ՎԱՀԵ ԱՐՄԵՆ | Երբ անձրևի կգնանք

Վահե Արմեն

 

Աշխարհը ինչ է անում իր զավակների հետ
***
Եվ կեսգիշերին
Աչքերս նկարելուց հետո
Տեսա նրա աչքերը
Եվ ժպիտը

Լուսաբացից քիչ առաջ
Նկարչի քնելուց հետո
Հրաժեշտ տվեցի ընտանիքիս
Եվ դուրս եկա «ԿարտոՖիլ ուտողները» կտավից
Համբուրեցի նկարչի ձեռքերը և
Փախա
Այն սայլով որ Մոցարտին գերեզմանոց էին տարել

«Աշխարհը ինչ է անում
իր զավակների հետ»

Երկար տարիներ թափառելուց հետո
Հասա Իրան և
Հայտնվեցի մի հայ ընտանիքում

Երեկ
Մի բանաստեղծություն անհայտացավ տետրիցս
Եվ կես գիշերին
Մի տաք համբույրից
Բշտիկներ առաջացան ձեռքիս

«Աշխարհը ինչ է անում
իր զավակների հետ»

***
Մի քանի ժամ է նստել և
Արքայազնի ամուսնությունը
Դիտում ենք հեռուստատեսությամբ

Մի քանի ժամ է
Որ Օլիվերը
Սենյակի անկյունում նստած
Դիկենսի համար
Հեքիաթ է կարդում

***
Յոթ տարեկան էի
Մատիտը վերցրի և
Այն ինչ ցանկանում էի ունենալ
Նշեցի թղթի վրա
Հարյուր էջանոց տետր
Փայտիա մատիտ
Ռետին
Գրպանի լապտեր
Աշխարհի ճանապարհների քարտեզը
Եվ մի զույգ եղջերու

Այսօր
Ռետինը վերցրի և
Թղթի վրայից մաքրեցի
Ռետինը

***
Այն օրը
Արևը անհանգիստ էր և
Մայր չէր մտնում
Կանգնել էր մի ծառի ետևում ու
Ծիկրակում էր

Մանկան դագաղը
Ավելի թեթև էր քան դատարկ դագաղը
Նրան հողի փոխարեն
Երկնքին հանձնեցինք

***
Այս օրերին
Քնից որ արթնանում եմ
Ակամայից ճչում եմ
Ճիշտ այն սևամորթի պես
որ առաջին անգամ
Իր տանը
Մի սպիտակամորթ տեսնելով
Ճչաց ու
Մեռավ…

***
Աշխարհը
Այս արցունքի կաթիլի ետևից
Գեղեցիկ մանուկ է
որ ծովում
Ջրահեղձ է լինում

Արցունքի այս կաթիլը
Որ հորիցս և
Պապիցս եմ ժառանգել
Ոչ կաթում է
Ոչ էլ չորանում…

***
Կյանք այսինքն…

«Կետագիծը
Կարճ մի նախադասությունով լրացրեք
Այսօրվա շարադրության թեման այս է»

Սա ասաց
Ու գնաց

Այն օրվանից
Շաբաթը մի քանի անգամ
Կետագիծը
Նոր մի նախադասությամբ լրացնում եմ
Սակայն ամեն անգամ
Կասկածում եմ
Այն կարդալ մի մարդու համար
Որը այլևս չկա

***
Ծեր գիտնականը
Աշխարհի այն ծայրում
Սև կետը
Ցույց տվեց սպիտակի մեջ և
Սպիտակ կետը
Սևի

Եվ ծեր բանաստեղծը
Աշխարհի այս ծայրում
Սև կետը
Ցույց տվեց սևի մեջ և
Սպիտակ կետը
Սպիտակի

***
Մի անկյունում նստել և
Միրգ ենք ուտում
Ես առանց որևէ ցանկության
Նա ախորժակով

Երկուսս էլ մի քիչ անհանգիստ ենք
Ես նրա համար
Նա խելագարների
Եվ կետերի համար

Երկուսս էլ ծիծաղում ենք
Ես անառիթ
Նա սրտի խորքից
Իմ անառիթ ծիծաղի վրա

Ես ու այն մարդը
Որ ասում են
Խելագար է…

***
Ընտրիր Վահե

Փողի հաշվելը
Դել Փրադո [1] – ից
«Մայիսի երեքը » [2]գողանալուց հետո
Կամ մի կարճ բանաստեղծություն գրելը
Նույն կտավում
Գնդակահարությունից առաջ

Ընտրիր Վահե

***
Ուսուցողական ճամբարում
Մեզ սովորեցրին
Ինչպես չերևանք ցերեկվա մեջ
Իսկ գիշերում տեսնենք

Հիմա
Ճամբարից դուրս
Ոչ ոք մեզ տեսնելու ցանկություն չունի
Ցերեկը
Մենք ևս
Հակված չենք մեկին տեսնելու
Գիշերը…

***
Հայլիներին չեմ նայում

Պատկերս
Մեկի հայացքում է
Որ հայելին ձեռքին
Կանգնել է իմ դիմացը

Հայելիներին չեմ նայում

***
Հրացանը վերցրեց
Նշանի տակ առավ
Ամենամեծ աստղը և
Ձգանը քաշեց

Հաջորդ առավոտ
Հիշեց այն ագռավին
Որ ծրտել էր դիկտատորի ուսերին[3]

Աստղը
Ջնջեց բանաստեղծության միջից
Եվ տեղը
Թողեց դատարկ…

***
Մշտապես մի քանի քայլ հետ էր քայլում մեզանից
Ասում էր
Ոտքերս պատերազմից հետո
Ծանրացել են
(Գիտեի
Պատերազմում
երկու ձոռքից վիրավորվել էր)
Հարցրի
Ինչու
Միթե ոտքերդ…
Ասաց
Չէ
Ձեռքերս պայթյունից են վիրավորված
Բայց կարծում ես
Հե՞շտ է
Այսքան տարի
Երեք դատարկ դագաղի կրելը
երկու առողջ ոտքով…

***
Ականների կրակոցներից
Առաստաղները վայր թափվեցին
Եվ պատերը
Դարձյալ
Կանգուն մնացին…

Հենց այս պատերից մեկի ետևում
Ռոդենը
«Աստծո ձեռքը» փնտրելով
Ավերակը
Տակնուվրա է անում…

***
1.
Մարդիկ նման էին բառերի
Փողոցը
Քննաթերթիկի

Տեսա Սոհրաբին
«որ հողին էր ընկել
Ճշմարտության հարձակումից»

2.
Բրեշտի[4] բանաստեղծության տետրում
«Խաղաղության կողմնակցի գերեզմանին
Զինվորական խումբը դոփում է»

Վերցնում եմ մատիտը և
Գրում եմ
Գնանք
Այս անգամ
Չենք գրում
Գրվում ենք…

***
Անջատեց հեռուստացույցը
Օրաթերթը ճմրթեց և
Գետնին նետեց
Գնալուց առաջ
Կես հայացք նետեց հայելուն և
Մրմնջաց
Այս տանը
Սուտն էլ ճշմարտության նման դառն է
Եվ կրակեց

***
Վավերագրող էր
Ասում էր
Մինչև հիմա
Տասնյակ վավերագրական Ֆիլմեր եմ նկարահանել
Շատ կենդանիների սիրախաղից
Գայլերի սիրախաղից սկսած
Մինչև արծիվի ու փոկի
Ցավում եմ
Որ շուրջբոլորս լիքն է ագռավներով
Բայց մի հասարակ նկար
Նրանց սիրախաղից չունեմ

***
Գիշերները
Քաղաքում շրջող խենթի եմ նման
Իսկ ցերեկները
Նման եմ մի գիտնականի
Գժանոցում
Ըւ չեմ հիշում
Այս տողերը
Գիշերն եմ գրել
Թե ցերեկը

*
Այս հին տանը
Վաղեմի ընկերոջ հետ
Նստել ու
Հին գինի ենք խմում

Կեսգիշերին
Զանգերի ղողանջը լսելով
Փաքկում եմ աչքերս և
Հին բանաստեղծությունը
Վերընթերցում Եմ
Այն գիշեր
Սատանեն
Մինչև այգաբաց
Մահերգ երգեց և
Մահից քիչ առաջ
Բղավեց
Աստված…

***
Հենց սկզբից
Մեր ճանապարհը մի քիչ բաժան էր միմյանցից
Դու բանաստեղծի պես
Սիրահարված էիր և
Ես մի սիրահարի պես
Բանաստեղծություններ էի գրում

Երկուսս էլ կորսվեցինք
Ես մի ցնորքի վերջում
Դու անվերջ մի բանաստեղծության մեջ

***
Ամեն առավոտ
Նախքան նախաճաշ ուտելը
Մի շիշ ջրով
Դուրս էր թռչում տնից
Գնում էր մոտակա լճակը
Ջուր էր տալիս լճակի ձկներին
Եվ որոշ ժամանակ թիկնելով նռնենուն
թեթևասահ
Խրճիթ էր վերադառնում

***
Որքան եմ հոգնած
Պատերին նայելուց և
Այս լուսամուտներին

Որքան Եմ հոգնած
Հայելուն նայելուց և
Այս անկողնուն

Որքան Եմ հոգնած
Քեզ հիշելուց և
Մեռնելուց

Սիրում եմ մի քիչ իմ կողքին լինես
Նայես ինձ
Նայեմ քեզ
Ու մեռնելը
Մի քիչ
Մոռանամ

***
Այս գրությունը
Մի բանաստեղծության տողատակն է
Որի գրառումից առաջ
Ինձանից և Վինսենտից [5] բացի
Ոչ ոք չգիտեր
Որ «ԿատոՖիլ ուտողները» կտավից
Անհայտացել են
Մի տղա երեխա
Եվ երեք հատ խաշած կարտոՖիլ

 

ՎԱՀԵԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ ՄՈՑԱՐՏԻՆ

***
Զարմանալի է ՎոլՖգանգ[6] Ամեն կեսգիշեր
Բոլորովին մութ սենյակում
Տեսնում եմ
Աստծուն
Պատի վրա բանաստեղծություն գրելիս
Եվ ամեն կեսօր
Բոլորովին լուսավոր սենյակում
Չեմ տեսնում
Սատանային
Որ բանաստեղծությունների վրա
Պատ է շարում

***
Գիտես ՎոլՖգանգ
Ես
Շատ ժամանակ
Մարդ լինելը
Սովորում եմ իմ Նաշո կատվից

Հա
Իսկապես
Նա էլ
Ինձ նման
Գժվում է «Կախարդական սրինգ»- ի համար

***
Չգիտես
Այս գիշեր
Որքան ցուրտ է ՎոլՖգանգ
Ճիշտ այն գիշերվա պես
Որ քեզ
Հողին հանձնելու համար Սենտ Մարկս [7] տարան
St.Marx cemetery

***

ՎոլՖգանգ
Այն նամակը որ գրել էիրԿոնսթանզին[8] Եվ քեզ հետ թաղեցին
Այսօր
Գտա
Բահարի համար գրած նամակներիս մեջ

***
Այս գիշեր
«Դոն Ժուան»- ի օպերան լսելիս
Սիրտս միանգամից քեզ կարոտեց
Այնքան անհամբեր էի
Որ նախքան այս տողերը կգրեի
Ինձ գցեցի հայելու առաջ և
Կուշտ նայեցի քեզ

***

Սալզբուրգ չգալուս համար
Պատրվակ չեմ հորինում

Ինքդ լավ գիտես
Այս օրերին
Ինձ համար
Թեհրանից մինչև Սալզբուրգ
Կամ որևէ այլ քաղաք
Ավելին է
Քան երկրից մինչև արև

Կուզենայի Թեհրանը տեսնեիր
Արի

***
Դու նոտաների հետ էիր սիրախաղ անում
Ես բառերի

Այն կանանց որ մենք սիրում էինք
Մշտապես ուղևորվում էին այն գնացքով
Որ մի անցորդ
Նկարել էր
Փողոցի պատին…

***
Պատերազմ է ՎոլՖգանգ և
Թշնամին
Քաղաքը ռմբակոծում է

Նախքան կպատսպարվեմ մի անկյունում
Որ չգիտեմ անվտանգ է
Թե վտանգավոր
Վերջին բանաստեղծությունս
Կապում եմ այն աղավնու ոտքին
որի հետ հաց ու ջուր ենք կերել
Եվ վերջին անգամվա համար
թռցնում եմ Նրան…

***
Հավատում ես
Այն օրվանից որ «Վիլչերով»
Պտտվում եմ տան մեջ
Ավելի քան այն ժամանակ որ հետիոտն
Մի տեղից մի այլ տեղ էի գնում
Կոշիկ եմ մաշել…

***
Այն գիշեր
Աստծո հետ
Օվկիանոսի ամենախոր կետում
Սուզվեցինք և
Որոշ ժամանակ անց
Ձեռնունայն
Դուրս եկանք օվկիանոսից

Հիշում ես ՎոլՖգանգ
Դու ափին
Մի խոշոր մարգարիտ ափիդ մեջ
Մեզ էիր սպասում:

 

ՈՎ Է ԾԱՓԱՀԱՐԵԼՈՒ ԱՅՍ ԲԱԼԵՐՅԱՆԿԱՅԻՆ

***
Չգիտեմ ինչու
Չէի սիրում հնդիկներին
Մի օր փողոցում
Մի անցորդ կողքիցս անցնելիս
Քթի տակ հայհոյեց ինձ
– Կեղտոտ հնդիկ

Չգիտեմ ինչու
Այն օրվանից հետո
Հայելուն որ նայում եմ
Մի քիչ նման եմ հնդիկներին

***
Ոչ
Աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկը
Չեմ քաղի
Որպեսզի ամենաբոսոր բանաստեղծությունս
Վաղը
Աշխարհը հոտոտի

***
Երբեմն
Քնելուց առաջ
Ասում էի մայրիկիս
Քեզ Աստծուց ավելի շատ եմ սիրում
Մնա ինձ մոտ
Եվ ուրախությունից
Չէի քնում մինչև արևածագ

Հիմա
Ամեն գիշեր
Քնելուց քիչ առաջ
Ասում եմ
Աստված
Մնա ինձ հետ
Մի հեքիաթ կարդա
Եվ ուրախությունից
Մինչև արևածագ
Չեմ քնում և
Շարունակ գրում եմ

***

Երեխան ասել էր
Տեսնում ես Վահեն ինչ հզոր ձեռքեր ունի
Երեկ գիշեր երազում տեսա
Մի հսկայի ձեռքը
Հանգիստ ծալեց

Մայրը ասել էր
Գիտես ինչու
Նա ամեն օր ժամեր շարունակ «Վիլչեր» է վարում

Երեխան ասել էր
Գիտեմ
Ամեն օր
«Վիլչեր» է վարում և
Բանաստեղծություններ է գրում
Երանի իրեն
Չէ՞…

***
Բղավեցի
Այլևս քեզ չեմ սիրում և
Այլևս ոչ մի ժամանակ
Թևավոր ձիու հետ խաղալու
Եվ կետերի պարը դիտելու համար
Չեմ գա քո երազներում

Նախքան անկողին մտնելը
Կես հայացք նետեց ինձ վրա և
Կիսաձայն հարցրեց
Ոչ մի ժամանակը
Քանի օր է

***
Տղայիս
Յոթ օր է չեմ տեսել

Յոթ օր է
Որքան քայլ եմ վերցնում
Նիրվանային չեմ հասնում
Յոթ օր է
Որքան գժվում եմ
Մի տող բանաստեղծություն անգամ չեմ գրում

Տղայիս
Յոթ օր է չեմ տեսել

***
Մարդկանց գույնը և
Իմ գույնը
Առաջին անգամ
Տեսա սև և սպիտակ մի Ֆիլմում

Այն օրը
Մի հեծանիվի գողի հետ[9] Տուն վերադարձա
Եվ մինչև կեսգիշեր
Լուսանկարներս
Մի տուփ գունավոր մատիտներով
Խզբզեցի

***
Անցավ երեխաների կողքով
Եվ ոչ մեկի հետ
Խաղընկեր չդարձավ
Անցավ աղբյուրների կողքով
Եվ ոչ մեկի մեջ
Չլողացավ
Անցավ աղջիկների կողքով
Եվ ոչ մեկով
Չհմայվեց
Չմեռավ
Անցավ տաճարների կողքով
Եվ ոչ մեկում
Ծունկի չեկավ
Թաղոթեց

Նա
Հազար անգամ
Անցավ կախաղանի կողքով
Եվ ես
Հազար անգամ
Կախվեցի
Ծիածանից

***
Տեսնելու բան էր
Մի գյուղում
Երեք հազար հինգհարյուր կանանց կյանքը
Հազար ութհարյուր տղամարդու կողքին
Բայց ավելի դիտարժան էր
Կանանց ուրախ դեմքերը և
Տղամարդկանց մռայլ դեմքերը

Ձյունոտ մի կեսգիշեր
Գյուղի միակ իջեվանատան մոտակայքում
Լուկաչը[10] Կանտի[11] կիսանդրու տակ
Հեգելին[12] նամակ էր գրում

***
Հենց այս բանաստեղծության մեջ և
Հենց այս տողերի արանքում
Մի կին է թաքնված
Որ իմ չգրված բանաստեղծությունները
Գրել է ձեռքի ափի մեջ և
Փակ բռունցքներով
Ինձ հետ
Փուչ ու տռուզ է խաղում…

***

Ձմռան մի առավոտ եկավ իմ տունը
Նարգիսի յոթ ծաղիկով և
Մի կտոր երկնքով

Այլևս ոչինչ այս հանդիպումից չեմ հիշում
Ինչպես մի երազ, որ արթնանալուց հետո
Նրանից ոչինչ չես հիշում
Աչքերդ թաց են
Սակայն
Հմայված այդ երազով
Ակամա ժպտում ես
Վերցնում ես թուղթ ու մատիտը և
Գրում ես
Այն ինչը որ չես հիշում
***
Ապրիլ մեկյան ստի պես
Գեղեցիկ էր
Սակայն
Ուշ- ուշ էր գալիս
Իչպես փետրվար ամսի քսանինը

**
Կեսգիշերին
Հեռվից ինչ-որ ձայն էր լսվում

Գրազ եկանք
Նա ասաց
Այս ձայնը
Թևերի երգն է ծղրիդների
Ես ասացի
Ոչ
Քամու համբյուրն է
Տերևների մարմնին

Ձայնը
Ոչ երգն էր ծղրիդների
Ոչ էլ համբույրը քամու
Սակայն
Ոչ մեկս էլ
Գրազը չպարտվեցինք…

***
Ասել Էիր
Երբ բանաստեղծություն ես գրում
Ինձ սիրիր

Չգիտեմ
Այսքան բանաստեղծություն գրելուց է
Որ խենթորեն սիրում եմ քեզ
Թե այսքան սիրուց է
Որ խենթորեն բանաստեղծություններ եմ գրում

***
Չգրված բանաստեղծություններս
Անգիր գիտեր և
Ապրում էր

Այս աստվածուհին
Ոչ ձեռնածու էր
Եվ ոչ էլ պայծառատես
Նա էլ բոլոր կանանց պես
Մի քիչ գեղեցիկ էր
Ու մի քիչ խելամիտ

***
Չգիտեմ
Եթե մնայիր իմ կողքին
Դարձյալ ամեն կեսգիշեր
Մի մրջույն ինձ կարթնացներ քնից
Աստված եասամանի թփերի ետևից
Կծիկրակեր
Կասեր
Վեր կաց
Բանաստեղծություններ գրիր
Եվ արևածագից քիչ առաջ
Հեռավոր մի գյուղում
Մի կտոր հաց կայրվեր թոնիրում
Եվ ես մի թարմ բանաստեղծության բույրից
Քուն կմտնե՞ի…

***
Հենց որ նայում ես ինձ
Իմ սենյակում
Մի ձի հեծած արևի թամբին
Խրխնջում է
Եվ խենթորեն խթանում

Երբ փակում ես աչքերդ
Ակամա
Բացում եմ լուսամուտները և
Այս սառը քաղաքը
Վերածում եմ մի տաք տնակի

***
Գրել էիր որ ցանկանում ես վերադառնալ
Ցանկանում ես երբ բանաստեղծություն եմ գրում
Կողքս լինես

Բան չունեմ ասելու
Եթե նման համբերություն ունես
Արի
Բանաստեղծություն գրելը
Ինձ համար
Ակնաղբյուրից ծարավ վերադառնալն է և
Ջուր խմելն է
Անապատում

Արի…

***
Ասում էր սիրում եմ որ ծխախոտդ
Մշտապես լուցկիով ես վառում
Ասում էր սիրում եմ որ բաժակդ
Միայնակ
Չես խմում
Առանց որևէ մի ընկերոջ բաժակին շրխկացնելու
Ասում էր սիրում եմ որ բանաստեղծություններդ
Նախքան գրելը
Կես հայացքով
Ցույց ես տալիս ինձ
Ասում էր սիրում եմ որ գիտես «Սերը
Կամ խենթություն է
Կամ առհասարակ սեր չէ»

***
Ձեռքդ դուրս հանիր պատուհանից
Որպեսզի դեմքս թրջվի
Անձրևից

Մի շալ գործիր թշնամուդ համար
Որպեսզի երկրի ուսերը
Ծածկեմ
Բանաստեղծությունով

Գնալուց առաջ
Մի թաշկինակ դիր ճակատիս
Համբուրիր
Բանաստեղծությանս ամենահոգնած բառը
Գուցե հոգնածությունը դուրս գա
Աստծո մարմնից

***

Հջորդ օրը
Որի գիշերը տեսել էի
Կետաձկան արցունքը օվկիանոսում
Ինձ դասասենյակից դուրս վռնդվեցի և
Ափին մի նամակ գտա
Որ մինչև այսօր
Այն պահում եմ
Թբացված …

***
Հողին մատնածայրով գրեցի
Ինչ անենք Աստված
Երկնքին
Բանաստեղծություն գրելու համար
Բոյս մի քիչ կարճ է
Իսկ քո հասակը
Անչափ բարձր է
Այս հողեղեն բանաստեղծությունը կարդալու համար

***
Ոչ ոք
Նրան
Ով կանգնել է հեռուներում
Ավելի պարզ քան ես
Չի տեսնում
Եվ ոչ ոք
Նրան
Ով քայլում է իմ կողքին
Առավել քան ես
Չի կորցնում

***
Ասաց
Նիրվանան
Դատարկ հոր է
Աստվածային հոգեկան աշխարհում
Որ ամեն կեսգիշեր
Ծարավ մի պոետ
Գլուխը կախում է նրանում և
Բղավում
«Դու մի եղիր առհասարակ
Կատարելությունը սա է և վերջ»
Եվ արևածագից քիչ առաջ
Թաց դեմքով ու
Վերնաշապիկով
Քնում է
Նյութական աշխարհում

***
Յոթ տարուց հետո
Նոր լսողասարք գնելու համար
Քաղաք էր գնացել

Չէր սիրում
Քաղաքի ժխորը
Խենթանում էր գյուղի լռության համար

***
Յոթերորդ կանգառում բարձրացավ մետրո
Կողքս նստեց
Եվ տասներեքերորդ կանգառում իջավ

Նայեցի դեմքին
Նման էր Բորխեսի կյանքի վերջին տարիների
Լուսանկարներից մեկին

Լռեցինք
Գնացքից իջնելուց առաջ
Ժպտաց և
Քթի տակ ասաց
Գիտե՞ս Աստված իմ աչքերով
որմի կանգառում է
Նայում ուղևորներին
Եվ գիշերները որմի՞ օվկանոսի վրա է
Քայլում
Քո ոտքերով և
Բանաստեղծություն արարում…

***
Այլևս ձիերի սմբակների և
Կառքի անիվների ձայնը
Չի լսվում պողոտայի քարե սալարկին
Փողոցի ծայրամասի խանութում
Նավթի հոտը և
Վարդաջրի բույրը
Չի հասնում հոտառությանդ
Այլևս ոչ ոք
Առաջին վերտառությունները թերթերի
Բարձրաձայն չի հայտարարաում
Ոչ մի անցորդ հապշտապ չի հարցնում
«Ու՞ր է գնում այս ավտոբուսը»
Այլևս փողոցներում ոչ մի ծանոթի
Եվ տներում օտարականի
Չենք տեսնում
Սակայն դեռևս
Մութուլուսին առավոտվա
Փողոցից
Լսվում է սրտագին մի ձայն
Ավելի ձայնը
Ծովի ալիքների
Հարվածների երաժշտությամբ…

***
Հազար տարի էր այգեպանություն էր անում
Ինքն էլ արդեն նման էր ծաղկի

Փողոցում
Հարյուրավոր այլ մարդկանց մեջ
Մի հայացքով
Նրան գտնում էի
Իսկ այգում
Ծաղիկների մեջ
Նրան կորցնում էի…

***
Ինձ չի հետաքրքրում
Երկիրն է պտտվում
Լուսինը
Թե արևը
Մեկը թող ասի
Բանաստեղծություն գրելու պահին
Աշխարհի որ անկյունում էլ լինեմ
Ինչու է արևը
Կեսգիշերին ծագում

***
Քնել եմ ուզում

Աչքերս հառել եմ վարագույրին
Եվ վարագույրից այն կողմ
Տեսնում եմ նրան
Որ փակ աչքերով
Հառաչում է անքնությունից և
Շշնջում է

Փակ աչքերը
Ինչ գեղեցիկ են գիշերվա մեջ
Եվ որքան դիտարժան է
Երկնքի ու ծովի սիրախաղը

Քնել եմ ուզում…

***
Երբ կհոգնի
Երկիրը
Այս պարից
եվ այս բալերիանկայի համար
Ով կծափահարի
Վերջում…

ԻՄ ԵՎ ԱՌԱՔՅԱԼԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

***
– Չե՞նք գնում

– Մի քիչ համբերիր
Երբ անձրեւի
Կգնանք

***
– Այս գյուղում
Բոլոր տների դռները բաց են և
Ճրագները վառ

– Բոլորը գնացել են բլուրի բարձունքին
Որպեսզի մինչև լուսաբաց
Դոփելով պարեն

***
– Տեսե՞լ ես Փարիզը
Ասում են աշխարհի քաղաքների գեղեցկուհին է

– Ստում են
Ճիշտ յոթ տարի է
Որ Անարաքը[13] Աշխարհի գեղեցկագույն անկյունն է…

2011 սեպտեմբեր – հոկտեմբեր

***
– Այս լեռը երբևէ բարձրացել ես

– Ոչ
Միայն մի անգամ
Պատանի ժամանակ
Նրա բարձունքից
Վայր եմ իջել

***
– Արթու՞ն ես

– Այս անապատում
Որտեղի՞ց է ծովի բույրը գալիս
Եվ այս ծովաթռչունների երգը

– Միթե չտեսար
Այսօր
Տուն եմ բերել
Մի ափ ծովաջուր

***
– Չե՞ս մրսում

– Ինչու չէ
Գնանք դուրս

***
– Որմի՞ ճամփով ես տուն գնում

– Այն մշտական ճանապարհով
Մի ճանապարհը որ ոչ մի ոտնահետք
Նրանում չլինի

***
– Մի քանի օր է ոչինչ չեմ գրել
– Երբեմն ամեն ինչ
Նույնիսկ մի հողաճճվի տեսնելը
Թղթի վրա
Բանաստեղծություն է դառնում
Իսկ երբեմն ոչ մի բան
Նույնիսկ երկնային մի սեր
Չի վերածվում բանաստեղծության

***
– Չէիր ասել որ
Հուդայի մայրը
Այս մոտերքում է ապրում

– Երեկ եկել
Ասում էր
Աշխարհը
Հիսուսին փնտրելով
Ոտնատակ է արել…

***
– Բահարից պատմի
Ասում էր
Երբեմն բանաստեղծություններդ
Ծովն ես նետում

– Պետրոս նավակը ջուրը գցիր
Ուզում եմ այս գիշեր
Գնանք ծով
Բանաստեղծություններ կարդանք և
Ձուկ որսանք
Պետրոս նավակը ջուրը գցիր

***
– Այւս սարը մի քիչ կբարձրացնե՞ս

– Դու խենթ ես
Կատակ ես անու՞մ

– Թերևս
Բայց նա
Չէր կատակում

***
– Պիտի վերադառնամ
Աստված պահապան

– Աստված պահապան
Չասացիր Պետրոս
Այսքան ճանապարհը
Ինչպե՞ս ես եկել

– Նշանակություն չունի
հետիոտ ես
Հեծյալ ես
Թե օդանավում ես
Բանաստեղծության մեջ
Մշտապես ճիշտ ժամանակին
Հասնում ես նպատակակետին

Պարսկերենից թարգմանեց  Էդուարդ Հախվերդյանը

 

1. Del Prado museum Թանգարան Մադրիդում
2. Ֆրանսիսկո Գոյայի « Մայիսի երեքը 1880 » հանրահայտ նկարը:
3. Ակնարկ նույն հեղինակի գրչին պատկանող բանաստեղծությանը:
4. Bertolt Brecht / 1898- 1956/
5.Vincent Van Gogh
6. Wolfgang Amadeus Mozart
7.Գերեզմանոց ուր Մոցարտին թաղեցին միատեղ մի գերեզմանում:
8. Constanze
10.Ակնարկ համանուն կինոՖիլմին:
11.George Lukacs Հունգարացի փիլիսոփա և քննադատ / 1885- 1971/
12.Kant  Գ»րմանացի փիլիսոփա / 1724- 1804 /
13.Hegel  Գ»րմանացի փիլիսոփա / 1770- 1831 /
14.Լեռան ստորոտում գտնվող Նաին քաղաքի շրջանն»րից: Հողե և չթրծած աղյուսով շինված տներով:

 

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *