Սոնայի հասակակիցները սարսուռ են ապրում ամեն անգամ հայելուն դեմ հանդիման ելնելուց։ Բոլոր ազգերի ու կրոնների 50-անց կանայք միավորվել ու անհաշտ կռիվ են մղում լույսի արագությամբ դեմքը պարուրող ծերության տեսիլքի դեմ։ Սա չի վերաբերում Սոնային։ Նրա հմայքն ու գրավչությունը կեսդարյա բարձունքից հուշում են, որ կյանքի աշուն մտած կնոջ տարիքը աննշան է ազդել նրա արտաքինի վրա՝ անփոփոխ պահելով ազնվազարմ դիմագծերն ու հարաբերություններ խորտակող մեղմ ժպիտը։ Սոնան պատկանում է կանանց այն խմբին, որոնց շպար չի սազում, ավելին՝ տգեղացնում է։ Նա վայելուչ է իր բնական գեղեցկությամբ՝ առանց ավելորդ արտաքին միջամտության․ հանգամանք, որն էլ ավելի է շփոթեցնում շրջապատի տղամարդկանց՝ բարձրացնելով սրտի ռիթմը։
Պատկառելի տարիքի հասած այս կինը իր արտաքին հատկանիշներից բացի, աչքի է ընկնում նաև ամառային մայրամուտին պատահող զեփյուռի պես մեղմ բնավորությամբ։ Սակավախոսությունն ու բարեկրթությունն էլ ավելի մեծ հմայք են տալիս նրան՝ դարձնելով հնեցված գինու պես ցանկալի։ Կես ժպիտը, կես շարժումը և անգամ կիսատ հայացքն իսկ բավարար են տրամադրություն և եղանակ փոխելու համար։ Նրան անծանոթ յուրաքանչյուր ոք կդժվարանա կռահել, որ այդ կլիմտյան նրբակազմ ուսերն իրենց ետևում խնամքով թաքցնում են կյանքի տեկտոնական շարժումների հասցրած ավերածությունները․ երկրաշարժ, որից ակոսվեց նրա հոգին՝ մենությունը դարձնելով անխուսափելի կենսակերպ։
Տարիների բարձունքից դեպի անցյալի անդունդը նետվող Սոնայի հայացքը հաճախ է գլորվում նրա չծերացող ձեռքերի վրայով և շպրտում վաղ երիտասարդություն, որտեղ կանգ է առել նրա կյանքը։ Ներսից և դրսից տկարության մեջ թաղված Սոնային լոկ մի միտք է տանջում․ հանկարծ ու հիշողությունը չմարի և չանհետանան այն պատկերները, որոնք շուրջ քառորդ դար առաջ իրեն իրապես երջանիկ լինելու անվերջանալի թվացող պտույտի մեջ էին նետել Ադամի հետ։ Արդեն քանի՜ տարի է՝ Սոնայի միտքն ամեն օր հիշողության դարակներից հանում է սրբորեն դասավորված օրերը, ժամերն ու րոպեները, սրբում դրանք ժամանակի փոշուց և թերթում նույն հերթականությամբ՝ սկիզբ մինչև վերջ և վերջից՝ անդին։
Ընդհանուր ընկերոջ ծննդյան օրվա հանդիպումը Սոնայի Ծննդոց գրքի առաջին գլուխն է։ Երիտասարդ գիտնական Ադամի ձեռքերի տակ դաշնամուրի ստեղները քաոս էին հալածում և բնականից հնչեղ ձայնը օդում նկարում էր մի ծանոթ հոեգպարար մեղեդի՝ Սո՛նա սիրուն, Սոնա՛ յար։ Ու Սոնայի սրտում կայծակնային արագությամբ ծաղկեց մի գարուն, որի մասին մատնեցին կարմիր վարդի նմանված լուսասեր դեմքն ու աստղափայլ աչքերը։ Ստեղներից դեպի Սոնայի սիրտը տանող տարածությունն Ադամը նվաճեց ավելի արագ, քան Աստված կհասցներ արարել Սոնային նրա կողոսկրից։ Կնոջ կողմից բնազդաբար ընկալվող տղամարդու բացահայտ ակնարկ պարունակող բնազդային ժպիտն առաջինը նկատեց առաստաղին գամված Էրոսը և մի շեշտակի ծակոցով արեց իր հասանելիք գործը։ Որոշ ժամանակ անց այր և կին դարձան մեկ մարմին։
****
Ահա, մտքերը նրան հասցնում են այնտեղ, ուր վաղ երիտասարդության շրջանում նախադեպը չունեցող և փառահեղ գիտական վերելք ապրող Ադամի համբավը տարածվել և դուրս էր եկել նոր անկախացած հանրապետության սահմաններից։ Վերելք ապրող երիտասարդի անունը նախ նվաճել էր կործանված կայսրության մայրամուտ ապրող մայրաքաղաքը, ապա ազատ սավառնել դեպի Արևմուտք։ Որպես գիտության ոլորտում նորարության հեղինակի՝ Ադամի վաստակը արագորեն նկատել և ըստ արժանվույնս էին գնահատել Ավստրիայում, որտեղ լավագույն համալսարաններից մեկից ստացել էր աշխատանքի հրավեր։ Ուրախ էր Ադամը, ցնծում էր Սոնան․ վերջապես բախտ կվիճակվի տեսնել Արևմուտքը, որի մասին ոչ բարձրաձայն, բայց փափագելով սիրում էր խոսել ջինսը, Կոկա-կոլան և Մայքլ Ջեքսոնին նոր բացահայտած խորհրդային երիտասարդության մի ստվար հատվածի ներկայացուցիչ Սոնան։ Բերկրանքի պահեր պարգևող դրվագները Սոնայի գլխում ամեն անգամ արտազատում էին երջանկաբերության հորմոնի ճիշտ նույն չափաբաժինը, ինչ իրական ապրումի օրերին՝ մղելով նրան ապահովության և երջանկության գիրկը։
Մոռանալ չի լինում այն պահերը, երբ խառնակ ժամանակներ ապրող հանրապետությունը Վիեննայով փոխելը նրան կտրել էր Երկրի ցամաք մակերևույթից և խոցված կործանիչի կատապուլտի պես շպրտել յոթերորդ երկնքից էլ այն կողմ։ Խորհրդային հաստափոր հանրագիտարաններից մինչև քաղաքում հատուկենտ պտտվող նորագույն ամսագրեր, արտասահմանից ստացվող ֆիլմերից մինչև արխիվային լուսակարներ, ամենուր Սոնան փնտրում էր Վիեննան։ Վիեննական պարահանդեսներն ու կայսերական անցյալի հետ շփումն ավելին էին քան երազանք Սոնայի համար․ դրանք դարձել էին կպչուն մտքեր, որ հանգիստ չէին թողնում ո՛չ արթմնի, և ո՛չ էլ քնած ժամանակ։ Գլխավոր հուզող հարցը թերևս բնակության վայրն էր։ Երևանի կենտրոնում ծնված ու մեծացած Սոնան, որի մանկությունն անցել էր Թումանյանի իրենց երկսենյականոցից Չայկովսկի գնալ-գալով, մի տեսակ դժկամությամբ էր հարմարվում այն մտքին, որ սկզբնական շրջանում պետք է ապրեին Վիեննայի ծայրամասում։ Բայց շտապում էր ինքն իրեն մխիթարել, որ դա ժամանակավոր է, և Ադամի միտքն ու հանճարը անպայման կփայլատակեն մառախլապատ Վիեննայի երկնքում ևս, և իրենք կտեղափոխվեն քաղաքի կենտրոն։ Հաշված ամիսների ընթացքում Սոնան հասցրել էր ուսանել Ավստրիայի պատմությունը, անգիր սովորել Վիեննայի կենտրոնի գրեթե բոլոր փողոցների անունները և յուրացնել տարրական մակարդակի գերմաներեն։ Զույգի խոստումնալից ապագան լավատեսություն էր ներշնչում նաև հեռու-մոտիկ բոլոր ծանոթներին, որոնցից յուրաքանչյուրն արդեն սկսել էր իր անձնական հաշվարկները կառուցել Ավստրիայի մասով։ Ուրախությունից գլուխը կորցրած` Սոնան բոլորին բաշխում էր իր ըմբռնումն ու անմնացորդ օգտակար լինելու պատրաստակամությունը՝ իրեն պահելով գալիք օրերի ցնծությունը։
Հուշերից ճառագված ջերմությունը կրծքի տակից պոկվում և տարածվում է ողջ մարմնով մեկ՝ պայծառացնելով գլուխն ու առույգացնելով վերջույթները։ Երանություն ապրող վայրկյաններին Սոնան մաքառում է կանգնեցնել պահը, անէանալ հյուլեի պես, ձուլվել ոչնչին ու թեկուզ դառնալ ոչինչ, միայն թե հիշողության պարգևած խինդը չփոխակերպվի սրտի մրմուռով և կոկորդի խեղդող այրոցով։ Գլխում միացված ավազե ժամացույցը նրան աստիճանաբար հասցնում է այն կետին, որը շրջելու դեպքում, կյանքն այլ կերպ պիտի ընթանար։ 28-ամյա Ադամին մի որոշ շրջան անհանգստացրած գլխացավերը հասցրել էին հիվանդանոց, որտեղ և ախտորոշել էին գլխուղեղի քաղցկեղ։ Ախտորոշումը հաստատել էր ո՛չ ավել, ո՛չ պակաս Ադամի ավագ եղբայրը՝ քաղաքի առաջատար վիրաբուժներից մեկը, որը համարձակություն էր ունեցել ինքն անձամբ զննելու եղբորը։ Ասում են՝ վիրահատությունը տևել էր ժամից էլ պակաս ու վիրահատության ասպարեզում ոչ երկար, բայց լուրջ առաջընթաց գրանցած բժիշկը վիրահատարանը լքել էր արցունքախառն։ Ժամեր անց Սոնայի վիեննական երազանքը չեխական հախճապակու պես ընկել ու հազարավոր մասնիկների բաժանվելով` նրան նետել էր Երկրի հողեղեն մակերևույթին․ երկու տարին առավելագույնն էր, որ Ադամն ուներ։
Հաջորդող շաբաթների ընթացքում զույգն իր բոլոր կապերն օգտագործեց, որպիսի կազմակերպի Ադամի բուժումն արտերկրում։ Տարբեր երկրներով դեգերումները անբաժան զույգին մի պահ կանգնեցրեց Վիեննայում, բայց Սոնայի աչքին ո՛չ Վիեննան էր գալիս, ո՛չ նրա վեհաշուք ճարտարապետությունը և ո՛չ էլ փողոցների անգիր իմացությունը։ Առանց Ադամ ապագան Սոնայի համար ավելի մռայլ էր, քան Վիեննան փետրվարին։ Հիմա ներքուստ նրան կրծում էր երիտասարդ սևազգեստ այրի դառնալու կարծես թե օրեցօր իրականություն դարձող միտքը։ Անզորությունը բթացրել էր ուղեղը, և անճարությունից դմբրած՝ մեղմասահ կերպով նիրհել էր տկարության գրկում։ Շրջապատող մռայլության մեջ լույս ճառագող Սոնան մթագնել ու վերածվել էր արեգակնային խավարման։ Ամեն ընթացիկ օրվանից նա կառչում էր որսացուի մարմնի մեջ խրված արծվի չանչերի նման։ Ադամի հևասպառ, բայց դեռևս ապրող ներկայությամբ անցնող յուրաքանչյուր ակնթարթ հիասքանչ էր թվում Սոնային, որը կանգնեցնելու հարցում, ավա՜ղ, Մեֆիստոտելն անգամ անզոր էր։ Ամեն ծագող լուսաբաց մեկ օրով էլ էր կրճատում բժիշկների տված ժամկետը։ Ամեն վերջալույսին ավելի ու ավելի նկատի էր դառնում Ադամի հյուծված մարմինը, գունատ դեմքն ու սրվող ցավերը՝ Սոնայի համար վերածվելով ահեղ դատաստանի։
Սոնան Ադամի հետ մնաց թե՛ ուրախության ու տխրության, և թե՛ առողջության ու հիվանդության պահերին մինչև մահը չբաժանեց նրանց՝ Սոնային թողնելով միայնակ՝ մանկահասակ դստեր, քարուքանդ իրականության և ցկյանս ձգվող վշտի հետ։ Սոնան սևազգեստ դարձավ 26-ի շեմը նոր բոլորած։
***
Սոնային կյանք վերադարձնելը հեշտ չտրվեց ո՛չ իրեն և ո՛չ էլ շրջապատին։ Անհույս թվացող այդ գործին լծվել էին բոլորը՝ ծնողներից մինչև հարևաններ ու հեռավոր ազգականներ, որոնք իրար հերթ չտալով` առանց դուռը թակելու մտնում էին նրա ներաշխարհ և իրենց ցեխոտ ոտքերը սրբում անպաշտպան հույզերի սև քողի վրա։ Հետո, ինչպես լինում է նման դեպքերում, շրջապատն աստիճանաբար հեռանում, սառչում և կորցնում էր հավեսը՝ մասնակիցը լինելու Սոնայի տառապանքին՝ թողնելով նրան մեն-մենակ դժոխային գիշերների, դատարկ անկողնու և մենության հալածող ուրվականի դեմ։
Շրջապատի կողմից առաջադեմ պիտակավորված ծնողներն ուզում էին դստերը տեսնել նորից կենսախինդ, առույգ ու երջանկության իր բաժնին տեր եղած, ասել է թե՝ կրկին ամուսնացած։ Այս միտքը մի որոշ շրջան հարուցել էր Ադամի որդեկորույս ծնողների դժկամությունը, հետո, սակայն, կտրուկ առարկությունը վերածվել էր լուռ համաձայնության՝ նկատի առնելով այն փաստը, որ արանքում չկար ցեղի ժառանգականությունն ապահովող արու զավակ (հանգամանք, որի հանդեպ միշտ էլ զգայուն են եղել Վիեննայից արևելք ընկած մեր կողմերում)։ Բացառություն էին կազմում սադիզմի ակնհայտ մղումներ ունեցող մի քանի հեռավոր ազգականներն ու շենքի անցուդարձից միշտ քաջատեղյակ մեծականջ հարևանները, որոնք համառորեն փորձում էին Սոնային զնդանել սևազգեստ ու կախգլուխ այրու մշտապես թշվառություն մուրացող կերպարի մեջ։
Սոնան, սակայն, ականջալուր չէր ոչ մեկին։ Երբեմնի կայտառ ոգին, որ տասնյակ տղաների կռվի պատճառ էր դարձել, ում ժպիտը վեճեր էր գցել բազմաթիվ զույգերի միջև, ում՝ շրջապատից տարբերվող հագուկապը հասակակից աղջիկների կանոնավոր նախանձի հարուցիչն էր, զուտ արտաքուստ էր միայն ողջ թվում։ Գթության քույր չդարձած Սոնան կենսակերպով, կարելի է ասել, լրիվ վերածվել էր միանձնուհու։ Ուրիշ կողակցի մասին մտածումն անգամ շպրտում էր նրան մի գերհուզական վիճակի մեջ, որն ինքնուրույն հաղթահարելու անընդունակ կինը գրեթե միշտ փրկություն էր որոնում դեղերի մեջ։ Ապրելու համար Սոնան ուժ չուներ․ ծովեզերքով անմոռաց սավառնող ու որսագողի վրիպած կրակոցից թևը կորցրած ճայի էր նմանվել։ Իրականության հետ առերեսումից ամեն կերպ խուսափելով՝ նա մեռնելու համար առիթը պատեհ էր համարում։ Սակայն, խնամքին ունենալով Ադամի սիրուց բաժին հասած դստերը, ինչ-որ զգայական իմացության մղումներով զերծ էր մնում ինքնակամ սառը տապանաքար դառնալու շատ հաճախ փրկություն թվացող մտքից։ Թեպետ նա էլ էր զգում, որ պետք է ապրել, բայց դիակի վերածված մարմինը սառած ուղեղն իզորու չէր կանգնեցնել ոտքի։
Շրջապատում բոլորը միաբերան եկել էին այն մտքին, որ ինքնուրույն դուրս գալ ճահիճից նրան չէր հաջողվելու։ Ճշմարտանման թվացող այս եզրակացությունն էլ մերձավորներին մղել էր մեկը մյուսից տարբերվող նախաձեռնությունների՝ էլ ավելի խճճելով Սոնային։ Մի կողմից ճակատագրով մխիթարվելու ուղեղը թմրեցնող քարոզներն էին, որոնք նա մերժելով մերժում էր, մյուս կողմից էլ բուժակների լայն ու բովանդակ շրջանակը՝ բախտագուշակից մինչև գրբաց և ընդհուպ մինչև քահանա։ Վերջինիս հետ հանդիպումն էլ թերևս սպառեց նրա համբերությունը։ Մեղքերի միջոցով կյանքը հասկանալը նա ենթագիտակցորեն վանում էր։ Առավել անհասկանալի, անհեթեթ և վանող էին թվում վերերկրայինում սփոփանք գտնելու հորդորները։ Այնուհանդերձ, Աստծո հետ թշնամացած և Հակոբի պես նրա դեմ կռվի բռնված՝ կարծես նա չէր շտապում այրել կամուրջները՝ հավանաբար հակառակ կողմում տեսնելով խորտակող ունայնություն, որից անասելի երկյուղի էր մատնվում։ Հակառակի պես այս միջանկյալ վիճակն էլ ավելի էր փշոտում ներսից՝ դարձնելով նրան մի վիրավոր ու կատաղի տափաստանային գայլ, որ բախտից հալածական` թափառում էր ցավի եվ ունայնության անվերջանալի թվացող հատումներում։
Ժամանակի ճմլող թափանիվը մենությունը վերածեց անխուսափելի իրողության՝ քարացնելով ներսում բացված վերքը և չորացնելով կոպերը։ Ցավին արդեն վարժված՝ ջրում խեղդվելուց փրկվածի նման սկսեց ականջալուր լինել ոչ միայն ինքն իրեն, այլև իրենից դուրս կյանք փնտրող ձայներին։ Առաջին կանչից նա որսած գրեթե լիակատար անտարբերության և կարեկից հարազատների խնամքին մատնված դստեր հայացքը։ «Չապրածդ կյանքը ծանր բեռ է լինելու երեխուդ ուսերին․․․․թա՛փ տուր քեզ»,- մշտապես կրկնում էր մայրը, իսկ վերջին «թա՛փ տուր քեզ»-ը գոնգի բութ զնգոցի նման արձագանքելով ճաքեցնում էր տևական ժամանակ դեմքը պարուրած անտարբերությունը։ Մեռնելու ցանկությունը դառնում էր իմաստազուրկ մի ձգտում դստեր՝ գուրգուրանք հայցող հայացքին դեմ հանդիման բախվելիս։ Պետք էր ապրել։ Սկզբի համար թերևս մի կերպ, թեկուզ ինքնամերժումով՝ հետոն թողած բախտի հույսին։
***
Հուշերն, այսօր էլ ամեն օր Սոնային մղում են մենության կառափնարան, ուր հիշողության մտրակումներից ոռնացող սիրտը աշխարհի հետ խոսում է չհասկացվածության անվերջ ձգվող լռությամբ։ Երևույթ, որ նույնչափ ակնհայտ կերպով ներկա է դստեր թախծոտ աչքերում ևս։ Անձնական երջանկության վրա խաչ քաշած՝ նա իրեն վճռականորեն զոհաբերեց դստեր դաստիարակության սրբազան զոհասեղանին։ Անշուշտ, տղամարդկանց կողմից պարբերաբար ստացած հիասթափություններն էլ նրան վերջնականապես մղեցին փակուղի։ Չնայած, հանուն արդարության պետք է նշել, որ նրա գլխում չի դադարում ցանկացած տղամարդու՝ Ադամի հետ հակադրվելու անդադար խաղը, որում հաղթողը կանխորոշված է։
Ադամի նկատմամբ սե՞րն էր, թե՞ վախերն ու կյանքի հասցրած հարվածը, որ ամփոփեցին նրան իր մեջ, դժվար է ասել։ Թախիծը հավիտյանս Վիեննայի փողոցներում թողած՝ Սոնան շարունակում է բացակա մնալ ներկայում։ Հիմա, երբ ուսերին ծանրացող տարիները ճերմակով են սկսել ներկել մազերը, իսկ ծերությունն իրական է թվում առավել քան երբևէ, միայնակ այն տանելու միտքը ափսոսանքի ու զղջման նոր հարցադրումների առաջ է կանգնեցնում։ Կա մի համոզում, սակայն, որում նա սփոփանք է գտնում, երբ կոպերին ծանրանում է տխրությունը․ դեռևս պահպանվող հուշերն անցյալից, որ լուսավորում և ջերմացնում են խավարի մեջ թաղված միայնակ և սառը գիշերները։
13/10/2023