ԱՐԱՐԱՏ ԳՅՈՒԼԲԱՆԳՅԱՆ | Armageddon

Արարատ Գոյւլբանգյան

(ԲԵԽՕՏԵՍ-ի ուղին)

 Պարոն Մարատի վերջերս արված մտերմիկ հորդորը, որ անպայման մասնակցեմ հայտարարված գրական մրցույթին, անչափ շարժեց հետաքրքրությունս, մանավանդ, որպես նախապայման առաջարկվում էր հանրային բաց քննարկում հասարակության երկու` ավանդական և մոդեռն կողմնորոշում ունեցող գրասեր շերտերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ նոր ձևաչափով գրական մրցույթի բաց քննարկման եզրափակիչ փուլը ըստ կանոնակարգի պետք է հեռարձակվի հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Sms  քվեարկության ձայների հաշվարկով ու արհեստավարժ ժյուրիի պարգևած միավորների Fifty-Fifty համադրությամբ որոշվելու է Մրցանակակիրը: Սահմանված է միայն մեկ առաջին մրցանակ` 1000 Ոսկի պատկառելի հիմնադիր գումարով, աննախադեպ երևույթ մեր անմխիթար գրական իրականության համար, որտեղ Բացառիկ ու Եզակի Խարիզմայով Օժտված Տաղանդավոր Երիտասարդ Ստեղծագործողը (այսուհետ` ԲԵԽՕՏԵՍ, համացանցում որոնեք` BEXOTES)  խարխափում է հեռանկարների բացակայությունից և չի նշմարում առկայծող լույսը Լաբիրինթոսի Ելքում:
Ես 30 տարեկան ԲԵԽՕՏԵՍ եմ, թախծոտ ու մտախոհ, ընկճախտը հաճախ է խաթարում իմ հոգեկան երերուն անդորրը: Ատում եմ համացանցը, այդ մտավոր անպտուղ օնանիզմը, դա ժամանակի քմահաճ վատնում է: Կարդում եմ քիչ, միմիայն ընտրյալ գրքեր, սիրում եմ ունկնդրել ջութակի մանրանվագներ: Առանց շաքարի և կոնսերվանտների առողջ սնունդը իմ նախասիրությունն է: Փափուկ ու դյուրամարս կերակուրները խենթացնում են ինձ, երբ հրավիրում են ինձ ռեստորան և հյուրասիրում առատորեն: Գրում եմ, այո, որքան էլ տարօրինակ թվա այդ զբաղմունքը այս արևի ներքո իմ անհաղթահարելի թուլությունն է, որը ես հարկավ ժառանգել եմ մեր Նախահայր Ադամից : Այդ նա էր, որ ձախ ձեռքի ճկույթի` հատուկ այդ նպատակի համար աճեցրած 2սմ 6մմ երկարությամբ կեռ եղունգով դրախտահողի վրա գրում էր սիրային նամակներ և կերտում Նախամոր դիմանկարները: Գրելը հարկավ ամոթալի չէ և պարսավելի չէ գրվածը զետեղել ժողովածներում: Անընդունելին թերևս կարող է միայն լինել այն, որ Ինքնասիրահարված Հեղինակը պարտադրում է իր անձը, մանավանդ իր գրական պրոդուկտները` հասարակությանը, կամ էլ որևէ մեկին, ով ընդհանրապես իրազեկ չէ ժամանակակից գրական անցուդարձին: Տվյալ մարդու աչքում գրողը կարող է ներկայանալ ոչ այնքան լիարժեք անձ, որը մրցունակ չէ որպես սոցիումի բաղադրիչ և ունակ չէ ինքնուրույն դիմակայելու կյանքի առաջադրած մարտահրավերներին: Ասված է ճիշտ, որ երբեք չի կարելի լինել ձանձրալի ու կպչուն, հարգանքը դիմացինի և նրա նախասիրությունների հանդեպ պետք է լինի գրողի կենսափիլիսոփայության հիմնաքարը: Հայհոյանքը դեղատոմս չէ և ոչ մի պարագայում չի կարող լինել որևէ ԲԵԽՕՏԵՍ-ի հաղթաթուղթը:
Անվիճարկելի փաստարկները ԲԵԽՕՏԵՍ-ի թիկնազորն է, դիպուկ, անշեղ ու ժամանակին կրակված խոսքը մահացու այն զենքն է, որով նա պետք է տեղաշարժվի նախանշված Ճանապարհային Քարտեզով:

Եվ ահա պարոն Մարատի անակնկալ առաջարկը մասնակցել գրական այդ նոր ձևաչափով մրցույթին, պարզապես մի կազդուրիչ թթվածնային ներարկում էր աշխուժացնելու Երազախաբ եղած գրական մթնոլորտը և ազդարարելու ոչ շաբլոն մտածողության առաջնայնությունը: 1000 Ոսկին բավականին ծանրակշիռ գումար է իմ նման ԲԵԽՕՏԵՍ-ի պարագայում, երբ կյանքը անթաքույց կանչում է իր ամեն մի թրթիռով, երբ հանկարծակի դողում ես սարսափից` տեսնելով փողոցով տեղաշարժվող կանացի զանգվածը, ով աներկբա արհամարհում է քեզ`  իր վավաշոտ բուրմունքով, բնազդաբար զգալով քո Անվճարունակ Կենսակերպը:

Հավատացե’ք  պարոնա’յք, ես գիտեմ թե ինչպես կարելի է արդյունավետ ծախսել փողը, միանշանակ քվեարկությամբ տվեք ինձ այդ շանսը և կհամոզվեք ձեր ճիշտ` Ինովացիոն Ծրագրի ընտրության հարցում:

Փողը հարգալից վերաբերմունք է սիրում, նա հոսում է այնտեղ, որտեղ իրեն սպասում են ակնածանքով ու մեծագույն հարգանքով: Փողը ինձ նման ԲԵԽՕՏԵՍ-ի համար սովորական գործիք չէ կյանքում խնդիրներ կարգավորելու, այն նախ և առաջ մի սրբագույն էներգիա է` ճակատագրի շարժիչները լիցքավորելու և առաջ շարժվելու համար: Յուրաքանչյուր մանրադրամ ինձ համար Սրբություն է, որին ես դավանում եմ, որին ես հավատում եմ և վստահում`  Իմ Կյանքի Ուղին:

Գրական այս նոր ձևաչափով մրցույթը իրավամբ հավակնում է դառնալ անաչառ մի ARMAGEDDON, որին ես պատրաստվում եմ Տենդագին Ծիսակարգով և մինչև վերջ գնալու անզիջում համառությամբ:

Ոչ մի ներում չի լինելու բոլոր նրանց, ովքեր կփորձեն այլասերել մրցույթի գաղափարը և այլափոխել քվեարկության արդյունքը: Այդպիսի դավադրության հետևանքը աննախանձելի կլինի, այն սադրողների համար: Նրանք միանշանակ պատասխան կտան Միջազգային Ատյանի առջև, քանզի Ճշմարիտ Գրականությունը ինքնին համամարդկային երևույթ է և Անեղծելի Պրոդուկտ ու մրցույթի անկաշառ դիտորդների հանձնախումբը շատ լավ է գիտակցում այս իրողությունը:

Ինչևէ, պարոնայք, այս աննախադեպ գրական մրցույթի մեկնարկն արդեն տրված է, կատարե’ք ձեր գրադրույքները, կարդացե’ք, քվեարկե’ք, բարձրաձայնե’ք ձեր կարծիքը, անտարբեր մի եղեք իմ նման ԲԵԽՕՏԵՍ-ի ճակատագրի հանդեպ: Իմ գրական, և ոչ միայն, կենսափիլիսոփայության մակարդակը խփում է ամենաբարձր նշանաձողին: Իմ մասնակցությունն ակնհայտ է երկու ընդունելի ոճերում էլ.

Է¯հ, այ բալա’, հլա մի պապայիդ պալտոն բեր, տենամ հո ցեցերը չեն կերել: Ֆանառը հետդ տար, ֆանառը այ ախչի…

Ստվերները դանդաղ տարալուծվեցին: Սարսափը շամփրեց Ֆերնանդո Տոռեսին, դիահոտը ուժգնանում էր: Դիակիր մեքենայից դեպի իրեն եկող երկաթե դիմակով մարդու ստվերը ասես գիշերվա երազի շարունակությունը լիներ: Անհամաչափ կտրված եղունգների տեղատարափը սաստկանում էր…

Կատարեք ձեր գրադրույքները պարոնայք, քվեարկեք ԲԵԽՕՏԵՍ-իս օգտին, թող որ ձեր աներկբա դիրքորոշումը սաստիկ բարկացնի իմ հակառակորդին, այդ Պառավին` Ագրոֆինիա գյուղաքաղաքից, թող որ նա անզորությունից կրճտացնի իր արհեստական բազմագույն ատամները և զգա 4510- ըստ Ֆարենհայտի սեփական ցամաք  հետույքի վրա:

Արհամարհե’ք նրան պարոնայք, արհամարհե’ք նրա թերուս գրելաոճը, նրա էժանագին օծանելիքն ու թափթփված հագուկապը, մերժեք նրա մանրախնդիր քծնանքը, երեսին շպրտեք վերջնագրի խոսքեր.

Մի’ լղոզիր թղթի ճերմակությունը Պառավ, այն քեզ համար ձևախեղված վարտիք չէ…

 

 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *