Ես ինձ երբեւէ գեղեցիկ չեմ համարել: Ժամանակ առ ժամանակ գուցե եղել եմ հմայիչ,
բայց գեղեցիկ՝ երբե՚ք: Թերեւս դա է պատճառը, որ անձնական կյանքիս անհաջողությունները բարդութավորել են ինձ իրական կյանքում, ու ինձ համարձակ ու ինքնավստահ եմ զգացել վերջերս այդքա՜ն տիրական դարձած վիրտուալ աշխարհում: Ինձ միշտ հաճելի եւ գրագետ զրուցակից եմ կարծել ու աներեւույթ շփումներում եղել եմ միշտ անկաշկանդ: Ի թիվս բազմաթիվ ընկերների՝ մեկի հետ սկսեցի ավելի ջերմորեն ու մտերմաբար հաղորդակցվել: Իրական սիրո, անձնական կյանքի, խաղաղ անկյուն ունենալու հեռահար ու երկչոտ երազանքս քիչ առ քիչ սկսում էր իրական թվալ: Չնայած՝ ամեն ինչ խորհրդավոր ու ռոմանտիկ էր ՝ իրական թվալու փոխարեն:
Ստամբուլից էր, անունը՝ Ատոմ: Ատոմ Զարյան: Ու չգիտեմ ինչպես մեր զրույցները դարձան անձնական, մտերմիկ, նույնիսկ՝ սիրային:
Սկսեցի երկար-երկար փայփայել դեպի Ստամբուլ՝ իմ սիրո ետեւից գնալու երազանքը: Երբեմն երազանքս թվում էր սին, անհիմն, բայց արդարանալու համար, ինձ իմ աչքում արդարացնելու համար վկայակոչում էի այն մարդկանց, ովքեր համացանցի՝ անսահմանափակ ու աներեւակայելի հնարավորությունների շնորհիվ ամուսնացել եւ երջանիկ ընտանիք էին ստեղծել: Անկասկած, սիրելի ընթերցող, դու էլ ես ճանաչում այդպիսի մեկին, իսկ աշխարհագրական պատկերը ընդգրկուն է ու խայտաբղետ՝ Հեռավոր Արեւելքից մինչեվ Եվրոպա ու օվկիանոսից էլ անդին: Նույնկերպ եւ փորձում էի համոզել մայրիկիս: Նա միանգամից առարկեց:
– Թուրքիա՞: Այլեւս չլսեմ:
Իհարկե, մայրիկիս համար հեշտ չէր, բայց ի վերջո տեղի տալով իմ թախանձանքներին, գուցե հոգու խորքում հավատալով երջանիկ ընտանիք ստեղծելու իմ տեսլականին, զիջեց: Տեսազանգեց Ստամբուլում ապրող իր վաղեմի ընկերուհուն՝ տիկին Սիլվային, ով 5 տարի առաջ եռամսյա սեզոնային աշխատանքի համար տեղափոխվել ու հաստատվել էր այնտեղ: Պատմեց ամեն ինչ՝ ստույգ ու ճշգրիտ մանրամասներով, ու սկսեցինք ճանապարհի պատրաստություն տեսնել: Ճանապարհելիս մայրս ասաց.
– Աղջի՛կս, այս կյանքում ինձ համար քո երջանկությունն ամեն ինչից վեր է: Երջանիկ եղիր, բայց խոստացիր, որ երբեք չես լքի ու չես մոռանա Աստծուն: Որքան էլ անհոգ ու խաղաղ կյանքով ապրես, ամեն օր խնդրիր Նրան, որ չհեռանա քեզնից, ու թույլ չտա, որ դու հեռանաս Իրենից:
Երեւան – Ստամբուլ – Երեւան հանրակառքում, ուր երթեւեկում էին հիմնականում առուծախով զբաղվողները, թերահավատորեն նայեցին ինձ: «Ապրանք բերողի» նման չէի, ոչ էլ «որիշ գործով զբաղվողի»: Ի վերջո հետաքրքրասիրությունը հաղթեց գյումրեցի մի կնոջ, ու նա հարցրեց.
_ Աղջի՛կ ջան, ու՞ր կերթաս:
_ Ստամբուլ:
_ Դե կտեսնիմ, օր Ստամբուլ: Ի՞նչ կենես:
_Բարեկամուհուս պիտի այցելեմ,- կմկմացի ես:
_ Բարեկամի՞դ : Չեղնի՞ տղի-մղի հաշիվ է:
Չպատասխանեցի: Ամբողջ ճանապարհին լուռ էի: Ունկնդիր եղա այլազան խոսակցությունների, որոնք պտտվում էին ավտոբուսում՝ քաղաքականությունից մինչեւ «շոուբիզնեսային կրքեր»:
Այսպես ճանապարհ ընկա իմ երազանքների հետեւից: Չէի ասի, թե Ստամբուլը երբեւէ եղել է իմ երազանքներում: Փարիզի, Հռոմի, Վաշինգտոնի, անգամ Մոսկվայի մասին երազել եմ, բայց Ստամբուլի մասին՝ ոչ:
Կայարանում լսելով թուրքալեզու բարձրագոչ արտահայտություններ, երաժշտություն, առնելով մուսուլմաններին հատուկ մաշկի բույրը, մի տեսակ գլխապտույտ զգացի: Երեւի կընկնեի, եթե տիկին Սիլվան մեջքիցս չգրկեր ինձ:
_Աղջի՜կս, որքան ես մեծացել…սիրունացել: Արի, արի: Ոտքդ բարով լինի «մըր էրգիր»:
Նստեցինք մի նստարանի , ու տիկին Սիլվան սկսեց արագ-արագ հարցոփորձ անել, չնայած ամեն ինչին քաջատեղյակ էր:
_Հիմա հեռախոսի քարտ կգնենք, կզանգես մայրիկիդ, հետո այն տղային: Անունն ինչ է՞ր: Հա, Ատոմ: Վաղը քաղաքը ցույց կտամ, մյուս օրը քեզ գործ կփնտրենք: Այստեղ փողերն արագ են սպառվում: Ասոր մեգապոլիս կըսեն, մեգապոլի՜ս: Մի ծանոթ պոլսահայ ընտանիք կա, երեխաներին դայակ է փնտրում, կայցելենք, կպայմանավորվենք:
_Ե՞ս, դայա՞կ:
_Աղջի՛կս, ոչ մի ամոթալի բան չկա: Գիտե՞ս՝ ես ինչով եմ զբաղվում: Ես ոմն Օզիմի շներին եմ կերակրում, մաքրում ու զբոսանքի տանում: Ու դրա դիմաց 1500 դոլար ամսական աշխատավարձ եմ ստանում: 1500 դոլար՝ բերանով ես ասում: Քո երկրում դա պատգամավորական աշխատավարձ է:
Տիկին Սիլվան երկար-բարակ պատմեց իր կյանքից, տերերի վերաբերմունքից, պոլսահայերից: Վերջում լիահույս հայտարարեց.
_Այնքան լավ է լինելու, որ մայրիկիդ էլ ենք կանչել-բերելու: Ինչ կա ձեր սոված երկրում:
Գործնական տիկին Սիլվան ինձ տարավ ինչպես եւ խոստացել էր՝ ըստ հերթականության: Քարտ գնեցի, մայրիկիս հետ խոսելուց հետո որոշեցի անակնկալ մատուցել սիրելիիս: Տեղական հեռախոսահամարից գրեցի. «Սիրելի՛ս, իմ եւ քո սրտերը բաբախում են նույն քաղաքում»: Չպատասխանեց: Զանգ տվեցի:
_Ատ ինչպե՞ս եկած ես: Ուրկե՞ գտած ես ատքան սուղ դրամները…
_Սիրելիս, ի՞նչ կարեւոր է: Ես այստեղ եմ՝ քո կողքին: Կտեսնվենք, ամեն ինչ կխոսենք…
_Ա՜, քիչ մը գեշ կլսիմ: Քիչ մը գործերուս նայիմ, կհեռաձայնեմ ուշ ատեն…
Ավելորդ է ասել՝ սիրտս կտոր-կտոր եղավ:
Ու այդպես կոտրված սրտով գնացի տիկին Մարալի մոտ, որը երեխաների համար դայակ էր փնտրում:Տիկին Մարալը երիտասարդ կին էր՝ դեմքի մշտապես դժգոհ արտահայտությամբ: Սիրալիր բարեւեցի եւ ներկայացա:
_Ան, որ հայաստանցի ես աղեկ չէ, բայց ներս եկուր: Ինչ ըսեմ, կբնակիս իմ տանը, քու գործդ է ՝ առտուն արթննալ վեցին, կարգի բերիլ տունը. ոչ մի տեսակի աղտոտություն չեմ հանդուրժիր իմ տանս մեջ: Կերակրիլ մանչերուն, լողացնիլ, կարգի բերիլ, զբոսանքի տանիլ::Անոնք երկուքն են ՝ Միսաք եւ Հարություն: Կվճարիմ 700 դոլար
_ Կարո՞ղ եմ ծանոթանալ երեխաների հետ: Ես երեխաներին շատ եմ սիրում, համոզված եմ ՝ ձեր որդիների հետ լավ լեզու կգտնեմ:
_ Ես քու լեզուդ այնքան էլ լավ չեմ հասկնար:
_ Իմ լեզու՞ն: Բայց չէ՞ որ մենք հայերեն ենք խոսում:
_ Տաճկերեն գիտե՞ս:
_ Իհարկե ոչ:
_ Հապա ի՞նչ գիտես:
_ Ռուսերեն, մի քիչ էլ՝ ֆրանսերեն:
_ Սլավներու լեզուն չեմ սիրեր, ֆրանսերենը աղվորիկ է, բայց չեմ գիտեր:
Դժվարությամբ դիմակայեցի չվիրավորելու գայթակղությանը: Հաջորդ հարցը ավելի ստորացուցիչ էր.
_ Դուն դպրոց գացեր ե՞ս:
_Այսի՞նքն: Հարցը այնքան էլ լավ չհասկացա:
_ Կըսեմ՝ գրել-կարդալ գիտե՞ս: Քանի տարի ես դպրոց գացել:
_ Տիկի՛ն, ես բարձրագույն կրթություն ունեմ:
Տիկինս այնքան էլ չազդվեց իմ պատասխանից:
_ Հապա ինչպե՞ս կըլլա, որ աղախնի գործով կզբաղիս:
_ Աղախնի գործով չեմ զբաղիր: Ես ուսուցիչ եմ երաժշտական դպրոցում: Պարզապես հանգամանքներն այսպես դասավորվեցին:
_ Մի բան էլ ՝ ու այսօրվա ըսելիքը գոցինք: Ամուսնիս՝ տանը եղած ատենը քու սենյակիցդ վար չիջնիս: Իրավ է, ան գեր կանանց չի ախորժեր, բայց երեսդ աղվորիկ է, թերեւս…
Համա թե տեղ ընկա: Խոսք չունեմ: Երեկոյան բողոքեցի տիկին Սիլվային.
_Այդ ու՞մ հետ ծանոթացրիր:
_Հա, մի քիչ…,- ցուցամատը քունքին խփեց նա,- բայց դե ժամանակավոր է, կդիմանաս… 700 դոլարը քիչ փող չէ:
_Դուք էլ եք մտահոգ երեւում:
_ Այսօր գիտես՝ ինչ ծանր խոսակցություն ունեցա դոխթուր Օզիմի հետ: Վճարելիս փողն ամուր պահել էր ձեռքում: Երբ ձեռքս մեկնեցի, որ վերցնեմ, երկար ժամանակ բաց չթողեց: Հետո աչքերի խորամանկ փայլով ասաց. « Ես թուրք եմ ,դու՝ հայ: Դու աշխատում ես ինձ մոտ, ես վարձատրում եմ քեզ: Երբեւէ պատահե՞լ է, որ վատ վարվեմ քեզ հետ»: «Ո՛չ, -պատասխանեցի ես,- ես միշտ գոհ եմ մնացել Ձեզնից»: «Հապա ինչու՞ եք դուք՝ հայերդ, այդքան շատ խոսում 1915 թվականի մասին»: Պատասխան չգտա, ասացի…«Ես մտածում եմ միայն իմ ընտանիքի ու իմ աշխատանքի մասին…իսկ 15 թվականից խոսում են մեր եւ ձեր երկրների կառավարությունները»:
Գեղեցիկ քաղաք է Ստամբուլը: Բնությունը անսպառ ու հոգեպարար գեղեցկությամբ է օժտել քաղաքը: Մարմարա ծովի ողջ վեհությունը, բնության հրաշագործ ձեռքը, Պալյան հին հայկական ճարտարապետական տոհմի կերտած կոթողները անդադար ուզում ես պահել աչքերիդ մեջ, իսկ ներսումդ խանդը կրծում է հոգիդ. այնպիսի զգացում ես ապրում, որ կարծես տունդ գողացել են քեզնից, քեզնից խլել են ողջ ունեցվածքդ՝ ձեռակերտ ու անձեռակերտ: Ու դա արել է ամենամոտ հարեւանդ:
Ատոմից ոչ մի պատասխսան չկա: Շատ տարօրինակ էր: Ախր ինչպիսի խոստումներ էինք տալիս միմյանց, սիրո ինչպիս գեղեցիկ խոստովանություններ անում: Հիմա, անցնելով այսքան դժվարությունների միջով, հասնելով այդ մոտ ու անծանոթ երկիրը, որ այնքան հարազատ պիտի դառնար ինձ, միայն հիասթափություն ու հուսահատություն եմ ապրում: Իսկ դավաճան հեռախոսը շարունակում էր լռել: Հերթական քայլը դարձյալ իմ կողմից էր ՝ տեսության համարձակ խնդրանքով:
Աշնանային մի տաք ու ոսկեբույր օր կայացավ մեր առաջին, միակ ու վճռորոշ հանդիպումը:
_Մենք հայաստանցիներուն չենք սիրեր: Անոնք պարապ մարդիկ են: Մայրս կըսե, որ մեծ մայրիկիս խնամակալն ալ Հայաստանեն էր: Ու գիտես ի՞նչ ըրած էր: Կողոպտած էր անոր:
– Մայրիկդ միայն նրան է ճանաչում: Գուցե ինձ հետ հանդիպումը փոխի նրա բոլոր պատկերացումները, կարծիքը: Թույլ տուր այսօր եւեթ ծանոթանալ նրա հետ, ու նա , համոզված եմ , կընդունի ինձ:
– Օ՜, ոչ: Չի արտոնիր տեսակցություն: Սրտի տագնապ ունեցած էր այսօր:
Ոչինչ չունեի այլեւս ասելու: Շարունակեց ինքը.
_ Հոստեղ կյանքը կեռեւեփե: Իսկ ձեր երկրին մեջ անելիք բան մը չունիմ:Ինչ կրնամ ընել մի երկրում, որուն երիտասարդները զիրենք դուրս կերթան աշխատանք ու կյանք փնտռելու: Դուն ալ քու քաղաքիդ մեջ ունիս քու կյանքդ, ես Երեւանը տեսած չեմ, բայց մայրս կըսե…
Ու այսպես խոսքի տակից-վրայից՝ մայրս կըսե, մայրս կըսե…Իսկ երբ համեմատությունները հօգուտ Ստամբուլի անցան թույլատրելիի սահմանները, ես չդիմացա.
_ Դուք հպարտանում եք մի երկրով, որը ձերը չէ: Լավ թե վատ՝ մեր քաղաքը մերն է, ու մենք ենք մեր երկրի տերը:
Հարգանքներս փոխանցիր մայրիկիդ:
Այսքան բան: