Հանդես

Գրանիշ հանդես

«Գրանիշ» գրական հանդես

Հայերեն գրական, անկախ հանդես, հրատարակվում է «Գրանիշ» գրական ակումբի կողմից 2011 թվականից: Հանդեսը կազմվում և հրատարակության է պատրաստվում խմբագրական խորհրդի կողմից: Հանդեսը լույս է տեսնում թեմատիկ համարներով` մեկ թեմատիկ ամբողջացման մեջ ընդգրկելով հայ ժամանակակից և դասական հեղինակաների ստեղծագործություններ ու արտասահմանյան հեղինակների թարգմանություններ: Հանդեսի յուրաքանչյուր համար մի առանձին գրական նախագիծ է:

Խմբագրական խորհուրդը

Կարեն Անտաշյան, Արքմենիկ Նիկողոսյան, Հասմիկ Հակոբյան, Զավեն Բոյաջյան, Արամ Պաչյան, Աշոտ Գաբրիելյան, Լիլիթ Գալստյան

Գործընկերները

Ամսագրի հրատարակման գլխավոր գործընկերը Անտարես հրատարակչությունն է:

Համարները

[01] Գրանիշ լեզվանի – թե ինչպես լեզուն ստեղծեց գրականությունը և գրականությունը ստեղծեց լեզու: Նվիրված է գրականության մեջ լեզվաշերտերի իրացման խնդիրներին:
[02] Գրանիշ offline – թե ինչպես հայերեն անցանց գրական իրականությունը կապ չունի առցանց գրական իրականության հետ:
[03] Գրանիշ խուժանական – խուժանական գրականության և խուժանության բաժանարարը
[04] Գրանիշ քաղաքացի – դու մարդ ես, պոետ, իսկ քաղաքացի՞

Հիմնադիր համարի առաջաբանը

Գրականության պատմությունը բազմաթիվ օրինաչափություններ է արձանագրել, որոնց հետ ուղղակի հնարավոր չէ հաշվի չնստել: Այդպես` յուրաքանչյուր նոր սերունդ իր հաստատման ընթացքը սկսել է նախորդ սերնդի հետ պատերազմելու, նրան հակադրվելու և ժխտելու մարտավարությամբ: Մյուս կողմից` յուրաքանչյուր սերունդ կայացել ու հաստատվել է անպայման որևէ ամսագրի կամ հանդեսի շուրջ:1850-ականների «Հյուսիսափայլը», 20-րդ դարասկզբի «Մեհյանն» ու «Նավասարդը»,1920-ականների «Ստանդարտը», 1930-ականների «Մենքը»,1960-ականների «Գարունը», 1990-ականների «Նոր-Դարը» դրա լավագույն վկայություններն են, որոնց շուրջ համախմբված տաղանդավոր գրողների ստեղծածն այսօր հայ գրականության ու մշակույթի հարստությունն է: Այս համատեքստում` «Գրանիշի» հրատարակության նախաձեռնումը նույնպես ավանդույթների համածիրում է: Բայց և այնպես` «Գրանիշը» չի եկել պատերազմելու, նրա առաքելությունը արդի հայ գրական դաշտի համախմբումն է մի ծիրում, որտեղ գրական ավանդացած ինքնաբավ խմբավարությունն այլևս տեղ չունի, որտեղ արժեքայնության չափանիշը բարձր գրականությունն է միայն` այն հարցադրումների ու մարտահրավերների համատեքստում, որոնք այսօր արդիական են և ճիշտ թիավարման դեպքում հեռագնա հնարավորություններ են ընձեռում հայ գրականությանը: Այդ մարտահրավերներից ամենակարևորը, թերևս, ընթերցանության հանդեպ գրեթե անտարբեր վերաբերմունք ունեցող համացանցային սերնդի, իբրև հայալեզու նոր ընթերցողի, պատրաստումն է և գրաշրջանառության նոր համակարգի հիմքերի ստեղծումը: Գրական ընթացքի վերաիմաստավորման այս հանգրվանում խմբագրակազմի կողմից հանդեսի համար ընտրված թեմատիկ ձևաչափը ռազմավարական նշանակություն ունի: Մենք համոզված ենք, որ գրական դաշտում բազմաթիվ իրողություններ կան, որոնց շուրջ չկան համակարգված ու համակարգային պատկերացումներ, քանզի չկան ձեռնարկներ ու նախաձեռնություններ, որոնք մեր ժամանակներում ստեղծված ու ստեղծվող գրանյութը ներկայացնեն ընդհանուր հարցադրումների գիտակցումով: Յուրաքանչյուր համարի, կամ որ նույնն է` յուրաքանչյուր թեմատիկ մասնավորության տարածքում «Գրանիշը» ձգտելու է համակարգված պատկերացումներ ձևավորել տվյալ խնդրի ու երևույթի հանդեպ, բնականաբար, գրականության տիրույթի մեջ: Այդկերպ փորձելու ենք ինչ-որ չափով ազատագրել արդի հայ գրականությունը կրկնաբանությունների տաղտուկից ու նրա հանդեպ առկա հանրային կույր մերժողականությունը փոխել հետաքրքրվածության, սրտացավության ու հոգածության:

Գրանիշ հանդեսի խմբագրակազմը

 

Գրանիշ հանդեսն առցանց

Share Button