Աննա Ադամյան | Հեքիաթ Անսահմանի մասին

Լինում է, չի լինում՝ մի մոլորակ է լինում։ Իրականում շատ մոլորակներ են լինում, բայց քանի դեռ միայն այս մոլորակում են մարդիկ ապրում, ուրեմն ամեն ինչ, ինչ լինում է ու չի լինում, այս մոլորակում է լինում։

Այս մոլորակը մյուս բոլոր մոլորակներից ամենաարտառոցն ու յուրահատուկն էր. այնտեղ կային շատ գազաններ ու մարդիկ։ Մարդիկ ապրում էին երբեմն հանգիստ, երբեմն էլ անհանգիստ, ուտում ու տանջում էին գազաններին, շատ հաճախ էլ՝ տանջում իրար։

Որպեսզի տարբերեին, թե ով որտեղ է ապրում, մարդիկ մոլորակը բաժանել էին թագավորությունների. կային փոքր թագավորություններ և կային շատ մեծերը, բայց կային նաև վայրեր, որտեղ ոչ մի թագավորություն չկար։ Այդտեղ մարդիկ ուղղակի ապրում էին խաղաղ ու հանգիստ՝ մյուս թագավորությունների մարդկանց հետ բարև տալիս, բարև առնում։

Մոլորակի վրա էլի շատ նման տեղեր կային, որտեղ թագավորություններ չկային, բայց մարդիկ էլ չկային։ Օրինակ՝ հսկայական անտառները, որ ձգվում էին մոլորակով մեկ, կամ կապույտ ու անհուն օվկիանոսները, կամ դեղին, փայլփլող ավազներով լցված անապատները։ Այնտեղ ոչ թագավորություններ կային, ոչ մարդիկ, և ոչ էլ կռիվ ու պատերազմ, քանի որ, որտեղ թագավորություն կար, այնտեղ կռիվ ու պատերազմ կար։ Մարդիկ, չգիտես ինչու, չէին բավարարվում նրանով, ինչ ունեին. միշտ ուզում էին ունենալ այն, ինչ չունեն, կամ այն, ինչ ունեին ուրիշները։ Նույնիսկ վերցնում էին այն, ինչն իրենցը չէր. օրինակ՝ մտնում էին գազանների բները ու գողանում նրանց ձագուկներին, կամ հարձակվում էին հարևան թագավորությունների մարդկանց վրա ու հափշտակում նրանց ունեցվածքը և, որ ամենակարևորն է, նրանց կյանքը։

Մոլորակի մի փոքրիկ հատվածում՝ այնտեղ, որտեղ երկու ծովերը պետք է իրար միանային, բայց չէին միանում, ապրում էին շատ բարի մարդիկ։ Դեռ շատ-շատ հին ժամանակներից նրանց պապերն այդտեղ էին ապրել, պապերի պապերն էլ։ Այն ժամանակ նրանք ունեին հզոր մի թագավորություն, բայց հետո՝ դարերի ընթացքում, նրանց թագավորությունն անհետացավ, բայց իրենք՝ մարդիկ, մնացին։ Հիմա, թեև այս մարդիկ թագավորություն չունեին, բայց ապրում էին խաղաղության ու սիրո մեջ։ Նրանք ունեին իրենց առաջնորդը, ով խելացի խորհուրդներով կառավարում էր նրանց փոքրիկ տարածքը ու լուծում խնդիրները, եթե լինում էին։ Քանի որ նրանք թագավորություն չունեին, այդ տեղը մնացած բոլոր թագավորությունների մարդիկ սկսեցին անվանել «Անսահման», այսինքն՝ սահման չունեցող, իսկ տեղի բնակիչներին անվանեցին «անբնակներ»՝ իբր թե «բնակության տեղ չունեցողներ»։

Անբնակներին այդ ամենը չէր հետաքրքրում. նրանք շատ ուրախ էին, որ կարող էին խաղաղ ապրել իրենց հողում, ու թեև թագավորություն չունեին, ինչպես մյուս բոլոր երկրները, բայց բոլորը գիտեին, որ դա իրենց տարածքն է, իրենք են այդտեղ ապրում ու ապրելու։

Բայց մեր մոլորակում ամեն ինչ այնքան բարի ու խաղաղ չէր ընթանում, ինչպես անբնակների փոքրիկ տարածքում։ Մոլորակում շատ վայրեր կային, որտեղ թագավորները դաժան էին. սպանում ու անարդար պատիժների էին ենթարկում բնակիչներին, հատկապես նրանց, ում չէին համարում իրենց թագավորության բնակիչ, այլ համարում էին եկվորներ։ Այսպիսի մարդկանց անվանում էին «լքվածներ» և նրանց չէին ընդունում ոչ մի թագավորությունում։ Ասում էին՝ «Եթե մնաք այստեղ, ձեզ կսպանենք, ձեր ունեցվածքը կվերցնենք, գնացե՛ք մեր թագավորությունից, դուք այստեղ հող չունեք», ու այդպես էլ անում էին։ Խեղճ լքվածները չգիտեին՝ ինչ անեին, ինչպես անեին, որտեղ ապաստանեին։

Հենց այդ ժամանակ մի խումբ լքվածներ հասան Անսահման։ Անսահմանն այնքան մեծ ու գեղեցիկ չէր, ինչպես այն թագավորությունը, որտեղից եկել էին, բայց օդը մաքուր էր, երկինքը՝ կապույտ, ծով էլ կար, իսկ ամենակարևորը՝ օդում չէր սավառնում ատելության այն շունչը, որ պտտվում էր ամենուր։ Անսահմանի մարդիկ, տեսնելով խեղճացած լքվածներին, որոնք սովից ու երկար ճանապարհից կուչ էին եկել ու այլևս չէին կարողանում շարժվել, խղճացին նրանց. չէ՞ որ բարի մարդիկ էին բոլորը Անսահմանում։

— Բարի՛ օր, եղբայրնե՛ր, — մոտենալով լքվածներին՝ ձայն տվեց Անսահմանի բնակիչներից մեկը, — ի՞նչ է պատահել ձեզ, ու՞ր եք գնում այսպես տխուր ու տրտում։
— Բարևն Աստծունն է, — նրան պատասխանեց լքվածներից մի ծերունի, — Աստված գիտի, թե ուր ենք մենք գնում։ Փախչում ենք, եղբա՛յր իմ, փախչում ենք, որ կարողանանք ապրել։
— Որտեղի՞ց եք փախչում, ինչի՞ց եք փախչում, — հարցրեց Անսահմանի բնակիչը, — այստեղ դուք անվտանգ եք, փախչելու կարիք չունեք։
— Է՜հ, եղբա՛յր իմ, ձեր հարևանն անիրավ թագավոր գտնվեց. մեզ բոլորիս դուրս հանեց իր թագավորությունից, ոմանց սպանեց, ոմանք փախան-գնացին ուրիշ թագավորություններ, մենք էլ, հույսներս Աստծո վրա դրած, եկանք-հասանք այստեղ։ Ի՞նչ թագավորություն է սա, եղբա՛յր։
— Դուք «լքվածնե՞րն» եք, — հարցրեց բնակիչը, — մենք լսել ենք ձեր մասին։ Լսել ենք, որ ամեն տեղ վերցնում են ձեր ունեցվածքը, ձեզ սպանում ու հալածում են։ Բարով եք եկել մեզ մոտ. մենք փոքր ենք, բայց բարի ենք, մենք այստեղ թագավոր չունենք, այստեղ բոլորս հավասար ենք։
— Այո, այո, մեզ սկսեցին «լքվածներ» անվանել, բայց ախր մենք էլ բոլորի պես մարդ ենք, մենք էլ բոլորի պես հավասար ապրում էինք, ոչ մեկին ոչ վնաս էինք տալիս, ոչ տանջում։ Չգիտենք, թե ինչու Աստված նման փորձանք բերեց մեր գլխին, — տրտնջաց լքված ծերունին ու սկսեց երեխայի պես հեկեկալով արտասվել։

Անսահմանի բնակիչը շփոթվեց. չէր սպասում, որ ծերունին կարտասվեր, ինքն էլ չգիտեր՝ ինչպես սփոփեր նրան։ Իրենց երկրում չէին արտասվում, քանի որ արտասվելու պատճառ չկար.
— Եկե՛ք ինձ հետ, տանեմ ձեզ իմ տուն, հեռու չէ՝ այս պատի հետևում է։

Այս ասելով՝ նա ձեռքով նշան արեց, որ լքվածների խումբը հետևի իրեն։ Նրանց տարավ իր տուն, տեղավորեց բակում, սեղան բացեց, տեսակ-տեսակ ուտելիքներ փռեց նրանց առջև ու պատվիրեց, որ ինչքան ուզում են, կարող են մնալ իր տանը։ Լքվածները շատ գոհ ու շնորհակալ էին։ Իրենց տները լքելուց ի վեր՝ նրանք նման վերաբերմունքի չէին արժանացել ոչ մի տեղ։

Օրեր անցան, շաբաթներ անցան, լքվածները հարմարվեցին ու սիրեցին ապրել Անսահմանում։ Ամեն մեկը հայրենիք էր փնտրում իր սրտի խորքում, ու նրանց թվաց, թե գտել են այդ հայրենիքը, որտեղ և կարող են հաստատել իրենց թագավորությունն ու իրենց թագավորին։ Այսպես անցան տարիներ, լքվածները շատանում էին ու շատանում, հարստանում էին ու հարստանում։ Նրանք գոհ էին իրենց կյանքից ու գոհ էին Անսահմանի բնակիչներից։

Ամբողջ մոլորակի լքվածները լսել էին, որ Անսահմանն ընդունում է իրենց նմաններին, ու շատ-շատ տեղերից բոլորը գալիս էին Անսահման, իսկ Անսահմանը միշտ բաց էր նրանց առջև, քանի որ ոչ սահման ուներ, ոչ թագավոր, իսկ մարդիկ բարի էին ու միամիտ։

Այսպես էլի անցան տարիներ, լքվածները շատացան ու շատացան, ունեցան իրենց առաջնորդը, իրենց ծերակույտն ու իրենց տաճարը։ Մի օր էլ որոշեցին, որ պետք է իրենց փոքրիկ վայրին անուն տան։ Գլուխ-գլխի տվեցին, երկար-բարակ մտածեցին և որոշեցին անվանել այն «Հաղթանակ», քանի որ հաղթել էին այս աշխարհի անարդարությունը ու գտել էին իրենց հայրենիքը։

Ասում են՝ աշխարհում կան երկու տեսակի մարդիկ. մարդիկ, ովքեր փոխվում են, և մարդիկ, որոնք չեն փոխվում։ Անսահմանի բնիկներն այն մարդկանցից էին, որ չէին փոխվում, իսկ լքվածները այն մարդկանցից էին, որ փոխվում էին, ու այդ փոխվելու ընթացքում նաև մոռանում էին, թե ինչ եղավ և ինչպես եղավ, որ փոխվեցին։

Լքվածները փոխվեցին. նրանք չարացան, ագահացան, մոռացան այն բարությունն ու լավությունը, որ ստացել էին Անսահմանում։ Այժմ նրանք էին սկսել նույն ձևով վարվել Անսահմանի բնակիչների հետ, այնպես, ինչպես իրենց հետ վարվել էին շատ տարիներ առաջ այլ թագավորություններում։ Լքվածները գրավեցին ամբողջ Անսահմանը. ոչ թե զենքով ու զրահով գրավեցին, այլ իրենց հարստությամբ, իրենց շատությամբ ու իրենց չարությամբ։ Իրենցից մեկին հռչակեցին թագավոր, Անսահմանը՝ թագավորություն, ու սկսեցին հալածել Անսահմանի բնակիչներին այնպես, ինչպես ժամանակին իրենց էին հալածել։ Նրանք ասում էին՝ «Այս սարն իմն է, այն սարն իմն է, այս դաշտն իմն է, այս տունն իմն է, այստեղ ամեն ինչ մերն է, դուք այստեղ ոչինչ չունեք»։

Անբնակների օգնության ձայներն անպատասխան էին մնում. արձագանքում էին լեռներն ու ձորերը, բայց մյուս բոլոր թագավորություններն անարձագանք էին թողնում։ Արձագանքում էին անհատակ ծովի ալիքները, բայց իրենց Անսահմանը գրաված «լքվածների» սրտերը մնում էին անարձագանք ու անդրդվելի։ Ու այսպես, այլևս չդիմանալով, Անսահմանի բնիկները լքեցին իրենց տները։ Բայց ու՞ր գնային, որտե՞ղ հող գտնեին իրենց համար այս փոքրիկ մոլորակում, երբ նույնիսկ իրենց հայրենիքն արդեն վերցրել էին իրենցից։

Գնացին հարևան թագավորի մոտ՝ նա չընդունեց, գնացին մյուս հարևանի մոտ՝ նրանք էլ դռները փակեցին նրանց առջև։ Ու այդպես մոլորակի շատ թագավորներ ու թագավորություններ փակեցին իրենց դռները Անսահմանի բնակիչների առջև։ Ահա այդպես՝ մոլոր, տխուր ու անօգնական, գաղթի ճանապարհը բռնած, Անսահմանի բնակիչները որոշեցին գնալ այնտեղ, որտեղ մարդկային ագահությունն ու չարությունը չէին կարող հասնել. այնտեղ, որտեղ կլինեին միայն իրենք ու իրենց բարությունը։

Եվ երբ մի օր նրանք գտնեն այդ տեղը, նորից կստեղծեն իրենց թագավորությունը, նորից կապրեն բարության ու ուրախության մեջ։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *