ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ |Էսսեներ

aghasi_ayvazyan1

ՄԱՅԱԿՈՎՍԿԻ, ՋԵԿ ԼՈՆԴՈՆ, ՀԵՄԻՆԳՈՒԵՅ. ԱՄԱՉԿՈՏ ՏՂԱՄԱՐԴԻԿ

Բարի մարդը կարծում է, թե ամբողջ շրջապատը բարի է:
Ու զարմանում է, երբ հայտնաբերում է չարը նրանցից մեկի մեջ: Այդպես մինչև կյանքի վերջը, մեկիկ-մեկիկ հայտնաբերում է չարը: Ուժը ուժեղի համար բնական բան է, և ուժեղը նշանակություն չի տալիս ուժին, չի պրպտում, չի անջատում սովորականից: Քրեագետների ասելով` գողականների մեջ մի տարատեսակ կա, որ իրենք անվանում են` «հոգով գողական»: Սրանք գողություն չեն անում, բայց երկրպագում են գողականի կենսաբանությունը, նրանց ընդունակությունները, յուրօրինակ տաղանդը և կուռք են դարձնում նրանց տեսակը` ձգտելով ընդօրինակել նրանց որոշ հատկություններ: Կան նաև “ոգով ուժեղներ”, որոնց, սակայն, իսկապես ուժեղ լինելու համար պակասում են շատ հատկություններ: Եվ նրանց մոտ առաջանում է բախում էության և հնարավորության միջև: Այդ բախումը հիմնական հարթակն էր, որի վրա իրենց կյանքն անցկացրին, թերևս` ողբերգական կյանքը, Մայակովսկին, Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը: Եվ Ամերիկան, և Վրաստանը պարարտ հող էին նման դրսևորման համար: Մայակովսկին կոտրեց բանաստեղծական տողը` առաջին հերթին այդ բախման պատճառով: Նրա կեցվածքը, նրա քայլվածքը, նրա կոպտությունը, նրա հեղափոխությունը միջոց էին թաքցնելու համար խեղճ ու ամաչկոտ տղամարդուն, որին տանել չէր կարող ինքը` «մեծ բղավանը»: Ամեն ինչի և ամեն ոքի հետ նա ներքուստ շշուկով ու պատկառանքով էր խոսում և գոռում էր աշխարհի ու Աստծու վրա: Անզոր ու երկչոտ էր մի կնոջ առջև ու հրամայում էր կանացի զանգվածներին:
Ջեկ Լոնդոնը և Հեմինգուեյը զբաղվեցին բռնցքամարտով. նրանք ուժեղ էի ուզում լինել, խիզախ ու կամային: Լոնդոնի կամքը նահանջում էր և նահանջում էր բոլորի կամքի առջև` մոր, քրոջ, սիրած կնոջ… Ուժն էր պայթում նրա յուրաքանչյուր տողից, և կամքն էր Աստվածը նրա: Եվ այդ չքնաղ արտահայտությունը կամքի ոչ թե կամքի դրսևորումն էր, այլ` կամքի ծարավը: Թերևս Հեմինգուեյից բացի` ոչ ոք այդքան չի զգացել կամքի գերակայությունը մարդկային լինելության մեջ, որքան ամաչկոտ ու նրբանկատ Ջեկը: Որպես նավաստի ծով էր դուրս գալիս, ոսկի որոնողների մեջ էր, և մեզանից ոչ ոք չգիտի նրա խեղճությունն ու տառապանքը այնտեղ: Մենք բոլորս վկա ենք նրա ցանկությանը լոկ, նրա տղամարդկային սահմանադրությանը:
Առյուծ էր որսում Հեմինգուեյը, Իսպանիայի բարիկադներն էր բարձրանում, կուրծքը դեմ էր անում եվրոպական որոմներին, ցուլ էր տապալում իմանալաբար կոռիդայում, բայց ոչ ոք իրենից բացի տեղյակ չէ նրա ներքին սահմանադրության և կարողությունների ընդհարմանը: Այդ ընդհարումն էր, թերևս, որ լուծվեց ինքնասպանությամբ: Ինքնասպանություն էր նաև Ջեկ Լոնդոնի հրաժեշտը աշխարհի իրականությանն ու ձգտումին: Պաշտոնապես գոնե` ինքնասպանություն էր Մայակովսկու հեռացումը: Եվ եթե չէր, ուրեմն կլիներ` միայն թե մի քանի տարի հետո: Նրանց բախումը շատ բաների բախումն էր բնության ստեղծած և մարդու ստեղծած աշխարհներում:

ՉԵԽՈՎԻ ՄՈԽՐԱՄԱՆԸ

Չեխովը սիրում էր մոխրամանների մեջ փոքրիկ հրդեհներ առաջացնել և երկար դիտել կրակը` նրա բոլոր դրսևորումներով. ծնունդը, մանկությունը, պատանեկան ոգևորությունը, պոռթկումները, թոշնումը, մահը, հանդերձյալ կյանքը… Հաճախ, սեղանի շուրջ զրույցների ժամանակ, երբ խելոք մտքեր էին հայտնում կյանքի բարոյականության, սոցիալական զարգացում ապրած մարդկության մասին, Չեխովի հայացքը միշտ կրակի վրա էր, և միտքը` կրակով զբաղված: Լսելով մանրամասն ու խոր վերլուծություններ գիտական նոր հայտնագործումների, ժամանակակից շարժիչների, էլեկտրական սարքավորումների և ընդհանրապես քաղաքակրթության առաջադիմության վերաբերյալ` ուղեղում տեղ էր տալիս լոկ քարե դարում խարույկի վրա կքած մարդուն, որը նայում էր, նայում կրակին, ճգնում հասկանալ, թե ի՞նչ է կրակը և այդպես էլ` առանց հասկանալու մեռնում:
Մարդկային տրամադրության վարպետը, հոգու շերտերի փայտփորիկը, ականջ դնելով իր զրուցակիցների բավանդակալից դատողություններին` ուզում էր հասկանալ միայն մի հասարակ բան. կրակի գոյության առեղծվածը:
Մահանալուց առաջ Չեխովը երկար հորանջեց և ինքն իրեն ասաց. «Ես այդպես էլ չհասկացա, թե ի՞նչ էր կրակը»:

ԱՆԻՎՆԵՐԻ ՏԱԿ

Յոթ տարեկան էի, և ինչպես յուրաքանչյուր յոթ տարեկան` քրքրում էի ամեն ինչի տակն ու վրան` իմանալու համար նրանց գոյության առեղծվածը: Դեռ խաղալիքների փորոտիքն էի քանդում ու տնտղում, հետո սևեռվեցի դեպի ավելի մեծ իրերն ու երևույթները: Մտա կինոթատրոնի պաստառի ետև` տեսնելու երևութականի և աներևույթի, պաստառի և աստառի փոխկապակցության մեխանիզմը: Թիկունքիս պառկելով` տեղավորվեցի երկաթգծի ռելսերի արանքում, որպեսզի ներկա լինեմ շոգեքարշի շարժման գաղտնագործությանը: Գնացքը եկավ անցավ վրայովս` կրակուբոց թափելով դեմքիս ու ճերմակ վերնաշապիկիս:
Տարիներ անց ես մտա մարդկանց մեջ, սկսեցի քրքրել նրանց տակն ու վրան: Նրանք անցան վրայովս` թուք ու մուր թափելով ճերմակ վերնաշապիկիս և գլխիս վրա, և ես մինչև օրս գլխիկոր նայում եմ նրանց հեռացող փնչացող կերպարանքներին:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *