ԽՈՐԽԵ ԼՈՒԻՍ ԲՈՐԽԵՍ | Մեկ այլ բանաստեղծություն ընծաների մասին

Խորխե Լուիս Բորխես

Ուզում եմ շնորհակալություն ասել պատճառի ու հետեւանքի աստվածային Լաբիրինթոսին

Բազմազանության համար արարածների, որ կազմում են այս միավորիկ Տիեզերքը,
Բանականության համար, որ երբեք չի հրաժարվի լաբիրինթոսը քարտեզագրելու իր երազից,
Հեղինեի դիմագծերի եւ Ոդիսեւսի հաստատակամության համար,
Սիրո համար, որի միջով ուրիշին տեսնում ենք այնպես, ինչպես Աստված է տեսնում նրան,
Կարծր ադամանդի եւ հոսող ջրի համար,
Մաթեմատիկայի համար` ճշգրիտ բյուրեղների այդ դղյակի,
Անգելուս Սիլեզիուսի առեղծվածային տողերի համար,
Շոպենհաուերի համար, ով գրեթե վերծանեց Տիեզերքը,
Առկայծուն կրակի, որին ոչ ոք չի կարող նայել առանց հինավուրց հիացմունքի,
Կարմիր փայտի, մայրու եւ ճանդակի համար,
Աղի ու հացի համար,
Վարդի առեղծվածի եւ գույները վատնելու նրա շռայլության համար, որը ես չեմ կարող տեսնել,
1955-ի հայտնի օրերի եւ դրանց նախօրեների համար եւ
Համառ հովիվների, որ արոտավայրում հսկում են հոտն ու արշալույսը,
Մոնտեվիդեոյի լուսաբացների համար,
Ընկերության արվեստի համար,
Սոկրատի վերջին օրվա համար,
Բառերի համար, որ մթնշաղին ձգվեցին մի խաչից մյուսը,
Իսլամի այն երազի համար, որ հազար ու մի գիշեր տեւեց,
Եւ գեհենի` այդ մաքրող կրակով աշտարակի երազի ու երկնային ոլորտների,
Սվեդենբորգի համար, ով խոսում էր հրեշտակների հետ Լոնդոնի փողոցներում,
Անհիշելի գաղտնածածուկ գետերի համար, որ միահյուսվում են իմ մեջ,
Լեզվի համար, որով ես դարեր առաջ խոսել եմ Նորտամբերլենդում,
Սաքսոնական թրի ու տավիղի համար,
Ծովի համար, որ փայլող անապատ է,

Գաղտնի ծածկագիր` բաների, որ չգիտենք,
Ու վիկինգների տապանագիր,

Անգլերեն լեզվի հնչողության համար,
Գերմաներեն լեզվի հնչողութան համար,
Եւ ոսկու համար, որ փայլում է պոեզիայի մեջ,
Էպիկական ձմեռվա համար,
Վերնագրի համար մի գրքի, որը չեմ կարդացել. Gesta Dei per Francos,
Վեռլենի համար` թռչունների պես անմեղ,
Բյուրեղի պրիզմայի եւ բրոնզի ծանրության համար,
Վագրի գծերի համար,
Սան-Ֆրանցիսկոյի եւ Մանհեթենի երկնաքերների համար,
Տեխասի առավոտվա եւ
Սեւիլցու համար, ով հորինեց Խրատական նամակները,

Եւ ում անունն անհայտ է մեզ, ինչպես նա պիտի ուզեր,

Սենեկայի եւ Լուկանի համար` բնիկ կորդովացիների,

Որ ստեղծեցին ողջ իսպանական գրականությունը,
երբ իսպաներենն անգամ չկար:,

Երկրաչափական, ազնիվ շախմատի համար,
Զենոնի կրիայի եւ Ռոյսի քարտեզի համար,
էվկալիպտի ծառերի դեղային հոտի եւ
Խոսքի համար, որ իմաստության խամբկանք է ծնում,
Մոռացկոտության համար, որը ցրում կամ փոխում է անցյալը,
Սովորույթի համար, որ հայելու պես կրկնում ու հաստատում է մեր պատկերը մեր մեջ,
Լուսաբացի համար, որ նոր սկզբի պատրանքն է տալիս,
Եւ գիշերվա ու նրա մթության ու նրա աստղագիտության,
Այլոց քաջության ու երջանկության համար,
Հայրենիքիս համար, որ հասմիկի ծաղկի կամ հին մի սրի մեջ կճանաչվի,
Ուիթմենի եւ Ֆրանցիսկ Ասսիզեցու, որ արդեն գրել են այս բանաստեղծությունը,

Քանզի բանաստեղծությունն անսպառ է
Եւ կազմվում է աշխարհի բոլոր արարածներով
Ու երբեք չի հասնի իր վերջին հանգին
Եւ փոփոխվում է` իր հեղինակների փոխվելու հետ,

Ֆրանսես Հասլամի համար, ով աղաչում էր իր երեխաներին ներել իրեն, որ դանդաղ է մեռնում,
Քնին նախորդող րոպեների,
Քնի ու մահվան` այդ երկու մութ գանձերի,
Այլ ծածուկ ընծաների համար, որոնք ես չեմ նշում, եւ
Երաժշտության համար` ժամանակի այդ առեղծվածային ձեւի:

Թարգմանությունը անգլերենից (իսպաներենի համադրությամբ)՝
Աննա Դավթյանի եւ Մարիաննա Վարդանյանի

Share Button

6 Կարծիք

  • hs says:

    շնորհակալության թարգմանության համար, ֆանտաստիկ սիրունության գործ ա ստացվել, բռավո, Մարի, Աննա, սպասում եմ նոր թարգմանությունների

  • Հ. Մ. says:

    Արտակարգ լավ թարգմանություն: Շատ լավ – հստակ և էլեգիկ ռիթմ, ավելի շուտ` առոգանություն, ինչը մեր խոսքից, ցավոք, վտարված է: Խնդրում եմ վերանայել տողը և ճշտել մեծ սրբի անվան տեղանունային բաղադրիչը. Անի -անեցի, Գառնի -գառնեցի, Ասսիզի – ասսիզեցի:
    Հ. Մ.

  • Աննա Դավթյան says:

    Հարգելի Հ.Մ., շնորհակալություն մեկնաբանության եւ առաջարկության համար, բայց Մարին մեծ ջանադրությամբ ճշտել է անունը բավականին վստահելի աղբյուրներից, բացի այդ Գուգլն ու Վիկիպեդիան նույնպես տալիս են բանաստեղծության մեջ օգտագործված տարբերակը` Ասիզացի:

  • Հ. Մ. says:

    Սիրելի Աննա, հայոց լեզվի կանոնները Գուգլներն ու Վիկիպեդիան չեն որոշում, այլ ես և Դուք` ելնելով նրա տրամաբանությունից: Համենայն դեպս` Մխիթարյանները – որ, ի դեպ,կաթոլիկ էին և ֆրանցիսկյան ուխտի թև ունեին – առանց գուգլի և վիկիպեդիայի`ճիշտ էին գրում Ասսիզեցի:
    Հայրենիքիս համար, որ հասմիկի ծաղկի…… տողը լավ կլինի որ վերանայվի – հստակ չէ: Մի անգամ էլ ասեմ, որ թարգմանությունը շատ լավ է:
    Նույնը:

  • Աննա Դավթյան says:

    Սիրելի Հ.Մ., Գուգլով եւ Վիկիպեդիայով առաջնորդվել ենք ոչ առաջին հերթին, դրանք ծառայել են հավաստիանալու, որ “բավականին վստահելի աղբյուրները” ճիշտ են ասում: Բայց Ձեր մեկնաբանությունից հետո, որն ըստ լեզվական կանոնների, իհարկե, ճիշտ է, փնտրեցի ու “Գարունի” անվանացանկում գտա Ասսիզեցի տարբերակը, փորձեցի նաեւ այլ աղբյուրներ գտնել` ոչ ինտերնետային, եւ կարծում եմ, որ պետք է առաջնորդվել կանոնով, եւ խնդրում եմ Գրանիշին փոխել անունը` Ասսիզեցի: Շատ շնորհակալ եմ նկատելու եւ ճշտմանը նպաստելու համար:
    Իսկ ‘հասմիկի ծաղկի’ տողի անհստակությունը հավանաբար առաջանում է ‘հին մի սրի’ հատվածում, որն արագ կարդալիս կարող է հրամայական նախադասություն թվալ` մի սրիր: Այլապես ինձ այդ տողն անհստակ չի թվում:
    Ներողություն Ձեր երկրորդ մեկնաբանությունն ուշ նկատելու եւ ուշ պատասխանելու համար:

  • Աննա Դավթյան says:

    Կար ջան, սեռական հոլովով դիր` Ասսիզեցու:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *