ԳՈՀԱՐ ԱՔԵԼՅԱՆ | Մարդագայլերի ժամանակը

goharik akelyan

Քրոնոտոպը երկու համարժեք էներգետիկ դաշտերի փոխլարվածության հավասարակշռությունն է, որի որևէ մեկ բևեռի տատանումը  հանգեցնում է ամբողջական համակարգի խեղմանն ու վերակարգավորմանը` իբրև նոր գոյ: Խեղման փուլն, այնուամենայնիվ, ամրագրվում է ենթագիտակցականի պահոցում: Լևոն Խեչոյանի «Խնկի ծառեր» վիպակը նյութական նախասկզբի` տարածական բացակայության ձևախեղման պատմությունն է: Ժամանակի փոխակերպումը, հետևաբար, պատմության նախապատճառ չէ, այլ հետևանք. քանի որ ժամանակի գոյությունը տեսանելի դարձնող նյութականը չկա, անձևակերպելի է դառնում նաև ժամանակը կամ այլ կերպ ասած` դադարում է իմաստ պարունակել: Եվ քանի որ ժամանակը այլ բան չէ, քան իրերի հարաբերությունը, հետևաբար իմաստազուրկ ժամանակը կասեցնում է նաև իներցիայով դեռևս շարժվող իրերի սովորական ընթացքը: Մարդկային կյանքի սահմաններում ժամանակի բացակայությունը նույնանում է մահ-երևույթի հետ, իսկ մահն իբրև երևույթ «անմահ» է: «Խնկի ծառեր»-ի միֆական աշխարհը մահվան գաղափարի միֆոդրսևորումների պատմությամբ է կերպավորվում՝ իր մեջ   կրելով մահվան և անմահության այս սկզբնական հակադրությունը: Ընդ որում զարգացումը պարույրաձև է՝ պարտադրողաբար կրկնվող:

Դոն-Կիխոտի մահը. օղակ առաջին (նախնական)

Պետք է ի նկատի ունենալ, որ իրական ժամանակագրությունն էական չէ և էական չէ առաջին հերթին վիպակում: Մենք գործ ունենք ոչ թե տոհմածառի, այլ գետի երկու ափերին ձգվող երկարատև ծառային քոչարիի հետ: Պարի համար կարևոր է ոչ թե նախնական օղակը, այլ օղակներից յուրաքանչյուրը, նամանավանդ երբ նախնական օղակ գոյություն չունի. Շուշանը՝ ամենաառեղծվածային կերպարը, որ հանկարծ հայտնվում է և անհետանում,  գալիս է միայն միֆը սկզբնավորելու, սակայն ինքն այդ միֆի հետ որևէ կապ չունի, որովհետև Շուշանն իրականում միակ ոչ միֆական (այստեղ, իհարկե, պետք է ի նկատի ունենալ միֆի քրոնոտոպային այն ձևվածքը, որի հետ հարաբերվում ենք վիպակում) կերպարն է. նա վերադառնում է այնտեղ, որտեղից որ եկել է: Նրա տեղը որոշակի է, ուստի և որոշակի է ժամանակը, հետևաբար Շուշան տատը կապ չունի իր սկզբնավորած միֆի հետ: Այս պարագայում իբրև պայմանական նախնական օղակ կարելի է ընդունել ցանկացածին: Իսկ այդ «ցանկացածը» միմիայն Մարգարը կարող է լինել, այսինքն նա, ով հերթական (ցանկացած) մեկն է շղթայում, բայցևայնպես նախատիպ Շուշանի ամենամոտ իրավահաջորդը (Խեչոյից էլ մոտ), քանի որ նախատատի երկրային ժեստի միֆական կրկնությունն է: Մարգարը Շուշանի պես հեռանում և այլևս չի վերադառնում, սակայն, ի տարբերություն վերջինիս, չգիտի, թե ուր է գնում, չունի տեղ, ունի ժամանակ՝ շարունակության ժամանակը (երազում է գրել Դոն-Կիխոտի շարունակությունը): Մարգարի համար «գլխավորը փախչել կարողանալու հնարն է», «կարևորը մտածելն է», ու «հնարը» գտնելու ճանապարհին փախչելու հնարներ է փնտրում առաջին հերթին ինքն  իրենից՝ չի հավատում Աստծուն, փնտրում է չար ոգիներին, ի վերջո մարդ սպանում, հետո էլ անընդհատ կատարած սպանությունից փախչելու հնար փնտրում: Երբ ինքն իրենից ազատվելու  տարբերակ չի գտնում, ստիպված է լինում Խաղաղ օվկիանոսով լողալով տուն վերդարաձած Դոն-Կիխոտին սպանել, որպեսզի Դոն-Կիխոտ-միֆը շարունակվելու հնարավորություն ստանա: «Պապը հավատացած էր, որ Մարգարն իր «այրոպլան»-ով աշխարհը չափչփելուց, նրանից հոգնելուց հետո կվերադառնա գյուղ»: Մարգարը չի վերադառնում. մեռնում է մարդագայլը, մեռնում է Դոն-Կիխոտը, և միայն չի մեռնում վերջինիս միֆը:

Օղակներ դրսից  

Տարիելը պատմություն մտնում է դրսից: Քանի որ  ներսը չի հանդուրժում դրսին, Տարիելը պատմությանը օտար է մնում: Նա մնում է իբրև պասիվ ներկայություն, ում մասին խոսում են, ում շուրջ դեպքեր են տեղի ունենում, իսկ ինքը չկա: Մարգարը ակտիվ դրսևորվող օղակ էր, քանի որ իրականում նա գրողը չէր, այլ կերպարը՝ հերոսը, իսկ Տարիելը բանաստեղծ էր՝ հեղինակ, դրա համար էլ միաժամանակ կար և չկար: Նա մարդագայլ չէր, նա գայլերի երգը լսել կարողացող քչերից մեկն էր: Ցորենի հորերում պահված տետրակներից մեկի վրա վիպակի Ես կերպարը կարդում է գիրկապը՝ գայլերի սիմֆոնիա:  Տարիելի հեռանալուց հետո պապը ջրաղացին է ամրացնում հերթական նալիկը «որ մյուս նալիկների հետ թռչկոտելով խաղա լծակի վրա  աղա գյուղի ցորենը և երգի Տարիելի կիսատ երգը»:  Մահը հաշտեցնում է նրան ներսի հետ:

Դրսից է պատմությունում հայտնվում նաև Սերոն՝ ի սկզբանե կրելով դատապարտվածության կնիքը: Նա նույնպես օտար է մնում: Եթե նախորդ դեպքում երկու աշխարհները չեն ներդաշնակվում գաղափարական իմաստով, ապա այստեղ սահմանագիծը ֆիզիկական դաշտում է դրվում (Տանիելը գաղափարի մարդ էր, Սերոն նյութի՝ երկրաբան). Սերոն կորցնում է աջ ձեռքը և լսողությունը: Ու քանի որ ներսի համար, այսպես, թե այնպես, փակ ու անըմբռնելի էր մնալու, Սերոն խորասուզվում է ավելի ներս. «օրերով ու ժամերով խոսում էր իր, իր կտրված աջ թևի ու ջրհորի հետ»: Սա արդեն քայքաման ենթարկվող փակ համակարգ է, որում չի գործում ժամանակը: Հանգուցալուծումը կանխատեսելի է, քանի որ միակ հնարավոր տարբերակն է.
«Նա, մինչև տեղից վեր կենալն ու ջրհորում խեդվելը, արդեն իր ներսում օրեր առաջ իրեն խեղդել էր»: Բայց քանի որ վիպակում գործ ունենք ոչ թե բուն մահվան, այլ մահվան անմահ միֆո-կերպարի հետ, ապա չգոյն այստեղ անպայմանորեն այլ տարբերակ է պահանջում: Եթե բանաստեղծ Տիրանի շարունակությունը նալիկների չխչխկացող երգն է դառնում, ապա երկրագետ Սերոյինը՝ Օրեստիի աղջկա զավակը. «տղայիդ կպահեմ, որ ծնվելուց հետո քո վախի հետ խաղալով ապրի»:

Լուսնային օղակներ

Կրկնվող պտույտների պատճառը լուսնային հիվանդությունն է: Մարդագայլերը միաժամանակ և´ ձգտում են լուսնին, և´ վախենում նրանից (լուսինը պատճառն է աղետի և աղետի հիշողությունը, բայց և այնպես իրենք արդեն մարդիկ չեն, այլ մարդաԳԱՅԼեր): Երբ հիվանդության մասին սկում են մոտիկից խոսել, շոշափելի են դառնում վերքերը: Ցրվում են բոլոր միիֆերը, և մնում է ամենահասարակ ու հասկանալի բացատրությունը. «լուսինը ձևով յաթաղանի է նմանվում»: Ամուր հողից (յաթաղանով) կտրված լինելով՝ ժամանակը միֆականացել է. բոլոր վախերը, բոլոր ձևախեղումները, անցյալի պատմության ստվերները խտանում են արյան մեջ ու նոր տարածությունում, որն իրենցը չէ, փնտրում ներդաշնակության նախկին ձևերը: Նախկինը, փաստորեն, օգտագործում է ներկա դառնալու միակ հնարավորությունը՝ վախը: «Սատանա, սուրբ,  ջրահարս, ոսկի»՝ սա պարզապես իրենց պատմությունն է, իրենց՝ ներկայից չհրաժարվող անցյալը. «Նրանց տոհմի արյան ու սերմի մեջ շրջապտույտ է տալիս լուսինը` յաթաղանի տեսքով: Նրանց դեռ չծնված պտուղը իր մեջ ունի էրգրի պատմությունը և գիտե… փրկությունը լուսինը ջարդելու մեջ է»: Ոմանք այդ հիվանդությունը կրելու քաջություն չեն ունենում. հեշտ չէ ապրել անցյալի հետ կողք կողքի: Գիգոլը պայքարում է հանուն նորմալ կյանքի՝ շատ  լավ գիտակցելով, որ դա հնարավոր չէ և այնուամենայնիվ շարունակում է իր հակառակ ընթացքը՝ դրանով արագացնելով իր և մյուսների տարրալուծումը ժամանակի մեջ: Միֆերից ազատվելու միակ միջոցը այլ միֆեր գտնելու մեջ է, և Գիգոլը  տրվում է ափիոնամոլությանը, սակայն լուսնից հրաժարվելը չի ենթադրում նաև հակադարձ շարժում. լուսինը հետապնդում է Գիգոլին, մինչև որ վերջինս անձնատուր է լինում: Իսկ Հայկանուշ տատը մի օր վախենում է լուսնից և կորցնում հիշողությունը. միֆերն անէանում են, վերադառնում է անցյալի ժամանակը, որն այլևս ո´չ միֆ ունի, ո´չ տեղ: Այս պարագայում Հայկանուշ տատը նույնպես այլևս չէր կարող ապրել/լինել:

Վերսկսվող (շրջադա՞րձ) օղակ

«Մի օր առավոտյան հայրս Ախալքալաքից մի փայլուն բեռնատար ավտոմեքենա բերեց, ու մեր ունեցած հնոտին բարձեցին օգնության եկած հարևանները: Մենք լուռ ու անխոս գնում էինք մի հեռու-հեռու երկիր. ՀԱՅԱՍՏԱՆ»: Տոհմի աստիճանաբար քայքայումը սպառում է նաև միֆերի իմաստը: Դատարկված ժամանակը նորից լցվելու բնականոն պահանջ է ներկայացնում (Խելառ Օնանը, երբ հասկանում է, որ «տոհմի ամբողջ պատմության մեջ միայնակ է մնացել», գնում է Տիրանի և Չինարի հետևից: Նրանք գալիս են և գնում լճի վրայով, անհետանում. սրանք արդենք ժամանակից դուրս մարդիկ էին՝ ո´չ մահ ունեին, ո´չ կյանք): Երբ չկան տոհմի «մարդագայլերը», ժամանակը պետք է մեկ այլ «նյութով» լցվի: Ժամանակը ձգտում է տարածության: Պատմող հերոսի հայրը տասը օր, տասը գիշեր աշխատացնում է ջրաղացը, աղում գյուղի աղունը, չխչխկացնում նալիկները և հասկանում, որ այլևս դատարկվել են միֆերը. «ես պրծա»: Ու որոշում է վերադառնալ Հայաստան (վերդարաձը լուսնային հիվանդության կանչի իմաստով, որովհետև ինքը և իր հայրը և իր որդին չեն եղել Հայաստանում): Դեպի տարածություն վերադարձը այս պարագայում մասամբ է միայն լուծում: Տերտեր Հակոբի անեծքն, այնուամենայնիվ, պիտի իրականանա. «Անիծյալ լինի ձեր ցեղը, որ անիծյալ է, սրբազան Լոմոյի սպանության համար: Էն խնկի ծառը, որ տարիներով ծխում է, ձեր մեռելների խունկն է ծխում, չի հանգելու, միչև ձեր ցեղը իսպառ վերանա»: Բոլոր նրանք, ովքեր միֆերից են ծնունդ առել, չեն վերաձևակերպվելու տարածության մեջ:

Վիպակի վերջում խնկի ծառը դադարում է ծխալ: Ճակատագիրն անորոշ է մնում: Խախտված ժամանակագրությամբ պատմության մեջ հեղինակը վախճանաբանական վերջակետ է դնում, բայց եթե ի նկատի ենք ունենում ժամանակի բեկբեկուն և հերթագայման իմաստով անկարևոր լինելու հանգամանքը, կարող ենք շարունակության մասին վկայություններ փնտրել ավարտից առաջ:
Պատմող ես-ի հարցադրումը, բացակայության ամրագրմամբ հանդերձ, այնուամենայնիվ, ինչ-որ կետից կառչելու հնարավորություն է տալիս. «Ո՞վ էր կրում իմ կյանքը այն ժամանակ՝ լուսնային տարիներին: Որտե՞ղ է իմ տոհմը, ինչպե՞ս թե չկա: Չէ՞ որ ես նրանց կրում եմ, ինչպես նրանք ինձ, այն ժամանակ` ամբարած իրենց ողնաշարերում, որպես տաք լավա փոխանցում էին սերնդից սերունդ: Փոխանցում էին յաթաղանից յաթաղան, ոճիրից ծնունդ: Ու ես գոյատևում էի, որպես պատճառ մեռելոց և հույսի»: Տոհմը չկա, բայց կա այն մեկը, ով կրում է տոհմին իր մեջ, հետևաբար չլինելը խիստ հարաբերական հասկացություն է դառնում, իսկ շարունակությունը՝ թեև ենթադրություն, բայց տրամաբանական (անշուշտ, իբրև բոլորովին նոր պատմություն-միֆ):

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *