Լիլիկ Ստեփանյան | Անցա՛ծ լինի

– Կարճ կտևի, իզուր նարկոզ չտանք, լա՞վ… Համ էլ մեծ աղջիկ ես, կանցնի` կմոռանաս… Մի վախեցիր՝ ծոցդ լիքը երեխա է, դեռ կունենաս…
Անծանոթ բժշկուհին երևի իր տարիքով լինելը նկատի ունի՝ մտածեց Մարինեն, բայց չէ՝ տոնը ջերմ էր, այդպես սովորաբար փոքրերին են քաջալերում…
Ամեն ինչ բավական արագ եղավ: Հասկանում էին, որ երեսնամյա կնոջ համար առաջին պտուղը կորցնելը սարսափելի է, ու այնպես արեցին, որ վախի կյանքը կարճ լինի…
Տեսնես Սուրենը երբ կգա…
Հիվանդանոց գալիս չէին կարծում, որ վերջն է: Սուրենը հանգստացնում էր. որ անշարժ պառկես՝ կանցնի: Երբ իրենց ծանոթ գինեկոլոգն ասաց, որ վիժել է, Մարինեն նախ Սուրենի մասին մտածեց: Ամոթից ամուսնու երեսին չէր կարողանում նայել, բայց ուզում էր, որ գրկի, մխիթարի: Սենյակի կապտաճերմակ պատերն ասես վրան էին ընկնում. մաքրությանը խառնված հույսի առաջվա բույրը չկար, սենյակը լցվել էր սարսափի սառնությամբ:
«Էլ պետք չի տուն գնալ, միանգամից կանենք»,- ասաց բժշկուհին ու Մարինեին ուղարկեց մի հարկ վերև: «Այստեղ իզուր մի սպասեք, երկու ժամից կարող եք գալ Ձեր կնոջ հետևից», – ասացին Սուրենին:
Հիվանդասենյակը, որի դռան կողքին դեռևս սովետից մնացած «палата» ցուցանակն էր, դատարկ էր: Մարինեն այստեղ պետք է պառկեր մինչև «մաքրելը»: Չորս մահճակալ կար, բուժքույրը կատակեց՝ կարող եք ընտրել: Ընտրեց պատուհանից աջ դրվածը, որի կողքի սեղանիկին մի փոքրիկ ծաղկաման էր, մեջը՝ կարճ պոչերով, վառ դեղին ծաղիկներ: Երևի նախորդ հիվանդից է մնացել՝ մտածեց Մարինեն, բայց երբ ավելի մոտեցավ, տեսավ, որ արհեստական են՝ ուրեմն հիվանդասենյակի ձևավորումն է… Պատերի կեղտակորուս բաց մոխրագույնը վաղուց արժեր թարմացնել, բայց Մարինեին դա չէր հուզում. մի քանի ժամ էր մնալու…
Երբեք իրեն այդքան մենակ չէր զգացել: Երեխայի մասին կիսակառույց երազանքի կտորտանքը, վախն ու անորոշությունը վիզն ընկած պարան էին, որի մյուս ծայրը դեպի երկինք էր ուղղված… Կանցնի, կմոռանաս…
Մարինեի երեսունն ամուսնու տանը բոլորեց: Պատահաբար լսեց, թե սկեսուրն ինչպես սուրճի եկած հարևանուհուն ասաց. ինչ իմանամ՝ էդ տարիքում կարա՞ էրեխա բերի… Հասկանալի մտահոգություն էր, չնեղվեց: Բժիշկներն ասել էին՝ ամեն ինչ նորմալ է, կլինի, սպասեք: Իրենք էլ սպասում էին:
Սուրենի հայրն արդեն չկար, մայրն էր ու փոքր եղբայրը: Քույրն ամուսնացած էր, զույգ աղջիկ ուներ: Իրենց հարսանիքից մի քանի ամիս անց կրկին հղիացավ: Մայրը զարմացավ. բա ասում էիր՝ հիմա չենք ուզում, թող աղջիկները մի քիչ մեծանան… «Դե, մամ, հիմա՛ եղավ, ուրա՞խ չես: Հաշվել եմ՝ տղա է լինելու,- հյուրասենյակում զույգին բազմոցին տեղավորելով ասաց աղջիկն ու ձայնը բարձրացրեց, որ խոհանոցում սուրճ եփող հարսը լսի,- «հեսա հարսս էլ կհղիանա, իրար հետ կունենանք»:
Մարինեն Մառայի (ինքն ու Սուրենի քույրը նույն անունն ունեն) կեղծ տոնից տհաճություն զգաց…
Երբ մի քանի ամիս անց Մարինեն էլ հղիացավ՝ և՛ շատ ուրախ էր, և՛ վախենում էր՝ մի բան չպատահի… Հետո միամտվեց, փորձ ունեցողները խորհուրդ տվեցին. գցիր Աստծո փեշը… Ծանրություն չէր բարձրացնում, բայց դե անգործ էլ չէր նստում… Այդ օրը կիրակի էր: Տունը հավաքեց, մաքրեց, փայլեցրեց: Պահեստային սպիտակեղենը պահարանի գլխին դրած ճամպրուկում էր, ձեռքը չէր հասնում, աթոռին բարձրացավ, իջեցրեց ու… Կարծես մի բան մեջքից պոկվեց… Աստծո փեշը պատռվեց…
Կանցնի, կմոռանաս…
Ինքը դժվար է մոռանում…
Աշխատանքի գնային, կինո, թե հյուր՝ կարծես իրական չլիներ, ամեն ինչ իսկական ամուսնական կյանքի նախերգանքն էր միայն… Ինքն ու Սուրենը տարեկից էին, երկուսն էլ կայացած մասնագետ, երկուսն էլ շատ էին ուզում ծնող դառնալ, բայց սովետական «Նուգա» կոնֆետի պես չծամվող ու ատամներին կպչող ամեն նոր ամիսը նոր հիասթափություն էր բերում: Սփոփանքը Սուրենի քրոջ փոքրիկներն էին: Հաճախ էին իրենց տուն գալիս, Մարինեն սիրում էր նրանց հետ զբաղվել, երես էր տալիս: Նոր լեզու առած աղջիկները ներս մտնելուն պես իրենց սիրելի Մայիի գիրկն էին նետվում, բայց նրանց մայրիկին դա դուր չէր գալիս… Մարինե-Մառա հարաբերություններում մի բան հենց սկզբից այն չէր: Մառան Սուրենից փոքր էր: Երբ առաջին անգամ հանդիպեցին՝ Սուրենը հարսնացուին ներկայացրեց քրոջն ու ասաց. քանի չեք կռվել՝ կանգնեմ ձեր մեջտեղն ու երազանք պահեմ: «Ինչո՞ւ պիտի կռվենք, համ էլ՝ ես միայն անձնագրով եմ Մարինե, ինձ բոլորը Մառա են ասում»: «Հիմա չե՞ս թողում երազանք պահեմ»,-ծիծաղեց Սուրենը… Ու չպահեց:
Ծանոթով պատահական մի ուսումնարան ավարտած Մառան մոռացել էր, թե ինչ մասնագիտություն ունի. երբեք չէր աշխատել: Շեն տան հարս էր, պետք է որ ժամանակ չունենար, բայց ժամանակն ավելի շատ հոր տանն էր անցկացնում, այստեղ տեղի ունեցող ամեն ինչն առաջին հերթին ի՛ր գործն էր, ամեն ինչին միջամտում էր, ղեկավարում… Տիկին Վարսենիկն ակնհայտորեն առաջնությունն աղջկան էր տալիս. Մառայիս հարցրի՝ ինչ սալաթ սարքենք, էսօր հյուրեր ունենք… Սալաթներն ու թխվածքը Մարինեն էր պատրաստելու, բայց «թազա» հարս էր, չէր ուզում դատարկ բաների համար տանը խոսքուզրույց լինի… Համ էլ մտածում էր՝ երևի Մառան շա՜տ շնորհալի է, ինչ անենք, որ իրենից ջահել է… Ամեն ինչ պարզվեց Մառայենց տան առաջին իսկ հավաքույթի ժամանակ. Մարինեն շտապեց գովել ամուսնու քրոջը՝ բոլոր ճաշերն ու սալաթները շա՜տ համեղ էին: Նկատելով, որ իրենց լսում են, Մառան ճշտեց. սկեսո՛ւրս էր պատրաստել: Մառան միայն տորթն էր թխել, այն էլ՝ հերիք չի տակը վառել էր, այդպես էլ մատուցեց՝ առանց վառված շերտը հեռացնելու…
Մարինեն վստահ էր, որ շուտով ամեն բան կկարգավորվի՝ տիկին Վարսենիկը կտեսնի, որ ինքն ավելի բանիմաց ու շնորհալի է, կգնահատի ու կսիրի իրեն… Բայց հակառակն էր. որքան իր շնորհքը բացահայտվում էր՝ սկեսուրն այնքան անբայրացակամ էր դառնում… Իսկ Մառան «իր տան թագուհին» էր. միշտ քաջատեղյակ էր հայրական տան անցուդարձից, առանց Մառայի ոչ միայն հյուր չէին ընդունում՝ դերձակի ու բժշկի մոտ չէին գնում…
– Ձեր ամուսինն էր զանգել, ասեց՝ մի քիչ կուշանա,- գլուխը հիվանդասենյակից ներս մտցնելով հայտարարեց բուժքույրն ու մինչ Մարինեն որևէ հարց կտար՝ անհետացավ:
«Թե հեռախոսս ինչու տվեցի Սուրենին, գոնե կզանգեի»՝ նեղսրտեց Մարինեն ու ցավից կծկվեց… Հիվանդանոցի տված գիշերանոցը փորին դրած սառույցից թրջվել-կպել էր մարմնին: Աչքն ընկավ կողքի սեղանիկի արհեստական ծաղիկներին. ձուլվել էին իրար, ասես մի մեծ դեղին լապտեր էր՝ վարդակից հանած… Մարինեն մի տեղ կարդացել էր, որ դեղին ծաղիկները բաժանման նշան են, ու միշտ խուսափում էր դրանցից…
Կանցնի, կմոռանաս…
Հարսենական ճամփորդությունից նոր էին վերադարձել: Հազիվ էին տուն մտել՝ Մառան եկավ: Առանց աղջիկների էր. ասեցի մի հատ ձեզ տեսնեմ, հետո բոլորս միասին կգանք… Մարինեի՝ փոքրիկների համար բերած բամբակյա գեղեցիկ շորիկները գրեթե առանց նայելու պայուսակը խոթեց ու ոտքը կախ գցեց՝ բա ցույց չես տալի՞ս՝ քեզ ինչ ես բերել: Մարինեին դուր չեկավ հաշվետու լինելու անսքող պարտադրանքը, բայց ամեն ինչ ճամպրուկից հանեց, ցուցադրեց… Վայ, ի՜նչ սիրուն է՝ Մառան ձեռքն առավ բալագույն բրդյա շարֆը: Կուզե՞ս քեզ տամ՝ շտապեց հաճոյանալ Մարինեն: Չէ՜, բայց տանեմ՝ մի քիչ դնեմ՝ կբերեմ, լա՞վ… Բերեց ձմռան վերջին: Լվանալուց բուրդը կծկվել էր, հյութեղ բալագույնը՝ խունացել: Մարինեն ոչինչ չասաց, շարֆն այդպես էլ մնաց դարակում…
Ձեռքը կծեց, որ հեկեկոցի ձայնը չլսվի… Դեռ կարգին չմեծացած, բայց արդեն դատարկ որովայնից լացը բարձրանում էր վերև՝ ճանապարհին հարկ-հարկ այրելով ամեն ինչ… Տեսնես Սուրենը երբ կգա… Բա որ էլ չունենա՞… Հիմա Սուրենը մորն ինչ պիտի ասի… Իսկ սկեսո՞ւրը… Սկեսո՜ւրը… Տիկին Վարսենիկը հարսի մասին ամեն ինչ տղային էր հարցնում. Մարինեն ո՞նց է զգում, թեստ արե՞ց, բժշկի չե՞ք գնում, էդ ի՞նչ կա մոր տանը, որ էդքան գնում եք…
Հանկարծ Մարինեն ասես շանթահարվեց. Մառա՛ն: Հիվանդանոցի ճանապարհին էին, տիկին Վարսենիկը զանգեց, թե՝ Մառայի ջրերը գնացել են, ամուսինը տարել է հիվանդանոց: «Դե լավ է, մամ»,- ասաց Սուրենն ու փորձեց կատակել,-«էսօր հիվանդանոցի օր է»… Մորը չէին ասել, որ հարսը թեթև արնահոսում է. «Մարինեն մի քիչ լավ չի զգում, գնում ենք բժշկի»: «Ե՞ս էլ գամ»,- կեսբերան հարցրել էր սկեսուրը: «Չէ, մամ, մենք կգնանք»…
Մի վախեցիր՝ ծոցդ լիքը երեխա է…
Ուզեց վեր կենալ, բայց ցավը ստիպեց նորից պառկել…Մարինեն մի կողմ դրեց սառույցով լցված տոպրակը, սրբեց արցունքներն ու սկսեց շփելով տաքացնել սառած որովայնը… Տեսնես Մառան արդեն ունեցա՞վ…
Էս Սուրենը ինչ եղավ, է՜…
Ճաշի սեղանը մարդաշատ էր սովորականի պես. Մառան էր ամուսնու և աղջիկների հետ: Ճաշը նրա պատվին էր: Չէ, ոչ մի հատուկ առիթ, պարզապես հղի աղջկա սիրտը մոր եփածն էր ուզել՝ դա մեկ-մեկ հատուկ ընդգծվում էր՝ երևի մյուս անգամներից տարբերելու համար…
-Մամ, ես մի աման էլ կուտեմ,- առաջինը ոգևորվեց Սուրենը: Տիկին Վարսենիկը նորից գնաց խոհանոց:
-Ես էլ, մամ, բայց քիչ, ինձ արդեն շատ էիր լցրել,- ճաշասենյակից ձայնեց Մառան:
-Հիմա, հիմա բոլորիդ կլցնեմ,- ուրախ արձագանքեց տիկին Վարսենիկը,- ոչինչ, կեր, Մառա ջան, դու երկու հոգու տեղ պիտի ուտես:
Մարինեն էլ վերջացրել ու աղջիկներից մեկին էր գդալով կերակրում.
-Մամ, ես էլ մի քիչ կուզեի,- անվստահ ձայն տվեց: Սկեսուրը չլսեց:
-Մամ, էս մարդամեկին էլ լցրու,- դեպի խոհանոց բարձր ձայնեց Մառան:
Մարինեն սառեց: Սեղանի շուրջ անհարմար լռություն տիրեց, որը վայրկենապես մեծացավ ու հսկայական գայլիկոնի պես կախվեց առաստաղից… Սեղանը մի մեծ սալաքար էր, գայլիկոնը ուր որ է այն փշուր-փշուր էր անելու՝ անտեսանելի բեկորներով ծակելով բոլորին…
-Ի՛… Սուրենի եղբայրն էր: Ձայնարկության տոնը ոչ այն է՝ զարմացած էր, ոչ այն է՝ վրդովված: Երևի՝ երկուսը միասին: Ուրիշ արտահայտվողներ չեղան… : Ոչ մեկը չարձագանքեց, ոչ մեկը Մառային դիտողություն չարեց…
Սկեսուրը գայլիկոնը հրեց սենյակի մի անկյունը.
-Վայ, ինչ լավ է, որ հարսս էլ է նորից ուզում,- ծեքծեքաց ու ապուրով ափսեն խոհանոցից շտապ բերեց ու Մարինեի առաջ դրեց:
Սուրենն այդպես էլ ձայն չհանեց:

-Դե, ո՞նց եք Ձեզ զգում: Մի քիչ կարծես քնեցիք:
Բուժքույրն էր: Մարինեն զարմանքով հայտնաբերեց, որ ցավը մեղմացել է:
– Ամուսինս եկե՞լ է: Արդեն կարո՞ղ եմ գնալ:
-Նոր է եկել, բայց պետք է սպասեք մինչև բժշկուհին եզրակացությունը գրի:
Մարինեին թվաց՝ մի հավերժություն անցավ, մինչև բժշկուհին նորից զննեց իրեն ու նշանակումներ արեց: «Վերջ, կարող եք գնալ»: Նայեց ժամացույցին՝ այ քեզ բա՜ն, իսկ իրեն թվացել էր, թե օրն արդեն ավարտվում է… Հիվանդասենյակից վերցրեց իրերը, անորոշ մի հայացք նետեց դեղին արհեստական ծաղիկներին ու անվստահ քայլերով դուրս եկավ միջանցք: Սուրենը դռան մոտ էր, թևանցուկ արեց:
– Ինչո՞ւ այսքան ուշացար:
– Մամայի հետ Մառայի մոտ գնացինք, տղա է ունեցել:
– Աչքներդ լույս,- փորձեց ուրախ ձայնել Մարինեն, բայց չստացվեց: – Հետո չէիք կարո՞ղ գնալ:
– Մառան թթվասեր էր ուզել:
Մարինեն չհասցրեց պատասխանել՝ հասել էին առաջին հարկ: Օ, ո՜չ… Պարզվեց՝ սկեսուրն էլ է այստեղ:
– Մա՞մ, աչքդ լո՛ւյս:
– Վայ, լույսով մնաս, Մարինե ջան: Գիտե՞ս, արդեն տեսա թոռանս… Էնքա՜ն լավն էր՝ սպիտա՜կ, սիրո՜ւն…Սուրենն ասե՞ց. մոտ 4 կիլո է ծնվել…Էնքա՜ն նման է զույգերին, քույրիկների հալալ-զուլալ եղբայրն է, շա՜տ լավն է, շա՜տ: Մառաս շատ հեշտ է ունեցել, դե երկրորդ ծննդաբերությունը սովորաբար հեշտ է լինում: Ես էլ երկրորդ ու երրորդ ծնունդներս շատ հեշտ տարա…
– Հա, հարս ջան, անցա՛ծ լինի: Մառաս բարևում էր քեզ, ասում էր թող չնեղվի, լավ կլինի…

Լիլիկ Ստեփանյան
2019թ.

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *