-Տենց էլ մարդ չդառար,- շփցրեց մարդու երեսին կնիկը, որը մարդուց ամեն ինչ ստացել էր, բացի կենդանության նշանից։ Բայց արի ու տես՝ էդ խեղճ կնգան մենակ էդ էր պետք եղել, սակայն ցավոք սրտի հենց էդ միակ հարցում մարդը նրան ոչ մի կերպ չէր կարողացել օգնած լինել։
Իհարկե, եղել էին կյանքի էնպիսի էտապներ, որ ինչ-որ կենդանության թույլ նշաններ երևացել էին, սակայն այդ նշանները նկատելի էին եղել միայն ուրիշներին՝ ոչ սեփական կնոջը։
Ու կրկին վիզը ծուռ մարդը եկել էր տուն, որ դեմ-հանդիման կանգնի գզգզված մազերով միևնույն պատկերի առջև։ Մարդը մտածել էր, որ էդ գզգզվածությունը ուղիղ համեմատական է վզի ծռությանը, բայց կինը այլ կարծիքի էր եղել, որ դա ավելի շուտ կենդանության բացակայության անդրադարձն է, ոչ թե վզի ծռության։
Երբ ոտքիդ տակ հող չես զգում, երբ հողը փախնում է ոտքերիդ արանքից, երբ թևաթափ ես լինում, երբ երկինքը փուլ է գալիս գլխիդ, երբ գլխով պատին ես հարվածում, երբ թուքը չորանում է բերանումդ, երբ աչքերդ ջուր են կտրում, երբ սիրտդ պայթում է․․․ Ու էս ամեն ինչը ոչ թե պարզապես հերթական խոսքեր են, այլ սկսում ես դրանք զգալ սեփական կաշվիդ վրա։
Նրա ծնկները ծալվում էին կնգան ամեն անգամ դեմքի նույն արտահայտությամբ տեսնելիս, իսկ հերթական թուքումուրերի չափաբաժնի ըմբոշխնումից հետո կրկին վերաբերմունքի որևէ փոփոխության տեղի չէր ունենում, թեկուզ դեպի ավելի վատը։
Իհարկե, ամենահեշտը դուռը շրխկացնել ու գնալն էլ, բայց հոր հեռանալուց հետո ախր երեխեքի սիրտը կկոտրվեր, դրա համար էլ ամենահեշտ քայլին էդքան էլ հեշտ չէր գնալը։ Ավելի հեշտ էր հերոսաբար զոհվելը, որ համ երեխեքի սիրտը չկոտրվի, համ էլ գլուխները բարձր հպարտ ման գան, որ հերոսի զավակներ են։
Կինն էլ իրեն լիովին բավարարված կզգար, որ հերոսի այրի է եղել՝ չնայած մյուս կողմից գիշերները բոլորից թաքուն հոնգուր-հոնգուր կլացեր ու ինքն-իրեն կխոստովաներ, որ ո՞ւմ էր պետք նրա հերոս լինելը, եթե սկի մի հատ կնիկ չէր կարողանում սիրել։
Հաջորդ առավոտն իսկ, հերոսի այրու դիմակը հագած, դուրս կգար փողոց, բայց արդեն ոչ թե գզգզված մազերով, այլ սև շալը գլխին փաթաթած ու հպարտ դեմքով, որ էդպիսի ամուսին է ունեցել, մինչև հետ տուն հասնելն ու հերթական դաժան գիշերվա գալուստը։
Ամուսնու մահվան առաջին օրն իսկ կինը հասկացավ, որ ամուսինը կենդանության նշաններ է ցույց տալիս։ Օրըստօրե այդ նշանները այնքան ակտիվացան, որ մարդու տարուն նա արդեն լրիվ կենդանի էր ներկայանում՝ իր մասին հյուսած լեգենդներով ու առասպելներով հանդերձ, ու պարզվեց, որ բացի հերոս լինելուց, նա նաև հոգատար հայր ու ամուսին է եղել։
Ինչքան էլ կինը ինքն-իրեն համոզեր, որ տենց բան չկա, արի ու տես, որ ամուսնու մեռնելը պարտադիր պայման էր, որ կինը զգա, որ նա կենդանի է, ու էս էն դեպքը չէր, որ գնա մեռի՝ արի սիրեմ, այլ հակառակը -գնա մեռի, որ զգամ, որ դու կենդանի ես։