Հովհաննես Հովակիմյան | Գուգոն, շունն ու աղբամանը, կամ՝ հայրենիքի մասին

Բազմության ու ամբողջի համար Հայրենիք չկա ու չի էլ լինում։ Հայրենիքն անհատիներինն է, բայց հողը` բազմությունից ու ամբողջից ոտնակոխ։
Հետ եմ նայում. Գուգոն կանգնած է Թումանյան-Տերյան խաչմերուկի անցումի դիմաց, սպասում է` կանաչը վառվի, որ անցնի փողոցը` Տերյանով դեպի վերև։ Գիշերվա տասներկուսն անց, Գուգոն կանգնած, կողքը երբեմնի ճերմակ, հիմա` քաքուքոսոտ մի շուն, հոտոտում է մայթը` քիթը քսել-արտաշնչելով մայթեզրին, իսկ Գուգոյի կողքին աղբամանն է` մինչև պռնկից էլ վեր լցված, վար թափվող զիբիլով։ Գլուխս շրջում եմ առաջ` թողնելով Գուգոյին, շանն ու աղբամանը հետևումս` մըժումթի մեջ, իսկ Սևակը, որ քայլում է կողքովս, ակնոցից էն կողմ ինչ-որ բան է մտմտում։ Ասում է.
– Գրում ե՞ս հիմա մի բան։
Ասում եմ.
– Տո չէ, հա։ Վերջին անգամ մի կես տարի առաջ, չնայած` վեպս ըտենց էլ մնաց կիսատ-սևագրած։ Ասում եմ` սկսեմ մաքրել` էս օրերը, ուզեմ-չուզեմ, մեջ են ընկնելու։ Լավ կլինի` սպասեմ։
Սևակը էլ բան չի ասում։ Իսկ Հրոն` անծպտուն, Հրոն` կես եղած, քայլում է մեր դիմացով` գլուխը ոտքերին հառած, աչքերով հետևում է ոտքը հաջորդ պահին ուր դնելիքին` փորձելով չխախտել երևակայական էն գիծը, որի վրայով քայլում է։
Նախեռ մնե գոռըդ, վ կատոռըմ մնյե բոլշե նյի վստրեծիծ ծիբյա։
Գուգոն երևի արդեն տան ճամփին էր, երբ մենք` երեքս` ես, Հրոն ու Սևակը հասանք Հրոյի ավտոյի մոտ։ Երևանի ուղիղ կենտրոնում` հյուսիսային պողոտայի ուղիղ հետևը, մի հազար քառակուսի տարածքով չոլ կա, որը հնարավորություն է տալիս օրվա խիտ ժամերին մեքենա կայանել։ Էդտեղ էր թողել մեքենան Հրոն, ու հետո գնացել էր աշխատավայր` իր վերջին աշխատանքային օրը սպանելու` թողնելով հետևում չորս ու կես տարվա հուշ ու հիշողություն։ Չորս ու կես տարվա, մա՛յրդ քունեմ, երկի՛ր. երբ երկու գերազանցության դիպլոմով մարդը (Հայաստանի երկու լավագույն համալսարանների), բանակում գերազանց ծառայություն անցած մարդը, պատերազմի միջով անծպտուն, աննահաջն անցած մարդը, էն էլ` հարավային ուղղությամբ, պիտի հեռանա մի հիմար գործից, կտրվի ծիծաղելի աշխատավարձի հնարավորությունից, ու հետն էլ` դատարկվի էդքան, սրտնեղի, ու էդ հեռանալը ծանր գա իր սրտի վրա, էլ ո՞ւմ ես պետք դու, երկի՛ր, էլ ո՞ւմ են պետք քո չարուչաթլախ պաշտոնյաները, երբ էս տղերքը սպառում են օր օրի իրենց, իսկ դու քո հրապարակներում տեղ ես տալիս ամեն բոզուգյոթի, երբ ժողովրդիդ, իրական ժողովրդիդ գերի ես թողնում էս տգետներին, էս հիմարների ոչ այնքան հոծ, բայց բազմությանը։
Բաղրամյան պողոտայով Գուգոն էսօր քայլել էր ու հետո սրտնեղած պատմում էր.
– Էնքան դրամատիկ էր էդ պատկերը, տղե՛րք։ Էդ մարդիկ ընդեղ կանգնած էին, գնացել էին ընդեղ` վաղվա լավ լինելու համար մի բան գոռային, մասնակիցը լինեին վաղվա լավը լինելուն, բայց աչքներում կասկածը էնքան մեծ էր. իրանք էլ վստահ չէին, որ իրանց արածը էդ լավին ա տանելու։
Գուգոն պետականամետ կա, ու կլինի` մտածում եմ։ Գուգոյին մեկ են երկու տարբեր հրապարակներում հավաքված, էդ հրապարակների ամբիոններից իրենց հետույքը ճղող դեմքերը։ Գուգոն ասում էր.
– Էն, որ սրանց մնալը ինձ պետք չի, էդ հաստատ, բայց նրանց գալն էլ մեզ պետք չի։
– Մենք, հասկանում ե՞ք, էն մարդկանց դասին չենք պատկանում, որ ասենք` ով գալիս ա, թող գա, մենակ թե սրանք գնան։ Էս էն դեպքն ա, երբ մեզ շատ էական ա, թե ով ա գալու,- Հրոն էր ասում։
Իսկ ես էդ ընթացքում իջեցնում էի ազգային հարստություն ջերմուկի հերթական բաժակը։ Ազգային հարստությունը հեգնախառն էր։ Շատ չխորանաք։ Մենք ազգային հարուստությունազուրկ ենք վաղուց, ուր էր թե` ունենայինք։
Իսկ էս օրերին Զեմֆիրան նոր ալբոմ թողարկեց, որն ինձ հուսահատության մեջ է գցել. ծանր, սթրեսային, չոր ռոքային ալբոմ, որն ինձ ավելի հեռացրեց որևէ բան գրելու ցանկությունից։
Ազգային գաղափարախոսության ակնհայտ բացակայությունը, պետական արժեքների ակներև չգոյությունը կոկորդիս կանգնեցրած՝ չեմ հասկանում՝ ուր ենք գնում հավաքականոր։ «Լավագույն թուրքը մեռած թուրքն ա»․ կլսվեն հրապարակներից։ Թշնամանքը՝ թշնամանքով, բայց թշնամու հանդեպ հարգանքի ակնհայտ բացակայությունը ոչ մի տեղ չի տանում, իսկ մեր ազգային երազկոտ-ալարկոտությունն առավել քան երբևէ դրսևորվում է էս արտահայտություններում։ Թշնամական այս ռասիզմի դրսևորմանն անտարբեր եմ․ավելի հաշտ կլինեի ինքս ինձ հետ, եթե հրապարակներում ոչ թե թոթովախոս մանկան պես երազեինք թշնամու մեռած լինելու մասին, կամ նրա չգոյության, այլ թշնամուն սպանելու մասին, նրան չգոյության մատնելու։ Էդպես ավելի արդար կլիներ և ավելի հասուն։ Ու էսպես, հարյուրամյակներ շարունակ մենք երազում ենք, մենք պառկում ու երազում ենք ծովերից ծովի, հզոր Հայաստանի, ազատ Արցախի մասին, սակայն ձեռքներս ձիգ խոթում ենք գրպաններս, ոնց տղայական բազար-զրույցների ժամանակ սեփական ծեծվելը աչքի առաջ ունեցող կողմը կխոթեր, որպեսզի կանխեր դիմացի կողմի նախահարձակը․ ձեռքերս գրպանումս եմ դրել, վտանգավոր չեմ ձեզ, ինձ չծեծեք։
Մենք մեքենայով շարժվեցինք կենտրոնից։ Հրոն մոռացավ, որ Բաղրամյանը փակ ա, ու մենք պտույտ տվեցինք չթույլատրված տեղերով, որ դուրս գանք մեր տան ճամփի կողմը։ Համալիրի մոտ էինք, երբ ինձ ինչ-որ մեկը ֆեյսբուքով գրեց։ Աղջիկ էր։ Ու մենք երեքով սկսեցինք մտածել, թե էդ աղջկա որ գրածին ոնց պիտի պատասխանեմ։ Հրոյի տեքստն ի վերջո աշխատեց, ու էդ աղջիկը երկար խոսակցության հիմք գցեց` այլևս անդառնալի։ Մենք խնդացինք ահագին։
Մենք՝ հավաքականորեն, իբրև ազգ, իբրև պետություն, ունեինք երկու ձգտման հորիզոն․ Արցախի անկախություն ու Ցեղասպանության ճանաչում։ Մեր երազկոտ-ցնծուն, բայց ալարկոտ-անբան կեցվածքի պատճառով չլինի՞ թե երկուսն էլ կորցրինք։ Չտա Աստված՝ էդպես լինի՝ մտածում եմ։ Վաղը կայրենք Թուրքիայի դրոշը Ազատության հրապարակում, հետո երևի ԱՄՆ-ն կընդունի Ցեղասպանությունը, իսկ հետո՝ ի՞նչ։ Կստացվի՞, որ մեր երկու ազգային նպատակները արդեն անցյալում են։ Բայց մենք, դե, սպասող, համր-սպասող մեր կեցվածքով պիտի նստենք սպասենք այլ զարգացումների։ Մանր ժողովուրդ, մանր երազանքներ, մանր դիրք՝ աշխարհում․քաջնազարական մեր տիպը։
Գուգոն երևի արդեն տանն էր, երբ Սևակը իջավ Հրոյի ավտոյից ու մտավ իրենց բակ։
Ես ու Հրոն ամբողջ ճանապարհին Բումբոքս լսեցինք։
Տուն հասանք։
Ես փակեցի դարպասները մեր տան, Հրոն մեքենան գարաժ մցրեց։
Տուն մտանք` պապան դեռ արթուն էր։
Ես միանգամից սենյակ բարձրացա։
Գուգոն երևի արդեն քնել էր, Սևակը` երևի պառկել, Հրոն` հաստատ դեռ հաց էր ուտում (խոհանոցից ձայներ դեռ լսվում էին), երբ ես փակում էի աչքերս…
Իսկ իմ մտքում Հայաստանը գնալով ավելի նմանվեց Գուգոյին, քաքուքոսոտ շանն ու լցված աղբամանին. բայց ինչո՞ւ սկսեցինք ու վերջացրինք սրանով։ Չէ՞ որ խոսքը, ոնց Վանոն էր ասում, Հայրենիքի մասին էր լինելու…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *