Աշոտ Ավդալյան

Աշոտ Ավդալյան

Հիմնական տվյալներ
Աշոտ Ավդալյանի նախնիները Մուշից գաղթելով՝ եկել–հաստատվել են Ջաջուռում։ Պապը՝ Համբարձում Ավդալյանը, քառասուն տարի շարունակ ղեկավարել է Ախուրյանի շրջանի կոլտնտեսությունը՝ իր ժառանգներին թողելով ընդամենը բարի անուն։
Հայրը՝ Ամիրխանը, ծնվել է 1924 թ., ստացել է բարձրագույն կրթություն, մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, աշխատել է Լենինականի (Գյումրի) ներքին գործերի համակարգում։ Ամուսնանալով աքսորյալի դուստր Վազգանուշ Հովհաննիսյանի հետ` զրկվում է զբաղեցրած պաշտոնից և գյուղում զբաղվում մանկավարժությամբ։
1948 թ. հունվարի 2–ին ծնվում է նրանց որդին՝ Աշոտը։ 1954 թ. վեցամյա Աշոտը զրկվում է հորից։ Հոր մահից հետո բանաստեղծի մայրը տեղափոխվում է Լենինական։ Աշոտն իր համառ, շիտակ բնավորությամբ չի հարմարվում քաղաքային կյանքին. վերադառնում է հայրենի գյուղ՝ տատի և պապի մոտ, որտեղ և ավարտում է դպրոցը։ Դպրոցն ավարտելուց հետո միայն Աշոտը տեղափոխվում է մոր և քրոջ մոտ, 1965 թ. ընդունվում Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի Լենինականի մասնաճյուղը, որն ավարտում է 1970 թ.:
1971-72 թթ. որպես ինժեներ-կոնստրուկտոր աշխատել է Լենինականի հղկող հաստոցների գործարանում։
1974-75 թթ. նույն գործարանին առընթեր թիվ 7 պրոֆտեխնիկական ուսումնարանում աշխատել է որպես մանկավարժ։
1976-77 թթ. եղել է հայրենի Ջաջուռ գյուղի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանի տնօրենը։
1978 թ. տեղափոխվել է Երևան և աշխատանքի անցել հուշարձանների պահպանության կոմիտեի նախագծային գրասենյակում։
1982-83-ին աշխատել է «Պիոներ կանչ» (այժմ` «Կանչ») թերթի խմբագրությունում։[1]:
Աշոտ Ավդալյանը մահանում է 1985թ. փետրվարի 9-ին՝ 37 տարեկանում։ Կյանքի վերջին րոպեներին բանաստեղծի դեմքը և, հատկապես, աչքերը զարամանալիորեն նմանվել էին Մինաս Ավետիսյանի՝ տարիներ առաջ վրձնած դիմանկարին։
1986 թ. բանաստեղծի գերեզմանի վրա կանգնեցվում է ընկերոջ՝ Զավեն Կոշտոյանի կողմից քանդակված բրոնզաձույլ արձանը։

Ստեղծագործական կենսագրություն
Ստեղծագործել սկսել է 1970 թ.՝ քսաներկու տարեկանում։ Չնայած տեխնիկական կրթությանը՝ շատ լավ ծանոթ էր ժողավրդական բանահյուսությանը, ոսկեդարյան պատմիչներին, միջնադարյան գրականությանը, հայ դասականներին, նաև ռուս և համաշխարհային գրականությանը։
1973 թ. «Բանվոր» թերթի հոկտեմբերի 19–ի համարում լույս է տեսնում նրա առաջին բանաստեղծությունը՝ «Մենք Աղոթում էինք» վերնագրով։ Բանսաստեղծությունը մեծ արձագանք է գտնում գրական շրջանակներում։ Հետագայում այս բանաստեղծության, իսկ ավելի շատ բանաստեղծի ոգեղեն, մաքուր բնավորության շնորհիվ ընկերները սկսում են նրան Սուրբ կոչել։
1972-1973 թթ. շատ բեղմնավոր է եղել սկսնակ բանաստեղծի գրիչը։ Այս թվականներին են ստեղծվում «Օրհնություն Արևին», «Նավասարդ» բանաստեղծական շարքը, «Նարեկ», «Տիեզերք», «Ձայն փորձություն», «Տվնջյան կորուստ», «Ռեքվիեմ» պոեմները։
Մինաս Ավետիսյանը առաջիններից էր, ով զգալով շնորհալի բանաստեղծի օժտվածությունը՝ ասել է «Աշոտ ջան, դու միայն ստեղծագործիր, տպագրության մասին մի մտածիր, ես քեզ համար ամեն ինչ կանեմ»: Իսկ «Տևտոնյան գիշեր» վերնագրով ընդարձակ պոեմը այնքան է ոգևորում նկարչին, որ այն ընթերցելուց հետո վրձնում է Աշոտի դիմանկարը։
Մինասը Աշոտի ստեղծագործությունները ներկայացնում է Գևորգ Էմինին, Ռազմիկ Դավոյանին։ Նրանց օգնությամբ 1975 թ.«Սովետական գրականություն» ամսագրի էջերում տպագրվում է բանաստեղծի «Օրհնություն արևին» շարքը։
1976-1980 թթ. բանաստեղծությունները տպագրվում են «Բանվոր», «Ավանգարդ» թերթերում։
1980 թ. լույս է տեսնում «Նավասարդ» բանաստեղծությունների ժողովածուն։
1984 թ. գարնանը Ստեփան Թոփչյանի, Մանուկ Մնացականյանի, Մելիքսեթ Մելքոնյանի երաշխավորությամբ դառնում է ՀՍՍՀ Գրողների միության անդամ։ Ընկերների օգնությամբ նույն թվականի աշնան վերջին շատ մեծ դժվարությամբ լույս է տեսնում «Արծաթե օր» ժողովածուն։
Բանաստեղծի մահից հետո կինը նրա ընկերներին ծանոթացնում է բանաստեղծի արխիվին, վերջիններից օգնությամբ հրատարակության հանձնում «Երկրատես» բանաստեղծությունների և պոեմների ժողովածուն, որը լույս է տեսնում 1988 թ.:
1997 թ Հրաչյա Թամրազյանի խմբագրությամբ և «Նաիրի» հրատարակչության ֆինանսավորմամբ լույս են տեսնում «Կյաքից դեպի կյանք», իսկ 2005 թ.՝ «Հիշատակի զարդատուփ» ժողովածուները։ Պոեմների մեծ մասը առայսօր անտիպ է։

Հրատարակած երկեր
• Նավասարդ (բանաստեղծություններ), Եր., «Սովետական գրող», 1980
• Արծաթե օր (բանաստեղծություններ), Եր., «Սովետական գրող», 1984
• Երկրատես (բանաստեղծություններ և պոեմներ), Եր.,«Սովետական գրող», 1988
• Կյանքից դեպի կյանք (բանաստեղծություններ), Եր.,«Նաիրի», 1997
• Հիշատակի զարդատուփ (բանաստեղծություններ), Եր.,«Նաիրի», 2005

ա
Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/groups/125915877446718/

Աշոտ Ավդալյանի հրապարակումները Գրանիշում

Share Button