Հովհաննես Երանյան | Երեք ամիս հետո

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

  Գիշերը մտադրվել էր հանգստյան կիրակին քնել մինչև կեսօր:   Առաջին խանգարողն աղբի մեքենան էր, որի զնգզնգոցն արձագանքեց ուղեղում, գանգի պատերին զարկվելով ելք որոնեց, բայց չգտավ ու մագնիսի պես կպավ արկի բեկորին: Շանթված ցատկեց տեղից, փակեց պատուհանի բաց փեղկն ու թրմփալով կրկին անկողնու վրա ընկավ:  Մեքենան վաղուց հեռացել էր, բայց ձայնն ականջների մեջ դեռ տժժում էր, ցավն ասես դանակ էր, որ գլուխը փորձում էր երկու մասի  կիսել:  Հանեց շապիկն ու շատ պինդ ճակատին կապեց՝ ականջներն էլ թողնելով գործվածքի տակ: Հետո սկսեց մեդիտացիայի պես մտքում կրկնել.«Կանցնի, հիմա կամաց-կամաց կանցնի, ու դու կքնես, կքնես, կքնես…»:

Երկրորդը Արարատյան դաշտի բարիքները բեռնած հին Մոսկվիչն էր, որի վրա միակ նոր ու առողջ  սարքը ազդանշանն էր: Հատուկ ձայն, որը ճանաչում էին թաղի բոլոր բնակիչները: Արտակը հավանում էր հիսունն անց ամուսիններին, հասարակ-համակրելի մարդիկ էին,  բայց այդ առավոտյան պատրաստ էր սպանել երկուսին էլ: Ո՛չ փակ պատուհանը փրկեց, ո՛չ ճակատին կապված շապիկը:                                                  Նա այս անգամ, առանց անկողնուց վեր կենալու, մահճակալի կողքին դրված պահարանի դարակից ձեռքով շոշափեց գտավ ցավազրկողը, բաժակով  ջուրն ու երկու կումով կուլ տվեց: Հետո նույն դարակից բամբակ հանեց, մատներով տրորեց, գնդիկներ սարքեց ու ճակատին կապված շապիկը դեն շպրտելով՝ ականջների մեջ խցկեց:

«Կանցնի, հիմա կամաց-կամաց կանցնի, ու դու կքնես, կքնես, կքնես…»:

Այնքան շուռումուռ եկավ անկողնում, որ գնդիկներից մեկն ընկավ իր բնից:

Նա նորից ու նորից նույն երազն էր տեսնում: Սարոն վիրավոր ընկած իրեն օգնության էր կանչում, իսկ ինքը փախչում էր, հեռանում էր վազելով, երբեմն շրջվում էր, նայում ձեռքն իր կողմ մեկնած աղերսագին կանչող ընկերոջը, բայց ինչքան էլ վազում էր՝ նրանց միջև տարածությունը չէր ավելանում: Ինչ-որ հնարով Սարոն մոտենում էր, ընկած, առանց շարժվելու, աչքերն ավելի խոշոր ու պարզ էին երևում: Արկերը, նռնակներն ու ականները թափվում էին շուրջը, հողը երկինք հանում, ինքը ճողոպրում էր դրանց միջով, բայց բոլոր պայթյուններից ավելի ուժեղ Սարոյի ձայնն էր լսում: Նա ձեռքն առաջ պարզած, օձի պես  սողալով գալիս էր իր հետևից:

Մղձավանջին վերջ տվեց  մուլտֆիլմի թախծոտ, բայց զվարթ երգը, որը կարկաչով տարածվում էր պաղպաղակ վաճառող մոտոցիկլետից.

«К сожаленью, день рожденья
только раз в году»:

Այս անգամ նստեց անկողնում: Գլխացավը մեղմվել էր, բեկորն էլ սսկվել էր գլխի մեջ: Հեռախոսի վրա ժամացույցին նայեց ու տեսավ, որ ուղիղ տասներկուսն է:

   -Ասացի, չէ՞, մինչև կեսօր քնելու եմ: Ասացի ու արեցի,- քրթմնջաց քթի տակ ու սկսեց հագնվել:

Երեկոյան Սեդային էր հանդիպելու: Որոշել էր այս անգամ ավելի վճռական լինել: Արդեն երկու անգամ առաջարկել էր ձեռք քաշել իրենից: Առաջին անգամ իր կիսամարդ լինելն ու ամեն պահ սպասվող մահը պատճառաբանել, երկրորդ անգամ ակնարկել էր, թե  ուրիշ մի աղջիկ իրեն ավելի է գրավում: Երկրորդ անգամ Սեդան իր  կարկաչուն ծիծաղով հասկացրել էր, որ գլխի է ընկնում, թե ինչի է ստում: Արտակը չէր դիմացել ջրվեժի շառաչի պես զրգուն այդ  ծիծաղի ջրերի տակ մտնելու, զովանալու, բոլոր մեղքերից մաքրվելու գայթակղությանը և ինքն էլ խնդալով ասել էր.

   -Փաստորեն էս մեկն էլ չանցավ,- և գրկել էր աղջկան ու ականջին շշնջացել.

   -Չես հեռանա, չէ՞, ինձնից: Ավելի լավ ա մեռնելուցս հետո դու մենակ մնաս, քան ես մնամ մենակ մինչև մեռնելս:

Սեդան այս անգամ զայրույթի պոռթկում ունեցավ.

   -Արտակ, հոգնեցրիր: Հերիք ա մահվան մասին մտածես: Քեզ կվիրահատեն, ամեն ինչ լավ կլինի: Երեկ եմ զանգել հիմնադրամի գրասենյակ: Գումարի կեսն արդեն հավաքել են: Մի ամսից կգնաս Գերմանիա, կհանեն էդ անտեր բեկորը:

Շորերը հագնելուց հետո նախ կողքի ննջարան մտավ, մոտեցավ անկողնուն, համբուրեց քնի մեջ տնքացող մոր ճակատն ու լվացվելու գնաց: Քրոջ որդին շան հետ խաղում էր բակում: Նա թողեց խաղընկեր քոթոթին ու  վազքով քեռու գիրկը  թռավ: Քույրը ձայն տվեց.

   -Առանց ուտելու չգնաս, լոլիկով ձվածեղ եմ սարքել:

   -Քեյի, չգնաս,- կրկնեց երեխան:

Անհայր մեծացող մանուկը քեռու հետ այնքան էր կապվել, որ սպասում էր ամբողջ օրը, և քնում էր միայն նրա տուն գալուց հետո: Երեխան  դեռ գրկում էր, որ դիսպետչերը զանգեց: Տաքսի ծառայության մեքենաներից մեկը վթարվել էր, մյուսն առհասարակ չէր աշխատել: Թարսի պես լիքը պատվերներ:

  -Եթե կարաս, օգնիր,- առաջարկեց նա Արտակին,- շեֆն ասեց` էսօր հիսունի տեղ յոթանասունն ա քշողինը:

  -Լավ, լավ, մի կես ժամից օֆիս կգամ,-պատասխանեց, մտավ խոհանոց, տղային մորը տվեց, հենց ոտքի վրա ձվածեղը միայն համտեսեց, գովեց քրոջը՝ ծամածի ընտիր համի համար, լավաշի փոքրիկ կտորի մեջ պանիր փշրեց, բրդուճ արեց ու արագ դուրս ելավ՝ առանց  քրոջ հետ պահող խոսքին ու նրա զավակի թնկթնկոցներին պատասխանելու:

Իսկապես որ անսովոր շատ էին պատվերները: Սկզբում երկու ընկերուհիների  Արտաշիսյան փողոցից Բժշկականի մոտ խցանման մեջ քսան րոպե կորցնելուց հետո Հյուսիսային ավտոկայան հասցրեց, որտեղից նրանք Ծաղկաձոր պիտի գնային: Օգնեց նրանց, ու պայուսակները արդեն սպասող միկրոավտոբուսի մեջ տեղավորեց: Մարզուհիներն ուզեցին մանր դրամ թողնել, բայց Արտակը հրաժարվեց: Ամաչեց տարեկից աղջիկներից թեյավճար պոկել: Նոր էր թեքվել դեպի կենտրոն իջնելու, վաթսունի մոտ մի տղամարդ ձեռք բարձրացրեց, առանց բարևելու նստեց,  շշնջաց.

-Կոնդի եկեղեցի:

Ակնոցները վերնաշապիկի գրպանից  հանեց, աչքերին դրեց, բացեց ձեռքի ծալված թերթն ու սկսեց կարդալ: Քիչ անց, երբ Սարալանջի ճանապարհով դեպի Տերյան փողոց էին իջնում, կարդացածից կատաղած՝ սկսեց հայհոյել.

«Վայ ես ձեր ագահ, անկուշտ մերը: Բա էդ մատղաշ էրեխեքին տանում եք սահմանին թուրքի բերան  մատաղ անում, բա նորմալ զենք էլ չտա՞ք ձեռքները, ես ձեր անխիղճ  մերը: Երկիրը թալանեցիք կերաք, գոնե ձեր հարստությունը պաշտպանողների զենքի փողը կուլ մի տվեք, այ դավաճաններ»:

   -Թերթերը մի քիչ  չափազանցնում են,- մրմնջաց Արտակը ուղևորի զայրույթը մեղմելու համար,- մանավանդ՝ ընդդիմադիրներինը:

    -Ջահել ես, բան չես հասկանում,- ավելի բորբոքվեց  ուղևորը թերթի մյուս երեսը շուռ տալով,- հաստատ էս պատերազմն էլ պայմանավորված էր:

 Կարող էր պատմել, որ թողեցին շատ մոտենալ, որովհետև փամփուշտները չէին ուզում անտեղի վատնել, չէր հերիքելու: Նա կարող էր պատմել, որ երդվել էին, մոր քֆուր էին կերել՝ ոչ մի դեպքում դիրքը չթողնել: Նա կարող էր պատմել, որ խոստացված օգնությունն այդպես էլ  չեկավ: Ի վերջո, նա կարող էր  պատմել, թե ինչպես զոհվեց  վաշտի հրամանատար ավագ լեյտենանտ Մուսայելյանը, երբ շարքային Սարո Առաքելյանի հետ իրեն դուրս էին բերում թշնամու քթի տակից: Սարոն ինչպե՞ս  կրակի տակ միայնակ մինչև խրամատ քարշ տվեց  իր արնահոսող մարմինը: Նա կարող էր պատմել, որ գլխի մեջ արկի բեկոր կա, որ բժիշկները վախենում են վիրահատել, որովհետև միլիմետրերի տեղաշարժն իր կյանքը կվտանգի: Նա ուզում էր պատմել, որ ամեն օր կամ օրը մեջ նույն երազն է տեսնում, որ ինքը դավաճանաբար փախչում է, որովհետև այնտեղ՝ սահմանին մենակ է թողել Սարոյին, իր մարտական ընկերոջը: Բայց ոչ մի ծպտուն չհանեց, որովհետև չէր ուզում վերհիշել այդ օրերը: Երեք ամիսը շատ քիչ ժամանակ էր, որ կորուստների մրմռացող վերքը սպի դառնար, որ չկրկնվեր վախից առաջացած փորացավն ու սրտխառնոցը, որ հուշերի ամբարից վաներ թե յուրայինների, թե թշնամու  թափված փորոտիքի պատկերները:

Չէր ուզում պատմել, որովհետև ջղային ու հայհոյախոս ուղևորը կմտածեր, թե հերթական գլուխգովան տաքսիստն է: Նրանք՝ տաքսիստները, ասես ամաչում են, որ այլ գործի չեն ու առասպելներ են հորինում իրենք իրենց մասին: Ինքը միայն մի բանից է ամաչում, որ Սարոն  դիրքերում է, ինքը՝ ոչ:

Այ, շինանյութի խանութի մասին ամաչում  էր պատմել: Ոչ կուրսեցիները, որ մայրն ու քույրը, ոչ էլ  նույնիսկ Սեդան հաստատ չգիտեին, թե ինչ էր աշխատում այդ հսկայական շինմարկետում:

Իր վաստակը վաճառված զուգարանակոնքերի քանակից էր կախված: Հոսպիտալից դուրս գրվելուց օրեր անց աշխատանքի հայտարարությունը կարդաց ու դիմեց, բայց մեկ ամիս հազիվ դիմացավ: Տնօրենն ամեն շաբաթ պատճառ էր գտնում աշխատածը կիսատ տալու:

Իսկ երբ գյուղացի ամուսինները կոտրեցին զուգարանակոնքի կափարիչը, նա հասկացավ, որ այս ամիս էլ գրոշներ է ստանալու և հեռացավ: Տղամարդն առհասարակ դեմ էր որևէ տիպի զուգարանակոնք գնելուն ու համոզում էր կնոջը, որ ինչպես առաջ, շարունակեն միայն այգու փայտաշեն զուգարանի մեջ պպզելով բավարարվել: Կինը կանգ էր առել ամենաթանկի վրա:  Նա իր հաստ հետույքով այնքան նստեց ու ելավ, այնքան շուռումուռ եկավ  փակ զուգարանակոնքի վրա, որ կափարիչը ճտճտալով մի քանի կտոր եղավ:

Պատվերն ավարտելու մասին ռադիոկապով զեկուցելուց հետո Արտակը Կոնդի եկեղեցու կողքով, կենտրոնական փոստատան նեղ ճանապարհով  իջավ Սարյան փողոց, հասցրեց իր սիրելի հավի շաուրմա գնել և ծամելով՝ հաջորդ պատվերն ընդունեց:

            Ավտոկայանից դեպի Շահումյանի գերեզմանատուն շտապող տղամարդը ծանոթ  էր:  Հոր հետ երկու անգամ իրենց տուն էր եկել: Նույն արհեստն ունեին ու խոպանում էին ծանոթացել: Նրա քեֆը լավ էր, այդ պատճառով գուցե չճանաչեց Արտակին: Ինքն էլ չուզեց հիշեցնել: Տղամարդը թռել եկել էր Ռուսաստանից, որ քրոջ ամուսնու թաղմանը մասնակցի, բայց ուշանում էր: Արտակը սովորականից ավելի արագ էր քշում, միայն արագաչափ սարքերին հասնելով՝ փոքր ինչ գցում էր թափը:

Երբ  ուղղաթիռով Երևան տեղափոխվելուց  երեք  օր անց  բացեց աչքերն ու գլխավերում կանգնած մարդուն տեսավ՝ դժվարությամբ ըմբռնեց, որ հայրն է: Այնքան էր ծերացել այդ մեկ տարում,կամ լուրն առնելու երկու օրում,  որ անճանաչելի էր դարձել: Թեև  պարբերաբար փող էր ուղարկում, բայց ինքը դրանց դեռ մատով չէր դիպել: Անմաքուր բան կար ռուսական ռուբլու մեջ. միայն որդին  գիտեր, որ նա այնտեղ էլ  աղջիկ ունի: Զգուշացավ  հիշեցնել,  թե ով է. չէր բացառում, որ  նա հոր մասին ավելի տհաճ բաներ կպատմի:

  Հաջորդ երկու պատվերները նվազագույն էին, վեց հարյուրական դրամ՝ քաղաքի կենտրոնում: Հետո Կինոհայրենիքից  մի զույգի Զվարթնոց օդակայան տարավ: Նոր էր ուղերթն ավարտել, որ քույրը զանգեց: Հայտնաբերել էր, որ մոր դեղերը վերջացել են: ՚

  -Շտապ չի, էնքան որ մինչև ութը հասցնես,- ասաց:

Գրպանից հանեց վաստակածը, նախորդ օրվանից էլ մնացել էր: Դեղերին հերիքում էր, մի բան էլ շատ էր: Մինչև յոթը՝ այսինքն Սեդային հանդիպելը, դեռ երկու ժամ կար, կարելի էր մի քանի հազար էլ աշխատել, որ սրճարանում չխեղճանար, չնեղվեր:

  Դեղատանն էր, որ դասակի հրամանատարը զանգեց.

   -Դեռ էստե՞ղ ես: Որ ձայն չհանեցիր, մտածեցի՝ արդեն Գերմանիայում ես:

   -Չէ, փողը չի հավաքվում: Ի՞նչ ձայն հանեի:

   -Ուրեմն ոչինչ  չե՞ս իմացել:

   -Ի՞նչ նկատի ունես, արագ ասա, մի ծամծմի: Սարո՞ն:

   -Չէ, Սարոն չէ, Վաղինակը:

Երկուսն էլ մեկ րոպե ոչինչ  չէին խոսում: Հետո Արտակը հարցրեց.

   -Ե՞րբ:

   -Երկու օր առաջ:

   -Դիվերսիոն խու՞մբ:

   -Չէ, սնայպեր, յոթին հոգեհանգիստն ա:

   -Զեյթու՞ն:

   -Հա, Սիթիի հետևի շենքն ա:

   -Գիտեմ տեղը: Կգամ:

Արտակն արդեն մեքենայի մեջ էր, որ աշխատակցուհին դեղերի տոպրակը ձեռքին վազելով եկավ.

   -Լավ էր՝ շուտ նկատեցի, մոռացել էիք:

Հետո նույն տեղում գլուխը ղեկին, ննջել էր, որ իր տարիքի մեկը բացեց դուռն ու գրեթե աղերսեց.

   -Ախպերս, շուտ, շատ եմ խնդրում, արագ ինձ Կիևյան կամուրջ հասցրու:

    -Հո մտքիդ  ախմախ բան չե՞ս դրել,- հարցրեց  մինչև կամրջին մոտենալը:

   -Չէ, ես չէ: Իմ պատճառով՝ մի աղջիկ: Մենակ թե չուշանամ:

Ուշացել էր: Աղջկան պատահական անցորդներն ու երկու ոստիկաններն էին փրկել: Նա հինգհազարանոցը նետեց  նստատեղին և առանց մանրի սպասելու՝ վազքով մոտեցավ շտապ օգնության մեքենային:

Արտակը սպասեց մինչև խցանումի մեջ հայտնված մեքենաներն իրենց վրա օգտակար կամ անպետք բեռ առնելով՝ մրջյունների պես ցրվեցին,  ու կամուրջը  դատարկվեց:  Հանկարծ գլխի մեջ ճտճտոց լսեց: Ասես իր գանգի  մութ խորշերում, իրենից հեռու-հեռու մի տեղ  հրավառություն էր:  Ուղեղը նվվաց: Հիշեց բժշկի խոսքը. «Եթե գլխիդ մեջ կրակոցի նման բաներ սկսվեն, ուրեմն շտապ հիվանդանոց հասիր, նշանակում է շարժվում ա, էլ աջուձախ չենք նայի, կվիրահատենք»:

Երբ  ճարճատյունը մի քիչ մեղմացավ, Արտակն իջավ մեքենայից, երերալով քայլեց երեսուն-քառասուն քայլ, անցավ կամուրջը եզերող մետաղյա ճաղերի արանքով, նստեց պռնկին ու ոտքերը կախեց ձորի վրա:

   -Հո մտքովդ  ախմախ բան չի՞ անցել,- հարցրեց ինքն իրեն:

Հեռախոսը զնգում էր ու զնգում: Թիկունքից ձայն լսեց.

  -Արտակ, Արտակ:

Թեքվեց ու կամրջի վրա խմբած մարդկանց տեսավ՝ մայրն էր նրանց մեջ, քույրն ու Սեդան, նույնիսկ հայրն էր եկել հասել, Սարոն էր այնտեղ, ավագ լեյտենանտ Մուսայելյանը, վիրաբույժն ու զոհված Վաղինակը:

«Հիմա, հիմա կանցնի, կամաց-կամաց  կանցնի ու դու կքնես…կքնես…կքնես…»:

Նրանք բոլորը  խնդրում էին՝ Արտակ, հետ արի:

  -Չէ, նահանջել  չկա, մոր քֆուր ենք կերել,- գոռաց բարձրաձայն:

Վճիռ կայացրած ոտքի կանգնեց, բայց այդ պահին էլի  մի ձայն լսեց, որ ավելի կարևոր էր, քան երդումը, ավելի անմերժելի, քան հայհոյանքի պարտադրանքը.

   -Քեյի, արի, քեյի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *