Մհեր Արշակյան | Յանուսի օրագրերը

Մհեր Արշակյան

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մհեր Արշակյան «Յանուսի օրագիրը»Կույսը…

Մարիամը չհղիացավ Աստծո Որդով, նա հղացավ Նրան…

Ծննդյան հրաշքը
Ոչ մի երեխա միայնակ չի ծնվում, նրա հետ ծնվում են մյուսները։

Ուշացած Նիցշեն
Նիցշեն գրեց իր «Նոր Կտակարանը» («Այսպես խոսեց Զրադաշտը»-Մ. Ա.), երբ արդեն Աստված չկար։

Չգրողը
Հնարավոր է՝ մենք գիր առ գիր հասունացնում ենք այն գրողին, որն այլեւս չի գրելու։

Ծերության աչքերով
Տարիք առնելու վատը գիտե՞ք որն է՝ հնարավորինս շատ աղջիկներ են քեզ գեղեցիկ թվում։

Քրիստոսից մի հայր պակաս
Իմ ու Քրիստոսի միջեւ միակ ընդհանուրն այն է, որ ես հայր չունեմ։

Վերջինը…
Ի՞նչ է նշանակում «Աստծո տված» ընկերներ։ Նշանակում է, նրանք այնքան լավն են ինձանից, որ իմ խելքի բանը չէր նրանց ընտրելը։

Գոհադաս
Մենք հազիվ թե դիմանայինք այն փորձություններին, որոնք ուրիշներին են վիճակվում։ Հենց դա է գոհությունը։

Կնոջ իմանալիքը…
Տղերքով խմում ենք։ Հիշում ենք մեր նախկին բոլոր սերերին։ Պատմաբան Արտակ Մովսիսյանը հարցնում է. «Տղերք, ձեր կնանիք գիտե՞ն ձեր նախկինների մասին»։ Բոլորը՝ հա։ Ես. «Իմ կինը գիտի նույնիսկ նրանց, որոնք դեռ պիտի լինեն»։

Իմ Դաոն
Երբ ես ինչ-որ բան եմ իմանում, ոչ թե իմաստնանում եմ, այլ՝ դատարկվում։ Ինչպես հենց նոր գրված բանաստեղծությունից հետո։

Ողորմածություն եւ նվեր
…ողորմածությունն իր մասին չի հռչակում, իսկ նվերը հռչակում է, ողորմածությունը ծավալներ չունի, իսկ նվերն ունի, ողորմածությունը կարող է լինել միտք, իսկ նվերը չի կարող, ողորմածությունը չի կարող նվաստացնել, իսկ նվերը կարող է, ողորմածությունը չի կարող սնանկացնել, իսկ նվերը կարող է, ողորմածությամբ միշտ տալիս ես ավելին, իսկ նվերով՝ ճիշտ այնքան, որքան տալիս ես։ Ողորմածությունն ինքնաբավ է, իսկ նվերը՝ ոչ։ Ողորմածությունն ասում է՝ տալիթա կումի, իսկ նվերը հաշվետվություններ է սփռում։

Օրենք եւ արարք
Օրենքի ընդունումը եւ կիրառումը մարդկային որոշելիք է, արդարության ընդունումը եւ կիրառումը մարդկային որոշելիք չէ, այլ՝ բնական բան։ Հետեւաբար, ես չեմ կարող արդարությունը հաստատել, քարոզել, բայց կարող եմ անարդար չլինել։

Գործք
Ես սիրում եմ փխրեցնել հարաբերությունները նրանց հետ, ովքեր ընդամենը համախոհ են…

Մոր ճաշակը
Ոչ մի ծնող իր երեխային չի ընկալում արտաքին ազդակներով, եւ ընդհակառակը, ամենայն սրությամբ է ընկալում մյուս երեխաների արտաքին տարօրինակությունները։ Ասենք, ոչ մի մայր չի կարող ասել, թե իր երեխան ինչպես է գեղեցիկ, բայց մանրամասն կպատմի, թե մյուսինն ինչու է տգեղ։

Երթեւեկ
Էթիկան այն է, երբ քո առջեւից քայլող ծերուկին չես վազանցում։

Քաղաքացին
Քո ընտրությունը քո մեծահոգությունն է՝ երաշխավորել նրա բարեկեցությունը, ով հենց այդ ընտրության հետ է կապում իր բոլոր հույսերը։

Վարք հրեից
Ցանկացած հակաքայլ ընդդեմ հրեական ցանկացած մտահղացման, արդեն հրեական է…

Փախուստ Աստծուց
Էվոլուցիան ոչ թե մարդու առաջացումն է կապիկից, այլ՝ մարդու փախուստն Աստծուց։

Թեմայի մեջ
Եթե դուք ծխում եք, ավելի լավ է բռնապետությունից չխոսեք։

Անհավատ, ինչպես Հիսուսը
Հիմա, երբ ուզում եմ հասկանալ՝ հավատու՞մ եմ Աստծուն, նախ փորձում եմ պատասխանել մեկ ուրիշ հարցի՝ Հավատու՞մ էր Հիսուսն Աստծուն։ Այսինքն, Հորը։ Ոչ, չէր հավատում։ Այդպես էլ ես պիտի չհավատամ։

Ձմռան չորս եղանակները
Ծերությունն այն է, երբ տարվա բոլոր եղանակների համար ունես քո տաք շորը։

Մեկով պակաս…
Բոլոր սիրային ստեղծագործությունների սրտաշարժությունն ընկալում ես միայն ամուսնությունից հետո, քանի որ արդեն գիտես մեկին, ում դա չի վերաբերվում։

Չծննդոց
Ոչ մի նոր մարդ չի ծնվում…

Հա՜յ, հա՜յ…
Հայերի մեծ մասն ուզում է առանց բարոյականության հայ լինել…

Հարա-չբերություն
Հայ-թուրքական հարաբերություններն ինձ այնքան չեն հետաքրքրում, որ նույնիսկ միեւնույն չեն։

Մերն ուրիշ է
Ֆրանսիացիների «Թափառող դերձակները» հին հեքիաթ է։ Նրա անալոգը՝ «Քաջ Նազարը», ավելի նոր է։ Հայկակա՞ն է արդյոք «յաբախտի արքայություն» երեւույթը։ Այո։ Դրա համար էլ ֆրանսիական հեքիաթը չի կոչվում «Քաջ Նազար»։

Ես…
Միակ մարդը, ում մեջ չէի ճանաչի Սատանային, ես եմ։ Ու հենց այդ պատճառով, որ նա իմ մեջ է, ես նրան չեմ կարող ճանաչել ուրիշների դեմքով։ Հետեւաբար, Սատանան դեմք չունի, եթե նա իմ դեմքը չէ։

Բուլգակովի սատանիզը
…Սատանայի վրա տարածել ճանաչելի լինելու նույն խոցելիությունը, որը Հիսուսինն էր…

Ինքնուրույն
Միակ բանը, որ սովորեցի ինքնուրույն, ուշադիր լինել իմ մտքերի հանդեպ, բայց ոչ՝ արտահայտությունների…

Փախուստ բառերից
Բանաստեղծությունը փախուստն է բառերից, որոնք չեն օգնում։

Հարցեր չի առաջացնում
Հիմարությունը փոխհատուցվում է, որովհետեւ հարցեր չի առաջացնում։

Ուրիշից սկսվողը
Սատանան լինելու է միշտ։ Նա կենսագիր է։ Նա քնքշանք չունի, բայց հասունանում է ուրիշի քնքշանքից, խիղճ չունի, բայց աճում է ուրիշի խղճից, միտք չունի, բայց հեղվում է ուրիշի մտքից, խոնարհ չէ, բայց արտածվում է ուրիշի խոնարհությունից, Աստված չունի ու սնվում է ուրիշի Աստծուց։ Սատանան ուրիշից սկսվող հայելի է։

Կիսապատմություն հայերը
Պատմությունն այնպիսի բան է, որ եթե Աստծուն հայտնի եղավ, կգրվի, քանզի Ինքը ցանկացած պատմության մի մասն է։ Եթե հայտնի չեղավ, չի գրվի։ Այս իմաստով մենք գրեթե պատմություն չունենք։

Գայթակղություն
Մարդեղանալով Քրիստոսը յուրաքանչյուրի մորը գայթակղում է իր որդու մեջ տեսնել սրբին։

Վերադարձնել Գերտրուդին
Համլետի մայրը չի վերադառնում, բայց նա վերադարձնում է մորը։

Տառացի տեսանողներ
Ինչու՞ են այն ժամանակ գրվել հատկապես «Իլիականը», «Էվրիդիկեն», «Էդիպը», «Հոբի գիրքը», «Ժողովողը»։ Որովհետեւ սրանք են եղել այն ժամանակների իրականությունը։ Գրականության մեջ դեմոկրատիա չի եղել, քանզի խոսել են ճշմարտությունից, գրել են ճշմարտության զգացումից։ Քրիստոնեությունը չսպանեց այս ընկալումը, բայց նա արձակեց ճշմարտությունից անկախ խոսողի ձայնը։ Քրիստոնեությունը պայթեցրեց մարդուն։ Հիմա նա նախ եւ առաջ մնացած բառերն է։

Առաքյալը
Մարդը երկու առաքելություն ունի՝ վեր ընկնել տեղը եւ հանգիստ թողնել Աստծուն։

Փոքրամասնությունը
Մարդկությունը որբ է, մնացել են միայն մարդիկ…

Ունայնի մեջ…
Ունայնությունն անհեթեթությունը չէ, անհեթեթը մեդալն է, ունայնը՝ սխրանքը…

Անհնարինը՝ անհնար
Հնարավոր չէ միաժամանակ լինել հիմար եւ անբարոյական…

Եթե…
Եթե ես կարողանայի գրել, ինչպես ուզում եմ, հաստատ չէի գրի այնպես, ինչպես կարող եմ…

Դեմ առ դեմ
Ֆաուստը Մեֆիստոֆելից ամեն ինչ կարող է խնդրել, բայց բարեխոսել չի կարող…

Հակամատերիա
Կյանքն ավելի լավը կլիներ, եթե լիներ մարդուց անկախ

Տղամարդն ու կինը
Մեզանից ոմանք հայր են տղամարդ լինելու հաշվին, սակայն ոչ մի կին մայր չէ կին լինելու հաշվին։

Մինչեւ երկրորդ մարդը
Ազատության դասական «ներկայացուցիչ» է Երկիր մոլորակը։ Ումի՞ց ազատ լինելը պիտի լինի նրա «պահանջը»։ Ազատությունը ներքին փաստ է, դու նրա համար ոչինչ անել չես կարող, բայց նրան սպառնացող վտանգը ներսից է։ Երկրաշարժը, աղետը այս մոլորակի անհանգստությունն են։ Դրախտի հիշողությունը հիշողությունն է Երկրի ինքնաներդաշնակման։ Հետո ծնվեց երկրորդ մարդը։

Lacrimoza
Մարդը նախ կորցրել է երախտագիտության զգացումը։ Հետո ձեռք է բերել մնացած արժեքները։ Իր ջանքը կա այդ ձեռքբերումների մեջ։ Դրա համար էլ ինքն իրեն ասում է բանական։ Բանական մարդը ծնվեց, երբ կորցրեց երախտագիտության զգացումը։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *