Թեհմինա Հարությունյան | Հեռավոր Յարկուտսկում հիմա ձնհալ է

****
Կտոր-կտոր են լինում հնչյունները,
մետաղյա գդալները խազում են կաթսաները,
մեքենաների շարժիչների ձայները գրկում են ապակիները,
երաժշտությունը խզվում է բրդյա հագուստի մեջ,
փոշին գալարվում է երեխաների բարձրացրած աղմուկում,
օդը շարժվում է,
չոր տերևը կոտրվում է,
ծանր շնչառությունն ընդվզում է ձանձրույթի դեմ,
ճնճղուկները հուսահատվում են ծառերին թառած:
աղմուկը պահում եմ մազերիս մեջ,
ջրով լիքը բաժակի մեջ,
արմունկներիս ամրության մեջ:

 

****
Կար ու չկար մի մոլորակ,
որ գտել էր իր տեղն անսահմանության մեջ,
կամ ընկել էր զուտ պատահական
ու պտտվում էր կամայական ուղեծրով
կամ՝ նախօրոք գծագրված:
Որտեղ կային, չկային մարդիկ,
ասում են՝ սկզբում հաստատ չկային,
բայց հետո եկան, չգիտես ինչու,
եկան կամ չեկան:
Ասում են, թե սիրել սովորելու
(ասես ինչ մի դժվար բան է),
սիրել սովորելու տարօրինակ աշխարհը
(մեկը հարցներ՝ որն է օրինաչափը),
եկան այս հսկա ջրածածկ քարակտորի վրա,
եկան սառույցների վրա
ու երկրի գրանիտե մարմնի վրա՝
սիրել սովորելու,
բազմազանության մեջ իրենց գտնելու,
երկրի անտարբերությունը խաթարելու
ու աշխարհին խոսեցնելու,
չգիտեմ ինչու՝ եկան ու չեկան:
փնտրեցին չգիտես՝ ինչեր,
հորինեցին չգիտես՝ ինչեր.
սկիզբ ու ավարտ,
աստվածներ ու չաստվածներ,
հավատացին նրանց ու չհավատացին:
Ստեղծեցին ու քանդեցին,
քանզի ծարավը ոչինչ չհագեցրեց:
Քայլեցին մոլորակն ամբողջ
շարժման ուղղությամբ, նրան հակառակ,
այրվեցին կրակների վրա,
սպանվեցին պատերազմներում,
հաղթեցին ու չհաղթեցին,
կապվեցին օրենքներով, սովորությամբ
ու չկապվեցին,
գտան իրենց այս ամենի մեջ
և իհարկե, չգտան,
հիմա այստեղ ես կամ ու չկամ:

 

****
Հեռավոր Յարկուտսկում հիմա ձնհալ է։
Ես հիմա գիտեմ բոլոր բառերի արտասանված լինելու անիմաստությունը,
նյարդայնացնող անհեթեթությունը,
բայց սա դարձել է ինքնախոշտանգման մի նոր տարբերակ.
ամեն ասված բառ աղմուկ է,
ամեն չասված բառ՝ թաքուն ասված բառ:
Հեռավոր Յարկուտսկում հիմա ձնհալ է առանց բառերի:

 

****
Կետ – կետ – կետ,
գիծ – գիծ – գիծ,
օղակ – օղակ – օղակ
դռան հետևում թաքնվում է հույսը,
դռան հետևում՝
փակագծերի մեջ,
առաստաղից կախված:
Փորձված ինքնասպանի հանգստությամբ
մի վերջին անգամ խնդրում է ներս գալ:

 

****
Ոսկորներիս մեջ ձայներ են լսվում.
ձայներ խաղաքարերի,
թնդանոթների,
դղրդոց երկրաշարժերի:
Արյանս միջով նավեր են լողում,
ծովահենների խնջույքն է:

 

****
Գտնում եմ ինձ
ինչ-որ չվերահսկվող ազատության մեջ,
ինչ-որ չափազանց վայրենության մեջ,
ուժասպառ անող զգայունության մեջ,
անվերջ խաղալու հոգնեցնող տենդի մեջ,
ամեն ինչ մերժելու համարձակության մեջ,
ինչ-որ բան գտնելու անզուսպ տենչի մեջ:
այս ամենի մեջ գտնում եմ ինձ,
կորցնում եմ մնացածին:

 

****
Ձեռքերս կապում են ասֆալտին,
որ մեքենաները երթևեկեն նրանց վրայով,
ուզում են լսել ոսկորներիս ճրթճրթոցը:
Ոտքերս ուղղահայաց թաղում են հողում.
գուցե աճեն, գուցե ծառ դառնան:
գլուխս տանում են ինչ-որ երկրի թագավորի մոտ,
որ ասեն՝ ինչ-որ տեղ ինչ-որ մեկին հաղթել են:
Կրծքավանդակս բացում են,
փոքրիկ խեցգետիններ են հանում,
տանում, ծովն են լցնում,
որ այնտեղ ապրեն:

 

****
Ութ կատու ունեմ,
հինգը մեծ են,
երեքը՝ ձագուկ:
Վեց շուն ունեմ,
վեցն էլ՝ խառնածին,
չորս նապաստակ՝
երկու սև, երկու սպիտակ,
երկու կրիա,
մեկ կապիկ,
երկու թութակ,
երկու դեղձանիկ,
հինգ կակտուս՝ տաբեր գույների,
թեև դեռ չեն ծաղկել,
բնակարանս երկու սենյակ ունի, մեկ պատշգամբ,
բոլորն այստեղ են ապրում,
իսկ ես նրանց եմ նայում:

 

****
Ծղրիդները սվսվացնում են,
ես դա լսել եմ ինչ-որ ժամանակ,
հատիկ-հատիկ ցորեն եմ հավաքում,
մաշկիս տակ փշեր եմ պահում
մայրամուտի ամենասիրուն պահին,
գորտերը ճանաչում են իմ դեղնակարմիր ցավը,
ես լսում ե նրանց,
լսում եմ,
իսկ ես ու դու կապված ենք ցորենի չափ։

 

****
Ես չեմ հիշում ինձ հետ ունեցած որևէ հանդիպում,
որևէ խոսք, որևէ բամբասանք իմ մասին
որևէ ակնարկ, որևէ հնչյուն ինձ հիշեցնող,
որևէ հայելի, որ մտապահել է ինձ,
ես նա եմ, ում երբեք չեմ հանդիպել:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *