Նադեժդա Տեֆֆի | Խանդը

Գրեթե ամեն օր թերթերում դուք կգտնեք նորություն, որ ինչ-որ մեկը սպանություն է գործել խանդից ելնելով: Եվ այս երևույթն այնքան սովորական է դարձել, որ այդպիսի նորություններն անգամ չենք կարդում մինչև վերջ. միևնույնն է գիտենք, որ կատարվածը խանդի պատճառով է:
Եվ ոչ միայն սպանությունը: Ամենաբազմազան հանցագործություններն ու արարքները պայմանավորված են խանդով:
Այս սարսափելի չարիքի դեմ պայքարելու համար ֆրանսիացիներն անգամ կառուցել են հատուկ բժշկական հաստատություն խանդոտների համար, և այն մեծ հաջողություն ունի:
Զգացվում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կգտնեն խանդի մանրէն, և այդ ժամանակ գործը գիտական հիմքերի վրա կդրվի:
ժամանակն է արդեն:
Խանդը մարդկության շրջանում աճում և ընդլայնվում է՝ գրավելով, ասես, իր իրավասության ներքո բոլորովին չգտնվող հաստատություններ:
Ինչպես, օրինակ, կգնահատեք, այս պատմությունը.
«Գյուղացի Նիկոդիմ Դ․-ն, ով բնակվում է Մոժայսկայա փողոցում, այցելել է իրեն ծանոթ կնոջը՝ Անիսիա Վ․-ին և գումար է պահանջել նրանից: Այն բանից հետո, երբ Անիսիան հրաժարվել է գումար տրամադրել, գյուղացի Նիկոդիմ Դ․-ն խանդից ելնելով կտրել է կնոջ կոկորդը»։
Զուր չէ Սողոմոնն ասել. «Դժոխային չարիք է խանդը»։
«Բուրժուա Կ.-ն սպանել է խանութպանին և թալանել նրա հասույթը: Նա իր հանցագործությունը բացատրում է խանդով»:
Վերջերս Նիկոլաևսկու կայարանում ձերբակալվեց երկաթուղային հայտնի մի գող: Բռնվեց հենց այն պահին, երբ հանում էր դրամապանակը հորանջող ուղևորի գրպանից: Գողը բացատրեց իր արարքը խանդի ուժեղ պոռթկումով: Նրա խոսքերով՝ իր նախորդ բոլոր գողությունները ևս կատարվել են այդ ահեղ զգացողության ազդեցության տակ:
Դատավորներն էլ, մեծասամբ լինելով խանդոտ մարդիկ, հակված են արդարացնելու խանդի պատճառով կատարված հանցագործությունները:

Իսկ որքա ՜ն սարսափելի դեպքեր, որոնց մասին որևէ մեկը տեղյակ չէ կամ էլ տեղյակ են շատ քչերը, պատահում են ամուսնական խանդի պատճառով:
Մի երիտասարդ տիկին գարնանն իր տուն վերադարձավ տոնավաճառից։ Նա հանդիպեց սպիտակ ձիով կառապանի, ումից շատերը խուսափում են գարնանը, որպեսզի չկեղտոտեն զգեստը:
Ամուսինը շատ բարկացած դիմավորեց կնոջը և հայացք նետելով նրա կոստյումին՝ խիստ տոնով բացականչեց.
-Եվ Դուք հերքելո՞ւ եք, որ ժամադրության էիք գնացել։
Կինը հերքում էր, բացատրում, ցույց էր տալիս իր կատարած գնումները:
-Լավ, – սառնասրտորեն պատասխանեց ամուսինը, – բայց բարի չէիք գտնվի հայտնել այն ծերունու անունը, ով Ձեր զգեստն այս վիճակին է հասցրել:
Եվ նա մատնացույց արեց ձիու սպիտակ մազերի փնջին, որ կպել էր խեղճ կնոջ ծնկներին:
Ապշած լինելով անհերքելի ապացույցներից՝ խեղճ կինը միանգամից համաձայնեց ամուսնալուծվել, իր վրա վերցրեց մեղքն ու տուժող կողմին ալիմենտներ վճարելու պարտականությունը: Վերջինս էլ մեծ դժվարությամբ մխիթարվեց՝ ամուսնանալով սեփական խոհարարուհու հետ:
Բայց այս բոլոր սպանություններից առավել սարսափելի ու ծանր մի ընտանեկան դրամա կա, որի մասին օտարներից ես միակն եմ, ով իմացել է, այն էլ՝ պատահաբար: Հետո կասեմ, թե ինչու ես գիտեմ այդ մասին:
Խոսքը խանդի մասին է, որը ներխուժեց սիրող կնոջ հոգի, ապականեց նրա սիրող ու հավատարիմ ամուսնուն և կործանեց երկարամյա ամուսնությունը:
Ամուսինները շատ համերաշխ ապրում էին 6 տարի շարունակ: Ժամկետը փոքր չէ ժամանակակից զգացմունքի համար:
Մի անգամ կնոջ մոտ, ում հարմարավետության համար անվանենք Մարիա Իվանովնա, հյուր եկավ իր ընկերուհին:
Ընկերուհիներն արդեն նստած էին սեղանի շուրջ, երբ ծառայությունից վերադարձավ Մարիա Իվանովնայի ամուսինը: Նրանք ճաշում էին, զրուցում:

Մարիա Իվանովնան նկատում է, որ իր ամուսինն ինչ-որ անբնական կերպով աշխույժ է:
Կինը զինվում է ուշադրությամբ:
Երբ հյուրը հեռացավ, Մարիա Իվանովնան ասաց ամուսնուն.
-Մի՞թե նա քեզ այդքան դուր եկավ։
-Այո, հաճելի անձնավորություն է,- պատասխանեց ամուսինը։
-Հատկապես ի՞նչը նրա մեջ քեզ այդքան դուր եկավ։
-Ես պարզապես լավ տրամադրություն ունեմ: Այսօր խոստացել են բարձրացնել աշխատավարձս և արձակուրդ տրամադրել:
Իրավիճակն, իհարկե, բնական էր թվում, բայց Մարիա Իվանովնան, լինելով լավ հոգեբան, գնահատեց ամուսնու պահվածքը որպես տղամարդկային խորամանկություն և շարունակեց․
-Նա հրաշալի աչքեր ունի։ Այդպե՞ս չէ։
-Հա՞։ Չնկատեցի։ Մյուս անգամ ուշադիր կլինեմ։
-Իսկ ինչպիսի ՜ ձեռքեր։ Այնքան նուրբ ու քնքուշ ձեռքեր․․․ Այդպիսի ձեռքերն ուզում ես համբուրել։ Ճի՞շտ է։ Ես կհրավիրեմ նրան վաղը։ Լա՞վ։
-Լավ, լավ։ Քանի որ դու այդքան հիացած ես, ես ավելի ուշադիր կնայեմ նրան։
Հաջորդ օրն ամուսինն ավելի ուշադիր էր նայում կնոջ ընկերուհուն և հաճախ համբուրում էր նրա ձեռքը։ Իսկ Մարիա Իվանովնան մտածում էր․ «Ահա ՜»։
Երկու օր անց, երբ ամուսինն ուշացած ներկայացավ ճաշի, Մարիա Իվանովնան, սեղմելով շուրթերն, ասաց․
– Դու լողափին էիր և զբոսնում էիր Լիզայի հետ։
– Ի՞նչ։
– Խնդրում եմ, մի ձևացրու։ Դու հոյոկապ գիտես, որ նա այդ ժամերին զբոսնում է լողափին։ Իհարկե, քեզ հաճելի է զբոսնել այդպիսի գեղեցիկ կնոջ հետ, ով բոլորի ուշադրության կենտրոնում է։ Ասում են՝ դա յուրահատուկ զգացողություն է։
Մարիա Իվանովնայի ամուսինը, թեև զուսպ, բայց երիտասարդ և էությամբ բավականին տարվող մարդ լինելով, մտորումների մեջ ընկավ․․․
Մտածեց մեկ-երկու օր, իսկ երրորդ օրն, ավարտելով ծառայությունը, կառապանին խնդրեց իրեն անմիջապես լողափ հասցնել։ Այնտեղ էլ հանդիպեց կնոջ ընկերուհուն և տուն ուղեկցեց նրան։
– Դու, իհարկե, արդեն հրավիրե՞լ ես նրան թատրոն,- հարցրեց իր ամուսնուն Մարիա Իվանովնան՝ լցնելով սառած ապուրը։
Ամուսինը շփոթված թոթովեց ուսերը․ նրա մտքով անգամ այդպիսի բան չէր անցել։
Բայց մի քանի օր անց նա ուղղեց իր սխալը և կնոջ ընկերուհուն հրավիրեց «Ֆարս»:
Հաջորդ օրն առավոտյան Մարիա Իվանովնան հարցրեց ամուսնուն․
-Որտե՞ղ էիք դուք ընթրում։
Ամուսինը լուռ էր։ Նա ամաչում էր խոստովանել, որ գլխի չի ընկեր ընկերուհուն հրավիրել ռեստորան։
-Ես Ձեզ եմ հարցնում ՝ որտե՞ղ եք երեկ ընթրել նրա հետ,- բարկացած կրկնեց Մարիա Իվանովնան, և, չսպասելով պատասխանի, հեռացավ՝ դուռը շրխկացնելով։
Մի ամբողջ շաբաթ կինն ամուսնու հետ չէր խոսում։
Խեղճ ամուսինն աննկարագրելիորն տանջվում էր։ Նա արդեն հասցրել էր ընկերուհու հետ լինել ռեստորանում, բայց բոլորվին չգիտեր, թե ինչ պետք է անել հետո։ Առանց կնոջ հմուտ ուղղորդումների նա անօգնական էր։
«Ի՞նչ կարող եմ անել, ի՞նչ կարող եմ անել»,- մտածում էր նա, -«Չի կարելի չէ՞ միայն զբոսնել և ընթրել։ Դա կարող է ձանձրացնել»։
Յոթերորդ օրը կինն, արհարմահարքով սեղմելով շուրթերն, ասաց․
-Ինչու՞ եք Դուք այսօր տանը։ Այսքան հիանալի եղանակ է։ Տարեք Ձեր սիրելիին Պավլովսկ։ Համբուրվեք նրա հետ յուրաքանչյուր թփի տակ։ Կարծում եք՝ ես չգիտե՞մ, թե ուր եք գնում նրա հետ։ Հա Հա ։
Ամուսինը վերցրեց վերարկուն և ուրախությամբ դուրս վազեց։ Հիմա, փառք Աստծո, նա գիտի, թե ինչ է պետք անել։
Մեկ շաբաթ անց կինը լուսամուտին հայտարարություն փակցրեց։
-Դե, եթե դուք որոշել եք աշնանն արդեն միասին ապրել,- արժանապատվորեն ասաց նա,- ես ուզում եմ ժամանակին հանձնել բնակարանը։ Միայն ինձ համար այն չափից ավելի ընդարձակ է։
Ամուսինը հոգոց հանեց և գնաց ընկերուհու մոտ։ Ի զարմանս նրա՝ ընկերուհին իրեն շատ չոր լսեց և անգամ մինչև վերջ չհասկացավ, թե ինչ է ուզում իրենից:
-Տեսնում եմ, – ասաց նա, – որ Դուք չափազանց մեծ նշանակություն եք տալիս մեր փոքրիկ ֆլիրտին։ Ավելի լավ կլինի, եթե բաժանվենք։
Ամուսինը ամենևին էլ չտխրեց, այլ միայն մոլորվեց և գնաց կնոջ մոտ հետագա ցուցումների հետևից։ Իսկ կինն անգամ չլսեց նրան․
-Ես գիտեմ ամեն ինչ։ Ամեն ինչ։ Դուք քիչ գումար ունեք և պահանջում եք, որպեսզի ես ապահովեմ Ձեր նոր ընտանիքը։
Ամուսինն այնքան սովոր էր լսել կնոջն իր սիրային գործերում, որ անգիտակցաբար կրկնեց․
-Պահանջու ՜մ եմ։ Պահանջու ՜մ եմ ։
Կինը լաց եղավ։
-Հիմա Դուք բռունցքներով հարձակվում եք ինձ վրա այն բանի համար, որ ես․․․․ Չեմ ուզուում․․․
-Ստո՛ր,- բղավեց ամուսինը և վեր ցատկելով տեղից սկսեց ամբողջ ուժով թափահարել կնոջն ուսերից,- Ստո՛ր։ Ապահովի ՛ր մեզ բոլորիս։ Ապահովի ՛ր մեզ հենց հիմա։
Ընկերուհին շատ զարմացավ՝ իմանալով, որ անծանոթ անձնավորությունն իր անունով բանկում գումար է դրել։
Մարիա Իվանովնային նա այլևս չայցելեց։ Ինքը Մարիա Իվանովնան ուժեղ ցնցումից հետո ուժասպառ էր եղել և այլևս չէր կարողանում մտորել ամուսնու գործերի մասին։
Շոտով երկուսն էլ հանգստացան և համարեցին, որ էժան են պրծել կրքի փոթորկից, որը քիչ մնաց կործաներ իրենց ընտանեկան կյանքը։
Խանդը դաժան բան է: Անկախ նրանից, թե այն կստիպի սպանել սիրելիին, թե ամուսնացնել նրան մրցակցի հետ, երկուսն էլ անհանգստացնող և տհաճ բաներ են:
Եվ եթե մեզ մոտ կառուցեն բժշկական հաստատություն խանդոտների համար, ես ի սրտե կողջունեմ այդ բարի նախաձեռնությունը։
ՀԳ։ Եվ ես մոռացա ասել, թե որտեղից այդպիսի մանրամասնություններով տեղյակ եմ իմ պատմած տրագիկ պատմության մասին։ Շատ պարզ է․ ես ինքս եմ այն հորինել։

Թարգմանությունը ռուսերենից՝ Արմինե Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *