Զուգարանի դռան վրայի փոքրիկ պատուհանից նայեց դուրս։ Լուսինը մեծ էր։ Շատ մեծ։ Վերջին երկու օրերին այն լի-ա-լուսին է։ Երկինքը կապույտ էր։ Մի քանի աստղ երևացին։ Տան միայն վերին հատվածն էր երևում։ Սուր տանիքը փայլփլում էր լուսնի լույսի տակ։ Զուգարանի դռնից այն կողմ նոյեմբերն էր։ Ցուրտ։ Տուն տանող արահետը մի քիչ երկար է։ Սա գյուղ է։ Քամին մտնում է Քայլողի մեջ, դողում է Քայլողը։ Հասնելով տան մոտ` մի հայացք է գցում լեռների ուրվագծին։ Ձեռքը տանում է գրպանը, բայց դրսում ծխելու համար շատ ցուրտ է, և բացի այդ` ինքը տանը մենակ է ապրում ու կարիք չկա դրսում ծխելու։ Վառարանի կողքին Դողացողը մենակ է արդեն 4 տարի։ Ու այս 4 տարվա ընթացքում մտերմացել է այս մեծ տան 4 պատերի հետ։ Կապույտ շրջանակով պատուհանից հեռացնում է մուգ ծիրանագույն վարագույրը։ Պատուհանից այն կողմ մետաղյա դարպասն է երևում։ Որ վաղուց ոչ ոք չի բացել։
Վառարանի տակ շարված փայտերից երնուսը գցում է վառարանի մեջ։ Մյուսները շարում իրար կողքի։ Մի քանի անգամ փոխում է փայտերի տեղերը։ Երեխայի նման զբաղվում է փայտերով մի քանի րոպե։ Բոլոր հնարավոր ձևերով դասում ու քանդում է փայտերը։ Պարապությունը լցնել չի հաջողվում, մենակությունը` առավել ևս։ Ու մեծ տան չորս պատերը տաքանում են։ Վառարանը միայն տունն է տաքացնում։ Նա մտքով հետ է գնում։ Չորս տարի առաջ էլ այսպիս մի երեկո էր։ Ու իրենք չորսով էին։ Տան չորս պատերը լցվել էին զրույցով։ Որը վերջում մի քիչ չափն անցավ։ և այն դադարեց զրույց լինելուց։ Սա ամենատխուր երեկոն էր, որ կարող էր լինել 4 տարի առաջ։ Այդ երեկո նրանք շուտ մտան անկողին։ Ու չորսի մտքում էլ նույն բանն էր։ Հնարավոր որևէ կերպ վերջ տալ սեփական գոյությանը։ Նրանցից յուրաքանչյուրը պատրաստ էր կատարել այդ քայլը, եթե վստահ լիներ, որ տանը արթուն մարդ չկա։ Բայց նրանցից յուրաքանչյուրը զգում էր մյուսների արթուն լինելը։ Նրանցից յուրաքանչյուրը փորձում էր թաքցնել իր լացը, խեղդել այն ձայնը, որ առաջանում է լացելուց։ Ու այս տխուր երեկոն վերածվեց նույնքան տխուր գիշերի, հետո` առավոտվա, ցերեկի, և էլի վերագտավ նախկին ձևը։ Օրը երեկո դարձավ։ Հաջորդ երեք առավոտները նույնքան տխուր անցան։ Ամեն առավոտ նրանցից մեկը հեռացավ։ Բոլորը գնացին։ Թողեցին իրեն, թե ինքը հեռացրեց նրան։ Խոհանոցում դատարկ շշեր այլևս չհայտնվեցին։ Այլևս ոչ մի շիշ դատարկ չէր։ Այսուհետ շշերը լցվեցին կարոտով։ Ափսոսանքով։ Տառապանքով։ Դատարկությամբ։ Ու կիսեցին նրա հոգու դատարկութկունը։ Նա էլ չխմեց։ Ու հիմա մենակ է։ Մարմնում կրում է հազար ու մի ցավ։ Բայց դրանք ոչինչ։ Դրանք չեն սպանի նրան։ Նրան սպանողը միայն սրտի ցավն է, որը ձեռք բերեց վերջին` երրորդ առավոտյան։ Երբ իր ամենասիրելին էլ լքեց իրեն։ Ծխախոտը վառեց։ Ամեն ինչ նույնն է այս տանը։ Ու ինչքան բան է փոխվել։