Պատմվածք

Վոլֆգանգ Բորխերտի ձայնը

Այս ընտրանին, որն այժմ հասանելի է կինոթատրոն մեկ այցելության գնով, նախատեսված է նրանց համար, որոնք կարող են այժմ այն տարիքում լինել, որքան Վոլֆգանգ Բորխերտը, երբ առաջին անգամ հայտնվեց ռազմական բանտում:

• 7 րոպե

Վոլֆգանգ Բորխերտի ձայնը

Այս ընտրանին, որն այժմ հասանելի է կինոթատրոն մեկ այցելության գնով, նախատեսված է նրանց համար, որոնք կարող են այժմ այն տարիքում լինել, որքան Վոլֆգանգ Բորխերտը, երբ առաջին անգամ հայտնվեց ռազմական բանտում: Քսանամյա զինվոր Վոլֆգանգ Բորխերտի նամակները համարվեցին պետության դեմ ուղղված սպառնալիք, Բորխերտը դատապարտվեց մահվան և, որպես դատապարտյալ, ստիպված եղավ վեց շաբաթ սպասել իր խցում՝ նախքան ներում ստանալը: Լինել քսան տարեկան, վեց շաբաթ նստել խցում՝ գիտակցելով, որ հնարավոր է մահանաս ինչ-որ նամակների պատճառով, որոնցում գրել էիր քո կարծիքը Հիտլերի և պատերազմի մասին: Քսան տարեկանները, որոնք ձեռք կբերեն այս փոքրիկ գիրքը, կարող են իմանալ, թե որքան թանկ արժե սեփական կարծիքը, որքան բարձր գին պետք է վճարել դրա համար:

Վոլֆգանգ Բորխերտին ներում շնորհվեց, բայց նման դեպքերում ներումը պարզապես պատահական մի դեպք է, որը բնորոշ է դաժան բռնապետությանը: Շոլ եղբայրներն ու քույրերը ներման չարժանացան, չնայած նրանք նույնպես քսան տարեկան էին: Հետագայում քսանչորսամյա Բորխերտը կրկին բանտարկվեց ինն ամսով՝ իր մի քանի հումորային պատմությունների պատճառով: Քսանամյա երիտասարդի նամակներից, քսանչորսամյա երիտասարդի կատակներից վրեժ լուծելու համար պետք էր գործի դնել ողջ խաբեբա իրավական ապարատը: Ամբողջատիրական պետությունները շատ զգայուն են. գլխավոր շտաբի քարտեզում խրված մեկ քորոցը նշանակում էր տասը հազար մարդկային կյանք, որոնց «մուտքը» համարվում էր անհրաժեշտ: Սակայն նրանք՝ պետությունները, չեն կարող հանդուրժել այդ ծակոտիները. նրանց պատասխանը սպանությունն է:

Վոլֆգանգ Բորխերտը տասնութ տարեկան էր, երբ սկսվեց պատերազմը, քսանչորս տարեկան էր, երբ այն ավարտվեց: Պատերազմն ու բանտարկությունը քայքայեցին նրա առողջությունը, պատերազմից հետո համակած սովը բարդացրեց նրա վիճակը, և նա մահացավ 1947 թվականի նոյեմբերի 6-ին՝ քսանվեց տարեկանում: Նա երկու տարի ժամանակ ուներ գրելու համար, և այդ երկու տարվա ընթացքում նա գրում էր այնպես, ասես հայտնվել էր մահվան դեմ մրցավազքում: Վոլֆգանգ Բորխերտը ժամանակ չուներ, և նա դա գիտեր: Նա պատերազմի զոհերից մեկն է, նրան պատերազմից առաջ կարճ ժամանակ տրվեց պատմելու փրկվածներին այն մասին, ինչը պատերազմի զոհերը, որոնց թվում է նա, այլևս չէին կարող ասել. չէ՞ որ անտարբերությունը, հանդարտությունը, իմաստությունը, քաղցր խոսքերը ամենավատ ստերն են:

Անիմաստ պաթետիկ դրոշները, ողջույնի ձայները և հուղարկավորության երթերի ժամանակ ցուցադրվող անփույթ հերոսությունը. այս ամենն ի ցույց է դնում անտարբերությունը մահացածների նկատմամբ: Դրոշներ, կրակոցներ գերեզմանի վրա, երաժշտություն, — այս պաթոսը կարող է արդարացված լինել նրանց համար, որոնք, որպես անհատներ, կամավոր զոհաբերել են իրենց ազատության համար, այն ապստամբների համար, որոնց հիմարությունն այդքան հեշտությամբ է ճանաչում պատմությունը: Դրոշները, կրակոցները և երաժշտությունը չպետք է շեղեն մեզ այն փաստից, որ մեր եղբայրները մահացել են: Պատմությունը կարող է նշել, որ X-ում հաղթանակ է տարվել ճակատամարտում, Y-ում ճակատամարտը պարտվել է, հաղթանակը եղել է A-ի համար, պարտությունը՝ B-ի: Բանաստեղծի ճշմարտությունը, Բորխերտի ճշմարտությունն այն է, որ երկու ճակատամարտերն էլ՝ հաղթածը և պարտվածը, կոտորած էին, որ մահացածների համար ծաղիկներն այլևս չեն ծաղկում, նրանց համար հաց չի թխվում, քամին այլևս չի փչում, նրանց երեխաներն որբացել են, կանայք՝ այրիացել, իսկ ծնողները սգում են իրենց որդիների մահը:

Հուշագրության մեջ մենք այնքան հաճախ ենք հանդիպում մարդկային հանգստությանը, Պիղատոսի՝ հոգնած ուսերը թոթվելուն, որը լվանում է ձեռքերն այդ հարցից: Ուշագրավ է Բեքմանի երկխոսությունն անանուն գնդապետի հետ «Մարդը դրսում»-ի դրամայում. այս փոքրիկ գրքի ընդամենը մի քանի էջը պետք է ավելի մեծ կշիռ ունենար, քան այն մարդկային հանդարտությունը, Պիղատոսի՝ հոգնած ուսերը թոթվելը, որը պետք է լինի հուշագրությունների սուրբ հովանավոր: Այս երկխոսության մեջ պատասխանատվություն է պահանջվում, պատասխանատվություն միայն տասնմեկի համար՝ տասնմեկ հայրերի, որդիների, եղբայրների համար, միլիոնավորներից տասնմեկի համար, բայց Բեքմանը պատասխան չի ստանում. բեռը մնում է նրա վրա, և նա ուղարկվում է պատմության գիրկը՝ հանգիստ, զով տարածության մեջ, որտեղ ծաղիկները, որոնք մեռյալներն այլևս չեն տեսնում, հացը, որը նրանք այլևս չեն ուտում, իմաստ չունեն: Ստալինգրադ, Թերմոպիլե, Դիենբիենֆու. մնացել է տեղանունը և մի քիչ պաթոս, որից փրկվածները հարբում են, ինչպես վատ գինուց:

Քսան տարեկանները, որոնց համար նախատեսված է այս ընտրանին, գուցե հիշեն երկաթուղով անցնող կարմրավուն կառքերի վրայի արձանագրությունը՝ վեց ձի կամ քառասուն տղամարդ: Դա պատերազմների ժամանակ տրանսպորտային դասակարգումն է: Այդ արձանագրությունը, հավանաբար, Վոլֆգանգ Բորխերտի պատմվածքի վերնագիրն էր: Երկաթուղային ճանապարհի վագոնները դեռ նույնն են. դրանք փաթեթավորվել են այլ գույնով, բայց դրանք կրկին ներկելու համար անհրաժեշտ է ընդամենը մի քանի տոննա սպիտակ ներկ և մի քանի շաբլոն: Վեց ձի և քառասուն տղամարդ-զինվոր անիմաստ զոհաբերվեցին, հրեաներ սպանվեցին, և որպես վերադարձի գին, որն առաջացել է տրանսպորտի պարապ երթևեկությունից, ստրուկներ տրամադրեցին գործարաններին. տղամարդիկ, կանայք, ժողովրդի ծոցից դուրս եկած զավակներ, որոնք ներկայացվում են որպես ստորին մարդիկ:

«Վոլֆգանգ Բորխերտի աղաղակի» մասին շատ է գրվել և խոսվել, և «աղաղակ» եզրույթն իր կնիքն է թողել հանդարտության մեջ: Հանգիստ մարդիկ իրենց հերթին չեն աղաղակում, հոգնած մարգարեներին նույնիսկ մահվան դառնությունը չի հուզում: Բայց երեխաներն աղաղակում են, և համաշխարհային պատմության անդորրի մեջ արձագանքում է Հիսուս Քրիստոսի մահվան ճիչը:

Եթե նույնիսկ թվում է, թե բանաստեղծները կամավոր են շարժվում գեղագիտական ոլորտներում, գիտեն այն կետը, որտեղ տեղի է ունենում անհատի և պատմության միջև ամենամեծ բախումը, ինչպես Գյունթեր Այխն է ասում, նրանք չեն կարող մի չափածո տողով «հանգստանալ»: Նրանք միշտ շփոթված են, և ոչ ոք չի խլում այն բեռը, որը նաև երիտասարդ Բորխերտի բեռն էր՝ այդ շփոթվածությունն արտահայտելու այն կերպ, որը կարող էր հանդարտություն թվալ: Այդ շփոթվածության և հանդարտ արտահայտվելու միջև է ընկած այն կետը, որտեղ բանաստեղծը զգում է իր ամենամեծ բախումը թեմայի և ձևի միջև:

Բորխերտի «Հացը» պատմվածքը կարող է որպես օրինակ ծառայել. այն փաստաթուղթ է, սովի մասին ականատեսի վկայություն, բայց միաժամանակ վարպետորեն գրված պատմություն է՝ սառնասիրտ և հակիրճ, առանց ավելորդ բառերի, և այն մեզ օգնում է պատկերացում կազմել, թե ինչի էր ընդունակ Բորխերտը: Այս պատմվածքը գերազանցում է հետպատերազմյան տարիների սովի մասին բազմաթիվ խելացի մեկնաբանությունները, և այն ավելին է, քան դրանք: Այն կարճ պատմվածքի ժանրի վառ օրինակ է, որը չի շարադրվում նովելային շեշտադրումներով և բարոյական ճշմարտություններ չի բացահայտում, այլ արտահայտում է՝ դրանք պատկերելով:

Նրա «Հացը» պատմվածքն օգնում է նաև բանաստեղծության և այդքան սխալ հասկացված ռեպորտաժի ժանրի միջև տարբերությունը բացատրելուն: Ռեպորտաժի թեման միշտ արդիական է՝ սով, ջրհեղեղ, գործադուլ, ինչպես որ ռենտգենյան նկարի պատճառը միշտ արդիական է՝ կոտրված ոտք, հոդախախտ ուս: Ռենտգենյան լուսանկարը, սակայն, ոչ միայն ցույց է տալիս ոտքի կոտրվածքի տեղը կամ հոդախախտ ուսը, այլև միաժամանակ ցույց է տալիս մահվան դադարը. այն ցույց է տալիս ոսկորների մեջ մարդու լուսանկարը՝ հոյակապ և սարսափելի: Եբր բանաստեղծի ռենտգենյան հայացքը թափանցում է ժամանակակցի հոգու խորքը, այն տեսնում է ամբողջական մարդուն՝ հիասքանչ և սարսափելի. դա արտահայտված է Բորխերտի «Հացը» պատմվածքում:

Պատմության «հերոսները» սովորական մարդիկ են՝ երեսունինը տարի ամուսնացած տարեց ամուսնական զույգ: Եվ այս պատմության մեջ «վիճելի արժեքը» նվազագույնն է (և այնուամենայնիվ այնքան մեծ, որ սովի ականատեսները դեռ կարող են հիշել այն). հացի մի կտոր: Պատմվածքը կարճ է և պարզ: Եվ այնուամենայնիվ, մարդու ողջ տառապանքն ու մեծությունն արտացոլված է, ինչպես որ կոտրված քթի ոսկորի հետևում կարելի է տեսնել վիրավոր մարդու գանգի ռենտգենյան պատկերը: «Հացը» պատմվածքը և՛ փաստաթուղթ է, և՛ գրականություն, ինչպես Ջոնաթան Սվիֆթի արձակը, որը իռլանդացի ժողովրդին համակած սովի մասին է:

Այս կարճ պատմվածքը և Բեքմանի երկխոսությունը գնդապետի հետ ցույց են տալիս, որ Բորխերտը բանաստեղծ է, որն անմոռանալի է դարձնում այն, ինչը պատմությունն այդքան հաճախ մոռանում է. դա բախումն է, որին անհատը ստիպված է դիմանալ՝ պատմությունն արարելով ու վերապրելով: Գլխավոր շտաբի քարտեզի վրայի գիծը խորհրդանշում է քայլերթ անող գունդը, իսկ կարմիր, կանաչ, կապույտ կամ դեղին գլխով կրծքանշանը՝ մարտական դիվիզիան. մեկը խոնարհվում է քարտեզների վրա, կպցնում դրոշներ և կրծքանշաններ, հաշվարկում կոորդինատները: Եվ այս մասշտաբի գործողությունների մասին կարելի էր կարդալ երկաթուղու արյունոտ կարմիրով ծածկված վագոնների վրա՝ վեց ձի կամ քառասուն տղամարդ:

Անհատի համար, սակայն, երբեք մարտավարական ազդանշաններ չեն եղել. մի տարեց մարդ գիշերը գաղտնի իր համար հաց է կտրում, իսկ կինն իր հացի կտորը տալիս է նրան: Տասնմեկ ընկածներ՝ տղամարդիկ և եղբայրներ, որդիներ, հայրեր և ամուսիններ. պատմությունն անտեսում է դա, Պիղատոսը ձեռքերը լվանում է դրանից: Գրքերում հիշատակվող անուններից է «Ստալինգրադ»-ը կամ «մատակարարման ճգնաժամ»-ը. բառեր, որոնց հետևում անհետանում է անհատը: Դրանք գոյություն ունեն միայն բանաստեղծի հիշողության մեջ, Վոլֆգանգ Բորխերտի հիշողության մեջ, որը չէր կարող հանգիստ լինել:

1955

Հանս և Սոֆի Շոլերը Մյունխենում հիմնված «Սպիտակ վարդ» կազմակերպության ամենահայտնի անդամներն են: Հետպատերազմյան շրջանից ի վեր նրանք համարվում են Գերմանիայում նացիստական ռեժիմի դեմ դիմադրության շարժման կարևոր խորհրդանշական դեմքեր:

«Մարդը դրսում»-ը գերմանացի գրող Վոլֆգանգ Բորխերտի դրաման է, որը նա գրել է ընդամենն ութ օրվա ընթացքում: Գլխավոր հերոսը՝ Բեքմանը, երեք տարի ռուսական ռազմաճակատում անցկացնելուց հետո հաշմանդամ դարձած վերադառնում է հայրենի Համբուրգ և մնում հասարակությունից մեկուսացված: Պիեսը նախկինում լուռ երիտասարդ սերնդի աղաղակն է և համարվում է հետպատերազմյան ամենակարևոր դրամաներից մեկը:

Ստալինգրադ, Թերմոպիլե, Դիենբիենֆու — համաշխարհային պատմության մեջ հայտնի են որպես շրջադարձային և արյունահեղ ճակատամարտերի վայրեր: Դրանք խորհրդանշում են կատաղի դիմադրություն, ռազմավարական բեկումներ և կայսրությունների անկում:

Գյունթեր Այխ (1907–1972) — գերմանացի բանաստեղծ, ռադիոպիեսների հեղինակ:

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Թողնել մեկնաբանություն