Տիգրան Տեր-Մաթևոսյան | Պատմություն Մլեհ իշխանի մասին

1170 թվական, Լեռնային Կիլիկիա

Վահկա բերդում կախվել էր անորոշության ամպը։ Մարդիկ անվերջ պատասխաններ էին փնտրում, իսկ հարցերի քանակը ժամ առ ժամ ավելանում էր։ Հատկապես երկյուղած էր մանկահասակ իշխանի խնամակալ Թոմասը։ Նրան հուզում էր մեկ հարց, թե ինչպես երեխային հայտնի չարաբաստիկ լուրը։
–Ինչո՞վ է զբաղված մեր փոքրիկ իշխանը,- ներս մտնելով Ռուբենի սենյակ՝ ասաց Թոմասը։
Այդ պահին խնամակալին ընդառաջ վազեց մի խարտյաշ պատանի։ Երեխայի հայացքի մեջ անհնար էր չնկատել տխրության նշույլները։ Սակայն դա նրան հետ չէր պահում կենսուրախ և զվարթ երեխա լինելուց։
-Պատրաստվում եմ ընթրիքին, Թոմա՛ս քեռի,-ուրախ բացականչեց Ռուբենը։
-Քեզ համար կարևոր նորություն ունեմ տղաս, խոսքը քո հորեղբոր՝ Մլեհի մասին է։
Տղայի դեմքին սարսուռ հայտնվեց։ Ռուբենը շատ էր լսել Մլեհի չարագործությունների և հորը պատճառած ցավերի մասին։ Մլեհը տենչում էր տիրանալ հայոց իշխանաց իշխանի կոչմանը ու դրան հասնելու համար պատրաստ էր ամեն ինչի։ Դեռ շատ տարիներ առաջ եղբոր կողմից վտարվել էր իր հայրենիքից ու ապաստան գտել հայերի թշնամի համարվող Հալեպի ամիրա Նուրրեդինի մոտ։
-Լսում եմ, Թոմաս քեռի,-դժվարությամբ արտաբերեց Ռուբենը։
– Նուրրեդինից տրամադրած մահմեդական բանակի գլուխն անցած՝ քո հորեղբայր Մլեհն այժմ կանգնած է մեր հայրենիքի սահմանին։ Վախենամ, որ չենք կարողանալու դիմակայել նրա բազմահազարանոց զորքին։ Չնայած փոքր ես, բայց ամենալավը դու ինձ կհասկանաս։ Շատ եմ խոսել այս մասին Մելիք և Զաքարե իշխանների հետ։ Նրանք ինձ շարունակ հավաստիացնում են, որ պետք է բանակ հավաքենք ու մարտնչենք։ Բայց չգիտեմ, արդեն անզոր եմ։ Հորդ խոսք էի տվել, որ….,- Թոմասը չհասցրեց խոսքը ավարտել աչքերից հոսող արցունքների առատությունից։

Նման իրավիճակում Թոմասին նախանձելը դժվար էր։ Միշտ հիշում էր, որ դեռևս ֆրանկ իշխան եղած ժամանակ Թորոսը իրեն փրկել էր սրի քաշելուց և դարձրել իր երեխայի խնամակալը։ Մահվան մահճում Թորոսը մեկ բան խնդրեց Թոմասից, որ միշտ ապահով պահի իր միակ զավակին՝ Ռուբենին, որին աշխարհում ամենից շատն էր սիրում։ Վտանգը մոտ էր, և ավելին քան երբևէ պետք էր հոգ տաներ երեխայի անվտանգության մասին։ Սակայն ամբողջ ցավն այն էր, որ Թոմասը չգիտեր ինչ անել։
Հանկարծ Ռուբենը մոտեցավ Թորոսին և ձեռքը ուսին դնելով՝ ասաց.
-Ես նույնպես համաձայն եմ իշխանների հետ,-անվստահ պնդեց Ռուբենը։
-Այդպիսի բան ես չեմ կարող թույլ տալ։ Ա՜խ, ինձ հիշեցնում ես քո հորը՝ մեծն Թորոս իշխանին։ Նա էլ էր այդպես քաջ և համառ։ Կանգնելով թշնամու բանակի դեմ՝ նա աջ ու ահյակ սարսափ էր տարածում։ Բայց նա այլևս չկա, իսկ դու շատ փոքր ես։ Ես գիտեմ ինչ կանեմ։ Ռուբեն, տղա՜ս, մենք ստիպված ենք հեռանալ, – տեղից պոռթկալով որոշեց Թոմասը։
-Միթե՞ փախչելու ենք, հորեղբա՜յր։
-Մենք ստիպված ենք փախչել, հակառակ դեպքում խիստ կասկածում եմ, որ ես և առավել ևս դու ողջ կմնանք։

Թոմասի և Ռուբենի հեռանալուց անցավ երկու օր։ Մեկնելուց առաջ Թոմասը կարգադրել էր Մելիք և Զաքարե իշխաններին հաշտության եզրեր գտնել Մլեհի հետ՝ երկիրը ավերածությունից զերծ պահելու համար։ Բանակցությունների արդյունքում որոշվեց թույլ տալ Մլեհին անարգել տիրանալ հայոց գահին։ Վահկա բերդը պատրաստվում էր իր նոր տիրոջ գալստին։

Իսկ հայոց իշխան Մլեհը չէր շտապում դեպի Վահկա, քանզի նա անավարտ խոսակցություն ուներ Հալեպի և Դամասկոսի ամիրա Նուրրեդինի հետ։ Երկար, ճերմակած մորուքով, նիհար կերպարանքով և փքված այտերով Նուրրեդինը դյուրին զրուցակից չէր։ Նա միշտ գտնում էր իր վերջնանպատակին հասնելու ուղիները՝ տարբերություն չդնելով միջոցների միջև։ Նվազ զիջող չէր Մլեհը, որի խրոխտ կեցվածքը, առնական դիմագծերը ու ըմբոստ հայացքը զրուցակցին ստիպում էր զգոնություն ցուցաբերել։
-Ի՞նչ ես մտադիր անել այդ մանկան հետ, – լռությունը խախտեց Նուրրեդինը։
– Մտածում եմ նրան մեծացնել և դաստիարակել, որ իմ եղբոր ճակատագրին չարժանանա, – աներկբա արտաբերեց Մլեհը։
– Դու կրկին համառում ես։ Ռուբենը գահի միակ հավակնորդն է։ Իշխանաց տանը նա ունի ավելի շատ կողմնակիցներ, քան դու, և քեզանից ազատվելը մեծ խնդիր չի լինի։ Դրա համար հենց հասնես Վահկա բերդ, հրամայի՛ր սպանել տղային։
Այդ րոպեին սարսուռ անցավ Մլեհի մարմնով։ Չնայած ամբողջ կյանքի ընթացքում ատել էր եղբորը, սակայն այդպիսի ոճրագործություն իրեն չէր կարող թույլ տալ։
-Չեմ կարող, մեծն ամիրա՛,- հակադարձեց Մլեհը,- նրա երակներում հոսում է նաև իմ հերոս նախնիների արյունը։
-Իմացիր, որ ես չեմ կարող շարունակել քեզ հետ դաշնակցելը, եթե իմանամ, որ քո աթոռը հաստատուն չէ։ Առանց որի դու չես կարող պայքարել ո՛չ քո նախկին բարեկամ տաճարականների, ո՛չ Անտիոքի իշխանապետության, ո՛չ էլ Երուսաղեմի թագավորության դեմ։ Ավելորդ եմ համարում անգամ նշել, որ ընդհանրապես հնարավորություն չես ունենա դիմակայել բյուզանդացիներին։ Չնայած տարբեր հավատի տեր մարդիկ ենք, բայց քեզ սիրում եմ եղբոր պես, արի միասին ոչնչացնենք այս գարշելի ու փառասեր եվրոպացիներին, – զայրույթն ու հույսը միախառնելով պնդեց Նուրրեդինը։
– Մեծն ամիրա՛, մեր շահերը համընկնում են։ Կանեմ առավելագույնը։

Հորիզոնում ուրվագծվեց Վահկա բերդը։ Ա՜խ, ինչ դյութիչ էր Լեռնային Կիլիկիան։ Կարծես տեղի բերդերը հենց իրենք են ընտրել, թե որ քարի, որ ժայռի վրա են բազմելու։ Այս քարակերտ վիթխարի առյուծները ակնդետ հետևում են հայրենյաց երկրի անցուդարձին ու պատրաստ են ամեն րոպե վեր հառնել և երկիրը պաշտպանել անկոչ հյուրերից։ Իշխանատունը լիովին պատրաստ էր իր նոր տիրոջ գալստյանը։ Ամենուր ծածանվող կարմիր առյուծի դրոշը՝ Ռուբինյանների տոհմի խորհրդանիշը, վկայում էր մոտալուտ կարևոր իրադարձության մասին։

Մլեհը խորասուզվել էր անցյալի հիշողությունների մեջ։ Ինչպես էր նայելու այն մարդկանց աչքերի մեջ, որոնք իրեն դավաճան էին համարում: Ընդունելությունը հաջող անցավ, բացի մի քանի իշխանների դժգոհ դեմքերից, որոնք անզոր էին թաքցնել իրենց հիասթափությունը։ Ընթրիքից անմիջապես հետո Մլեհը հրավիրեց առաջին ժողովը։ Ժողովին մասնացում էին տարբեր ակնառու իշխաններ և հոգևորականներ, որոնք հավաքվել էին լսելու իրենց նոր տիրոջը։
-Ողջույն, մեծարգո՛ պարոններ։ Ուրախ եմ, որ այսօր անմասն չեք մնացել ինձ համար անչափ կարևոր այս օրից։ Վերադառնում եմ ինձ հարազատ այս ամրոց այն հույսով, որ այլևս չեն կրկնվի այն գժտությունները և ընդհարումները, որոնք մեծ վնաս հասցրին մեր պետությանը։ Բայց մինչ անցնելը երկրին վերաբերող կարևոր հարցերին, կուզենայի տեսնել եղբորորդուս՝ Ռուբենին։
Այդ պահին գերեզմանային լռություն տիրեց դահլիճում։ Բոլոր իշխանները շշմած իրար նայեցին։ Քիչ անց իր տեղից վեր կացավ Դավիթ անունով մի իշխան ու ասաց.
-Տե՛ր իմ, ձեր եղբորորդին…։
-Ի՞նչ է պատահել իշխան, – անհանգստացած հարցրեց Մլեհը։
-Նա անհետացել է։
Այդ խոսքին հաջորդեցին ցասում և զարմանք արտահայտող իշխանների դեմքի արտահայտությունները՝ ուղղված դեպի Դավիթ իշխանը։ Այդ րոպեին բոլորի համար անսպասելի լսվեց Մլեհ իշխանի ծիծաղը։
Ծիծաղեց մոտ կես րոպե, հանդարտվեց և խիստ ձայնով որոտաց.
– Չեմ հանդուրժի որևէ դավաճանություն։ Կարգադրում եմ տղային փնտրել և բերել ինձ մոտ։
-Ավաղ պետք է ասեմ, որ նա փախուստի է դիմել իր խնամակալի հետ, – տեղից բացականչեց Զաքարե իշխանը։
Այդ լսելուն պես սենյակում ներկա մարդկանցից շատերը վախից փակեցին աչքերը՝ Մլեհի պոռթկումը չտեսնելու համար։
-Շատ լավ,- հանկարծ հանդարտվեց իշխանաց իշխանը,- այդ հարցով ես ինքս կզբաղվեմ։ Ինձ մոտ արի Մեհմեդ։
Հանկարծ ամբոխի միջից վեր կացավ մի ահռելի կերպարանք և շարժվեց դեպի Մլեհը։ Սոված գայլի տեսք ուներ Մեհմեդը և այնպես էր նայում իշխաններին, կարծես իր համար կեր էր որոնում։ Նուրրեդինը Կիլիկիա գալուց առաջ Մլեհին տրամադրել էր իր ամենամարտունակ բանակներից մեկը, որը պետք է ապահովեր Մլեհի անվտանգությունը.
-Ասա քեզ ենթակա ամենահմուտ մարտիկներին, թող որոնեն երեխային և սպանեն։ Ինձ պետք չեն ավելորդ խոչընդոտներ։
Մելիք իշխանն անկարող եղավ զսպել իր զայրույթը։
– Եղբայրնե՛ր, բավական է հանդուրժենք նրան։ Ես կարծում էի, թե դու փոխվել ես, Մլե՛հ, բայց ակամայից սխալվեցի, նույն ստոր և ապիկարն ես մնացել։ Ախր մարդն ինչքան կարող է չսիրել իր հայրենիքը։ Համագործակցելով Մուհամեդի հետևորդների հետ և տենչալով իշխանության՝ դու ամոթով պատեցիր Ռուբինյանների տոհմը։ Վստահ եմ արդեն նույնիսկ կրոնափոխվել ես։
Այդ վերջին խոսքերից հետո բոլորը շրջվեցին Մլեհի կողմը՝ պատրաստվելով գիշատիչի խայթոցին.
-Երբեք չեմ հանդուրժի իմ դավանանքը հարցականի տակ դնողին, – ակնհայտ հեգնանքով սաստեց Մլեհը,- ես այստեղ եմ Քրիստոսի օրհնությամբ՝ երկիրը քեզ նմաններից փրկելու համար։ Մենք սխալ ենք եղել, որ մեր հայացքը մշտապես ուղղել ենք դեպի արևմուտք։ Ախր, ինչու՞ չեք գիտակցում, որ նրանք ձեզ օգտագործում են իրենց շահերի համար։ Ինչքան հեշտ կլինի ամեն ինչ, եթե փորձեք գոնե մեկ անգամ ճկունություն ցուցաբերել և ավելի լայնախոհ լինել։
-Հայրդ կզղջար, որ քեզ պես զավակ է ունեցել, որը պատրաստ է իր արյունակցին սպանել,- անվստահ արտաբերեց Մելիք իշխանը։
-Բավական է,- որոտաց Մլեհը,- ես դա անում եմ իմ հայրենիքի բարօրության համար։ Կարծում եմ զնդանում ավելի կկարևորես խոսքերիս արժեքը։

1173 թվական, Կոստանդնուպոլիս, Բյուզանդիա

Մլեհի ահարկու անունը թևածում էր Կիլիկիայից անդին։ Հենց Մլեհի և մահմեդականների հետ կազմած նրա դաշինքի հարցն էին քննարկում Բյուզանդիայի կայսր Մանուել Կոմնեսոսը և Անտիոքի պրինց Բոհեմուդ Երրորդը։ Երկուսն էլ բավականին խնամված և եվրոպացուն հատուկ դիմագծերով այրեր էին.
– Այս ամենը սկսվեց նրանից, որ դու չընդառաջեցիր իմ խնդրանքին։ Դեռ այս տարի՝ ավելի շուտ, երբ այդ ուրացյալ տաճարականը իր մահմեդական եղբայր Նուրրեդինի հետ պաշարել էր Կիլիկիայի երեք խոշոր քաղաքները՝ Մսիսը, Տարսոնը և Ադանան, ես քեզանից խնդրեցի, որ ավելի մեծ զորքով դուրս գաս նրանց դեմ։
-Դրանք կասրության ամենակարևոր հենակետերն էին Կիլիկիայում, – հեգնական ձայնքով պնդեց Կոմնենոսը։
–Ցավոք ես բավարար թվով զորամիավորումներ չունեի քեզ տրամադրելու համար,-հառաչեց Բոհեմուդը,- գիտեմ, որ դժվար իրավիճակում ենք հայտնվել, սակայն, միավորվելով տաճարականների հետ, միասին կարող ենք պատժել այդ մահմեդացած հային։
Թվում էր, թե կայսրի միտքը զբաղված էր այլ խնդիրներով և ուշադրություն չէր դարձնում Բոհեմուդի ասածին, սակայն այդ կասկածները փարատվեցին, երբ կայսր Մանուելը պատասխանեց.
-Միշտ սխալ եմ համարել քրիստոնյաների վրա զենք բարձրացնելը, սակայն սա այդ դեպքը չէ։ Եգիպտոսի սուլթան Սալահ Ադ-դինին և Նուրրեդինին միշտ էլ ատել եմ, սակայն չկա ավելի վատ բան, քան մահմեդականների հետ մտերմացած քրիստոնյան։ Այո, քրիստոնյան, որովհետև հայերը երբեք իրենց կրոնը չեն փոխում, ինչ էլ լինի։ Սիրելի՛ Բոհեմուդ, չհավատաս այդ ամենին, թե նա փոխել է կրոնը։ Ավաղ, ոչ։ Սակայն արժե Մլեհին բացատրել, որ հեթանոսների հետ համագործակցելով նա միայն ներքին պառակտություն է առաջացնում։
-Բայց որքանով ինձ է հայտնի, տեղի հայ իշխանները կողմ են նրա վարած քաղաքականությանը։
-Ինչպե՞ս թե կողմ են,- զարմացավ Մանուել կայսրը,- հայերի մեծամասնությանը երբեք դուր չի գալիս անհավատների հետ համագործակցելը։ Այդ խաբվածները սովորաբար մեզ են դիմում, հույսով, որ իրենց կօգնենք։ Բայց ինչ շահ կա մեզ իրենց փոքրիկ տարածքներից։
-Կա՛յսր, առաջարկում եմ դիմենք Ամորի առաջինին։
-Ի՞նչ պատրվակով մեզ պետք է օգնի Երուսաղեմի թագավորը,-հեգնանքով պատասխանեց Մանուելը։
-Ես և Ամորին լավ հարաբերությունների մեջ ենք։ Նա անպայման կկարևորի մեր դաշնակցությունը, քանզի նա նույնպես մեծ համակրանք չի տածում Մլեհի նկատմամբ։
-Լավ թող այդպես լինի։ Ցանկանում եմ, որքան հնարավոր է շուտ ազատվել այդ նենգ հայից։

Բայց ադյո՞ք հնարավոր է հաղթել այդ նենգ հային։ Ամորին սկսզբում մեկնեց Անտիոք այն հույսով, որ կկարողանար առաջ բերելով իրենց քրիստոնեական համերաշխությունը, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Բայց Մլեհը չէր պատրաստվում խաչ քաշել իր, Եգիպտոսի սուլթանի և Հալեպի ամիրայի բարեկամության վրա.
-Մեծարգո՛ իշխանաց իշխան, անպայման խոսիր Երուսաղեմի թագավորի հետ, – պնդում էին իշխանների մեծ մասը։
-Չեմ կարող, մեծարգո՛ իշխաններ,-շարունակում էր պնդել Մլեհը,-մենք չենք կարող զրկվել մեր մահմեդական բարեկամներից։
Այս անգամ իշխանները բուռն կերպով չարձագանքեցին Մլեհի ասածներին, ու կային դրա համար տարբեր պատճառներ։ Իշխանների մեծ մասը վախենում էր կարծիք արտահայտել, քանի որ տեսել էին, թե ինչեր էին կատարվել մյուս քննադատների հետ։ Բացի դրանից, իր կառավարման առաջին տարում Մեծ իշխանը որոշեց իր տերության կենտրոնը դարձնելը Սիսը, իսկ ավելի կոնկրետ Սաուրան և Սիս գետերի միջև գտնվող Անարզաբա բերդաքաղաքը։ Արդեն 1173 թվականին, երբ Մլեհ իշխանը տեղափոխվեց իր նոր հանգրվանը, շատ իշխաններ հրաժարվեցին հետևել նրան։

1174 թվական, Սիս, Կիլիկիա

Անարզաբա բերդաքաղաքում հերթական տոնախմբությունն էր։ Մեծից փոքր, փոքրից մեծ անդադար պարում էին։ Խնջույքին միացել էին իշխաններ Կիլիկիայի տարբեր մասերից։ Ամենաթեժ պահին, արդեն կիսով չափ գինովցած Մլեհը կանգնեց, հայացք նետեց ներկաների վրա ու սկսեց.
-Միշտ կհիշեմ այն օրը, երբ դուք՝ մեծամեծերդ, խեթ հայացքով ինձ դիմավորեցիք Վահկա բերդում։ Սկզբում ամեն ինչ հարթ չէր,-հառաչելով ասաց իշխանը,-սակայն հիմա ես լիովին վայելում եմ ձեր համակրանքն ու սերը։ Այո՛, այստեղ եմ եկել ամիրա Նուրրեդինի օգնությամբ և ուզում եմ, որ հարգենք մեր մահմեդական եղբայրներին։ Նրանք այլ կերպ են ապրում, այլ Աստծո են դավանում, բայց ունեն նույն խնդիրը ինչ մենք՝ ազատվել մեր տարածաշրջան ներխուժած եվրոպացիներից, որոնց համար նյութականը վեր է ամեն ինչից։ Մենք վռնդել ենք նրանց մեր հայրենիքից։ Արդյունքում, ամբողջ Կիլիկիան հայկական է։ Դա անհնար կլիներ առանց մեր դաշնակից պետությունների կառավարիչների՝ Սալահ-ադ-Դինի և իհարկե իմ լավ ընկեր Նուրրեդինի։ Ես և Հալեպի ամիրան նաև հատել ենք դրամ, որը մի քանի տարի է ինչ շրջանառության մեջ է։ Ձեզ մոտ այս ընթացքում երևի հարց է առաջացել, թե ինչու եմ միշտ այսքան մեծարում Նուրրեդինին։ Երբ եղբայրս՝ Թորոս իշխանը, ինձ վտարեց երկրից, ես ճարահատյալ գնացի Նուրրեդինի մոտ։ Նա՝ իմանալով, թե ով եմ ես, ինձ նշանակեց Կուրոսի կառավարիչ։ Այդ քայլը ես երբեք չեմ մոռանա։ Վերջին տարիների ընթացքում մեր երկրի հաջողությունների մեջ իր կարևոր ներդրումն ունի Նուրրեդինը։ Ուստի բաժակ բարձրացնենք նրանց համար, ովքեր հաշվի են նստում մեր հետապնդած շահերի հետ։

Քչերին էր հայտնի, որ այդ պահին դեպի Անարզաբա էր շտապում մի ձիավոր։ Նրա հավաքած արագությունը այնքան մեծ էր, որ վեր բարձրացած փոշին դեռ երկար ժամանակ կախված էր մնում օդում։ Ճանապարհին հանդիպած միակ արգելքը ամրոցի պահակազորն էր, որը ձիավորի ինքնությունը ճշտելուց հետո թույլ տվեց նրան առաջ անցնել։
-Տեր իմ, – գլխաշորը հանելով գլխից՝ ասաց զինվորականը,- Հալեպից կարևոր լուր ունեմ։
Մլեհից շատ ժամանակ չպահանջվեց իր ծառային ճանաչելու համար։ Ձիավորը Մեհմեդն էր։
-Արի բարձրանանք իմ սենյակ, այնտեղ կհայտնես լուրդ։
Մեհմեդը զգաց, որ Մլեհը հոգնած տեսք ուներ, ուստի, երբ բարձրանում էին Մլեհի սենյակ, նրան մի քանի անգամ հարցրեց, թե արդյոք ավելի հարմար չի լինի, եթե նորությունը վաղը հայտնի։ Սակայն Մլեհը անընդհատ պնդում էր, որ դրա կարիքը չկա։ Մլեհի սենյակը համեստ տեսք ուներ։ Սեղանին դրված էր Աստվածաշունչը, մահճակալը կոկիկ հավաքված էր, իսկ սենյակի հատակը ծածկում էր ալ կարմիր զարդանախշերով գորգը.
-Ասա՛, ի՞նչ է եղել Մեհմեդ,-հոգնած ձայնով հարցրեց Մլեհը։
-Հենց այսօր ցերեկը Հալեպից լուր ստացա, որ Նուրրեդին ամիրան վախճանվել է,- հայտնեց Մեհմեդը։
Մլեհը գիտեր, որ Նուրրեդինը վատառողջ էր, սակայն լուրը ամեն դեպքում ցնցեց նրան։ Նա անընդհատ խորհում էր, թե ինչո՞ւ հիմա, այս պատասխանատու և կարևոր ամիսներին, երբ հզոր դաշնակցի և հարևանի հետ ունեին այլ նպատակներ։ Չհասցրեց Մլեհը պատասխանել Մեհմեդին, երբ խորհրդավոր մշուշը փակեց աչքերի լույսը։ Հնարավոր է, որ այս նույն մշուշը և պատեր Կիլիկիան, եթե Մլեհը արագ չգիտակցեր, թե ինչպես պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալ.

1186 թվական, Ադանա, Կիլիկիա

Ջահան գետի մոտակայքում է գտնվում Մարաշ բերդաքաղաքը, որը Կիլիկիայի այն քիչ բերդերից էր, որը կարողացավ կանգուն մնալ՝ ի հեճուկս թշնամիների բազում ասպատակությունների և բնական արհավիրքների։ Ահա այդ բերդաքաղաքի իշխանական օթյակում Մլեհը և իր եղբոր՝ Ստեփանեի որդի Ռուբենը նստած էին դեմ դիմաց.
-Հորեղբայր, ինձ ավելի շատ կպատմե՞ս, թե ինչ արեցիր Նուրրեդինի մահից հետո։ Լինելով իշխանաց իշխան՝ ցանկանում եմ քեզ պես փորձվածներից սովորել։
Մլեհը ժպտաց Ռուբենին, տեղից վեր կացավ և ալեհեր մորուքի հետ խաղալով, շարունակեց.
-Շատ դժվար և խառը ժամանակներ էին տղաս։ Նուրրեդինի մահից հետո տեղս չէի գտնում։ Նրան համարում էի լավ ընկեր ու խորհրդատու, առանց որի դժվար թե այսօր ես քո կողքին ողջ և առողջ կանգնած լինեի։ Ինչևիցե, երբ Նուրրեդինը մահացավ, ինձ այդ լուրը հայտնեց իմ հավատարիմ ծառաներից Մեհմեդը։ Նա լուրը հայտնելուն պես ինձ տվեց մի կտակ, որի մեջ գրված էր, որ ամբողջ Դամասկոսը և Հալեպը ինձ է կտակել։
-Բայց, եթե չեմ սխալվում Նուրրեդինը փոքրիկ տղա ուներ։
-Այո, բայց հետո պարզվեց, որ տղային դաժանորեն սպանել են։ Ուստի Նուրրեդինը ինձ էր համարում իր միակ բարեկամը։ Դրա շնորհիվ է, որ հիմա Կիլիկիայի ազդեցության գոտում են նաև գտնվում Հալեպը և Դամասկոսը։ Դե դրանից հետո վստահ եմ ինքդ էլ գիտես, թե ինչպես բարեկամական հարաբերություններ հաստատեցինք Իկոնիայի և Եգիպտոսի սուլթանությունների հետ, և այդ սերտ համագործակցության շնորհիվ է, որ մեր տարածքը ապահովագրել ենք բյուզանդացիներից և այլ հնարավոր թշնամիներից։
-Ես էլ անպայման կշարունակեմ քո ավանդույթը և միշտ կհամագործակցեմ մահմեդականների հետ՝ հանուն Կիլիկիայի բարօրության։
Այդ լսելուն պես՝ Մլեհը վճռական նայեց իր եղբորորդուն և ասաց.
-Ռուբեն, տղա՛ս, մենք պարտավորված չենք վազել, միայն այն պատճառով, որ դա արել են մեր նախնիները։ Ես փորձեցի քայլել և թող սերունդները որոշեն, թե վազելով ավելի շուտ կհասնեի վերջնակետին, թե՝ քայլելով։

«Շիրակացու ճեմարան» միջազգային գիտակրթական համալիր

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *