– Էլի՞․․․ Բայց ինչ քո ասածի՜ն ես․․․
Ամուսինը ձեռքը հուսահատ թափ տվեց ու տուն մտավ, իսկ կինը շարունակեց ավլել։ Ձեռքին երկար պոչով աղբահավաքն էր ու մի հին ավել, որն արդեն տան համար պիտանի չէր՝ դուրսն էլ ավլում։
– Չես տեսնո՞ւմ՝ հեսա նորից անձրև ա գալու, քամին էլ հո անպակաս ա, նորից նույնն ա լինելու․․․ Աղբ էլ չի, թափված տերևներ են,- ոչ մի կերպ չէր հանգստանում ամուսինը, որ նորից հայտնվել էր դռան առաջ։ -Արդեն կամաց-կամաց ամբողջ փողոցն ես ավլելու․․․
Ամուսնու վերջին նախադասությունն օդից կախված մնաց՝ ոչ այն է՝ հաստատական էր, ոչ այն է՝ հարցական։
– Ախր որ չավլեմ, էս հավաքված խազալը քամուց ցրիվ է գալու՝ նորից ամբողջը կեղտոտի,- պատասխանեց կինը։ – Դու տուն գնա, հեսա կավարտեմ։
Դռան շրխկոցը հաստատեց ամուսնու անհամաձայնությունը և որ էլ դուրս չի գա։ Չէ, եթե առավոտվա սուրճը, որ հիմա մենակ է խմում, ավարտի, դուրս կգա, որ աղբի դույլերը տանի թափելու։ Եթե հասցնի։ Ալվարդը սիրում էր աղբը թափել. աղբարկղը հեռու էր, մինչև հասներ՝ ավլելուց կորացած մեջքը կշտկվեր․․․
Աշնանացող ամռան դեռ կարգին չլուսացած առավոտ էր։ Փողոցում մեքենաները սակավ էին, ու ծիտիկների բարի լույսը չէր խլանում։ Զով էր, մանրաքայլ պարմանուհու պես օդը թեթև տարուբերվում էր՝ թարմություն տարածելով։ Դեռ մի քանի օր առաջ այս ժամին արդեն շոգ էր. արևը շողերի այրող խրձեր էր տարափում, ասես շտապում էր՝ չդարմանելով և ոչ մի ցավ․․․
Տղայի զոհվելուց հետո Ալվարդը մի քանի ամիս դուրսը չէր ավլել՝ աչքին բան չէր գալիս, տնից էլ համարյա դուրս չէր գալիս, որ քամու՝ տան առաջ հավաքած կիտուկները տեսներ․․․ Միայն մի օր ամուսինն էր ավլել՝ «արդեն շատ ա հավաքվել» փնթփնթալով․․․ Ալվարդը տղայի գերեզմանին էլ չէր գնում՝ նույնիսկ հեռու տեղերից եկող ազգականներին ուղեկցելու համար․․․ Տնից դուրս գալու ուրիշ խնդիր չուներ՝ առևտուրն ամուսինն էր անում, հանրահավաքների էլ չէր գնում․ պարտությունից հետո հանրահավաքներն ինչպես անկապ սկսվել էին, այնպես էլ անկապ ավարտվեցին․․․
Հետո նորից սկսեց Եռաբլուր գնալ՝ հրամանատար որդու և նրա զոհված ընկերների վրա հերթով խունկ ծխելու, անարցունք մղկտալու ու հեռվում կանգնած, հանգած սիգարետը որերորդ անգամ վառող ամուսնու ուրվագիծն ամպերի մեջ տեղավորելու անհասկանալի սովորությունով․․․
Գարաժը տնից մուտք ուներ. միանգամից նստում էր մեքենան, կարծես հատուկ, որ մայթին ու հատկապես մայթեզրին կիտված աղբը չտեսներ։ Տիկին Ալվարդը հատկապես ատում էր ծխախոտի մնացորդները, իսկ քնթուկներն ամենուր էին՝ մայթին, մայթեզրին կայանած մեքենաների տակ, տան առջևի իր աճեցրած փոքրիկ ծաղկանոցում, նույնիսկ տան աստիճաններին․ ամեն երեկո պարտադիր այդ կողմերում զվռնող քամու շնորհքն էր․․․
Այդ օրն արթնացավ հաստատ որոշմամբ՝ պետք է նորից ավլել, պետք է մաքրել․․․
Մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ․ ավելն աջ ու ահյակ զարկելով՝ սանտիմետր առ սանտիմետր առաջ էր շարժվում՝ աղբն առաջ տանելով…
Ալվարդը բակուդուռն ավլելու իր ձևն ուներ․ նախ պետք է դուրսն ավլեր՝ սեփական առանձնատան դիմացի մայթը, քանի հետիոտնի շարժը չէր սկսվել, հետո անցներ բակին։
Մուգ շագանակագույն, բամբակյա թեթև կտորից տնային լայն տաբատ էր հագին, բլուզն էլ էր բամբակյա, գույնը՝ մի տոն բաց, հաճախ լվալուց խունացած, բայց հարմարավետ։ Ալվարդի՝ ռեզինով հավաքած մազերի փունջը սպիտակին էր տալիս․ ներկելուց հրաժարվել էր, շատ նիհարելուց էլ ավելի տարիքով էր երևում, թեև հիսուն չկար։ Մի ձեռքում ավելն էր, մյուսում՝ աղբահավաքը, ավլում էր կենտրոնացած ու մանրակրկիտ։ Չոր տերևները, որ մարդկանց ոտքերի տակ փշրվել ու վաղորդայնի շաղից թրջվել էին, մտնում էին անորակ ասֆալտի մանր անցքերի մեջ՝ պահանջելով հաստատակամ համառություն՝ դրանք այդ ծակուծուկերից դուրս բերելու համար։
Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք, մե՛կ-երկո՛ւ-երե՛ք-չո՛րս, երբեմն՝ հի՜նգ-վե՜ց․ Ալվարդն ավելը հարվածում էր նույն տեղին՝ ցեխակոլոլ տերևա-մազա-քնթուկային զանգվածը ասֆալտից պոկելու համար, հետո աղբահավաքի օգնությամբ շրջում էր ինքնաշեն դույլերի մեջ․ դպրոցի պահակն էր նվիրել՝ պարսկական յուղի տարաներ էին․․․
Առաջ էլ էր գլուխը կախ ավլում ու պատասխանում շտապող մարդկանց բարևներին, իր և տնեցիների որպիսության մասին հարցերին, ու մի ժամվա փոխարեն ավլելը ժամուկես էր տևում։ «Բա՛րև Ձեզ, տիկի՛ն Ավետիսյան», «Բարև՜, հազա՜ր բարին», «Ինչպե՞ս եք, տիկի՛ն Ավետիսյան», «Փա՛ռք Աստծո, լավ եմ, դո՛ւ ինչպես ես», «Ալվարդ ջան, բա՛րև», «Բարև՜, հազա՜ր բարին»… «Քեզ լա՜վ օր, ձեզ լա՜վ օր», «Շնորհակա՜լ եմ, ջանիկ, ապրե՛ս, քե՜զ էլ»․․․
«Ի՜, փողոց ավլողները կանեն, էլի՜, հարևան ջան, ինչի՞ ես չարչարվում»՝ ամեն անգամ առավոտը շուտ հացի փուռ գնացող դրացին էր ասում, ու ինքն էլ ամեն անգամ լռում էր։ Ի՞նչ ասեր, ինչ է՝ չգիտի՞, որ կա՛մ իրենց փողոց չեն հասնում, կա՛մ էլ ջուրդուքշի են անում, կարծես ոչ էլ ավլած լինեն․․․
Այսօր շատ շուտ էր դուրս եկել՝ փողոցը դեռ ամայի էր։ Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք․․․ Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք-չո՛րս․․․ Ավելն այնպես ռիթմիկ էր շարժում՝ ասես երաժշտական գործիք լիներ։
Ալվարդն ավլելով հասավ իր ու հարևանի մայթերը բաժանող թզաչափ բարձրությամբ պատնեշին, որի երկու կողմերին փողոցի տերևախառն աղբն այնպես էր փակչել, որ քարերը չէին երևում՝ աղբե երկարավուն բլրակ էր։ Ամեն անգամվա պես մաքրեց բլրակի իրենց կողմը։ Ցածրիկ պատնեշը երևաց՝ ավելի ընդգծելով այն, ինչ կատարվում էր դրանից այն կողմ՝ հարևանի լքված առանձնատան դիմաց։
Ալվարդն ամեն օր տեսնում էր դեռևս պատերազմից առաջ երկու որդուն արտասահմանները փախցրած հարևանի տան շեմին ալիք-ալիք կիտված աղբը։ Տղաների հետևից հարևանն էլ մի օր անհետացավ, գնաց՝ առանց որևէ մեկին իմաց տալու, ու նրա այլևս ելումուտ չունեցող դռան դիմաց հավաքված աղբն Ալվարդին շատ էր բարկացնում՝ ախր մայրաքաղաք է, չէ՞, հետո ինչ, որ ծայրամաս է․․․ Լքված տան դիմաց դասական աղբ էր՝ «բիչոկներ», սիգարետի դատարկ տուփեր, կոնֆետի ու պաղպաղակի թղթեր, հոթ-դոգի կիսատ կերած հաց ու այդ ամենը համեմված էր խաշամով ու պատառոտված ցելոֆանե տոպրակներով․․․ Մի շրջան որոշ «քթածակով» հարևաններ սկսել էին նորահայտ աղբակույտի մոտ դնել իրենց տան աղբի տոպրակները՝ ալարելով հասնել աղբարկղին, մինչև որ Ալվարդի ամուսինը աղբահավաք մեքենայի վարորդին մի քիչ փող էր տվել, որ տանի, ու բարձրաձայն, որ հարևանները լսեն, ասել էր՝ խո՛զ են, այ ախպեր, խո՜զ, ով է տեսել սենց բան․․․
Մե՛կ-երկո՛ւ․․․ Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք․․․ Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք-չո՛րս․․․
Էս դույլերն ինչ արագ լցվեցին․․․ Ալվարդը գրեթե վազքով երկու դույլը տարավ, դատարկեց մի վեց-յոթ տուն այն կողմ՝ մայթին շարված աղբարկղերի մեջ, ու վերադարձավ։ Իրենց մայթն արդեն գրեթե մաքուր էր, մուտքի աստիճաններն էին մնացել․․․
Ամեն ինչ ինքնիրեն ստացվեց։ Հա, ի՞նչ, թող մտածեն փողոցն ավլողներն են մաքրել՝ արագ որոշեց Ալվարդն ու անցավ հարևանի դռանը կիտված աղբին․․․ Չգործող մուտքի սալարկների տակից փշերը բարձրացել ու աղբին էին փարվել՝ հեշտ տեղի չէին տալիս, ստիպված բակից բրեզենտե ձեռնոցներն ու այգեգործական մկրատը բերեց։ Ջերմեռանդությունը, որով տիկին Ավետիսյանը կտրտում-պոկում էր փշերն ու դույլերի մեջ խցկում, հետն էլ արագ-արագ աղբահավաքին տալիս դրանց տակ կիտված աղբը, համեմատական էր երևի միայն եկեղեցում իր աղոթելուն, երբ պատերազմը նոր էր սկսվել, ու զինվորական հագուստով լրագրողը հեռուստացույցից հուսադրող բաներ էր ասում․․․
Մե՛կ-երկո՛ւ․․․ Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք․․․ Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք-չո՛րս․․․
Տղան կամավոր էր գնացել։ Մա՛մ ջան, հետո ինչ, որ նոր եմ զորացրվել, էդ տասնութ տարեկանները մենակ չեն կարող․․․ Ու եկեղեցու ճանապարհն ավելի բանուկ էր դարձել․ Տե՜ր Աստված, դու մեր զինվորների՜ն հասնես, մեր ղեկավարներին ուժ ու կարողություն տա՛ս, զորացնե՜ս, վերջում էլ իմ մինուճարին հասնես․․․ Չհասավ։ Շատերին չհասավ, ասում են՝ շուրջ հինգ հազարին, ու եկեղեցու ճանապարհն ամայացավ։ Սկզբում զարմանում էր, որ փողոցում երաժշտության ձայն էր լսում, հետո հրավառություններ էլ տեսավ, դեպի եկեղեցին շտապող հարսանքավորների խմբեր էլ․․․
Տղան նշանված էր, հարսիկը ծնողների հետ մի քանի ամիս եկավ-գնաց, մի օր էլ թե՝ եկել ենք հրաժեշտ տանք, Ամերիկայում հեռու բարեկամ ունենք, գրին քարտ ենք շահել․․․
Ալվարդն սկզբում դպրոցի դասերը շատ քչացրեց, հետո հակառակը՝ հնարավորինս շատ ժամեր վերցրեց, որ ուրիշ բանի ժամանակ չմնա․․․
Մե՛կ-երկո՛ւ․․․ Մե՛կ-երկո՛ւ-երե՛ք․․․ Մի քիչ էլ ու հարևանի մուտքի ու մայթաբաժան պատնեշի մոտ կուտակված աղբն արդեն չկար։
– Ալվարդ ջան, վերջացրի՞ր, դույլերը թափե՞մ,- մտքերի անկանոն հոսքն ընդհատեց ամուսնու ձայնը․ փաստորեն առավոտվա սուրճն արդեն խմել էր։
Ինքը սուրճից, որպես հաճույք, հրաժարվել էր, բայց դպրոցում գործընկերների ճնշմանը երբեմն տեղի էր տալիս, իսկ ամուսնուն համոզել էր չհրաժարվել օրը սուրճով սկսելու սովորույթից։
Առավոտները, երբ դեռ երեքով էին, ամուսինն էր եփում սուրճը․․․ «Շատ չմնաց՝ հեսա հարս կբերենք, առավոտները բոլորիս համար սուրճ կեփի»՝ մի օր ասել էր Ալվարդն ու հանկարծակիի եկել ամուսնու՝ նախ լուրջ տոնով մերժումից՝ ո՛չ մի դեպքում, հետո լայն ժպիտից՝ ի՛ր համար էլ կեփեմ․․․
Ալվարդն ուրախացավ, որ ամուսինն իրեն հանցանքի վրա չբռնեց․ արդեն իրենց մուտքի վերջին աստիճանն էր ավլում․․․ Հավաքածն աղբահավաքից դատարկելով՝ նա դույլերն արագ ամուսնու ձեռքը տվեց․
– Էսօր աղբը շատ էր, սրանք դու տար, ես վազեմ տուն, շատ քրտնեցի։
2026թ․