Սամվել Թավադյան | Սոլոնի    պոեզիան

Երբ հունական պոլիսում  ցանկանում էին վերջ դնել ներքին խռովություններին, շատ հաճախ փնտրում  էին ամենահեղինակավոր և հարգված քաղաքացուն՝ մեկին, ում  համբավը  անբասիր էր, որին  բոլորը վստահում  են: Նրան նշանակում էին միջնորդ-հաշտարար` որոշ ժամանակով  նրան  հանձնելով պետության  ողջ  բարձրագույն իշխանությունը և անսահմանափակ լիազորություններ՝ բարեփոխումներ իրականացնելու համար: Միշտ  չէ, որ  նման  քաղաքացու  հաջողվել  է  գտնել  պոլիսի  ներսում ու  ինչպես   հայտնի  է. «Չկա  մարգարե  իր  հայրենիքում»: Սակայն, այլ  էր Աթենքում,  անվերապահ  հեղիանակություն  և  ողջ  հասարակության  վստահությունը վայելող  քաղաքացի  գտնվել է  հենց  պոլիսի  ներսում: Խոսքը  Սոլոնի  մասին  է: Նա  հայտնի  էր  որպես  բանաստեղծ.

Չկա  ոչ  մի  երանելի  մահկանացու, այլ  թշվառ են                                             Բոլոր  մարդիկ, որոնց  արևն է  միշտ  նայում  [1]:

Էպիկական   ժանրից  հետո  սկիզբ  առավ  լիրիկականը, որը  սկսեց  արտահայտել  անհատական  ապրումներ, բացահայտել  բանաստեղծի  հոգեմտավոր  աշխարհը: Եթե  էպոսը  պատմում  է  մարդու  մասին, ապա քնարերգությունը  արտահայտում է  մարդուն:

Հոմերոսի  պոեմներում  իրադարձությունները  տեղի  են  ունենում  աստվածների  կամքով  և  նրանց    անմիջական  մասնակցությամբ:  Էպոսում  դեռևս  չկա  հոգեբանություն, չկա  պատկերացում   մարդու  ներհոգևոր  աշխարհի  մասին: Մարդու  ճակատագիրը  աստվածների   կամքն  է (բայց  իշխելով  ճակատագրի  վրա` աստվածները  իրենք  ենթկա  էին  Ճակատագրին. «Եվ  չեն  կարող   աստվածները  սահմանները  անցնել,  որ  Ճակատագիրն  է  հաստատել» – Լուկրեցիոս ):

 

Քե՛նը  երգիր, ո՜վ դիցուհի, Պելևսորդի Աքիլլեսի, 

Քե՜նը  դժխեմ, որ բյուրավոր ցավեր բերեց աքայացոց,

Հերոսների  բազում  խրոխտ հոգիները տարավ Հադես,

Մարմիններն էլ  թռչունների  ու  շների առաջ նետեց:

Քանզի  դա էր կամքը  Զևսի, որ կատարվեց այն օրվանից…[2]

 

«Իլիականի»  հերոսների  գործողությունները  աստվածային  կամքի  դրսևորումներ  են: Աքիլլեսը  Քենի  ոգու (դայմոնի)  իշխանության  ներքո  է: Զայրույթի  պահին  նա  ցանկանում  էր  սպանել  Ագամեմնոն  արքային, բայց   հրաժարվում  է  այդ  մտադրությունից, որովհետև

 

………………………………………Աթենան  եկավ   երկնից
Ուղարկել  էր  նրան  Հերան` ճերմակարմունկ  աստվածուհին,

Որ,  սիրելով նրանց  սրտանց, երկուսին  էլ  հոգ  էր  տանում:

Պելևսյանի  հետև կանգնեց  ու մազերին  դիպավ  խարտյաշ…

 

Քանի  որ  Հոմերոսի  հերոսները  իրագործում են  աստվածների  մտադրությունը, նրանք պատասխանատվություն  չեն  կրում  իրենց  արարքների  համար: Սոլոնի  պոեզիայում վերահաս  արհավիրքների  համար մեղավոր են  ոչ  թե  աստվածները, այլ  պոլիսի  քաղաքացիները.

Չի  խորտակվի մեր քաղաքը  Զևսի  վճռով կամ այլ անմահ,

Երանելի  աստվածների  որոշումով,

Քանզի  զորեղ հոր դուստրն  է  մեր  հսկիչը  արիասիրտ,

Ինքն՝ Աթենաս Պալլասն  է  մեզ հովանավոր:

Կործանումն այս  մեծ  ոստանի, իրենց անմիտ վարքագծով,

Մեր  ընչաքաղց  քաղաքացիք  են  նյութելու:

Ժողովրդի  առաջնորդներն անարդար են, խիստ գոռոզ են

Եվ  բյուր ցավեր  են  պատրաստել  իրենց համար.

Անկարող  են  նրանք սանձել  հանդգնությունն  ու  չեն ուզում

Խաղաղության  մեջ  խնջույքներ  անել  ուրախ…

Ք.ա  VII  դ.  Աթենքում. «Ողջ  հողը  մի  քանի անձանց  ձեռքին էր: Եվ  եթե  վարձակալները  չէին  վճարում  վարձը, ապա  վերածվում  էին  ստրուկի` իրենց  զավակների  հետ      միասին» [3] : Ք.ա. 594 թ. Սոլոնը  նշանակվեց  միջնորդ և արքոնտ: Նրան այդ  պաշտոններին  նշանակելու  առիթն  իր մի պոեմն  էր, որը  սկսվում էր հետևյալ  տողերով.

Անսահման    խոր թախիծ  է պատում սիրտս ու հոգիս

Երբեմն  հզոր  հողին  Հոնիական  հայացք  ձգելիս,

Երբ տեսնում  եմ  դա՝  նվաստ, մորթոտված

 

Սոլոնը ծագում էր Մեդոնտիդների  ընտանիքից էր (նրա նախնին Կոդրոս արքան է, ով վախճանվել  է  հայրենիքի համար մղված մարտում): Այս  ժամանակ  ընտանիքն  աղքատացել էր և երիտասարդ  տարիներին  Սոլոնը  ստիպված էր զբաղվել   առևտրով (ինչպես Հեսիոդոսն է «Աշխատանք և օրեր» պոեմում ասում. «Ամոթալի չէ ոչ մի գործ, ծուլությունն է ամոթալի»):

Շատ վատ մարդիկ հարուստներն են, իսկ լավերը՝ կարիքավոր,

Բայց  մենք  երբեք ունեցվածքի  հետ  չենք  փոխի

Վեհանձնությունը  մեր, քանզի այն մշտապես հաստատուն է

Մինչդեռ  մարդկանց մեջ փողն անցնում  է  ձեռքից  ձեռք

 

VI դ. 90-ական  թվականներին  նա  հրահրել  է  աթենացիներին  գրավելու  Սալամինը: Նախորդ  տարիններին  Աթենքը  համառ  պայքար  էր  մղում   հարևան  Մեգարա  քաղաքի  դեմ  Սարոնիկյան  ծոցում   գտնվող  Սալամին  կղզու  համար: Սկզբում  Աթենքը  պարտություններ  էր  կրում, վերջապես  ռազմական  գործողությունները  դադարեցին  և, ըստ  ավանդության, անգամ   արգելվեց   խոսել  դրանք   վերսկսելու  մասին: Պլուտարքոսը պատմում է,որ  մի օր  Սոլոնը  գլուխը ծածկում է թաղիքե գլխարշորով և իբրև ճանապարհորդ մտնում հրապարակ: Նրան հետևում է ժողովուրդը, նա նստում է քարի վրա և  իբրև խենթ սկսում է արտասանել Սալամինի մասին իր էլեգիան.

Լինեի՜ ես   Փոլեգանդրոս  կղզուց  և կամ  սիկինացի,

Ոչ  Աթենքից, իմ  հայրենիքը  փոխեի,

Քանզի  շուտով  կտարածվի  մարդկանց  մեջ  այս  բամբասանքը.

«Ատտիկեցի  է  սա, կորցրեց  Սալամինը»:    

Եկե՛կ  գնանք  դեպ  Սալամին  ու  մարտնչենք  փափագելի

Կզղու  համար,  վանենք  ամոթը  այս  դաժան»:

 

Բանաստեղծն  իր  հայրենակիցներին  հիշեցնում  է պարտության  դառնությունների, համազգային  ամոթի  մասին  և կոչ  էր  անում   չեղյալ  հայտարարել  հաշտության  պայմանագիրը: Գրեթե ամենուրեք նոր գաղափարների ճանապարհը  հարթում  է  խելացնորությունը, որը վերացնում է ակնածալից ավանդույթի և սնահավատության բանադրանքը: «Խելացնորության միջոցով են մեծագույն բարիքները  Հունաստանին  բաժին  հասել»,- ասում էր  Պլատոնը ողջ  հին մարդկության հետ միասին (Սակայն բարիքներից մեծագույնները, որ մեզ են հասնում մոլեգնության միջոցով, աստվածային շնորհներ են.այդ բարիքներն են գուշակության գեղեցկագույն արվեստը, խելացնորությունը՝ իբրև մաքրագործումից և խորհուրդներին նվիրաբերվելուց առաջ անհրաժեշտ վիճակ, բանաստեղծական խելացնորությունը, որ Մուսաներն են  ուղարկում):

Անգամ բանաստեղծական տաղաչափության  նորարարը պետք  է  խելացնորությամբ  իր  հանդեպ  հավատ  ներշնչեր [4]:

Երբ  Սոլոնն ընտրվեց  արքոնտ. «նրան  իրավունք  էր  վերապահված  պահպանել  կամ  վերացնել  այն,  ինչ  վաղուց  գոյություն  ուներ  և  ստեղծել  նորը»:                                                                                           Այն քաղաքացիներին, որոնք վաճառվել են Աթենքի սահմաններից  դուրս, փրկագնում ու վերադարձնում էին հայրենիք: Միաժամանակ նա օրենք հրապարակեց, որով լուծարեց  ինչպես  անձնական, այնպես էլ պետական պարտքերը: Սոլոնը  առաջինն էր, ով  հրաժաարվեց  յոթ  տաղանդ  պարտքից  և  դրանով  իսկ  դրդեց  մյուսներին  ևս  հրաժարվել: Այս միջոցառումը սովորաբար կոչվում է «սիսաքթիա» (բեռնաթափություն), որովհետև դրանով մարդիկ ազատվեցին իրենց բեռից: Այսպիսով՝ ընդունվեց օրենք, համաձայն  որի արգելվում  է պարտքի  դիմաց  քաղաքացուն  ստրկացնելը: Այսուհետև  «քաղաքացի»  և «ստրուկ» հասկացողությունները  միանգամայն անհամատեղելի էին.

Վկա՛ս  եղիր ժամանակի դատի առաջ,

Ո՜վ դու մեծ մայր օլիմպոսյան անմահների,

Դու, սև երկիր վսեմագույն, որից մի օր

Ես հանեցի պարտասյուները բազմաթիվ.

Ստրուկ էիր դու, սակայն հիմա ազատվել ես

Աստվածաշեն մեր հայրենիք բերեցի բյուր

Աթենացոց, որ վաճառված էին արդար

Կամ անարդար պատճառներով. նրանք ստիպված

Չէին խոսում արդեն լեզվով Ատտիկայի,

Զի թափառում էին անվերջ օտար հողում:

Այստեղ էլ ես անվայելուչ ստրկությունից

Ազատեցի նրանց, ովքեր սոսկում էին

Միշտ տերերից. այդ արեցի  իշխանությամբ՝

Ուժին նաև արդարություն զուգակցելով,

Խոստացածս ես տվեցի, կատարեցի:

Սահմանեցի նվաստի և բարձրի համար

Ես օրենքներ արդարացի ու ընդհանուր:

Եթե հանկարծ իմ խթանը մի չարախոհ

Ու փողասեր տղամարդու ձեռքն ընկներ,

Ժողովրդին  նա չէր զսպի, զի նախապես

«Սերը  կաթից  զատել» նա չէր կարողանա:

 

Աթենական քաղաքացիության  իրավունք տրվում էր առաջին հերթին այն օտարերկրացիներին, որոնք ընդմիշտ վտարվել են հարազատ պոլիսից կամ ամբողջ ընտանիքով  տեղափոխվել  Աթենք՝ արհեստով  զբաղվելու համար: Սոլոնը անցկացրել է նաև լայն  համաներում  և  հնարավորություն  է  տվել Ատտիկա  վերադառնալ տարբեր հանցագործությունների պատճառով աքսորի դատապարտված քաղաքացիներին (բացառությամբ ամենածանր հանցանքների):Սոլոնյան օրենսդրությամբ  նախատեսվում  էր  պարբերաբար  անցկացնել  գույքագրում, որի  ժամանակ  յուրաքանչյուր  քաղաքացի  պարտավոր  էր   պետական  պաշտոնյաներին   հաշվետվություն  ներկայացնել  իր  ունեցվածքի  չափի  և  աղբյուրների  մասին:Այն  դեպքում, երբ  պարզվում  էր, որ  քաղաքացին   հարստանալու  համար  օգտվել  է   անօրինական  միջոցներից, արքոնտների  խորհուրդն  իրավունք  ուներ  նրա  նկատմամբ  կիրառել  ծայրահեղ  միջոցներ՝  ընդհուպ  մինչև  ունեցվածքի  բռնագրավում  և  քաղաքացիական  իրավունքից   զրկում:

Պարտադրում է ինձ իմ հոգին՝ աթենացոց այս ուսուցել.

Անկարգությունը քաղաքին վիշտ է բերում,

Ճիշտ օրենքներն են հաստատում կարգ ու կանոն, վայելչություն

Եվ կապանքներ հագցնում հաճախ անարդարին,

Դժվարությունը  հարթեցնում, գոռոզությանն ու լրբությանը վերջ տալիս,

Խաբեության փարթամ ծաղիկը  չորացնում:

Ուղղում  են  թյուր կանոնները, լպիրշ  բարքը սանձահարում,

Վերջ են տալիս գործունեությանը պառակտիչ

Ու  մոլուցքին  դաժան կռվի. դրանք են լոկ բերում մարդկանց

Ամեն տեսակ վայելչություն, խոհեմություն…

 

Այն  անձիք, որոնց   մանկուց   որևէ  արհեստ  չէին   սովորեցրել, օրենքով  իրավունք  էին  ստանում   հրաժարվել  իրենց   որդիական   պարտքից  և  չհոգալ  ծերացած  ծնողների  մասին: Այնուհետև,  Սոլոնը  հրապարակում  է մի  օրենք, համաձայն  որի  քաղաքացիական  երկպառակությունների  ժամանակ  այն  քաղաքացին, ով զենքը   ձեռքին  չի  մասնակցել   պառակտված  կողմերից  որևէ  մեկին, պետք  է   զրկվեր  քաղաքացիությունից   ու  մասնակցություն  չունենար   պետական  գործերին:

Անտոնիո  Գրամշիի  «Անտարբերություն»  հոդվածում  կարդում ենք` «Անտարբերությունը պատմության մեռած բեռն է: Այն նորարարի վզից կախված երկանաքարն է, անտարբեր  նյութ, որում հաճախ խորտակվում են ամենապայծառ խանդավառությունները …                         Ինչ-որ բան տեղի  է ունենում կամ տեղի չի ունենում ոչ այնքան այն պատճառով, որ ոմանք դա են ուզում, որքան այն, որ մարդկանց  զանգվածը հրաժարվում  է իր ցանկություններից, թույլ է տալիս գործել, թույլ է տալիս հյուսել հանգույցներ, որոնք հետո միայն սուրը կարող է կտրել, թույլ է տալիս հռչակել օրենքներ, որոնք միայն ապստամբությունն է ընդունակ խափանել, թույլ է տալիս իշխանության հասնել մարդկանց, որոնց միայն խռովությունը կարող է ցած նետել» [5]:

Սոլոնի  բարեփոխումները խաղաղություն  չբերեցին  աթենական  հասարակությանը: Պարտային  ստրկությունը  վերացնելու  համար  ազնվականներից  շատերը հեռացան նրանից: Ժողովուրդն էլ  ակնկալում էր, որ հողը  լրիվ  կվերաբաշխվի.

Չեմ  հետամտել ունայն  գործերին կամ էլ հոգսին՝

Տիրան դառնալու, ոչ էլ ձգտել եմ գիծը  ջնջելու՝

հարուստազքատի, ու  հող հայրենի  վերաբաշխելու

 

Նա ձգտում էր հաշտեցնել հակամետ  տրամադրություններն ու շահերը, տալ դեմոսին իրավունքներ, միևնույն ժամանակ  մինչև  վերջ  չոչնչացնել  ազնվականների  քաղաքական ուժն  ու  հեղինակությունը:

Այո, ժողովրդին  ես պատիվ տվի՝ նրան արժանի,

Չկրճատեցի  իրավունքը նրա, բայց և չտվի ոչինչ ավելի:

Մտածեցի ես և նրանց մասին, ովքեր  ուժ  ունեն և հարստություն

Այնպես, որ նրանց  չհասնի երբեք անարժան վնաս:

Եվ  կանգնեցի ես վահանի նման և պաշտպանեցի նրանց  իրարից

Եվ  թույլ չտվի, որ որևէ մեկը հաղթանակ տանի անարդարացի:

 

Մի   այլ  էլեգիայում  Սոլոնը  ասում  է.

 

…Թե  ուզեի

Երկու  ներհակ  կողմերին  էլ  հաճոյանալ

Ու  կատարել  ամեն  մեկի  պահանջները,

Բյուր  այրերից   այս  քաղաքը  պիտի  զրկվեր,

Ուստի  ամեն  կողմից   խռովք  եմ  ես  տեսել,

Ինչպես  մի  գայլ, որին  նեղում  են  շատ  շներ…

 

Աթենացիների  դժգոհությունը  հարկադրում  է  նրան  թողնել  Աթենքը  և  հեռանալ   տասը տարով: Նա  ճանապարհորդել  է  Եգիպտոս.  «մասամբ    առևտրական  գործերով,  մասամբ  հարցասիրությունից   դրդված»,  եղել  է  Կիպրոսում,   Լիդիայում  և  այլուր:  Իր  ճանապարհորդության   ընթացքում   հետաքրքրվել  է  տարբեր  ժողովուրդների  կենցաղով, ուսումնասիրել    այդ  երկրների   օրենքները  և  սովորությունները:

Վերադառնալով  Աթենք` Սոլոնը պայքարում  էր բռնապետության դեմ, որ ուժեղանում էր Պիսիստրատոսի օրոք։ Նա Պիսիստրատոսի հակառակորդն էր: Երբ մի անգամ  Պիսիստրատոսը  Սոլոնից  օգնություն  է  խնդրում  նոր  գրաված  Ակրոպոլիսի պաշտպանության համար, վերջինս  մերժում է,  ասելով՝  ոմանց նա գերազանցում է իմաստությամբ, իսկ  ոմանց՝ արիությամբ: Իմաստությամբ  գերազանցում է նրանց, ովքեր  չեն  հասկանում, որ Պիսիստրատոսը  բռնապետության է  ձգտում, իսկ արիությամբ՝  նրանց,  ովքեր  հասկանում են, բայց  լռում  են: Նա կոչ արեց  աթենացիներին պայքարելու Պիսիստրատոսի  դեմ, սակայն արձագանք  չգտավ:

Սոլոնը  կենսախինդ  անձնավորություն  է  եղել,  այդ  է  վկայում  Միմներմոսին  նվիրված  նրա  բանաստեղծությունը.

Եթե հիմա քեզ համոզեմ, դու քո այն խոսքը  կջնջես.

Չես զայրանա, եթե քեզնից  լավ  խոսեմ  ես

Եվ, փոխելով, Լիգիաստիա՛ն, դու հետևյալ  ձևով  կերգես.

«Թող մահը  ինձ տանի ութսուն տարեկանում»:

***

Հիմա ինձ համար հաճելի են Կիպրոսում ծնված աստվածուհու ջանքերը

Եվ  Դիոնիսոսի և Մուսաների, դրանց մեջ է տղամարդկանց ուրախությունը:

Հենրիկ  Էդոյանը   իր  մենախուությունում   մեջբերում  է  Սոլոնի  խոսքերը`  պոեզիան բացահայտում է այն, ինչ թաքցնում է օրենսդրությունը, իսկ օրենսդրությունը թաքցնում է, թե ինչ ողբերգություններ են տեղի ունենում աշխարհում, կյանքում, որովհետեւ ամեն օրենք հասարակության մի խավին բարձրացնում է, մյուսին՝ կործանում, իսկ պոեզիան ո՞ւմ կողմը պետք է լինի՝ նրանց, ում բարձրացնո՞ւմ է, թե՞ կործանում այդ օրենքը։

Ծանոթագրություն

 


[1] Անտիկ միջնադարյան վերածննդի գրականություն.կազմ. և առաջաբ. գրեց՝ Ա. Թոփչյան; Երևան, «Արևիկ», 1990:

[2] Հոմերոս, Իլիական, հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի, Երևան, «Զանգակ», 2022։

[3] Ալբերտ Ստեփանյան. Պատմության հետագիծը: Գործք, գրույթ, իմաստ, Եր., «Փրինթինֆո», 2014:

[4] Ֆրիդրիխ Նիցշե . Երկեր հինգ հատորով, հատոր II,  գերմաներենից թարգմանությունը Հակոբ Մովսեսի,  «Անտարես», 2018:

[5] Գրամշիի Մարդկության շրջանակը և Հայաստանը. Սմբատ Հովհաննիսյան, Արա Մերջեան, Նարեկ Մկրտչյան, մենագրություն, Փրինթինֆո, 2016:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *