Երեկ Հայաստանի երգի պետական թատրոնում տեղի ունեցավ «Արձակ-2011» պատմվածքի մրցույթի արդյունքների ամփոփումն ու մրցանակաբաշխության արարողությունը: «Արձակ-2011» մրցույթը «Անտարես» հրատարակչության եւ «Գրանիշ» գրական ակումբի կողմից ձեռնարկվել էր այս տարի` Երեւանը 2012 թ-ին գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու եւ հայոց գրատպության 500-ամյակի միջոցառումներին ընդառաջ:
«Մրցույթի նպատակն է ընթերցողին ու հայ հասարակության լայն շերտերին ամուր կապել գրքի հետ, խրախուսել ընթերցանությունը: Այդ նպատակին է ծառայելու նաեւ այն հանգամանքը, որ 2012 թ-ին Երեւանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք»,- ասաց «Արձակ-2011» մրցույթի համակարգող Սոնա Խաչատրյանը:
Հարկ է նշել, որ «Արձակ-2011» մրցույթի 16 տարեկանից բարձր մասնակիցների ներկայացրած 121 գործից եզրափակիչ փուլ էին անցել 19-ը: Ստեղծագործությունները քննել էր ժյուրին, որի կազմում էին լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը, գրող, հրապարակախոս Վաչագան Սարգսյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը եւ այլք:
Մրցույթի վերջնական փուլ անցած 19 պատմվածքների հեղինակներն էին Վարդան Ֆերեշեթյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Վաչե Եփրեմյանը, Սուսաննա Հարությունյանը, Հովհաննես Երանյանը, Լուսինե Վայաչյանը, Սարգիս Հովսեփյանը, Արա Նազարեթյանը, Հրաչ Բեգլարյանը, Արմեն Օհանյանը, Տիգրան Կիրակոսյանը, Լիլիթ Կարապետյանը եւ այլք:
Այդ 19-ը պատմվածքներն «Անտարես» հրատարակչության կողմից արդեն հրատարակվել են առանձին ժողովածուով` շուրջ 500 օրինակով:
Եզրափակիչ փուլում հայտնված մասնակիցները տարբեր հովանավորների կողմից արժանացան խրախուսական մի շարք արժեքավոր նվերների: Հաղթած 3 պատմվածքների հեղինակներն էլ (Հրաչյա Սարիբեկյան, Արմեն Օհանյան, Հովհաննես Երանյան) պարգեւատրվեցին 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի վկայագրերով ու համապատասխանաբար 300 հազար, 100 հազար եւ 50 հազար դրամ պարգեւավճարներով, որոնք մրցանակակիրներին հանձնեց «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Այս քայլով մենք ասում ենք` հեղինա՛կ, դու միշտ մեր կողքին ես, մենք էլ` քո: Շարունակի՛ր հանգիստ ստեղծագործել եւ կարժանանաս հասարակության ուշադրությանը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Գրանիշ ակումբի կողմից հատուկ մրցանակ տրվեցին Ռաֆիկ Ներսիսյանի «Հակածառը» և Մհեր Մանուկյանի «Գաբրիել» պատմվածքնբերին: Մրցանակը` հեղինակների առաջիկա գրքերի խմբագրւոմն ու սրբագրումն էր, և հետագա պատշաճ ներկայացումը ընթերցողներին:
Մրցանակաբաշխության ավարտին Երգի պետական թատրոնը մասնակիցներին նորովի ներկայացրեց Կոմիտասի «Եկել եմ» երաժշտական բեմադրությունը:
Եվս մի մրցույթ ամփոփվեց, ինչպես ասում են “դուք ձերոնցով սուսուփուս”: Գոնե կարելի էր բոլոր մասնակիցներին հրավիրել մրցույթի ամփոփմանը: