Տիգրան Մանսուրյան | Քնարական պոեմի հերոսը

Իրեն ճանաչեցի, երբ երիտասարդ էր, նիհարակազմ, և հայացքը, չգիտես ինչու, հաճախ վերևներին էր ուղղված: Գեղեցիկ էր: Մինչ այդ գիտեի իր մի ստեղծագործությունը, որն այն տարիներին հաճախ հաղորդում էին ռադիոյով: Դա «Քնարական պոեմ» սիմֆոնիկ երկն էր: Սիրում էի այդ գործը: Այդ տարիների 15-16 տարեկան ունկնդիրս հազիվ թե կարողանար քիչ թե շատ հիմնավորել իր այդ զգացումը: Ստեղծագործությունը վերձիգ­ներշնչուն մի մեղեդիով էր սկսվում, և դա նոր հնչողություն էր Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ մտածողությանը սովոր երաժշտասերիս համար: «Քնարական պոեմի» այդ «վերձիգ­ներշնչունը» ինձ համար մարմին առավ, երբ առաջին անգամ տեսա երկի հեղինակին՝ կոմպոզիտոր Ջիվան Տեր­-Թադևոսյանին․ մտերիմները նրան Ջոնիկ էին ասում՝ այդ մասին հետո պիտի իմանայի:

17 տարեկան տղա էի: Ամառ էր, և եկել էի Սվերդլովի փողոցում գտնվող բակի՝ իրար գլխի կուտակված տասնյակ տներից մեկում ապրող իմ ավագ բարեկամ կոմպոզիտորի տուն: Ջոնիկը ևս ապրում էր Սվերդլովի փողոցի հար և նման մի տանը, հանդիպակաց մայթին: Պատահական զուգադիպությամբ այդ ժամանակ նա ևս եկավ իմ (հետո պարզվեց՝ նաև իր) բարեկամ կոմպոզիտորի տուն՝ հայացքը վերևներին, խոսեց, չնստեց։ Սենյակում գնաց-եկավ, հետո դաշնամուրի բաց ստեղնաշարի երկու ծայրերի ստեղներին մի­մի մատով ծլնկացրեց ու, կարծես առանց իր հարցին կարևորություն տալու, ասաց ինձ. «Ի՞նչ ինտերվալ ես լսում»: Այդ հանկարծակի միկրոքննությունն ինձ անակնկալի բերեց․․․ «Քնարական պոեմ»… Նիհարակազմ ու գեղեցիկ երիտասարդ Ջիվան Տեր­-Թադևոսյան… Եվ մի միկրոքննություն, որը տեղի է ունենում հենց այնպես, և իմ պատասխանը ոչ մեկին առանձնապես չի հետաքրքրում… Ահա այսպես ամառային մի գեղեցիկ օրվա կարճ մի պահի առիթ ունեցա ծանոթանալու անձամբ իր հետ:

Հետո պիտի իմանայի, որ այդ տարիներին Կ. Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենն էր, և տարիներ անց պիտի իմանայի նաև, որ կոմպոզիտորների միության նախագահ Էդվարդ Միրզոյանը շատ կարևորում էր նրա գործունեությունը այդ պաշտոնում՝ համարելով, որ այս տեսակ վարչական­կազմակերպական աշխատանքը մեծապես նպաստում է երիտասարդ ստեղծագործողների անհատականության ձևավորմանը:

Հետո պիտի իմանայի նաև, որ ջութակահար է եղել և քանի՜,­ քանի տարի նվագել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբում (այն տարիներին, երբ ես սիմֆոնիկ համերգներ էի հաճախում, նա այնտեղ արդեն չէր նվագում): Շատ հետո պիտի իմանայի, որ սիմֆոնիկ նվագախմբի կարողություններին հասու, դրա հսկայական ձայնակայքին տիրապետող կոմպոզիտոր էր և այդ փորձը կուտակել էր նվագախմբում աշխատելու տարիներին: Այն ժամանակներում ընդունված էր ասել, որ սիմֆոնիկ նվագախումբ տիրապետող երևանցի երկու կոմպոզիտորներն են Ղազարոս Սարյանը և Ջիվան Տեր­-Թադևոսյանը:

1950-ականների վերջերին սիմֆոնիկ համերգներից մեկի ավարտին հնչեց Ջիվան Տեր­-Թադևոսյանի թիվ 1 սիմֆոնիան: Մեր երաժշտական կյանքում երբևէ նման հաջողություն չեմ հիշում: Անօրինակ մշակութային իրադարձություն էր: Այդ օրերին օդը կարծես լցված էր սիմֆոնիայի անսովոր ռիթմերով, պարադոքսալ խաղի արտասովոր հնչողական վայրիվերումներով, լույսի ու մութի՝ մեզանում մինչ այդ չեղած համադրությունների դրամատուրգիական հագեցածությամբ… Քանի~­քանի տարի երիտասարդ հեղինակներիս համար նրա սիմֆոնիան մնաց իբրև ստեղծագործական բարձունքի չափանիշ մեզանում:

Սիմֆոնիայի առաջին կատարման այն երեկոն իմ հիշողության մեջ մնում է իբրև հայ երաժշտության նշանակալից օրերից մեկը:

Կարճ ժամանակ անց այս սիմֆոնիան հնչեց նաև Մոսկվայում՝ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների համամիութենական ստուգատեսի համերգաշարի վերջին համերգին: Երևանյան համերգի փայլուն հաջողությունն այստեղ ևս ուղեկցեց կոմպոզիտորին: Այդ երեկո ես Ջոնիկի հետ էի, քայլում էինք դեպի համերգասրահ․ նա լուռ էր, ներամփոփ: Լեցուն էր համակ սպասումով ու խորը թաքցված հուզմունքով: Այդ երեկո Ջոնիկը Պ. Ի. Չայկովսկու անվ. մեծ համերգասրահ մտավ որպես մայրաքաղաքային երաժշտասերին քիչ հայտնի հեղինակ և այնտեղից դուրս եկավ որպես համամիութենական ճանաչման արժանացած կոմպոզիտոր․ վկա՝ լսարանի հսկայական խանդավառությունը:

Համերգից հետո ես տեսա, թե ինչպես նա ելավ արտիստական մուտքից՝ շրջապատված ինձ անծանոթ մի խումբ մարդկանցով, որոնք նրան նստեցրին այն ժամանակներում խիստ հարգի սև «Վոլգա» և տարան… Փոքր­ինչ ուշ իմացա, որ մեծանուն Շոստակովիչը նրան առաջարկել էր սովորել իր մոտ՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրայի իր դասարանում: Հրաժարվել էր:

Բայց մշտական բնակության տեղափոխվեց Մոկսվա։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *