Սիլվիա Փլաթին, որովհետև շոշափել է
ներսում քնած մթությունը․․․
․․․կինը քնած էր, բայց մարմինը, բայց արդեն գիտեր, բայց այն, ինչ ինքը դեռ չէր կռահում․․․
․․․բացում է աչքերը, տղամարդը՝ կողքին, տղամարդը՝ լցրել անկողնու մեծ մասը, տղամարդը՝ ծանր ու խաղաղ, ասես վաղուց, ասես միշտ պատկանել է տանը, նայում է, կենդանի է, բայց՝ անպաշտպան, նայում մերկ թիկունքին, ցանկալի է, բայց՝ մեռած, նայում է․․․
․․․հետո՝ սև, հետո՝ թռչուններ, հետո պատուհանից դուրս՝ շատ, բյուր թռչուններ, որ ծածկել են շենքերը, ծառերը, բակը, ու մարմինները՝ իրար ձուլվող-պոկվող շարժում, ու գիշերը՝ դեմքը պատուհանին հպած անողոք գիտակցություն, հետո՝ ձայն չկա, հետո՝ մեկը թռչում, հետո՝ բախվում պաշտպանիչ ցանցին, նորից, երկրորդ անգամ, ու կինը՝ վեր կենում, ու նկատում՝ ցանցը՝ փոքր-ինչ բաց, ո՞վ էր մոռացել, ո՞վ էր դիտավորյալ արել, թռչունը գտնում է այդ նեղ ճեղքը, փորձում մտնել, չէ՛, թռչունը չի նահանջում, հեռո՛ւ, գլուխը ներս է սահում, չէ՛, թևերը դողում են, ու կինը՝ հպվում նրան, ու կինը՝ զգում, հստակ զգում կարճ, խիտ, տաք մազածածկ ձեռքին, որն անկասկած, որն ավելի է վախեցնում, քան ողջ երամը․․․
․․․աչքերը բացեց, առավոտ էր, տղամարդը քնած էր կողքին, իսկ իր, իսկ ձեռքը՝ նրա գլխին, մատները՝ մազերի մեջ՝ կարճ, խիտ, տաք, կինը զգուշորեն շարժեց մատները՝ համոզվելու՝ մղձավանջ էր, նայեց պատուհանին՝ ոչ մի թռչուն, հետո՝ տղամարդը ծուլորեն խոր շունչ քաշեց, երկրորդ անգամ, կինը ձեռքը հետ տարավ գլխի վրայից ու այդ պահին, ու կյանքում առաջին անգամ, ու սարսափեց մտքից, թե թռչունը, թե գուցե ներսում է․․․