանդավոր բանաստեղծ Սողոմոնին պիտի մրցանակի ներկայացնեմ:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– (Աբիսողոմ աղային) Հեշտ բան չկարծես: Կը գիտնա՞ս՝ ինչ պայքար կ’ընթանա: Ազգին կեսը գրելու գործով կը զբաղի: Ով գրիչ կը գործածե, կ’ուզե գրող համարվել:
ԿԻՆ ԳՐՈՂ– Բայց Սողոմոնն իհարկե տարբեր է նրանցից: Ի դեպ, նա ի՞նչ ոճով է գրում: Մուսայո՞վ է գրում, թե առանց մուսայի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մուսայով հիմա ո՞վ կը գրե, ջանըմ: Ան առանց մուսայի պիտի գրե:
ԿԻՆ ԳՐՈՂ– Եվ ճիշտ պիտի անի, Աբիսողոմ աղա, ճիշտ պիտի անի: Մուսայի թելադրանքով բոլորն էլ կարող են գրել: (Բանաստեղծը թարս-թարս նայում է կին գրողին): Շնորհքը առանց մուսայի գրելու մեջ է:

Բոլորով Սողոմոնին գրեթե շրջապատում և սովորեցնում են, թե ինչպես պետք է գրել:

ԳՐՈՒՆԻ– Կարդացած երևալու համար սերտիր հայտնի գրողների անուններն ու ասույթները:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Հաճախ ըսե` Ուիթմենը գրած է… Ռիլկեն ըսած է… Հերման Հեսսեն… Ֆրանց Կաֆկան…
ԳՐՈՒՆԻ– Նիցշեն… Ֆոլքները… Քամյուն…
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Աբստրակցիոնիզմի մեջ… Աբսուրդի թատրոնի նման… Եվրոպական ժամանակակից…
ԿԻՆ ԳՐՈՂ– Փիլիսոփայական բաներ գրելիս հաճախ տուր փիլիսոփայական կատեգորիաների անունները: Օրինակ (բարձր պաթոսով)` տարածության և ժամանակի մեջ…
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Լավ կ’ըլլա, եթե գրես առանց կետադրության:
ԿԻՆ ԳՐՈՂ– Ես չեմ սիրում հանգը: Տանել չեմ կարող ռիթմը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կարևորը փիլիսոփայությունն է: (Ամեն մեկը մի բան ասում է, և այլևս ոչինչ չի հասկացվում: Սողոմոնը բութ հայացքով մե՛կ սրան է նայում, մե՛կ նրան):
ԳՐՈՒՆԻ– (Ձեռքը խփում է սեղանին, և բոլորը լռում են): Ես առաջարկում եմ նոր գրականությունը դարձնել բազմաբնույթ:
ԲԱՆԱՍՏԵՂԾ– Ինչպե՞ս:
ԳՐՈՒՆԻ– Թող մեկը ժարգոնով գրի, մեկը` իքսերով: Մեկը` կետադրելով, մեկը` առանց կետադրելու, մեկն էլ` կետ-գծերով, ինչպես Մորզեն…
ԿԻՆ ԳՐՈՂ– Ասեմ, որ ես գտել եմ գրելու ավելի հեշտ տարբերակ: (Ներկաները կրկին աշխուժանում են և լարված սպասում, թե ինչ է ասելու: Կին գրողը գրպանից հանում է մի թուղթ և պատրաստվում, որ կարդա): Ահա այդպիսի բանաստեղծության մի օրինակ:

որովհետև

որովհետև
որովհետև
որովհետև
ահա այսպես
ահա այսպես
այսպես ահա
միայն մեկը
միայն մեկը
մեկը միայն
որովհետև
որովհետև
որովհետև

Մի պահ տիրում է խորհրդավոր լռություն:

ԲԱՆԱՍՏԵՂԾ– Հրաշք է: Գյուտ…

Գալիս է պարախումբը…

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ

Բեմում Աբիսողոմ աղան է, որը դիտում է հեռուստացույց: Ծառան սենյակում զբաղված է ինչ-որ գործով: Աբիսողոմ աղան ալիքները հաճախ փոխում է… Զգացվում է, որ զայրանում է, ջղաձգվում: Հանկարծ բռնկվում է:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ բան է… Տարեք նետեցեք աս հեռատեսիլը: Խենթացուց զիս:
ԾԱՌԱ– Ինչո՞ւ եք զայրացել, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հապա ի՞նչ ընեմ: Քսան ալիք փոխեցի, քսանին մեջ ալ նույն մարդերը նստած են: Նույն մարդերը նույն երգը կը երգեն, նույն մարդերը իրարու կը գովեն, նույն մարդերը նույն բաները կը խոսին: «Հոն եկա, Լոս գացի, Լոսեն եկա, հոն գացի: Հոս խմցուցին, հոն քնացուցին…»: Խենթացուցին զիս…
ԾԱՌԱ– Մի՛ վրդովվեք, Աբիսողոմ աղա: Դրանք մեր աստղերն են: Երգի՛ աստղերը, հեռուստաաստղե՛րը, ազգի՛ աստղերը: Մեր էլիտա՛ն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս փոքր երկրին մեջ այդքան աստղե՞ր կան: Տասը տարի Ամերիկային մեջ ապրեցա, ու տասը տարվան մեջ Ամերիկան այդքան աստղ չծնավ:
ԾԱՌԱ– Է՜, Աբիսողոմ աղա: Բա ինչո՞ւ են ասում, որ մենք տաղանդավոր ազգ ենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հապա սերիալնե՞րը… Արդեն կը վախնամ տունեն դուրս ելլել…

Գալիս է մի երիտասարդ աղջիկ: Նա հագնված է բավական բաց: Անմիջապես զգացվում է, որ Աբիսողոմ աղային գայթակղելու մտադրություն ունի:

ԱՂՋԻԿ– Բարև Ձեզ, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բարև Ձեզի: (Ծառան գնում է):
ԱՂՋԻԿ– Ինձ պարոն Ժակն է ուղարկել: Ասաց, որ Դուք հովանավորում եք տաղանդավոր… (Չի իմանում ինչ ասել) տաղանդավորներին:(Գայթակղիչ շարժումներով մոտենում է Աբիսողոմ աղային, նրա առաջ պայուսակը դիտավորյալ գցում և, բարեմասնությունները հնարավորին չափ ցուցադրելով, վերցնում: Վերցնելու ժամանակ մի պահ նայում է Աբիսողոմ աղայի աչքերին, և անմիջապես զգացվում է, որ վերջինս ընկավ նրա «ուռկանը»):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դուն ա՞լ կը երգես:
ԱՂՋԻԿ– (Կեղծ զարմանքով) Ինչի՞ց իմացաք, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Իրենից անկախ) Կրծքե…
ԱՂՋԻԿ– (Դարձյալ` կեղծ տոնով, երկարաձգելով) Ինչիիի՞ց:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Շփոթված) Տե, դուն շատ նման ես… (հեռուստացույցի կողմը ցույց տալով) անոնց… աստղերուն…
ԱՂՋԻԿ– (Իբր` շոյված) Օ՜, Աբիսողամ աղա, շնորհակալություն, շնորհակալություն: Ես հիմա Ձեզ համար էլ կերգեմ: Հատուկ Ձեզ համար:(Դերասանաբար ընդունում է երգչի կեցվածք, միացնում ֆոնոգրամման ու «երգում»):
Չկա՛, չկա՛, չկա՛, քեզ նմանը չկա՛…
(Աբիսողոմ աղան, անակնկալի գալով, վախից վեր է թռչում):
Մայթի վրա չկա՛, պատերի տակ չկա՛,
Օդում, ջրում, չկա՛,
Չկա՛, չկա՛, չկա՛…
(Աբիսողոմ աղային ուշքի գալու ժամանակ չտալով) Հավանեցիք, չէ՞, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Շշմած) Հա՛, հավնեցա: Ֆոնոգրամմայի ձայնի որակը, բարձրությունը շատ հավնեցա: Ատանկ ֆոնոգրամմայով տատիս տատն ալ կը երգե:
ԱՂՋԻԿ– Հիմա բոլորն այսպես են երգում, Աբիսողոմ աղա: Այսպես հարմար է:
Ճիշտն ասած` ես էլ եմ ուզում մի հոլովակ նկարահանել, բայց… Դե, հասկանում եք, նման բանն առանց հարուստ հովանավորի չի լինում… (Նայում է Աբիսողոմ աղայի աչքերին) Չի՛ լինում… (Աբիսողոմ աղան մի պահ փորձում է սթափվել, դեմքը մի քիչ խոժոռում է: Աղջիկը նայում է սենյակում դրված ինչ-որ բանի և մոտենում): Այս ինչ գեղեցիկ է, Աբիսողոմ աղա: Լոսի՞ց եք բերել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Այո՛: Լոսեն բերած եմ: (Աղջիկը, մեջքով` դեպի Աբիսողոմ աղան, այնպես է կռանում, որ փեշը դանդաղ բարձրանա):
ԱՂՋԻԿ– Շատ գեղեցիկ է… (Նույն դանդաղությամբ կանգնում է, և Աբիսողոմ աղան նույն դանդաղությամբ գլուխը բարձրացնում է): Շատ գեղեցիկ է… (Դարձյալ կռանում ու բարձրանում է, և Աբիսողոմ աղան նույն ձևով, կարծես կախարդված, նայում է: Աղջիկը շրջվում է նրա կողմը): Բայց դա, առանց հարուստ հովանավորի, առանց շատ փողի, չի՛ լինում, Աբիսողոմ աղա… Չի՛ լինում: (Աբիսողոմ աղան կարծես սթափվում է):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչը չի լիներ:
ԱՂՋԻԿ– (Բարձր, համարձակ ու շեշտված) Հոլովա՛կը… Հոլովակը չի՛ լիներ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՜… Է՜… Նորեն` փո՞ղ, նորեն` ոսկի՞:
ԱՂՋԻԿ– Մի՞թե չեք ուզում երկնքում (ցույց է տալիս վերև) Դուք Ձեր (ցույց է տալիս իրեն) աստղն ունենալ, Աբիսողոմ աղա: Ձեր հայտնաբերա՛ծ աստղը, ստեղծա՛ծ աստղը, երկինք նետա՛ծ աստղը, աստղ-հրեշտա՛կը… (Երկնքով թռչելու շարժումներ է անում: Աբիսողոմ աղան դեմքը խոժոռում է: Աղջիկը հանկարծ վազում ու Աբիսողոմ աղայի առաջ ծնկի է գալիս): Խնդրում եմ… Խնդրում եմ… Մի՛ մարեք իմ երազները… (Աբիսողոմ աղայի գլուխը գրկում ու արագ-արագ համբուրում է): Հազար ոսկի… Հազար ոսկի ընդամենը…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Քսակից փող հանելով, ջրում խեղդվողի պես հազիվ արտաբերելով): Աս… աս… աս հա… հա… զար ոս… ոս… կին քե… քե… զի…(Գալիս է ծառան և դերասանական զարմանքով նայում: Աբիսողոմ աղան դիմում նրան): Լու… լույ-սը մա… մա-րե… (Ծառան, հանդիսատեսներին աչքով անելով, լույսը հանգցնում է):

Քիչ անց բեմը լուսավորվում է: Աբիսողոմ աղան հոգնած, ուժասպառ նստած է: Այստեղ է նաև Ժակը մի տղամարդու` քանդակագործի հետ:

ԺԱԿ– Ամեն ինչ կարգի՞ն է, Աբիսողոմ աղա: Լա՞վ եք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Շնորհակալ եմ, աղեկ եմ:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Աղջիկ գտա՞ք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ազգային խնդիրներու մեջ թաղված ենք: Ընտանեկան գործերը երեսի վրա ձգած ենք: Քիթ սրբելու ժամանակ չունինք:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Սողոմո՞նն ալ ազգային գործերով կը զբաղի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անիկա գրական գործունեություն ծավալած է: Իր անձը մշակույթին կը նվիրե:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Թատրոնի գործե՞րն ինչպես են:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ընտրություններուն կը պատրաստվինք: Սա երկու օրը կուրծք ծեծելու վարժությունները կը փորձեմ:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Հաջողվո՞ւմ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա բան մը չէ, բայց սեղանի տակ մտնել-ելնելուն արվեստը շա՜տ կը չարչարե զիս:
ԺԱԿ– Քիչ մը համբերե, Աբիսողոմ աղա, քիչ մը համբերե:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Քանդակագործին) Իսկ դո՞ւն ով ես, ի՞նչ կընես:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ես քանդակագործ եմ: Ուզում եմ քո արձանը քանդակել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Այլակերպված) Իմ արձա՞նս:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Եթե ծախսերը հոգացող լինի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Անարգանքի սյունի՞ն կ’ուզես գամել զիս:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ի՜նչ ես ասում, Աբիսողոմ աղա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ նպատակով հապա:
ԺԱԿ– Մեծարելո՛ւ, արժանին հատուցելո՛ւ, քեզ նման պատվավոր մարդուն հավերժացնելո՛ւ համար:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես: Իսկ ես կը կարծեի, թե հոս արձան կը կանգնեցնեն…
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ինչի՞ համար:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Երեսը ներկելո՛ւ, վրան գրելո՛ւ, թռչունները վախեցնելո՛ւ համար:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ի՜նչ ես ասում, ի՜նչ ես ասում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց հոս արձաններ…
ԺԱԿ– Քո արձանը մենք քաղաքի կենտրոնո՛ւմ պիտի տեղադրենք: (Աբիսողոմ աղան հանում է քսակը):
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Շուրջը ոստիկաննե՛ր պիտի կանգնեցնենք: (Աբիսողոմ աղան հաշվում է փողերը):
ԺԱԿ– Փոշին ամեն օր պիտի մաքրե՛նք…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Փողը տալով) Իմ արձանս ոսկիե՞ պիտի ըլլա:
ԺԱԿ– (Քանդակագործի հետ պատրաստվում են գնալ) Ինչից որ կուզես, Աբիսողոմ աղա:
ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾ– Ընդամենը ծախսի հարց է, ուրիշ ոչինչ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կ’ուզեմ, որ լավագո՛ւյն ոսկիե ըլլա:

Միասին գնում են դեպի ձախ մուտքը: Ժակը տեսնում է աջ կողմից եկող Սոնային և հետ դառնում: Սոնան հագնված է բավական գեղեցիկ: Ունի գրավիչ տեսք:

ԺԱԿ– (Հիացաբար նայելով) Սոնա՞… (Մոտենում է, որ գրկի):
ՍՈՆԱ– Դրա ժամանակը չէ, Ժակ: Ես դերի մեջ եմ:
ԺԱԿ– Ոչինչ, մի փոքր շեղումը հանդիսատեսը չի նկատի: Արի իմպրովիզացիա անենք, քանի դեռ Աբիսողոմ աղան չի եկել: (Սոնայի շուրջը պտտվում է): Այս ի՜նչ գեղեցկություն է, Տեր Աստված… (Կանգնում է նրա դիմաց): Թող գրողի ծոցն անցնեն բոլոր դերերը… Ես ուզում եմ քեզ համբուրել…
ՍՈՆԱ– (Կրկին անցնում է նախազգուշական տոնի): Ժա-ա՜կ…
ԺԱԿ– (Նայում է Սոնայի աչքերին և խոսում մեղմ, քաղցր տոնայնությամբ): Դու այսօր կատարելություն ես, Սոնա, երազային…
ՍՈՆԱ– (Շոյված) Իսկապե՞ս:
ԺԱԿ– Հա՛: (Շարունակելով նայել Սոնայի աչքերին` սկսում է ասմունքել: Վառվում է կապույտ լույս, հնչում է մեղմ երաժշտություն):
Կուզեմ, կուզեմ քեզ այսօր ամբողջ գիշեր համբուրել:
Շուրջդ մոմեր բուրվառել ու ողջ գիշեր համբուրել:

Լուսամփոփի քողի տակ` սիրո կապույտ մշուշում,
Կուզեմ սուզվել քո ծովում ու ողջ գիշեր համբուրել:

Աչերիդ մեջ՝ երազեմ, քեզնով արբած՝ քեզ երգեմ,
Գգվեմ ձեռքերդ սպիտակ ու ողջ գիշեր համբուրեմ:

Կուզեմ մարել գրկիդ մեջ ու քեզ մարել իմ գրկում,
Շուրջդ մինչ լույս բույր վառել ու ողջ գիշեր,
Ու ողջ գիշեր համբուրել:

Վերջին տողերն ասմունքելուց հետո, Սոնայի ձեռքից բռնած, բեմից դուրս են գալիս: Աբիսողոմ աղան վերադառնում է Մարկոս աղայի հետ: Վերջինս գիրուկ է, փորը` դուրս գցած, շքեղ հագնված:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Պատգամավորական գործե՞րդ ինչպես են: Ընտրություններին պատրաստվո՞ւմ ես:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Շնորհակալ եմ: Աղեկ են: Կը պատրաստվինք: Վաղվանե բռնցքամարտով զբաղվենք պիտի:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Հարսնացու գտա՞ք: (Նստում են):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Միջնորդ կնիկը կը սպասենք. ան դեռ եկած չէ: Կը խորհիմ, թե հիմա միջնորդներուն գործերը հաջող կ’ընթանան. չեն ուզեր երևելի ազգայիններու ոտքը երթալ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ժամանակները փոխվել են, Աբիսողոմ աղա: Ազգայինները հիմա հարգի չեն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Անակնկալի եկած, շանթահար) Ի՞նչ: Իսկ ես կը խորհիմ…
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իզո՜ւր: Հիմա բոլորը դարձել են եվրոպական: Ազգային լինելը նույնիսկ ամոթ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես…
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Բոլորը եվրոպականն են ընդօրինակում: Ամեն լավ բան արդեն ոչ թե չնաշխարհիկ է, այլ եվրաշխարհիկ: Եվրաշխարհիկ են տնե՜րը, դռնե՜րը, շնե՜րը… Ամոթ չլինի ասելը, բոզերն էլ եվրոպական ձևով… (Շարունակությունը ասում է ցածր, անլսելի):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Երեսփոխաններն ա՞լ կ’ուզեն եվրոպական ըլլալ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Բոլորը, բոլորը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Գրողներն ա՞լ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Գրողներն էլ, երգիչներն էլ, նկարիչներն էլ: Մեր ամբողջ էլիտան:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եթե այդպես է, ուրեմն ես ալ կ’ուզեմ եվրոպական ըլլալ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Եվրոպան ուրի՜շ է, ուրի՜շ: Ի՜նչ խանութներ, ռեստորաննե՜ր, ծովափե՜ր, աղջիկնե՜ր… Ո՞ւմ համար են, ո՞ւմ: (Ձեռքը կրծքին խփելով) Ի՛նձ համար են, Աբիսողոմ աղա, ի՛նձ համար: Քե՛զ համար:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվրոպական ըլլալուն համար անձնագի՞ր պետք է:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Անձնագիր պետք չէ: Փող է պետք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Քսակը հանելով) Որքա՞ն հարկավոր է:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Փող ես ունեմ: Շատ ունեմ: Ինձ կրիշա` տանիք է հարկավոր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Քու տունդ տանիք չունի՞:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ինձ տանիք հարկավոր է պառլամենտում, Աբիսողոմ աղա: (Վերջինս, ոչինչ չհասկանալով, բութ հայացքով նայում է): Ուզում եմ ասել, որ մենք՝ եվրոպականներս, քեզ կդարձնենք պատգամավոր, որ դու մեր շահերը պաշտպանես: Մենք էլ, իհարկե, քո շահերը կպաշտպանենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աղեկ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ուրեմն դեմ չես: (Տեղից վեր է կենում):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ինչո՞ւ պիտի դեմ ըլլամ: Ի՞նչ կ’ըսես: Եթե եվրոպական մարդերս ալ մեկզմեկու չ’պաշտպանենք, ո՞վ կը պաշտպանե:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– (Դռան կողմը գնալով) Այսինքն՝ մենք իրար հասկացանք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հասկցանք, Մարկոս աղա, հասկցանք: (Պատրաստվում է ճանապարհելու):
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Քեզ համար էլ, Աբիսողոմ աղա, մի լավ մականուն գտիր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատիկա՞ ինչի համար:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Բա եղա՞վ: Քաղաքական գործիչը, պատգամավորը առանց մականունի կլինի՞: (Զրուցելով բեմից գնում են):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բոլոր գործիչներն ալ մականո՞ւն ունեն:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ունեն, իհարկե ունեն: Մեկի անունը Ժանգոտ է, մեկինը՝ Գազան, մեկինը՝ օձ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Ինձ ա՞լ ատանկ պիտի կոչեն:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ինչպե՞ս հապա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Չ’ըլլա՞ր, որ ինձ ըսեն… Ոսկի ըսեն, Պարկեշտ ըսեն, Ալեն Դելոն ըսեն:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– (Ձայնը գալիս է դրսից): Մտածելու բան է: Նախադեպը չկա:

Աբիսողոմ աղան վերադառնում է` ձեռքին լրագրեր: Նստում է բազկաթոռին:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Տեսնենք` լրագիրնե՞րը ինչ կը գրեն: (Գալիս է ծառան): Այսօր հոգնած եմ: Սուրճ եփե: (Լրագրերը մի կարճ ժամանակ անձայն թերթելով): Հոս լրագիրներն ալ հեռատեսիլեն չեն տարբերիր: Կը թվի, թե քրիմինալ սերիալներու բովանդակությունը կը պատմեն: Աս ի՞նչ է:(Հորանջելով կարդում է): «Մեր հավաստի աղբյուրները հայտնում են…» Նորե՞ն հավաստի աղբյուրներ: «….որ երեկ գաղտնի…»(Շարունակությունը կարդում է մտքում: Դարձյալ հորանջում է): Պարոն լրագրող, որ գաղտնի եղած է, դուն ինչպե՞ս գիտցած ես: Բազմոցին տա՞կ մտած ես եղեր, թե թաքնվեր ես դռան ետևը: (Նորից է հորանջում: Մի կարճ ժամանակ ևս անձայն կարդում է: Աչքերը դանդաղ փակվում են: Ննջում է: Ծառան սուրճը բերում է և, տեսնելով, որ Աբիսողոմ աղան նիրհել է, հետ է տանում: Հանկարծ դրսից չրխկոցի ուժեղ ձայն է լսվում: Աբիսողոմ աղան արթնանում է և քնատ վիճակում շարունակում կարդալ): «Գույժ»: Աս ի՞նչ կը գուժեն: «Քիչ առաջ սրտի կաթվածից հանկարծամահ եղավ…»: Լավ է, որ իմ սիրտս առողջ է: (Ձեռքը դնում է սրտին): «….հանկարծամահ եղավ մեծ բարերար, պատվավոր ազգային…»: Հոս ուրիշ ազգային ա՞լ եղած է: «….պատվավոր ազգային և եվրոպական…»: Չէ, ատանկ` հա՛մ ազգային, հա՛մ եվրոպական չըլլար: Աղվեսի պոչով աքաղաղ չըլլար: (Աչքերին չհավատալով) Ի՞նչ… Աբիսողոմ աղա՞… (Ապշած): Աս ի՞նչ կը գրեն: Աս ի՞նչ կը նշանակե: Նորեն Ժակին խաղե՞րն են: (Գալիս է ծառան` հրեշտակի թևերով: Սեղանին սուրճի բաժակը դնելով` գնում է: Աբիսողոմ աղան ապշած նայում է): Էլ կը բավե: Սա Ժակին պորտը տեղը դնելու եմ:

Ձեռքի հեռախոսով զանգում է: Լսվում է պատասխանը.
– Բաժանորդի հետ կապվել հնարավոր չէ: Նա այլ ռադիոծածկույթում է:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ կ’ըսե: Ի՞նչ այլ ռադիոծածկույթ: (Մնում է մոլորված): Չըլլա՞, թե աս անգամ աս ստախոսներ (ցույց է տալիս թերթը) ճիշտ գրած են: (Մոտենում է հայելուն, նայում: Շոշափում է իրեն, հայելին… Լուսային և այլ էֆեկտներով ստեղծվում է հանդերձյալ աշխարհի տպավորություն: Գալիս են երկու հրեշտակներ: Նրանցից մեկը Սոնան է, որին Աբիսողոմ աղան չի ճանաչում, մյուսը` փորձերին մասնակցող դերասանուհին: Սոնան մի պահ նայում է դահլիճին և մատը դնում շուրթերին` իբր` սուս, չասեք, որ ես եմ… Աբիսողոմ աղան ապշած նայում է): Դուք ո՞վ եք: Աս ի՞նչ կը նշանակե:
ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ (ՍՈՆԱ)– Մենք հրեշտակներ ենք: Քեզ պիտի տանենք…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Վախեցած) Ո՞ւր պիտի տանեք:
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Պիտի տանենք…
ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– …Տանենք:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես ողջ եմ: Հոս սուտ բաներ գրած են: Ես մանչս կ’ուզեմ կարգել:
ԱՌԱՋԻՆ ՀՐԵՇՏԱԿ– Տուր ինձ հազար ոսկի, և ես կասեմ, թե որտեղ է դրախտի այգին:
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– Տուր ինձ քո քսակը, Աբիսողոմ աղա: (Ուզում է գրպանից քսակը հանել, բայց Աբիսողոմ աղան չի թողնում: Քսակը իրար են քաշում):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հոս ա՞լ ոսկի կ’ուզեք: Կը բավե: Ալ չեմ տար:
ԵՐԿՐՈՐԴ ՀՐԵՇՏԱԿ– (Անցնում է կռվազան տոնի): Ինչպես թե` չեմ տար: Մադկանց կու տայիր, մեզ չե՞ս տար:

Աբիսողոմ աղային սկսում են կողոպտել: Մեկը հանում է ձեռքի ժամացույցը, մյուսը` մատանին: Փորձում են հանել հագուստները:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Աս ի՞նչ կ’ընեք, աս ի՞նչ կ’ընեք: (Այլևս չի կարողանում խոսել): Հոս կան… կան… կանչե-ցեք… Հը… հը… հը… (Գալիս է ծառան):
ԾԱՌԱ– Ո՞ւմ կանչեմ, Աբիսողոմ աղա: Հեղինակի՞ն: (Աբիսողոմ աղան ձեռք ու ոտքով հասկացնում է` չէ):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հա… Հա… Հա-կոբ… Սեր… Սեր… Սեր… գե-յի-չը: (Ձեռքը սրտին դրած` ընկնում է):
ԾԱՌԱ– Այստեղ Հակոբ Սերգեյիչ չկա: Սա դժոխք…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Գլուխը բարձրացնում է): Ի՞նչ… (Միանգամից ուշաթափ ընկնում է):

Ծափահարելով գալիս է բեմադրիչը:

ԲԵՄԱԴՐԻՉ– Կեցցե՛ս, Աբիսողոմ աղա, կեցցե՛ս: Քո խաղն այս անգամ անկրկնելի էր: (Մյուս դերասանները նույնպես ծափահարում են: Աբիսողոմ աղան ուշքի է գալիս, նայում չորս կողմը):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Չհասկանալով, թե ինչ է կատարվում): Աս ի՞նչ կ’ընեք: Ուրեմն ասիկա թատրո՞ն էր: Ուրեմն ես չե՞մ մեռած…
ԲԵՄԱԴՐԻՉ– Ո՛չ, Աբիսողոմ աղա, ո՛չ: Դու խաղացիր քո լավագույն դերը:

Աբիսողոմ աղային թևանցուկ անելով` երկու դերասան տանում են:

ԲԵՄԱԴՐԻՉ– Ամեն ինչ գերազանց է ընթանում: Ես նույնիսկ չէի մտածում, որ փորձերն այսքան հաջող կլինեն: Այսօր մեծ հատված ենք նկարահանելու: Ժամանակ չկորցնենք: Եկեք սկսենք առաջին պատկերից և շարունակենք: Պատրա՛ստ… (Դերասանները պատրաստվում են): Առաջին խցիկ…
ԿԱՆԱՆՑԻՑ ՄԵԿԸ – Այս ի՜նչ է կատարվում, Տեր Աստված, այս ի՜նչ է կատարվում:
ՄՅՈՒՍ ԿԻՆԸ– (Կրկին խոսում է որպես լրագրող, խոսափողը` ձեռքին): Ըստ մեր վիճակագրության՝ գործազուրկ է ժողովրդի զգալի մասը: Աշխատանք ունեցողներից շատերն աշխատում են օրական 12-13 ժամ՝ մնալով ծայրահեղ չքավոր: Շահագործումը հասել է չլսված չափի…(Բեմադրիչը օպերատորներին նշան է տալիս, որ անցնեն հաջորդ դրվագին: Առաջին դրվագը ներկայացնող դերասանները լռում են: Գործողությունը շարունակում են մյուս դերասանները):
ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Ո՞նց պիտի ապրեմ. հազիվ ծայրը ծայրին եմ հասցնում:
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Բոլորս էլ էդ օրին ենք:
ՍՈՆԱՅԻ ՁԱՅՆԸ` ԴՐՍԻՑ– Արմե՜ն, Արմե՜ն:
ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– (Մոտենում է պատուհանին): Ի՞նչ:
ՍՈՆԱՅԻ ՁԱՅՆԸ– Էլեկտրիկը եկել է, արի՛:
ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Գամ` ի՞նչ անեմ:
ՍՈՆԱՅԻ ՁԱՅՆԸ– Ի՞նչ պիտի անես. հոսանքն անջատում է. հետը լեզու գտիր:
ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Լավ: Ասա՝ գալիս եմ:
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Չի էլ ամաչում, ուզում է չորս երեխուն մթի մեջ թողնել, հա՞: Բա խիղճ չունի՞:
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Է՜: Հիմա էլ ի՞նչ խիղճ: Հիմիկվա խիղճը ա՛յ… (Մատները իրար շփելով՝ ցույց է տալիս, որ փողն է):
ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱՍԱՆ– Գնամ տեսնեմ ի՛նչ եմ անում: (Դուրս է գալիս):
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– (Նրա հասցեին) Այսքան անխելք մարդ տեսած չկամ: Կարգին պաշտոն ուներ: Փողը զոռով տալիս էին, չէր վերցնում, թե՝ ես կաշառք ուտող չեմ:
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Սպիտակ ագռավ էր ձևանում, հա՞: Դե հիմի թող ուտի:
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Մենակ տեսնես, թե ընկերները ինչքան են դիզել: Փողին փող չեն ասում:
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Բա հիմիկվա մարդուն փողը կտան, չի՞ վերցնի:
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Հե՛չ մեր դարի մարդ չի, հե՛չ:
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Ախպեր, Զիմզիմովը ճիշտ էր ասում. աշխարհը մեղրով կարաս է. ով, շերեփը առած, մեկին դեսն է բոթում, մեկին դենն է բոթում ու շատը ինքն է վերցնում, ղոչաղը նա է: (Կարճատև դադար):
ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Բանկի փողդ տվի՞ն:
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Էլ ինչ տան: Բանկի փողերն առել-թռել են:
ԵՐԿՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Լավ, էս երկրում կարգ ու կանոն ե՞րբ է լինելու: Օրենք ե՞րբ է լինելու:
ԵՐՐՈՐԴ ԴԵՐԱՍԱՆ– Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգ ու կանոն: Կաշառակերի աշխարհ է: Ժողովրդի իննսունինը տոկոսը կաշառք տալու և առնելու համար մոմի պես կանգնած է:

Ուրախ-ուրախ գալիս է Աբիսողոմ աղան: Բեմադրիչն օպերատորին դարձյալ հրահանգում է անցնել հաջորդ դրվագին:

ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ձայն է տալիս): Սողոմո՜ն, Սողոմո՜ն, մա՛նչս: (Գալիս է Սողոմոնը): Գրունին հրապարակ հանած է քերթվածներդ: Նկարդ ալ տպած է: (Ցույց է տալիս մի հանդես: Սողոմոնը այն վերցնում, նկարը տեսնում և ուրախությունից ցնծում է):
ԲԵՄԱԴՐԻՉ– Ստո՛պ: (Սողոմոնի գլխին կարծես սառը ջուր են լցնում. չի հասկանում` դա իրականությո՞ւնն էր, թե ներկայացում է: Բեմադրիչը շարունակում է): Լավ էր: (Աբիսողոմ աղային) Այժմ, ահա, դու կարդացել ես Սողոմոնի բանաստեղծությունները, և…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Շարունակում է փորձը): Մանչս, դուն ինչո՞ւ միշտ կոյուղիին առնչվող հանգամանքներու մասին կը գրես:
ՍՈՂՈՄՈՆ– Ժամանակակից բոլոր գրողներն ալ ատ խնդիրը կը շոշափեն: Պարոն Գրունի կ’ըսե, թե ատիկա նոր մտածողություն մըն է. թե գրականությունը թարմացվելու կարիք ունի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Եվ այդ մասին մուսայո՞վ կը գրեն, թե առանց մուսայի:
ՍՈՂՈՄՈՆ– Պարոն Գրունի մեզի ազատություն տված է: Կ’ըսե. «Ով կ’ուզե, թող մուսայով գրե, ով կ’ուզե, թող առանց մուսայի գրե: Ով կ’ուզե, թող իմաստով գրե, ով կ’ուզե, թող առանց իմաստի գրե»:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, դուն իմաստո՞վ կը գրես, թե առանց իմաստի:
ՍՈՂՈՄՈՆ– Ես իմաստով կը գրեմ: Պարոն Գրունի կ’ըսե, թե ես փիլիսոփայական ոճի բանաստեղծ մ’եմ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Կասկածանքով) Բայց Գրունին չի՞ սխալեր:
ՍՈՂՈՄՈՆ– Ի՞նչ կ’ըսես: Ան գրական տիտան մըն է: Զինքը աշակերտած բոլոր գրականագետները կ’ըսեն, որ պարոն Գրունի դարձած է գրական նոր դպրոցի հիմնադիր:
ԲԵՄԱԴՐԻՉ– Արտակարգ է, արտակարգ:
Հիմա հանգստացեք, Աբիսողոմ աղա: Երեկոյան դժվար փորձ է լինելու:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հա՛: Հոգնեցա: Կ’ուզեմ քիչ մը պառկել:

Հնչում է մեղմ երաժշտություն: Լույսը մարում է:
Քիչ անց աստիճանաբար լուսավորվում է:
Աբիսողոմ աղան բազմոցի վրա քնած է: Գալիս են Ժակը, Սոնան և ծառան:

ԾԱՌԱ– Դեռ չի արթնացել: Շա՛տ էր հոգնած: Կարող եք այստեղ սպասել. (հեգնանքով) աղային օտար մարդիկ հո չե՞ք:
ԺԱԿ– Բա որ խանգարե՞նք:
ԾԱՌԱ– Անհոգ եղեք: Նա հեշտ չի զարթնում: Ես ձեզ համար սուրճ կբերեմ: (Գնում է):
ՍՈՆԱ– (Նստելով) Երևի շատ խաղալն էլ մի բան չէ:
ԺԱԿ– Ինչո՞ւ: (Նույնպես նստում է):
ՍՈՆԱ– Միշտ դերի մեջ լինելով` կյանքն էլ իսկապես թատրոն ես կարծում:
ԺԱԿ– Բոլոր մեծ դերասանների համար այդպես է եղել. դերը եղել է կյանքի շարունակությունը, կյանքը` դերի:
ՍՈՆԱ– Ինչ-որ առումով բոլոր մարդիկ էլ ոչ միայն դերասան, այլև բեմադրիչ են. իրենք են բեմադրում իրենց կյանքը…
ԺԱԿ– (Ժպտալով) Իսկ դու այսօր ինձ համար ի՞նչ կբեմադրես:
ՍՈՆԱ– (ժակի ձեռքը բռնում է և ցանկալի հայացքով նայում դեմքին): Իսկ դու ի՞նչ կուզես:
ԺԱԿ– (Ծիծաղելով) Օ՜…
ՍՈՆԱ– Կուզե՞ս` քեզ համար պատմեմ… հեքիաթներն հազար ու մեկ գիշերվա:
ԺԱԿ– (Սկսում է խաղալ): Չէ՛, չեմ ուզում, իմ գեղեցկուհի:
ՍՈՆԱ– (Նույնպես խաղում է): Ինչո՞ւ, իմ տեր: (Հետագա ամբողջ խաղն ընթանում է դերասանական այնպիսի շինծու տոնայնությամբ, որ ծիծաղ հարուցի):
ԺԱԿ– Որովհետև… Որովհետև ես չունեմ այդքան համբերություն:
ՍՈՆԱ– Իսկ եթե դառնամ քո Ջուլիետա՞ն, իմ Ռոմեո:
ԺԱԿ– Ո՜չ… Ինչ ես ասում: Ես չեմ ուզում, որ դու ինձ համար այդպես վաղաժամ…
ՍՈՆԱ– Իսկ Դեզդեմոնա՞, իմ խանդոտ մավր… (Անմիջապես մտնում է Դեզդեմոնայի դերի մեջ): Ի դեպ` դու ինչո՞ւ ինձ սպանեցիր, հը՞…
ԺԱԿ– Դե… Գիտե՞ս, այն նենգ Յագոն…
ՍՈՆԱ– (Բարկացած) Իսկ քո՛ խելքն ո՞ւր էր, անմի՛տ սևամորթ… Հա, ի միջի այլոց, ո՞ւր է այն հավատարմության… (մի պահ մտածում է, թե ինչ ասի) թալիսմանը, որ ես քեզ Նյու Յորքում նվիրեցի:
ԺԱԿ– Թալիսմա՞նը…
ՍՈՆԱ– (Խանդոտությամբ) Այո՛, թալիսմանը… Հապա բացի՛ր բազուկդ: (Հարձակվում է Ժակի վրա և վերնաշապիկի թևքը բարձրացնում): Թալիսմա՛նը, Օթելլո…
ԺԱԿ– Թալիսմա՞նը…
ՍՈՆԱ– (Տեսնում է, որ թալիսմանը չկա): Չկա… Դու ինձ… դավաճանել ես, Օթելլո… Դու քեզ սրբի տեղ դրած` ինձ խեղդեցիր, բայց ինքդ աջ ու ձախ շնացել ես… (Աբիսողոմ աղան արթնանում է և տարօրինակ հայացքով նայում, թե ինչ է կատարվում: Սոնան կատաղությամբ հարձակվում է Օթելլո-Ժակի վրա և փորձում խեղդել: Գցում է հատակին և կոկորդից բռնում): Թալիսմա՛նը, Օթելլո…
ԺԱԿ– Ես… ան… ան… անմեղ…
ՍՈՆԱ– Թալիսմա՛նը…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ատ ի՞նչ կ’ընեք: (Գալիս է նաև ծառան` սկուտեղը ձեռքին): Ատ ի՞նչ կ’ընեք: (Ծառային) Օգնե՛, փրկե՛: Կը խեղդե…
ՍՈՆԱ– Թալիսմա՛նը… (Ժակ-Օթելլոյին խեղդում է):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զանգում է): Շտապեցեք հոս… Հոս… Հոս… Դեզդեմոնան կը խեղդե Օթելլոն…
ՍՈՆԱ– (Սկուտեղի վրայից դանակը վերցնելով) Վե՛րջ… Խեղդեցի… Ես լուծեցի իմ վրեժը, որն ինձ չորս դար տանջում էր: Բայց առանց նրա, առանց իմ Օթելլոյի` ես էլ չեմ կարող ապրել: (Իրեն դանակով հարվածում և «մահացած» ընկնում է):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Խուճապահար) Ի՞նչ կ’ընես, ի՞նչ կ’ընես… (Գալիս է մի ոստիկան, որը ներկայացման ծանոթ դերասաններից է):
ՈՍՏԻԿԱՆ– (Նույնպես` դերասանաբար) Ո՞ւր են, որտե՞ղ է կատարվում այդ զարհուրելի ողբերգությունը:
ԾԱՌԱ– (Ամենքի պես խաղալով): Այստեղ: Ահա այդ անագորույն տեսարանը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Օգնեցե՛ք, փրկեցե՛ք…
ՈՍՏԻԿԱՆ– (Սովորական տոնով) Ո՞վ: Ե՞ս:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հապա` ո՞վ:
ՈՍՏԻԿԱՆ– Ես օգնելու համար չեմ եկել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Զարմացած) Ինչի՞ համար հապա:
ՈՍՏԻԿԱՆ– Դեպքի վերաբերյալ արդեն գործ է հարուցված: Ես քննությունը պիտի վարեմ: (Նստում է սեղանի մոտ, թղթապանակը բացում և թղթերը նայում): Բոլոր փաստերը Ձեր դեմ են, Աբիսողոմ աղա: Ձեզ մեղադրանք է ներկայացված:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ապշած) Ինծի՞:
ՈՍՏԻԿԱՆ– Այո՛: Հանցանքը կատարվել է Ձե՛ր սենյակում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է… Հետո՞ ինչ:
ՈՍՏԻԿԱՆ– Դեզդեմոնան Ձեզ լավ ճանաչել է: Վերջապես դեպքի վայրում Դուք եք եղել: Դուք եք ականատե՛սը, վկա՛ն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է… Է… Ատ ի՞նչ կը նշանակե: Ատ հանցա՞նք կը համարվի:
ՈՍՏԻԿԱՆ– (Ծառային, որը փորձում է «զոհերին» օգնել) Դե հանգիստ թող այդ մեռելներին: Ասացի` գործը արդեն կազմված է: (Աբիսողոմ աղային) Իհարկե համարվում է: Այն էլ ի՜նչ հանցանք… Ընդ որում` ես դեռ պիտի պարզեմ. գուցե Դո՞ւք եք նրանց սպանել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես…
ՈՍՏԻԿԱՆ– Ձեզ ցմահ բանտարկություն է սպառնում: Ինչո՞ւ թույլ տվեցիք, որ կատարվի այս… աշխարհացունց ողբերգությունը: (Աբիսողոմ աղան շվարած լռում է: Ծառան մոտենում և նրա ականջին ինչ-որ բան է ասում):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես կապ չունիմ աս ողբերգության հետ: Աս ողբերգությունը Շեքսպիրը սարքած է: Զինք դատեցեք: Ես մանչս կ’ուզեմ կարգել: Գրողներու գործերուն չեմ խառնվիր: (Գալիս է բեմադրիչը):
ԲԵՄԱԴՐԻՉ– Վե՛րջ: Լա՛վ է: «Զոհերը» թող վեր կենան: Փորձն ավարտվեց: (Սոնան և Ժակը վեր են կենում):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ուրախացած) Ուրեմն աս ա՞լ ներկայացում էր:
ՈՍՏԻԿԱՆ– Ինձ համար ներկայացում-չներկայացում գոյություն չունի: Գործը արդեն կազմված է: Ձեզ պիտի դատեմ, Աբիսողոմ աղա:
ԲԵՄԱԴՐԻՉ– Բայց Աբիսողոմ աղան մեղավոր չէ: Շեքսպիրն է այսպես գրել:
ՈՍՏԻԿԱՆ– Շեքսպիրը գրել է, որ Օթելլո՛ն պիտի խեղդեր Դեզդեմոնային, բայց այստեղ…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է… Հիմի ալ թող Օթելլոն խեղդե, եթե ատանկ ճիշտ է: Ինձմե ի՞նչ կ’ուզեք: Վերջապես ոչ մեկն ալ մեռած չէ: Ասիկա թատրոն էր:
ՈՍՏԻԿԱՆ– Ինձ համար նշանակություն չունի` թատրոն է, թե կինո, զոհ կա՞, թե չկա: Գործը կազմված է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Բեմադրիչին) Չեմ հասկնար, ի՞նչ կ’ուզե աս մարդը ինձմե…
ԲԵՄԱԴՐԻՉ– (Ոստիկանին) Դուրս եկ դերից: Հիմարությունների դուրս մի՛ տուր:
ՈՍՏԻԿԱՆ– (Դերից չկարողանալով, չկամենալով դուրս գալ) Ոչ մի հիմարություն էլ չկա: Գործը կազմված է: Ինձնից այդպես հեշտ չեք պրծնի… Չեք պրծնի… (Զայրացած գնում է):
ԲԵՄԱԴՐԻՉ– (Հետնաբեմ նայելով) Դո՛ւրս բերեք դրան դերից: Բռնե՛ք: Մի՛ թողեք գնա:

Բոլորը նրա հետևից գնում են: Բեմը մթնում և քիչ անց լուսավորվում է: Գալիս են Սոնան և Ժակը:

ՍՈՆԱ– Բա՛: Սա էլ այսպես:
ԺԱԿ– Լսի՛ր: Քեզ մոտ կողմնացույց չկա՞:
ՍՈՆԱ– Որոշեցիր ճանապարհորդե՞լ:
ԺԱԿ– Դրա համար այստեղ կողմնացույցը չի օգնի: Ուզում եմ տեսնել, թե սլաքը քանի՛ աստճանով է շեղվում:
ՍՈՆԱ– Առանց փորձելու էլ կարող ես համոզվել, որ մագնիսական դաշտը մեր երկրում կատարյալ է:
ԺԱԿ– Չի կարող պատահել: Սլաքը այստեղ առնվազն 180 աստիճանով պիտի շեղվի:
ՍՈՆԱ– Ինչո՞ւ:
ԺԱԿ– Հենց այնպես: Իր հաճույքի համար…
ՍՈՆԱ– Գլուխս պտտվում է:
ԺԱԿ– Դա նրանից է, որ սլաքի ուղղությամբ չես նայում: Շփոթում ես հյուսիսն ու հարավը: Ասենք, չես էլ կարող չշփոթել, որովհետև հարավայիններն այստեղ հյուսիսում են, հյուսիսայինները՝ հարավում:
ՍՈՆԱ– Հերիք է փիլիսոփայես: Գնանք:
ԺԱԿ– Ո՞ւր:
ՍՈՆԱ– Հյուսիս՝ բախտ փնտրելու:
ԺԱԿ– Բախտը կաշառքով է, քեզ չի հասնի: (Քիչ անց): Մի անհամեստ հարց տամ. այստեղ իսկապե՞ս հանցագործներին դատում են:
ՍՈՆԱ– (Ծիծաղելով) Նայած` ինչ հանցագործների:
ԺԱԿ– Ասենք թե… խոշո՛ր, մե՛ծ հանցագործներին:
ՍՈՆԱ– Ձե՞ռ ես առնում:
ԺԱԿ– Չէ՛, ինչո՞ւ:
ՍՈՆԱ– Էլ ի՞նչ մեծ հանցագործներ, եթե պիտի դատվեն: Այստեղ ընդունված է, որ մեծ հանցագործները լինեն դատավորի դերում և դատեն փոքր հանցագործներին կամ էլ… անմեղներին: (Նայում է ժակին): Եթե զգաս, որ շնչահեղձ ես լինում, կասես:
ԺԱԿ– (Կատակով) Լավ կլինի, եթե նախ ճշտենք, թե որտեղ եմ ես. երազո՞ւմ, թե՞…
ՍՈՆԱ– Մեր երկրում ես:
ԺԱԿ– Հաստա՞տ:
ՍՈՆԱ– Հաստա՛տ: Թեև չի բացառվում, որ լինենք… կինոյում: (Նայելով Աբիսողոմ աղայի լուսանկարներին, որոնք այդ պահին պատերին փակցնում է թատրոնի կին աշխատակցուհին): Որի գլխավոր կերպարներից մեկն էլ (հեգնանքով) մեր պատվավոր ազգայինն է:
ԺԱԿ– Իսկ ինձ թվում է, որ մենք իսկապե՛ս կինոյում ենք:
ՍՈՆԱ– Չէ՛, Ժակ: Սա իրականություն է, և վստահ կարող եմ ասել, որ սկսվել է մեր խաղի հաջորդ փուլը: Այլ կերպ ասած՝ խաղում ենք ընտրություն:

Գնում են: Գալիս են բեմադրիչը, Մարկոս աղան և նկարահանող խումբը: Օպերատորները նկարահանում են դահլիճի մարդկանց: Մարկոս աղան բավական վրդովված է:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– (Բեմադրիչին) Չեմ հասկանում, թե ինչո՛ւ ես նման նկարահանումներ անում: Այսպիսի խայտառակ ներկայացում սարքում:
ԲԵՄԱԴՐԻՉ– Հետո, Մարկոս աղա, հետո հասկանալի կլինի…
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Եվ, ընդհանրապես, ո՞րն է այստեղ քո դերը: Ո՞րն է քո արածի իմաստը, ասելիքը:
ԲԵՄԱԴՐԻՉ– Իմ ասելիքը ես վերջում կասեմ, վե՛ր-ջո՛ւմ…

Նկարահանող խմբի հետ բեմադրիչը գնում է: Նրանց նայելով` գալիս է Աբիսողոմ աղան: Մարկոսը նույն` դժգոհ տոնով խոսակցությունը շարունակում է նրա հետ:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իսկ դո՞ւ ոնց ես քեզ այդպիսի բան թույլ տալիս, Աբիսողոմ աղա, ո՞նց:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Անակնկալի եկած, զարմացած) Եղբայր, բան ըսե, բան հասկնամ: Ինչո՞ւ կանպատվես զիս. գողությո՞ւն ըրած եմ, տունե՞ր քանդած եմ, դավաճա՞ն եղած եմ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ավելի խայտառակ բան ես արել, ավելի խայտառակ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դե խոսե՛, ըսե՛: Ի՞նչ ըրած եմ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Դու ի՞նչ լեզվով ես գրել քո օֆիսի, հոթելների ու ռեստորանների վրա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, ի՞նչ լեզվով գրեի պիտի: Մեր լեզվով գրած եմ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Այսինքն (նմանակելով Աբիսողոմ աղային)` հայերեն տառերով գրած ես, մեսրոպյան այբուբենով գրած ես:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Եվ դու քեզ պատվավոր եվրոպական ես համարում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց մի՞թե պարտադիր պահանջ է, որ եվրոպական մարդերը…
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իհարկե՛ պարտադիր է, իհարկե՛: Դու պիտի անգլերե՛ն գրեիր, լատիներե՛ն տառերով պիտի գրեիր, եվրոպակա՛ն անուններով պիտի կոչեիր:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Բայց ես չէի գիտցած: Հիմա կը կարգադրեմ, որ փոխեն անմիջապես:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Դու ոչ միայն քեզ ես վարկաբեկում, այլև մեզ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Լրագրին մեջն ալ բացատրություն կը գրեմ, որ եղածը թյուրիմացության հետևանք մըն է:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Անպայման պետք է մի բան անել, անպայման: Թե չէ…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ավելի անհանգստացած) Ի՞նչ:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Քեզ վրա գավառականի պիտա՛կը կմնա, հետամնացի խարա՛նը կմնա, և (դարձյալ նմանակելով Աբիսողոմ աղային) մանչդ ալ… առանց կարգվելո՛ւ կմնա:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Իսկ դու ի՞նչ կը կարծես: Բարերարություն անելիս, մարդու հովանավորելիս էլ հետևիր, Աբիսողոմ աղա, որ նա անունդ չվարկաբեկի: Որ նա նույնպես եվրոպական լինի: Քո հովանավորած աղջիկները հեռուստացույցով հայերեն առոգանությամբ են խոսում, ազգային բարքերից են խոսում և հաճախ էլ եվրոպականին դեմ են լինում:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ի՞նչ կ’ըսես:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Պահանջիր, որ այսուհետև անգլերենի ակցենտը նմանակեն, եվրոպական բարքերը քարոզեն և ազգայինին էլ միշտ դեմ լինեն:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հարկավ պահանջելու եմ, հարկավ պահանջելու եմ: Ես չեմ թողնի, որ իմ՝ եվրոպականին անունս…
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Եվ մեր՝ եվրոպականներիս անունը…
ԵՐԿՈՒՍԸ՝ ՄԻԱՍԻՆ– Պախարակվե:

Հնչում է երաժշտություն: Գալիս է պարախումբը…
Պարախմբի գնալուց հետո զրուցելով գալիս են Սոնան և Ժակը: Խոսում են բավական լուրջ տոնով:

ԺԱԿ– Դուք բոլորդ մղձավանջի մեջ եք: Մի ահավոր ողբերգության: (Գալիս է նկարահանող խումբը):
ՍՈՆԱ– Գուցե սա իսկապես ֆի՞լմ է: Գուցե իսկապես երա՞զ է, զառանցա՞նք, որ պիտի ցնդի…
ԺԱԿ– Ո՛չ, Սոնա, երազ չէ: Քեզ մի՛ խաբիր:
ՍՈՆԱ– Ախր հնարավոր չէ, որ մի ամբողջ ժողովուրդ լինի այսքան…
(Մի պահ տիրում է լռություն): Իմ կյանքն էլ, Ժակ, անցնում է այնպես, ինչպես այստեղ շատ-շատերինը: Ընդհանուր ֆարսի, անհեթեթության մեջ չի իմաստավորվում: Դադարում են ծափերը, և իշխող է դառնում անձնական դատարկությունը, ծանր լռությունը: Երբ ծովը «դժբախտ» է, չի կարող նրա մեջ մի առանձին կաթիլը լինել «երջանիկ», ինչպես չի կարող, որ կապույտ ջրում լինեն առանձին կարմիր կաթիլներ…
Կյանքում էլ ես ունեմ այն դերը, ինչ որ թատրոնում… Ե՛ս, դո՛ւ, նա՛, բոլո՛րս ընդամենը սպասարկու կերպարներ ենք, որ իմաստավորենք «մե՜ծ» կերպարների կյանքը…
«Բեմադրիչը» ի սկզբանե որոշել է մեզ գլխավոր դեր չտալ, և քանի որ միայն գլխավոր դերասաններով ներկայացում չի լինում, ուստի խաղացնում են նաև մեզ…
ԺԱԿ– Երկա՞ր ժամանակ է, որ մենակ ես ապրում:
ՍՈՆԱ– Այո՛: Եվ իմ ամբողջ կյանքը միայն իմ դերն է: Ես անձնական կյանք չունեմ: Ապրում եմ այսպես. ուրիշների կյանքով: Երևի ճակատագիր է. իմ կյանքում ես այդպես էլ ոչինչ չկարողացա փոխել:
ԺԱԿ– Ես էլ ինձ այնտեղ լավ չեմ զգում, Սոնա: Երբ այստեղից գնացինք, ինը տարեկան էի, բայց այդպես էլ ամերիկյան հասարակությանը չմերվեցի, մնացի օտար: Ու մինչև օրս էլ ապրում եմ խորթ միջավայրում: Եվ այն, ինչ ասիր դու, կարող էի ասած լինել ես… Երևի ճիշտ են ասում. մենք չենք գնում այն ուղղությամբ… (Շարունակում է փոքր-ինչ այլ տոնով): Այս մոլորակի, երեք համարի այս ինքնաշարժի ղեկը զավթել է մի ինչ-որ միմոս ու մեզ տանում է ոչ այն ուղղությամբ… Ու եթե անկեղծ լինենք, մենք էլ ազնիվ չենք: Վկա` մեր այս խաղը…
ՍՈՆԱ– (Կանգնում է Ժակի դիմաց, նայում աչքերին): Ես հոգնել եմ, Ժակ, հոգնել: Ուզում եմ հեռանալ, վերանալ այս իրականությունից:
ԺԱԿ– (Սոնայի ուսերը բռնելով` սկսում է երգել):
Երբ կհոգնես, կգազազես աշխարհից`
Դարձի՛ր իմ մոտ, վերադարձի՛ր դու նորից…

Լուսային էֆեկտներով ստեղծվում է համապատասխան միջավայր: Սկսում է երգել նաև Սոնան, և նրանք կատարում են զուգերգ…
Գալիս են Աբիսողոմ աղան ու Սողոմանը, և «ռոմանտիկ մշուշը» անմիջապես ցրվում է: Ժակը և Սոնան գնում են:

ՍՈՂՈՄՈՆ– Պարոն Գրունիին մոտ այսօր ծեր գրականագետ մը եկավ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ան ա՞լ նյութ խնդրեց գովաբանելուն համար:
ՍՈՂՈՄՈՆ– Անիկա կռիվ ըրավ: Չարենցեն, Սևակեն ու մյուս հներեն ներողություն խնդրեցավ, անոնց բանաստեղծություններ դրավ մերիններուն կողքը և ըսավ. «Դե հիմի համեմատե և ցույց տուր, թե որն է առաջընթաց»:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, Գրունի չփակե՞ց անոր բերան:
ՍՈՂՈՄՈՆ– Գրունի անոր ըսավ, որ ատոնք համեմատելի չեն կրնար ըլլալ, քանի որ կը գնահատվեն տարբեր չափանիշներով: Բայց ատանկ պարզունակ բանը չհասկցավ այդ ապուշը: «Ի՞նչ չափանիշներով»,– ըսավ: Եվ պարոն Գրունի շատ եվրոպական անուններ տվավ ու պարզաբանեց, որ ատիկա եվրոպական ուղղություն մըն է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Է՛, ետքը համոզվեցա՞վ:
ՍՈՂՈՄՈՆ– «Ո՞րն է առանց իմաստի, առանց մեծատառերու, առանց կետադրական նշաններու գրելուն իմաստ»,– կը պոռար ան: Պարոն Գրունի անոր կ’ուզեր հասկցնիլ, որ դա ձեռագիր մըն է, ոճ մըն է, ինքնատիպություն մըն է, իսկ ծեր ապուշը կ’ըսեր. «Բայց ո՞րն է այդ ոճին իմաստը»: Պարոն Գրունի անոր նորեն պարզաբանեց, որ այդ ոճն ինքնին արդեն իմաստ է, բայց ծեր ավանակը վիրավորեց մեծ բանաստեղծը: «Քու այդ ոճովդ ժամանակին քու պապ Փանջունին կ’ըսեր, թե անձնվեր հեղափոխականի մը համար պայքարը արդեն նպատակ մ’է»,- ըսավ:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ու չամչցա՞վ այդ գավառական, ազգային գրականագետ:
ՍՈՂՈՄՈՆ– Վայրկյան մը չամչցավ: Այդ բութ արարածը բան մը հասկցնելու համար նոր մեթոդ մշակելու է պարոն Գրունի:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Կը նշանակե՝ ան խավարամիտ մըն է:
ՍՈՂՈՄՈՆ– Ան հետամնաց ազգային մըն է: (Քիչ անց) Մոռցա ըսել: Գրունի ըսավ, որ գրքիս առաջին մասը անգլերեն թարգմանել տված է և շուտով ձեռնարկի պիտի ֆրանսերեն, իտալերեն, չինարեն, ճապոներեն ու… կարակալպակերեն թարգմանելու գործը:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ըսել է թե նոր գրականությունը հուժկու թափ առած է:
ՍՈՂՈՄՈՆ– Պարոն Գրունի կ’ըսե, որ հին բանաստեղծները ընթերցողին ճաշակը փչացուցեր են, և մենք գրական նոր ճաշակ պիտի ձևավորենք: Իսկ եթե ճիշդը ըսելու ըլլամ, գրականությունը ինծի ալ չի գրավեր: Բանաստեղծ եղած լմնցած եմ արդեն ու հիմա կը ցանկամ քեզի պես քաղաքական գործիչ ըլլալ: Կ’ըսեն, թե բանաստեղծը հիմա առանձնապես բան մը չէ: Պաշտոն չունեցող բանաստեղծը հաշվի չեն առներ: Ան բոլորին կողմե արհամարհված է: Քերթված գրելը հիմա քիչ մըն ալ ամոթ է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Ուրեմն ստեղծագործել ալ չե՞ս ուզեր:
ՍՈՂՈՄՈՆ– Անհրաժեշտություն եթե ըլլա, բանաստեղծ մը կը վարձենք, և ան իմ անունեն կը ստեղծագործե, մանավանդ որ պարոն Գրունի անանկ մեթոդներ մշակած է, որ քերթված գրելն ալ դժվար խնդիր մը չէ:

Գալիս է միջնորդ կինը` Մերանը:

ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– (Ուրախ տոնով) Սողոմո՛ն, մանչս, քեզի համար աղջիկ գտած եմ. ճիշդ և ճիշդ քու ուզածիդ նման:
ՍՈՂՈՄՈՆ– Աղվորի՞կ աղջիկ մ’է:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– Հուրի-փերին օրինակ քեզի: (Նստում է): Ըսիր` մազերը սև ըլլան ու երկա՞ր:
ՍՈՂՈՄՈՆ– Ատանկ մազերը շատ կը սիրեմ:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– Քիչ մը գե՞ր:
ՍՈՂՈՄՈՆ– Փափուկ միսերը կը գրավեն զիս:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– Աչքերը…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մանչս ինծի քաշած է. սևն ալ կը սիրե, կապույտն ալ:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– Ես հենց ատանկ աղջիկ ալ գտած եմ:
ՍՈՂՈՄՈՆ– Աչքի մեկը` սև, մեկը` կապո՞ւյտ:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– Ճիշդ քու ուզածիդ նման, մանչս:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Մեկուսի, միջնորդ կնոջ համար անլսելի) Է՜… Աս կնիկ Պոլսո միջնորդ կնիկներուն ծալավ, գրպանը դրավ: Հոն այնքան ազնիվ էին, կ’ըսեին` աչքի մեկը` սև, մեկը` կապույտ չըլլար, սա կ’ըսե… (Դառնում է միջնորդ կնոջ կողմը): Ան եվրոպականի՞ն աղջիկ է:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– Հապա ազգայինին հո չէ՞, Աբիսողոմ աղա: Հայրը պատվավոր եվրոպական մըն է. հոթելներու, վաճառատուներու և «Ջիպ»-երու տեր է:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Հոթելներուն վրա հայերեն հո չէ՞ գրած:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– Ի՞նչ կ’ըսես… Մի՞թե ես թույլ կու տայի ինծի բարեխոսիլ ատանկ գավառականին աղջկա համար:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Դե շտապե՛, Մերան, շտապե՛: Մանչս էլ չի համբերի: Արդեն սիրերգությամբ կը զբաղի:
ՄԻՋՆՈՐԴ ԿԻՆ– (Դռան կողմը գնալով) Աչքիս վրա, Աբիսողոմ աղա, աչքիս վրա: (Դուրս է գալիս):
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– Մանչս, միջնորդ կիները իրարու հերթ չեն տար: Տե՛ս, չսխալիս. անպայման եվրոպական մարդու աղջիկը ընտրե: Գավառական ազգայիններու հետևեն չ’երթաս:

Գալիս է Մարկոս աղան:

ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Աբիսողոմ աղա՛, Աբիսողոմ աղա՛: Շնորհավորում եմ: Դու ջախջախիչ հաղթանակ ես տարել…
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Անհամբերությամբ) Ի՞նչ…
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– Ընտրվել ես պատգամավոր, երեսփոխան:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Լսածին չհավատալով) Իրա՞վը կ’ըսես:
ՄԱՐԿՈՍ ԱՂԱ– ժողովրդի իննսունինը տոկոսը ձայնը քեզ է տվել:
ԱԲԻՍՈՂՈՄ ԱՂԱ– (Ուրախությունից չի իմանում ինչ անել): Ի՜նչ կ’ըսես, ի՜նչ կ’ըսես: Ուրեմն մեր ոսկիները քամուն տված չենք: Ուրեմն Աբիսողոմ աղան արդեն…
ԵՐԵՔՈՎ ՄԻԱՍԻՆ– Երեսփոխա՛ն է, երեսփոխա՛ն է…

Ուրախացած, ցնծալով գնում են:
Ժակի հետ միասին դերասաններից մեկը բերում է նկարչության համար նախատեսված երկու մեծ կտավ:

ԺԱԿ– Սա էլ այստեղ դնենք… Լավ է: Ազատ ես:

Մյուս դերասանը գնում է: Ժակը կանգնում է կտավների հետևում և, քթի տակ ինչ-որ երգ մրմնջալով, գծում ու նկարում: Այս ընթացքում բեմադրվող ներկայացման դերասաններից մեկը դահլիճի աջ դռնից բանվորի արտահագուստով ներս է մտնում և բեմ տանող աստիճանների վրա ինչ-որ տախտակ սղոցում: Նրա արտաքինն այնպես փոխված է, որ մինչև խոսելը հանդիսատեսը չի ճանաչում:
Գալիս է Սոնան:

ՍՈՆԱ– (Զարմացած) Ժա՞կ: Այս ի՞նչ գործի ես:
ԺԱԿ– Հիմա կտեսնես, Սոնա… Հիմա կտեսնես… Սա այսպես… (Մի քիչ հետ է գնում և նայում նկարներին, ապա կրկին մոտենում ու շարունակում): Մնացին ըն-դա-մե-նը վեր-ջին շտրիխները… (Գործը շարունակելով) Ես պատ-կե-րում եմ… Սոնչկա… մեր կյանքում ամեն բան կար-գա-վո-րե-լու համար նա-խա-տես-ված մեխանիզմները… Այ-սին-քըն, մեր հա-սա-րա-կար-գե-րի շարժիչները… (Ավարտելով): Ահա՛, վե՛րջ: Արդեն կարող եք նայել: (Նկարները շրջում է հանդիսատեսի կողմը): Սա (ցույց է տալիս նկարներից մեկը) ժողովրդավարական զարգացած հասարակարգ կոչվածի մեխանիզմն է: Տես, թե ինչպես է գործում` անթերի, կատարյալ: Բառացիորեն՝ խժռում է այն ամենը, ինչը իրեն խոչընդոտում է: Այնպիսի հզորություն ունի, որ կանգնեցնել գրեթե անհնար է:
ՍՈՆԱ– Եվ չի էլ փչանո՞ւմ:
ԺԱԿ– Սա շա՜տ կատարելագործված մեխանիզմ է, Սոնա: Ինքը իր վատ գործող մասերը նորոգում է, փոխում: Մի խոսքով՝ իսկական հրաշք:
ՍՈՆԱ– Իսկ ինչպե՞ս է գործում:
ԺԱԿ– Սրա, այսպես ասած (դարձյալ նկարի վրա ինչ-որ գծեր է քաշում), վառելիքը, ընչաքաղցությունը, փողապաշտությունը, շահամոլությունն ու սրանց բոլոր տարատեսակներն են:
ՍՈՆԱ– (Ցույց է տալիս մյուս նկարը): Իսկ սա՞:
ԺԱԿ– Իսկ դա (հեգնանքով) կոմունիզմին հասած հետկայսերական ժողովուրդների պետական, կրթական, մշակութային մեխանիզմն է: Տեսնո՞ւմ ես. ատամնաանիվների մի մասը չկա: Եղածները ծռված են, կոտրված, ժանգոտ: Այս ամբողջ մեխանիզմը գործում է այնպես, ինչպես (ծաղրանքով)կոլեկտիվացման տարիների սովետական տրակտորները…
ՍՈՆԱ– Բայց առանձին անիվներ քիչ թե շատ պտտվում են:
ԺԱԿ– Ճիշտ է: Բայց ընդամենը՝ առանձին անիվներ: Իսկ որպեսզի գործի ամբողջ մեխանիզմը, այն պետք է հիմնովին նորոգել:
ՍՈՆԱ– Իսկ ինչպե՞ս նորոգենք:
ԺԱԿ– Դու երևի մոռացար, որ կա (ցույց տալով առաջին նկարը) այն ամենակուլ հրեշը: Իրականում նա մխրճված է սրա մեջ, գործում է սրա ներսում: Եվ քանի դեռ գործում է այսպես անթերի, մի պտուտակ անգամ հնարավոր չէ փոխել:
ՍՈՆԱ– Բա ի՞նչ անենք, ի՞նչ:
ԺԱԿ– Հարկավոր է գաղափարը փոխել, Սոնա: Եթե գաղափարը չլինի փողակենտրոն, շահակենտրոն, սրանք (ցույց է տալիս մեխանիզմների նկարները) կզրկվեն իրենց «վառելիքից», ու նոր մեխանիզմների պահանջ կառաջանա: Դա կարող է տևել երկար, շատ երկար, բայց մտածել հարկավոր է այսօրվանից…

Գալիս է բեմադրիչը:

ԲԵՄԱԴՐԻՉ– Մյուսներն ինչո՞ւ չեն գալիս: Էլի ե՞րթ է: (Բանվոր դերասանը մուրճով ինչ-որ բանի խփում, չխկչխկացնում է: Բեմադրիչը զայրանում է): Չե՞ս տեսնում` խոսում ենք, ի՞նչ ես չխկչխկոցը գցել: (Հանկարծ ճանաչում ու մոտենում է: Զարմացած): Է՛… Այս ի՞նչ գործի ես:
ԴԵՐԱՍԱՆ– Ինձ հետ գործ չունես: Ես իմ դիմումը արդեն գրել եմ:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ի՞նչ դիմում:
ԴԵՐԱՍԱՆ– Ես արդեն դերասան չեմ: Բանվոր եմ:
ԲԵՄԱԴՐԻՉ– Ոնց թե… Այդ ինչո՞ւ… Քո արածը ախր… (տոնը ամբողջովին փոխած, մեղմությամբ) վայել բան չէ: Դու շնորհալի դերասան ես:
ԴԵՐԱՍԱՆ– Հետո՞ ինչ:
ԲԵՄԱԴՐԻՉ– Այդ տախտակը մեկ ուրիշն էլ կկտրի, բայց ամեն մարդ բեմի վրա չի՛ կարող խաղալ: Խելքի՛ եկ:
ԴԵՐԱՍԱՆ– Ես որ խելքի գամ, դու իմ տունը կպահե՞ս: (Շարունակում է տախտակը սղոցել):

Ճամպրուկները ձեռքին` դահլիճով անցնում է դերասաններից մեկ ուրիշը: Բեմադրիչը, նրան տեսնելով, արդեն շփոթվում է:

ԲԵՄԱԴՐԻՉ– Այ քեզ բա՜ն… Այդ ո՞ւր: Դո՞ւ ուր ես գնում:
ԴԵՐԱՍԱՆ– Ե՞ս: (Ձեռքով ցույց է տալիս որևէ ուղղություն) Այնտեղ… Լոս:
ԲԵՄԱԴՐԻՉ– Է՛… Բայց այսպես… այսպես չի լինի:
ԴԵՐԱՍԱՆ– Ասում են, որ այնտեղ, ինչ-ինչ, բայց դերասաններին գոնե սոված չեն պահում: Չեն ասում. «Տնից շոր բեր, որ բեմի վրա հագնես»:(Գնում է):
ԲԵՄԱԴՐԻՉ– Տղաներ, բայց ախր այսպես… Ախր առանց թատրոնի, առանց արվեստի` չի լինի…
Ճիշտ է, ժողովուրդը ձեր բացակայությունը առաջին օրը չի զգա, երկրորդ օրը չի զգա, գուցե և մի ամբողջ տարի չզգա, բայց հետո… Այդ հետո-ի մասին մտածեք և ինքներդ ձե՛զ հարցրեք, թե ի՞նչ է լինելու վերջը…

Դերասաններից երկուսը գալիս են բեմ:

ՆՐԱՆՑԻՑ ՄԵԿԸ– Իսկապես, ի՞նչ է լինելու վերջը:

Գալիս են ևս երկու դերասան, որոնք տալիս են նույն հարցը.
– Իրոք, վերջը, վերջն ի՞նչ է լինելու…
Հերթով բեմ են գալիս թատերախմբի բոլոր անդամները: Դահլիճում լսելի է դառնում միայն մեկ արտահայտություն, որը հնչում է կարծես ամեն անկյունից ու արձագանքվում.
– Վերջը… Վերջը… Վերջն ի՞նչ է լինելու…

Հանկարծ լսվում է կոտրվող գերանի ճռռոց: Բեմի տակից ինչ-որ մեկը տագնապած բարձրանում է բեմ:

ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾԸ– Ներկայացումը դադարեցրե՛ք: Ներկայացումը դադարեցրե՛ք: Բեմը փլվո՛ւմ է: (Դերասանները փորձում են նրան ուշադրություն չդարձնել ու շարունակել):
ՍՈՆԱ– Այս ի՜նչ է կատարվում, Տեր Աստված:
ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾԸ– Չե՞ք լսում: Ասում եմ՝ բեմը փլվում է: Դադարեցրե՛ք խաղը:
ԴԵՐԱՍԱՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ– (Վերջինիս, ցածր) Գժվե՞լ ես: Ցած իջիր:
ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾԸ– Չե՛մ գժվել: Բեմը իսկապես փլվում է: (Բեմադրիչին) Աստված կսիրեք, դադարեցրե՛ք ներկայացումը: (Դարձյալ լսվում է կոտրվող գերանի ճռռոց): Լսո՞ւմ եք: Չի՛ դիմանում: (Նորից է լսվում կոտրվող գերանի ձայն: Բեմը ցնցվում է: Դերասանները խուճապի են մատնվում, չեն իմանում ինչ անել: Սոնան աննկատ հեռանում է):
ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾԸ– (Հանդիսատեսներին) Ի՜նչ եք անտարբեր նայում: Ասում եմ՝ փլվում է: (Վերևում ինչ-որ բան դղրդոցով ընկնում է):
ՁԱՅՆ ՎԵՐԵՎԻՑ– Տանիքը փլվե՛ց: (Բեմը նորից է ցնցվում):
ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾԸ– Դե սթափվե՛ք վերջապես: Ասում եմ՝ փլվում է: Չի՛ դիմանում:
ԲԵՄԱԴՐԻՉ– (Խուճապի մատնված) Ի՞նչ անենք:
ԲԵՄ ԲԱՐՁՐԱՑԱԾԸ– (Ե՛վ դերասաններին, և՛ հանդիսատեսներին) Սթափվե՛ք, սթափվե՛ք: Ասում եմ՝ փլվո՛ւմ է: Չի՛ դիմանում… (Մի քանի վայրկյան տիրում է լիակատար լռություն…)

Թատրոնի աշխատակցուհին, հերթական ազդագիրը` ձեռքին, գալիս է հետնաբեմից… Զգացվում է, որ շփոթված է: Ազդագիրը կախում է… Վրան ոչինչ գրված չէ… Աշխատակցուհին հետ է նայում` ազդագիրն, ապա` դահլիճին և ժպտալով, մի պահ ժամանակը դիտավորյալ ձգելով, ազդագիրը շրջում: Վերջինիս վրա գրված է. «Փորձը ավարտվեց…»:
Դերասանները թեթևացած շունչ են քաշում: Աշխատակցուհին կրկին ժպտում է, գալիս դեպի բեմեզր և խոնարհվում…
Հանդիսատեսները հենց սկսում են ծափահարել, Ժակը միջամտում է:

ԺԱԿ– Ո՛չ, ո՛չ… Սպասե՛ք:
ԲԵՄԱԴՐԻՉ– (Ժակին նայելով) Ինչո՞ւ: Արդեն ամեն բան ասված է: Ես իմ ասելիքն ասացի…
ԺԱԿ– Մի բան մնաց թերի… Ամենից կարևորը չխաղացինք, դրա համար էլ բեմը մեր ծանրությանը չդիմացավ:
ԲԵՄԱԴՐԻՉ– Է՛… Լրացրեք հիմա, քանի դեռ (ժամացույցին նայելով) ժամանակ ունենք: (Հետնաբեմից լսվում է Սոնայի ձայնը):
ՍՈՆԱ– Ժա՜կ… Ժա՜կ… (Գալիս է բեմ և կանգնում` նայելով Ժակին):
ԺԱԿ– Սոնա՛…
ՍՈՆԱ– Ժա՛կ…

Վազում են իրար ընդառաջ և ամուր գրկվում… Դերասանները` որպես հանդիսատես, նրանց նայելով` ծափահարում են…

ԺԱԿ– (Սոնային գրկից թողնելով) Մի վայրկյան… (Ձեռքով լույսն անջատելու շարժում է անում):

Լույսը հանգչում է և քիչ անց վառվում:
Բեմում ոչ ոք չկա…
Հանդիսատեսների ծափերի ներքո գալիս է ծառան և խոնարհվում:
Ապա գալիս են Մարկոս աղան, քանդակագործը, բժշկուհին, բանաստեղծը, Գրունին:
Հետո միասին գալիս են Սոնան և ժակը:
Գալիս է Սողոմոնը և… Այն պահին, երբ նա խոնարհվելուց հետո հետ է գնում, հանկարծ լսվում է միջնորդ կնոջ` Մերանի ձայնը:

ՄԵՐԱՆ– Սողոմո՛ն, Սողոմո՛ն, Մա՛նչս… (Իր գտած հարսնացուի` երգչուհու ձեռքից բռնած` գալիս է բեմ…)

Սողոմոնն ու երգչուհին գրկախառնվում են… Հենց այս պահին էլ բեմ է գալիս Աբիսողոմ աղան… Տեսնում է գրկախառնված որդուն և անակնկալի գալիս… Դերասանները մոտենում են նրան, շնորհավորում:
Բեմադրիչի հետ միասին նկարահանելով գալիս է օպերատորը…
Վերջիններիս խոնարհվելուց հետո բեմեզր են գալիս բոլորը միասին…

Հեղինակի հետ կապվել`
Էլ. փոստ` Gurgen_65@bk.ru
Հեռախոս` 093 31 25 57

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *