***
Չգիտեմ` ձեզ մոտ ոնց է, բայց ես ինձ ամեն օր եմ մենակ զգում…
25 տարեկանում հասցրել եմ մի քանի բան անել. ափիցս վերև փոքրիկ դաջվածք եմ արել (չինարեն հիերոգլիֆներ են, որոնք քչերը հասկանան), մազերիս գույնը հազար անգամ փոխել եմ, համալսարանն ավարտել եմ լավ գնահատականներով, դե էլի մի քանի կարևոր բան. էս պահին չեմ հիշում: Ծնողներիս ու ինձնից երեք տարի փոքր եղբորս հետ եմ ապրում: Մոտ մեկ տարուց ավել հեռախոսավարուհի եմ աշխատում սննդի կետերից մեկում ու դիմախաղս օրվա մեջ հազար անգամ փոխելով` ասում` Բարև Ձեզ, Սոնան լսում է…
Սոնան հասկացել է, որ մարդիկ իրականում քիչ են լսում իրար: Դե հա, չեմ զարմանա, որ հակադարձեք ու ասեք, որ 21-րդ դարում մարդիկ կայծակնային արագությամբ են ապրում, օրվա ամեն ժամ պլանավորված է, շատ ժամանակ չունեն միմյանց լսելու, ուր մնաց թե ապրումակցելու համար: Ու հա, ես էլ եմ փաստում, որ ամեն օր մենք վազում ենք` թե՞ ուր, թե՞ ինչի համար հաճախ ինքներս էլ չգիտենք:
Ընկերուհիներիցս մի քանիսին պատմում էի ապրումներս, երիտասարդ աղջկա ներսի փոթորիկները, հետո միայն հասկացա, որ նրանք էլ են 21-րդ դարում ապրում ու նրանք էլ են վազում` ժամանակ չունենալով ապրումակցելու, ներսս խորապես հասկանալու համար:
Հիմա արդեն ութ ամսից ավել է, ինչ ոչ մեկին ոչինչ չեմ պատմում: Եկավ մի պահ, որ լռությունը դարձավ լավագույն ընկերս: Ես սկսեցի հետևել ժամանակից առաջ վազող մարդկանց, նրանց ամենօրյա պայքարին ու հասկացա, որ հենց մեր դարում մարդիկ ապրում են ոչ թե իրենց, այլ ուրիշների համար: Նկատած կլինեք գրախանութների դարակաշարերում դրված մոտիվացանող գրքերի բազմությանը` իրենց ամենաէքստրավագանտ վերնագրերով` «Հաղթանակ մեկ տարում», «Դու կարող ես ավելին, քան ուրիշները», «Վաղ արթնանալու առավելությունը»: Իրականում, մի քանի անգամ բացել եմ նմանօրինակ գրքերն ու շատ արագ փակել, որովհետև դոգմատիկ տողերի ներսում նյութ ու հուզական դաշտ չեմ տեսել. զուտ ռոբոտացված նախադասություններ ու մրցակցային կաղապարներ:
Ամեն օր ավելի լավը դառնալու հետ երկու ձեռքով ու բռունցքաչափ սրտով համաձայն եմ, բայց համաձայն չեմ ռոբոտացված ապրելու, ապրումներ չունենալու, իրար չլսելու ու կյանքը շուկա դարձնելու թեզի հետ: Շատերը կվիճեն` մեկնաբանելով, թե մոտիվացնող գրքերի միջոցով դու հաղթահարում ես ինքդ քեզ, քո վախերը, բայց իրենք էլ չեն նկատի,թե ինչպես են համակարգի զոհը դարձել:
Ո’չ մոտիվացնող գրքեր եմ կարդում, ո’չ առավել ևս շատ խոսում, դե իհարկե, աշխատավայրում ուզած-չուզած սոված մարդկանց զանգերին եմ պատասխանում` արտաբերելով` հավի գրիլ , պլեճ կարտոֆիլ, խոզի շաուրմա համով տողերը…
***
Գործից հետո` երեկոյան 23:00-ին, գնացի տուն, անմիջապես մտա սենյակս, պատուհանը բացեցի, որ մաքուր օդ գա, հեռախոսն առա ձեռքս ու չգիտե՞ս` ինչո¬ւ ծանոթությունների կայք մտնել ցանկացա: Բարդ բան չկար, որոնողական համակարգում գրեցի` որո՞նք են ամենահայտնի ծանոթության կայքերը, տասնյակից ավել առաջարկներից ընտրեցի առաջինը:
Գրանցվելու համար մի քանի տվյալ պահանջվեց. գրեցի ինչը ոնց կա. անուն` Սոնա, տարիք` 25, սեռ` իգական:
Բանգլադեշում ամառն անասելի շոգ է, բաց պատուհանն էլ չօգնեց, գնացի խոհանոց, սառցախցիկից սառույցի տարան հանեցի, բաժակի մեջ լցրի 4-5 սառցե կտոր, ծորակի ջուր ու մտա սենյակս:
Հեռախոսս ձեռքս առա, հարմար տեղավորվեցի անկողնուս մեջ ու րոպեներ առաջ գրանցված ծանոթությունների կայքում ստացա առաջին նամակս: Զրուցակցիս անունն Արտյոմ էր:
Սրտխփոցս արագացավ, ոտքերիս դիրքը փոխվեց, տեսողությունս լարեցի` կարդալու հեռախոսիս էկրանին հայտնված առաջին հաղորդագրությունն անծանոթից:
– Բարև լուսաշող աղջիկ, ինչու՞ քնած չես:
– Լուսաշո՞ղ,- բիբերս կրկնակի լայնացան ու թեթև խանդաղտանք զգացի ներսում: Որևէ մեկն ինձ այդպես երբևէ չէր դիմել: Ինչ էլ բառապաշար ունի զրուցակիցս` Արտյոմը: Ու Սոնան հիշեց դպրոցում Տերյանից անգիր արած տողերը…
Քունս չի տանում, համ էլ իմ միօրինակ կյանքի մեջ նոր գույն ցանկացա մտցնել:
– Բա դու ինչո՞ւ քնած չես:
Այս հարցից հետո մոտ հինգ րոպե պատասխան չեղավ: Երբ հաղորդագրության ես սպասում, մեկ րոպեն անգամ մի ողջ տիեզերական ժամանակ է թվում, ուր մնաց թե հինգ րոպե դադարը: Մտքովդ ինչ ասես, որ չի անցնում, թեթև խելագարվում ես, մինչև էկրանին չկ-չկ-չկ հայտնվում են տողերը:
Սոնայի համար նույնպես հինգ րոպեն ներքին մաքառումներով անցավ. ինչո՞ւ չի գրում, ի՞նչ պատահեց, լավ, մի օր կլինի, որ ես ինձ իսկական «կին» զգամ, շատ ուրախացա լուսաշող բառից: Լուսաշողի վերջին վանկը դեռ մտքում արտաբերված չէր, երբ հեռախոսի էկրանին նոր հաղորդագրություն հայտնվեց:
– Ես ուզում եմ ավելին իմանալ քո մասին:
– Հենց այսպես միանգամից, օրինակ` ի՞նչ:
– Ի՞նչ մասնագիտություն ունես, որտե՞ղ ես աշխատում:
– Մարկետոլոգ եմ մասնագիտությամբ, հիմա հեռախոսավարուհի եմ աշխատում արագ սննդի կետերից մեկում, իսկ դու՞:
– Ես այթի ոլորտի մասնագետ եմ, տնից եմ աշխատում,- կարճ, կցկտուր պատասխանեց Արտյոմը:
***
Մինչև գիշերվա մեկը շարունակեցին դադարներով գրվելը: Սոնային հունից հանում էին երկար պաուզաները, առաջին հերթին ինքն իրեն էր խարազանում` մտքում որերորդ անգամ կրկնելով, թե ինչքան անհետաքրքիր զրուցակից է ինքը, տղամարդկանց հարցում բախտը չի բերում, գործի տեղի աղջիկներն ամիսը մեկ նոր հարաբերություն են սկսում, իսկ ինքը…
Սոնան ուզում էր բացվել, զգալ հակառակ սեռի ներկայացուցչի կողմից փաղաքշանք, խնամք, պատրաստ էր լուրջ հարաբերությունների, բայց ամենալուրջ հարաբերությունը 3 տարի առաջ մոտ մեկ ամիս սմս-ով գրվելն էր հարևան շենքի տղաներից մեկի հետ: Կարճատև շփումից հետո տղան անհետացել ու որևէ բացատրություն չէր տվել, Սոնայի վերջին` ինչո՞ւ չես գրում, ի՞նչ եղավ հաղորդագրությունն էլ անպատասխան էր թողել:
***
Թեթև գլխացավով արթնացա, անմիջապես վերցրի հեռախոսս ու, մի պահ սթափվելով, հիշեցի, որ երեկ ծանոթությունների կայքում եմ գրանցվել, Արտյոմ անունով տղայի հետ գրվել: Հասցրի մի 2 դրվագ իմանալ կյանքից. այթիշնիկ է, ինձնից 1 տարի փոքր:
– Սոնա’,- ժամը հազարը եղավ, արի’ կոֆե խմենք, շուկա եմ գնում,- դուռը կիսաբաց անելով` ասաց Սոնայի` տարիքից շուտ ճերմակած մայրը:
– Եկա’, սպասի:
Սուրճը գրեթե լուռ խմեցինք, երկուսիս գլխում էլ ամառվա բզզոցն էր. հարուստ ընտանիքներում ամառն արևայրուքի մասին են մտածում, «մեզպեսներ»-ի մոտ շուկայից էժան մթերք գնելն ու պահածո սարքելն է թիվ մեկ թեման:
Չգիտե¬՞ս` ինչու օրվա մեջ քանիցս հիշեցի լուսաշող բառն ու Արտյոմի հետ գրվելու ցանկություն ունեցա, բայց ժամը 15:00-ն էր ու մոտ 20 րոպեից դուրս էի գալու, մտածեցի` ավելի լավ կլինի սիրային արկածներս երեկոյան շարունակեմ:
Երկնքից կրակ էր թափվում, 59 համարի ավտոբուսը կանգառում կանգնածները քիչ մնաց ծափահարությամբ դիմավորեին: Նստեցի, անցա հետնամաս ու պատուհանը բացեցի: Տաք քամին գլուխս մտցրեց միօրինակ կյանքիս թախծալի պտույտը, գործ-տուն շղթան, ծնողներիս դժվար աշխատանքը, ամենամսյա վարկերն ու ամռանը լողավազանի փոխարեն բադրիջան, բիբար, լոլիկ մաքրելու ու պահածոյացնելու ամեն տարի կրկնվող բեռը:
– Էհ˘հ,- խորը հոգոց հանեցի, մտա աշխատավայր, բարև, ո՞նց ես, ի՞նչ կա չկայից հետո միացրի համակարգիչս, ականջակալներս դրեցի, որ միանամ սովածներին:
***
Երբ ստամոքսդ քամվում է ու քաղց ես զգում, սնունդ ընդունելուց որոշ ժամանակ անց ամեն բան տեղն է ընկնում, բայց հոգևոր անհավասարկշռության դեպքում սնունդը ֆիզիկական տեսք չունի, որ ուտես ու ուշքի գաս: Հոգևոր սովը կամաց-կամաց է քամում, զգում ես, որ օր օրի հյուծվում ես, դառնում անհավես ու մինչև ոսկրերդ ցամաքած: Ի՞նձ մոտ էլ է հոգևոր սով, որքա՞ն շատ մարդ կա կողքս ու որքա՞ն մենակ եմ ես: Շատ բան չեմ ուզում. լինի մեկն, ում հետ կկարողանամ խոսել ամեն ինչից, ում հետ սիրտս կբացեմ ու չեմ վախենա սխալ ընկալվելուց, կլինեմ ինքս ինձ պես: Ուզում եմ ինձ լսեն, ուզում եմ ես լսեմ, ուզում եմ ինձ նայեն փաղաքուշ աչքերով, ոնց որ թե շատ բան եմ ուզում…
– Սո’ն, արի’ կոֆե խմենք, սուրճի ընդմիջում է,- էլեկտրոնային ծխախոտը ձեռքին մոտեցավ գործընկերուհիներիցս մեկը:
Ծրագրից առժամանակ դուրս եկա, սուրճ պատրաստեցինք ու դուրս եկանք պատշգամբ: Քրիստի թեթևությունից էի ուզում, կյանքից լավագույնը քաղելու նրա ապրելաոճից, հոգնած էի շատ, հա, երևի ճիշտ կլինի ասել` հոգեպես սոված:
5 րոպեի ընթացքում պատմեց, որ նոր ընկեր ունի, կիրակի գնում են Շորժա` գիշերակացով: Շատ բան պատկերացրի, շատ բան հասկացա, լռեցի, սկսեցի սովածներին կերակրելը:
***
Երբ մտա տուն, խոհանոցում մեր ընտանիքի ամառային նոստալգիան էր բառի բուն իմաստով եռում գազօջախին, հոտը շատ լավն էր, մի կտոր հաց վերցրի ու բադրիջանի խավիար կերա: Ձմռանը կհիշեմ այս բույրը, կնեղվեմ, իհարկե, որ մորս ուրախությունը ամառվա հազար ու մի գիշերներին բադրիջանի խավիար պատրատելն է եղել:
Գնացի սենյակ, կարճ գիշերազգեստ հագա, կիսաթիկնած պառկեցի ու մտա երեկվա ծանոթությունների կայքը: Ուզում էի խոսել Արտյոմի հետ, զգալ շատ պարզ էմոցիաներ, որոնք դեռ չէի ապրել, կիսատ էի, մի տեսակ շատ կիսատ:
Րոպեներ անց ստացա հաղորդագրություն նրանից…
– Բարև լուսաշող, ո՞նց անցավ օրդ:
– Խորը շունչ քաշեցի, լայն բերանիս ծալքերը աջ ու ձախ գծագրեցին մեղմ ժպիտ: Լավ եմ, քիչ առաջ եկա գործից, մի քիչ հոգնած եմ, դու ո՞նց ես:
– Ես էլ եմ լավ, մի բան խնդրեմ կանե՞ս:
– Հապա’:
– Նկարդ կուղարկե՞ս, գոնե հասկանամ` ում հետ եմ խոսում:
Ես էլ չհասկացա` հետս ինչ կատարվեց, բայց ռոբոտի պես մտա հեռախոսիս միջի նկարների դարանն ու հաջողված նկարներիցս մեկն ուղարկեցի: Եթե ինքս ինձ նկարագրեմ, հետևալ պատկերը կստացվի. աչքերս սև են, մաշկս բաց, մազերս կարճ կտրած` տղայական սանրվածքով, լուրջ նկար է, թեթևսոլիկ բաներ չեմ սիրում: Մի քանի րոպե անց նա գրեց…
– Դու շատ ինքնատիպ ես․ այս տղայական սանրվածքի ու քո կանացիության համադրությունը պարզապես մագնիսական է…..
– Ուզում ես ասե՞լ մագնիսի պես կարող եմ կպնել:
– Հա……
– Որտե՞ղ կուզեիր մագնիսը դնել:
– Մագնիսի տեղադրման վայրը կախված է նրանից, թե ինչ նպատակով ես այն օգտագործում:
Չափազանց տարօրինակ հաղորդագրությունից հետո չհասկացա` հետս ինչ կատարվեց: Առաջին միտքն այն էր` գուցե սխալ ճանապարհի վրա եմ, գուցե թեթևաբարո աղջիկներն ու կանայք են միայն ծանոթությունների կայք մտնում: Ես բնական հունով զարգացող հարաբերություններ էի ուզում, որը մի օր, հնարավոր է, դառնար ամուսնություն: Ինչու՞ ծանոթության կայքի միջոցով փորձեցի մեկին գտնել. իրական կյանքում ոչինչ չէր ստացվում…
Այդ երեկո մինչև գիշերվա երեքն արթուն մնացինք: Արտյոմի մասին ավելին իմացա, օրինակ` որ նա Քվենտին Տարանտինոյի ֆիլմերի սիրահար է, ռեփ է լսում, ձախ ուսին ու ոտքին գունավոր դաջվածքներ ունի:
Դե ասեմ, որ մի քիչ էլ ես բացվեցի, սիրած ֆիմերից, երգ-երաժշտությունից ու չինական մշակույթով տարված լինելուս մասին պատմեցի:
***
Հաջորդ օրը ժամը 12:00-ն էր, երբ արթնացա…
Ամառվա բզզոցից, թե երեկվա գիշերային շփումից թմրած էի: Մինչև գործի գնալը կարևոր տեղ պետք է մտնեի, երեկվա մեր վերջին հաղորդագրությունն այն էր, որ մյուս շաբաթ օրը հանդիպում ենք բուսաբանական այգում:
Դե ես էլ հասկացա, որ մի նոր հագուստ եմ ուզում. կա’մ ամառային թեթև զգեստ, կա’մ լիոնից տաբատ ու վերնաշապիկ: Սուրճ խմեցի, մի քիչ ուշքի եկա, հաց ու բադրիջանի խավիարի 2 բրդուճ կերա ու գնացի Դավթաշեն` հագուստ գնելու:
Լիոնից տաբատ ու վերնաշապիկ վերցրի: Թիթիզ աղջիկ ինձ չեմ համարում, հակառակը` մի տեսակ շատ պրակտիկ եմ ամեն հարցում: Երբեմն նայում եմ սեթևեթող աղջիկներին ու ես էլ եմ ուզում մաշկի յուղերից ու փայլուն գել-լաքից խոսել:
Ողջ շաբաթ իներցիայով էի գործի գնում, նույնիսկ սանրվելու հավես չունեի, բայց գիշերները շարունակում էի Արտյոմի հետ շփումը:
Փակվում էի սենյակում, հեռախոսն առնում ձեռքս ու փախնում բոլորից. միջավայրից, հարազատներից, ծանոթ-բարեկամներից, գործընկերներ կոչվածներից: Արտյոմի հետ շփումը թերևս լավագույնն էր իմ չորուցամաք կյանքում:
Երեկոյան գործից շատ հոգնած եկա, երևի շատերն էին ուրբաթ երեկո անում. պիցցայի, սուշիի, գրիլի պատվերների պակաս չկար: Ուրեմն մարդիկ երջանիկ են, որ հավաքույթներ են կազմակերպում: Ամենափոքր տարիքից ատել եմ մարդաշատ տոնախմբությունները, ծնունդ-կնունքները, դե իսկ հիմիկվա լուսավոր դարում «առիթ» կազմակերպելն ու հաջորդ իսկ օրը սոցիալական ցանցերի էջերում անբովանդակ նկարներ դնելը` աշխարհս, թանկս, տղես, աղջկիս, միակս ու էլի հազար ու մի վերտառությամբ նկարների ալբոմներ տեղադրելն ուղղակի զզվելի է:
– Սո’ն, ամառային տոլմա եմ սարքել, կե’ր նոր գնա պառկի,- ասաց հոգնած աչքերով մայրս, որտեղ կյանքի տանջություններից խտացված գույներ կային:
– Մենակ կաղամբ դ’իր,- փոխվեմ գամ:
Ամառն ինձ համար մի ուրիշ խորհուրդ, մի ուրիշ համուհոտ ունի. լուսնկա գիշերներ, մամայի պահածոների վերջը չերևացող աժոտաժ, բաց պատուհաններ, օդում կախված բզզոցներ ու յուրատիպ բույրեր:
Խոսեցինք այդ գիշեր, երկար խոսեցինք, հեռախոսի էկրանին հայտնվում էին իրար հերթ չտվող հաղորդագրություններն, ամենազգացականը նրա գրած հազարավոր տողերից ու նախադասություններից ԼՈՒՍԱՇՈՂ բառն էր: Վերջում վերահաստատեցինք, որ հանդիպում ենք վաղը` ժամը 18:00-ին, բուսաբանական այգու դարպասների մոտ:
***
Հանգստյանս օրը ուշ արթնացա, ամառային հաճելի լոգանք ընդունեցի, հավեսով սուրճ խմեցի մայրիկիս հետ, ով շարունակ պատմում էր մեր դիմացի հարևանի աչքաբաց հարսի մասին, ով դեռ շատ առաջ կգնա: Զգացի, որ այլևս չեմ կարողանում կենցաղային թեմաներ լսեմ, մտա սենյակս, նոր գնած հագուտս արդուկեցի, պատրաստվեցի անծանոթի հետ ժամադրության գնալու:
Կեսօրին ամառային տոլմայից էլի կերա, անասելի համեղ էր մամայի պատրաստած տոլման, տները փոշեկուլ արեցի, մամայի հետ երկրորդ բաժակ սուրճը խմեցի, էլի լսեցի սրա-նրա հարսի ճարպիկ պահվածքի մասին համառոտ պատմություններ, ես էլ իմ հերթին գործի տեղի ճարպիկներից պատմեցի մի քանի դրվագ. ով որերորդ ընկերոջն է փոխում, ինչ հեշտ են ադապտացվում նորին, կարծես, նախկինի հետ հիշողությունները խատուտիկ փչել լինի:
Ժամը 16:00-ի կողմերը ներսումս խառնաշփոթ զգացի, առաջին ժամադրությունս էր. այդ պահին կրկին ու կրկին զարմանում էի, թե մարդիկ ոնց են կարողանում զուգընկերներին մեկ շաբաթն էլ չբոլորած փոխել:
Տաքսու մեջ եմ, բանգլադեշից բուսաբանական այգի մի ամբողջ հավերժություն է թվում, բաց պատուհանից նայում եմ արևից տագնապած մարդկանց ու վերջ չունեցող խցանումներին:
18:03 իջա տաքսուց, մոտեցա այգու դարպասներին, սմս ստացա` արի ներս:
Մտա դարպասներից ներս, Արտյոմն ինձ ետևից մոտեցավ.
– Բարև, ո՞նց ես,- արագ-արագ, անգիր արածի պես ասաց նա:
– Լավ եմ, մերսի, դու ո՞նց ես:
Նա բաց գույնի մաշկ, մոխրականաչավուն աչքեր ու արծաթափայլ մազեր ուներ: Միջահասակ էր, լավ արդուկած հագուստով, մաքուր կոշիկներով ու օծանելիքի հաճելի բույրով: Ձեռքին` ջրի շիշ:
– Արի’ գնանք նստենք,- չհասկացա, թե ինչու մի կերպ արտաբերեց արևից թե լարվածությունից կարմրած «սիրեցյալս»:
Երևում էր, որ նա հաճախ է այդտեղ գալիս. բոլոր ծակուծուկերով անցանք ու հայտնվեցինք ծառերով քողարկված, մի շատ գողտրիկ վայրում: Շուրջբոլորը բարձր եղևնիներ էին, իրական թաքստոց էր դա, իսկ լավագույնն այն էր, որ փայտե հարմար նստարան էլ կար: Նստեցինք, ձեռքս բռնեց Արտյոմը, հայացքս սահեցրի դեմքի վրայով ու ինձ թվաց` այնքան է կարմրել, որ հրեղեն զանգված է դարձել, ճակատին քրտինքի կաթիլներ հայտնվեցին, դող զգացի ձեռքերում, կարծես մեծ ճիգ էր դնում, որ մի բան ասի. ողջ երեկոյի միակ բարձրաձայն բառը, որ նա ասաց, հետևյալն էր.
– Լուսաշող ես:
Ժպտացի, բայց ես էլ նրանից վարակվեցի ու ինքս էլ չհասկացա, թե ողջ երեկո ինչո՞ւ չխոսեցի, ինչո՞ւ հարցեր չտվեցի: Մեր գիշերային խոսակցությունների ժամանակ մեկս մյուսին ուղղղակի հերթ չէինք տալիս, իսկ հիմա բառ, բառակապակցություն կամ նախադասություն չկար. կմկմոց էր:
Չգիտեմ` ինչքան իրար ձեռք բռնած նստեցինք, տաքություն էի զգում, նրա ձեռքի ուժն էի զգում, երբեմն-երբեմն ուժեղ սեղմում էր ձեռքս, պարբերաբար ջուր խմում:
Չէի հասկանում` հետս ինչ է կատարվում, բայց ողջ օրվա ընթացքում միայն հետևյալ հարցադրումը հնչեց իմ բերանից.
– Ինչու՞ չես խոսում…
Հռետորական հարցիս այդպես էլ պատասխան չստացա, բայց ինձ պարուրել էր մեր լռությունը: Անծանոթի հետ լուռ մի քանի ժամ նստեցի, կիպ իրար կողքի, իրար ձեռք բռնած, մի պահ նա գլուխը հակեց ուսիս ու այդպես երկար անշարժ նստեցինք, չգիտեմ էլ` ինչքան: Ես սիրեցի մեր լռությունը, ես սիրեցի բոլոր այն բառերը, որոնք չասվեցին, բայց ես հասկացա: Այդ լռությունը դարձավ սիմֆոնիկ երաժշտություն, որի դիրիժորը նա էր, ջութակահարուհին` ես:
Մութն ընկնում էր, օդում զանազան ձայներ էին լսվում, մերը` չկար: Այդպես երկար, գուցե, էլի նստեինք, եթե ես համարձակորեն տեղիցս վեր չկենայի և չասեի.
– Արտյո’մ, արի գնանք:
Նա ինձ տուն ճանապարհեց այնքան լռելյայն, որքան մեր ողջ հանդիպումն էր:
Տուն հասնելուն պես մտա սենյակս… Անհամրելի հարցեր էին ինձ տանջում, սիրտս մի տեսակ պայթում էր.
– Ինչու՞ չխոսեց, ինչո՞ւ միայն լռիկ կմկմաց. Լուսաշող….
Հետուառաջ էի գնում սենյակում, տեղս չէի գտնում, ուզում էի փարվել նրան, խոսել, խոսել, անդադար խոսել ու պատմել…. Իրական կյանքում խոսել այնպես, ինչպես մենք վիրտուալ տիրույթում էինք շփվում:
Չէի կարողանում քնել, շարունակ շուռումուռ էի գալիս, գիշերվա երկուսին հաղորդագրություն ստացա նրանից.
– Գիտեմ, գիտեմ, գիտեմ, որ հիասթափված ես, գիտեմ, որ շատ հարցեր ունես ինձ: Ասեմ, որ դու, իսկապես, լուսաշող ես: Իմ կյանքի երջանկագույն պահերն էին սրանք: Թեպետ ես լուռ էի, բայց իմ հոգին գոռում էր, դու դա հաստատ իմացի:
– Ինչու՞ լուսաշող բառից բացի այլ բան չասացիր….
– Չէի պատկերացնի, որ դու այդքան ժամանակ լուռ կնստես կողքս, կլսես չասված խոսքերը, կզգաս ափիս ջերմությունն ու մյուսների պես 15 րոպե անց, ինձ տարօրինակի տեղ դնելով, չես գնա:
– Ինչու՞ չխոսեցիր,- արցունքների միջից, ցածրաձայն գոռալով` գրեցի ես:
– Այս ողջ ընթացքում դու իմ հետ չես խոսել……….
Մի պահ ինձ թվաց խանգարվել եմ, հանդիպումն էլ չի եղել, ես եմ հորինել, ես եմ պատկերացրել: Ինձ թվաց` մտապատրանքների մեջ եմ և ուր որ է զսպաշապիկ կհագցնեն ինձ:
– Այս ողջ ընթացքում միակ բառը, որ իմն է եղել, որը ես եմ կարողացել գրել և ասել. լուսաշողն է:
Սառը քրտինք տվեց վրաս, սկսեցի փազլի պես համարդրել մեր խոսակցությունները, զգում էի, հա, ես զգում էի, որ զգացական շերտեր չկան նրա հարցադրումներում, միակ հոգուն կպչող բառը ողջ ընթացքում լուսաշողն է եղել, մնացած բոլորը, մնացած բոլորն ի՞նչ է եղել, ի՞նչ տողեր են եղել…
– Քեզ հետ ես չեմ շփվել, քեզ հետ արհեստական բանակությունն է շփվել…
Տապալվեցի, հեռախոսն ընկավ անկողնուս վրա ու հոգեկան մեծ ցավը ֆիզիկական արտահայտություն գտնելով` սրտի ուժեղ ծակոց դարձավ:
Ուրեմն` ես կրկին մենակ եմ, ուրեմն ես այն աղջիկներից չեմ, ում հետ տղաները ժամերով խոսում են: Վերցրի հեռախոսս ու սկսեցի թերթել մեր նամակագրությունը, կանգ առա մեկի վրա.
– Դու շատ ինքնատիպ ես․ այս տղայական սանրվածքի ու քո կանացիության համադրությունը պարզապես մագնիսական է…..
– Ուզում ես ասե՞լ մագնիսի պես կարող եմ կպնել:
– Հա……
– Որտե՞ղ կուզեիր մագնիսը դնել:
– Մագնիսի տեղադրման վայրը կախված է նրանից, թե ինչ նպատակով ես այն օգտագործում:
– Երբ նա նկարս տեսավ ու այս տողերը գրեց, դրանք ինձ ի սկզբանե տարօրինակ թվացին: Փաստորեն ողջ ընթացքում ես զգացմունք, ֆիզիկական ձև չունեցող, անդեմ ու անբարբառ մեկի հետ եմ խոսել:
– Ի˘նչ տականքն ես դու, փաստորեն այս անգամ էլ ցանկացել ես հաճույք ստանալ արհեստական բանականությամբ աղջիկ կպցնելով:
Այս տողերից հետո նա ինը օր չգրեց: Ամեն օրն ինձ համար դարից երկար էր ձգվում, մի երեկո, երբ գործից եկա տուն ու հասկացա, որ ինն օրերի ընթացքում 2 կգ ապրումներից նիհարել եմ, նա գրեց.
– Ես հենց սկզբից պետք է քեզ ասեի, կներես, կներես, որ քաջությունս չի հերիքել: Խնդրում եմ կարդա ու, եթե որոշես շարունակել, գրի ինձ: 15 տարեկանում ինձ մոտ ի հայտ եկան այս խնդիրները, ուռուցք ունեցող հիվանդի պես տանջվում եմ ես, ամեն շփումը քիմիոթերապիայի կուրս է ինձ համար: Ավելի կոնկրետ` պատանեկության տարիքից ես սկսեցի խուսափել շփումներից, ես ինձ կոմֆորտ միայն մենակ էի զգում, երբ նոր միջավայր էի գնում, սրտխփոց, ձեռքերի դող, կարմրություն էին ունենում ու լարվածություն էի զգում, ինձ շարունակ թվում էր` չեմ կարող կարծիքս հայտնել, ինձ կծաղրեն, հիմա էլ ինձ թվում է` ես միշտ մի սխալ բամ կասեմ:
– Ինչու՞ սկզբից չասացիր:
– Վախեցա քեզ կորցնել, լուսաշող: Վիճակիս լրջության մասին ո’չ ես, ո’չ ընտանիքիս անդամները չէինք կասկածում, բայց շփման մեջ դժվարություններս ամենասուր կերպով արտահայտվեցին. սկսեցի մեկուսանալ հասարակությունից, հակառակ սեռի ներկայացուցիչների հետ շփումը ֆանտաստիկայի ժանրից էր: Տասնյակ հոգեբանների ու հոգեթերապևտների մոտ եղա: Շատերն ասում էին` տարիք է, կանցնի կգնա, բայց ժամանակի հետ ոչինչ չփոխվեց:
– Ի՞նչ հիվանդություն է, բուժում չկա՞ դրան:
Մի քանի օր ևս գրածս անպատասխան մնաց, չէի կարողանում տեղս գտնել. բուսաբանական այգին էի հիշում, մեզ գրկած լռությունն էի հիշում, երկու ուժեղ սրտխփոցն ու «մի քիչ ցավեցնող» ձեռքսեղմումը:
Էլի գիշերվա կեսին ստացա հաղորդագրություն նրանից.
– Չգիտեմ` կշարունակես ինձ հետ շփումդ, թե` ոչ, բայց իմացի, որ հարցերիդ պատասխաններն արհեստական բանակությունն է տվել, քանի որ վախեցել եմ սխալվելուց, ճիշտ չհասկացվելուց:
– Հա, համ էլ ասեմ, որ, ի վերջո, գտնվեց բժիշկ, ով տվեց իմ ախտորոշումը` Սոցիալական տագնապայնության խանգարում (Սոցիոֆոբիա): Դե……
– Եթե կընդունես ինձ այսպիսին, գրի, փոխի ինձ, սոիցալականացրու:
Չգիտեմ` հետս ինչ կատարվեց, բայց նորից հիշեցի, որ Արտյոմի հետ շփումը փաստորեն եղել է, ոչ թե Արտյոմի, այլ արհեստական բանակության հետ:
Մեկ շաբաթից էլ ավել անցավ: Ուղեղումս լինել թե՞ չլինելու պես թմբկահարում էր հետևյալ հարցը` գրեմ թե՞ չգրեմ:
Գրեցի…
Նա էլ խոստացավ, ինչ էլ որ լինի, արհեստական բանականությանը չդիմել:
Հանդիպեցինք բուսաբանական այգու մեր թաքստոցում. ձեռքս ամուր բռնած` մի կերպ կմկմաց.
– Լուսաշող, սիրում եմ քեզ: