Սեյրան Գրիգորյան | Վիոլետ կամ ըմբոստի ճշմարտությունը

Սեյրան Գրիգորյան

Մեր կյանքի սիզիփոսյան ընթացքի մեջ ապրում և մտածում է երիտասարդ բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը։ Նա բնավ չապրեց չնկատված կամ անտեսված լինելու տհաճ զգացումը։ Ավելին՝ իր մուտքը արժանացավ գրական գործիչների խնամքին և ընթերցողների սիրուն։ Սիրո և գնահատանքի այդ անմիջական գործողությունը պսակվեց ինքնաբուխ անվանակոչությամբ, և այսօր Հայաստանի գրական շրջանակներում նա հռչակված է «Վիոլետ» կարճառոտ անունով, որ որքան ընթերցողական մտերմության ներընկալում է, նույնքան էլ՝ շատ քչերին բաժին հասնող գրական պատվանուն։

Վիոլետն իր առաջին իսկ բանաստեղծություններում (դրանք տպագրվեցին 1985-86 թթ.՝ հաջորդաբար «Գրական թերթում», «Սովետական Հայաստան» և «Գարուն» հանդեսներում) երևում է իբրև ինքնուրույն կերպար։ Կենսահայեցողության իմաստով ամենաբնորոշը ճշմարտության տենդագին որոնումն է։ Բանաստեղծական արվեստի առումով աչքի է զարնում ազատ, շրջանակներ ջարդող պատկերամտածողությունը, հավատարմությունը չափ ու հանգով չկաշկանդված ազատ բանաստեղծությանը։ Այս որակները, միահյուսված ջղագրգիռ աղջկական դրամատիզմին, համարձակ լեզվախաղին, թաքուն կամ բացահայտ հեգնանքին ու աշխարհի գերպայծառ տեսողությանը, գոյացնում են մի անսովոր ամբողջական անհատականություն։
Այդ անհատականությունը բնութագրող ամենից հարմար բառը թերևս կլիներ «ըմբոստը» և կամ «ճշմարտաորոնողը»։

Պատկերները մռնչում են շրջանակների մեջ
և հիշելով անկաղապար ծնունդն իրենց՝
փնտրում են սկիզբ, –

իր գեղագիտական մեկնակետն այսպես է ձևակերպում Վիոլետը։
Ազատ պատկերի և նրա հակոտնյայի՝ կաղապարի հակադրումը լիցքավորված է կենսական նշաններով, որոնցից կարևորագույնը կանացի – աղջկական հոգեխառնությունն է։
Փորձարարության որոշ չափաբաժնով, խաղի կանոնների ստեպ-ստեպ խախտումներով, բարձրագոչ մոնումենտալիզմի ու անհող միստիկայի առանձին սողոսկումներով հանդերձ՝ առաջին բանաստեղծություններն ամբողջացնում են բանաստեղծուհու ուրվագծվող դիմանկարը։
Տպավորիչ իր մուտքով Վիոլետը միանգամից դառնում է արդի հայ գրականության հայտնություններից մեկը։
1985-86-ից հետո նա հրապարակում է նոր բանաստեղծություններ՝ գրեթե միշտ ուշագրավ և նկատվող։ Դրանց գերակշիռ մասն ընդգրկվեց առաջին գրքում, որը լույս տեսավ 1991 թվականին։ Վիոլետի պոեզիան ինքնին անակնկալների արվեստ է։ Եվ այդուհանդերձ՝ անսպասելի է թվում ժողովածուի վերնագիրը՝ «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում»։ Առաջին երգերից երևացող աշխույժ, սրամիտ, անգամ չարաճճի նրա խառնվածքին, թվում է, անհարիր պիտի լիներ ավետարանական-մարգարեական այս լրջությունը։
Աստվածաշնչյան խոսքանյութը փոքր բաժին ունի նրա մտածողության մեջ, բայց առանձին դեպքերում նրան անկեղծորեն գրավում է Աստծո Որդու կերպարի մարգարեական սկիզբը։ Դրա հավաստումն են թե՛ ջրերի վրայով քայլելու հրաշապատում մոտիվը, թե՛ ճշմարիտ ոգու արահետից շեղված մարդկանց հավատի բերելու այն բարոյաբանությունը, որ արտահայտված է «Մի օր խանդավառ, վստահ կապեցի ճամպրուկս» բանաստեղծության մեջ։ Բանաստեղծուհին փոքր-ինչ էկլեկտիկորեն իրար է շաղկապում «երկրի աղի» ավետարանական պատկերացումը, «ոգու սովի» իսահակյանական պատկերը և ծերացող Ուրաշիմայի հեքիաթային դիպաշարը, ավելացնում կյանքի իսկական ճշմարտութ-յունը ներփակող սեփական ճամպրուկի այլաբանություննն ու այդ պատկերաշաղախով փորձում սթափեցնել մարդկանց վերահաս ողբերգությունից։ Ահեղ դատաստանի տեսիլքով բանաստեղծուհին ահազանգ է հնչեցնում մոլորված մարդկանց.

Եվ ահա, ճշմարիտ եմ ասում,
անտեսված ժամանակի վրիժառու ապտակը
անկասելիորեն կիջնի ձեր դեմքին …

Ելակետային այս բանաստեղծությունը մատնում է Վիոլետի զվարթ աշխարհզգացողության ողբերգական հատակը։ Առավել հաճախ կեցության մռայլը նա շաղախում է հեգնանքի ու խաղի պատկերներով։
Մարդկային խոտոր վարքի մեկնաբանությունը չի ենթարկվում տրամախոհության օրենքներին և ձևակերպվում է պատկերային կառույցներով։ Շրջապատի մարդկանց նկարագիրը արտահայտվում է «կիսատների», «փոքրիկ մկնիկի», «քառակուսի դեմքերի» պատկերային տարբերակներով, իսկ հերոսուհու ինքնանկարը՝ մի շարք տպավորիչ զուգորդումներով։
Ճշմարտության որոնմանն ուղղված գոյաբանական ներսուզումներով նա հայտնաբերում է բանական, մտածող, իմացապաշտ մի հերոս, որն իր կենդանի ամբողջականությամբ երևույթ է վերջին տարիների մեր պոեզիայում։ Այդ անհատականությունն ունի ինքնադրսևորման մի քանի ոլորտներ, որոնցից գլխավորը սիրո աշխարհն է։ Գրքի հերոսուհին հենց ճշմարիտ սիրո և ինքնանվիրման տիրույթում է հայտնաբերում իր ինքնությունը։ Անսեր տարածություններում այդ ինքնությունը փոխակերպվում է իր հակապատկերին, որի դեմ ընդվզում է Վիոլետը («Նա սպասում էր այն միակ ձեռքին, որ պիտի մոտենար սիրով, միմիայն սիրով…»)։
Սիրո թագավորության տեսիլքը ձևակերպվում է մերթ գեղեցկուհու և ասպետի հանրահայտ կառուցվածքով («Լինեմ հեքիաթի գեղեցկուհի»), մերթ՝ հարևան մոլորակը հարս գնալու և այնտեղ երջանկանալու գերժամանակակից ֆանտաստիկայով («Կարոտ»), մերթ Թումանյանի «Կիկոսի» պարոդիկ տարբերակով։ Իսկ «Տաղ անձնական» գրվածքում, դիմելով դասական նմուշի ծաղրանմանությանը, բանաստեղծուհին սիրած տղային հրաժեշտի խոսքեր է ասում նույն բառերով, որոնցով Կարինե Քոթանճյան վավերական էակին էր դիմում Եղիշե Չարենցը։
Սիրերգության մեջ նույնպես, ինչպես երևում է, Վիոլետը չի հրաժարվում փորձարարությունից, զուգադիր գրական բնագրերի խաղարկումից, աբսուրդի հասնող ծաղրանմանությունից ու հեգնանքից։ Բայց այս պարագայում ևս մշտապես գործուն է բանաստեղծության դրամատիկ հիմունքը, սեփական կենսափորձով ստուգված ճակատագրականության դրոշմը։
Կոստան Զարյանը մի առիթով քամահրել է այսպես կոչված կանացի գրականությունը. «Կնոջ հոգու մեջ եթե հրեշտակը գրեթե միշտ մրափած է, խոհարարուհին միշտ արթուն է։ Կանանց գրականությունը սեռային թերության արդյունք է…»։
Վիոլետ Գրիգորյանը կարծես թե ակամա ընդվզում է այս պնդման դեմ.

Ես որոշել եմ դառնալ հրաշալի օրիորդ։
Դասերից չեմ բացակայի, լիքը գիրք
կկարդամ, կսովորեմ
Եվ գուցե նույնիսկ գերազանցիկ դառնամ։
Կլսեմ մայրիկիս, ամեն օր գաթա
կթխեմ, անվերջանալի
ժանյակներ կհյուսեմ
Եվ գուցե նույնիսկ ամուսնանամ…
մի խոսքով ամեն ինչ ձեր ուզածի պես կլինի։
Միայն թե՝ հենց դուրս գամ փողոց,
արևը, քամին, անձրևը, ծառերը,
կատուները, թռչունները
կնայեն ինձ, ամեն ինչ կհասկանան
և հուսախաբված կդաշունահարեն.
– Եվ դո՞ւ, Բրուտո՛ս։

Վիոլետի գեղագիտությունը ընդունում է տարաշերտ, համընդգրկուն կյանքի գերակայությունը բանաստեղծության նկատմամբ։ Երբեմն նույնիսկ պոեզիան դիտվում է իբրև կյանքի կայունությունը խաթարող երևույթ, և ներդաշնակության ձգտող անհատը հանգում է նրանից հրաժարվելու գաղափարին։ Այս սկզբունքի դիպուկ բնորոշումը Վիոլետը տալիս է մի հատվածում, ուր դիտելով պոեզիան իբրև ըմբոստացում, ցավով է խոստովանում կյանքի կոպիտ նյութի դիմադրությունը.

Եվ պոեզիան ողորմելի ըմբոստացումով
բարձրացնում է ետևի ոտքը՝
թրջելու կյանքի անսասան պատերը …

Նույն հայեցողության հետ է կապված նաև «պոեզիան իբրև խաղ» սկզբունքը («Խաղը խաղացի մանրիկ բառերով և աղյուսիկներ շարեցի տող – տող, թեպետ գրված է բանաստեղծություն, բայց դա էլ թուղթ է, չի փրկի, մեկ է») ։
Ինչ վերաբերում է բանաստեղծական արարման բուն որակներին, ուշադրության է արժանի սեփական զգացողությունների մեջ աշխարհի հնարավորին չափ ամբողջական կառուցվածքը բեկելու մղումը։
Ամբողջ աշխարհը՝ իր հարյուրավոր էատարրերով, փաստորեն դառնում է Վիոլետի բանաստեղծության գլխավոր հերոսը։
Բանաստեղծության մեջ գործող տարասեռ նյութը կենտրոնացվում է բանաստեղծուհու թարմ, պայծառատես հայացքի ներքո։ Այդպես է, որ հեշտությամբ կողք կողքի են դրվում այնպիսի անհարիր միավորներ, ինչպիսիք են աղբարկղը և կամակատար ջինը, ոսկե խնձորն ու սառնարանի պահածոյատուփերը. «որդեկորույս մայրը» ստանում է «պոտենցիալ» գիտական մակդիրը, գերբանաստեղծական աստղերը հարադրվում են խոսակցական ախպեր-ի հետ և այլն։
Վիոլետի խոսքարվեստի մեջ տեղ է գտել նաև իրերի անսովոր կապակցության ու հարադրման մեկ ուրիշ եղանակը՝ Ուիթմենի հետևողությամբ 20-րդ դարի ամերիկյան և համաշխարհային պոեզիա ներթափանցած «կատալոգների»՝ հարակից պատկերների կուտակման ու թվարկության եղանակը.

Եվ սեղմ շարքերով գալիս են ահա,
հուսո շղթայում միմյանց առընթեր՝
գորգագործներն ու կոմերիտականները,
վարորդներն ու պճնամոլները.
հուսահատներն ու վերավաճառողները,
առաջին և երկրորդ քարտուղարները,
դերասաններն ու նորապսակները,
հաշմանդամներն ու մեխանիկները,
վարսավիրներն ու սիրահարները,
լրագրողներն ու անզգամները,
թուլամորթներն ու դարբինները,
պոռնիկներն ու հոռետեսները …
Եվ թիվ չկա փրկություն որոնողներին։

Բանաստեղծական ըմբոստությունն ու աշխարհը ցնցող զվարթախոհությունը ստեղծում են նաև իրենց լեզվական համարժեքը։ Գրական կանոնավոր լեզուն ներդաշնակորեն ներառում է բառապաշարային այլազան շերտեր՝ գիտական, խոսակցական և նույնիսկ ժարգոնային։ Ստեղծվում են խոսքի հեգնանքն ու մտքի թարմությունը ձևակերպող նորաբանություններ (բարեմոլ, շնչադուլ, չգիտեմինչոզավր, հրաշալիօրիորդություն)։ Բանաստեղծություն են խուժում ապաբանաստեղծական ոճեր՝ ժողովի օրակարգը, հեռուստատեսային հայտարարությունը, ծխախոտի տուփի վրա եղած գրությունը և այլն։
Լեզվաոճական այս «իրապաշտությամբ» նույնպես Վիոլետ Գրիգորյանը հաստատում է իր բանաստեղծական անհատականությունը։
«Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում» ժողովածուի հեղինակը, սկսնակին վայել որոշ շեղումների և անավարտ միտումների չափաբաժնով հանդերձ, հայոց բանաստեղծության երկարամյա ընթացքի արժանի ժառանգորդն է։
80-ականներին ասպարեզ իջած գրողների համար վերջին տարիներն իսկական փորձության շրջան են։ Բայց գրականության կյանքը նաև դիմադարձություն է, և ընտրյալներն աներևակայելի ճիգով շարունակում են ճշմարտության որոնումը։ Բարեբախտաբար, նրանց թվում է նաև Վիոլետ Գրիգորյանը։ Ժողովածուից հետո լույս տեսած գործերն ընդհանուր առմամբ չեն փոխում նրա բանաստեղծական դիմագիծը։ Շարունակվում է ըմբոստության պոեզիան։ Այսպես, «Գարուն» ամսագրում (1993, թիվ 2) տպագրված շարքում առաջին անգամ թեմատիկ տեսք է ստանում ազգային կեցության ընկալումը («Երկիր իմ, կրկես-հրաձգարան»), իսկ «անիծյալ սերնդի» թեման («Հրեղեն հավքին կատուն կերել է ») անձնավորում է՝ կապվելով գրական նոր սերնդի ծանր կորուստներից մեկի՝ Արմեն Աղաբաբյանի ողբերգական վախճանի հետ։
Վիոլետ Գրիգորյանի վերջին հրապարակումները ամրապնդում են նաև մեր հավատը, ամենակուլ գորշության ինչ-որ թաքուն խորշերից պեղված բանաստեղծականությամբ վերադարձնում մեզ դեպի ժամանակի մեջ բեկբեկված գոյության բերկրանքը։ Իսկ ամբողջության մեջ սա բանաստեղծությունն է մի սերնդի, որ տեսել է միայն կայսրության մայրամուտի հոգեկան աղքատացումն ու անկախության երկունքի տառապանքը։ Վիոլետ Գրիգորյանի ստեղծագործությունը պատմական ու գեղագիտական իր իրավունքները հաստատում է իբրև «անիծյալ սերնդի» ըմբոստ բանաստեղծություն։

Հոդվածն արտատպված է «Գարուն», 1995, №3
«Բանասիրություն և բանավեճ», 2002, էջ 163-167

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *