ՌՈԼԱՆԴ ՇԱՌՈՅԱՆ | Սուրբ Հայր Հովհաննեսի վախճանը

Հովհաննեսը բամբակե հաստ, հնամաշ բաճկոնն առավ ուսերին, երեկ, էս տարի, ցավի ասեղն էլի խլրտացել էր թիկունքին, դանդաղ, համրաքայլ իջավ տան փայտաշեն աստիճաններով եւ անդուռ թոնրատան մուտքի մութուլուսի մեջ, փեշերն ալրոտած կնոջը գոռալով, ասաց.
– Բարի´ լույս, Մարիա´մ, բարի լույս, կնի´կ ջան, տո բարի´ լույս, կյանքակեր, տո ի՞ նչ ես անում, թերմա´շ կնիկ: Քեզ ո՞ նց փախցրի, լավ փախցրի, չէ՞ ,քեզ փախցնողը ե´ս չէի, է՜, ձի´ն էր, էդ ձին հիմի չկա ախր, դու կաս, թերմաշ անտեր,- խոսեց, խոսեց, խոսքով մոտեցավ, գրկեց կնոջն ու համբուրեց.
– Իա՞ , քնել-ելել ես, ամոթդ կորցրե՞ լ, տնաշեն,- կինը մի կողմ հրեց ամուսնուն:
– Ամոթի եղածն ի՞ նչ է, որ չկորցնեմ, Մարիամ ջան, ջա´ն ու ջան:
– Այ մարդ, քեզ ի՞ նչ է եղել:
– Շատ բան է եղել, կնիկ ջա՜ն,- երգելով խոսում էր Հայր Հովհաննեսը,- ինչ որ եղել է, ինձ ու քեզ է եղել, Մարիամ ջան, «ախ Մարիամ, Մաիամ, իմ ջան քու ջանին հեյրան»:
Խոսում-երգում-պարում էր Հայր Հովհաննեսը:
– Էս մարդն էլի գժվել է,- շվարած ինքն իրեն ասած Մարիամը,- ասենք` ձեր ցեղի մեջ կա, քո ողորմածիկ քեռի Աբգարը մեռնելու առաջ չէ՞ ր ասել, թե ժողովուրդ, մի քիչ սպասեք, ես երթամ Մասիսի ձյուներով զիմ սիրտ հովռեմ ու գամ մեռնիմ: Դու հանգիստ պառկի, ասել էին, մենք գնանք բերենք: Ձյունը բերել էին, բայց Արագածի, կերել էր մի քիչ ու հոխորտացել, վայնասունը գցել, թե էս ի՞ նչ եք բերել, էս Մասիսի ձյունը չէ, էդ ո՞ ւմ եք խելառի տեղ դրել, ասել էր, դե լավ, մեռնում եմ, բայց խռոված եմ մեռնում` ձեզնի´ց էլ, բոլորի´ց էլ, աշխարհի´ց էլ: Ձեր մեջ ցեղական ծռություն կա:
– Տո թերմաշ անտեր,- երգում-պարում էր Հայր Հովհաննեսը,- ես ու ձին որ քեզ չփախցնեինք, լավաշ թխելն էլ ձեռքդ չէր ընկնի, Մարիամ ջան, «ախ Մարիամ, Մարիամ, Մարիամ»:
– Օ՜ֆ, հավես չունեմ, Հովհաննես, ես քո հավեսը չունեմ, խելքդ տվել ես քամուն, պար ես գալիս, տունդ վառես շորհոտ չի գա, գոնե հարսներիցդ ամաչի, թոռատեր ես:
– Ե՞ րբ եկան էստեղ` մարդավարի ապրեցինք, որ ես չամաչեցի:
– Էսօր գալու են, շաբաթ է, մի քիչ քեզ հավաքի, այ մարդ:
– Գիտեմ, որ գալու են, Արտաշի տղու հետ լուր եմ արել, ես եմ կանչել, Մարիամ ջան:
– Այ մա՞ րդ, էդ ինչո՞ ւ ես շալվարթափ եղել:
– Լավաշ թխել ես, լա´վ ես արել, հիմի հաց, թթու, պանիր, արաղ, մեկ էլ թան տար ու էն մեծ ծիրանի ծառի տակ սեղան գցի:
– Չէ, ձեր ցեղի մեջ հաստատ կա, փնթփնթաց Մարիամը:
Մի քանի թարմ լավաշ վերցրեց ու քայլեց մեծ ծիրանու կողմը, ուր հին, փայտե ինքնաշեն սեղան էր դրված, չորս կողմը` իշոտնուկ: Գոգնոցի ճոթով սրբեց սեղանի փոշին, լավաշը փռեց վրան, ետ դառավ եւ քթի տակ մրթմրթալով իջավ հացատուն:
– Էլ քար ու գործ չունի, ամեն ինչ ներկել է, մնացել նարնջագույնը, քո խիղճը չմեռնի, խելացի ցեղ եք էլի՜:
Հայր Հովհաննեսը հայացքը խճճել էր հսկա ընկուզենու վերին ճյուղերի մեջ ու փնտրում էր ագռավին, որ ախորժալուր «անիծում» էր, բայց երբ կնոջ վերջին խոսքերն ընկան ականջը, շրջվեց եւ միտքն ու բառերը մի բերան արած շպրեց.
– Լավն էն է, Մարիա´մ, խելառ մեռնիս, չէ բուրդ գզողների ցեղից կնիկ ունենաս:
Ագռավն էլի կռկռաց:
– Տո ես քու՜…,- հայհոյեց Հայր Հովհաննեսն ու մտքում խոսեց: «Ինձնից առաջ դո´ւ պիտի մեռնիս, չէ, դու սատկես, ես մեռնիմ»:
Նա հուշիկ քայլերով մտավ մարագ, հանեց սյունն ի կախ երկփողանի որսորդական հրացանը, ձեռք պարզեց դեպի օճորքն ի վար ճոճվող աղավնու լքված բույնը, որ անճոռնի դույլ էր, երկու փամփուշտ վերցրեց, լիցքավորեց հրացանը եւ լռելյայն դուրս եկավ: Գողեգող քայլում էր, ոնց որ վարունգ թռցնող երեխա:
Ագռավն էլի կռկռում էր: Հայր Հովհաննեսի զույգ աչքերը չորս էին դառել, ո՞ նց էր փնտրում սեւ ագռավին, ամեն ինչ կտար, ինչ-որ մնացել էր տնից, տեղից, ապրուստից, մենակ թե աչքն առներ ագռավին:
Լույսի մի շող ընկուզենու ճյուղերի արանքից ընկել էր Հայր Հովհաննեսի դեմքին: Աննշան քամուց տերեւները խշշում էին, իսկ շողը թրթռում էր երեսին: Ագռավն նորից կռռաց: Ձայնի ուղղությամբ թռան նաեւ աչքերն ու մի խաչաճյուղի վրա «բռնեցին» ագռավին: Սեւ ագռավը կրկին կռնչաց: Կրակ խաղաց Հայր Հովհաննեսի աչքերում, ասեղի նման մի բան ծակեց մեջքը եւ խրվեց-մնաց թիկունքին: Նշան առնելն ու կրակելը մեկ եղավ: Գելաձորը երկար արձագանքեց,
եւ լռության միջից սատկած ագռավը խշրտոցով ճյուղնիճյուղ թրմփաց գետին. ետեւից հինգուվեց դեղնոտ, լեն թուփ ու տերեւ թափվեց:
Կրակոցի վրա Մարիամն ելավ մառանից: Սպրիդի մեջ մեկիկ-մեկիկ շարել էր ամուսնու պատվիրած ուտելիք-խմելիքը:
– Հովհաննե´ս,- կանչեց նա,- էդ ի՞ նչ հրացան պայթեց:
Հրացանի ուսնանցուկը ձեռքն ի կախ, սատկած ագռավը ոտքերի առաջ, քարացած կանգնած էր Հայր Հովհաննեսը:
– Ես էի Մարիա´մ ջան,- ձայնեց ամուսինը,- գնալուց առաջ ասի էս ագռավին սպանեմ, նոր երթամ. դիմանլուսից կռավում է:
Մարիամը սփրիդի եղած-չեղածը դրեց սեղանին եւ շվարած նայեց ամուսնուն: Սիրտը վախ ընկավ:
– Ո՞ ւր, տո խելառ, ո՞ ւր կերթաս, էսօր շաբաթ է, ուր որ է տղան, հարս ու թոռ կգան: Չէ´, ձերը ցեղական է:
– Դու իմ ցեղը հանգիստ թող, կերթամ, ուր ծնվել եմ: Լավն էն է, հիմա Վարազդատին ձեն տաս, ասա թող զուռնեն հետն առնի,- ասաց կտրուկ եւ զենքը փողն ի վեր հենեց ծառաբնին:
Մարիամի սիրտը շրխկաց: Մի բան անդառնալի փոխվեց ներսում:
– Իրա՞ վ, օրը հաս է, Հովհաննես, քո տուն չավրի,- նա զույգ ձեռքով խփեց ծնկներին եւ մոտեցավ:
Հայր Հովհաննեսի աչքերը մշուշվել էին, հայացքը ցիրուցան էր եղել:
– Քո աչքեր ո՞ ւր կնայեն, Հովհաննես:
– Իմ աչքեր կուզեն հարսանիք տեսնեն, Մարիա՜մ, Վարազդատին կանչե, ասա թող դհոլչի Կարապետին հետն առնի ու գան, ամենքը թող գան ու տեսնեն տալվորիկցի սուրբ Հայր Հովհաննեսի հարսանիք, չմոռանաս քո շորեր փոխես, նոր շորեր հագի:
Մի գունդ մրմուռ կլլեց Մարիամը, թեւերը խաչվորկեց, գնաց այգեմիջյան ճանապարհով – այն կողմ Վարազդատի տունն է:
– Մարիա՜մ,- հաստ, խռպոտ ու խզված ձայնով ետեւից կանչեց,- Մարիամ, մի պղինձ լիքը ջուր դիր օջախին` թող տաքանա,- ու սեղան նստեց:
Քեզ ո՞ վ իրավունք տվեց, ո՞ վ քո նժույգին քուռակ կոչեց, քեզ ի՞ նչ եղավ, շատ շուտ չբոցկլտացի՞ ր ու հանգար, տալվորիկցի սուրբ Հայր Հովհաննես, աշնակցի ջրբաշխ Հովան, էդ ե՞ րբ աշխարհի ջրեր բաժանեցիր պրծար` հավասար եւ հիմա գնում ես, դու չէի՞ ր, որ խելքդ լեզվիդ վրա էր` թշնամին թշնամի է, թեպետ բարեկամություն է քարոզում, բարեկամդ թշնամի բարեկամ է, թեկուզ մի բաժակ ջուր է խմել քեզանից թաքուն, Էս դու չէի՞ ր, որ Հայաստանում էլ ես ապրել,
Ստամբուլում էլ ես ապրել, Հալեպում էլ ես աշխատել, Ամերիկայում թափառել, Օդեսայում, Կրասնոդարում, Ռոստովում` փնտրել, Թիֆլիսում ու Բոգդանովկայում գտել եսիմ ում, եկել հասել Ուջան` մի ամսից փոշմանել, ոչ ավել, ոչ պակաս, որոշել ես, որ Աշնակն ավելի մոտ է Մեղրագետին, քան Ուջանը, քո տունը չքանդվի սուրբ հայր, էդքան բանից հետո լա՜վ, լավ կշռադատել ու գնում ես:
«Հա, կերթամ»:
– Հովհաննե՜ս, Հովան,- հեռվից լսվեց Վարազդատի ձայնը, եւ կանչը կամաց-կամաց մոտեցավ:
– Դեռ էստեղ եմ, Վարազդատ, եկա՞ ր, ժամանակին եկար:
Քիչ անց, շնչակտուր, հասավ դհոլչի Կարապետը, դհոլն ուսն ի կախ, զույգ զարկափայտերը ձեռքին:
– Դո´ւ էլ ժամանակին եկար, Կարո:
Վարազդատը խոսեց.
– Ուրեմն ինչ…
– Հա,- խոսքի վրա եկավ Հայրր Հովհաննեսը,- ձեզ կանչել եմ, որ իմ հոգին դհոլ-զուռնով ճափու դնեք մեր էրգիր, ու հիմա դուք պիտի իմ հարսանիքի նվագը հնչեցնեք, իմ հոգին շա՜տ շուտով ճամպա է ելնելու: Տալվորիկցի Սուրբ Հայր Հոհաննեսին դուք լավ եք ճանաչում: Վարազդատ: Նախապես մի հատ «Մշո ղըռ» մինչ ի Մարիամ նորահարսի գալ:
Շփոթված, Վարազդատը ծոցից հանեց զուռնան, բերանով մի քանի անգամ ծվեց ղամիշը: Կարապետը շփոթված դհոլի կախ թելն անցրեց թեւին, պտտելով ոլորեց, զարկփայտերը աջ ու ձախ ձեռքով տկտկացրեց-փորձր արեց եւ նայեց Վարազդատին, ասել է թե´ ես պատրաստ եմ, քոքի: Ծղրտաց զուռնան` զիլ, թնդաց դհոլը` «Մշո ղըռ»: Հայր Հովհաննեսի ուսերը սկսեցին դանդաղ ետ ու առաջ անել: Ոսկորներում արյունը խաղաց, հը´, հը´, ուսերը ծնցության մեջ են: Նա ելավ տեղից: Ծնկները համափաչ կոտրվում-բացվում են, հը´, հը´, աջ ոտքը թափով զարկում է գետնին, հը´, հը´, գոռում.
– Իմ հոգին փառավո՜ր ճամփա է կերթա:
Զունայի ծղրտոցից գայթակղված երեխաները շարվել էին ցանկորմի ետեւում եւ ճեղքերից բերանբաց նայում էին:
Մարիամը եկավ: Շորերը փոխել էր, կարմիր գոգնոց էր կապել, թաց աչքերով, իբր շորորալով գալիս էր:
– Վարազդատ,- էլի գոռաց Հայր Հովհաննեսը,- էն սատկած ագռավին կտանես գցես Սարգսի շան առաջ: Վարազդա´տ: Փոխե հարսնապար:
Հայր Հովհաննեսը պարելով մոտեցավ Մարիամին, ճկույթ-ճկթի բռնեց ձեռքից եւ երգեց.
Նախշուն կաքավ, սիրուն կաքավ
Ձեռքես փախավ, ձորն ընկավ:
Երգեց ու գլխով նշմարեց` հերթը զուռնայինն է:
Ցանկորմի ետեւից նայող երեխաները ժպտում էին, մի քանիսը ծիծաղում, մյուսները տեղում պար գալիս, ավելի չարաճճիները հրմշտում էին իրար` ուրախ-զվարթ:
Բանից անտեղյակ, խորհրդավոր հարսանքավորներին մոտեցան Հայր Հովհաննեսի տղան, հարսն թոռը:
– Հասա՜ն, Վարազդատ, փոխե «Մշո ղըռ»:
Գլուխը կորցրած Կարապետը, զարկում էր կատաղի` ուր որ է կպայթեր դհոլը: Մարիամի ձեռքից բռնած` պինդ, պարելով Հայր Հովհաննեսը ձգվեց որդու կողմն ու քաշեց նրան պարի մեջ: Տղայի երեսին անորոշ ժպիտ էր գծվել:
Մի պահ Հայր Հովհաննեսը տարերքի մեջ էր: Հետո բոլորի դեմքերը դանդաղ լողալով սահեցին նրա աչքերի առաջով, մշուշ իջավ աչքերին, ձայները խլացան ականջներում: Ցանկապատն ի կախ երեխաները ինչ-որ բան գուշակելով, ժպիտները, ծիծաղն ու փռթկոցները դեմքերին` քարացան:
– Էս ի՞ նչ ուրախություն է, ա´յ հեր,- հոր ականջին թեքվեց ու հարցրեց որդին:
Տալվորիկցի սուրբ Հովհաննեսը մռայլվեց, աչքերից շանթեր թռան, ապա մի լուսավոր շող բացվեց դեմքին: Է՜ս մեծ ուրախություն է, տղա, լաո՜, էս իմ հոգու հարսանիքն է…
Աշնան նորելուկ քամին խաղում էր ծառերի մեջ: Սուրբ Հայր Հովհաննեսը պարելով հասավ ծիրանի ծառին, պարելով գրկեց հաստ ծառաբունը, ինչքան ուժ ուներ ցնցեց, թողեց ու շարունակեց պարը: Դեղնած տերեւների հարյուրաթիվ մի երամ դողդողալով իջավ ցած:
Վարազդատը մոռացել էր ամեն ինչ, աչքերը կկոցել, թշերն ուռցրել, ինքնամոռաց փչում էր զուռնան` զիլ: Կարապետը մոռացել էր ամեն ինչ, վիզը ծռել, աչքերը ոչինչ չէին տեսնում, ուր որ է հաստա՜տ, դհոլը կպայթի, եւ ցանկորմն ի կախ քարացած ծիծաղներով, փռթկոցներով ու ժպիտներով երեխաները հարություն կառնեն եւ կանցնեն ցանկորմից այն կողմ:

 

Share Button

Նշանաբառ՝

2 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Շնորհակալություն Աշոտ Գաբրիելյանին` տեքստը տրամադրելու համար, շնորհակալույթուն ինձ` pdf-ից տեքստը վերծանելու համար :Ճ

  • Beatle says:

    Շատ հետաքրքիր էր, բաց եթե <> ասելով նկատի ունեիք Հովհաննեսի հոգևոր աստիճանը, ապա նա պետք է կուսակրոն լիներ, կամ էլ լիներ ամուսնացած, բայց արդեն սարկավագ: )

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *