էլիֆ Շաֆաք | Սիրո 40 կանոնները

Հատված գրքից

Մարդասպանը

Ալեքսանդրիա, 1252թ., նոյեմբեր
Նա հիմա մեռած է ու պառկած ջրհորի մութ ջրերի տակ։ Սակայն աչքերը, ուր էլ որ գնամ, հետևում են ինձ՝ փայլուն և ազդեցիկ՝ նման երկու մութ աստղերի չարագուշակորեն կախված երկնքում։ Ես եկա Ալեքսանդրիա՝ հույս ունենալով, որ բավականաչափ հեռանալով՝ կկարողանամ փախչել այս խոցող հիշողությունից և կդադարեմ լսել գոռոցը, որ դեռ արձագանքում է իմ մտքում, այն վերջին ճիչը, որ նա արձակեց, նախքան նրա դեմքից արյուն հոսեց, նրա աչքերը դուրս ցցվեցին, և կոկորդը փակվեց անավարտ հևոցով. դանակահարված մարդու հրաժեշտ, թակարդն ընկած գայլի ոռնոց։
Երբ սպանում ես ինչ-որ մեկին, նրանից մի բան փոխանցվում է քեզ՝ հառաչ, հոտ, ժեստ։ Ես դա կանվանեի «զոհի անեծք»։ Այն կառչում է քո մարմնից, թափանցում մաշկիդ մեջ, շարժվում դեպի սիրտդ և շարունակում ապրել քո ներսում։ Մարդիկ, ովքեր տեսնում են ինձ փողոցում, այս ամենի մասին ոչինչ չգիտեն, բայց ես տանում եմ ինձ հետ բոլոր այն մարդկանց հետքերը, որոնց սպանել եմ։ Ես կրում եմ այդ ամեն իմ պարանոցի շուրջ՝ ասես անտեսանելի վզնոցներ՝ զգալով դրանց ներկայությունը իմ մարմնի վրա՝ ձիգ և ծանր։ Չնայած անհարմար է, սովորել եմ ապրել այս բեռով և ընդունել եմ դա իբրև իմ աշխատանքի մի մաս։ Կայենի՝ Աբելին սպանելուց ի վեր, յուրաքանչյուր մարդասպան շնչում է իր սպանած մարդուն. այդքանը գիտեմ։ Դա ինձ չի մտահոգում։ Այլևս, ո՛չ։ Բայց այդ դեպքում ինչո՞ւ էի այդպես ցնցված վերջին դեպքից հետո։
Այս անգամ հենց սկզբից ամեն ինչ այլ էր: Վերցնենք, օրինակ, ճանապարհը, որով գտա աշխատանքը։ Կամ, փոխարենը, պետք է ասեմ ճանապարհը, որով աշխատանքը գտավ ինձ։ 1248թ. գարնանը Կոնիայում աշխատում էի մի հասարակաց տան տիրուհու համար՝ հայտնի իր զայրույթով և ցասմամբ։ Իմ գործն էր օգնել նրան վերահսկողության տակ պահել մարմնավաճառներին և վախեցնել հաճախորդներին, որոնք իրենց լավ չէին պահում։
Վառ կերպով հիշում եմ այդ օրը։ Ես հետապնդում էի մի մարմնավաճառի, որը փախել էր հասարակաց տնից՝ Աստծուն գտնելու համար։ Նա գեղեցիկ երիտասարդ կին էր, ինչն էլ մի տեսակ կոտրում էր սիրտս, որովհետև երբ հասա նրան, պատրաստվում էի այնպես այլանդակել դեմքը, որ այլևս ոչ մի տղամարդ երբևք չցանկանար նայել նրան։ Շատ մոտ էր պահը, որ ես կբռնեի հիմար կնոջը, երբ խորհրդավոր նամակ գտա դռանս շեմին։ Երբեք չեմ սովորել կարդալ, այդ պատճառով տարա այն մեդրեսե, որտեղ վճարեցի մի ուսանողի, որ կարդա այն ինձ համար։
Պարզվեց, որ անանուն նամակ է՝ ստորագրված «մի քանի ճշմարիտ հավատացյալների» կողմից։
«Մենք հուսալի աղբյուրից լսել ենք, թե որտեղից ես եկել և իրականում ով ես եղել,- ասում էր նամակը։- Ասսասինների նախկին անդամ։ Մենք նաև գիտենք, որ Հասան Սաբահի մահվանից և ձեր առաջնորդների բանտարկությունից հետո ձեր ուխտն այլևս նախկինը չէ։ Դու եկել ես Կոնիա՝ փախչելու հետապնդումից և այդ ժամանակվանից ի վեր սպրում ես քողարկված»։
Նամակն ասում էր, որ շտապ իմ ծառայությունների կարիքը կար մեծ կարևորություն ունեցող մի գործով։ Այն հավաստիացնում էր, որ վճարը գոհացուցիչ կլինի։ Եթե գործն ինձ հետաքրքում էր, այդ երեկո՝ մութն ընկնելուց հետո, ես պետք է երևայի շատ հայտնի գինետանը: Հենց որ տեղ հասնեի, պետք է նստեի պատուհանին ամենամոտ գտնվող սեղանի մոտ՝ մեջքով դեպի դուռը, գլուխս կախ, աչքերս հատակին հառած։ Ինձ շուտով կմիանար անձ կամ անձինք, որոնք և կվարձեին ինձ։ Նրանք կտային ինձ ողջ տեղեկությունը, որ անհրաժեշտ էր ինձ իմանալ։ Ո՛չ ժամանելիս, ո՛չ հեռանալիս և խոսակցության ոչ մի պահի չէի կարող բարձրացնել գլուխս և նայել նրանց դեմքերին։
Դա տարօրինակ նամակ էր։ Բայց ես սովոր էի գործ ունենալ հաճախորդների քմահաճույքների հետ։ Տարիների ընթացքում ինձ ամեն տեսակ մարդիկ էին վարձել, և նրանց մեծ մասը ցանկացել էր գաղտնի պահել իրենց անունները։ Փորձը սովորեցրել էր ինձ, որ գրեթե միշտ, որքան շատ էր հաճախորդը ձգտում թաքցնել իր ինքնությունը, այնքան մոտ էր իր զոհին, բայց դա իմ գործը չէր։ Իմ գործը սպանելն էր։ Չհարցնել իմ առաջադրանքի հետևում ընկած պատճառները։ Տարիներ առաջ՝ Ալամուտից հեռանալուց ի վեր, այսպիսին էր իմ ընտրած կյանքը:
Ամեն դեպքում, ես հազվադեպ եմ հարցեր տալիս։ Ինչո՞ւ պետք է տամ։ Իմ ճանաչած մարդկանց մեծ մասի համար գոյություն ունի գոնե մեկ անձ, որից նա կցանկանար ազատվել։ Այն փաստը, որ նրանք որևէ բան չեն անում, անպայմանորեն չի նշանակում, որ հեռու են մարդ սպանելու ցանկության ընկալումից։ Իրականում յուրաքանչյուրն էլ իր մեջ ունի ինչ-որ մեկին սպանելու ցանկություն։ Մարդիկ չեն հասկանում այդ ամենը, մինչև դեպքը տեղի չի ունենում իրենց հետ։ Նրանք մտածում են, որ իրենք ունակ չեն սպանության։ Բայց դա ուղղակի պատահականություն է։ Երբեմն նույնիսկ մի ժեստը բավարար է նրանց զայրույթը գրգռելու համար։ Մի թյուրիմացությունը, վեճը ոչնչից կամ պարզապես սխալ ժամանակին սխալ տեղում լինելը բնավորության այդ կործանարար գիծը կարող գլուխ բարձրացնել մարդկանց մեջ, որոնք այլ դեպքերում լավ և պարկեշտ մարդիկ են։ Ցանկացածը կարող է սպանել։ Բայց բոլորը չէ, որ կարող են սառնասրտորեն սպանել օտարականի։ Ահա այստեղ եմ ես երևան գալիս։
Ես ուրիշների կեղտոտ գործն էի անում։ Նույնիսկ Աստված ընդունեց ինձ նման մեկի կարիքը իր սրբազան ծրագրում, երբ նշանակեց Ազրայել հրեշտակապետին՝ վերջ դնելու կյանքերին։ Այսպիսով մարդ արարծները վախեցան հրեշտակից, անիծեցին և ատեցին նրան, մինչդեռ նրա ձեռքերը մնացին մաքուր, իսկ անունը՝ անբիծ։ Դա արդար չէր հրեշտակի նկատմամաբ։ Բայց այդ ժամանակ ևս այս աշխարհը հայտնի չէր իր արդարությամբ, այդպես չէ՞։
Երբ մութն ընկավ, գնացի գինետուն։ Պատուհանի մոտ գտնվող սեղանը զբաղեցված էր սպիավոր դեմքով մի մարդու կողմից, որը խոր քնած էր։ Մտածեցի արթնացնել նրան և ասել, որ մի ուրիշ տեղ գնա, բայց հարբեցողների դեպքում երբեք չգիտես, թե ինչպես կարձագանքեն, իսկ ես պետք զգույշ լինեի, որ չափազանց շատ ուշադրություն չգրավեի ինձ վրա։ Հետևաբար նստեցի հաջորդ հասանելի սեղանի մոտ, որը նայում էր պատուհանին։
Շատ չանցած երկու մարդ եկան։ Նրանք նստեցին իմ երկու կողմերում, որպեսզի ցույց չտային իրենց դեմքերը։ Չնայած ես կարիք չունեի նայելու նրանց՝ հասկանալու համար, թե որքան երիտասարդ և որքան անպատրաստ էին առաջին քայլին, որ պիտի անեին։
– Քեզ են խորհուրդ տվել, – ասաց նրանցից մեկը՝ նրա հնչերանգը ոչ այնքան զգուշավոր, որքան տագնապալի։ – Մեզ ասել են, որ դու լավագույնն ես։
Զվարճալի էր, թե նա ինչպես ասաց դա, բայց ես զսպեցի ծիծաղս։ Նկատեցի, որ նրանք վախենում են ինձնից, ինչը լավ էր: Եթե նրանք բավականաչափ վախենային, չէին համարձակվի վատություն անել ինձ։
Հետևաբար ասացի.
– Այո, ես լավագույնն եմ։ Այդ պատճառով էլ ինձ կոչում են Շնագայլի գլուխ։ Ես երբեք հուսախաբ չեմ արել իմ հաճախորդներին՝ անկախ նրանից, թե որքան դժվար է առաջադրանքը։
– Լավ, – հոգոց հանեց նա։ – Որովհետև սա կարող է հեշտ գործ չլինել։
Հիմա մյուսը խոսեց.
– Տե՛ս, այս մարդն է, որը չափազանց շատ թշնամիներ է ձեռք բերել իր համար։ Այս քաղաք գալուց ի վեր նա անախորժությունից բացի ոչինչ չի բերել։ Մենք նրան մի քանի անգամ զգուշացրել ենք, բայց նա ոչ մի ուշադրություն չի դարձնում։ Հակառակը, ավելի կռվարար է դարձել։ Նա մեզ ուրիշ տարբերակ չի թողնում։
Միշտ նույնն էր։ Ամեն անգամ հաճախորդները փորձում էին բացատրվել նախքան պայման կապելը, ասես իմ հավանությունը կարող էր որևէ կերպ մեղմացնել այն բանի լրջությունը, ինչ նրանք պատրաստվում էին անել։
– Գիտեմ, ինչ նկատի ունես։ Ասա՛ ինձ՝ ո՞վ է այդ անձը, – հարցրեցի ես։
Նրանք, թվում էր, չէին ցանկանում ինձ անուն տալ, փոխարենը աղոտ նկարագրություններ էին անում։
– Նա հերձվածող է, որը ոչ մի կապ չունի իսլամի հետ։ Մի անսանձ մարդ՝ լի սրբապղծությամբ և աստվածանարգությամբ։ Մի այլախոհ դերվիշ։
Հենց որ լսեցի այս վերջին բառը, սարսռացի։ Միտքս վազում էր։ Ես սպանել էի ամեն տեսակ մարդու՝ երիտասարդ և ծեր, տղամարդիկ և կանայք, բայց դերվիշը՝ հավատի մարդը, նրանց մեջ չէր։ Ես իմ սնահավատություններն ունեի և չէի ուզում Աստծո ցասումը հրավիրել ինձ վրա, որովհետև չնայած ամեն ինչին, հավատում էի Աստծուն։
– Վախենում եմ, ստիպված եմ մերժել դա։ Չեմ կարծում, որ ուզում եմ դերվիշ սպանել։ Մեկ ուրիշի՛ն գտեք։
Դրանով, վեր կացա՝ գնալու։ Բայց տղամարդկանցից մեկը արագ բռնեց ձեռքս և աղաչեց.
– Սպասի՛ր, խնդրում եմ։ Քո վճարը ջանքերիդ համապատասխան կլինի։ Ինչ էլ, որ լինի քո վարձը, մենք պատրաստ ենք կրկնապատկել գինը։
– Ի՞նչ կասեք եռապատկելու մասին, – հարցրի ես՝ համոզված, որ նրանք ի վիճակի չեն լինի այդքան բարձրացնել գումարի չափը։
Բայց, ի զարմանս ինձ, կարճ վարանումից հետո նրանք երկուսն էլ համաձայնեցին։ Նորից նստեցի տեղս՝ նյարդայնացած։ Այդ գումարով վերջապես կկարողանայի թույլ տալ ինձ հարսնացու ունենալ, ամուսնանալ և դադարել մտահոգվել, թե ինչպես ծայրը ծայրին հասցնեմ։ Դերվիշ, թե ոչ, ցանկացածին էլ արժեր սպանել այս գումարի համար։
Ինչպե՞ս կարող էի իմանալ այդ պահին, որ կյանքիս մեծագույն սխալն էի գործում և կյանքիս մնացած օրերը անցկացնելու էի դրա համար զղջալով։ Ինչպե՞ս կարող էի իմանալ, որ այդքան դժվար կլինի սպանել դերվիշի, և նույնիսկ նրա մահվանից շատ հետո նրա՝ դանակի պես սուր հայացքը ամենուր հետևելու էր ինձ։
Չորս տարի է անցել այն ժամանակվանից, ինչ դանակահարեցի նրան այդ բակում և մարմինը ջրհորը նետեցի՝ սպասելով, որ լսեմ ջրի ցայտը, որն այդպես էլ չեկավ։ Ոչ մի ձայն։ Ասես ցած ընկնելու փոխարեն նա ընկավ վերև՝ դեպի երկինք։ Մինչև հիմա էլ չեմ կարողանում քնել առանց մղձավանջներ տեսնելու, և եթե նայում եմ ջրին՝ ջրի ցանկացած աղբյուրի մի քանի վայրկյանից ավել, զզվանք է պատում ողջ մարմինս և հետ եմ տալիս։

 

Թարգմանությունը անգլերենից՝ Անի Թորոյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *