Առաքել Սեմիրջյան | Պլան Բ

Պլան Ա-ի քանի մը փորձի վերջնական տապալումից հետո, նա անցավ Պլան Բ-ին, հետո Պլան Գ-ին, այնուհետև Դ-ին ու տենց մինչև հայկական այբուբենի վերջին տառը։
Իհարկե Պլան Ճ-ի վրայով անցնելիս մի երկու անգամ դժկամություն հայտնեց, ու Պլան Ֆ-ի ձախողումից հետո կարելի էր մտածել, որ նա ամեն ինչից հիասթափվել է, սակայն նա Համբարձումը չէր լինի, եթե կանգ առներ այդ կետի վրա։
Պլան Ֆ-ի վերջնական ֆիասկոյից հետո նա անցավ ռուսական այբուբենին, քանի որ հայերենից բացի նենց ոչինչ ռուսերեն էլ գիտեր, իսկ ռուսերեն տառերի ավարտից հետո էլ անցավ լատիներենին, որովհետև լսել էր, որ մոդայիկ է։
Լատիներենի միջի տառերի պլաններն էլ, կներեք արտահայտությանս համար, քաքմեջ անելուց հետո, երբ արդեն հասել էր X, Y, Z-ին, նա անցավ չինական հիերոգլիֆներին, կորեական հանջիներին, ճապոնական հիրագաներին, հնդկական սանսկրիտին և այդպես շարունակ` մինչև գուգլով ու չաթջիբիթիով բոլոր լեզուների տառերով նախանշված պլանները վարի չտվեց։
Տեսավ` էսպես չի լինում շարունակել, որովհետև խճճվում է իր իսկ պլանների տառերի մեջ, դրա համար որոշեց անցնել թվերին, որ ինչքան ուզենա փորձի։
Իհարկե թվերն անվերջ էին, սակայն մի պահ նա գիտակցեց, որ թվերի աշխարհում իր կյանքի օրերը չեն հերիքի նոր պլաններ փորձարկելու համար, դրա համար էլ հետ վերադարձավ պլան Բ-ին, այսինքն նախասկզբին, երբ առաջին ծրագիրը չէր իրականացել, ու անցել էր հաջորդ տարբերակին։
Հիմա չէր հիշում նրա անունը, սակայն հաստատ մտաբերում էր, որ Մուհամեր Քադաֆիի տղան էր CNN-ին տված հարցազրույցում, երբ Լիբիայի վերջին օրերին նրան հարցնում էին` ինչ պլաններ ունի, ու պատասխանում էր` պլան А` կռվել ու մեռնել հանուն Լիբիայի, Պլան B` կռվել ու մեռնել հանուն Լիբիայի և Պլան C` կռվել ու մեռնել հանուն Լիբիայի։
Համբարձումը հիացած էր նման պատասխան լսելով, սակայն քանի որ նա Քադաֆիի որդին չէր, չէր էլ կարող իրեն նմանատիպ պատասխանի շռայլություն թույլ տալ, դրա համար էլ Պլան Բ-ի վրա ուղեղը կախել էր ու էլ առաջ չէր շարժվում։
-Ախր ո՞նց կարող է մարդ հարյուրավոր փոխարինող պլաններ ունենա, եթե դրանք բոլորը ուղղված են ձախողված Պլան Ա-ի իրականացմանը։ Նշանակում է` դրանք բոլորն էլ Պլան Ա-ի տարատեսակներն են՝ պարզապես նրանց փորձում են տարբեր տառերով ու թվերով ներկայացնել։
Համբարձումն ինքն-իրեն տալիս-առնում էր, որից հետո հանգեց նրան, որ ի վերջո Պլան Բ-ն տարբեր է մնացած պլաններից, քանի որ նա առաջինն է, որով որոշել ես չհանձնվել, առաջինն է, որ չես հուսալքվել, առաջինն է, որ շարունակել ես պայքարդ։
Համբարձումը գրկել էր իր Պլան Բ-ն ու բաց չէր թողնում՝ նրան ամեն օր գուրգուրում ու փայփայում էր, իսկ երբ եկավ դրա իրագործման պահը՝ հասկացավ, որ այս ողջ ընթացքում կարևորը չկոտրվել էր՝ էս փխրուն-փշրվող աշխարհում, թե չէ պլանները ձախորդ օրերի նման կուգան ու կերթան։

Share Button