Գրիգ | Քո արտացոլանքը ժամանակի մակերեսին

Արամ Պաչյանին

Տաքսի կանչեցի, որովհետև վճռել էի վերջապես նորմալ մարդ դառնալ։ Նման որոշումները սովորաբար այցելում են տարվա վերջին գիշերը կամ ինչ-որ կիրակի՝ անպայման երեկոյան, երբ քաղաքի՝ դարն ապրած, սովետական անճոռնի ու հարազատ բարձրահարկերի վրա վաղ մթնող երեկոն կախվում է խոնավ սավանի պես, իսկ պատուհանների հետևում ընտանիքները թեյ են խմում։ Այդ ժամերին մարդիկ հակված են հավատալու, թե իրենց կյանքը կարելի է ուղղել մի շարժումով, ինչպես սեղանին ծուռ գցված սփռոց և, սովորաբար, կտրուկ քայլերի են գնում, կասեի՝ կյանք փոխող։
Օրինակ՝ գործընկեր ունեմ ամուսնալուծվեց երկու անգամ, երկու անգամն էլ նույն տղամարդու հետ ամուսնացավ, ու, չնայած Աստված երրորդություն է սիրում, սակայն այսքանով բավարարվեց, կամ հարևանս՝ ինքնասպանության հինգ անհաջող փորձերից հետո վեցերորդի ժամանակ քիչ էր մնում հաջողեր, ողջ թաղը վստահ էր՝ հաջորդը վերջինն է լինելու, բռնեց, ինքն իր հետ հաշիվներ մաքրելը թարգեց։
Նրանց կյանքը, ծանոթ աչքին կթվա, թե չի փոխվել․ամուսինը նույն թուլամորթն է, աշխարհն էլ շարունակում է լինել գեհեն, բայց արի ու տես՝ որևէ բան փոխելու ցանկությունն է վերացել, ինչը, եթե դեռ չգիտես, այս մոլորակի բոլոր ժամանակների համար ոչ այլ ինչ է, քան առողջության կատարյալ, անասնական, երանելի ցուցիչ։ Մարդ պարզապես դադարում է աղմկել ներսում, սկսում ապրել խանութների ցուցափեղկերում դրված մանեկենների պես՝ անխռով և անտարբեր։
Ուրեմն՝ չնայած ո՛չ Ամանորի գիշեր էր, ո՛չ էլ կիրակի երեկո, սակայն որոշել էի կյանքս փոխել ու իբրև բարեկիրթ, բացառապես ինքն իրեն ցավեցնող մարդ՝ կտրուկ քայլս էր բժշկի այցելելը։ Մեքենան պիտի գար, ինձ տաներ Սթրես կենտրոն։ Մի տեսակ հաճելի էր հնչում անվանումը, ասես կյանքը կարելի էր բաժանել մասերի ու սիրուն տեղավորել ճիշտ, անպայման գույներով առանձնացված դարակներում, կամ՝ ամեն ինչ այնտեղ էր հավաքվում, հետո բաց թողնվում ըստ կարիքի։
Պատկերացնում էի՝ ոնց են հոգիս գրանցում, հերթի կանգնեցնում, հետո կնիք դնում վրան և մի կեսը թողնում, մյուսն ուղարկում արձակուրդ՝ անպայման դեպի Ինդոնեզիայի չբնակեցված կղզիներից որևէ մեկը։ Ինչո՞ւ։ Այդպես եմ ուզում․ գրականությունն իմ միակ վայրն է, ուր կարող եմ անհարմար լինել։
Երիտասարդ վարորդը աչքի չընկնող կեցվածք ուներ մինչև հասցեն տեսնելը․
-Սթրես կենտրոն,- արտաբերեց կասեմ՝ տխուր, պատկերացրու՝ սրտին դանակ, ու իսկույն վաղեմի ընկերը դարձա,- ես էլ եմ անցել։
Սպասվում էր այն տեսակ խոսակցություններից, որոնցից առանց ճիգ չես փախչի։ Միակ հույսս էր, որ մանրամասնություններից զերծ կմնա։ Խուսափում եմ ուրիշի ցավերից․ ուղեղս նման բաները գզրոցում դեղնած նամականեր հավաքող ծեր կնոջ հավատարմությամբ պահում է տարիներ, տասնամյակներ շարունակ, թվում է՝ ցմահ։ Հետո դրանք վերադառնում են ամենաանհարմար պահին՝ երբ փողոցով աննպատակ քայլում եմ, երբ հազվադեպ խաղաղություն եմ զգում, երբ ամենաքիչն եմ պատրաստ մեռնելու։ Ու միշտ հավատում եմ դրանց։
-Բանակում սկսվավ,- խոսեց,- ուվալնյատ էղա ու մեջքի վրա գնացի:
Մեքենայում լռություն տիրեց՝ ճիշտ նրանից, որ լինում է եկեղեցիներում պատարագից վայրկյաններ առաջ։ Իմ խեղճ ըմբոստությունը, իմ փխրուն զենքը՝ լռությունը, որ կոչված էր կանգնեցնելու դիմացինիս ուր որ է պայթող հարձակումը, ինչպես և կանխատեսելի էր, չաշխատեց։ Նա շարունակեց։ Սառած հայացքս վարորդի թիկունքին՝ լսում էի ու ամաչում, թեև, կասկած չունեի՝ բառը չի ծածկում զգացողությունը, որ դեռ փոքրուց հալածում է գրեմ՝ ինձ, կարդա՝ հոգիս։ Ամոթը, որքան հասկանում եմ, հանցանք պիտի կրեր ներսում, կեղտ, մի բան, որ մարդ կուզենար թաքցնել նույնիսկ ինքն իրենից։
Սա ուրիշ էր։ Ի՞նչն այն չէ մարդկային լեզվով խնդրելու մեջ, որ չպատմի։ Սիրալիր բացատրեի պատճառը։ Պիտի որ հասկանար, չէ՞ որ ինքն էլ է նման ճամփով անցել։ Չհասկանար էլ՝ հերն անիծած՝ կարևորը սուս կմնար։ Զգացողությունը լեզուս կապել, ստիպում էր հանդուրժել։ Մարդկային փոխհարաբերություն պահանջող առօրյա, բնական դիպվածներից մինչև սեփական առողջության վատթարանալու հնարավոր բոլոր տարբերակների մասին միտքն անգամ, ոչ կտրուկ մահվան, նույն զգացողությունն էր առաջացնում։
Մտածեցի՝ այն ավելի շուտ սեփական գոյության անհարմար գիտակցումն է, երբ հանկարծ նկատում ես, որ կաս ու չես ուզում՝ ուրիշներն էլ իմանան։ Մտածեցի՝ զգացողությունն էլ իր էությանը հավատարիմ՝ թաքնվում է ամոթի, վախի, ուրիշ բառերի հետևում։ Ստացվում է՝ զգում ես, շոշափում, սակայն բռնելու համար անունն է հարկավոր։
Սթրես կենտրոն գնալու նախորդող գիշերը լարվածությունից չքնելու արդյունքն էր, թե՝ վարորդի հետ սկզբից ևեթ չստացված շփումը, դժվար է ասելը, բայց բորբոքված ուղեղս վստահ էր, որ վերջապես կարողացել է բնորոշում տալ վաղեմի զգացողությանը, և հազվագյուտ կենդանի վիրավորած որսորդի խանդավառությամբ շարունակեց հետապնդումը։ Պետք էր անուն տալ անուն չունեցողին։ Երկար-բարակ մտածելու կարիք չեղավ՝ «աջո» իսկույն շողաց՝ ի պատիվ աջ թևիս։ Ինչո՞ւ։ Նորից նախընտրում եմ անհարմար լինել։
«Աջոյել, աջել, աջում ապրել՝ մտավոր վիճակ, երբ մարդ հասկանում է՝ կա, ներկա է, ասել է թե՝ տեսանելի, ու գիտակցության համար չպատճառաբանված ճիգով փորձում է կանխել դա» սահմանեցի հեռախոսիս նոթատետրում՝ հետագայում հղկելու, որևէ պատմվածքում օգտագործելու նպատակով։ Թեև բանաձևը հստակեցման կարիք ուներ, սակայն վերջին ամիսների ընթացքում առաջին անգամ ներսս վառվում էր ապրեցնող ջերմությամբ՝ գոհ էի թե՛ ինձնից, թե՛ կյանքից։
Մեքենան կանգնեց խաչմերուկում։ Կասեի՝ անձրև էր, մարդիկ շտապում էին՝ բաճկոնների մեջ կծկված, ու նախանձում էի, չէ՞ որ եթե շտապում ես, ուրեմն գնալու տեղ ունես, ուրեմն սպասող կա։ Կասեի՝ մի պատանի էլ թրջված թերթեր էր վաճառում անմիջապես փողոցի մեջտեղում, և այնքան անտարբեր էր անձրևի նկատմամբ, որ վստահ էի՝ վաղուց ընդունել է սեփական փոքր կյանքը։
Իրականում ո՛չ անձև կար, ո՛չ էլ՝ տղան, առհասարակ չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ փողոցում թերթ վաճառողի տեսել կամ տեսե՞լ եմ արդյոք։ Պարզապես ուղեղս էր չարաճճիություն անում, ստեղծում պատկերներ՝ իր մասին հիշեցնելու ու հրճվում էր։ Ուշ գիտակցեցի, որ անցանք հրատարակչիս գրասենյակի կողքով, որի մուտքի վերևում կասեմ՝ ծածանվում, պատկերացրու՝ կախված էր Հայաստանի դրոշը, և այս ամենի մեջ կար սովորական երևանյան տխրություն, որից ոչ մի գրող դեռ չի մեռել, բայց որին հարմարվելը հավասարազոր կլիներ մահվան։
Արգելակեց։ Հասանք։ Զգալի թեյավճար թողեցի․
-Ամեն ինչ անցնում ա ախպերս։- Վարորդը նայեց ինձ այնպես, կարծես արդեն բուժվել էի։
Ուզում էի բան ասել։ Չասացի։ Չկարողացա։ Բժշկի դռան դիմաց հերթ էր, լա՛վ, «հերթ» բառը մեղմ է՝ բազմություն էր, որ ինչ-որ բան էր կորցրել, բայց չգիտեր՝ ինչ։ Չէ՛, լռության կուտակում էր, որտեղ յուրաքանչյուրը եկել էր իր ցավին անուն տալու, որովհետև հնարավոր չէ հաշտություն կնքել ջրի վրա նստած դևիդ հետ առանց անունն իմանալու։ Սպասի՛ր, այսպես՝ ամբոխ էր՝ մառախլապատ կայարանում մոլորված ուղևորներ, որոնք վաղուց հասկացել էին՝ գնացքը չի գալու, բայց շարունակում էին մնալ նույն տեղում։
Իրականում՝ ամենասովորական մարդիկ պարզապես նստած էին ու կանգնած։ Սպասում էին։ Միայն երբեմն մեկը հորանջում էր կամ աթոռն էր ճռռում, և ձայները միջանցքում հնչում էին անհարմար բարձր – կտրում եմ երևակայությունը։ Ուղեղս նորից հրճվում է։ Նորից խաբեց։
Ուժերի գերլարմամբ ճշտեցի՝ ով է հերթի վերջում։ Կանգնեցի անկյունում։ Փորձում էի ինձ համոզել, թե տեղին չեմ պատկանում։ Չնայած ամեն բան մաքուր, լուսավոր էր, պատերին էլ սյուրռեալիստական հայտնի կտավների պատճեններ կային, վայրը սրտովս չէր։ Սխալ ռազմավարություն, երբ արդեն այդտեղ ես։ Մարդիկ ներս էին մտնում, կես ժամից դուրս գալիս։ Հաշվեցի՝ քանի հոգի կա։ Հետո երկրորդ անգամ՝ համոզվելու, որ ոչ ոքի բաց չեմ թողել։ Ուզում էի երրորդ անգամ էլ հաշվել, դադարեցրի․ թվերը սկսեցին նմանվել մարդկանց, մարդիկ՝ թվերի, իսկ դա արդեն վատ նշան էր։
Թվերն ու տառերը մարդկանց խելագարության հասցնելու հազվագյուտ ունակություն ունեն։ Այս համոզմունքն ամրապնդվեց այն օրը, երբ հերթական հարցազրույցի համար հրավիրված էի հեռուստաընկերություններից մեկը։ Սովորության համաձայն՝ շուտ էի հասել։ Սպասման անխուսափելի տառապանքը մեղմելու նպատակով որոշեցի շրջել տարածքով։ Շենքի ետնամասում փոքրիկ այգի կար։ Առաջին հայացքից այն ոչնչով չէր տարբերվում քաղաքի մյուս նմանատիպ անկյուններից․ մի քիչ խնամված, մի քիչ մոռացված, մի քանի ծառ, մի քանի նստարան, և այնպիսի տեսք, կարծես ոչ ոք երբեք նպատակով այդտեղ չէր գալու։
Ուշ նկատեցի պատը։ Ողջ մակերեսը ծածկված էր A4 չափի թղթերով։ Հարյուրավոր, գուցե՝ հազարավոր թղթեր։ Որոշներն՝ անձրևից ծռմռվել, որոշների անկյունները՝ արևից դեղնել, տեղ-տեղ էլ թանաքն այնքան էր խամրել, որ բառերն ուրվականների էին հիշեցնում։ Հիմնականում ռուսերեն գրություններ էին, հազվադեպ՝ հայերեն։ Կարդացի առաջինը։ Հետո՝ երկրորդը։ Հետո՝ երրորդը։ Նույն բառերը սահում էին էջից էջ՝ «թիվ», «բառ», «ձայն», «մարդ», «դաշտ», «ռեզոնանս», «արև»։ Բոլորը միևնույն ձեռքի գործն էին՝ «Ованесов Григорий Теватросович, доктор физико-математических наук»:
Սկզբում ծիծաղեցի։ Հետո նկատեցի՝ մի քանի րոպե է՝ չեմ ծիծաղում։ Արդեն ուշանում էի հարցազրույցից։ Կանգնած փորձում էի հասկանալ՝ մարդը հանճա՞ր է, խելագա՞ր, թե՞ այդ երկուսի միջև եղած այն նեղ արահետի բնակիչներից, որոնց մեծ գյուտն ու մեծ մոլորությունը նույն դեմքով են երևան գալիս։ Տեքստերը հիշեցնում էին երազներ, որ առավոտյան առաջին վայրկյանին թվում են հայտնություն, իսկ մի քանի րոպե անց՝ վերածվում անհեթեթության։ Բայց հեղինակի համար հայտնության հրաշքը չէր ցրվում։ Ընդհակառակը՝ որքան կարդում էի, այնքան ավելի էր խորանում։
«Ինչո՞ւ են կարծում, որ բառը ծագել է ինքն իրեն», «Մարդը երկու միանման օբյեկտների ռեզոնատոր է», «Մատների միջև եղած հեռավորությունը այբուբենի հիմքն է» և այլն, և այլն։ Չեմ հիշում ճշգրիտ ձևակերպումները։ Հնարավոր է, նույնիսկ, սխալ եմ մտապահել։ Հստակ հիշում եմ՝ այգում արտաքնապես խաչքարի նմանվող ինքնաշեն կերտվածք էլ կար՝ կիսաընթեռնելի, անտաշորեն փորագրված տառերով։ Պատվանդանին՝ հեղինակի անունը և ուրարտական սեպագրեր։
Ինչպես նաև՝ տորթի վրայի բալը՝ մոտավորապես երկու մետր բարձրություն ունեցող պատը՝ վրան ձեռքի մատներով ժեստեր։ Յուրաքանչյուր ժեստի համար՝ հայերեն, ռուսերեն տառեր։ Իսկ անկյունում՝ գրութունը՝ «АКОБУК 36 МЕЖДУНАРОДНОГО ПЕРВОЙАЗЫКА ЧИСЕЛ И СЛОВ»: Այդ օրը չգնացի հարցազրույցի, ու եթե նախադասության վերածելու լինեմ ստացածս զգացողությունները՝ չափազանց երկար մնալով տառերի-թվերի կողքին՝ մարդ սկսում է նկատել կապեր, որոնք գոյություն չունեն, կամ, որն ավելի սարսափելի է, գոյություն ունեն։
Եթե մինչև այստեղ հասար, իմացիր՝ պատմության սարն արդեն բարձրացել ես։ Իջնելն էլ հեշտ չի լինելու, բայց վերջում մենք պարզապես կգահավիժենք։ Ուրեմն՝ հինգ ժամ սպասեցի բժշկի դռան դիմաց։ Մարդ չի կարող հինգ ժամ անընդմեջ սպասել։ Ուղեղը նման բաների համար չէ ստեղծված։ Անպայման ինչ-որ տեղ է փախչում, թեկուզ մի քանի րոպեով։ Իմը, ինչպես միշտ, չափը կորցրեց։
Մի կյանքում գիտնական էի։ Տարիներ շարունակ ուսումնասիրում էի թվերի ու բջիջների թաքնված օրինաչափությունները, մինչև վերջապես գտա քաղցկեղի բուժման եղանակը։ Լրագրողները գիշեր-ցերեկ հերթապահում էին տանս դիմաց, համալսարանները վիճում՝ ում պատվավոր դոկտորը դառնամ, իսկ ես, չգիտես ինչու, մտածում էի միայն այն մասին, որ մանկության ընկերոջս պարտքը այդպես էլ չեմ վերադարձրել։
Մյուսում լեզվաբան էի։ Իսպանալեզու արխիվներում տառերի դասավորության գաղտնի համակարգ հայտնաբերեցի՝ թաքնագիր, որը հարյուրավոր տարիներ ոչ ոք չէր նկատել։ Մի քանի ամիս անց աշխարհի թերթերը գրեցին, որ գտնվել է հանճարեղ գրող Սերվանտեսի գերեզմանը։ Հնագետները փորում էին, պատմաբանները վիճում, ես հարցազրույցներ էի տալիս ու կամաց-կամաց սկսում ատել հայտնագործությունս։
Սպասելու ընթացքում մտովի տասնյակ այլ կյանքեր էլ ապրեցի։ Բոլորը՝ մանրամասն։ Բոլորը՝ աներկբայելի։ Բոլորը՝ իրական։ Այս անգամ թեման տառեր, թվերն էին։ Վերջաբանը՝ հայտնի էի դառնում, շատ փող աշխատում, փողերը թողնում կնոջս, մորս, քրոջս, հետո՝ անհետանում անվերադարձ։ Կորչում էի Ֆրանսիայի ինչ-որ քաղաքում, որը նեղություն չտվի ինձ հստակեցնել։ Ապրում էի հոգեբուժարանի պատերի ներսում՝ ուրիշի անվան տակ։ Ոչ ոք չէր ճանաչում։ Օրերով փակվում էի իմ հարմարավետ խցում։ Գրում վեպեր։ Երեկոները զբոսնում այգում։ Իսկ բժիշկները կարծում էին՝ վերջապես ապաքինվում եմ։
Գարշելի սպիտակ գարշելի դուռ։ Գարշելի պատի գարշելի նկարներ։ Գարշելի դատարկ գարշելի միջանցք։ Երբ իրականություն վերադարձա, ես էի մնացել ու արցախցի երիտասարդ ամուսինները։ Հետո եկողներին տուն էին ճանապարհել՝ պատճառաբանելով՝ խորհրդատվության համար օրն ավարտված է։ Ինչպես ամեն անգամ՝ զգացի այն տարօրինակ վիշտը, երբ քեզնից խլում են մի բան, որ երբեք քոնը չի եղել, բայց ողջ էությամբդ քոնն ես համարում։ Ավելի ճիշտ՝ երբ վերադարձնում են այն, որը քոնն է, բայց ոչ մի կերպ քոնը համարել չի ստացվում։ Սիրտս խառնեց։ Ուզում էի հետ տալ։ Դուրս թափել գլխումս եղած պատկերները։
Եվս կես ժամ, ու վերջապես բժշկի սենյակում էի։ Միջին տարիքի կինը նստած էր սեղանի դիմաց։ Թղթեր էր լրացնում։ Չնայեց վրաս։ Սա, ի դեպ, ամենավատ բաներից է․ երբ չեն նկատում, սկսում ես քեզ ավելի շատ ցույց տալ։ Նստեցի դիմացի աթոռին։ Ներկայացա։
-Ինչո՞վ եք զբաղվում,- հարցրեց՝ հայացքը թղթերից չկտրելով։
Կասկած չունեի՝ ինձ չնայելը ստուգման մաս է։ Տարօրինակ, հետաքրքիր խաղ, որն ընդունեցի իբրև անհրաժեշտություն։
-Դասախոս եմ ու՝ գրող։
Վերջինն ասացի դանդաղ, որ հանկարծ չկորչի։
-Գրո՞ղ։- Դիմագծերը զարմացան։- Հաջողություններ կա՞ն։
-Երևի։- Ասացի զուսպ, սակայն ներսումս տոն էր,պահն էր։- Դե երեք գիրք ունեմ։ Մրցանակներ։ Գրածներս թարգմանվել են տասներկու լեզվով։ Հիմա էլ պատրաստվում եմ ԱՄՆ մեկնել՝ հեղինակավոր գրողական ծրագրին մասնակցելու։
Ասես փորձում էի հնարավորինս արագ և հիմնավոր ապացուցել, որ արժանի եմ տեսնված լինելու։
-Այլ հաջողություննե՞ր։
Նորից թվեցի։ Ավելի ճոխ։ Մանրամասն։ Կարծես քննության էի, որտեղ հարցը նույնն է, բայց պարտավոր ես այլ կերպ պատասխանել։
Բարձրացրեց գլուխը։ Նայեց ինձ առաջին անգամ․
-Եկեք պայմանավորվենք՝ հիմա ինչ կասեմ վերջնական դիագնոզ չի,- գրիչը դրեց սեղանին,- պարանոյա եմ կասկածում։
Ուզում էի ծիծաղել։ Չստացվեց։ Զարմանալի է, երբ քեզ ասում են, որ պարանոյա ունես, անմիջապես սկսում ես հավատալ։
-Վաղը եկեք, թեստից հետո հստակ կորոշենք,- ավելացրեց,- այսօրվա ժամը լրացավ։
Սա իմ սիրելի հատվածն է։ Քեզ ախտորոշում են ու ասում՝ գնա, մտածիր դրա մասին։ Գիշեր անցկացրու հետը։ Թող դաստիարակի քեզ մինչև վաղը։
-Հիմա՛։- Պոռթկացի անսպասելիորեն։
-Լավ,- ասաց անկիրք,- ստուգենք։
Ստուգումը հարցեր էին ու հարցերն այն աստիճան տարօրինակ էին, որ ցինիկ պատասխաններիս համար ո՛չ այն ժամանակ, ո՛չ հիմա ամոթ չունեմ․
-Երբ Ձեզ սուրճ են հյուրասիրում, մտածու՞մ եք, որ կարող է թունավորված լինի։
-Չէ, եթե իմանայի էլ՝ տենց ա, կուրախանայի, վերջապես կպրծներ էս կյանքը։
-Եղե՞լ է՝ աշխատավայրում կամ ուրիշ տեղ մարդիկ հեռվում ծիծաղեն, կարծեք, թե Ձեր վրա են ծիծաղում։
-Չի եղել, առհասարակ հեռուն լավ չեմ տեսնում։
-Ձեզ թվո՞ւմ է, թե Ձեզ հետապնդում են։
-Ցավոք չէ, բայց շատ կուզեի մեկին էնքան պետք լինեի, որ հետապնդեր։
Հանկարծ գլխումս փայլեց՝ ախր ես նրան իմ խնդիրների մասին ոչինչ չեմ ասել։ Միտքը վիրավորական լինելու աստիճան պարզ էր ինչպես իրականությանը կպած ամեն բան։
-Դուք չեք հավատո՞ւմ, որ գրող եմ։
Ժպտաց։ Այն ժպիտն էր, որով մարդիկ ընդունում են՝ այժմ հավասար ես իրենց, միևնույն ժամանակ չեն ցանկանում վիրավորել, թե առաջ այդպես չէր։
-Դե… հասկանում եք։
Հանեցի հեռախոսս։ Փոշմանեցի։ Իր համակարգչի ստեղնաշարը կտրուկ վերցրի դիմացից։ Որոնողկան համակարգում գրեցի անուն-ազգանունս։ Այնտեղ ամեն ինչ կար՝ գրքեր, հոդվածներ, լուսանկարներ, մրցանակներ։ Նույնիսկ մի լուսանկար, որտեղ բավականին նորմալ տեսք ունեի։ Նայեց։ Գլխով արեց․
-Լավ,- ասաց,- ուրեմն պարանոյա չունեք։
Լռություն․․․
-Պարզապես ամեն օր ով ասես գալիս է։
Սա, կարծում եմ, ամենաազնիվ բանն էր, որ նա ասաց այդ օրը։
Դուրս եկա։ Արդեն երեկո էր։ Ծխարանում կանգնած ծխում էի՝ փորձելով մարսել կատարվածը, երբ նկատեցի դեպի ինձ մոտեցող ծանոթիս, ով հրաշալի բանաստեղծ է։ Այնքան լավը, որ անգիր հիշում եմ որոշ տողեր։ Հատկապես՝ չորացած տերևը խաչված Հիսուսի հետ համեմատելու պատկերը։ Գիտեի՝ բժիշկ է, հոգեբուժարաններից մեկում զգալի պաշտոն է զբաղեցնում։
Գրկախառնվեցինք։ Ստեցի, թե բարեկամս է կենտրոնում բուժվում։ Եկել եմ տեսակցության։ Մի քանի բառ փոխանակեցինք։ Վերջում հարցրի՝ ինչ նոր բան է գրում․
-Չեմ գրում, ես արդեն բուժվել եմ։- Ասաց ու ծիծաղեց։
Հեռացավ․․․
Կոկորդս սեղմեց։ Ուզեցի լաց լինել։ Պատկերացրի՝ ինչպես եմ լացում։

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *