Սիրան Գրիգորյան | Թրջված, արբած եւ խելառ Հրայրը

Սիրան Գրիգորյան

Նոյեմբերի 20-ն էր, իմ հարսանյաց հանդեսի նախօրյակը: Անձրև էր եկել, մաքրել օդն ու փողոցները: Թանձր մառախուղը բերնեբերան լցվել էր քաղաք: Քաղաքում անգամ մառախուղն է դառնում ոչնչություն` լույսերը վառում են եւ անբռնազբոս տիրում մառախուղի վերերկրային էությանը: Ուրիշ է գյուղամերձ տարածքներում`մառախուղը հավասարեցնում է ամեն ինչ` թաքցնելով սարերն ու ձորերը, ճամփաներն ու վիհերը, երկիրն ու երկինքը:
Ինձ տուն բերող տաքսին լուսավորեց մեր բակը, տեսա, որ ճոճանակին մարդ կա: Անձրև էր մաղում: Ես թափ հավաքեցի, որ մեքենայից իջնելուն պես վազեմ դեպի մեր մուտքը: Չգիտեմ ինչն ինձ ստիպեց կրկին հայացք նետել ճոճանակի կողմը: Ասես Հրայրը լիներ: Արամը` իմ փեսացուն, նրան արգելել էր մոտենալ մեր բակին, իմ աշխատավայրին և ինձ: Քանի որ ինձ ոչինչ չէր արգելել, ես ազատ էի մոտենալու ճոճանակին: Տաքսուց իջա և չգնացի դեպի տուն, սպասեցի, տաքսին շրջվեց, կրկին լուսավորեց ճոճանակը եւ նրա վրայի հանդարտ ճոճորվող խելառ եւ հաստատ արբած մարդուն: Գնաց տաքսին` իր հետ տանելով իր լույսը` իր բաժին չգիտակցված մեղքն ու անմեղությունը:
Քայլեցի դեպի ճոճանակը: «Հրա՞յր»,- հարցրեցի: Չպատասխանեց, խաղաղ հազում էր: Ասացի՝ ինչո՞ւ ես եկել: Դեռ լուռ էր: Չգիտեի` էլի խմա՞ծ է, թե՞ ոչ: Դա ճշտելու միտքն ինձ ստիպեց մոտենալ նրան: Ասաց. «Չնստես, սառն է»: Ասացի. «Իսկ դու չե՞ս զգում, որ անձրև է գալիս»: Պատասխանեց. «Դու, ինչպես միշտ, մեղավոր ես փնտրում: Երկնքից թափվող որեւէ բան չի կարող մեղավոր լինել»: Գրական շեղումներն ինձ հուշեցին, որ արբած է, բայց ուզեցի համոզվել դրանում: Չգիտեմ` ինչու էի ուզում իմանալ խմա՞ծ է, թե՞ ոչ: Թրջվել էր ամբողջությամբ: Երևի կարոտել էի կամ ջահել իմ խենթությունն էր, որ գլխակորույս նրա գիրկն ընկա: Փորձեցի հոտոտելով հասկանալ խմածության չափը: Նա անձրևոտ էր, քնքուշ և հաճելիորեն կոպիտ:
Քիչ անց տեսա օղու շիշը բաճկոնի գրպանում: Անխոս խղճացի նրան, եւ նրանից ու նրա հետ կապված հնարավոր բոլոր հոգսերից ինձ ազատ զգացի: Ասաց` տուն գնա: Պատասխանեցի` միայն քեզանից հետո: Ասաց` ես չեմ կարող: Հարցրեցի` ինչո՞ւ: Պատասխանեց` կրակել են ոտքերիս: Հավատացի: Հեռախոսով փորձեցի լուսավորել նրա ոտքերը` հասկանալու համար` ճիշտ է, թե՞ ոչ: Ծիծաղեց: Դա ինձ դուր եկավ: Ես նրան հազվադեպ եմ տեսել ծիծաղելիս: Մեր հատուկենտ հանդիպումների ժամանակ նրա դեմքին ժպիտ էր հայտնվում, երբ ինձ հեռվից հեռու տեսնում էր եւ երբ դրամապանակում գումար էր մնում` ինձ մեր տան մոտ հասցնելուց հետո:
Քիչ անց նա երկու ձեռքով սեղմեց կոկորդս, ես համարյա խեղդվում էի: Հաստատ նա կարող էր ինձ խեղդել: Երբ թողեց, մի տեսակ սթափվեցի, անձրևանոցով հարվածեցի ուսին ու ասացի. «Ապո’ւշ, գնա այստեղից, քանի չեն տարել»: Անհաղորդ նստած էր: Ես տուն գնացի: Հետո անձրևը վարարեց: Տուն մտնելուն պես` արագ սկսեցի տարոսիկներին կոնֆետներ փակցնել. մեր տանը ատրճանակի նման մի սարք կա, դրանով մենք ինչ-որ իրեր ենք փակցնում ինչ-որ ուրիշ իրերի վրա: Կոնֆետների թղթերի վրա մեր` իմ և Արամի, լուսանկարն էր ու գրված էր «Արամ և Սյունե»: Քիչ անց ինձ զանգահարեց Արամի մայրը եւ ասաց, որ հարսնաքողն իմ ուզած ձեւով արդեն իրենց տանն է: Ամեն ինչ իր հունով հոսում էր` ամենքիս շալակ տալով մեր բաժին մեղքն ու անմեղությունը:
Մինչ ես խոսում էի Արամի մոր հետ, մայրս եկավ եւ շշուկով ինչ-որ բան ասաց: Այդ պահին չհասկացա` ինչ էր ասում: Հետո հարցրեցի, պատասխանեց, թե կոնֆետները գեղեցիկ չեմ փակցնում տարոսիկներին, այնպես անեմ, որ սոսինձը չերևա: Մորս աչքերը կարմրել էին: Անկեղծ ասած, դա ինձ այդ պահին առանձնապես չհուզեց, բայց հարցրեցի, թե ի՞նչ է եղել: Ասաց. «Եղանակից է, ճնշումս է բարձրացել»: Տարոսիկներն ու ատրճանակի նման սարքը թողեցի եւ ասացի` գնամ դեղատուն: Մայրս թույլ չտվեց: Ասացի. «Ուրեմն գնամ խանութ` կիտրոն և հանքային ջուր բերեմ»: Մայրս զարմացավ իմ հոգատարության վրա, բայց դարձյալ առարկեց, ասաց. «Նախավերջին օրդ է հայրական տանը, քեզ պահիր այնպես, ինչպես միշտ` արքայադստեր պես»:
Անձրևը վարարում էր եւ տագնապի զգացողութունից սրտխփոցս լսում էի ականջներիս մեջ: Սիրտս նաեւ ճմլվում էր չգիտեմ ինչից` թրջված Հրայրի համար, թե՞ Հրայրին կորցնելու մտքից: Ասես այդ նա չէր, որ քիչ առաջ խեղդում էր ինձ: Այո’, կարող էր, բայց չխեղդեց: Տարօրինակ զգացում էր ինձ պատել: Ես միայն գրքերում էի հանդիպել, որ կարող են քեզ միաժամանակ սեր ու ազատություն տալ: Միայն թե սա չպատահեր իմ հարսանյաց հանդեսի նախօրյակին, գոնե մի շաբաթ առաջ պատահեր, ես կհետաձգեի, կչեղարկեի այս ամենը, մինչեւ հասկանայի, թե ինչ եմ ուզում եւ ինչ չեմ ուզում, թե ում եմ սիրում եւ ում չեմ սիրում, ում ինչի համար եմ սիրում և ինչի համար չեմ սիրում:
Արամը զանգեց և ասաց, որ խնջույքի ծախսերի մյուս մասն էլ արդեն վճարել է եւ ամեն ինչ պատրաստ է վաղվա համար: Խոսելու ընթացքում անընդհատ հարցնում էր, թե ինձ ինչ է պատահել: Ասացի. «Ոչինչ էլ չի եղել, ուղղակի հուզվում եմ»: Արամը երկարացրեց խոսակցությունը եւ ես երևի գոռում էի նրա վրա, որովհետեւ մայրս մտավ սենյակ եւ մատը դնելով շուրթերին` ասաց. «Սը~ս»: Քիչ անց Արամը նորից զանգեց եւ ասաց, թե միայն աղջիկները չեն, բոլոր մարդիկ էլ հուզվում են ամուսնանալուց առաջ, այդպես է դրվում նոր կյանքի սկիզբը: Իմաստուն է Արամը, ամեն ինչի համար դեղատոմս ունի, հումորն անպակաս է նրա խոսքից, կոնֆլիկտները հարթելու հանճար է նա: Էլի ուզում էր երկար խոսել, ասացի. «Կներես, ժամանակ չունեմ, մայրս վատ է զգում»:
Մորս ասացի, արի միասին գնանք քեզ համար դեղ գնելու: Պատասխանեց, որ արդեն լավ է զգում, ճնշումը կարգավորվել է: Այդ պահին մտքովս անցավ, որ ուզում եմ իմ հարսանիքի օրվա մեր տան ֆուրշետի սեղանին նաեւ ալոճ լինի` շղթաներով կախած: Մորս խնդրեցի, որ միասին գնանք խանութ: Դեռ մեր տնից դուրս չէինք եկել, մորս ասացի, որ կարծես թե Արամին չեմ սիրում: Չհավատաց, ասաց. «Ամուսնանաս, ավելի շատ կսիրես»: Թեմայից ահագին հեռացանք: Ինձ երկու րոպե ժամանակ էր բաժանում ճոճանակին նստած թրջված, արբած եւ խելառ Հրայրից: Երբ արդեն դուրս եկանք շենքից, մորս ականջին ասացի, որ կարծես թե Հրայրին եմ սիրում եւ նա հիմա մեր բակի ճոճանակին նստած է: Մութ էր եւ մառախուղ: Մայրս կանգնեց եւ մթության մեջ պատկերացնում եմ, թե ինչ հայացքով ինձ նայեց: Հեռախոսով լուսավորեցի ճոճանակը եւ հարակից տարածքը: Ոչ ոք չկար: Ասացի. «Մամ, արի տուն գնանք, ոչ մի ալոճ էլ չեմ ուզում»: Մայրս թևիցս քաշելով տարավ խանութ. գնեցինք ալոճ, կիտրոն և էլի ինչ-որ բաներ, որոնք մեզ պետք չէին:
Ամբողջ գիշեր աչք չփակեցի: Ես գիտեի, որ Հրայրը մի օր կործանելու է իրեն: Թեկուզ ոչ նրա կողքին, այլ` Արամի, ես երջանիկ կլինեի, միայն թե կապ չունենայի այդ ամենի հետ: Ինձ ոչինչ ետ չէր պահում Հրայրին զանգելուց, սակայն նրա հեռախոսահամարը չունեի` վաղուց ջնջել էի: Որոշեցի գրել «Ֆեյսբուք»-ում: Այստեղ էլ ինքս էի նրան արգելափակել: Երկար չարչարվելուց հետո գտա այն կարգավորումը, որով «Սեւ ցուցակ» ուղարկած եւ արգելափակած օգտատերերին կարող ես վերականգնել որպես ընկեր: Հրայրը կայքում չէր: Մինչեւ լուսաբաց երևի հազար ագամ ստուգեցի` արդյոք կայքո՞ւմ է: Ո’չ, այնտեղ չէր: Չգիտեի` ինչ եմ գրելու, եթե «Ֆեյսբուք»-ում լինի: Ես մոլեռանդ ուզում էի խոսել նրա հետ, հայտնի չէ` ինչի մասին:
Ամենամութը լուսաբացից առաջ էր: Լույսը բացվեց: Արև չկար, բայց պարզ օր էր: Անձրևը լվացել էր աշխարհը: Աշխարհն այնքան մաքուր էր իմ հարսանյաց հանդեսի օրը: Գեղեցկության սրահ գնացի: Նախ մազերս հարդարեցին, հետո դեմքս: Այդ սրահի աղջիկներն ինձ հարցեր էին տալիս եւ ես անընդհատ շեղվում էի իմ մտքերից: Դեռ մազերս էին հարդարում, երբ բնազդաբար վերցրեցի հեռախոսս եւ մտա «Ֆեյսբուք»: Հրայրը կայքում չէր: Աղջիկներին հետաքրքրեց, թե հարսանիքի օրը աղջիկն ինչ է փնտրում ինտերնետում: Պատասխանեցի, որ առավոտյան լուրեր կարդալն իմ օրվա անբաժան մասն է դարձել: Մի անբացատրելի հետաքրքրությամբ մատնազարկ արեցի այս վերնագրով լուրի վրա` «Նոր Նորքում հայտնաբերվել է տղամարդու դի»: Ոստիկանության տարածած հաղորդագրությունն ասում էր, որ 32-ամյա Հ. Մ.-ի դիակը գտել են մեր թաղամասում` մեզանից մի քանի շենք ներքեւ: «Նախնական տվյալներով, անհայտ անձը վրաերթ է կատարել եւ դիմել փախուստի: Նախաքննությունը շարունակվում է»:
Ես ինձ մարդասպան զգացի: Շունչս ծանրացավ: Մազերի, եղունգների լաքերի հոտը, հարդարիչի ձայնն ու ջերմությունն ինձ սպանում էին: Վարսահարդարին ասացի. «Լաք մի’ փչիր մազերիս»: Պատասխանեց. «Սանրվածքդ չի դիմանա մինչեւ երեկո»: Պնդեցի` թող չդիմանա: Մեկ ուրիշ աղջիկ սկսեց դեմքս հարդարել: Կուզեի մինչեւ նրա սկսելը մի կուշտ լաց լինել, բայց դրա համար էլ էր ուշ: «Օրվա ընթացքում չհուզվես, իմ աշխատանքը ջուրը չգցես»,- ասաց դիմահարդարս:
Մտա տուն, մայրս ժպտալով հայտարարեց, թե “եկավ իմ արքայադուստրը”: Ես ինձ հանցագործ էի զգում, թեեւ ես չէի նրան վրաերթ արել: Վստահ էի, որ ոչ ոք չի որոշելու ինձ մեղադրել, մանավանդ որ անձրևը հաստատ լվացել-տարել է իմ` մեղավորիս, հետքերը թրջված, արբած եւ խելառ Հրայրի վրայից: Մեղավորության զգացումը խեղդում էր կոկորդս, մոտեցա մորս եւ ուզում էի նրա ականջին բան ասել, բայց արդեն դրա ժամանակն էլ չունեի, եկան, տարան…

Share Button

2 Կարծիք

  • Arman says:

    Shat hetaqrqir grelu voch uni ays aghjike, na zgum e erevuytnern aynpes, inchpes manuk` parz u anmex…

  • Նարե Հովհաննիսյան says:

    Շատ հուզիչ էր, իրական, բնական, անկեղծ, հետաքրքիր, արագ…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *