Թագուհի Ղազարյան | Սռաչի (Ցեխագրության)[1] համառոտ տեսություն

Срач[2]-ռուսերեն ծագում ունեցող բառ է, որը նշանակում է՝ ցեխ, խառնաշփոթություն:

Սակայն «սռաչը» (ցեխագրությունը) իր նոր և ամբողջական բովանդակությունը ձեռք բերեց միայն հայկական լեռնաշխարհում, որտեղ ֆեյսբուքահայության ստեղծարար միտքը հանդիպում է ցուկերբերգյան գյուտին: Իհարկե, անուրանալի փաստ է նաև այն, որ հայ ժողովրդի ստեղծարար միտքը միայն Հայկական լեռնաշխարհի տարածքով է սահմանափակվում: Եվ ուրեմն՝  ցեխագրությունն այնտեղ է, որտեղ կա գոնե մի նայիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին… Ինչևէ: Լիովին ճշմարիտ չէ նաև այն պնդումը, որ ցեխագրությունը դրսևորվել է միայն ցուկերբերգյան այս սիրելի, սարսափելի, խելացի-խելագար, հասկանալի-խճճված աշխարհում: Ըստ էության, Դիմագիրք-Ֆեյսբուքը միայն հնարավորություն տվեց իրացնելու այն պոտենցիալը, որը դարեր ի վեր գեներացվել էր մեզանում:

Համացանցային այս տարածքում հայտնվելուց հետո ցեխագրությունը դարձել է կեցության կարևորագույն բաղադրիչ: Պետությունը չի սահմանել ցեխագրահարկ: Ցեխագրամարտիկները լիովին ազատ են իրենց կամարտահայտման մեջ: Եվ ուրեմն՝ փորձենք բնութագրել ցեխագրությունը: Ցեխագրություն ստեղծելու համար կան կարևորագույն պայմաններ, դրանք են.

  1. Ինտերնետ կապի առկայությունը
  2. Հայատառ, լատինատառ կամ ռուսատառ ստեղնաշարի առկայոևւթյունը
  3. Պատասխանատվության զգացման իսպառ բացակայությունը
  4. ժամանակի ավելցուկը
  5. Բուռն մղումը որևէ կարծեցյալ կամ իրական արժեք, որը ամենևին պարտադիր չէ, որ վտանգված լինի

 

Ցեխագրության մեկնարկի համար պարտադիր չէ, որ որևէ նշանակալի առիթ լինի: Ինչի՞ց կարող է գոյանալ ցեխագրությունը.

  1. Որևէ քիչ թե շատ հանրային գործունեություն ծավալող մեկի (հետագա տեքստում սույն արտահայտությունը կրճատ կձևակերպվի որպես՝ ՈՔԹՇՀԳԾՄ) խոսքից:
  2. ՈՔԹՇՀԳԾՄ գործողությունից
  3. ՈՔԹՇՀԳԾՄ խոսքի ձևափոխությունից
  4. ՈՔԹՇՀԳԾՄ գործի ձևափոխված ներկայացումից
  5. ՈՔԹՇՀԳԾՄ խոսքի բացակայությունից
  6. ՈՔԹՇՀԳԾՄ գործի բացակայությունից
  7. ՈՔԹՇՀԳԾՄ արտաքին տեսքից

սեռից (նախընտրելի է՝ կին)

տարիքից (նախընտրելի է՝ երիտասարդ)

սանրվածքից

հագուստից

գլխարկից

կոշիկից

ավտոմեքենայից

անձրևանոցից

աչք թարթելուց

քիթ սրբելուց

թեք կանգնելուց

վեր նայելուց

վար իջնելուց

և այլն, և այլն, և այլն…

Միով բանիվ՝ որևէ աշխարհասասան և դարակազմիկ իրողությունից:

 

Ցեխագրամարտիկի պատվիրանները

  1. Հիշի՛ր՝ ցեխագրությունը չունի տրամաբանություն:
  2. Հիշի՛ր՝ ցեխագրությունը չի ենթադրում պատասխանատվություն:
  3. Հիշի՛ր՝ ցեխագրություն սկսելու համար պարտադիր չէ հարմար առիթ ունենալ:
  4. Հիշի՛ր՝ քո տեքստը պարտադիր չէ, որ բովանդակություն ունենա կամ իմաստ պարունակի:
  5. Հիշի՛ր՝ բոլորովին կապ չունի, թե ինչի շուրջ է ծավալվում խոսակցությունը: Ցո՛ւյց տուր, որ տոչորվում ես ազգային, համամարդկային, տիեզերական որևէ մասնավոր կամ բոլոր համընդհանուր խնդիրների լուծումները գտնելու ազնիվ մղումից:

 

Ինչպե՞ս տարբերել ցեխագրամարտիկին սովորական մեկնաբանություն թողած օգտատերից.

  1. Ցեխագրամարտիկը առաջադրում է հարցեր, որոնց պատասխաններն իրեն հետաքրքիր չեն
  2. Ցեխագրամարտիկը չի կարող մտնել բովանդակային քննարկման մեջ
  3. Ցեխագրամարտիկը սովորաբար իրեն անվանում է «մտահոգ քաղաքացի»
  4. Եթե սովորական օգտատերը կոնկրետ իրավիճակում ունի կոնկրետ խնդիր, կոնկրետ հարց և ակնկալում է կոնկրետ պատասխան, ապա ցեխագրամարտիկը, որպես կանոն, միանգամից հանդես է գալիս որևէ ազգափրկիչ, աշխարհափրկիչ, տիեզերափրկիչ ծրագրով:

Ցեխագրության գործիքակազմի օրնակները բերելու համար հղում պետք է անեմ իմ անձնական փորձին:

Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ

Հարց է տալիս հարցազրուցավարը, պատասխանում եմ՝ Սահմանադրություն մեջբերելով: Մեկ էլ՝ մի աղմուկ, մի աղաղակ, ԱԺ ամբիոնից հայտարարություն, թե բա՝ եկե՜ք, հասե՜ք, փրկե՜ք. պատգամավորը Սահմանադրություն է ցիտում: Ես իհարկե հակված չեմ մարդկանց տրավմաների ենթարկելու, բայց հավանաբար ստիպված եմ լինելու քաղաքական գործիչներին շարունակաբար շոկի մեջ պահել նաև հետայսու և պարբերաբար կրկնել ՀՀ սահմանադրության դրույթները:

Դեպքը իհարկե միակը չէ, պատահում է, որ բառացի նույն բանն ասենք ես և միևնույն ժամանակ մեկ այլ գործիչ՝ հիմնականում տղամարդ: Իմից հետո՝ աղմուկ, աղաղակ, նրանցինից հետո՝ ծափեր, ցնծություն: Իհարկե, պարտադիր պայման չէ նաև, որ մյուս՝ բառացի նույն միտքը կրկնողը լինի տղամարդ կամ տարիքով ինձանից մեծ: Ցեխագրությունը, ինչպես նշվեց, չունի տրամաբանություն:

 

Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ

Պատահում է նաև, որ մեջբերում են իմ խոսքերը՝ բառերը փոխած ու թե բա՝ եկե՜ք, հասե՜ք, փրկե՜ք. պատգամավորը էս ի՜նչ զարմանալի-զարհուրելի, ծիծաղելի-զվարճալի միտք է ասել: Հա, չեմ հերքում նաև, որ փոփոխված նախադասությունն իրոք զվարճալի էր, բայց ափսոս, որ 12 բառանոց նախադասության մեջ 11 բառ փոփոխված էր (թվերը չափազանցված չեն): Հետո էլ թե բա՝ անճշտություններ կան, բայց թող ինքը զգույշ արտահայտվի, որ այսպիսի իրավիճակ չլինի: Առաջարկում եմ ոլորտի մասնագետներին (ցեխագրագետներին) փորձի համար նման թվային հարաբերակցությամբ փորձարկումներ անել ու տեսնել, թե քա՞նի դեպքում զվարճալի բան կստացվի, երբ 12 բառանոց նախադասության մեջ 11 փոփոխություն կատարես:

 

Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ:

Լինում է նաև, այնպես է պատահում, որ արտաբերածդ տեքստերում նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցողները չեն կարողանում փոփոխություններն այնպես դասավորել, որ մի զվարճալի-սարսափելի մի բան ստացվի, որից կսկսվեր ցեխագրության հերթական ալիքը: Ու լրագրողը որպես վերնագիր ընտրելով «պատգամավորը էսինչ երևույթի մասին» չեզոք բնութագրումը, այսինքն թե՝ չգտնելով մի հարմար ցեխագրածին վերնագրացու տեքստերումդ, փորձարկումը կատարում է նյութի համար նկար ընտրելիս՝ 3-4 րոպեանոց տեսանյութից էջահատույթ[3] (սքրինշոթ) անելով այնպես, որ տվյալ միլիվայրկյանում հնարավորինս անհարմար աչքերդ թարթելիս լինես: Օ՜, այո, բարեկամներ: Մի քանի րոպե խոսակցության ընթացքում ես ունակ եմ թարթել աչքերս: Ասեմ ավելին՝ մի քանի րոպեի ընթացքում ես ունակ եմ մի քանի անգամ թարթել աչքերս: Հավելեմ՝ հետայսու ես ևս շարունակելու եմ թարթել աչքերս, այսինքն թե՝ անհարմար դրվագների, հետևաբար և ցեխագրության պակաս դժվար թե ունենք:

 

Բայց սպասեք, սա էլ դեռ ամենը չէ:

Դեպքը պատահել է անձամբ ինձ հետ:

Մոտենում է լրագրողն ու հարցնում օրինակ՝ «Այ, ի՞նչ եք կարծում Արեգակնային համակարգից դուրս ապրող լայնաթաթ մանուշակագույն դինոզավրերը արդյո՞ք վերացման եզրին են»: Հարցը ունի պատասխանի բազմաթիվ տարբերակներ. «այո», «ոչ», «չգիտեմ», «ձեռ ե՞ք  առնում», «ես այդ հարցին չեմ պատասխանի», «տեղյակ չեմ, կուսումնասիրեմ, կասեմ» և այլն: Բայց վերնագիրը, այդուհանդերձ, մեկն է. «Պատգամավորը Արեգակնային համակարգից դուրս ապրող լայնաթաթ մանուշակագույն դինոզավրերի մասին»: Եվ ցեխագրությունը, տրամաբանական և տրավմաբանական իր ողջ սպեկտրով, կամ ավելի ճիշտ՝ դրանցից առաջինի իսպառ բացակայությամբ, պատրաստ է:

 

Իսկ այժմ կարող է հարց առաջանալ, թե ի՞նչ եմ առաջարկում ես՝ որպես հակացեխագրային մեթոդաբանություն:

Պատասխանեմ՝ ոչինչ:)

 

Խորհուրդ ապագա ՈՔԹՇՀԳԾՄ-ին ցեխագրության մեջ հայտնվելիս անհրաժեշտ գործողությունների համար (համառոտ ուղեցույց)

  1. Դուք իհարկե ձեր հանրային գործունեության ընթացքում կարող եք շարունակել հարցազրույցներ տալ, բայց դա նշանակում է, որ անգամ ամենաանթերի բովանդակություն մատակարարելու դեպքում, միշտ կգտնվի այն տաղանդավոր սքրինշոթիստը, որը կգտնի տեսնյութում ձեր ամենաանհարմար աչք թարթելու պահը և կգեներացնի նոր ցեխագրություն:
  2. Դուք իհարկե կարող եք դադարել հարցազրույցներ տալ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ցեխագրակերտ ուժերը չեն սկսելու մոբիլիզացվել ձեր հարցազրույց չտալու շուրջ:
  3. Հիշե՛ք, որ ցեխագրությունը անհնար է կանխել:
  4. Ցեխագրությանը լուրջ վերաբերելը չափազանց անլուրջ զբաղմունք է:
  5. Ցեխագրությանը արձագանքելը միայն մեծացնում է ցեխագրության մասշտաբները և տեսանելիություն հաղորդում դրան: Ցանկացած արձագանք վերադարձնելու է ձեզ ի շրջանս ցեխագրություն:
  6. Ցեխագրությունը առաջանում է ոչնչից, արտահայտում է ոչինչ և հանգեցնում է ոչնչի, հետևաբար դրա հետ կապված ոչինչ անելու կարիք չկա:
  7. ցեխագրության տրամաբանական հիմքերը փնտրեը անտրամաբանական քայլ է:
  8. Կարդացեք «թվային մարդաբանությանը» (digital anthropology) վերաբերող հետազոտություններ և գուցե այնտեղ կարողանաք գտնել ձեր շուրջ գեներացված խոսակցությունների գիտական, տրամաբանական, օրինաչափ հիմքերը, եթե դրանք կան:
  9. Ցեխագրությունից պետք չէ վախենալ կամ խուսափել. այն պետք է ուսումնասիրել:
  10. Մտածեք ցեխագրության առավելությունների մասին: Ցեխագրության թեմաները արագ մոռացվելու, իսկ մասնակիցները երկար հիշվելու հատկություն ունեն:)

 

Ծանոթագրություն

Մեծ է հավանականությունը, որ սույն տեսության շուրջ կմոբիլիզացվեն արդեն հայտնի ցեխագրակերտ ուժերը՝ նոր թափով մեկնարկելու ցեխագրության հերթական եթերաշրջանը: Այդ առիթով անհրաժեշտ եմ համարում նշել, որ առաջիկա ցեխագրության օրինաչափություններին ծանոթանալու համար կարող եք կարդալ վերը շարադրված տեությունը:

[1] Ցեխագրություն բառն իր մեջ միանգամից համադրում է բառի թարգմանությունը և փիլիսոփայությունը, քանի որ սռաչ բառը նշանակում է ցեխ, իսկ իմաստաբանական առումով այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ցեխշպրտոցի։

[2] տես նաև https://ayleren.com/cramart/

[3] բառի հայերեն տարբերակի հեղինակ Վահրամ Մարտիրոսյան

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *