Նրա հետ իմ հանդիպումը շատ պատահական ստացվեց:Զորամասից դուրս էի եկել, փռվել դեղին, ավազե հողեշերտին ու վայելում էի գարնանային կեչիների զեփյուռը: Շուրջս աննպատակ լռություն էր, վերեւում` անդարդ երկինք, իսկ կողքիս կես եղած ,Բելամորե-ի տուփն ու կիսաչոր ,Սովետականե շամպայնի շիշը` ձողիկով: Ամեն մի ներս քաշած դառնահամ ծխից հետո, երբ կոկորդումս գալարվելով ու պատերին քսվելով հասնում էր ստամոքսիս, ձողիկով մի ումպ էի անում ու զգում, թե ինչպես է շամպայնը ներսում պատերից քերում ,բելամորյանե մրուրն ու, խառնվելով ստամոքսումս, բանակային կոկտեյլ դառնում: Երևանից նամակ էի ստացել, ընկերս գրել էր. ,Նառան իրեն լավ չի պահում, ընկեր ունիե, ու հարցրել էր` ի՞նչ անեմ: Ընդամենը մի քանի օր առաջ Հաղթանակի օրվա կապակցությամբ բացիկ էր ուղարկել: Շարադրանքը, զգացի, անկեղծ էր, բայց չոր` առանց հույզերի, առանց կարոտի և սպասման: Ես այն մինչեւ հիմա էլ պահում եմ: Հիմա ընկերս հարցնում է` ի՞նչ անեմ: Մինչ ես բանակային դառը կոկտեյլի ազդեցության տակ հարցի պատասխանն էի մտմտում, նա` Տանյան, ասես երկնքից` պուկ, հայտնվեց կողքիս:
-Համա թե բախտավոր են սովետական բանակի զինվորները,- ասաց ու նյարդային ժպտաց:
-Նայած` ով,- ասացի և, շիշը բարձրացնելով, հարցրի,- կխմե՞ս :
-Առավոտյան շամպայն խմում են միայն արիստոկրատները կամ դեգեներատները: Նախընտրում եմ օղին` գարեջրով, իսկ եթե չի լինում, ուրեմն` պորտվեյն,- ասաց ու, շամպայնի շիշը խլելով ձեռքիցս, քաշեց գլուխը: Հետո ոնց եկել էր, այդպես էլ չքացավ ու քիչ անց վերադարձավ` քշտած փեշի մեջ լիքը մորի եւ վայրի ելակ հավաքած: Ես մերժված լոթի մոզու նման պառկած` հերթական վառած ,Բելամորիե ծուխն էի կուլ տալիս, երբ Տանյան նորից հայտնվեց: Ցցվեց գլխավերևումս, այնպես, որ եթե չուզենայի էլ, չէի կարող չնկատել երկար ու ձիգ, սպիտակ, շողշողուն ոտքերի փայլը: Նա փեշի պարունակությունը զինվորական գլխարկիս մեջ դատարկելուց հետո հրամայեց.
-Կեր:
Ես, չռված աչքերս նրա շողշողուն ոտքերից չկտրելով, շարունակեցի ծխել: Տանյան կիպ նստեց, միտումնավոր` աջ ոտքը մինչև ազդրը բաց.
-Սրիկան ինձանից շուտ արթնացավ, ջինսե տաբատս քաշեց վրան ու թռավ: Էս շորով անհարմար է, ոնց նստում եմ, ներսից շողշողում է,- ասաց` առանց մանրամասնելու, թե ո՞վ է սրիկան, որ իր տաբատն հագել է ու թռել:
-Այսպես ավելի լավ է,- ասացի` աչքս ոտքերից չկտրելով:
-Նայած` ում համար: Լավը նայելու համար չէ, գործի՛ր, ջիգի՛թ, եթե այդքան լավ է,- ասաց և, ձեռքը սահեցնելով կրծքավանդակիս վրայով, փարթամ կրծքերով փռվեց երեսիս:
-Սպասիր,- համարյա կիսաշնչահեղձ ասացի, հրեցի և դիրքավորվելով փորձեցի շունչ քաշել:
-Գնանք,- ասացի և վեր կացա: Քաշելով նրան էլ բարձրացրեցի և չիմացա էլ` շամպայնի ազդեցությո՞ւնն էր պատճառը, թե՞ սիրածս աղջկա դավաճանությունը, համարձակ, փորձառու որձի պես գրկեցի Տանյայի իրանը, այնպես, որ նրա մարմնի դողը էլեկտրաշոկի պես փոխանցվեց մարմնիս: Մենք դուրս եկանք անտառից` քայելով մոտակա բնակելի ավանի կողմը:
Ճանապարհին ծանոթացանք: Նա պատմեց ամուսնու` Սաշայի մասին, ով արդեն հասցրել էր երեք անգամ լինել ուղղիչ աշխատանքային գաղութում, որտեղ էլ ծանոթացել էին, երբ տեխնիկումի ինքնագործունեության երգի խմբակը աշխատավորների տոնի առիթով այցելել էր կալանավայր` համերգ տալու: Ասաց` սիրեցի էդ սրիկային առաջին հայացքից, ի՞նչ իմանայի, որ նարկոմանի հետ գործ ունեմ: Հետո պատմեց, թե ո՞նց է սպասել նրա ազատման օրվան, ինչպես են ամուսնացել, և ինչպես է Սաշան փորձել նրան նստեցնել ասեղի վրա, իսկ ինքը հրաժարվել է և չդադարող ծեծուջարդից հետո ստիպված է եղել Սաշային հանձնել միլիցիայի ձեռքը: Հետո պատմեց, որ արդեն երեք ամիս է` Սաշան վերադարձել է, չի ծակվում, բայց խմում է, ասաց` իրար հետ էլ են խմում, բայց Սաշայի օրգանիզմը քայքայված է և երրորդ բաժակից հետո անջատվում է:
-Ավարտված բոզի տղա է, կյանքս փչացրեց,- ասաց ու աչքերը թրջվեցին:
Նա անդադար պատմում էր իր մասին այնպես, կարծես, խնամախոսության էի եկել, իսկ ես այդ ողջ ընթացքում մտածում էի Նառայի, նրան պատժելու մասին: Ընկերոջս ,ի՞նչ անեմե-ի պատասխանն էի փնտրում: Գուցե հենց Տանյայի պատմությունների մեջ էի փնտրում, որոնց նկատմամբ համարյա անհաղորդ էի:
Արդեն մտել էինք ավան: Առաջին իսկ պատահած խանութից երկու շիշ օղի, գարեջուր, կիլկի ձկան պահածոներ, ,Բելամորե գնեցի և այն է` ուզում էի հարցնել, թե ո՞ւր գնանք, Տանյան առաջարկեց.
-Տուն գնանք, նա այսօր ջինսս հագել է ու թռել: Ուշ կգա,- ասաց ու քիչ դադարից հետո շարունակեց,- եթե, իհարկե, ապուշը կարողանա գալ:
Տանյան, ինչպես ասում են, իր խաչի զորությունը լավ գիտեր: Սաշան տանը չէր: Տանյան բնակվում էր հանրակացարանում: Անշուք և թափթփված սենյակում դատարկ շշերի առատությունը, սեղանին` չոր հացի կտորները, կիսած նրբերշիկն ու թթու վարունգի մնացորդները ավելի շատ հիշեցնում էին մեր զորամասի կաթսայատունը, որտեղ զինվորները հաճախ գիշերները զվարճանում էին տեքստիլագործուհիների հետ: Հենց տեքստիլագործների ֆաբրիկայի հանրակացարանում էր ապրում Տանյան: Ընդհանրապես, այդ ֆաբրիկան մեր զորամասի փրկությունն էր: Աղջիկների պակաս չկար: Այստեղ գործող թեթեւ արդյունաբերության տեխնիկում սովորելու էին գալիս աղջիկներ` անծայրածիր Ռուսաստանի տարբեր ծայրերից, ստանում էին տեքստիլագործ-ջուլհակուհու որոկավորում, հետո մնում էին, աշխատանքի ընդունվում կոմբինատում: Թե’ տեխնիկումը և թե’ բնակելի ավանը, որ հիմնադրել էին այդ կոմբինատի համար, դարձել էր մարզի զորամասերում ծառայող զինվորների սիրելի վայրը: Նույնիսկ փողոցներում զինվորական պարեկների առատությունը անզոր էր կասեցնել զորամասերը ինքնակամ լքած զինվորների հոսքը: Գալիս էին ոտքով, ավտոբուսով, շատերը` էլեկտրագնացքով: Մեծ մասը նույնիսկ քաղաքացիական հագուստներ ունեին պահած և, հասնելով հանրակացարան, անմիջապես հանդերձավորվում էին, իրենց տալիս քաղաքացիական անհոգ կյանքին: Այս ավանում, հատկապես` զինվորին ձեռքից ձեռք էին փախցնում: Նույնիսկ հանուն զինվորի, կանանց միջև կռիվներ էին լինում, որոնք ավարտվում էին կա՛մ չանկռոցներով, կա՛մ, որ ավելի դաժան էր, 15-օրյա կալանքով: Իմ վեց ամսվա ծառայության ընթացքում ավանային լեգենդների մասին շատ էի լսել, բայց առաջին անգամ էր, որ հայտնվել էի այնտեղ: Բոլորն էլ այդպես էին փորձություն անցնում: Ընկնում էին ջուլհակուհիների լարած թակարդը, սեր անում, խմում, կռվում, բաժանվում, ոմանք նույնիսկ ծառայությունից հետո ընտանիք էին կազմում և մնում ավանում: Որձ տղամարդու ահռելի պակաս կար Ռուսաստանում, հատկապես` այնպիսի վայրերում, որտեղ հիմնականում աշխատատեղերը կանանց համար էին: Այդ տեսանկյունից Ռուսաստանը հայ տղաների համար տղամարդ կռելու դարբնոց էր, և ես, մայրական փեշից պոկված, կնոջ հոտը դեռ չառած եւ մերժված մոզու կարգավիճակում, հայտնվեցի դարբնոցում` սալի և մուրճի արանքում: Դարբինս Տանյան էր, ով պատվով և որակյալ կռեց ինձ, այնպես` կարծես ինքն իր կյանքի վերջին ակորդն էր կատարում: Տանյան ինձ դարձրել էր հաստոց` կրքերը բավարարելու համար, և ես դժգոհելու առիթ չունեի: Ես ուշիմ աշակերտի պես սովորում էի և ջանում, որ ,վարպետսե իրեն բավարարված զգա: Մինչև ուշ գիշեր Տանյան ինձ ծանոթացնում էր Կամասուտրայի կանոններին, և մենք մերթ ընդ մերթ ալկոհոլային դադար էինք վերցնում, խմում էինք և ծամում ժամկետանց` տոմատե սոուսի մեջ տապակված կիլկիները: Կեսգիշերն անց, երբ արդեն ուժ չէր մնացել, ես անկողնում պառկած ,Բելամորիե հերթական հատիկն էի ծխում և մտածում ընկերոջս գրած ,ի՞նչ անեմե-ի պատասխանի մասին, դուռը աղմուկով բացվեց: Պատերին քսվելով և չգիտես` ում հասցեին բարձր հայհոյանքներ շաղ տալով` ներս մտավ Տանյայի ամուսինը: Ես փորձ արեցի հագնվել, բայց Տանյան հրահանգեց.
-Հանգի՛ստ, պառկի՛ր, չես տեսնո՞ւմ` սատկած է, վրան հալ չկա:
Տեսնելով մեզ` Սաշան փորձեց մոտենալ, բայց, հասնելով սեղանին, նկատեց օղու կիսատ շիշը, ձեռքը արհամարհական թափ տվեց, վերցրեց շիշն ու կուլ տվեց տակը մնացած օղին: Հետո շրջվեց մեր կողմ եւ, նայելով Տանյայի աչքերի մեջ, առանց առանց զայրույթի հայհոյեց.
-Ես քո մերը,- ասաց ու թե,- կսպանեմ քեզ, լի՛րբ:
Ես թռա անկողնուց, Սաշան ձեռքերով պաշտպանական դիրք ընդունեց և, մի կերպ բառերը արտաբերելով, լղոզված ասաց.
-Է՛յ, զինվո՛ր, ես քու մերը…, մի՛ խառնվիր մեր գործերին: Շինել ե՞ս էս բոզին, լավ էս արել: Հագնվիր ու ռադ եղիր տանիցս:
Ես, աքլորացած, ամբողջ ուժով, բռունցքի մի քանի հարվածով նախշեցի նրա դեմքն ու տապալեցի գետնին, այնպես, որ հետո` մոտ քսան րոպե, Տանյան չէր կարողանում դադարեցնել նրա աչքի տակից եւ բերանից հորդացող արյունը: Սաշան լեշի պես փռվել էր և ուշքի չէր գալիս: Տանյան էլ չէր փորձում նրան հետ բերել: Միայն զարկերակը զննեց.
–Լավ է, թող քնի, առավոտյան մինչև սթափվի, արթնանա, ես ջինսս կհագնեմ,- ասաց ու արագ արագ արձակեց Սաշայի գոտին, վրայից քաշեց, հանեց ջինսե տաբատն ու խնամքով ծալեց, դրեց բարձի տակ:
Արդեն լուսանում էր:
-Ես գնամ,- ասացի,- գոնե վերկացին հասցնեմ:
-Էլի կգաս, չէ՞, – հարցրեց,- սպասե՞մ
-Սպասիր,- ասացի,- կգամ, տղամարդու խոսք, կգամ:
Եվ դուրս եկա սենյակից:
Երբ հասա զորամաս, գումարտակը շարահարապարակում էր: Իմ չար բախտից չպլանավորված ստուգում էր եղել: Բացակայությանս պատճառով տագնապ էր հայտարարվել, և ողջ գիշեր գումարտակին, որպես տույժ, կանգեցրել էին շարահրապարակում: Ես ներկայացա, հիմար հորինվածքով բացատրություն տվեցի, բայց դա չօգնեց: Ինձ յոթօրյա հաուբվախտով պատժեցին, իսկ մինչ հաուբվախտ ուղարկելը ստիպված էի ավլել ողջ շարահրապարակը, ինչն էլ արեցի: Այսպիսին էր սովետական բանակը: Բանակ ճանապարհելիս բաժակ էին բարձրացնում, բարի ծառայություն մաղթում և շեշտում էին` գնա, տղամարդ դարձիր, իսկ երբ դառնում էիր, ուղարկում էին տուգանային աշխատանքի` շարահրապարակ մաքրելու կամ հաուբվախտում նստելու: Իմ դեպքում երկուսն էլ եղավ: Տղամարդ դառնալս մի քիչ ծանր նստեց, բայց, ինչպես ասում են, համը մնացել էր բերանումս, և ես առաջին իսկ հնարավորության դեպքում բռնեցի Տանյայի տան ճանապարհը:
Մեր առաջին հանդիպումից անցել էր հինգ ամիս: Ես արդեն ընկերոջս ,ի՞նչ անեմե հարցին պատասխանել էի` «մոռացիր»` կարճ ու լակոնիկ ոճով: Քավել էի մեղքս և լավ ծառայությանս դիմաց վաստակել մեկօրյա արձակման թերթիկ: Այդ ընթացքում մի քանի անգամ էլ Տանյան էր այցելել ինձ` զորամաս, և ավելի էինք մտերմացել: Տանեցիները փոստային փոխանցմամբ այն ժամանակվա համար բավականին կլորիկ գումար էին ուղարկել: Հարյուր ռուբլին բանվորի մեկ ամսվա աշխատավարձն էր, իսկ զինվորական թոշակը ընդամենը երեք ռուբլի հիսուն կոպեկ էր, որի մեծ մասը ապրանքի տեսքով էինք ստանում ` ատամի մածուկ, սափրվելու համար` ,Նեւաե ածելիի սայրեր, որոնցով ոչ մի կերպ չէր ստացվում սափրվել, օճառ և էժանագին սիգարետներ: Ու հիմա` մի ամբողջ կարողություն գրպանումս գնում եմ, մեղմ ասած, շնանալու:
Շուկայում լենքորանցի թուրքերը ծաղիկներ էին վաճառում: Մոտեցա, ծանոթացանք, զրուցեցինք, և, որպես հայրենակցի, վաճառքի գնից էժան զիջեցին: Հինգ հատ մեխակ գնեցի և երկու շիշ Աղդամի գինու գործարանի ,Խնձորի գինիե: Ծաղիկները ձեռքիս քայլում եմ փողոցով, իսկ կողքից անցնողները, չհասկացա, թե ինչո՞ւ, զարմացած ժպտում են: Երբ հայտնվեցի կիսաբաց դռան արանքում և ծաղիկները մեկնեցի նրան, Տանյան ուրախությունից իրեն կորցրեց.
-Ինձ ոչ ոք, հասկանում ե՞ս, ոչ ոք ծաղիկներ չի նվիրել,- ասաց ու արտասվեց: Հետո փաթաթվեց վզովս, համբուրեց ու էլի արտասվեց:
-Գնանք մի տեղ,- ասացի,- ման գանք:
-Հիմա,- ասաց, – շրջվիր, շորերս փոխեմ:
Ես իբր շրջվեցի: Դիմացս` պատից կախված հայելու մեջ շողշողում էր Տանյայի մերկացող մարմինը: Նրա ձեռքի ամեն մի շարժում, կարծես, սլացիկ կեչուց կաթող ցող լիներ: Սպիտակ, մարմարի պես նուրբ մարմնի էներգիան հայելուց փոխանցվում էր ինձ և լուսավորում ու ջերմություն սփռում շրջապատի վրա: Ես շրջվեցի, գրկեցի նրան, իսկ նա սպասում էր, և մենք թավալվեցինք անկողնու մեջ: Չնկատեցինք էլ, որ դուռը կիսաբաց է: Քափ-քրտինք կտրած` ազատություն էինք տվել մեր կրքերին, երբ շնչակտուր իրեն ներս գցեց Տանյայի հարևանուհին և աննորմալ ձայնով ոչ այն է ճղճղաց, ոչ այն է բղավեց.
-Բրեժնևն է մահացել, հենց նոր հայտնեցին,- ասաց ու, մեզ այդ վիճակում տեսնելով, շվարեց:
– Երնեկ ձեզ, – ասաց ու նորից կրկնեց,- Բրեժնեևն է մահացել, իսկ դուք ղզղնած կատուների պես շինվում եք:
-Գենսեկին պատվով կճանապարհենք,- իրեն չկորցրեց Տանյան ու թե,- հետո ի՞նչ, ի՞նչ ընդհանուր կապ ունի նրա մահը մեր շինվելու հետ: Նա չէր սիրում սեքսը, ուրեմն` հաջողություն…Թող բարով գնա:
-Տանյա՛, չի կարելի,- ասացի,- մեր երկրի ղեկավարն է մահացել:
-Լսիր,- ասաց, – այստեղ լենինյան սենյակ չէ:
Հետո սկսեց փնթփնթալ.
-Մահացել է… Մի տես, է՛: Նա վաղուց էր մեռել, հաստատ, ուղղակի էդ բիձեքը փոխարինողի հարցում իրար հետ լեզու չէին գտնում, չէին ասում: Հիմա կթաղեն և մի նոր կիսամեռ իմպոտենտի կնշանակեն նրա փոխարեն:
-Տանյա՛, վերջացրո՛ւ: Քեզ ի՞նչ եղավ,- ձայնիս տոնայնությունը բարձրացնելով` ասացի:
-Ոչինչ, ոչինչ էլ չի եղել, – ասաց, – նեղվեցի, երբ մտածեցի, որ էդ բիձեն հարամ արեց մեր օրը, որ պետք է գնաս, որ նորից պետք է սպասեմ…
-Ստիպված եմ գնալ,- ասացի ու հեգնեցի, – ծառայում եմ Սովետական Միությանը:
Ինձ արագ կարգի բերելով` դուրս եկա հանրակացարանից` ինքս էլ չհասկանալով, թե ինչու պետք է արձակման թերթիկումս գրված ժամերը չլրացրած վերադառնամ զորամաս: ,Վերջապես, որտեղի՞ց ես պետք է իմանայի Բրեժնևի մահվան մասին երբ դրսում եմե,- մտածեցի, գտա արդարացման բանաձեւը և կրկին բարձրացա վերև` Տանյայի մոտ:
-Գրողը տանի, դու չգնացիր, ինչո՞ւ,- հարցրեց Տանյան:
-Արի գնաք` ման գանք, դեռ ժամանակ ունեմ,- ասացի,- ինչո՞ւ վաստակած ժամերս անտղի վատնեմ:
Տանյան ժպտաց, գլուխն օրորեց:
-Գժվում եմ, երբ խելացի տղամարդու եմ հանդիպում,- ասաց, և մենք դուրս եկանք փողոց:
– Սաշայից ի՞նչ կա, որտե՞ղ է, – հարցրի:
-Էլ չկա Սաշան: Նա նարկոդիսպանսերից էլ դուրս չի գա,- ասաց և ավելացրեց,- նրան այնտեղից կա՛մ հոգեբուժարան կտանեն, կա՛մ գաղութ:
-Լավ չի,- ասացի:
-Հա, իհարկե, լավ չի, ջինսս էլ հագին էր, երբ տարան,- ասաց և ծանր հոգոց հանեց,- Էհ, կորցրի այն:
-Ես քեզ համար նորը կգնեմ, չմտածես,- ասացի ու անմիջապես էլ հարցրի,-գնչուների շուկան որտե՞ղ է:
-Դու լո՞ւրջ ինձ ուզում ես նման թանկ նվեր անե՞լ,- ասածս կասկածի ենթարկեց Տանյան:
-Թանկ չի,- ասացի և նորից հարցրեցի,- որտե՞ղ են գնչուներն իրենց ավարը վաճառում:
-Դրանց հետ զգույշ պետք է լինել, ,կուկլաե են անում: Առնում, հագնում ես, հետո` մի քանի ամիս անց, պարզվում է, որ ջինս չի,- զգուշացրեց Տանյան:
-Գիտեմ,- ասացի, – ես ջինսը տեխասե կտորից տարբերակելու իմ մեթոդներն ունեմ:
Տանյան լավ գիտեր ավանի ծակուծուկերը: Ընդամենը մի քանի րոպեից մենք արդեն գնչուների մոտ էինք: Ես, բանիմաց մարդու հայացքով զննեցի տաբատները, լուցկու հատիկը թքոտեցի, մի քանի անգամ քսեցի կտորին և ընտրելով մեկը, գլխով հավանության նշան արեցի.
-Փորձիր:
Մեկ րոպե հետո Տանյան դիմացս երջանիկ պտտվում էր.
-Ո՞նց է:
-Սազում է, լավն է, բարով մաշես, – ասացի և հիսուն ռուբլի վճարեցի ջինսի համար:
Տանյան էլ ջինսը չհանեց վրայից, երանության մեջ էր: Կախվել էր թևիցս և իմ հասցեին անդադար գովեստի խոսքեր էր շռայլում: Հետո մենք տուն գնացին, բացեցինք Աղդամի ,Խնձորի գինինե և նշեցինք ջինսե տաբատի առիթը, ձեռքի հետ էլ չմոռացանք Բրեժնևին` նրան համար էլ խմեցինք:
***
Երբ զորացրվեցի, Տանյան արդեն Մոսկվայում էր ապրում: Նոր կյանք էր սկսել: Ասաց` լավ տղա է, մի քիչ խմում է, բայց ուղեղը տեղն է: Նրան հանդիպեցի կառամատույցում: Իմացել էր մեկնմանս օրն ու ժամը և ամուսնուց գաղտնի եկել էր ,Կուրսկիե կայարան: Հուզվել էի, չէի սպասում նման անակնկալ: Նա նույն գեղեցկուհին էր` սլացիկ ձիգ կառուցվածքով և ավելի խնամված: Ասաց` չգրես, մոռացիր ինձ, ստեղծիր քո աշխարհը, քո ընտանիքը և ապրիր երջանիկ: Մենք հրաժեշտ տվեցինք իրար և վերջին անգամ գրկախառնվեցինք:
***
Այս պատմությունից մոտ 12 տարի անց` 1994 թվականին, Լոս Անջելեսում ընկերոջս հետ նստած ենք ռեստորանում, հանկարծ դիմացի սեղանից շատ հարազատ ծանոթ քայլվածքով ինձ է մոտենում սլավոնական արտաքինով մի հրաշափայլ գեղեցկուհի և, ոչ ավելի, ոչ պակաս, համարյա թռնում գիրկս, փաթաթվում և անկուշտ սկսում համբուրել: Սկզբում անորոշությունից խառնվեցի, հետո արդեն ճանաչեցի: Նայում եմ ու ինքս ինձ հարցնում` մի՞թե Տանյան է: Հա էլի, նա է: Եվ մինչ ես ուշքի կգայի, Տանյան կիպ նստեց կողքիս և սկսեց հարցուփորձ անել: Ընկերս ռուսերեն չէր հասկանում, եւ Տանյայի հարցուփորձին զուգահեռ նրանց ծանոթացրեցի, պատմեցի մեր մասին` բնականաբար, ոչ ամբողջ անկեղծությամբ, և շարունակեցի վայելել նրա գեղեցկությունը: Հետո Տանյան, իմանալով, թե որ հյուրանոցում եմ իջեւանել, հրահանգեց.
-Վաղը ամուսինս երկու օրով գործերով մեկնում է Նյու Ջերսի: Երեկոյան կսպասես, քո հետևից մեքենա կուղարկեմ: Վաղը դու իմն ես:
Հետո, ոնց երեխայի գլուխը, մատներով խառնեց մազերս, համբուրեց եւ վերադարձավ դիմացի սեղանին նստած ընկերուհիների մոտ: Հաջորդ երեկոյան սենյակիս հեռախոսը զանգեց և հեռախոսի մյուս ծայրում լսվեց Տանյայի ձայնը.
-Իջի՛ր, ես ներքևում եմ:
Կադիլակի մեջ երկուսով էինք և սևամորթ վարորդը: Ասաց` ազատ խոսիր, մեր լեզուն չի հասկանում: Ասաց և ինքն էլ շարունակեց խոսել.
-Գիտեմ, ձեզ մոտ ծանր ժամանակներ են` պատերազմ, ցուրտ, սով, անգործություն: Ո՞նց ես դիմանում:
-Ոնց բոլորը, – ասացի և լռեցի:
Հետո ամենայն մանրամասնությամբ հարցրեց ինձանից, ընտանիքիցս, գործերիցս: Պատմեց իր մասին. իմացա, որ շարունակում է ապրել Կոլյայի հետ Մոսկվայում, ռուս-ամերիկյան համատեղ ձեռնարկություն են հիմնել, բացի այդ` ամուսնու հետ ներդրումներ են արել ամերիկյան ինչ-որ կորպորացիայում և զգալի մասնաբաժնի փայատեր են:
-Կոլյան լավ տղա դուրս եկավ, ասում էի, չէ՞, գլուխն աշխատում է, բայց մի թերություն ունի` խմելու հետ սեր ունի, սկսել է շուտ անջատվել,- հետո ասածը սրբագրեց, – բայց ոչ երկու-երեք բաժակից:
Ես լուռ լսում էի և ժպտում: Ասելու բան էլ չունեի: Մեզ մոտ պատերազմ էր…
***
Հաջորդ օրը, երբ բաժանվում էինք, նա ինձ մի փաթեթ տվեց և խնդրեց չմերժել` վերցնել:
-Քեզ համար ոչինչ չեմ գնել, բոլորը երեխայի և կնոջդ համար է,- ասաց և ավելացրեց,- հասցես չուզես, չեմ տալու, հեռախոսիս համարն էլ….Պետք չէ: Ուրախ եմ, որ հանդիպեցինք: Միշտ հիշում եմ քեզ:
Ես, գլխիկոր, փաթեթը տեղավորեցի թևիս տակ, համբուրեցի նրան, և մենք բաժանվեցինք:
Երբ վերադարձա հյուրանոց, ընդունարանում ինձ մի ծրար տվեցին` վրան գրված. ,Խնդրում եմ բացես օդանավի մեջ: Տանյաե:
Խնդրանքի համաձայն` ես այն գործուղման ամբողջ ընթացքում պահեցի գրպանումս և միայն Երեւան հետդարձի ճանապարհին, ինչպես որ խնդրել էր, օդանավի մեջ բացեցի: Մեջը 500 ամերիկյան դոլար էր և մի գրություն.
,Կներես, որ այսքան ուշ, բայց ինֆլյացիան հաշվի եմ առելե:
Հեռուստատեսությունից գիտեմ քեզ:Բերել էին որպես ղեկավար:Չէի ընդունում, մեծամտության ինչ-որ երագներ էի նկատում՝ դու ու քո շրջապատը:Հներին չէիր նկատում:Մի խոսքով, չերկարացնեմ՝ գրածդ շատ հավանեցի, ապրես:Մեծամտության նման տպավորություն ժամանակին ես էլ եմ թողել, հետո մարդիկ զղջացել են՝ մոտիկից շփվելով հետս:Ստեղծագործությունն ամենալավ շփման եզրն է:
Շատ սիրուն եք գրել: Հաճույքով կարդացի: Կուզեի էլի գործեր լինեին, բայց ափսոս այս մեկն է այստեղ: Որտե՞ղ կարող եմ Ձեր գործերը ընթերցել:
Հարգելի Սպարտակ զարմացա, որ մեծամտի տպավորություն եմ թողել… իմ տեսակին խորթ է նման կեցվածքը: Ինչ որ է, շնորհակալություն արձագանքի համար:
Հարգելի Աշոտ, շնորհակալություն արձագանքի համար:
Շատ տպավորիչ էր ~
Հրաշալի պատմություն՝մաքուր և անկեղծ