Հանդես

Գրանիշ հանդես

(2011–2012 թթ․)

«Գրանիշ» գրական հանդեսը լույս է տեսել 2011 թվականից՝ որպես անկախ, թեմատիկ տպագիր պարբերական։ Թեև հանդեսն ամբողջացավ 5 բացառիկ համարներով, այն դարձավ 2010-ականների հայ գրական կյանքի ամենաազդեցիկ իրադարձություններից մեկը՝ ձևավորելով նոր գրական մտածողություն, բերելով թեմատիկ սուր հարցադրումներ և աշխուժացնելով ժամանակակից գրական դիսկուրսը։

Հանդեսի յուրաքանչյուր համար հայեցակարգային առանձին գրական նախագիծ էր․ այն մեկ թեմատիկ առանցքի շուրջ էր համախմբում հայ ժամանակակից ու դասական հեղինակների ստեղծագործությունները, փորձագրական տեքստերն ու համաշխարհային գրականության անտիպ թարգմանությունները։

Հիմնադիր համարի առաջաբանը (2011 թ․)

«Գրականության պատմությունը բազմաթիվ օրինաչափություններ է արձանագրել, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ հաշվի չնստել։ Այդպես՝ յուրաքանչյուր նոր սերունդ իր հաստատման ընթացքը սկսել է նախորդին հակադրվելու և ժխտելու մարտավարությամբ։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր սերունդ կայացել ու հաստատվել է անպայման որևէ ամսագրի կամ հանդեսի շուրջ։ 1850-ականների «Հյուսիսափայլը», 20-րդ դարասկզբի «Մեհյանն» ու «Նավասարդը», 1920-ականների «Ստանդարտը», 1930-ականների «Մենքը», 1960-ականների «Գարունը», 1990-ականների «Նոր-Դարը» դրա լավագույն վկայություններն են։

Այս համատեքստում «Գրանիշի» հրատարակության նախաձեռնումը նույնպես ավանդույթների համածիրում է։ Բայց և այնպես, «Գրանիշը» չի եկել պատերազմելու. նրա առաքելությունը արդի հայ գրական դաշտի համախմբումն է մի ծիրում, որտեղ արժեքայնության չափանիշը բարձր գրականությունն է միայն։

Յուրաքանչյուր համարի տարածքում «Գրանիշը» ձգտելու է համակարգված պատկերացումներ ձևավորել տվյալ խնդրի ու երևույթի հանդեպ՝ ազատագրելով արդի հայ գրականությունը կրկնաբանությունների տաղտուկից և հանրային մերժողականությունը փոխարինելով հետաքրքրվածությամբ ու սրտացավությամբ»։

Թեմատիկ համարների արխիվ

Համար Անվանում Հայեցակարգային բովանդակություն
[01] Գրանիշ Լեզվանի Թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը, և գրականությունը ստեղծեց լեզու։ Նվիրված է գրականության մեջ լեզվաշերտերի իրացման խնդիրներին։
[02] Գրանիշ Offline Անցանց և առցանց գրական իրականությունների բախումն ու զուգահեռները հայերեն տիրույթում։
[03] Գրանիշ Խուժանական Գեղարվեստական համարձակության, խուժանական գրականության և սահմանային խոսույթի բաժանարարները։
[04] Գրանիշ Քաղաքացի Գրողի, քաղաքացու և հանրային պատասխանատվության հարաբերակցությունը․ «Դու մարդ ես, պոետ, իսկ քաղաքացի՞»։
[05] Գրանիշ Գերմանական Գրական ճամփորդություն․ գերմանալեզու ժամանակակից գրականության և թարգմանական մտքի հատուկ թողարկում։

Խմբագրական խորհուրդ (2011–2012 թթ․)

  • Կարեն Անտաշյան

  • Արքմենիկ Նիկողոսյան

  • Հասմիկ Հակոբյան

  • Զավեն Բոյաջյան

  • Արամ Պաչյան

  • Աշոտ Գաբրիելյան

  • Լիլիթ Գալստյան

Գլխավոր գործընկեր․ Հանդեսի տպագիր հրատարակման գլխավոր գործընկերն է եղել «Անտարես» հրատարակչությունը։

Գրանիշ հանդեսի խմբագրակազմը, 2011թ

📥 Թվային արխիվ (PDF versions) Գրանիշ հանդեսն առցանց